Ապրիլի 18, 2019

Սյունյաց Սոփիա իշխանուհու նվիրատվական և շինարարական գործունեությունը (X-XI դդ)

Սյունյաց Սոփիա իշխանուհու նվիրատվական և շինարարական գործունեությունը (X-XI դդ)

Վայոց ձորն անակ մատանի էր, շինեցի սա և [որպես] ակ դրեցի վրան:

 իշխանուհի Սոփիա

(Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն)


Գայանե Շաբունց
ԳՊՀ պատմության ամբիոնի վարիչ

Սյունեցի իշխանազուն կանայք միշտ էլ ամուր հենարան են եղել իրենց ամուսինների համար, դժվարին պահերին ցուցաբերել հավատարմություն ու տոկունություն, իսկ խաղաղ ժամանակ, երբ Սյունյաց այրերը զբաղված էին պետական գործերով, նրանք զբաղվում էին նվիրատվական և շինարարական գործունեությամբ: Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» աշխատության մեջ բազմաթիվ հիշատակություններ կան սյունեցի կանանց` Սյունիքում և նրա սահմաններից դուրս կատարած նվիրատվական ու շինարարական գործունեության մասին: Սյունեցի կանանց նվիրատվական ու շինարարական գործունեությունը արտացոլվել է նաև վիմագիր շինարարական արձանագրություններում, որոնց մի մասը, բարեբախտաբար,  մինչև այժմ էլ պահպանվել են:

Սյունիքում իր շինարարական ու նվիրատվական գործունեությամբ աչքի է ընկել Սմբատ իշխանի (909-958) տիկինը` իշխանուհի Սոփիան,  որն Արծրունյաց մեծ նախարար Գրիգոր 3-րդ Դերենիկի դուստրն էր, Վասպուրականի Գագիկ թագավորի քույրը: Սոփիայի շինարարական գործունեությանն է վերագրվում 929թ. Շատի վանքի կառուցումը: Վանքը կառուցվել է Սմբատ, Սահակ իշխանների և Սոփիա տիկնոջ հրամանով: Շատի վանքը գտնվում է Եղեգնաձորի Շատին գյուղից 4 կմ արևելք` համանուն ձորակի աջ ափին, գեղատեսիլ գոգավորության մեջ:[1] Այս եկեղեցու կառուցման մասին Ստ. Օրբելյանը նշում է, որ 929թ. Սյունյաց եպիսկոպոս Տեր-Հակոբը Եղեգյաց ձորում Ոստին գյուղից վեր հանդիպում է մի վայրի, որը տեղանքի գեղեցկության և անվտանգ լինելու պատճառով շատ է հավանում: Տեր-Հակոբը Սմբատ իշխանի, նրա կին Սոփիայի և եղբայր Սահակի աջակցությամբ սկսում է շինարարություն: Կանգնեցվում է եկեղեցի` տաշած վեմերով, եկեղեցու ներսը զարդարում են զանազան երանգներով, գեղեցիկ որմնանկարներով:[2] 

  • Arates_12
  • Arates_14
  • Arates_15
  • Hermon_church_2
  • Hermon_church_3
  • Hermon_church_4

Ստ. Օրբելյանի վկայությամբ, երբ Սմբատ իշխանը 936թ. Եղեգիք գյուղաքաղաքում գտնվող իր ապարանքից դուրս է գալիս որսի, տեսնում է խոտերով սնվող ճգնավորների, ուստի Տեր-Հակոբին առաջարկում է ճգնավորների համար եկեղեցի կառուցել: Ճգնավորների ցույց տված մի տափարակ վայրում սկսվում է սուրբ Գրիգորի անունով` կոփածո քարերով և գմբեթահարկ եկեղեցու շինարարությունը: Սմբատ իշխանը օրհնել է տալիս եկեղեցին, իսկ նրա տիկին Սոփիան գնում և եկեղեցուն կալվածք է տալիս վանքի դիմաց գտնվող Հավու գյուղն իր սահմաններով, ինչպես նաև այգիներ ու ծաղկանոցներ Եղեգիքում: Սոփիան վանքը զարդարում է կահկարասիով: Վանքը ճգնավորներից ավագագույն ծերունի Ահերմոնի անունով կոչվում է Ահերմոնի վանք:[3] Հետագայում վանքի անունը տարածում է գտել Հերմոնի վանք անունով:[4] Վանքը անվանել են նաև Քարեվան:[5] Վանքի ստույգ տեղադրությունը որոշել է վիմագրագետ-պատմաբան Ս. Բարխուդարյանը 1950-ական թթ.: Ս. Բարխուդարյանը տեղում գտել է Գյունեյ վանքի հին, իսկական անունը վերականգնող արձանագրական փաստ: Վանքի այժմյան եկեղեցու հյուսիսային մույթը պատին միացնող կամարի կենտրոնում, երեսով ներքև դրված, ագուցված է երեսպատման մի հին քարի բեկոր, որի վրա նախկին մեծ արձանագրությունից մնացել է 2 բառ` Երամոնի վանք:[6] Այս նշանավոր վանքի տեղադրությունը որոշելու համար գտնված եզակի բեկորն ունի կարևոր նշանակություն:

Տիկին Սոփիայի շինարարական գործունեության ամենափայլուն էջերից է 936թ. Գնդեվանքի կառուցումը: Նախ նշենք, որ Ջերմուկի տաք ջրերը հիվանդություն բուժելու հուսալի միջոց են համարվել դեռևս անհիշելի ժամանակներից, ուստի հիմքեր կան ենթադրելու, որ Ջերմուկը Սյունյաց գահերեց իշխանների ամառանոցն էր: Այդ է վկայում Սոփիայի կողմից Գնդեվանքի կառուցման վայրի ընտրությունը:[7]   Ստ. Օրբելյանը նշում է, որ Գնդեվանք կոչված խորաձոր վայրը ուխտավայր է եղել, որտեղ բազմաթիվ բժշկություններ էին լինում: Տիկին Սոփիան, վայրը խիստ հավանելով, մտադրվում է եկեղեցի կառուցել և կրոնավորների դասեր հաստատել: Սոփիան հրավիրում է ճարտար քարագործ վարպետների, վանքի առաջնորդ նշանակում Հայր Սարգսին, գործակալ ու նկարիչ` Եղիշե երեցին: Գնդեվանքի արևմտյան պատի հարավային անկյունում պահպանվել է շինարարական արձանագրության սկզբի մասը. «ԵՍ ՍՈՓԻ ՍԻՆԵԱՑ ՏԻêԿԻՆ, ԴԵՐԱՆԿԻՆ [Կ] ԴՈՒՍêՏՐ, ԿԻՆ ՍՄՊԱՏԱ, ՈՐԴԻêԱՇՈՏԻ  ՍԻՆԵՑ ԻՇԽԱՆêԻ, ՇԻՆԵՑԻ ԶԵԿԵՂԵՑԻՍ… »:[8]

  • 1_159_big
  • 1280px-Gndevank_4
  • Gndevank
  • Գնդեվանք,_պարիսպ_3
  • Գնդեվանքը_գարնանը1
  • Գնդեվանքի_բակում

 Վանքի շինարարության ավարտից հետո Սոփիան վանքից վերև` քարափի գլխին, հիմնում է նաև գյուղը (ներկայիս Գնդևազը` Վայոց Ձորի մարզում) և բոլոր տեսակի հարկերից ազատելով` այն որպես կալվածք տալիս վանքին: Սոփիան Ատչար գյուղը ևս հարկերից ազատելով` նվիրում է վանքին:[9] Տիկին Սոփիան հրամայում է ձորում տնկել քաղցրահամ մրգերի ծառեր և գրում է հիշատակի արձանագրություն, որն ավարտում է հետևյալ նախադասությամբ. «Վայոց ձորն անակ մատանի էր, շինեցի սա և [որպես] ակ դրեցի վրան»:[10] Պահպանվել է այս արձանագրության վերջին մասը`վանքի արևմտյան պատի կենտրոնական մասի երեսպատման մի քարի վրա:[11] Սոփիայի նվիրատվական գործունեությունից Ստ. Օրբելյանը նշում է նաև Տամալեկքի մասին: Տամալեկքի բնակիչները շատ նեղություններ էին պատճառում վանքին, ուստի հազար դահեկանով Սոփիան գնում է Տամալեկքը և  նվիրում Տաթևին: Սոփիան Տեր-Հակոբ եպիսկոպոսին առաջարկում է այդտեղ կառուցել եկեղեցի և բնակեցնել ճգնակյաց կրոնավորների: Սոփիան առաջարկում է նաև անեծքի գրություն գրել. «Սա իմ` Սյունյաց եպիսկոպոս Տեր-Հակոբիս ձեռքով գրածն է: Բազում ջանքերով ու չարչարանքներով ազատեցի Տամալեկքը, որը շատ նեղություն էր պատճառել վանքիս, որի համար Տեր-Հովհաննեսը ջանացել, բայց չէր կարողացել ազատել: Արդ հնազանդվելով մեր հրամաններին` Սմբատ իշխանն ու տիկին Սոփիան գնեցին հազար դահեկանով ու տվեցին սուրբ նշանիս և հոգով ու մարմնով իրենք էլ մեզ հանձնվեցին: Մենք տեղը վերցրինք, եկեղեցի կառուցեցինք ու մենաստան հիմնեցինք: Արդ` այս տեղը, որ մեր մեծ ջանքերով ենք ազատել, նրա  սեփականատերերին դուրս հանել ու մենաստան հիմնել, եթե մեկը մտածի սեփականատերերին վերադարձնել կամ ամուսնացած տղամարդու այստեղ բնակեցնել, կա՛մ մի ծառի ու մի թփի տեր դարձնել, նզովվա՛ծ լինի միասնական սուրբ երրորդությունից, սուրբ հրեշտակիներից, երեք հարյուր տասնյոթ հայրապետներից,  սուրբ նշանիցս ու մեզանից` մեռած թե կենդանի ժամանակ: Նրա բաժինը Հուդայի հետ լինի, չարաչար ցավերով իր օրերը չամբողջացնի, գեհենի անշեջ հրի ճարակ լինի և մեր Քրիստոս աստծոց ողորմություն չստանա»: [12] 

Բացի Սոփիայից Սյունիքում և նրա սահմաններից դուրս իրենց շինարարական և նվիրատվական գործունեությամբ աչքի են ընկել նաև Երնջիկը, Աղվանքի գահերեց իշխան Վարազ Տրդատի դուստր Շահանդուխտը, Վասակ Գաբուռի տիկին Մարիամը, Հրահատ իշխանի  կին Քուպղիդուխտը, Բաբկեն իշխանի դուստր Համասպրուհին, Աշոտ իշխանի տիկին Շուշանը, Սմբատ թագավորի տիկին Շահանդուխտը:

[1]   Սարգսյան Գ.,  Խաչատրյան Ա., Վայոց ձոր, Երևան, 1980, էջ 53:

[2] Ստ. Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևան, 1986, էջ 230:

[3] Նույն տեղում, էջ 230-231:

[4] Նույն տեղում, էջ 476:

[5] Գրիգորյան Գր., Հախվերդյան Ս., Սյունիքի պատմություն, Երևան, 2001, էջ 140:

[6] Դիվան հայ վիմագրության, կազմեց Ս. Բարխուդարյանը, պրակ III, Երևան, 1967, էջ 132-133:

[7] Սարգսյան Գ., Խաչատրյան Ա., նշվ. աշխ., էջ 64:

[8] Դիվան հայ վիմագրության, պրակ III, էջ 13:

[9] Ստ. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 231:

[10] Նույն տեղում, էջ 232:

[11] Դիվան հայ վիմագրության, պրակ III, էջ 13:

[12] Ստ. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 237-238:

Spread the love

About The Author

Related posts

Leave a Reply