Սեպտեմբերի 21, 2018

Հայաստանի աշխարհագրություն
Հայաստանի աշխարհագրություն
Հայաստանի աշխարհագրություն
Հայաստանի աշխարհագրություն
Գորիսի տարածաշրջան
Տաթև

Մեր երկրի ամեն թիզ, տարածք ներծծված է հարուստ պատմական անցյալով: Սա անվիճելի է: Դրա հետ մեկտեղ կան առանձին վայրեր, որոնք ավելի թանձր շերտեր ունեն: Նրանցից մեկն էլ Տաթևն է` թե բուն գյուղի, թե ողջ տարածքի և թե առկա հուշարձանների առումով` Տաթևի հռչակավոր վանական համալիրի իշխանությամբ: Չափազանցացրած չեմ լինի, եթե ասեմ, Տաթևի վանքը համաշխարհային հռչակ ունեցող կառույց է` իր տեղադրմամբ, ճարտարապետական լուծումներով, առանձնահատուկ հոգևոր արժեքներով ու խորհուրդներով, վիմագիր արձանագրություններով` մի խոսքով այն ամենով, ինչը յուրաքանչյուր այցելուի վրա թողնում է անջնջելի տպավորություն: Դա է պատճառը, որ ուխտավորները` չնայած անբարեկարգ ճանապարհին/Սատանայի կամրջից մինչև վանք/ նորից ու նորից են այցելում Տաթև:

  • 37848244_263814620889393_3399268118575448064_n
  • Tatev
  • Tatev1
  • Tatev2
  • Tatev4
  • Tatev5
Տաթևը հայ իրականության մեջ լայն սեր ու հարգանք է վայելում, բոլորի հետաքրքրությունը շարժող պատմական հուշահամալիր է: Պատահական չէ, որ ինչպես Հայաստանում, Արցախում, Ջավախքում, նաև սփյուռքի բոլոր հայ համայնքներում/Ավստրալիա, Ամերիկա, Եվրոպա, Սկանդինովյան երկրներ, Մերձավոր Արևելք, Ռուսաստան և այլն/ ոգեշնչված Տաթևով իրենց նորածին հրեշտակներին Տաթև-Տաթևիկ անունն են կնքում: Անգամ կան փաստեր, որ օտար երկրներից եկած այլազգի այցելուներից ոմանք հիացած վանքով իրենց նորածին դուստրերին են կոչել Տաթև:

Տաթև անվանումն ունեն բազմաթիվ հոգևոր հայրեր:

Պատմում են, որ երբ Հայաստանի Սոխակ, համաշխարհային ամենաբարձր բեմերն անվիճելիորեն նվաճած օպերային երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Գոհար Գասպարյանը ԱՄՆ-ի հեղինակավոր թատրոնում ավարտել է ելույթը, կուլիսների նրա առանձնասենյակ է գնացել տեղաբնակ սիրունատես մի հայ տիկին, շնորհավորել մեծ երգչուհուն` փառավոր ելույթի համար, ապա տվել հետևյալ հարցը.

-Դուք Տաթևի վանք այցելա՞ծ եք:

Երգչուհին մի պահ մնացել է կարկամած, հետո պատասխանել.

-Ցավոք եղած չեմ:

Պարզ է, որ հեռավոր աշխարհամասում ապրող տիկինը հիացել էր հրաշագեղ հոգևոր կառույցով, նրանում ամփոփված թանկ խորհուրդներով, որի համար էլ ափսոսում էր, որ մեծ երգչուհին դեռևս չի վայելել այդ եզակի կառույցի հմայքն ու գեղեցկությունը: Ելույթները ավարտելուց հետո Գ. Գասպարյանը վերադարձել է հայրենիք: Օդանավակայանում նստելով իրեն դիմավորած ավտոմեքենան վարորդին անմիջապես կարգադրել է այն վարել ուղիղ Տաթև: Դիմավորողները, մնալով ապշած, հարցրել են, ինչ նպատակով, ինչի այդպես հանկարծակի, գուցե տուն գնան հետո և այլն, Գոհարը անդրդվելի է մնացել ու ասել, որ ասվածը քննարկման ենթակա չէ:  Նա այցելել է վանք: Անկասկած է, որ Պողոս-Պետրոս տաճարում իր անզուգական ձայնային նոտաներով հնչեցրել է Կոմիտաս, վայելել Սյունյաց հոգևոր կենտրոնի ողջ հմայքը, ըմբոշխնել մեր անկրկնելի բնաշխարհի գերող գեղեցկությունը:

Այսքանը ասում եմ նրա համար, որ Տաթևի նման արժեք` իր առանձնահատկություններով հանդերձ, մենք էլ չունենք: Այս տարածքում ամփոփված է մեր ժողովրդի պատմական անցյալի, նրա անցած ուղու վերաբերյալ հսկայական հետաքրքիր նյութ, որը դարեր շարունակ սպասում է իր հետազոտողին, իր տարեգրին:

Այն, որ մեծ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի, Աստվածաբան-փիլիսոփա Գրիգոր Տաթևացու գրություններում, տարբեր ժամանակներում և անձանց կողմից թողած հիշողություններում, նաև մեր օրերում մի շարք տաթևացի մտավորականների/Պողոս Պողոսյան,Սեդրակ Պողոսյան, Ռոմիկ Հարությունյան և ուրիշներ/, ինչպես նաև ուրիշ այլ հեղինակների կողմից կատարած աշխատանքներում կան անդրադարձեր, սակայն, պետք է ասել, որ դրանք ընդամենը թռուցիկ հպումներ են, այն էլ ոչ թե ընդհանրապես Տաթևին, այլ մեծամասամբ առանձին ուղղությունների են վերաբերվում: Մինչդեռ, վաղուց է անցել այն ժամանակը, որ պետք է մանրամասն հավաքվեր, հետազոտվեր և գրվեր Տաթևի ամբողջական պատմությունը, որն անկասկած մի կարևոր մասով նաև կլրացներ մեր երկրի պատմությունը, ապա կհագեցներ այն ծարավը, որ կա մեր մեջ և տասնյակ հազարավոր այցելուների մոտ: Չէ որ տուրիզմը ի լրացումն նախորդ իշխանությունների քաղաքականության, ներկայինս էլ այն հայտարարել է մեր տնտեսական գերակայություններից մեկը:

Բացի այդ, Տաթևի հետ միասին, նրան հարող ողջ տարածքը հայտարարված է զբոսաշրջային գոտի, նաև արգելոց, որտեղ եկողները պետք է հիա-նան մեր անկրկնելի բնաշխարհով, այցելեն պատմական հուշարձաններ, տեսնեն անզուգական բնակերտ պատկերներ, խրոխտ քարափներ, վեհապանծ Գյազբելը և այլն, և այլն: Իսկ առանց այդ պատմությունն ունենալու ինչքանով կարող ենք իրականացնել դեռևս խիստ համառոտ թվարկած այս շարքը, չեմ ասում մնացած բոլոր այն կենսական խնդիրները, որոնք լուծում են պահանջում: Առանց անցյալի պատմությունն իմանալու դա մեզ չի հաջողվի: Մեր գիտահետազոտական հիմնարկներում, ուսումնական հաստատություններում հետաքրքիր և պահանջված թեմաներով բազմաթիվ ատենախոսություններ են պաշտպանում` հայ ժողովրդի պատմության   վերաբերյալ: Եթե արդարացի լինենք, պետք է  նշել, որ լինում են նաև ոչ կարևոր, քիչ բան ասող, ոչ պետքական թեմաներով պաշտպանողներ: Կարծում եմ, գիտական աշխատանքների համար թեմաներ ընտրելիսպետք է լրջորեն վերաբերվել այս հարցերին, և ոչ միայն Տաթևի մասով: Տասն անգամ փոքրացած մեր երկրում շատ-շատ պատմական նյութ կա ակադեմիական մակարդակով հետազոտելու, վերլուծելու և մեր   ժողովըրդին ներկայացնելու համար: Տվյալ տարածքի բնակչությանը դրանք շատ ավելին կտան` բոլոր առումներով: Դա մանրամասնելու կարիք չունի:

Ես պատմաբան չեմ և նման աշխատանքը չեմ կարող գլուխ բերել, գոնե այնպես ինչպես մտածում եմ: Դա գիտնական պատմաբանի անելիք է և շատ ջանք ու եռանդ պահանջող:  Ինչպես եմ պատկերացնում, ինչ կառուցվածքի պետք է լինի Տաթևի պատմության շարադրանքը` ժամանակաշրջանային տեսանկյունից:

Անկասկած է, որ Տաթև բնակավայրը իր հեթանոսական կառույցներով գոյություն է ունեցել այդ ժամանակաշրջանում: Դրա վառ ապացույցն այն է, որ ըստ շրջանառվող տեղեկությունների վանքի կենտրոնական Պողոս-Պետրոս տաճարը կառուցված է հեթանոսական տաճարի հիմքերի վրա:

Մինչև մ.թ.895-906թ. կառուցված և ներկայումս գոյություն ունեցող կառույցի տեղում` նույն հիմքի վրա եղել է քրիստոնեական եկեղեցի: Ըստ երևույթին այն անշուք է եղել և ակնհայտորեն չի բավարարել աճող պահանջը: Դա է վկայում նաև այն,որ նախատեսվել ու կառուցվել է մեծամասշտաբ տաճարը, եզակի ծիսական կառույց ճոճվող սյունը ու հեռանկարում նախատեսվել է ունենալ հոգևոր  և գիտակրթական մի ամբողջ համալիր` նրան անհրաժեշտ բոլոր օժանդակ կառույցներով:

Այսինքն, նախ պետք է հետազոտվի ու վերլուծվի հեթանոսական ժամանակաշրջանի Տաթևը` նրան հարակից բնակավայրերի, հուշարձանների, տեղի ունեցած պատմական անցուդարձերի հետ միասին: Որ այդպիսի հարուստ նյութ կա այստեղ կասկած լինել չի կարող: Այդ մասով հարուստ նութ կա նաև հնեաբանների համար, որոնց հետաքրքրելու են հնագույն բնակավայրերը, նաև մեր քարափների գաղտնարանները, խորշերն ու քարանձավները, որոնց բացվածքներին հիմա էլ ակնհայտորեն առկա են նշաններ, որ այնտեղ մարդ է ապրել, կամ խուսափել վտանգներից, որոշ դեպքում կենցաղ վարել և այլն: Կգտնվեն նաև հեթանոսական շրջանը բնորոշող այլ նյութեր, տեղեկություններ:

Հետևապես, այս ժամանակաշրջանը առանձնացնելը շատ կարևոր է ու անհրաժեշտ, քանի որ այդ հիմքի վրա է դրվել քրիստոնեական քաղաքակրթությունը, ինչքան էլ ասենք, թե այն եկել է միայն հեթանոսությունը կործանելու համար: Ոչ միայն Տաթևի, այլ ամբողջ հայ իրականությունում հին քրիստոնեական տաճարների մեծ մասը հեթանոսականների տեղում, կամ դրանց հինքի վրա են դրվել: Այնտեղ, ուր դրանք կառուցվել են, հատկապես մեծ կառույցները, համալիրները, այդ տեղերում եղել են հզոր հեթանոսական տաճարներ,որտեղ արվել են վճռորոշ ծեսերն ու արարողությունները և հավաքել ոչ միայն տեղի բնակավայրի ապրողներին, այլ նաև շրջակա բազմաթիվ համայնքների ստվար բնակչությանը: Միամիտ կլինի կարծել, թե Տաթևի վանքը կառուցվել է միայն այդ գյուղի համար: Վանքը ծայություններ է մատուցել ողջ Սյունիքին, նրան հարկատու է եղել շուրջ 600 գյուղ:

Այսպիսի կառույցը պետք է դրվեր ոչ պակաս հզոր հեթանոսականի տեղում, որպեսզի կարողանար չեզոքացնել նրան: Մի խոսքով, հեթանոսական շրջանի վերաբերյալ պատմական նյութ այստեղ շատ կա` շրջակա հնագույն բնակավայրերով հանդերձ: Այստեղ կգտնվեն հեքիաթներ ու լեգենդներ, ծիսական արարողությունների հետքեր` ուր հայտնի Հարսնաձորն է, Որոտանի կիրճը, և այլն, և այլն:

Հաջորդ ժամանակաշրջանը պետք է լինի միջնադարը` սկսած քրիստոնեության ընդունումից մինչև նոր ժամանակներ` ընդհուպ 1750-ական թվականներ: Այս շրջանին Տաթևը այնպիսի հարուստ նյութ ունի, որ քիչ տարածքներ կարող են համեմատվել նրա հետ: Բավական է նշել Տաթևի վանական համալիրի կառուցումը, սկզբնական շրջանում նրա շուրջ կատարված` անցուդարձերը, թե դրական, թե բացասական առումներով, հայոց Սմբատ Բագրատունի թագավորի, հայոց հոգևոր առաջնորդ` Տեր-Հովհաննեսի, հայոց ազդեցիկ իշխանների այցը Տաթև: Վանքը Սյունիքի հոգևոր կենտրոն հռչակելը, միջնադարի նշանավոր պատմիչի իր ժամանակի և դրան նախորդած ժամանակաշրջանի վերաբերյալ թողած գրավոր, շատ դեպքերում անկողմնակալ հարուստ ժառանգությունը և այլն: Տաթևի հռչակավոր համալսարանի բացումն ու գործունեությունը, այստեղ գիտակրթական բեղմնավոր գործունեության ծավալումը, ձեռագրերի ընդօրինակումը, մանրանկարչության, երաժշտարվեստի ծավալումն ու զարգացումը և բազմաբնույթ օգտակար գործունեությունը:

Հռչակավոր համալսարանում ծավալած գիտափիլիսոփայական, աստվածաբանական ուղղություններում Գրիգոր Տաթևացու ուսմունքների հետ մեկտեղ բազմաթիվ երևելի գիտնականների, ուսուցիչ-դասախոսների, եկեղեցական գործիչների գործերի ուսումնասիրումն ու դրանցում առկա գաղափարների բացահայտումն ու ներկայացնելը:

Համալսարանին հաջորդած դարերում հարուստ նյութ էր կուտակվել Տաթևի վանքում, որն առանձնապես քննության առարկա չի դարձել: Հարկ է նշել, որ Տաթևում կրթական գործի կազմակերպումը միշտ էլ եղել է ուշադրության կենտրում: Համալսարանի հիմնադրումը չէր կարող «ամայի» մի վայրում կատարվել: Այստեղ արդեն կրթական հարուստ ժառանգություն կար, որոշ չափով նաև ուսուցանող կադրեր, որոնք համագործակցել են Գլաձորից այստեղ եկած կադրերի հետ և իրականացրել համալսարանական կրթության պատշաճ որակ:

Վերջապես, մեր համառոտ թվարկմանը պետք է ավելացնել Տաթևի Մեծ անապատի հիմնադրումն ու բեղմնավոր գործունեությունը, նաև Դավիթ Բեկի ժամանակի անցուդարձերը:

Նոր ժամանակներում ևս Տաթևը հարուստ նյութ ունի: Բավական է նշել, որ այդ տարիներին շարունակվել է վանական համալիրի կառուցապատումը` մասնավորապես իրականացվել է հրաշագեղ զանգակատունը, որը 1931 թ. հայտնի երկրաշարժից ավերվել է և հիմա միայն առաջին սեգմենտն է վերականգնվել` այն էլ թերի:

1852 թ. հիմնադրվել է Տաթևի դպրոցը, որը գործել է վանքում և այնտեղ կրթություն են ստացել նաև շրջակա բազմաթիվ գյուղերի երեխաները:

Տաթևը առանձնապես ակտիվ մասնակցություն է ունեցել թուրք բաշիբոզուկներից մեր տարածքի հայ բնակավայրերի և բնակչության պաշտպանության գործում` Շուրնուխ, Բարձրավան, Կատարի, Տանձավեր, Աղվանի, Մալդաշ գծի ուղղություններում:

1918 թ. ամռանը Տաթևի վանքում գիշերել է հայ ժողովրդի մեծագույն հերոս Զորավար Անդրանիկը` իր զորքով և իրեն հետևող հազարավոր հայ գաղթականներով: Առանձնահատուկ է Տաթևի դերը հայ ժողովրդի մյուս արժանավոր զավակի` մտավորական ու զորավար Նժդեհի/Գարեգին Հարությունյան/ Զանգեզուրում ծավալած գործունեության հետ:

Նժդեհն իր համախոհ հայրենասերների հետ կարողացավ ոչ միայն զինված պայքարով պաշտպանել Զանգեզուրը, այլ նաև այս երկրամասը հռչակեց անկախ պետական միավոր` Գորիս մայրաքաղաքով:

Այդ գործողությունների բոլոր հավաքները, համագումար-ժողովները կատարվել են Տաթևի վանքում, հոգևոր խավի բոլոր ներկայացուցիչների, վանքի շրջակայքի բնակավայրերի և բուն Տաթև գյուղի բնակչության ակտիվ մասնակցությամբ: Խորհրդային տարիներին վանքի որոշ կառույցներ վերականգնվել են, բայց անելիքները շատ-շատ են: Գյուղը 550 զինվոր սպա է ճանապարհել Հայրենական Մեծ պատերազմին: Տվել է 278 զոհ և պատերազմի խորհրդային միության  մեկ հերոս` Սուրեն Առաքելյան, որի անունով կոչվում է տեղի հիմնական դպրոցը: Գյուղն ուներ զարգացող գյուղատնտեսություն, այստեղ գործում էր Կապանի կոնդենսատորների գործարանի մասնաճյունը, որտեղ աշխատում էր 125 մարդ:

Գյուղում ապրել է Օրբելյանների իշխանական տոհմը, որը տվել է երաժշտական արվեստի բնագավառում տաղանդաշատ կոմպոզիտոր, խմբավար, դաշնակահար ու երգահան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանդին Օրբելյանին, Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախկին գեղարվեստական ղեկավար, ներկայումս Երևանի օպերայի ու բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրեն, դաշնակահար, ճանաչված խմբավար կրտսեր Կոնստանդին Օրբելյանին/ավագ Կոնստանդինի եղբոր որդին է/:

Գյուղը խորհրդային շրջանում տվել է կուսակցական-պետական գործիչ Արամ Հարությունյանին/Գորիսի շրջխորհրդի գործկոմի նախագահ, կուսշրջկոմի առաջին քարտուղար/,անվանի գիտնականներ` լեզվաբան, Երևանի պետհամալսարանի դոցենտ Պողոս Պողոսյանին, քիմիական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ռազմիկ Վարդանյանին, քիմիական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Երևանի պետհամալսարանի անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչ Ռոմիկ Հարությունյանին, Հայոց ազգային բանակի ռազմական օդուժի հրամանատար Քաջիկ Մնացականյանին, ճանաչված բժիշկ-թերապևտ Սարմեն Արշակյանին, թունելագործ-շինարար/Արփա-Սևան, Որոտան-Արփա և այլն/ Սերյոժա Գրիգորյանին, շատ ու շատ ուրիշների:

Տաթևը տվել է ինժեներների, բժիշկների, մանկավարժների, իրավաբանների և ժողտնտեսությանը անհրաժեշտ բարձր որակավորում ունեցող բազմաթիվ այլ մասնագետների մի ստվար բանակ: Տաթևացին բնույթով կառուցող է` տներ, պալատներ, կենցաղային, արտադրական շինություններ և այլն: Ունի զինվորական-ռազմական գործիչներ, ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան պայքարին, որի ընթացքում տվել է 4 զոհ: Այժմ ՀՀ զինված ուժերի 4-րդ բանակային կորպուսի հրամանատարն է Տաթևի զավակ, գեներալ-մայոր Վալերիկ Աշոտի Քոչարյանը:

Գյուղն ունի շնորհաշատ երկու երիտասարդ բանաստեղծ, որոնք առանձնանում են իրենց մտածողությամբ, գեղարվեստով ու բանաստեղածական ձեռագրով` Էդուարդ Հարենցը/Հարությունյան/ և Արթուր Պողոսյանը:

Գործարկվել է Տաթևեր ճոպանուղին, որն աշխարհում ամենաերկարն է` 5752մ: Որոշ աշխուժություն է նկատվում տուրիզմի և այդ կապակցությամբ ինֆրաստրուկտուրաների զարգացման ուղղությամբ` հյուրատներ, սննդի կետեր, գյուղական ապրանքների, դեղաբույսերի առևտուր և այլն:

Խորհրդային տարիներին ՀՀ Գերագույն խորհուրդի պատգամավոր է ընտրվել առաջավոր կթվորուհի, ազնվագույն մի անձ` Նվարդ Մաղաքի Թունյանը: Կարելի է շատ բան ասել, սակայն նշածն էլ բավական է պատկերացում ունենալու համար, թե ինչպես կարելի է շարադրել Տաթևի պատմությունը: Բնականաբար այդ բնագավառի մասնագետները կարող են շտկումներ, ուղղումներ կատարել առաջարկածի մեջ, բայց մի բան պարզ է, որ Տաթևի պատմությունը, որպես հայ ժողովրդի ապրածի մի կարևոր հատված, կարոտ է հետազոտվելու ու ներկայացվելու:

Առավել նպատակահարմար կլինի եթե այն կատարեր տաթևացի մտավորականը` պատմաբանը, հնեաբանը: Չեմ բացառում նաև այդ տարածաշրջանի բնակավայրերից որևէ շնորհալի անձի: Վերջապես, որևէ մեկ այլ հայ պատմաբանի, երիտասարդ գիտաշխատողի ով իր գիտելիքներն ու անսպառ եռանդը ջանասիրաբար ներկդնի այս հայրենանվեր գործում:

Սուրեն Վարդանյան 24.08.2018 թ.

 

 

About The Author

Related posts

Leave a Reply