Հուլիսի 21, 2019

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ԳՈՐԻՍՈՒՄ 1930-40թթ.

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ԳՈՐԻՍՈՒՄ 1930-40թթ.

  Ս. Հախվերդյան , Ն. Հախվերդյան

   20-րդ դարի երրորդ տասնամյակը ինչպես ողջ Հայաստանում, այնպես էլ Գորիսում, սկսվում է կոմունիստական իշխանությունների կողմից սանձազերծած անսքող բռնություններով: Բռնության մոլուցքը համաճարակի պես մարդկային որևէ արժանիք կամ վաստակ հաշվի չէր առնում: Կարևորը վախի և անվստահության մթնոլորտի հաստատումն էր: Բոլորին ստիպեցին հանձնել տներում պահվող, սեփականություն հանդիսացող զենքը, որ մնացել էր հայ-թուրքական կռիվներից: Զենքի հանձնման հարցում կամակորություն ցույց տվեցին Բայանդուր(Վաղատուր) գյուղի բնակիչները: Գյուղն իսկույն շրջափակվեց միլիցիայի, կոմունիստների   զինված խմբերի կողմից: Զենքը հանձնվեց, իսկ մի քարայրում հայտնաբերվեց տասնյակ «Մոսին» հրացաններ ու փամփուշտներ: Հարուցվեց քրեական գործ: Ժամանակի պետական-պաշտոնական փաստաթղթերը զննելուց կարելի է եզրակացնել, որ Հայաստանում սկսվել էր ապստամբական (կոմկուսի փաստաթղթերում՝ բանդիտական) շարժում: Ցուցում կար ամենուր բացահայտել դաշնակցական գաղտնի կազմակերպությունները, զինաթափել ու ձերբակալել դրանց անդամներին:

1930թ. Գորիսում 89 անձանց հետ ձերբակալվել և 3 տարով դատապարտվել է հանրաճանաչ բժիշկ Մինաս Մինասյանը՝ որպես հակահեղափոխական ընդհատակյա դաշնակցական կազմակերպության անդամ1: 1931թ. ձերբակալվում է բուժակ Իգնատ Անանյանը, որը լայն ժողովրդականություն էր վայելում: Նրան մեղադրում են այն բանում, որ իբր իմացել է դաշնակցական ընդհատակյա կազմակերպության գործունեության մասին և չի հայտնել ՊՔՎ.(պետական քաղաքական վարչության) մարմիններին: Բուժակ Ի.Անանյանը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման2: 1933թ. քարահունջեցի Դ.Ծատրյանը իր հողամասից չորացող թթենին հանում է, որ բանջարեղեն ցանի: Գյուղխորհրդին հայտնում են, որ Դավիթը դիտմամբ է հանել թթենին, որպեսզի պետության համար շերամ չպահի: Դատարանը նրան դատապարտել է 1 տարվա ազատազրկման:

1930թ. սկսած կոմունիստներին և նախկին կարմիր բանակայիններին թույլատրվեց զենք կրել: Գաղտնի հրահանգով ստեղծվեցին կոմունիստների զինված խմբեր: 1930թ. մարտի 16-ին ՀամԿ(բ)Կ Անդերկրկոմը Զանգեզուրում (մասնավորապես Սիսիանում) տարածված բանդիտիզմի մասին ընդունում է որոշում, որում կարևորված է Գորիսի դերը: Որոշման 3-րդ կետի համաձայն Բաքվից 100 հայ զինված կոմունարներ պիտի գործուղվեին Գորիս3: Կազմվեցին կուլակների, ունևորների ցուցակներ: Ցուցակագրմանը մասնակցում էին ինչպես կոմբջիջները, այնպես էլ գյուղխորհուրդներին կից գործող չքավորական խմբակները: 1930-31-32 թթ. գյուղերից Գորիսի շրջգործկոմ էին ներկայացվում ունևորների, նախկին նեպմանների ցուցակները, դրանք պարբերաբար լրացվում և փոփոխվում էին: Կուլակները ենթարկվում էին «լիկվիդիցիայի». նրանցից խլվում էր ունեցվածքի մեծ մասը, իսկ իրենց բանտարկում էին, աքսորում (Հայաստանի այլ շրջաններ, Սիբիր) կամ էլ պարզապես գնդակահարում էին Գորիսում: Այդքանից հետո շրջգործկոմ ներկայացվող ցուցակներն անշուշտ պետք է փոփոխվեին: Վերահաստատվում էին նաև ձայնազուրկների ցուցակները: Ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկվել ու ձայնազուրկ էին նախկին հոգևորականնները, դաշնակցականները, խմբապետերը, բեկերի ժառանգները, կուլակները և այլն: 1931թ. Գորիսում և նրա գյուղերում ձայնազուրկների ցուցակներում հաշվվում էին 124 մարդ: Դրանցից շուրջ երկու տասնյակը վարչական կարգով աքսորվել էին: Աքսորվածների ընտանիքները զրկանքներ էին կրում, ենթարկվում նվաստացման կամ պարտադիր աշխատանքի: Աքսորվածների կանանց Վերիշենում, օրինակ, քշում-տանում էին Եռաբլրի սարահարթ՝ մաքրելու Գորիս-Երևան մայրուղու ձյունը: Ձայնազրկվում էր ոչ միայն ինքը՝ «անհարազատ էլեմենտը», այլև նրա ընտանիքի չափահաս անդամները: Գորիսի սբ. Գր. Լուսավորիչ եկեղեցու քահանա Խորեն Մելիք-Դադայանը և նրա կին Սոֆիան ձայնազուրկ էին արվել 1921թ., և նրանց ձայնի իրավունքը վերականգնվել է 1933. հունիսի 29-ին4: Սա լավագույն ելք ունեցող դեպքերից է: Գորիսի ձայնազուրկների ցուցակում նշված է նաև Նիկոլայ Հովսեփյանի(Օսիպով) անունը: Նա ձայնազրկվել է 1921թ. և ձայնազրկման համար հիմք է ծառայել այն, որ նա «քաղ. կռ. Խ-ի դեմ ղեկավ», այսինքն, որ նա քաղաքացիական կռիվների ժամանակ Խորհրդային իշխանության դեմ կռվել է որպես ղեկավար անձ5: Ն. Հովսեփյանի հոր՝ Ասծատուրի և կնոջ՝ Վարսենիկի ձայնի իրավունքը հետագայում վերականգնվում է, իսկ իր անվան դիմաց գրված է, որ մահացել է, բայց ոչ թիվ է նշված, ոչ ամսաթիվ: Չի նշված, քանի որ Ն.Հովսեփյանը գնդակահարվել է, իսկ գնդակահարման տեղը և ժամանակը գաղտնիք էր: Գնդակահարված Կարապետ Միրաքյանի ընտանիքի չափահաս անդամների՝ Կատյայի, Սիրանուշի, Մարոյի ձայները վերականգնվել են 1932թ: Կորնիձորի հանրահայտ քահանայի՝ Գրիգոր Տեր-Սողոմոնյանի(Ադեր) անվան դիմաց գրված է, որ ձայնազուրկ է 1924թ. և վարչական կարգով աքսորված: Նրա ընտանիքի անդամներից կինը՝ Վարդին, ձայնազրկվել է ամուսնու հետ, տղան՝ Աշոտը, ձայնազուրկ է 1928 թվականից, Արևհատ անունով աղջիկը՝ 1936-ից: Վարդիի ձայնի իրավունքը վերականգնվել է 1936թ:

Կուլակների և ունևորների ցուցակներում ընդգրկված մարդիկ պետությանը պետք է լրացուցիչ տարեկան 25% ավել հարկ տային: Այդ ցուցակները Գորիսում կազմվեցին 1930-31թթ, դրանցում շրջանից հաշվվում էին 256 անձիք6: Միայն 1930թ. Գորիսի շրջանում կուլակաթափ է արվել 130 մարդ: Արխիվում պահպանվել են գյուղխորհուրդների արձանագրություններ՝ այս կամ այն անհատին կուլակ ճանաչելու կամ չճանաչելու մասին (Խանածախ, Խնձորեսկ, Երիցաթումբ (Բարձրավան), Հին Գորիս(Վերիշեն): Այդ որոշումների մեջ, անշուշտ, սպրդել կարող էին նաև սուբյեկտիվ մոտեցումներ: Նման դեպքի մասին ամբողջական փաստաթղթեր են պահպանվել Յայջի(Հարժիս) գյուղից: Տիգրան Մինասյանը դիմում է գրում դատախազին՝ բողոքելով, որ իրեն կուլակաթափ անելուց հետո Երևանում՝ աքսորում եղած ժամանակ, իր տնտեսությունը նորից մտցրել են ունևորների ցուցակի մեջ և նշանակել լրացուցիչ «100ռ. զինհարկ»7: Դատախազն այդ առիթով հարցաքննում է գյուղի կոլխոզի և գյուղխորհրդի նախագահներին: Պարզվում է, որ Տ.Մինասյաին և նրա հայր Բադուն(նախկին խմբապետ) 1930թ. մարտի 16-ին կուլակաթափ են արել և աքսորել: Նրանց 9 շնչից բաղկացած ընտանիքին մնացել է 1 կով, 1 եզ: Տիգրանը դիմումի մեջ գրում է. «Հուսով եմ, որ կմտնեք իմ նեղ վիճակը, որ այսօր 3-ից 4 ամիս է ես իմ ընտանիքով սովի ճիրանների մեջ հաց ենք որոնում»: 1931թ. գարնանը, երբ Տիգրանը գտնվում էր աքսորում, գյուղխորհուրդը նրա ընտանիքին կրկին որպես կուլակի հարկադրում է, քանի որ նրա կինը, որ ծննդկան էր, մարդ էր վարձել ձիով աղունը ջրաղաց տանելու համար և դա դիտվել է որպես մարդու կողմից մարդու շահագործում… Դատախազ Ռ.Հովակիմյանը, նկատի ունենալով նաև, որ Տիգրանը բաժանված է նախկին խմբապետ հորից, դիմումատուի համար բարենպաստ որոշում է կայացնում՝ 1932թ հունիսի 11-ին:

«Որոշեցի

Սույն գործը ուղղել գորիսի շրջգործկոմին Տիգրան Մինասյանին հանելու կուլակների շարքից՝ դարձնելով միջակ տնտեսության, թողնելով ձայնազուրկ որպես քաղաքական էլեմենտի:

Դատախազ(ստորագրություն)»:

Գորիսի ԶԱԳՍ-ի 1932թ մատյաններում նշումներ կան սովամահության դեպքերի մասին:

1930-40թթ. տասնամյակը Գորիսի համար սկսվեց համայնացունց նախճիրներով: Քաղաքի համար ատելի դժոխավայր դարձավ Շորին ձորը8: Այդտեղ են գիշերով գնդակահարվել Ն.Հովսեփյանը, Կ.Միրաքյանը, Արշակ Տոռոզյանը (Բեդուն), վերիշենցի Ասատուր Մաշուրյանը և էլի շատ ուրիշներ: Գնդակահարվածների մեջ ամենաերևելի անձնավորությունը եղել է Նիկոլայ Հովսեփյանը (Օսիպով)՝ Գորիսի և ամբողջ գավառի հասարակական-քաղաքական ու ազգային ամենահայտնի գործիչներից մեկը: Գորիսում նա եղել է Անդրանիկի ու Նժդեհի զինակիցը, 1919թ. մարտին նշանակվել է գավառապետ: Նժդեհի հետ 1921թ. անցել է Պարսկաստան, ապա հավատալով կոմունիստների խոստումներին՝ վերադարձել է ծննդավայր: Նրան կոչել են «Զանգեզուրի Բիսմարկ»9: Մահվան նախօրեին ցանկացավ միայն տեսնել երկարատև՝ 25-ամյա ամուսնությունից հետո ծնված իր մեկամյա դստերը10: Շորին ձորում գնդակահարվածների դիակները կարգին հողին չէին հանձնում: Ամիսներ անց անձրևաջրերը բացում էին դիակները: Ն. Հովսեփյանի աները՝ Ավետիս Մինասյանը, գնացել-գտել է փեսայի դիակը ու մարդավայել հողին է հանձնել հենց տեղում:

1934թ. դեկտեմբերի 5-ից քաղաքական պայքարի ասպարեզ է ելնում «Կարմիր Զանգեզուր» շրջանային թերթը՝ դառնալով գաղափարական պայքարի դրոշակակիր: Թերթի թղթակիցների կեղծանուններն ինքնին խոսուն են՝ «Դիտող», «Տեսնող», «Հարվածող» և այլն: Գաղափարական պայքարն ընդգրկում էր սոցիալական տարբեր շերտեր ու խմբեր. դա երևում է շրջանային թերթի պարզ վերլուծությունից:

1935թ. հունվարին գյուղտեխնիկումի կոմունիստական երիտասարդական կազմակերպությունից հեռացվում է Վ.Մարտիրոսյանը՝ «հակահեղափոխական», «նացիոնալիստական» տրամադրություններ արտահայտելու համար: Գորիսի ոչ լրիվ միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Լուսիկ Ռշտունին որակվում է որպես «նեխված լիբերալ», քանի որ կարծիք էր հայտնել, թե դասագրքերից չպետք է հանվեն Ակ.Բակունցի, Վ.Թոթովենցի գրվածքները, այլ դրանք պետք է յուրացվեն քննադատաբար: «Նեխված լիբերալները թշնամու ուղղակի աջակցողներ են»,- եզրակացնում է թերթի հոդվածագիրը11: Թերթի նույն համարում Գորիսի ՄՏԿ-ի (մեքենա-տրակտորային կայան) արհեստանոցի վարիչ Աբ.Միկիչյանի մասին գրված է. «… Տրոցկիստ Միկիչյանը փորձում է օգտագործել Խանջյանի պրովոկացիոն ինքնասպանության ակտը և նացիոնալիստական-դաշնակցական թշնամական տրամադրություններ առաջ բերում ու պառակտում հրահրում Անդրկովկասյան տարբեր ազգությունների աշխատավորների միջև»: Գաղափարական պայքարի կիզակետում շարունակում էին մնալ դպրոցը, ուսուցչական կադրերը: Ահա մեղադրանքի մի նմուշ. «Աշխարհագրության դասին Միրաքյանը (Վարդանուշ) դասարանում ֆալսիֆիկացիայի է ենթարկել 14 թվի իմպերիալիստական պատերազմի բնույթը՝ ցուցաբերելով կարեկցություն դեպի գերմանական իմպերիալիզմը»: Մաթեմատիկայի ուսուցիչ Հայկ Հարությունյանը մեղադրվում է որպես «քյոխվայի տղա»: 30-ական թվականներին Գորիսում բռնադատվել են հինգ ուսուցիչներ12:

Գորիսի համար ծանր հարված էր Ակ. Բակունցի ձերբակալումը և գնդակահարումը(1937թ, հուլ. 8): Չտանելով որդու կորուստը՝ շուտով մահանում է և գրողի հայրը՝ Ստեփանը: Եվ սակայն առավել ողբերգականն այն էր, որ ընդամենը 8 մարդ էր քայլում ծերունու դագաղի ետևից: Վախը ստիպել էր զգուշանալ հուղարկավորությանը մասնակցելուց:

Կոմունիստների համար դասակարգային պայքարի ուղղություններից մեկն էլ հակակրոնական աշխատանքն էր: Հոգևորականաններն ու հավատացյալ մարդիկ ամենուր հալածվում էին: Զատկի տոնը, օրինակ, թերթում որակվում էր որպես ռեակցիոն-թշնամական նշանակություն ունեցող իրադարձություն: Գորիսում 1938թ. ձերբակալվել և գնդակահարվել են քահանաներ Տեր-Հովհաննես Տեր Մինասյանը (Սևարանց), Տեր-Մինաս Տեր-Մինասյանը (Բայանդուր), Տեր-Արսեն Տեր-Պետրոսյան-Պողոսյանը (Տաթև), Տեր-Ղևոնդ Տեր-Սարգսյան-Վարդանյանը (Յայջի-Հարժիս)13: Յայջի գյուղի երկրորդ քահանան աքսորվել է:

Քաղաքական պայքարը Գորիսում գագաթնակետին է հասնում 1937թ. հոկտեմբերին, երբ «Կարմիր Զանգեզուր»-ի 93-րդ համարում Ռ.Հ. ստորագրությամբ և «Հայ ժողովրդի արյունը ծծող թունավոր իժերի նողկալի շայկան Գորիսի շրջանում» վերտառությամբ հոդված է տպագրվում: Այն վերաբերում էր «շրջանը կործանում տանող» շրջկոմի առաջին քարտուղար Մ.Պարոնիկյանին, ՆԳԺԿ Գորիսի բաժանմունքի պետ «ժուլիկ» Սենիկ Հարությունյանին, «Կարմիր Զանգեզուր» թերթի խմբագիր, «քողարկված ժուլիկ» Ար.Մնացականյանին, գյուղտեխնիկումի դիրեկտոր Վարդգես Աթոյանին: Եկել էր միմյանց խժռելու ժամանակը: Հոկտեմբերի 10-12-ը տեղի ունեցավ ՀԿ(բ)Կ Գորիսի շրջկոմի պլենում, ուր որպես Հայաստանի նախկին ղեկավարների (Ամատունի և այլք) գործակալներ և ժողովրդի թշնամիներ կոմկուսից հեռացվեցվում են Մ.Պարոնիկյանը, Ս.Հարությունյանը, Ա.Մարտիրոսյանը, Մ.Աղաբաբյանը, Ս.Թաթարյանը (շրջկոմի երկրորդ քարտուղար): Աշխատանքից ազատվում է նաև ՀԼԿԵՄ շրջկոմի առաջին քարտուղար Գր.Մելքունյանը: Հարուցվեց քրեական գործ:

1938թ. ապրիլի 5-12-ը Գորիսում տեղի ունեցավ երեսնականների ամենահայտնի դռնբաց դատական նիստը, որն ուներ հրապարակային հնչեղություն և ավելի շատ ցուցադրական էր: Մեղադրյալներին Գորիսի բանտից մինչև դատարանի շենքի 600 մետրանոց հատվածը տանում էին ոտքով՝ սվինացից հրացաններով զինվորների ուղեկցությամբ: Հետաքրքրասերների հոծ բազմությունը, մեղադրյալների հարազատներն ու երեխաները հետևում էին նրանց: Ճամփին երբեմն դատաստանի կոչեր էին հնչում «ժողովրդի թշնամիների» հասցեին: Դատավճիռն ընթերցվեց թատրոնի շենքի ընդարձակ դահլիճում, որը, սակայն, չկարողացավ տեղավորել բոլորին, ովքեր ցանկանում էին ներկա լինել: Դատական նիստը Գորիսում անց էր կացնում ՀԽՍՀ Գերագույն դատարանը: Զավեշտի նման մի բան էր. մեղադրյալի աթոռին նստած էին շրջանի երեկվա հզորները՝ Մանվել Պարոնիկյանը (ՀԿ(բ)Կ Գորիսի շրջկոմի առաջին քարտուղար), Մակար Աղաբաբյանը (շրջգործկոմի նախագահ), Գրիգոր Ավագյանը (շրջգործկոմի նախագահի տեղակալ, հողբաժվար), Աղասի Մարտիրոսյանը (ՄՏԿ-ի դիրեկտոր), Հմայակ Սուքիասյանը (ավագ գյուղատնտես), Ռուբեն Դոխոլյանը (մեքենա-տրակտորային պարկի վարիչ): Կայացվել է այսպիսի դատավճիռ՝ Գր.Ավագյան-մահապատիժ14, Մ.Պարոնիկյան-5 տարի ազատազրկում, Մ.Աղաբաբյան-6 տարի ազատազրկում և 3 տարի ձայնազրկում, Ա.Մարտիրոսյան-10 տարի ազատազրկում և 5 տարի ձայնազրկում, Հմ.Սուքիասյան-6 տարի ազատազրկում և 3 տարի ձայնազրկում, Ռ.Դոխոլյան-4 տարի ազատազրկում և 1 տարի ձայնազրկում: Գր.Ավագյանին պատժի առավելագույն չափ սահմանվեց առանձնապես խոշոր չափերի վնասարարության համար: Բանն այն է, որ հեքիմական մեթոդներով փորձել էր անհաջող կերպով բուժել հայրենի Ալիղուլիշեն գյուղի ոչխարի հիվանդ հոտը: Նրա պահանջով գյուղի կոլխոզի ոչխարի հոտը լցրեցին մի մեծ քրատակի (անձավ) մեջ և մուտքի մոտ եղևնու ճյուղերից հսկա խարույկ վառեցին՝ մեջը գցելով կենդանի օձ: Բոլոր ոչխարներն անխտիր ծխից խեղդվեցին ու սատկեցին, իսկ Գր.Ավագյանը դարձավ վնասարար: Նրա ընտանիքին ստիպեցին ազատել իրենց զբաղեցրած պետական սենյակները, որոնց տիրացավ ամենազոր դատախազը:

Գորիսի այնօրյա բարոյահոգեբանական մթնոլորտը ներկայացնելու համար կարդանք «Սյունյաց աշխարհ» թերթի հոդվածից որոշ հատվածներ՝ առանց որևէ բան ավելացնելու ուսուցչուհի Ալվարդ Բալյանի պատմածին. «1937 թվականի աշնան մի օր՝ իրիկնադեմին, Գորիսի նախկին Մարքսի փողոցի թիվ 37 տան դռան շեմին հայտնվեցին երկու զինվորներ: Նրանք տուն ներխուժեցին անկոչ հյուրի պես և մի քանի բառ փոխանակելով հորս հետ՝ դուրս տարան նրան թևանցուկ արած: … Հորս տանելուց հետո մեզ՝ երեք անչափահաս երեխաներիս, մորս հետ առանձնացրին շենքի աջ մասում: Մորս լեզուն կտրվել էր, չէր կարողանում խոսել15: Մի օր նա կապեց վերմակն ու հորս մի քանի ձմեռային շորերը և մեզ իր փեշից կախ արած տարավ բանտի դուռ, որտեղ քիչ սպասելուց հետո հայտնվեց բանտապետն ու սառը առոգանությամբ հայտարարեց. «Ձեր ամուսնուն մեկ շաբաթ առաջ գնդակահարել են, նա դաշնակ էր»: Հայրս՝ Ռուբեն Ստեփանի Բալյանը, գեղանկարիչ էր: 1924թ. ավարտել էր Մոսկվայի գեղարվեստի ինստիտուտը, … տիրապետում էր գերմաներեն և ռուսերեն լեզուների»16:

ՀԽՍՀ ՆԳԺԿ եռյակի որոշմամբ 1937թ. դեկտեմբերին գնդակահարվել է գորիսեցի լուսանկարիչ Ռուբեն Խուրշուդյան-Պարոնյանը17: Նա մեղադրվել է որպես Սյունիքի դաշնակցական իշխանության հակահետախուզության աշխատակից:

Մեզ չհաջողվեց ամբողջությամբ պարզել, թե 30-ական թվականներին քանի մարդ է Գորիսից և գյուղերից բռնադատվել՝ աքսորվել, բանտարկվել կամ գնդակահարվել: Սակայն երկու գյուղերից ունենք ստույգ տվյալներ, որոնք քիչ թե շատ պատկերացում կարող են տալ, թե 1939թ. մարդահամարի տվյալներով շուրջ 27000 բնակչություն ունեցող շրջանից որքան մարդ տուժած կլինի: Այսպես, 485 բնակիչ ունեցող Ակներից (Բռուն) միայն 1937-38թթ. ձերբակալվել և աքսորվել են 11 անձինք, որոնցից միայն մեկն է վերադարձել գյուղ18: Իսկ ահա ավելի խոշոր, 1939թ.-ին 918 բնակիչ ունեցող Վերիշենից (Հին Գորիս) 1930-37թթ. ձերբակալվել են 51 մարդ, որոնցից փրկվել և գյուղ են դարձել 10 անձինք19: Կարծում ենք, Գորիսի շրջանում բռնադատվածների թիվը տխրահռչակ տասնամյակում կարող էր լինել 500-700 մարդ՝ չհաշված նրանց ընտանիքի տուժած անդամներին:

Գորիսում այդ ժամանակահատվածի քաղաքական հաշվեհարդարների ու պայքարի վերջին ակորդը պետք է համարել Սիսիանի ժողդատարանի արտագնա նիստի անցկացումը Գորիսում՝ 1940թ. նոյեմբերի 16-17-ին: Դատարանը երկու տարի ազատազրկման դատապարտեց Գորիսի կոլխոզ-թատրոնի դիրեկտոր Բաբկեն Շաքարյանին, քանի որ նա հովանավորել էր դերասան-պրոգուլչիկներին (գործը լքողներին): Թատրոնի դերասանները օրական աշխատում էին «ընդամենը» 6-7 ժամ, շատերը, ինչպես և ինքը՝ դիրեկտորը, հաճախ ուշանում էին աշխատանքից: Այդպիսին էր մեղադրանքի համառոտ նկարագիրը:

Այսպիսով, վերոհիշյալ տասնամյակում Խորհրդային իշխանության ձեռնարկած քաղաքական բռնաճնշումներն իրականացվել են նաև մայրաքաղաք Երևանից հեռու ընկած շրջաններում: Ավելին, ծայրամասային շրջաններում քաղաքական հաշվեհարդարներն իրականացվում էին ավելի զգայացունց սցենարներով՝ բնակչության մեջ սերմանելով անվստահության և վախի մթնոլորտ: Բռնություններին զոհ գնացին տասնյակ մտավորականներ, հոգևորականներ, քաղաքական, մշակութային գործիչներ:

 

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

  1. Մանուկյան Ա. , Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում 1920-1953թթ., Երևան, 1999, էջ 155-156:
  2. Մանուկյան Ա. վերոհիշյալ գրքում   բուժակի փոխարեն սխալմամբ նշված է բժիշկ:
  3. «Հ.Յ.Դաշնակցությունը և Խորհրդային իշխանությունը», Երևան,1999, էջ 240:
  4. Գորիսի արխիվ, ֆ.56,գ.2 թ. 36:
  5. Նույն տեղում,թ.35:
  6. Նույն տեղում,թ.46:
  7. Գորիսի արխիվ, ֆ.56,գ.4, թթ.21-25:
  8. Գտնվում է քաղաքից 2-3 կմ հեռավորության վրա՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի հարևանությամբ:
  9. Նրան այդպես է կոչել Ղարաբաղի Ազգային Խորհրդի հայտնի անդամներից Մ.Եսայանը(տե՛ս Իշխանյան, Լեռնային Ղարաբաղ 1917-1920, Երևան,1999, էջ 506-507):
  10. Դուստրը Գորիսում բնակվող հայտնի մտավորական, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նինա Հովսեփյանն է:
  11. «Կարմիր Զանգեզուր», լրագիր, թիվ 64(130):
  12. Մանուկյան Ա. ,նշվ.աշխ., էջ 155:
  13. Ստեփան Կերտող, Գիրք տառապելոց (1920-1950-ական թվականների բռնությունների զոհ հայ հոգևորականներ), Երևան, 2002, էջ 313-314, 322, 349:
  14. Գր.Ավագյանի մահվան դատավճիռը ի կատար ածելու մասին գրել է «Խորհրդային Հայաստան» թերթը: Սակայն դա իրականությանը չի համապատասխանում: 1938թ. նա տեղափոխվել է Երևանի բանտ, 101 օր նստել է մահապարտների խցիկում: Բողոքի հիման վրա նրան ներում է շնորհվել: Մահացել է 1980թ., 83 տարեկան հասակում:
  15. Ռ.Բալյանի կինը Արմենուհի Սամսոնի Մինասյանն էր, գորիսեցիներին հայտնի սև Օհանի տոհմից:

 

  1. «Սյունյաց աշխարհ», լրագիր, 2001, թիվ 2(13), էջ 7:
  2. Մանուկյան Ա. ,նշվ. աշխ., էջ 112:
  3. Սահակյան Լ. , Ակների պատմություն,Երևան, 2000, էջ 20:
  4. Մեժլումյան Վ. ,Վերիշենի պատմություն,Գորիս, 1996, էջ 32-33:

 

 

 

 

About The Author

Related posts

Leave a Reply