Դեկտեմբերի 10, 2018

Քարոտանի ամրոցը՝ Որոտան և Հակարի գետերի ջրբաժան բլրի վրա

Քարոտանի ամրոցը՝ Որոտան և Հակարի գետերի ջրբաժան բլրի վրա

  • Karotan plan
  • IMG_9718
  • IMG_9700
  • DJI_0235
  • IMG_9707

Պատմական Սյունիքի հավարարևելյան մասում՝ Կովսական-Բարգուշատ գավառների սահմանի մոտ (այժմ Արցախի Քաշաթաղի շրջանի հարավային թևում) մի քանի կմ երկարությամբ ձգվում է Որոտան և Հակարի գետերի ջրբաժան ոչ բարձր բլրաշարքը: Վարդաբացի գյուղական համայնքի Քարոտան գյուղից հարավ՝ ծովի մակերևույթից մոտ 420մ բարձրության վրա, Հ. 39 12 57, 2 և Ա. 46 43 15, 4 կոորդինատներում՝ նշված գետերի միախառնման տեղից քիչ վերև է ջրբաժանի վերջին բլրակը, որը հեռվից էլ աչքի է ընկնում հարթ մակերեսով: Բլրակի վրա միջնադարում գոյություն է ունեցել ամրոց-բնակատեղի: Մոտ 100մ երկարությամբ և միջնամասում 50մ լայնությամբ ամրոցատեղին ունի օվալաձև հատակագիծ: Արևելյան կողմից լանջն սկսվում է Հակարի գետի գեղատեսիլ ափից և թեքությամբ բարձրանում է վեր: Արևմտյան կողմում Որոտանի ափամերձ ճահճուտներն են: Ամրոցի մուտքը եղել է հարավային կողմից, որտեղ կիսաքանդ վիճակում պահպանվել են հիմնական 2 աշտարակները: Միջին մասում, հնարավոր է, 2 աշտարակի կամ մուտքի դարպասների հենասյուների հիմքերը ևս պահպանվել են: Մուտքից ձգվող ոչ երկար ճանապարհահատվածի հետքերը տանում են դեպի գետ: Արևելյան կողմում բնական ժայռերը մշակել են՝ դարձնելով ճանապարհաեզրի պատաշար: Հյուսիսային կաղմում, որտեղ նույնպես մուտք է եղել դեպի ամրոց, դարձյալ թեք է լանջը, սակայն ավելի ցածր է և բլրաշարքի շարունակությունն է: Ամրոցը 4 կողմից շրջապատված է եղել գլխավոր պարսպով, որը շարվել է կրաշաղախով և հիմնականում գետի գլաքարերով: Պարսպի երևացող մասերից հնարավոր է ճշտել մոտավոր հաստությունը՝ մոտ 2 մետր: Որոշ հատվածներում ավելի մեծ քարեր են օգտագործել (հատկապես արևելյան կողմի պատերի հիմքերում): Հիմնական պարսպից մոտ 30մ ցած գոյություն է ունեցել երկրորդ պարսպաշարքը, որի հետքերը դարձյալ երևում են: Մասնագիտորեն ուսումնասիրելու դեպքում հնարավոր է բացվեն պատերի ներքին մասերը: Դարերի ընթացքում բնությունն ու մարդը քանդել են հազար և ավելի շատ տարի առաջ կառուցված ամրոցի պատերը, որոնք, այնուամենայնիվ, պահպանել են իրենց հետքերը և հուշում են ևս մեկ ամրոց-բնակատեղիի մասին: Բլրի լանջերին թափված գլաքարերի մեջ շատ են կավե ամանների և կղմինդրների բեկորներ, որոնք առավել են հաստատում ամրոցի ժամանակաշրջանը: Կղմինդրի մեծաքանակ բեկորները տեղեկացնում են, որ ամրոցում եղած շինությունները ծածկված են եղել դրանցով: Այսինքն՝ միջնադարում կարմիր կտուրներով ամրոց-բնակատեղի է եղել Քաշաթաղի մայր գետ Հակարիի և դրա աջակողմյան վերջին վտակ Որոտանի միախառնման տեղից քիչ վերև: Մի քանի կմ հարավ Հակարին միանում է Արաքսին: Պատմական Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Կովսական, Քաշունիք գավառների այս հատվածով են հիմնականում Պարսկաստանից ասպատակել Սյունիք ու Արցախ: Հենց այդ նպատակով, փաստորեն, գետերի ափին են կառուցել ամրոցը, որպեսզի կանխվեն օտարների հարձակումները: Տարածքը 18-րդ դարակեսից մինչ 20-րդ դարի վերջերը հայաթափ է եղել, և այստեղ բնակություն են հաստատեցին մուսուլմանական տարբեր ցեղեր: Հնագետ Գ. Սարգսյանը գտնում է՝ ամրոցն ավելի վաղ շրջանում է հիմնվել:: Ընդհանրապես վաղ միջնադարերում էին ամրոց-բնակատեղիներ կառուցում գետերի ափերին՝ ցածրադիր վայրերում: Վերջին 4-5 տարիների ընթացքում Քաշաթաղի շրջանում հայտնաբերվեցին մի քանի տասնյակ հնադարյան և միջնադարյան ամրոցներ ու ամրոց-բնակատեղիներ: Հակարի-Որոտան միախառնման տեղից քիչ վերև հայտնագործածը հերթականն է, սակայն ոչ վերջնականը. Որոնումները շարունակում ենք: Պատմիչ Ստեփանոս Օրբելյանն իր «Սյունիքի պատմություն» գրքում նկարագրում է մի լեգենդ-եղելություն՝ «Հայր Գյուտի ու Քրիստոսասերի համառոտ պատմությունը և Երասխի ափի վանքի կառուցումը» վերնագրով (Երևան, 1986թ. Էջ 113). «Գողթան գավառում կար մի բարեպաշտ իշխան՝ Շաբաթիա անունով: Նա ուներ 2 թոռ՝ իր որդիների որդիները, որոնց անուններն էին Վասակ և Շապուհ…»: Այնուհետև պատմիչը տեղեկացնում է, որ նախանձի պատճառով երիտասարդները կռվում են, և «…Վասակը մերձիմահ սրահարեց եղբորը»: Ապա զղջում է արարքի համար, գնում վիրավոր եղբոր մոտ, ողբում է և աղաչում Աստծուն, որ եղբայրը ողջ մնա՝ խոստանալով հրաժարվել աշխարհիկ կյանքից: Եղբայրը բուժվում է, և Վասակը գաղտնի հեռանում է հայրենի տնից, գալիս Բաղաց կողմերը, անցնում Աղավնո (Հակարի) գետը: …Եվ գավառներով անցնելով Աղավնո գետի եզրը՝ այնտեղ անցկացրեց ձմեռային եղանակը, ապա անցավ մյուս վտակը՝ դեպի բերդի կողմը»: Այս կողմում միջնադարից պահպանված միակ բերդ-ամրոցը վերոհիշյալն է, ուստի կարելի է կարծել, որ այն ներկայիս Քարոտան գյուղի մոտ գտնվողը Ստ. Օրբելյանի հիշատակածն է: Ցավոք Պատմիչը չի նշում բերդի անունը: Նույն գլխում հեղինակը հիշատակում է Նակորզան քաղաքի մասին, որի մոտ Սյունյաց իշխանները եկեղեցի են կառուցում: Սակայն պարսից թագավորը զորք է ուղարկում, և ավերում են եկեղեցին: Իսկ վանահորը՝ Վասակին, որ մկրտվել էր Գյուտ անունով, ցած են նետում ժայռից, սակայն Աստծո օգնությամբ ողջ է մնում: Պարսից զինվորները կուրանում կամ մահանում են դրանից հետո: Այս տեսնելով՝ պարսից թագավորը հրաժարվում է ասպատակությունից, իսկ նրա եղբոր որդին մկրտվում է քրիստոնեական ծեսով և կոչվում Աբլ Աբասա: Նա դառնում է Աղվանքի Վաչագան թագավորի փեսան, այս կողմում բերդ կառուցում և հսկում կրոնավորների անդորրը: «Սյունիքի իշխանին խնդրելով՝ վանքի համար սահմաններ առանձնացրեցին: Տվեցին 5 գյուղ՝ այսպիսի սահմաններով՝ սկսած Սևասարից մինչև Բոթիբոթեր, դեպի վար, որտեղ Թզենու գետն է, մինչև ուրկանոցի այգիները, այնտեղից մինչև Աղավնո գետի պտույտները, Նակորզանի եկեղեցու դիմաց, մինչև Աստծո տունը» (նույն տեղը, էջ 117): Նույն գլխում Ստ. Օրբելյանը գրում է. «Ապա Բարկուշատում մեռնում են Վաչագան և Աբլ Աբաս թագավորները: Եվ Վռամշապուհի (պարսից թագավոր) թոռն այդ լսելով բազմաթիվ զորքերով գալիս ու առավոտյան հանկարծակի մտնում է վանքը, կոտորում կրոնավորներին: Ավագագույններին կապում են, եկեղեցին քանդում, հիմնահատակ կործանում, քարն էլ թափում են գետը» (Նույն տեղը էջ՝ 118): Սպանում են նաև Գյուտին՝ 84 տարեկան հասակում, և Քրիստոսասերին: Պատմիչի նշած եկեղեցու հետքերն առայժմ չի հայտնաբերվել, իսկ ամրոցը պահպանվել է, որի հնարավոր պեղումները շատ հարցերի պատասխան կտան: Այստեղից քիչ ներքև պահպանվել են հողածածկ դամբարաններ, որոնցից մեկը բացվել է. 14-15-րդ դարերի կառույց է՝ կերտված սրբատաշ բազալտով: Միջնադարյան այդ հուշարձանը պատկանել է մահմեդական որևէ կարևոր անձնավորության: Սակայն վարպետները հայեր են եղել. ոճը եկեղեցու տեսք է թողնում: Հնարավոր է՝ այդ ժամանակաշրջանում հիշյալ ամրոց-բնակատեղիում դեռ հայեր էին ապրում, և այստեղի վարպետներն են կառուցել նշված դամբարանը: Տարբեր ցեղերի ասպատակողներ շատ են անցել Հակարիի հովտով, հատկապես՝ Արաքսին միանալու տեղով: Այստեղից մոտ 10կմ ցած գտնվում է Խուդափերինի հայտնի կամուրջը, որը կոչվում է նաև Քարավազ: Կամրջին մոտ նույնպես մեր նախնիներն ամրոցներ են կառուցել, որոնց ավերակները նույնպես պահպանվել են:

Զոհրաբ Ըռքոյան

About The Author

Related posts

Leave a Reply