Նոյեմբերի 13, 2018

Սյունի իշխանատան զինանշանը

Սյունի իշխանատան զինանշանը

Ժիրայր Միրումյան

Գորիսի պետական համալսարան

Զինանշանների[1] առաջացման առաջին նախադրյալները նկարների ու պատկերների գծանշումն էր տարաբնույթ ռազմական զենք ու զրահի, դրոշակների, մատանիների և անձնական այլ իրերի վրա, որոնք պատկերացում  տային այն կրողի մասին: Հերալդիկան (նիշագիտություն)՝  որպես գիտություն զինանշանի մասին, անբաժանելի է տվյալ իշխանական տոհմի, ընդհանրապես երկրի պատմությունից, նրա մշակույթից [6,էջ 60]: Չնայած ընդունված տեսակետին, որ զինանշանը՝ որպես պետության, արքայատոհմի կամ տոհմի տարբերակիչ խորհրդանշան, առաջին անգամ հանդես է գալիս և մասսայական տարածում է գտնում միայն միջնադարում [15, էջ 5],  շատ ուսումնասիրողներ գտնում են, որ այդպիսի տարբերակիչ խորհրդանիշերը հանդես են եկել դեռևս խոր հնադարում: Դրա ապացույցն են Հին Միջագետքի, Եգիպտոսի, Խեթական,  Վանի և Աքեմենյան թագավորությունների խորհրդանիշերի վերաբերյալ եղած բազմաթիվ վկայություններն ու պահպանված քանդակները: 

Սյունի իշխանական տան զինանշանի մասին մենք ուղղակի վկայություններ կամ տեղեկություններ չունենք: Մինչ այժմ չեն հայտնաբերել նաև Սյունյաց իշխանների որևէ նիշագիտական քանդակ կամ պատկեր: Ճիշտ է, Սիսիանում կատարված հնագիտական պեղումների շնորհիվ հայտնաբերվել են մ.թ. I դարով թվագրվող երկու արծաթե մեդալիոն, որտեղ պատկերված է արծիվ` ճանկերում մեծ չափերի կենդանի [12. табл.  XVIII, 6, էջ 61], սակայն, կարծում ենք, որ այդ մեդալիոնները, չնայած գտնվել են Սյունիքում, ունեն հելլենիստական կամ հռոմեական ծագում և Սյունիքի իշխանական տան զինանշանի հետ որևէ կապ չունեն:

Տիգրան Պետրոսյանցը Սյունի իշխանների և թագավորների զինանշաններից մեկը համարում է Վայոց ձորի Եղեգիս ավանի Ցախաց քարի Ս. Կարապետ եկեղեցու հյուսիսարևելյան կողմի շքամուտքի վերնամասում բացված թևերով, պոչի վրա հենված և մագիլներով գառ ճանկած արծվի քանդակը [9, էջ 29]: Լիովին չբացառելով այդ տեսակետը՝ այնուամենայնիվ, գտնում ենք, որ ճանկող արծվի այդ հորինվածքը Օրբելյանների զինանշանն էր, որոնք Սյունիքում հաստատվել են 13-րդ դարի սկզբում:

Նորավանք 
Նորավանք 

Իրենց հերթին Օրբելյանները, լինելով Մամիկոնյանների հետնորդներ [16, էջ 128-129], նույնությամբ վերցրել էին նրանց հերալդիկական թեմատիկան: Ցախաց քարի վանական համալիրը կառուցվել է 10-րդ դարում՝  Աբաս Բագրատունու (953-977 թթ) օրոք [18]: Ցախաց քարի արծվի այս քանդակը Ռ. Մաթևոսյանը համարում է Մամիկոնյան-Խաղբակյան տոհմի զինանշանը [6, էջ 57]:  Գտնում  ենք, որ այդ քանդակը եկեղեցու պատին տեղադրվել է հետագայում՝ Օրբելյանների օրոք եկեղեցու վերանորոգումներից մեկի ժամանակ, և հանդիսանում է նրանց զինանշանը: 

Օրբելյանների զինանշանները պատկերող քանդակներ են պահպանվել Վայոց ձորի Նորավանքի և Թանահատի (Գլաձորի) եկեղեցիների պատերին: Օրբելյանների զինանշանի մի հորինվածքը գտնվում է Գորիսի Վերիշեն համայնքի Ս. Հռիփսիմե եկեղեցու բակում: Այստեղ նույնպես պատկերված է թևատարած արծիվ` մագիլներով ճանկած կենդանի`հավանաբար եղնիկ կամ քարայծ:

 Կարծում ենք, Սյունի իշխանների զինանշանը չի հանդիսանում նաև նույն Ցախաց քարի Ս. Կարապետ եկեղեցու հյուսիսային ճակատին պատկերված ցուլին հոշոտող առյուծի քանդակը:

 Թանահատ
Թանահատ

Այս պատկերը Ռ. Մաթևոսյանը համարում է քանդակ-խորհրդանիշ կամ զինանշան` առանց նշելու դրա տոհմական պատկանելիությունը [6, 62]: Նմանատիպ հերալդիական քանդակ կա նաև Տավուշի մարզի Աչաջուր գյուղի մոտ գտնվող Մակարավանքի վանական համալիրի քանդակներում, որոնք Տ. Պետրոսյանցը համարում է Զաքարյանների զինանշաններից մեկը [9, էջ 29]:

Այսպիսով, գտնում ենք, որ Ցախաց քարի առյուծի պատկերը նույնպես չի կարող Սյունիքի իշխանների զինանշանը լինել: Ինչ վերաբերում է Սյունյաց իշխանների սկզբնական հերալդիկ սիմվոլներին, ապա պետք է հաշվի առնել մատենագրային սակավ տվյալները:

Համաձայն «Զորանամակի»` Սյունյաց իշխանները ունեին 19.400 հեծյալ զինվոր, իսկ «Գահնամակում» զբաղեցնում էին պատվավոր առաջին բարձը [5, էջ 292-294]: 

Ինչպես գիտենք, Սյունյաց իշխանները մշտապես հավատարմորեն ծառայել են հայոց թագավորներին և արժանիորեն բարձր դիրքի ու պատվի արժանացել նրանց կողմից:  Դրա մասին է վկայում Սյունյաց պատմիչը. «Բազմաթիվ ու մեծամեծ քաջագործություններ ցույց տվեցին հայոց թագավորների պատերազմներին և բազում ու մեծամեծ պարգևներով և գահերով մեծարվեցին պարսից, հայոց, այլև հունաց իսկ թագավորների կողմից: Եվ այնքան անվանի եղան, որ մինչև  անգամ արտոնվեց նրանց արծաթե գահույք ունենալ և մարգարտե վարսակալ օգտագործել ու վարազագիր մատանի դնել, նաև կարմիր կոշիկ [հագնել] ու բռնել ոսկե գավազան` վրան նշված տոհմի անունը և պատվաստիճանը» [11, էջ 72]:

Ս. Հռիփսիմե
Ս. Հռիփսիմե

Հայտնի է, որ կարմիր կոշիկ կրելու իրավունք ունեին միայն թագավորները: Ավելի հավանական է, որ այստեղ խոսք  կարող է լինել թագավորության մեջ երկրորդ գահը ունենալու կամ փոխարքա-կուսակալի պաշտոնի մասին և ոչ թե երկու ոտքին, այլ մեկ ոտքին կարմիր, մյուսին կանաչ կոշիկ հագնելու իրավունքի մասին, ինչպիսին ունեին կողմնակալ բդեշխները: Այս հանգամանքը մեզ հիմք է տալիս եզրակացնելու, որ Երվանդունիների և Արտաշեսյանների ժամանակ Սյունիները զբաղեցնում էին երկրորդ գահը և Հայքի արևելյան շրջանների փոխարքա-կուսակալի պաշտոնը:  Նրանց բարձր դիրքը պահպանվեց նաև Արշակունիների օրոք: Ինչպես վկայում է Օրբելյանը, Վաղարշակը «հրաման է տալիս Սիսակյաններին` լինել հրամանատար արքունի բոլոր զորքերին ու իր թագավորության երկրորդը և պատերազմով շարունակ դեմ կանգնել Հոնաց դռանը» [11, էջ 73]:

Վարազագիր մատանու  մասին հիշատակությունը մեզ թույլ է տալիս ենթադրելու, որ իշխանական տան զինանշանի վրա պատկերված է եղել վարազը, որին հետագայում փոխարինել է արծիվը: Սկզբնական շրջանում Հայքում խորհրդանշանների դեր են կատարել տոհմական տոտեմները, որոնք աստիճանաբար վեր են ածվել նշանակների [17]: Մեր տեղեկություններով 2010/2011թ. վարազի պատկերով մատանի կամ գեմմա (թանկարժեք քարի վրա փորագրված պատկեր) է հայտնաբերվել Սիսիանի Ծղուկ բնակավայրի մոտակայքում ոսկեխույզների կողմից: Դժբախտաբար մեզ չի հաջողվել տեսնել այդ մատանին, բայց տեսնողները հստակորեն նկարագրել են դրա վրա եղած վարազի պատկերը:

Ենթադրում ենք, որ մատանին հավանաբար  ունեցել է նաև արամեատառ կամ պահլավերեն գրություն:  Կարծում ենք, որ Սյունի իշխանների կնիք-մատանիները պետք է ունենային այս տեսքը, չնայած այս նկարը որևէ կապ չունի Սյունիքի կամ Հայքի հետ: Վարազագիր մատանի էին կրում նաև Սասանյան արքաները: Փ. Բուզանդի հավաստմամբ՝ Շապուհ II-ը  (309-379 թթ.) «Պարսից թագավորության հավատարիմ երդման օրինակով` բերել տվեց աղ, կնքեց վարազագիր մատանիով և ուղարկեց (Արշակին, ասելով), որ եթե այդ երդումից հետո էլ չգա, ապա թող պատրաստվի պատերազմի» [2, էջ 255]: Ըստ Ստ. Մալխասյանցի՝ վարազագիր մատանին հանդիսանում էր պարսից թագավորների գերբը [2, էջ 436-437], ինչի հետ չի կարելի չհամաձայնել:

Ինչպես հայտնի է, Խոսրով I Արշակունու սպանությունից հետո 3-րդ դարի կեսերին Հայաստանը հայտնվեց Սասանյանների գերիշխանության ներքո: Սասանյան արքայազներ Որմիզդ-Արտաշիրը (261-272 թթ.), Որմիզդակը (272-276 թթ.) և Ներսեհը (276-293 թթ.) պարսից թագավորների կողմից ճանաչվեցին Հայոց թագավորներ և կրում էին «թագավոր Հայոց Մեծաց» տիտղոսը[3, էջ 69]: Ղ. Ալիշանի և Հ. Մանանդյանի տեսակետի համաձայն՝ 6-րդ դարի հռոմական պատմիչ Պետրոս Պատրիկիոսի աշխատության մեջ պարսից արքա Ներսեհի (276-302 թթ.) շքախմբում հիշատակվող Վարսավորս մեծատոհմիկը հնարավոր է լինի Սյունիքի այդ ժամանակաշրջանի իշխանը և կրեր Վարազշապուհ անունը [1, էջ 523, 7, էջ 124]:  Համամիտ լինելով այս տեսակետի հետ՝ գտնում ենք, որ  այդ ժամանակաշրջանի Սյունի իշխանները Հայքի Սասանյան թագավորների արքունիքում կարևոր դիրք և պաշտոններ էին զբաղեցնում և, հնարավոր է, որ նույնիսկ դինաստիական ամուսնությամբ կապված լինեին նրանց հետ, քանի որ Սասանյանները մշտապես նաև այս եղանակով ձգտում էին ամրապնդել իրենց դիրքերը հարևան և հպատակ իշխանություններում: Սասանյաների և Սյունի իշխանների սերտ կապերի մասին կարող է վկայել արձանագրություններից  մեկում Պապակ Սասանյանի (208-223 թթ.) օրոք Ստահրի թագուհի հիշատակված Խվարանձեմ-Խորանձեմի մասին հիշատակությունը, ում անունը գրված է պատվավոր հինգերորդ տեղում` Սասանից, Պապակից և նրա որդիներ Շապուհից ու Արտաշիրից հետո [14, էջ 33]: Վ. Լուկոնինը նշում է, որ, ըստ Սասանյանների այդ ժամանակվա աստիճանների ցուցակի, Խվարանձեմը պետք է լիներ Պապակի կամ Շապուհի ավագ կանանցից մեկը, չնայած մերժում է նման հնարավորությունը և Խորանձեմին համարում է Պարսքի թագավորական նախկին դինաստիայի ներկայացուցիչ [14, էջ 33]: Ս. Երեմյանի կարծիքով, Խորանձեմը նույն Փառանձեմ անունն է [4, էջ 61]: Ինչպես հայտնի է, Փառանձեմ անուն էր կրում Անդոկ Սյունու դուստրը, ուստի գտնում ենք, որ Խորանձեմ-Փառանձեմը ամենայն հավանականությամբ Սյունի իշխանական տան ներկայացուցիչ էր` ամուսնացած Պապակի ավագ որդու` Ստահրի թագավոր  Շապուհի (208-223 թթ.) հետ: Խորանձեմի դստեր անունը Վարազդուխտ էր [14, էջ 34], ինչը նույնպես վկայում է վարազի տոտեմի լայն տարածման մասին:

Կարծում ենք, որ հենց այս ժամանակաշրջանում էլ տեղական ավանդական, տոտեմական հենքի և Սասանյանների ազդեցությամբ վարազը դառնում է Սյունիքի իշխանների հերալդիկ նշանը:

Հնդեվրոպական մի շարք երկրներում` Պարսկաստանում, Հնդկաստանում, Հունաստանում, Քերմանում, Հունաստանում, Հռոմում, Սկանդինավյան երկրներում և այլ հնդեվրոպական ազգերի մոտ վարազը բավականին հարգված տոտեմ-պահպանակ էր և խորհրդանշում էր ուժ, դիմացկունություն, հզորություն, նպատակասլացություն, անվեհերություն, հյուրընկալություն և այլն: Սասանյան Պարսկաստանի նշանավոր տոհմերի թվում հիշատակվում է նաև Վարազների տոհմը [14, էջ 38]: Հնդկական դիցաբանության մեջ վարազը (varaha) հանդիսանում էր Վիշնու աստծո ավատարներից մեկը: Վարազը նաև հանդիսանում էր պարսիկների ռազմի աստված Վերետրագնային խորհրդանշող և մարմնավորող կենդանիներից մեկը [13, էջ 34]: Վրետրագան կամ Վերետրագնան հայոց իրականության մեջ ռազմի դից Վահագն էր, և հավանական է, որ Հայքում ևս բավականին ուժեղ էին տոտեմիզմի մնացուկները: Իսկ սյունեցիները, լինելով քաջարի և ռազմատենչ, բնականաբար, մեծ պատվով էին վերաբերվում ռազմի աստվածությանը, և վարազը՝ որպես նրա խորհրդանիշ, պետք է պաշտվեր նաև նրանց մոտ: Ավելացնենք նաև, որ հայոց մեջ վարազի տոտեմի հետքերը տեսանելի են նաև «Գահնամակում» և «Զորանամակում» երեք Վարազնունի տոհմերի առկայությամբ Այրարատում, Տարոնում և Վասպուրականում:

       Դրա ապացույցն է նաև այն հանգամանքը, որ Սյունյաց իշխանական տան բազմաթիվ ներկայացուցիչներ կրում էին Վարազ անունը կամ պատվանունը, օրինակ՝ Վարազվաղան [11, էջ 95, 100-101, 109], Վարազ-Տիրոց [11, էջ 199], Վարազ-Շապուհ [7, էջ 124], Վարազ-Պերոզ [8, էջ 208] և այլն:

Վարազը նիշագիտության մեջ վերաբերվում է բնական, ոչ հերալդիկական ֆիգուրներին, Հռոմեական կայսրության մեջ առնվազն 3 լեգեոն մարտի էր գնում վարազի դրոշներով, իսկ 17-րդ դարում այն սկսվել է կիրառվել նաև գերմանական պետությունների հերալդիկաներում [19]:

Այսպիսով, մեր կարծիքով, Սյունի իշխանական տան տոհմանիշը պետք է, որ կազմված լիներ Սյունիների տոհմական պահպանակ-տոտեմից` վարազից և կարող էր պարունակել Հայկազունի նահապետական տոհմի հետ Սյունիների արյունակցական-տոհմական կապը արտահայտող խորհրդանիշ` հռչակավոր Հայկյան նետը[20, 21]:

Սույն հիմնավորումները մենք ներկայացրինք Հայոց Նիշագիտական Խորհրդին` հայցելով Խորհրդի մասնագետների աջակցությունը Սյունի իշխանական տան տոհմանիշի վերականգնման հարցում[2]:

Ընդունելով մեր կողմից ներկայացված փաստերն ու փաստարկները` Նիշագիտական Խորհուրդը կատարեց էական ավելացում: Համաձայն մի շարք պատմաբանների, ազգագրագետների, դիցագետների և հնալեզվաբանների (պալեոլինգվիստների)` [10] Սյունի տոհմանունը ուղղակիորեն կապված է և ծագում է Արարատյան թագավորության Շիվինի արևի (Shivini) դիցից. ուրարտերեն «shiuini»–ին գրաբարյան տարբերակով ընթերցվել-արտասանվել է «Սիւինի», որից էլ ի ձայնավորի սղմամբ` Սիւնի  «Սյունի»:

Ըստ այդմ` Հայոց Նիշագիտական Խորհուրդը, որպես լրացում, որոշեց Շիվինի դիցի խորհրդանիշը` արեգակի թևավոր սկավառակը և դրանից իջնող սյունակերպ շողերը ևս պատկերել Սյունի իշխանական տան տոհմանիշի վրա:

Արդյունքում, Սյունիների տոհմանիշը ստացավ որոշակի տեսք, որը ներկայացնում ենք հետևյալ նիշագրությամբ (հերալդիկ նկարագրությամբ)[3]:

Սրածայր վահանը բաժանված է երկու դաշտի. վերին` որդան (կարմիր) դաշտում հարձակվող ոսկե վարազ, որի հիմքում Հայկյան ոսկե նետն է, իսկ ներքին` կապույտ  դաշտում Շիվինի դիցի թևավոր արեգակնային ոսկե սկավառակն է` դրանից իջնող երեք սյունակերպ շողերով, որոնցից եզրերինը ավարտվում են խոյակներով, իսկ կենտրոնականը` թրաձև սրությամբ:

Գտնում ենք, որ հերալդիկ այս հորինվածքը Սյունիքի իշխանների զինանշանն էր առնվազն 2-րդ դարի կեսերից: Սույն տոհմանիշը ունի հետևյալ խորհրդավոր իմաստները.

  • Վարազը Սյունի տոհմի ավանդական պահպանակ-տոտեմն էր:
  • Ոսկե նետը` Հայկազունիների հետ Սյունիների կապի խորհրդանիշն էր:
  • Շիվինի դիցի թևավոր սկավառակը Սյունիների հնագույն տոհմական-առասպելական կապն էր Արարատյան թագավորության արեգակնային դիցի հետ, իսկ սյունակերպ խոյակավոր շողքերը տոհմանիշը դարձնում են ընթեռնելի:
  • որդան (կարմիր) գույնը խորհրդանշում էր ռազմականությունը, Սյունիների ռազմական ավանդույթները, իսկ կապույտը վկայում էր այն հանգամանքը, որ Սյունիներին էր պատկանում Մեծ Հայքի ամենամեծ լճերից մեկը` Գեղամա ծովը:

Հայոց Նիշագիտական Խորհուրդի հետ համատեղ, մենք նաև վերականգնեցինք Սյունի իշխանական տան հնարավոր դրոշը:  Համաձայն դրոշագիտության (vexillologia) կանոնների` այն պետք է բաղկացած լիներ տոհմի հիմնական խորհրդանիշից:  Սյունիների պարագայում այն ոսկե վարազն է որդան դաշտում, հետևաբար տոհմի դրոշը պետք է ունենար հետևյալ տեսքը.

Ամփոփելով նյութը` պատիվ ունենք  երախտագիտական խոսք հայտնելու  Հայոց Նիշագիտական Խորհրդին` սույն աշխատանքի նախապատրաստման հարցերում նիշագիտության վերաբերյալ մասնագիտական աջակցության համար: Մենք խորապես համոզված ենք, որ տոհմաբանական և նիշագիտական ուսումնասիրությունները հայոց պատմագիտության կարևորագույն մասն են կազմում, և, ըստ պահանջարկի, պետք է ներդաշնակորեն լրացնեն պատմական հետազոտական աշխատանքը: Հուսանք, որ սույն ուսումնասիրության մեջ ներկայացվող և առաջին անգամ հիմնավորված Սյունի իշխանական խորհրդանիշերը` տոհմանիշն ու դրոշը, աստիճանաբար տարածում կստանան մեր իրականության մեջ ոչ միայն  գիտականորեն, այլև կիրառական առումներով:

 

Օգտագործված գրականության ցանկ

 

  1. Ալիշան Ղ., Սիսական, Վենետիկ, 1898, յաւելուածք:
  2. Բուզանդ Փ., Հայոց Պատմություն, թարգմանությունը և ծանոթագրությունները Ստ. Մալխասյանցի, «Երևանի համալսարանի» հրատ., Երևան, 1987:

     3.Երեմյան Ս., Նախշ-ի-Ռուստեմի «Քաաբա ի Զարդուշտ» հուշարձանի արձանագրության վկայությունները Հայաստանի մասին, ՊԲՀ, Երևան, 1966, №2:   

      4.Երեմյան Ս., Հայաստանը և վերջին պարթև Արշակունիների պայքարը Հռոմի դեմ, ՊԲՀ, Երևան, 1977, №4:  

      5.Խորենացի Մ.,  Հայոց Պատմություն, աշխարհաբար թարգմանությունը Ստ.  Մալխասյանի, Ե.,  1990:

      6.Մաթևոսյան Ռ., Հայկական զինանշաններ, Երևան, 2002, «Երևանի առաջին տպարան» հրատ.:

      7.Մանանդյան Հ., Երկեր, Բ, «Հայկական ՍՍՀ Գա հրատարակչություն», Երևան, 1978:

  1. Միրումյան Ժ., Սյունիքի իշխանական տունը մինչև 5-րդ դարի վերջը, Գիտական նյութերի ժողովածու, Հայագիտություն, Սյունիք, թիվ 1, Երևան, 2016:
  2. Պետրոսյանց Տ., Հայկական իշխանական զինանշանները, Երևան, 2005:
  3. Տերյան Ա., Հայաստանը Արարչագործության և Քաղաքակրթության Բնօրրան, Երևան, 2002թ.:
  4. Օրբելյան Ստ., Սյունիքի պատմություն, թարգմանությունը Ա.Ա. Աբրահամյանի, Ե., 1986:
  5. Аракелян Б., Очерки по истории искусства древней Армении, Ереван, 1976, табл. XVIII.
  6. Борисов А., Луконин В., Сасанидские геммы, изд. “Государственого Ермитажа”, Ленинград, 1963.
  7. Луконин В., Культура Сасанидского Ирана, М., 1969.
  8. Нежинский К., Герби Мира, изд. “Эксмо”, Москва, 2008, стр 5.
  9. C. Tumanoff, The Mamikonids and the Liparitids, “Armeniaca”, Venise, 1969,

17.http://aspetutyun.blogspot.am/p/blog-page_8.html

18.https://hy.wikipedia.org/wiki/Ցախաց_քար

19.http://f-gl.ru/геральдический-глоссарий/кабан-вепрь,-свинья-в-геральдике

20.https://web.facebook.com/Նիշագիտություն-Հայոց-Նիշագիտական-Խորհուրդ-269573199897009/

21.https://web.facebook.com/Haykazuni.house/

[2]Հայոց նիշագիտական Խորհուրդը (ՀՆԽ) առաջին հայկական հերալդիկ մասնագիտական կազմակերպությունն է, որը միավորում է նիշագետների (հերալդների) և նպատակ ունի փնտրել, ուսումնասիրել, վերծանել և վերականգնել հայկական զինանշանները, տոհմանիշերը և դրոշները:  

[3] Սյունի իշխանական տան տոհմանիշի և դրոշի մասնագիտական նկարագիրը ներկայացնում ենք Վրեժ Աթաբեկյանի հիմնավորմամբ:

About The Author

Related posts

Leave a Reply