Հուլիսի 21, 2019

Սունդու դիցուհու պաշտամունքի մնացուկները Սյունիք-Արցախ բարբառային տարածքում

Սունդու դիցուհու պաշտամունքի մնացուկները Սյունիք-Արցախ բարբառային տարածքում

Մ. Քումունց

/Սեղմագիր/


Ս
ընդու||սունդու||սինդի||սինդու||սո̈ւնդո̈ւ||սընդո̈ւ: Սյունիք-Արցախ բարբառային տարածքում հանդիպող, տարբեր հնչողությամբ այս բառը Գ. Ջահուկյանը նշում է բարբառային հնաբանությունների մեջ՝ հ.-ե. *sent «ուղղվել, գնալ, ընթացք, ուղի, ճանապարհ»[1] իմաստներով[2]: Սընդո̈ւ||սո̈ւնդո̈ւ հիմնական ձևերով գործածական է Սյունիք-Արցախ տարածքային բարբառախմբում և նշանակում է խողովակաձև անցք թոնրի և ջրավազանի՝ օդի և ջրի մղման համար: Բառը տարածված է նաև սնտու, սնդուն, սունդուն և´ Կարճևանում, և´ Կաքավաբերդում՝ սունդուկ ձևերով[3]: ՀԳԲ նշում է սնդուկալ, սնդուկալիչք, սնդուեկալիչ բարդությունները[4]: Արցախում, Սյունիքում գործածական են նաև սընդո̈ւկուկու||սինդիկուկու ||սո̈ւնդո̈ւկուկու «ոտանաւոր աղօթ մ՛է՝ որ գիշերը տեղը միզող երեխայոց վրայ կը կարդան»,[5] «ոգի, երեխային սաստելու համար» իմաստներով: Տեղ գյուղում նույնիսկ պահպանվել է դրա հետ կապված արարողությունն ու աղոթքի մի հատվածը՝ «Սինդիրկուկու, սինդիրկուկու, քիշերվա չիշիկը քյիցի ցիրեկը»[6], իսկ Կոռնիձոր գյուղում՝ «Սինդիրկուկու, սինդիրկուկու, քիշերվա չիշիկը ցիրեկը տու»: Այս ասելով՝  գիշերը երեխայի մեջքը երեք անգամ մի պատով են խփում, երեք անգամ մի ուրիշ պատով: Հավանաբար պատերից մեկը գիշերն է, մյուսը ցերեկը, խփելը ուղղության և ժամանակի փոփոխությունն է՝ մեզի ուղղությունը գիշերից փոխելով ցերեկը: Հետաքրքրականն այն է, որ այս ոտանավորին տեղացիներն ասում են «խուխի կըլխին կըրթացվօղ աղօթք»: Հավանաբար այն ավելի երկար է եղել, և նրանից միայն պահպանվել է վերոնշյալ հատվածը, որին ժողովուրդը անվանել է աղոթք: Կարող է կարծիք ձևավորվել, որ երևույթը նախաքրիստոնեական ծագում ունի, մի ժամանակվա, երբ ծիսակարգերում ընթերցվող չափածո մասերին ասել են աղոթք: Աղոթքը ուղղված է եղել ճանապարհի, ուղղության, ընթացքի /գուցե նաև ժամանակի/ դիցուհուն՝ որպես ուղեկցող ոգու-էակի, որի օգնությամբ գտել են ծխի, ջրի, օդի ելման և մղման դիրքերը, տեղորոշել ուղղությունը, գտել հետքը:

Սինդիրկուկու գործածվում է նաև, ինչպես ասվեց, երեխաներին սաստելու համար: Այսինքն՝ խոսքը ոչ միայն աղոթքի մասին է, այլև ոգու, որի միջոցով սաստում են երեխաներին: Կուկու՝ երկրորդ բաղադրիչը, անշուշտ, անձնանիշ գոյական է: Հին հավատալիքներում այն կնոջ կերպարանքով է, և նրա հետ է կապվում կուկու խաղալիքի անվանումը, որը եղել է հուռութք՝ ծիսական նշանակությամբ: Կնոջ կերպարանքով ոգիների գոյության մասին է վկայում նաև Վանա բանահյուսության  մեջ մի երգ՝ նվիրված անձրև իգական հոգուն. «Բուկլե բարան՝ անձրևի հարս», որ չնայած քրդական անվանում է ստացել, բայց երգը ամբողջությամբ Վանա բարբառով է. «Բուկլե բարան անձրև պիտ…» և այլն[7]: Բանավոր պատումներից բացի տարածաշրջանում առկա են նաև հուշարձան-փորվածքներ, որոնք վերաբերում են կնոջ և բնության այլ երևույթների[8] պաշտամունքին:

Առաջին հայացքից թվում է, թե առնչություններ չկան  հ.-ե. *sent «ուղղվել, գնալ, ընթացք, ուղի, ճանապարհ» և Սյունիք-Արցախ տարածքային բարբառախմբում տարածված սունդու և սունդուկուկու[9] բառերի միջև: Բայց ակնհայտ է դառնում, որ սունդ-ու հիմնաբառի  իմաստ/ներ/ից են առաջացել ծխի և ջրի ճանապարհը, ուղղությունը բացող սունդու-ն՝ «ճանապարհ» իմաստով, և մեզի ժամանակային ուղղությունը փոխող ճանապարհի ոգին՝ սունդուկուկուն: Այս վերջինի ձևիմաստային հատկանիշները առավելապես հաստատվում են նույն բարբառախմբում առկա ենդակուկու բառով, որ ասվում է այն մարդուն, ով հետևում է ինչ-որ մեկին, այդպես նաև՝ «Մարթը հա̈կլա̈կուկուշ կըտըրած կյամ ա տօն, կընգանը թա…»[10], «Կուկուն անէ, ճիճին տանէ»[11] ասույթներ են պահպանվել, որոնցում առկա են ոգի, թռչուն-ոգի բառային իմաստները:

Շատ վայրերում այս բառերը արդեն չեն գործածվում կամ երևույթի սակավության հետևանքով, հավատալիքի մթագնության և կամ գրական՝ խողովակ, անցք, ճանապարհ և այլ բառերով փոխարինվելու պատճառով:

Սունդու բառը, սակայն, պահպանված է Գորիսից մոտ երկու կիլոմետր հյուսիս-արևմուտք  գտնվող մի ձորի անվանմամբ, որը հին գյուղատեղի է եղել՝ Սինդարա կամ Սունդարա՝ երկու ձևով էլ ասվում է: Տեղացիները նաև այն կոչում են Սո̈ւնդո̈ւրուծőր: Անշուշտ, Սունդարա-ն կազմված է Սունդու և դարա բառերից, որոնց միակցմամբ և փոխազդեցական հնչյունափոխության ամփոփման օրենքով վանկերից մեկը՝ դու/դի/-ն, կրճատվել է՝ Սունդու||Սինդի-դարա, հմմտ.՝ աշխարհահայացք>աշխարհայացք, ճարտարասան>ճարտասան և այլն: Ս. Օրբելյանը այս անվամբ տեղանուն կամ բնակավայր չի նշում, և ցայսօր պարզ չէ, թե որ բնակավայրն է այստեղ եղել: Միայն հստակորեն կարող ենք նշել, որ այս և նրան հարակից ձորերից են սկիզբ առել Գորիսի շոր ջրերը: Սինդարայի ձորի սելավները աննկատ չեն եղել: Այս հատկանիշները, կարծում ենք, վերագրվել են ձորին, որից էլ պահպանվել են ձորանունն ու բնիկ հայերեն *sent «ուղղվելը, գնալը, ընթացք, ուղի, ճանապարհ» բառը և նրա հետ կապված Սունդու դիցուհու պաշտամունքը հիշեցնող արարողակարգն ու աղոթքի հատվածը:

Սինդարա ձոր /հին բնակատեղի/
Սինդարա ձոր /հին բնակատեղի/

 

 

[1] *Sentos «ընթացք, ուղղություն, անցք» նշանակությամբ արմատ նշվում է կելտական, գերմանական, բալթյան և սլավոնական ճյուղերում /այս մասին տե՛ս C. Quiles, F. López-Menchero, A grammar of modern Indo-European,  2009, p. 705./:

[2] Գ. Ջահուկյան, Հայ բարբառագիտության ներածություն, Ե., 1972, էջ 327:

[3] Տե՛ս Հայոց լեզվի բարբառային բառարան, հատ. 5, 2008, Էջ 370:

[4] Հ. Աճառեան, Հայերէն գաւառական բառարան, Թիֆլիս, 1913, էջ 976։

[5] Նույն տեղում:

[6] Մեզ այս հարցում օգնեց ԳՊՀ-ի ուսանողուհի Անուշ Հովհաննիսյանը, ով հատվածը և արարողակարգը լսել է Տեղ գյուղացի Սմբատից:

[7] Բանահյուսական նման մի գեղեցիկ պատառ՝ նվիրված Այգ դիցուհուն, գտնում ենք Հ. Մարտիրոսյանի «Սիրո, պտղաբերության, ջրերի ու արշալույսի դիցուհին հայոց մեջ» աշխատանքում /տե՛ս http://armscoop.com/:

[8] Այս մասին կարելի է տեսնել Հ. Ավետիսյան, Ա. Գնունի, Ա. Բոբոխյան, Գ. Սարգսյան,  Բրոնզ-երկաթեդարյան Սյունիքի սրբազան լանդշաֆտը, Ե., 2015:

[9] Կուկու բառը այս տարածաշրջանում գործածվում է նաև թռչուն իմաստով: Շփոթություն կա. այդպես անվանում են թե՛ հոպոպին, թե՛ սովորական կկու թռչնին: Հայ բանահյուսության մեջ շատ զրույցներ կան կուկու (հոպո՞պ) թռչնի մասին /այս թռչունի մասին ավանդապատումներ տե՛ս նաև Ա. Սարգսյան, Արցախի բանահյուսություն, էջ 235/:

[10] Ա. Սարգսյան, Արցախի բանահյուսություն, Ե., 2015, էջ 329:

[11] Նույն տեղում, էջ 484:

Հին բնակատեղին քարտեզում:

About The Author

Related posts

Leave a Reply