Սեպտեմբերի 17, 2019

Ս. Հախվերդյան. Ինչի համար և ինչու է ապրում մարդը

Ս. Հախվերդյան. Ինչի համար և ինչու է ապրում մարդը

 

Մարդն ամեն օր քնում և արթնանում է այն բանի համար, որ ուշ աշնան մի օր` կեսօրին, Գորիսում քամոտ ու տհաճ օրվա մեջ պատերազմի պատճառով դատարկ խանութներում թրև գալուց հոգնած տեսքով, քամուց գզգզված մազերով հայտնվի իր տանը և զանգող հեռախոսի խոսափողը վերցնելով` իմանա, որ ընկերն ուզում է իրեն տեսնել: Եվ հետո, տնեցիների հետ առանց ավելորդ խոսքեր ու դատարկ նախադասություններ փոխանակելու ընկերոջ խնդրանքին անսալով սուս ու փուս դուրս գա տնից: Եվ մարդն ապրում է նրա համար, որ այդքանից հետո գնա ու ցցվի փողոցում, աջից ու ձախից ծեփող քամուց հնամաշ թիկնոց-պլաշչի ծածանվող փեշերը ի մի բերելով սպասի ընկերոջ խոստացած ութ րոպեներին, ավելացած րոպեների համար ինքն իր մեջ տրտնջա, իբր կարևոր անձ լինելու ցուցադրության մոլուցքից ավելորդ անգամ նայի ժամացույցին ու պատահաբար ավտոմեքենան կանգնեցրած բարեկամին ձեռքով նշան անի, որ մարդու է սպասում: Եվ որպեսզի թվա, թե ինքն ապրում է և ապրելն էլ սա է:

Եվ մարդն ապրում է, որպեսզի ամուսնանա, կին ունենա և կինդ, որի արած-չարածները չայրվող ու չփչացող կինոժապավենի պես մտքիցդ չեն հեռանում, կարող է օրերից մի օր կանգնել դեմդ ու ասել. «Ի՞նչ եմ տեսել որ»: Նաև դրա համար է ապրում մարդ: Եվ նրա համար է ապրում մարդ, որ հեռուստացույց նայելով մասնակցի ազգի օրհասական կռվին, կնոջ մոտ աքլորանալով` սենյակի լայնքով ու երկայնքով քայլի, հոխորտա թշնամու հասցեին, ասելով. «Ափսոս, որ իմ զենքը իմ գրիչն է, բայց մի նռնակ ունեմ պահած, երբ թշնամին գա ու շրջապատի մեր շենքը, պատշգամբից կնետեմ» և հետո շարունակելով` ասի, որ իբր ինքը այն մարդկանցից է, այն տեսակից, որ ազգի կորիզն է ներկայացնում: Եթե կորիզը ցուցադրվելու պահը գա, դա ամենավերջին և հուսահատ, բայց բախտորոշ ճիգը կլինի ազգի համար: Աստված չանի, որ բանը հասնի դրան, աստված չանի: Ուրեմն դեռ չի եկել վերջին, անելանելի վիճակի ամենավերջին պահը, գրիչը դեռ կարելի է չձգել դեն: Եվ մարդն ապրում է, սակայն չիմանալով, եթե հանկարծ հայտնվի անելանելի վիճակի մեջ` ինչպե՞ս կվարվի: Արդյո՞ք մորթապաշտությունը, թե մի վեհ գաղափարափառ ոգի կծավալվի արնահոսությունից ու ցավերից հոշված նրա մարմնի վրա: Եվ չիմանալով` նաև դրա համար է ապրում մարդը:

Եվ հետո մարդն ապրում է նրա համար, որ հանկարծ հայտնվի աներևակայելի քստմնելի տեսարանում, ուր ամենաբիրտ ձևով հաստատվում կամ չի հաստատվում մարդու տեսակը: Գորիսում արցախյան շարժման բուռն ցույցեր ու միտինգներ եղան: Ժողովուրդը ցնցումներ ապրեց, մանավանդ Սումգայիթի դեպքերից հետո: Զգայացունց, զարհուրելի բաներ տեսան մարդիկ, թե ինչեր կարող են կատարվել Սումգայիթի հայերի հետ: Ավելի անտանելի էին մարդկային բորբոքված երևակայությունից դուրս պրծած պտտվող ստահոդ լուրերը: Գորիսում բազմահազարանոց միտինգներից մեկի ժամանակ, հանկարծ մարդամեկը գոչեց. որ ինքը թշնամու լրտես է գտել: Վերջ, ամբոխի ուշադրությունը սևեռվեց այդ մարդու վրա, իսկ նա բռնել էր կողքին կանգնածի թևը: Կողքին կանգնածը թավ, կարճ խուզած բեխերով էր, Հայաստանում նման բեխ չեն պահում: Անշուշտ, նա Բաքվից Գորիս հասած փախստական էր, ծնված և մեծացած լինելով Բաքվում, նա դեմքով ու դիմագծերով նմանվել էր այդ երկրի բնակիչներին, բայց բարձրաձայն սկսեց կրկնել. «Այ մարդիկ, ես հայ ըմ, ես հայ ըմ»: Բայց գազազած ամբոխը չէր ուզում հավատալ նրա խոսքերին, բոլորն ուզում էին, որ նա իսկապես հայ չլինի, լրտես լինի, որպեսզի տեղում շանսատակ անեին ու պարպեին իրենց մեջ եղած զայրույթը: Եվ հանկարծ իմացողի մեկը կարծես ելք գտավ` ձայնելով. «Թող տաբատն իջեցնի, տեսնենք, եթե թլպատված է կամ չէ…»: «Հա, հա, թող հանի»,- արձագանքեց ամբոխը: Շփոթված փախստականն որպես մի վերջին միջոց հասցրեց խաչակնքել, հասկացնելու համար, որ ինքը քրիստոնյա հայ է: «Չէ, չէ, թող տաբատը հանի». մռլտոցով արձագանքեց բազմաձայն ամբոխը: Խեղճ փախստական հայը ինքը չհանեց տաբատը, ամաչեց, բայց դրա փոխարեն այստեղից, այնտեղից, աջից, ձախից, առջևից ու ետևից տասնյակ ձեռքեր երկարեցին ու ցած ձգեցին տղամարդու տաբատն ու ներքնաշորերը: Հազարավոր միտնգավորների միջով կայծակի արագությամբ շրջանցեց շանթող լուրը. «Լրտես չէ, թլպատված չէ, հայ է, հայ»: Իսկ խեղճ փախստական հայը ուրախությունից կարկամել էր` ասես ինքն էլ էր կասկածել իր վրա, շրթունքները ձգելով ատամները բացել արցունքախառն հեկեկանքի արանքում ասելով. «Բա որ ասում էի հայ ըմ, հվատում չիք»: Ահա նաև նման տեսարանի համար է ապրում մարդ:

Եվ կա մարդը, որն անտեսելով աստվածաշնչյան լեռան քարոզի թռչունների պես աստծուն ապավինելու կոչը, որդիներ ունենա կամ չունենա, բայց մշտապես մտահոգ լինի իր վաղվա օրվա մասին, իր հագուստ-կապուստի մասին և գիշերները աչքերն հառի երկնքի աստղերին ու իմանա, որ երկրային բազում աստղերն երբեք չեն կարող փոխարինել երկնքի աստղերին և որ դրանք, որպես կուռքեր, միայն մոլորությամբ կարող են պարտադրվել մարդկանց: Ամենալավը չգիտեմ, բայց ամենավատ մտքերը մարդու մոտ մոգոնվում են գիշերները, երբ պարզկա երկնքին նայելով մարդ սուզվում է դրանց անտակ խորության մեջ, առնում ունայնության շունչը: Մարդուս համար առավել նվաստացուցիչ հիմարություն չկա, որքան տիեզերքի ունայնության հաղթահարման կիրքը:

Մարդս ապրում է նաև նրա համար, որ իր ողջ էությամբ երևա կամ չերևա ուրիշներին: Եվ սրբություն խաղալով, ինքն իր մեջ խոստովանի, որ ազգի հարատևման համար նաև թաքնված ու ներփակված սրբեր են պետք: Եվ մարդս կարող է ձևանալ, որ լիովին այդպիսի սրբերից մեկն է, թեպետ մեղքերի պարկը վաղուց իսկ լիքը լինելով կարող է նրա մեջքը կորացել էր արդեն: Եվ նա էլ սրբի իր դերը տանի նաև կքված վիճակում: Բարեբախտաբար որքան ամբարտավան, անկիրթ, քացով և բռունցքով խոսող մարդիկ կան հայերիս մեջ, նույնքան, գուցե և ավելի` համեստ, խոնարհ ու զգոն մարդիկ կան ամբարված ազգի պահուստարանում: Եվ այդ մարդիկ են կազմում հայոց երկրի աղը, նրա պատիվն ու խիղճը:

Եվ համարձակություն է պետք մարդուն, որ ճշմարտախոս լինի: Նա կարող է վախկոտ լինել, բայց աստված չանի, որ փոքրոգի լինի: Ու մարդ նաև նրա համար է ծնվել, որ փոքրոգի լինի, ասենք այն աստիճան, որ բժիշկ լինելով` իմանա հիվանդի անբուժելի ճակատագրի ելքի մասին և չհայտնի նրա հարազատներին ու խաղա իրեն և իր աշխատակիցներին պետքական ու շահութաբեր խաղը և իմանա հպարտ, որ ինքն է միաժամանակ այդ խաղի պատվիրատուն, տերն ու տնօրենը:

Եվ մարդ նրա համար է, որ ամեն օր նստած լինի կյանքի կարուսելի մեջ ու պտտի սպառի իրեն հասանելիք ժամանակը`խոսք տա դեպուտատության թեկնածուի, բայց ընտրի մեկ ուրիշին, հարգելով կամ չհարգելով ինքն իրեն, իր խոսք-խոստումը, բայց գիտակցի, որ աննշան մի դեր, թեկուզ մեկ կողմով, քվեարկել է իր հասկացած ժողովրդավարության ու արդարամտության օգտին:

Եվ նաև անդավաճան կորովով անդավաճան ընկեր լինելու համար է մարդն ապրում: Ու նաև նրա համար, որ արդեն մահացած ընկերոջն մտքով անգամ երբեք չի դավաճանում` թեպետ գիտի, որ մոտ ընկերներ են լինում, որ ընդունակ են պղծելու ամենասուրբ սրբությունն իսկ` նայած միջոցին և պարագային: Եվ հրաշք են այն մարդիկ, որոնք երբեք չեն դավաճանել, թեպետ ստիպված անապատականի կյանքով են ապրել:

Ես տեսել, ճանաչել եմ մարդու, որը ԽՍՀՄ գոյության փթթող տարիներին, 20-րդ դարի վաթսունական թվականներին կանգնում էր Գորիսի կենտրոնում կամ ոտքերը ծալապատիկ նստում էր կինոյի գովազդի պաստառի տակ, գինովցած և ասում. «Ձուկը գլխից է հոտում, այ ժողովուրդ, այ ընկերներ»: Այդպես նա փնովում էր իշխանություններին, նրանց փտած լինելը: Եվ մենակ չէր նա, նմանատիպ մտքեր բարձրաձայնող մեկ ուրիշ հարբեցող ընկեր էլ ուներ` երկուսն էլ արհեստավոր, մեկը արծաթագործ, մյուսն երկաթագործ, երկուսն էլ անուղղելի նախկին բանտարկյալներ, երկուսն էլ ասում էին այն, ինչ 20-րդ դարի ութսունականների վերջին Երևանի ազատության հրապարակում պիտի կրկնեին բազմահազարանոց միտինգավորները: Ո՞վ էր նրանց առաջ գցել իրենց մտքերով և ինչի՞ համար: Եվ ահա, նման բաներ իմանալու համար է  ապրում մարդը:

Եվ հայ մարդն 21-րդ դարասկզբին կա այն բանի համար, որ ապրի փոքրիկ, անկախ երկրում և իր աչքով տեսնի, թե ազգակիցը ինչպես է կեղեքում ազգակցին, օտար զավթիչ մեկից առավել ագահաբար ու անհագ` շահի ետևից ընկած անտեսում ամեն չափ ու սահման կամ օրենք: Պարզվում է, որ երկար ամիսներ, եթե ոչ տարիներ հայ գնորդին ՀՀ-ում կարագի փոխարեն կարագի արժեքով հրամցրել են սպրեդ` որակյալ մարգարին, որը կրկնակի կամ եռակի էժան է կարագից:

Եվ մարդն ապրում է նաև այն բանի համար, որ երկար-երկար ապրի: Երկարակեցությունն ազգերի բարեկեցության չափանիշերից է: 21-րդ դարասկզբին հայ ազգը բարեկեցիկ չի ապրում Հայաստանում, բնակչության մեկ երրորդից ավելին աղքատության շեմին է կանգնած, պատերազմական իրավիճակը շարունակվում է: Բայց Հայաստանում կան երկարակյացներ` կին թե տղամարդ, դա գալիս է ազգի կենսապաշարից, հնուց եկած կերակրվելու և սնվելու ազգային ավանդություններից, սովորույթներից, կենսամտածողությունից: Եվ մարդն ապրում է այն բանի համար, որ ի վերջո հասկանա, թե ինչու ծերերը անգերազանցելի իմաստուններ են: Երբ ջահել ես, մահն անիրական երևույթ է թվում, չես էլ խորհում քո լինելու կամ չլինելու մասին, ժամանակ չի լինում, և առույգ, կայտառ մարմինդ էլ չի թողնում, որ նման մտքեր ծնվեն քո գլխում: Երբ ծերանում ես, մարմինդ տկարանում է, ապրելդ էլ քեզ դուր չի գալիս, մահվան տեսիլքն ուրվականի պես հետևում է քեզ և քո ծերունական հասակը քեզ համար հարստություն է ներկայանում ու մարդ ակամա գոհանում է, որ բավական տարիք է առել` հակառակ կյանքից վաղ հեռացած շատ-շատերի: Նրան հասու է դառնում կյանքի ունայնության փիլիսոփայությունը: Ծերունուն տրվում է կյանքի կենսափորձի վրա հենված հոգեկան անդորր, նա կարող է ափսոսալ կամ չափսոսալ երկարակեցության համար: Երիտասարդը նման զգացումներ չի կարող ունենալ: Այդտեղից էլ ծերունիների իմաստությունը: Ոչինչ չի կարող խոչընդոտել անհունի հետ առնչվելու նրանց բնական հակումը: Նաև դրա համար է մարդ ծնվում ու ինքն իրեն տիրապետելով` ապրում երկար:

Եվ մարդն, նաև հայ մարդն ապրում է այն բանի համար, որ չի կարող չապրել, քանի որ աստծո կամոք նա ծնվել է: Մարդու քաղաքակրթական պատմությունից ի վեր, հազարավոր տարիներ, ազգերի կողքին, նաև նրանց մեջ ամենուր ապրում ու գոյատևում են հայ մարդիկ, ինչի համար էլ որ նրանք ապրեն` պիտի գոչեմ.

Տե՛ր, կեցո դու զհայս:

 

About The Author

Related posts

Leave a Reply