Սեպտեմբերի 21, 2017

Զանգեզուրի գոյամարտի հերոս Խաչատուր Մալինցյան

Զանգեզուրի գոյամարտի հերոս Խաչատուր Մալինցյան

11Աշոտ Սիմոնյանի «Զանգեզուրի գոյամարտի հերոս Խաչատուր Մալինցյան» գիրքը ներկայացնում է Զանգեզուրի 1918–1920 թթ. ինքնապաշտպանության կազմակերպիչներից ու հրամանատարներից մեկի՝ Հայկական բանակի գնդապետ Խաչատուր Մալինցյանի կյանքն ու գործունեությունը: Գիրքը կազմվել է արխիվային փաստաթղթերի հենքի վրա:  Զուգահեռաբար լուսաբանված են Զանգեզուրի գոյամարտը ամբողջացնող այն դրվագները, որ հայ պատմագրու­թյան մեջ դեռևս բավարար չեն ներկայացվել ու չեն արժանացել պատշաճ գնահատանքի:

Մեծ է Խաչատուր Մալինցյանի դերը Լեռնահայաստանի պաշտպանության,   հայոց նորագույն շրջանի պատմության հաղթական էջերը կազմելու և ուսուցանելու գործում: 

Malianc

About The Author

Related posts

1 Comment

  1. ՍՀՀԿ

    Զեմֆիրա Սարգսյան
    Գիրքն ընթերցել եմ և երկու խոսք գրել անմիջական տպավորությամբ. < <ՍՅՈՒՆԻՔ – ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ>> ուշագրավ մատենաշար

    2013 – 2014 թ.թ. լույս են տեսել այս խորագիրը կրող երկու գրքեր: Գիրք 1-ին – Ռուբեն Աբրահամյան, գիրք 2-րդ – Խաչատուր Մալինցյան: Երկու անուններն էլ հանիրավի անուշադրության մատնված գործիչների անուններն են՝ առաջինը ծնունդով պատմական Վայոց ձոր գավառի նախկին Գնիշիկ գյուղից, (1881 – 1952), երկրորդը՝ նախկին Ելիզավետապոլի նահանգի Գորիս քաղաքից, (1888 – բռնադատված 1932 թ,. հետագա ճակատագիրը՝ անհայտ): Մատենաշարի նախաձեռնողը և կազմողը Վայոց ձորի մարզից Աշոտ Սիմոնյանն է: ՀՀ ՊՆ < <Մայր Հայաստան>> զինվորական թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Ավագ Հարությունյանի բնորոշմամբ, < <Աշոտ Սիմոնյանը մեր այն հայրենագետ-երկրագետներից է, ով տարիների տքնաջան աշխատանքի շնորհիվ նվիրումով և սիրով ներկայացնում է Հայոց պատմության նորագույն ժամանակաշրջանի հանիրավի անուշադրության, անգամ՝ մոռացության մատնված էջերն ու գործիչներին>>: Երկու գրքերն էլ կազմված են փաստա-վավերագրական նյութերից, սկզբնաղբյուրներից, վկայություններից, ժամանակի հայրենական ու սփյուռքի մամուլի հոդվածներից և այլն: Նյութերը ունեն տողատակերի հղումներ, որոնք ավելի են ամբողջացնում ասելիքը: Հեղինակը զերծ է մնում սեփական մեկնաբանություններից ու գնահատականներից՝ դրանք թողնելով ընթերցողի հայեցողությանը:
    < <Զանգեզուրի գոյամարտի հերոս Խաչատուր Մալինցյան>> — այսպես է վերնագրված մատենաշարի 2-րդ գիրքը: Խաչատուր Մալինցյանը միանգամայն այլ կյանքով ու գործունեությամբ (նկատի ունեմ մատենաշարի առաջին գրքի հերոսին) մեր պատմության ծայրահեղ բարդ ժամանակաշրջանում նշանակալի հետագիծ թողած զինվորական է: Մասնակցելով առաջին համաշխարհային պատերազմին՝ նա հայրենի Զանգեզուր է վերադարձել խիզախության համար զինվորական բարձրագույն՝ Գեորգիևյան չորս մարտական խաչերի արժանացած: Իսկ դա 1918 թվականն էր՝ հայոց աշխարհի, հատկապես Զանգեզուրի հերոսական մաքառումներով, վայրիվերումներով ու գոյության պայքարով: 1918-1920 թ.թ. նա այդ գոյապայքարի, հերոսական ինքնապաշտպանության կազմակերպիչներից ու հրամանատարներից մեկն է եղել և, ըստ գրքում զետեղված վավերագրերի՝ վճռորոշ դեր է ունեցել այդ իրադարձություններում: Վավերագրերը մեծ հետաքրքրությամբ են ընթերցվում.- 1. Խ. Մալինցյանը իր գործունեության մասին, 2. Վտարանդի գործիչների հուշագրություններում, 3. Հայրենի գորիսցիների հուշերը, 4. Ցուցմունքներ Խ. Մալինցյանի մասին, 5. Խ. Մալինցյանի ցուցմունքները, 6. Խ. Մալինցյանի դատաստանը… ՉԷԿԱ-ն հետաքննել է Խ. Մալինցյանի գործունեությունը Զանգեզուրում 1918-1920 թ.թ., արտասահմանում՝ 1920-23 թ.թ., ԽՍՀՄ վերադառնալուց հետո նրա աշխատանքային գործունեությունը Մոսկվայում՝ 1923-1926 թ.թ. և Հայաստանում՝ 1926-1932 թ.թ. >>: Մեկ անգամ ևս իմ գնահատանքի խոսքն եմ հղում Ա. Սիմոնյանի կատարած աշխատանքի համար՝ մատենաշարի հաջորդ գրքերի հետ հանդիպման ակնկալիքով:

    14.02.2015 թ.

    Reply

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով