Սեպտեմբերի 21, 2017

Հայաստանի մեջ Հայաստան

Հայաստանի մեջ Հայաստան

Մ. Քումունց

Արևմտյան Հայաստանի հրաշալիքների մասին խոսելիս չեմ կարող չանդրադառնալ կենդանի այն հուշարձաններին, ովքեր կան, ապրում ու արարում են այնտեղ: Արմենը և Սերոբը ծնվել ու մեծացել են Մուշում, և կարծում եմ՝ առիթ կլինի անդրադառնալու նրանց կյանքին և գործին, Մուշում ապրող հազարավոր հայերին:  Հիմա ցանկանում եմ խոսել մի հայուհուց, ով Արևելյան Հայաստանից է մեկնել և հիմա ապրում է Թուրքիայում:

Գայանե: Այս թունդ ու ծուռ հայուհին երբ իմացավ, որ Արևելյան Հայաստանից մի գերդաստան է գալիս Վան՝ պապական տունը գտնելու,  թողեց իր գործերը Ստամբուլում և աճապարեց ընդունելու մեզ: Հանդիպեցինք Բայազետում:

Մեր ուղեկցորդը՝ խնուսցի հրաշալի մի անձնավորություն՝ Գևորգ Խաչատրյանը, արդեն մեզ պատմել էր Գայանեից:

Գայանեի կյանքը հեշտ չի դասավորվել. ընտանիքը ցրված է այսուայնկողմ՝ երեխաները՝ ՌԴ-ում և Ուկրաինայում, ամուսինը՝ Հայաստանում: Հայի ծանոթ ճակատագիր: Թուրքիայում աշխատանք գտնելու սկզբնական շրջանում շատ փորձությունների է ենթարկվել: Բայց վերագտել է իրեն ու կայացել հե՛նց այդ պետության մեջ մեն-մենակ, անօգնական ու անհեն:

Դժվարին ճանապարհին, սակայն, կարողացել է կարողություն ստեղծել: Ստամբուլում տուն գնելուց հետո երբ այցելել է Վան, խոստացել է, որ Վանում պետք է ունենա մի փոքրիկ Հայաստան՝ Տուն, ուր կհանգրվանեն Էրգրի բաղձանքով տառապող իր հայրենակիցները: Այդպես, ըստ Գայանեի, ինքն էլ կհագեցնի իր կարոտը, ու իր առաքելությունը կյանքի կկոչվի. օգնել բոլոր նրանց, ովքեր դեռ երազուն հույսերը թողել են կորած հայրենիքում:

Գայանեն հիմա Թուրքիայում ճանաչում ունի. հասարակական ակտիվ գործիչ է: Նրա նպատակն է Վանում ստեղծել Հայկական համայնք և իր շուրջը հավաքել ազգությունից նշխարված հազարավոր հայերի, ովքեր իրենց հայենիքի պես օտարված են լեզվով ու կրոնով. հայրենիքում, բայց խորթ, իրավունքով ու ճակատագրով տեր, բայց օտարի աչքում օտար: Միայն ինքնագիտակցության ու հիշողության թելերն են նրանց կապում հայկականությանը:

  • IMG_8806
  • IMG_8808
  • IMG_8811
  • IMG_8813
  • IMG_8816
  • SAM_0092

Գայանեն նրանց համար լուսավոր այն կետն է, ումից ստանում են հոգևոր սնունդ առ Հայաստան, առ հայացված ապագա: Գայանեի մասին խոսելիս առանց ենթատեքստի հնարավոր չէ. հնագետի ու ազգագրագետի հմտությամբ հիշողությունների վերականգնումով է զբաղվում … Նպատակներ ունի…

Ուշ գիշեր էր: Գայանեի ինքնասիրությունը ցնցած կլինեինք, եթե չգիշերեինք իր գեղեցիկ տանը՝ Վանի բարձունքում, ուր բերք են տվել Արևելյան Հայաստանից բերված խնձորենին ու սալորենին:

Ամբողջ գիշեր չթողեց քնենք: Խնդրեց, որ տունը առատացնենք երգ ու պարով. «Պատերս թող կարոտ չմնան»:

Նախորդ և հաջորդ օրերը մեզ ուղեկցել էր Վանի տեսարժան բոլոր վայրերը, ու խոստացավ, որ մյուս գալուն անպայման կհյուրընկալվենք իր սեփական սրճարանում՝ Վանա լճի ափին՝ Աղթամարի դիմաց: Նրա երազանքի իրականացմանը, հուսով եմ, հուսալի ձեռքեր կհասնեն:

Շատ բան ունեմ Գայանեից պատմելու, բայց լռությունս ավելի ապահով է: Նրա մասին ասելիքներս խտացնեմ մեկ կապակցության մեջ՝ Հայաստան Հայաստանի մեջ:

Հ.Գ. Թող չլինի այնպես, որ մոռանանք ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՀԱՅԵՐԻ մասին, ինչպես դա անում է ժամանակակից Թուրքիան:

Մի քիչ անկեղծ ու առանց խմբագրումի ու տեխնիկական միջամտության. դեպի Աղթամար:

Գայանեի տանը, Վան. երգում է Սերոբ վարդանյանը:

About The Author

Related posts

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով