Օգոստոսի 22, 2019

 Քարանձավները հայության ու հավատքի վկաներ

 Քարանձավները հայության ու հավատքի վկաներ

Հայագիտական արշավներ

Զոհրաբ Ըռքոյան

Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող

Լեռներով, գետերով, անտառներով, բնական ու պատմական հուշարձաններով հարուստ Քաշաթաղի շրջանում շատ են նաև քարանձավները: Ժամանակին դրանցից շատերը մարդուն ծառայել են որպես կացարան:  Հետագայում՝ հատկապես միջնադարում, քարանձավների  մի մասն օգտագործվել է նաև պաշտամունքային նպատակներով՝ վերածվելով ժայռափոր եկեղեցիների: Դրանց հարևանությամբ գործել են ճգնարաններ: Քաշաթաղի այսօրվա շրջանը, որն ադրբեջանական գերությունից վերջնականապես ազատագրվեց 1992-93 թվականներին,    իր մեջ է առել պատմական Մեծ Հայքի Սյունիք և Արցախ աշխարհների մի քանի գավառներ՝ Աղահեճք-Քաշաթաղ-Խոժոռաբերդ, Բաղք-Քաշունիք-Բարկուշատ, Կովսական-Գրհամ, Հաբանդ, Մյուս Հաբանդ, Վայկունիք և այլն: Տարածքի վերաբնակեցման ընթացքում հայտնաբերվեցին հայոց մշակույթի բազում հուշարձաններ, այդ թվում՝  մի քանի ժայռափոր եկեղեցիներ: Դրանք հիմնականում գտնվում են գետերի կիրճերում եղած քարանձավներում, որոնք ժամանակին եղել են թաքուն ու ապահով վայրեր՝ հեռու ասպատակողներից: Քարանձավ-եկեղեցիների մեծ մասն սկզբնական շրջանում ճգնարաններ էին, ապանոր վերածվել անապատների: Բացի եկեղեցիներից, շրջանում շատ են նաև քարանձավային համալիրները, որոնք բնակավայրեր էին բնակարաններով, անասնագոմերով: Այսօր էլ որոշտեղերումնույն քարանձավները ծառայում են որպես անասնագոմ և այլ նպատակներով:  Վերջերս քարանձավագետ Սամվել Շահինյանի ուղեկցությամբ Արցախ ժամանեցին ռուս քարանձավագետներ, ովքեր միջազգային գիտական մի շարք ընկերությունների անդամներ են: Սյունիքի հայագիտական հետազոտությունների կոնտրոնը բազմիցս է միացել նման հետազոտական արշավների, որոնք վերաբերում են պատմական Սյունիքին: Այս անգամ արշավախմբին էր միացել Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Զոհրաբ Ըռքոյանը: Արշավախմբի անդամները ծանոթացան Քաշաթաղի տարածքի քարանձավ-հուշարձանների մի մասին: Մինչ այդ եղել էին ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի մի քանի հնավայրերում: Ռուսական աշխարհագրական ընկերության (հիմնադրվել է 1845թ.) անդամներ Յուրի Դոլոտովը (Մոսկվա), Միխայիլ Լեոնտևը, Վորոնեժի մարզի մշակույթի պետական վարչության «Дивногорье» բնականճարտարապետա-հնագիտականթանգարան-արգելոցի թանգարանային գործի բաժնի վարիչ Սոֆյա Կոնդրատևան,  նույն քաղաքից պատմաբան Վիտալի Ստեպկինը, քարանձավային եկեղեցիների մասնագետ Ալեքսեյ Գունկոն (Կազան), հայկական հեռուստատեսության «Քարից փափուկ» հաղորդաշարի մեկնաբան Սվետլանա Հարությունյանը, փաստաբան Ապետնակ Պետրոսյանը և ուրիշներ այցելեցին Տանձուտի, Հոչանցի, Քրոնքի ժայռափոր եկեղեցիներ, Ծաղկաբերդի մոտակա քարանձավային համալիր և այլ վայրեր: Ռուս գիտնականներին, ովքեր տարբեր երկրներում ուսումնասիրել են նման հուշարձաններ, շատ հետաքրքրեցին քաշաթաղյան քարանձավները, հատկապես եկեղեցիները, որոնք բնական ժայռախոչերում են և պահպանվել են ամբողջովին կամ կիսակործան վիճակում: Տանձուտ գյուղը գտնվում է Հակարիի արևմտյան Աղավնո (Արքունագետ-Զաբուխ) վտակի ձախափնյա ձորակում, որի վերջնամասից սկսվում է սարալանջը: Այս մասում մի փոքր գետակ իր ողջ ընթացքում խոր կիրճ է ստեղծել: Բարձրաբերձ ժայռերի մեջ շատ են տարբեր չափերի քարանձավները, որոնք դեռևս հազարամյակներ առաջ արդեն բնակելի են եղել: Միջնադարում նույն կիրճի ձախ կողմում քարանձավային բնակատեղի է եղել. այդ են վկայում ջրաղացի ավերակները, հին ճանապարհի հետքերը, բազում ճգնարան-այրերը և վերջապես՝ 12-13-րդ դարերի ժայռափոր բազիլիկ փոքր եկեղեցին (գտնվում է ծովի մակերեսից մոտ 1300 մ բարձրության վրա): Սրբատան չափերն են՝ 5,8-2,5մ, բարձրությունը՝ 4,4մ: Ունի մեկ մուտք և 2 պատուհան՝  արևմտյան կողմից: Սուրբ խորանից հանվել է սեղանի վեմ-քարը, որի տեղը երևում է: Եկեղեցու արևմտյան կողմում պահպանվել է նաև բնական կամար, որի միջով է ժամանակին անցել սրբավայր բերող ճանապարհը: Կամարի ու եկեղեցու մեջտեղում՝ մեծ ժայռաբեկորի վրա, փոսորակ կա, որը հիշեցնում է խաչքարի տեղ: Անկասկած է, որ ժամանակին այստեղ նաև խաչքար-կոթող է եղել, որը թրքաքրդերի կողմից վերացվել է: Այս գյուղի պատմական անունը չի պահպանվել, խորհրդային տարիներին կոչվել է Ղարաղշլաղ: Գյուղից դեպի հյուսիս գնացող ճանապարհի աջ մասում մի մեծ ժայռ կա՝ բազում քարանձավներով, որոնցից մեկը նույնպես եկեղեցի է եղել, սակայն քանդվել է, և պահպանվել է մի պատը: Նույն ժայռի հյուսիսարևելյան կողմում պահպանվել են միջնադարյան ամրոցի պարիսպներ, շինությունների հետքեր: Հնարավոր է՝ այստեղ է եղել Ստ. Օրբելյանի հիշատակած Քաշաթաղ կամ Խոժոռաբերդ ամրոցներից մեկը (ժայռի տեսքից դատելով՝ կարելի է ենթադրել՝ Խոժոռաբերդն է):

  • DSCN2895
  • DSCN2924
  • DSCN2934
  • DSCN2943
  • DSCN3005
  • DSCN3038
  • DSCN3045
  • DSCN3046
  • DSCN3065
  • DSCN3109
  • DSCN3130
  • DSCN3193
  • DSCN3206
  • IMG_0438
  • Tandzut Cave Church
  • Tandzut yndhanur tesq0739

Հոչանց գյուղը գտնվում է Հակարիի երկրորդ մեծ վտակի՝ Հոչանցի աջափնյա բարձրադիր դիրքում՝ համանուն լեռան արևելյան ստորոտում: Առաջին անգամ հիշատակվում է Ստ. Օրբելյանի «Սյունիքի պատմություն» գրքում՝ Հունչաք ձևով՝ 12 միավոր հարկաչափով, որն առավելագույններից է: Սա նշանակում է, որ Հունչանք-Հոչանցը (Տաթևի վանքին պտղահարկ (3450 հարկաչափ) մուծող բնակավայրերի ցանկում արդեն հիշատակվում է Հոչանց) ժամանակին եղել է Աղահեճք-Քաշաթաղ գավառի հայաշատ ու շեն բնակավայրերից մեկը: Գյուղում պահպանվել է Սբ. Ստեփանոս 17-րդ դարի բազիլիկ միանավ թաղակապ եկեղեցին, որի շուրջը եղել է հայոց հանգստարանը. պահպանվել են մի քանի տապանաքարեր: Հանգստարանի շիրմաքարերի մեծ մասը թուրքերն օգտագործել են որպես շինաքար: Գյուղի թուրքաշեն շատ  տների պատերի մեջ կան զարդանախշ, խաչաքանդակ քարաբեկորներ: Հոչանցի մասին հետաքրքիր հիշատակություն է թողել 17-րդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցին իր «Պատմությունե գրքում: Նկարագրելով Տաթևի մեծ անապատում տեղի ունեցած անախորժ իրադարձությունները՝ գրում է. «…Սարգիս եպիսկոպոսը մարմնավոր պետքերի հոգաբարձու էր, իսկ Գրքի(Աստվածաշնչի) ուսուցիչներըտեր Կիրակոսը, Պողոս վարդապետը, Մովսես վարդապետը, Ներսես վարդապետը և Թումա եպիսկոպոսը, որոնք երկար ժամանակ միասին մնացին: Սրանք բոլորը, ապա տեր Կիրակոսը և Թումա եպիսկոպոսը գնացին Քշաթաղ գավառը, Հոչանց գյուղի մոտ շինեցին անապատ և այնտեղ բնակվեցին: Իսկ Սարգիս եպիսկոպոսը մնաց միևնույն մեծ անապատում և համբերությամբ կրում էր վրա եկած բոլոր նեղությունները, մինչև որ հասավ խորին ծերություն՝ առաքինի վարքով կյանքի ընթացքը ավարտված և հավատը պահած այստեղից փոխվեց կենդանության երկիրը՝ նույն մեծ անապատում, որտեղ թաղված կան նրա մարմնի պատվական նշխարները: Նրա վախճանը տեղի ունեցավ մեր թվականության 1060 (1620) տարում: Իսկ տեր Կիրակոսը, որ  գնաց Հոչանց, այնտեղ մնաց կրոնական ժուժկալությամբ, նույն տեղում, Հոչանց գյուղի մոտ, իր անապատում վախճանվեց մեր թվականության  1070(1621) տարում և գնաց իր սիրեցյալ Քրիստոսի մոտ, որին փափագելով մշտապես կրում էր իր հոգում: Նույն տեղում թաղված են  նրա մարմնի պատվական նշխարները ի փառս օրհնված Քրիստոս Աստծու հավիտյանս. ամենե: Քարանձավագետների այցելած  երկրորդ հուշարձանն արդեն Հոչանցի անապատն է: Հոչանցա սարից իջնող փոքր գետակի ստեղծած կիրճի աջ կողմը անտառապատ է, իսկ ձախակողմյանը կերտված է  բարձր և ուղղաձիգ սպիտակավուն կրաքարե ժայռերից, որոնք իրենց փափուկ լինելու շնորհիվ հեշտ փորվող են:  Այս ժայռերը նույնպես հարուստ են այրերով, որոնք շատ հնուց եղել են կարդկային կացարաններ, իսկ դրանցից ամենաընդարձակը մեր նախնիները դարձրել են բազիլիկ եկեղեցի: Առաքել Դարվիժեցին հշատակում է, որ այստեղ տեր Կիրակոսը հիմնեց անապատ: Հնարավոր է, որ մինչ նրա այստեղ գալը, քարանձավ-եկեղեցին եղել է, պարզապես նրա գալուց հետո այն վերակառուցվել է: Կիրճը գտնվում է Հոչանց գյուղից հարավ-արևելք՝ համանուն գետի աջակողմյան վտակի վրա: Այս մասում իրար են միանում Շալուա և Հոչանց գետերը: Եկեղեցու երկու կողմերում շատ են քարանձավները, որոնք մշակվել են մարդու կողմից, որոշների պատերի մեջ կան խորշեր, որոնք ծառայել են որպես պահարաններ: Հնարավոր է՝ անապատի միաբանների բնակարաններն են եղել կամ ճգնարաններ: Կիրճի առաջնամասի քարանձավներից մեկը մոտ 20 մ երկարությամբ թունել է, որը երևի դիտակետ է եղել. դիրքն այդ է հուշում: Անապատը նաև այգի է ունեցել. դարավոր ընկուզենիների հարևանությամբ նաև բալենի ու այլ մրգատու ծառեր կան: Ոռոգման և խմելու ջրի հարցը լուծված է եղել ավելի վերևից իջնող գետակի շնորհիվ: Անապատի եկեղեցին հարավից ունի 2 պատուհան  և 3 մուտք: Սկզբում մեկն է եղել՝ 2 պատուհանների մեջտեղում, սակայն հետագայում դրանք քայքայվել են և հասել հատակին: Հիմնական մուտքի մոտ կա փոսորակ՝ քարերով լի: Հավանաբար այս փոսում է թաղված եղել Տեր Կիրակոսը, որը հետագայում՝ տարածքի հայաթափումից հետո, այլազգիները քանդել են, տապանաքարը տարել: Եկեղեցու ներսի մոտավոր չափերն են՝ 11-7 մետր, բարձրությունը՝ գրեթե 5 մետր: Սուրբ Խորանի ձախ կողմում 4 խորշեր կան քանդակված՝ նախատեսված գրքերի համար: Դրանց մոտ այս կողմի պատին  կա մեկ այլ մուտք, որից ներս շրջանաձև խուց է՝ նման ավանդատան՝ բացառությամբ այն բանի, որ չունի պատուհան, ինչպես ընդունված է: Նույն կողմի պատին 4 մեծ խորշեր են փորված, հավանաբար խաչեր են քանդակված եղել, որոնք թուրքերը տաշել են: Նույն խորշերի վերևում ավելի փոքր ու քիչ խոր 8 խորանաձև փոսեր կան: Սուրբ Խորանի աջ կողմը համընկնում է դրսի պատին, և այս կողմում կան 3 կորանման պատուհաններ: Անապատը պատահական հայտնաբերվեց գյուղի վերաբնակեցումից հետո (այդ մասին տողերիս հեղինակի լրատվությունն առաջինը տպագրվել է «Հայաստանի Հանրապետություն» թերթում-23.08.2002թ.): Ավարտելով ուսումնասիրությունը՝ բարձրանում արշավախումբը բարձրանում է կիրճից: Ճանապարհին զրուցում եմ Ալեքսեյ Գունկոյիհետ, ով աշխարհի շատ կողմերում է նման եկեղեցիներ ուսումնասիրել: Ասաց՝ Հոչանցինը մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Նախ ունի դարերի պատմություն, մեծ չափեր և գտնվում է գեղեցիկ վայրում: Կարևորեց նաև այն, որ անապատի գոյությունը վկայում է տարածքի հայոց երկիր լինելը: Բացի եկեղեցուց քարանձավագետին հետաքրքրել էին մոտակա անձավները, որոնք նույնպես պատմում են դարերի մասին: Հաջորդ հնավայրը Քրոնքից՝ ժայռափոր եկեղեցին է՝ Քրոնքավանքը: Այս սրբավայրը գտնվում է Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղիցմոտ 3 կմ հարավ-արևմուտք՝ Հակարի գետի աջակողմյան ժայռակերտ ձորակներից մեկում՝ գետից 1-2 կմ հեռու: Մինչ Քրոնք հասնելը՝ արշավախումբը անցնում է Բերձոր-Ծաղկաբեդ ճանապարհը: Բերձորից մոտ 4 կմ հարավ-արևելք՝ Բերդաձոր գետակի աջակողմյան ուղղաձիգ ժայռի միջնամասում 3 քարանձավներ կան, որոնք ժամանակին եղել են բնակելի, և այնտեղ բարձրացել են պարանների օգնությամբ: Քարանձավագետներին դրանք նույնպես հետաքրքրեցին: Գտնում են՝ պետք է ուսումնասիրել: Բերձորից մոտ 20 կմ հարավ՝ «Ստրոյկա» կոչվող ոլորաններում, ճանապարհի հենց եզրին մի քարանձավ կա, որը մուտքի մոտ՝ աջակողմյան մասում, փոքր խուց ունի: Տարիներ առաջ Սամվել Շահինյանի հետ պատահաբար բարձրացանք քարանձավ և նույն խցի ձախ կողմում հունատառ և սեպագիր արձանագրություն տեսանք: Հետագայում դրանք վերծանվեցին: Ցավոք՝ դրանից հետո քարանձավի տանիքի մի մասը քանդվեց, և ծածկվել է արձանագրությունը: Ծաղկաբերդ գյուղի մոտ անցնելով Հակարի գետը՝ ուսումնասիրողների խումբը աջ ափով շարժվում է առաջ: Գետի ափից Քրոնք տանող ճանապարհն անցնում է ցաքիների ու այլ փշատերև թփերի միջով: Աջ կողմում բարձր ժայռեր են, ձախում՝ կանաչ դաշտ: Ժայռափոր եկեղեցին երևում է հեռվից:

13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» (Երևան, 1986թ.) գրքում «Այս աշխարհում եղած վանքերը, եկեղեցական միաբանությունները և նրանց քանակը» (ԿԲ) գլխում պատմիչը հիշատակում է նաև Քրոնից վանքի մասին (էջ՝ 282): Իսկ «Սյունիքի տասներկու գավառների եկեղեցու հարկացուցակը ըստ հին սահմանվածի» (ՀԴ) գլխում Հաբանդ 7-րդ  գավառում հիշատակվում է Քրվանք գյուղը՝ 20 մասնաբաժին հարկաչափով (Տաթևի վանքին տրվող), կարելի է ենթադրել, որ Քրոնից վանքը գտնվել է Քրվանք գյուղում: Նույն գավառում հիշատակվում են նաև Խնձորեսկ, Տեղ, Վանոցա և այլ գյուղեր: Վանոցան հայտնի է նաև Ջիջիմլի անվամբ և գտնվում է Ծաղկաբերդից արևմուտք: Այստեղ պահպանվել են 14-15-րդ դարերի  մահմեդական 2 դամբարան, որոնցից մեկն իր հորինվածքով ավելի շատ հայոց եկեղեցի է հիշեցնում:  Ելնելով բնակավայրերի ցուցակից՝ կարելի է ենթադրել, որ մեր նշած ժայռափոր եկեղեցին Քրոնից վանքն է. ժայռակոփ մի ձորակում դարեր առաջ մեր պապերը Աստծո տուն-եկեղեցի են կերտել քարանձավում, որից միայն մի մասն է պահպանվել՝ Սուրբ խորանի կեսը, հարակից և դիմացի պատերը, որ բլրի շարունակությունն են: Սրբավայրը ժամանակին, բացի պահպանվածից,  ունեցել է երկրորդ սենյակ: Այդ են վկայում փայտե ծածկի գերանների համար նախատեսված փոս-բնիկները: Բացի այդ՝ պահպանվել է նաև նկուղային հարկը, որի մուտքը կիսով չափ փակվել է, և անցումը դժվարացել: Սրբատեղին, ըստ պահպանվող բանավոր տեղեկությունների, խորհրդային տարիներին, միգուցե նաև դրանից առաջ, երբ տարածքը հայաթափ եղավ ու բնակեցվեց մահմեդականներով, անվանվել է Գյավուրլու: Սա ևս վկայում է, որ ժայռափորը հայկական-քրիստոնեական է: Սամվել Կարապետյանի «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գրքում (Երևան, 1999 թ.)  Անապատիկ գյուղի և այնտեղ գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին է գրված, ըստ որի այն հիշատակվում է 1361 թ. ստեղծված  «Մեկնութիւն պատարագիս» ձեռագրում. «… Արդ գրեցավ պատարագի մեկնիչս ձեռամբ Զաքարէ աբեղի ի Ձորս Հայքարա ի գեաւղս, որ կոչի Անապատիկ, ընդ հովանա Սուրբ Աստուածածնիս ի հայրապետութեանն տէր Ստեփանոսի, ի ղանութեանն Յոիսի, ի դառնութեան ժամանակի, որ հալածումն էր քրիստոնեից… Թվ. ՊԺ-1361 գրեցավ…»: Կարելի է նաև 2-րդ վարկածն առաջ քաշել, որ սրբավայրը հենց նշված Անապատիկն է: Ժայռափոր եկեղեցիներն են հիմնականում ծառայել որպես անապատներ: Եկեղեցու դիմաց՝ 30-40մ հեռավորությամբ բարձրաբերձ ժայռեր են, ունեն քարանձավներ: Կարևոր է նաև «Ձորս Հայքարա» անվանումը: Փոքր ջանք գործադրելով՝ կարելի է բարձրանալ և մտնել քարանձավները: Ժամանակին սրանք եղել են բնակելի կամ ապաստարաններ: Այդ են վկայում ներսում գոյություն ունեցող փոսերը, որ շտեմարանի դեր են կատարել: Բացի այդ՝ նրանց միջև վեր բարձրացող անցուղի կա: Այսօր այդ քարայրներից որոշները դարձել են արծվաբույն: Պահպանված եկեղեցին գտնվում է վթարային վիճակում և ամեն պահ հնարավոր է, որ դիմացի պատը փուլ գա: Իսկ արդեն փլվել են մուտքը և 2 պատուհաններից մեկը՝ հյուսիսարևելյան կողմում: Շինությունն ունի 5 մ բարձրություն, 3 մ լայնություն և 8 մ երկարություն: Մուտքի պատի հաստությունը 1,5 մ-ից ավելի է, սակայն արդեն մի քանի տեղից ճաք է տվել, հենարան չունի: Սուրբ խորանի հյուսիսային մասը քանդված է, փորված է նաև բեմը, միայն պահպանված պատի կողմում մնացել են աստիճանների հետքեր: Պահպանված պատի վրա կան 2 խորշեր, հավանաբար խաչեր են եղել, որ ոչնչացվել են: Այսօր, իհարկե, կարևոր է ուսումնասիրություն կատարել և վերջապես ճշտել սրբավայրի իսկական անունը՝ Քրո՞նք, Անապատիկի Սբ. Աստվածածի՞ն, թե՞…Սակայն ավելի կարևոր և առաջնային է եկեղեցու վերակառուցումը: Քրոնքը ևս շատ հետաքրքրեց հյուրերին: Բոլորն էլ բարձրացան դիմացի ժայռերի քարանձավներով, լուսանկարեցին, ուսումնասիրեցին: Յուրի Դոլոտովն ասաց՝ անցյալում այստեղ շատ հետաքրքիր իրադարձություններ տեղի ունեցած կլինեն: Հնարավոր է՝ եկեղեցու դիմացի քարանձավները եղել են ճգնարաններ կամ նաև պաշտպանական նպատակով են օգտագործվել: Արդեն մթնշաղ էր, որ արշավախումբը հրաժեշտ տվեցինք Քրոնքին և վերադարձավ: Ծաղկաբերդ գյուղի դիմաց՝ Հակարի գետի ձախակողմյան ձորակներից մեկով, մի ճանապարհ ժամանակին բարձրացել է Հարար գյուղ: Մեր վարորդներց Կարեն Ավանեսյանն այս մասում ժամանակին քարանձավային համալիր է տեսել, և նրա ուղեկցությամբ Սամվել Շահինյանի, Ալեքսեյ Գունկոյի և Վիտալի Ստեպկինի հետ բարձրացանք դժվարանց ճանապարհով: Ձորակի ձախ կողմում կրաքարե սպիտակավուն ուղղձիգ պատեր են՝ բազում քարայրներով: Լապտերների լույսով ուսումնասիրեցինք դրանք, որոնց մի մասը բնակարաններ են, մի մասը՝ անասնագոմեր: Որոշները 2-3 սենյակներից են բաղկացած, պատերի մեջ դարակներ և այլ նպատակով փորված խոռոչներ կան, տանիքները երդիկներ ունեն: Գոմերում փորված  մսուրները մի քանի անասունի են ծառայել: Այժմ էլ որոշներն օգտագործվում են որպես անասնագոմ: Ստեպկինն ու Գունկոն խոստովանեցին, որ նման քարանձավային համալիր, որտեղ մի քանի տասնյակի են հասնում քարայրները, չէին տեսել: Սրանք ևս ուսումնասիրման կարիք ունեն: Հավանական է՝ սկզբնական շրջանում այստեղ քարանձավային բնակավայր է եղել: Ժամանակի սղության և մթի պատճառով մոտ 1 ժամ կարողացանք շրջել քարանձավային համալիրում և ցած իջանք: Հասնելով Բերձոր՝ հրաժեշտ տվեցինք հյուրերին, ովքեր մեկնեցին Ստեփանակերտ: Շնորհակալություն հայտնեցին շրջվարչակազմի ղեկավարությանը հյուրընկալման համար, ԼՂՀ ԱԻՎ ՊԾ Քաշաթաղի շրջանային բաժանմունքի աշխատակիցներ Կարենին և Արսենին, ինչպես նաև՝ Ներքին Սուս համայնքի ղեկավար Արթուր Փարսյանին, ովքեր իրենց մեքենաներով սիրով ուղեկցեցին այդ 2 օրը: Ս. Շահինյանը տեղեկացրեց, որ ծրագրված էր հանդիպում ԼՂՀ վարչապետի հետ և շրջագայություն Արցախի մի շարք պատմական վայրերում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

About The Author

Related posts

Leave a Reply