Մարտի 25, 2019

Սյունիքի նորահայտ հրաշքը՝ Քարահունջի բերդը՝ Գյավուրկալա կամ Սիրիջի բերդ

Սյունիքի նորահայտ հրաշքը՝ Քարահունջի բերդը՝ Գյավուրկալա կամ Սիրիջի բերդ

Մ․ Քումունց
Բ․գ․թ․, դոցենտ

Մուտք։ Պատմական Սյունիքի Հաբանդ և Բաղք գավառների սահմանագլխին է գտնվում Սիրիջի քերծը[1] կամ Գյավուկալան։ Այն նախևառաջ բերդ է՝ բնակառուց և ձեռակերտ։ Նախնական տպավորությունը վստահեցնում է, որ այն վերագրվում է միջնադարին։ Ժամանակագրական ճիշտ բնորոշումը առայժմ առկախ է․ այն երբևէ չի ուսումնասիրվել, ուշադրության չի արժանացել։ Նրա բնական դիրքը, պահպանված բարդապարիսպները և հնագիտական մյուս գտածոները հավաստում են, որ երբեմնի անմատչելի բերդը եզակի է այս տարածաշրջանի համար թե՛ կառուցվածքով, թե՛ տեղում և շրջակայքում պահպանված հուշարձաններով։ Շրջակա ողջ տարածքի նկատմամբ գերիշխող դիրք ունեցող բերդը պետք է որ ունեցած լիներ պատմական նշանակություն։ Որպես բերդ և պաշտպանական դիրք պիտանի է եղել նաև Արցախյան պատերազմի օրերին։ Ցավոք մատենագիտական և այլ տեղեկությունները առայժմ չունենք։ Կարծում ենք, որ բերդի պատմահնագիտական արժևորումը նոր լույս կսփռի Սյունիքի հայագիտության բնագավառում և արժանի տեղ կգտնի տարածաշրջանի տեսարժան վայրերի շարքում։

Պատմական տարածքը։ Պատմական շրջանում Վարարակն գետի հովիտը՝ սկսած Ակնա գյուղի հյուսիսային լեռներից մինչև Որոտան գետը, ամբողջությամբ ընդգրկված էր Հաբանդ գավառում։ Որոտան գետի ձորահովիտը՝ Վարարակնի գետամեջ թափվելու վայրը, նրանից հյուսիս և հարավ ընկած ընդարձակ տարածքը ընդգրկված են եղել պատմական Բաղք գավառի մեջ, իսկ խորհրդային շրջանում այն մինչև Որոտան գյուղը բռնակցված է եղել Ադրբեջանական ԽՍՀ-ին։ Հետևելով Ս․ Օրբելյանի՝ Հաբանդ և Բաղք գավառներում նշած գյուղանուններին՝ պետք է կարծիք կազմել, որ Որոտան գետը սահմանել է այս գավառները․ հյուսիսը՝ դեպի Գորիս, ընդգրկվել է Հաբանդ գավառի մեջ, իսկ հարավը՝ Բաղք։ Իհարկե, այս բաժանումը պայմանական է, քանի որ տարբեր ժամանակներում փոխվել են գավառների սահմանները, անվանումները․ այդ մասին նշում է նաև պատմիչը[2]։ Հաբանդն գավառի ծայրեզրում է ընդգրկվել նաև այսօրվա Քարահունջ գյուղը, որի վերաբերյալ պատմական տեղեկությունները նույնպես սակավ են: Այս բնակավայր-տարածքի նկարագրությանը հանդիպում ենք Ղ. Ալիշանի «Սիսականում». «Կորեսի հարավային և Բարկուշատ մեծ գետի հյուսիսային կողմերի միջև երկուսից փարսախաչափ հավասար հեռավորությամբ Քարահունջ  կամ Քարունջ   գյուղն է` Ս. Հռիփսիմե եկեղեցով, Վարարակի աջից և անկյունում, որ [առաջանում է]  նրա հետ միացող, նրա մի օժանդակ վտակով, որի աղբյուր-ակունք են Սռուգ պուլագը և Եևտի պուլագը [= Սառը(Ցորտ) աղբյուրը և Յոթ աղբյուրը], եռագագաթ Յուչ Թեփելար լեռում, որից իջնելով և անցնելով վերոհիշյալ լճակով` մոտ 18 չափ բարձր քարաժայռերից թափվում է մեծ շառաչումով, որի համար և Շռան է կոչվում, և թերևս սրանից է ծագել գյուղի անունը` իբրև քարերի հունչ` ձայն` քարերի հնչողի»[3]: Ս․ Օրբելյանը Հաբանդում Քարահունջ բնակատեղի չի հիշատակում: Ղ. Ալիշանը փորձում է տեղագրական հենց այդ ուղղումն անել՝ ընդգծելով, որ Ս․ Օրբելյանի օրոք էլ այդ բնակավայրը գոյություն է ունեցել. «Հին Ցուցակը Ծղուկի արևելյան մասին Այլախ գյուղի հետ դասում է այս Քարահունջ գյուղը, բայց եթե իսկապես կա այս տեղում, որ նշանակեցինք ըստ ընտիր աշխարհացույցի, ավելի հարմար է Հաբանդին, որին հարմար է գալիս և ճանապարհը, որ շինեց Աբրահամ կաթողիկոսը և Խնձորեսկից գնալով դեպի Տաթև` անցավ այս գյուղով և «Տեսանք,- ասում է,- մի ավերակ գյուղ. որ Տաթևի առաջնորդները բանադրել` նզովքով որոշել  էին Քարահունչ անունը, աղերսեցին ինձ արձակել  [կապանքը], և տեղն առնելով` արձակել տվեցի, օրհնեցի գյուղը, որտեղ մի պատվական եկեղեցի կար` սրբատաշ քարերով շինած»: Այժմ այս գյուղում հողագործ հայերի 150 տներ են»[4]: Եթե անգամ այսօրվա Քարահունջ գյուղը համեմատաբար նոր է, քանի որ այն չի հիշատակվում Ս. Օրբելյանի կողմից, այնուամենայնիվ, այսօր էլ նկատվում է, որ շրջակայքում եղել են հին բնակատեղիներ։ Իսկ դրանց անունների մեծ մասը և Ս․ Օրբելյանի՝ այս տարածքում նշած բնակավայրերի տեղագրական և այլ հարցեր այսօր էլ կարոտ են պատասխանների։ Հետագայում այդ տեղանքի մասին դարձյալ խոսում է Ղ. Ալիշանը. «Քիչ հեռու` գետեզրին, կան կրային ջրերի հիվանդության պատճառ  [լինող] աղբյուրներ: 1840թ. Արարատի մեծ շարժի ժամանակ ավերվեց նաև այս գյուղը, որտեղ երկու վիհեր բացվեցին. մեկը` գյուղի միջավայրում, որը անցյալ տարի (1889) կրկին լայնացավ, որի պատճառով և պետությունը հրամայեց և հեռացրեց այնտեղից մոտիկ բնակվողներին: Վերջին տարիներս գյուղին մոտիկ հայտնվեցին և գետնաձոր բնակարաններ ու խեցեղեն ամաններ, կահ-կարասիներ»[5]: Այս բոլոր տեղագրական նկարագրություններում, այնուամենայնիվ, չի նշվում Գյավուրկալա կամ Սիրիջի քերծ բերդի մասին: Մեզ պատահած աղբյուրներից թերևս ամփոփ տեղեկություն ունի «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանը», ուր նշվում է, որ այն հավանաբար եղել է հենց Ձագեձորի բերդը, քանի որ գտնվում է պատմական Հաբանդ և Բաղք գավառների սահմանագլխին[6]:

Վարարակնի հարավային հովիտը՝ մինչև Որոտան գետը, նախկին Էյվազլար և Դավոթլու գյուղերի հյուսիսային մասերը, այսօր ընդգրկվում են Հարթաշեն և Քարահունջ գյուղերի սահմանում։ Սահմանը Վարարակն է, որը այս մասում հոսում է խոր ձորով /Տե՛ս նկար 1/։  Հենց այս տարածքի Ծակեր կոչվող վայրը, որից մոտ 100մ դեպի հյուսիս-արևելքում էլ գտնվում է Սիրիջի /Շիրիջի/ քերծը։[7] Ոչ միայն տարածքի, այլև բերդի մասին պատմական և այլ բնույթի տեղեկություններ գրեթե պահպանված չեն, բայց այն կարևոր և դիտարժան է այս տարածաշրջանի համար, քանի որ որպես բերդ-պատսպարան, որպես դիտանոց և ռազմական կայան գործել է նաև Արցախյան պատերազմի օրերին․ այն եղել է քարահունջեցիների հիմնական հսկողական դիրքը ամբողջ ձորի հանդեպ /Տե՛ս քարտեզ 1/։ Այս բերդը հսկող և հսկվող դիրքում է Որոտանի ավազանի Քուրդիկ, Քեյղալա, Մազրա, Նովլու, Սալկ, Սեթանց ամրոցների և Թեյմուր ամրացված բնակատեղիի նկատմամբ։

Նկարագրությունը։ Բերդը հիմնված է բնական ժայռի վրա։ Ժայռի ներքևի մասը կապտավուն է և ժամանակին իջել է մինչև գետը, իսկ հիմա այն ընդհատվում է Գորիս-Կապան ճանապարհով։ Հանդիպակաց ժայռերի համեմատությամբ այն մեկուսի է, բնականորեն վեր բարձրացած մոտ 70-100 մ, իսկ գետի համեմատությամբ՝ մոտ 150-200 մ։ Ժայռը տիրապետող դիրք ունի Որոտանի հովտի այս մասում․ այստեղից երևում են դիմացը՝ Ուղտի մեջքը, դեպի Կատարին բարձրացող ժայռերն ու անտառները, դեպի նախկին Կուբաթլու քաղաքի հովիտը՝ Որոտանի քաղաքային համայնք։ Որոտանը այս մասում երբեմն կոչել են նաև Բարկուշատ /նույնանուն հովիտ/ /Տե՛ս նկար 2, 3, 4/։ Բերդ կարելի է բարձրանալ միայն պարաններով կամ կախովի աստիճաններով / Տե՛ս նկար 5/։ Նրա ընդհանուր մակերեսը սեղանաձև է՝ մոտ 70մ՝ 140 մ շրջագծով։ Ծածկված է կանաչով և ծառերով։ Բերդի տարբեր մասերում հանդիպում են փոսեր, որոնք, ամենայն հավանականությամբ կացարաններ են եղել, իսկ որոշները՝ այլ կառուցներ։ Բերդի առանձին հատվածներ երիզված են ձեռնաշեն պատերով, որոնք տարբեր մասերում տարբեր հաստությամբ են՝ սկսած 1,5մ մինչև 40 սմ։ Գրեթե բոլոր կողմերից այն շրջապատված է բերդն անմատույց դարձնող բազալտե և խճապատ գոյակցությամբ ժայռերով, իսկ եզրույթները պարսպապատված են աշտարակավոր տիպի ոչ շատ բարձր  պարիսպներով: Արևելյան մասում բերդը շրջանակող ճանապարհ կա, որ անցնում է շրջանաձև փորված կամարներով /Տե՛ս նկար 5/։ Այժմ կամարներից պահպանված են երեքը, որոնցից երկուսը ամբողջական են։ Նկատելի է, որ ժամանակին այդ ճանապարհը շրջանակել է ամբողջ բերդը։ Տարբեր պատճառներով եղած փլվածքները ծածկել են հետքերը /Տե՛ս նկար 6, 7/։ Բերդի պարիսպները հաստությունը և կառուցվածքը հուշում են, որ դրանք եղել են ոչ միայն հարձակողական նպատակներով՝ վերևից հարվածելու համար, այլև որպես դիտանոցներ՝ շրջապատը հսկելու, և կրակարաններ՝ ահազանգի դեպքում շրջակա բնակավայրերին նախազգուշացնելու համար  /Տե՛ս նկար 8, 9/։ Որոշ մասերում պահպանվել են կիսաշրջանաձև դիտաշտարակի և կացարանի մնացորդներ: Բերդը ունեցել է դեպի Վարարակ գետը տանող գետնուղի, որը ներկայումս փակված է և հազիվ է նշմարվում:  Բերդի տարածքում պահպանվել են առանց շաղախի կառուցված ուղղանկյուն կամ կլորավուն ոչ մեծ չափերի պատերը: Ուշագրավ է բերդի ներսում պահպանված շրջանաձև փոսը, որ հավանաբար եղել է ջրամբար: Բերդի հարավային, արևելյան մասերում մոտ 2 մ բարձրությամբ պահպանվել են շրջանաձև պարիսպների ստորին մասերի մնացորդները:

Խոսք չկա, որ Քարահունջի այս բերդը աչքի է ընկել երբեմնի ամրակռությամբ և անմատչելիությամբ:

Բերդում պահպանվել են հորեր, մարագներ և տարբեր նպատակների համար պահեստարաններ /Տե՛ս նկար 10, 11, 12, 13/։ Դրանցից լավ են պահպանված ցորենի երկու հորերը։ Բերդի առանձին մասերի հողաշերտերում նկատվում են կավե ամանների մնացորդներ, ոսկորներ /Տես նկար 14, 15, 16/։

Բերդի շրջակայքը։ Բերդից մոտ՝ 50 մետր հյուսիս՝ դեպի ներքև, Ծակեր կոչվող վայրն է, որտեղ կան ոչ միայն ժայռափոր այրեր, այլև ջրամբարներ, ջրատար փորվածքներ։ Դիմացը՝ գետի երկու ափերին, ընկած են կեսալեռնային զանգվածով բարձրություններ ու թեքություններ, ուր տեղ-տեղ նույնպես պահպանված են ամրոցի պատեր, մարդակերպ քանդակ և այլ հուշարձաներ: Ժամանակին այդ տարածքը բարեբեր է եղել: Այսօր էլ Քարահունջեցիները հիշում են երբեմնի կանաչով ծածկված այգիները[8]: Պահպանված են սրբատաշ շարվածքով և ժայռափոր մոտ 15 հնձաններ Յոլուն բաղ, Միշի ձոր, Ավագ քեռու բաղ տարածքներում: Բերդի հարավային մասում՝ դեպի Որոտան գետը, ընկած է դաշտ և մի ավելի մեծ ժայռ, որին բնակիչները անվանում են Բաղ բերդ: Սիրիջի քերծի արևմտյան մասն ամբողջությամբ նույնպես այգետեղեր են, որ կոչվում է Շամխալ բեյի բաղ: Այս տարածքում հայտնաբերվել են խաչքարեր՝ որոնցից մեկը՝ արձանագրությամբ։

Ավանդազրույցներ: «Պատմողաբար մեզ է հասել, որ հայերը պարսիկներից պաշտպանվելու համար բարձրացել են Գյավուր ղալան։ Թշնամին ոչ մի կերպ չի կարողացել գրավել բերդը, ու անվանել են Գյավուրի ղալա /անհավատի բերդ/։ Մեր ժամանակներում կարողացել են բերդը բարձրանալ Սերգեյ Առուստամյանը և նրա հայրը՝ Խաչատուրը։ Բերդում գտնվել են զանազան իրեր, ավազան՝ ջուր ամբարելու համար, թոնիր և այլն։ Ասում են՝ բերդից մինչև Վարարակն գետը գոյություն է ունեցել թունել՝ գետնուղի, ելք ու մուտք, ջուր, սնունդ հայթհայթելու համար» [9]։

Մեկ այլ ավանդազրույցի համաձայն՝ Սիրիջի քերծը դեռ շատ հնուց եղել է բերդ։ Ալի Ղուլի խանը մի քանի անգամ փորձել է գրավել այս տարածքը, բայց այս բերդից տրվող ազդակների պատճառով անհաջողություններ է ունեցել։ Փորձել է գրավել Սիրիջի քերծը, որտեղ պատսպարված են եղել շրջակայքի բնակիչները։ Չի կարողացել։ Հետո նորից է արշավել մոտ 20000 զորքով, բայց դարձյալ չի կարողացել ու բերդը անվանել է անհավատ՝ Գյավուր կալա[10]։

Արժևորումը։ Քարահունջ գյուղի հարավային մասը՝ հատկապես Սիրիջի քերծը, իսկապես  տեսանելի է  Ակների բարձունքից, հին Գորիսից և ընդհանրապես Վարարակն ձորահովտի հյուսիսային շրջաններից, Որոտանի հովտի ցածրադիր և բարձրադիր մասերից։ Եվ ինչպես նկատելի է նկարներից և քարտեզներից, այն կենտրոնական դեր ունի շրջակայքում։ Չենք կարող պնդել, թե Ս․ Օրբելյանի հիշատակած Ձագեձորի բերդը հենց դա է, բայց և անժխտելի է, որ այն գտնվում է «պատմական Հաբանդ և Բաղք գավառների սահմանագլխին[11]»՝ տեսանելի նշված գավառների բարձունքներից։

Բերդը երբևէ չի արժանացել հնագետների և պատմաբանների ուշադրությանը։ Կարծում ենք՝ կլինեն միջոցներ և ժամանակ այն դիտարժան դարձնելու այցելուների համար և ընդգրկելու Սյունիքի պատմամշակութային նշանակալից հուշարձանների շարքում։
Շնորհակալ կլինենք այս բերդի վերաբերյալ անհրաժեշտ դիտողությունների ու լրացումների համար։
Նկ․ 1
 

img

Քարտեզ 1
img

Նկ․ 2, 3, 4
  • Նկ․ 2
  • Նկ․ 3
  • Նկ․ 4

Նկ․ 5
img

Նկ․ 6, 7
  • Նկ․ 6
  • Նկ․ 7

Նկ․ 8, 9
  • Նկ․ 8
  • Նկ․ 9

Նկ․ 10, 11, 12, 13
  • Նկ․ 10
  • Նկ․ 11
  • Նկ․ 12
  • Նկ․ 13

Նկ․ 14, 15, 16
  • Նկ․ 14
  • Նկ․ 15
  • Նկ․ 16

Բերդի մնացուկ
img

Մարդակերպ արձան
  • 17094154_1838402216436944_279008834_n
  • 17078524_1838402306436935_217388133_n
  • 17035517_1838402229770276_644728750_n

Հնձան
img

Բերդը և նրա հատվածները
  • 27149012
  • 111903084
  • 123138107

[1] Քարահունջեցիները կոչում են Սիրիջի բերդ։ Սիրիջ կամ շիրիջ բույս է, որ այս բերդի վրա առատությամբ է աճում և նունն է՝ շրեշ /Շրեշ (լատ.՝ Eremuarm), շրեշտ, օղին, փայլկտուկ, թաղաղուազգիների ընտանիքի կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ/։ Շրեշ անվամբ բլուր հիշատակվում է Վարդգես Մանկան մասին Մովսես Խորենացու բերած ավանդության մեջ։ Հեղինակները նշում են, որ Շրեշ-բլուրը նեոլիթյանԷնեոլիթյան բլուր-բնակատեղի է էջմիածին քաղաքից մոտ 0,5կմ հեռավորությամբ, Օշական տանող ճանապարհի արևելյան կողմում։ Կարծում են, որ այն արհեստական բլուր է, առաջացել է մոխրի ու մշակութային մնացորդների կուտակումներից։ Ունի 123 մետր տրամագիծ, բարձրությունը տեղ-տեղ հասնում է 3, 5 մետրի։

[2] Այդ մասին կարելի է տեսնել Ս․ Օրբելյան, Սյունիքի պատմություն, Ե․, 1986թ․, էջ 70-71։

[3] Ղ. Ալիշան, Սիսական. Տեղագրութիւն Սիւնեաց աշխարհի, Ամստերդամ, 1893, էջ 262

[4] Նույն տեղում:

[5] Նույն տեղում:

[6] Թ. Հակոբյան, Ստ. Մելիք-Բախշյան, Հ. Բարսեղյան,  Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Ե., 1986, էջ 881:

[7] Բերդը տեղացիներից ոմանք կոչում են նաև Գյավուրղալա կամ Գյավուրկալա՝ հավանաբար հետևելով գրականությանը կամ ավանդազրույցին։ Նման անվանումով բերդի մասին է խոսում Վ․ Բալայանը «Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը»  աշխատանքում։ Նշվում է, որ Քաշաթաղի շրջանում՝ Հոչանց գետի ձախափնյա ձորալանջին պահպանված կիկլոպյան շարվածքով հնամենի բերդի մնացորդ­ները, ըստ մի կարծիքի, Ստ. Օրբելյանի հիշատակած Խոժոռաբերդն է, որին եկվոր քրդերը կոչում էին Գյավուրղալա (անհավատների բերդ)։ Այս մասին տե՛ս https://hy.wikisource.org/wiki/:

[8] Խաչքարի արձանագրությունը վերծանման ընթացքում է։ Այս տարածքի տեղագրական հարցերում մեզ շատ օգնեց տարածքին գիտակ, բանասաց ու ստեղծագործող Սուրեն Հարությունյան-Քարահունջեցին, որ անհետացումից փրկում է շատ հուշարձաններ: Առանձնակի մեր շնորհակալությունն ենք հայտնում նրան այս աշխատանքը ամբողջացնելու համար: Տեղագրական հարցերում մեզ օգնեցին նաև քարահունջեցիներ Գրիգորը և Վոլոդյան։

[9] Ա․ Բաղդասարյան, Քարահունջ գյուղի պատմությունը, 1988, էջ 7։

[10] Ասացող՝ Սուրեն Հարությունյան-Քարահունջեցի։ Զրույցը լսել է իր քեռուց։

[11] Թ. Հակոբյան, Ստ. Մելիք-Բախշյան, Հ. Բարսեղյան,  նշվ․ աշխ․, էջ 881:

About The Author

Related posts

Leave a Reply