Սեպտեմբերի 21, 2017

 

Սերգեյ Հախվերդյան

Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, Գորիսի պետական համալսարանի պատմաիրավագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ

 

Ա. Շիրակացու “Աշխարհացույցում” Մեծ Հայքի իններորդ` Սյունիք նահանգում հիշատակվում է Հաբանդ գավառը, որի տարածքը նաև ընդգրկում էր ներկայիս Սյունիքի մարզի Գորիսի ենթամարզը (նախկին ՀԽՍՀ Գորիսի շրջանը)` բացառությամբ ծայր արևմտյան մասի (Տաթևի ենթաշրջան): “Աշխարհացույցում” հիշատակվում է նաև Մյուս Հաբանդը` որպես Արցախ աշխարհի առաջին գավառ:[1] Այն սահմանակից էր Սյունիքի Հաբանդին: Հաբանդ տեղանունը հիշատակվում է հայոց գրավոր խոսքի ավելի հին հուշարձաններում:[2] Աղվանքում Հաբանդ անունով գավառի մասին գրում է Ղևոնդը:[3]

Սյունիքի Հաբանդ գավառանունն ուշ միջնադարում փոխարինվել է Զագեձոր-Զանգեզուրով:

Հաբանդ գավառանունն օգտագործվել է տարբեր տառադարձություններով` Հաբանդ, Աբանդ, Աբանտ, Բարբանդ, Խաբանդ, Համբանդ, Հարբանդ և այլն:[4] Ղ. Ալիշանն իրավացիորեն նշում է, որ գավառի ճիշտ անվանաձևը Հաբանդն է:[5]

Անդրադառնանք բառի ստուգաբանությանը: Առաջին հայացքից կարող է թվալ, թե դա պարսկական անուն է, մանավանդ, որ այն իր հնչմամբ մոտ է պարսկերեն “բանդ” (band) և դարբանդ (darband) հոմանիշներին, որոնք հայերեն նշանակում են “կապան”, “լեռների մեջ կիրճ”, “կապարան”:[6] Բայց քիչ հավանական է, որ գավառանունը ստեղծված լինի պարսկերենի ազդեցությամբ: Սյունիք աշխարհի Հաբանդ գավառը շրջապատված էր Ծղուկ, Բաղք, Աղահեճք գավառներով և դրանցից որևէ մեկի անունը պարսկական ազդեցությամբ չի ստեղծվել: Հաբանդը բացառություն լինել չէր կարող: Գավառանունն Ստ. Օրբելյանից շուրջ 900 տարի առաջ օգտագործել է Փ. Բուզանդը և որևէ փաստարկ չկա պնդելու, թե գավառն դրանից առաջ էլ այդպես չի կոչվել: Գավառանվան դեպի հին դարեր գնացող տարիքը պակաս հավանական է դարձնում նրա ստեղծման վրա պարսկերենի ազդեցությունը: Հաբանդը զբաղեցնում էր Սյունիքի լեռնոտ, դժվարամատչելի միջնաշխարհը և քիչ էր առնչվում արտաքին աշխարհի հետ: «Հաբանդ գավառ թեպետ եւ ի միջնաշխարհի Սիւնեաց զետեղալ կայ, այլ վասն դժվուարակոխ վայրացն եւ սակաւածանոթ մնայ եւ ոչ միայն յայժումս` այլ թուի եւ ի հնումն»,- գրում է Ալիշանը:[7] Կարծում ենք ընդունելի չէ պրոֆ. Թ. Հակոբյանի Աբանդ-Հաբանդ տեղանվան “ահա բանտը” ստուգաբանությունը, որի հիմքում ընկած է պարսկերեն “բանդը”:[8] Հայ և օտար հետազոտողների կողմից Հաբանդ բառի ստուգաբանության ուրիշ փորձեր ևս եղել են: Դրանցից առավել հանգամանալին Ս. Ումառյանի կողմից տեղանվան ստուգաբանական վերլուծության փորձն է “Սյունիքը դիցարան” գրքում:[9] Ելակետային սկզբունք որդեգրելով, որ Սյունիքը եղել է համատարած դիցարան, շատ տեղանուններ կապ ունեն պաշտամունքի հետ, նա փորձում է հիմնավորել նաև Հաբանդի դիցաբանական ծագումը: Դրա համար նա Հաբանդ բառը բաժանել է մասերի` Հա-բան-դ: Եվ գտնում է, որ Հաբանդ անունն ունեցել է խեթերեն հիմք` հա, որն այնուհետև հնչել է նոր խուռիերեն կամ ուրարտերեն տառադարձությամբ` հալու և հետո հայերենում դարձել հաղ` հաղորդություն: Բան մասնիկը հնչունափոխված վան (որից ունենք վանք) բառն է` սրբատեղ, զոհատեղ: Իսկ դ-ն փոքրասիական տեղանվան հոգնակին է: Այսպիսով, ըստ Ս. Ումառյանի, Հաբանդը դառնում է զոհարան, ծիսարան: Նրա կողմից նույն իմաստով է մեկնաբանվում նաև Սիսական բառը: Այնպես որ Հաբանդը և Սիսականը դառնում են համարժեք նշանակություն ունեցող բառեր, երկուսն էլ նշանակում են ծիսարան: Բայց հարց է ծագում, եթե եղել է Սիսական (ծիսարան) բառը, որը նաև երկրանուն-տեղանուն էր, ինչու՞ տվյալ տարածքում պիտի հայտնվեր նույն նշանակությամբ երկրորդ բառը` այն էլ խեթա-նորխուռիական դարատև լեզվական ճամփորդությունից հետո… Նոր խուռիերեն կամ ուրարտերեն հալու-զոհ բառահիմքով Սյունիքում այսօր էլ կա Հալե-ձոր (Հալիձոր) գյուղը, որը մտնում էր Հաբանդ գավառի մեջ:

Խուռիերեն պապ նշանակում է “սար,” պապնի` “լեռնային”:[10] Արարատյան արձանագրություններում էլ կարդացվում է Բաբանի` “լեռնային” երկրանունը, որի տեղադրությունը ճշգրտված չէ: Հայերենն այդ բառիմաստներին հավասարազոր ունի “ափափան”` լեռների վրա դժվարամատչելի ապառաժ տեղեր:[11] Հովսեփ վարդապետ Սանտալճյանը ենթադրել է, որ ասորական Ադադնիրարի III (802-795թթ. Ք.ա.) թագավորի Արաքսի ստորին հովտում գրաված Բաբանիսը եղել է Սյունիքի Հաբանդ գավառը:[12] Սակայն Ս. Ումառյանը կտրուկ ժխտում է Բաբանիս-Հաբանդ հնչունափոխության հնարավորությունը:

Հաբանդ տեղանունն հետաքրքրել է նաև գերմանացի հայագետ Հ. Հյուբշմանին, որի համար, ավաղ, “Անուանս ծագումն ու իմաստը մթին է”:[13] Նա բառի ստուգաբանության փորձ իսկ չի կատարել:

Վերջին ժամանակաշրջանում Հաբանդ տեղանվան ստուգաբանության նոր մոտեցմամբ հանդես է եկել Ա. Ղարագյոզյանը: Նա ընդունում է տեղանվան էթնիկական ծագումը և այն կապում է Բալկաններից թրակիացիների և հեռավոր Էվբեյա (Абантида-Աբանտիդա) կղզուց Էվբեացիների (абантов-աբանտցիների) Հայաստան տեղաշարժման հետ` դրա հիմքում դնելով Ստրաբոնի հաղորդումները:[14] Հաբանդի ստուգաբանության այս տեսակետն արդեն իսկ շրջանառվում է գիտական հրապարակումներում:[15]

Այնուամենայնիվ:

Եթե մեզ համար մերժելի էր Հաբանդ տեղանվան մեջ պարսկական ազդեցությունը, ապա նմանապես անընդունելի է և հունական ազդեցությունը: Առաջարկում ենք տեղանվան ստուգաբանության մեր մոտեցումը: Հաբանդ տեղանունը թերևս ճիշտ կլինի ստուգաբանել բառի ոչ թե Հա-բանդ` այլ Հաբ-անդ երկատման ձևով: Այս դեպքում բառի երկրորդ մասը հին հայերենով հեշտ բացատրելի է: Անդ-այնտեղ վերջածանցով տեղանունները հայոց աշխարհում տարածված են` Մարանդ, Բագրևանդ, Վանանդ, Զարեվանդ: Մնում է պարզել, թե ի՞նչ է և որտեղից կարող էր ծագել հաբ-ը: Պատմագիտությունը վաղուց ապացուցել է, որ հայ էթնոսի ձևավորման գործընթացում որոշակի դեր են խաղացել քաշ-երը (kaska) և բաղ-երը կամ բալերը (bala): Այս երկու ցեղերը հարևանությամբ ապրում էին Եփրատ գետի վերին հոսանքի շրջանում և իրենց ռազմատենչ գործողություններով (հատկապես քաշ-երը) հայտնի էին հին աշխարհի շատ երկրներում: Ք.ա. 8-րդ դարի վերջին կամ 7-րդ դարի սկզբին այդ ցեղերը` նեղվելով կիմմերներից, թողեցին իրենց բնակության վայրերը և Արաքս գետի հովտով շարժվեցին եկան ու բնավորվեցին Սյունիքում:[16] Ա. Ղարագյոզյանը հավանական է համարում, որ այդ ցեղերին Սյունիքում կարող էին բնակեցնել Արարատյան թագավորները:[17] Այստեղ ևս նրանք ապրել են հարևանությամբ ու իրենց ցեղանունները տվել տարածքին` դրա հիմնավոր վկայությունները Սյունիքի Բաղք-Քաշունիք, ապա նաև Քաշաթաղ գավառանունների գոյությունն է:[18] Սյունյաց աշխարհում ունենք նաև Բաղաբերդ, Բաղաց քար, Քաշեթաղոց բերդ, Քաշի մարգ տեղանունները:

Սյունիքում բնակություն հաստատած ցեղերը, բնականաբար, իրենց հետ բերում էին պաշտելի աստվածներին: Քաշերն ունեին Հարբա (Harba, Harpa) անունով աստվածության:[19] Այդ անունն ավելի ուշ հայերենում կարող էր հնչել Հաբա: Գորիսի բարբառում ր բաղաձայնի սղվելը հնարավոր է` ինչպես ջրաղաց-ջաղաց օրինակում: Ահա այդպես կարող էր ծագել Հարբա-Հաբա-Հաբանդը` ցույց տալով այդ աստծո պաշտամունքի վայրը: Մեր վարկածի օգտին է խոսում և այն, որ գավառանունն հանդիպում է նաև Հարբանդ ձևով:[20]

 

 

 

Սերգեյ Հախվերդյան

Գորիսի պետական համալսարան

 

 

 

 

[1] Շիրակացի Ա., Մատենագրություն (թարգմ., առաջաբանը և ծանոթագր. Ա. Աբրահամյանի և Գ.

Պետրոսյանի, խմբ. Է. Աղայան), Երևան, 1979, էջ 295:

[2] Տե’ս Բուզանդ Փ., Հայոց պատմություն, Երևան, 1987, էջ 27:

[3] Ղևոնդ, Պատմություն (թարգմ., ներածություն և ծանոթագրություն, Ա. Տեր-Ղևոնդյանի, խմբ. Ս.Արևշատյան), Երևան, 1982, էջ 108:

[4] Տե’ս Հայաստանի հարակից շրջանների տեղանունների բառարան, Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ., Հակոբյան Թ., հ3, Երևան, 1991, էջ 297:

[5] Ալիշան Ղ., Սիսական, Վենետիկ, 1893, էջ 70-71

[6] Աճառյան Հր., Հայերեն արմատական բառարան, հ. 2, Երևան, 1973, էջ 519:

[7] Ալիշան Ղ., նշվ. աշխ., էջ 254:

[8] Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ., Հակոբյան Թ., հ1, Երևան, 1986, էջ 2:

[9] Ումառյան Ս., Սյունիքը դիցարան, Երևան, 1981, էջ 37-38:

[10] Капанцян Гр., Хайаса-колыбель армян, Ереван, 1947, стр. 218:

[11] Աճառյան Հր., Հայերեն արմատական բառարան, հ.1, Երևան, 1971, էջ 364:

[12] Հովսեփ վ. Սանտալճեան, Ասորեստանեայ եւ պարսիկ սեպագիր արձանագրութիւնք, Վիեննա, 1901, էջ 45:

[13] Հյուբշման Հ., Հին հայոց տեղւոյ անունները, Վիեննա, 1907, էջ 101:

[14] Карагезян А., Сюник, Нахчаван и Гохтн, Ереван, 2002, стр. 25-26, 30:

[15] Տես, Հարությունյան Բ., Մեծ Հայքի Սյունիք աշխարհն ըստ “Աշխարհացոյց”-ի, ՊԲՀ, 2003, թիվ 1, էջ 231:

[16] Капанцян Гр., նշվ. աշխ., էջ 129-130, 134:

[17] Ղարագյոզյան Ա., Սյունիքի Բաղք և Քաշունիք գավառանունների ստուգաբանության հարցի շուրջը, ԳԱ Լրաբեր, 1978, թիվ 12, էջ 74:

[18] Капанцян Гр., նշվ. աշխ., էջ 230, 256: Ա. Ղարագյոզյանը հնարավոր համարելով բաղ-երի ու քաշ-երի հայտնվելը Սյունիքում, այնուամենայնիվ, չի ընդունում Բաղք և Քաշունիք գավառանունների ցեղային-էթնիկական ծագումը` դրանց հիմքում տեսնելով աշխարհագրական գործոնը (տես ԽՈՐՈչպջÿվ Ը., նշվ. ռուս, աշխ., էջ 16-17):

[19] Капанцян Гр., նշվ. աշխ. էջ 230, 256: Իսկ ո՞վ էր Հարբան և ի՞նչ աստվածություն էր ներկայացնում: Գուցե նրա պաշտամունքից է հայերենում մնացել հարբ-ելը կամ արբ-ելը: Անշուշտ հին հայերն էլ հունական Դիոնիսիոսի պես խաղողի ու գինու հովանավոր աստված են ունեցել: Գուցե ամենևին պատահական չէ, որ բովանդակ Հայաստանում այսօր հայտնի է Հաբանդի տարածքը ներկայացնող Գորիսի թթօղին: Օղի թորելը ակնածանք պարունակող ծիսական արարողություն է տեղացիների համար, որը սկսվում և ավարտվում է աղոթքներով ու բարեմաղթանքներով: Այստեղ տարածված է նաև Արբեն անձնանունը: Որոտան գետի ձախափնյա գորիսյան գյուղերում (Խոտ, Շինուհայր, Հալիձոր) տեղական սև խաղողից բարձրորակ գինի են ստանում: Շինուհայրի գինին 20-րդ դարի սկզբին նույնիսկ եվրոպական մրցանակներ է շահել:

[20] Տես Ալիշան Ղ., նշվ. աշխ., էջ 201, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ.3, Երևան 1991, էջ 297, ՀՍՀ, հ 6, էջ 39:

About The Author

Related posts

1 Comment

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով