Օգոստոսի 20, 2019

Սեթանց գյուղի ամրոցը

Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրնի գիտաշխատող

Զոհրաբ Ըռքոյան

Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Բաղք-Քաշունի գավառը, որը տարածված էր Որոտան գետի ավազանի անտառապատ սարահարթերում ու ձորակներում, լեռնալանջերին ու գետահովիտներում,   դարեր շարունակ՝ մինչև 18-րդ դարի երկրորդ կեսը,  եղել է հայոց բնօրրան: Դավիթբեկյան հերոսամարտից հետո, երբ թուլացան հայ մելիքները,  մահմեդականներին հաջողվեց հայաթափ անել նաև այս տարածքների մի մասը և բնակեցնել հիմնականում քրդերով, որոնք մինչև 19-րդ դարի առաջին քառորդը վրնաբնակ կյանքով էին ապրում: Այնուհետև սկսեցին ապրել հայոց բնակավայրերում և անվանափոխել անունները: Բաղք գավառը 17-18-րդ դարերում սկսել էր տրոհվել, և առաջացել էին փոքր գավառներ, որոնցից է Մաղանջուղը: Ըստ Ստեփանոս Օրբելյանի «Ժամանակագրություն» հավելվածի՝ հիշատակվում է Սեթանց գյուղը, որը հարկ էր վճարում Տաթևի վանքին: Հայաթափումից հետո քրդերը 19-րդ դարի 50-ական թվականներին հաստատվել են այստեղ և գյուղը կոչել են Սեյթաս: 1993 թվականի աշնանը այս տարածքն էլ ազատագրվեց: Գյուղը գտնվում է Կապան լեռան հյուսիսային կողմում՝ Որոտանի աջափնյա վտակ Սեթանցի  ափին՝ Կապան-Գորիս մայրուղուց 5-6 կմ արևելք՝ շրջապատված խիտ անտառներով: Այն, որ Սեթանցն ունի դարերի պաընություն, հուշում են պահպանված հայոց հանգնրաստարանը և մոտակա ամրոցը: Օգոստոսի 26-ին հնագետներ Գագիկ Սարգսյանի, Արտակ Գնունու և ազգագրագետ/ԼՂՀ ՄԵ փոխնախարար/ Լեռնիկ Հովհաննիսյանի հետ եղանք Սեթանցում: Մեզ ուղեկցում էր տարածքին քաջածանոթ, 1993թ.-ից մերձակա գյուղում  բնակվող Կարո Քումունցը:  Գյուղի արևմտյան կողմում՝ գետի ափին, ծովի մակերևույթից մոտ 1300 մ բարձրության վրա,  գտնվում է անտառապատ մի բլուր, որի երեք կողմերով հոսում է Սեթանց գետակը և դարերի ընթացքում խոր, սակայն ոչ լայն կիրճ է առաջացրել: Բլրի բնական ամրությունն օգտագործել են մեր նախնիները և այստեղ միջնադարում ամրոց հիմնե լ/հնարավոր է՝ վերակառուցել են ավելի վաղ շրջանի բերդը/: Արևմտյան կողմում՝ ուղղաձիգ ժայռերի վրա, պատերը դեռ պահպանվում են: Այստեղ՝ գետի հակառակ ափին, նույնպես շինության ավերակ կա: Հավանաբար այս մասում ժամանակին բացվող կամուրջ է եղել, որը ամրոցը կապել է մոտակա բլրալանջին: Այս կողմում եղել է նաև գաղտնուղի, որն իջել է գետակի վրա: Մատակայքում՝թույլ մասերում, պատեր են շարվել: Որոշ տեղերում պահպանվել են դրանց հետքերը: Բլրի արևելյան կողմում դարձյալ ուղղաձիգ ժայռեր են, իսկ հյուսիսային մասում պահպանվել են շինությունների հետքեր՝ գտնվելով հիմնականում բերքատու ծառերի մեջ:

Հնավայրում պահպանվել է նաև միջնադարյան կառույցի մի մասը՝ կրաշաղախ պատեր, մուտք: Ըստ ամենայնի՝ կառույցը եղել է ամրոցի դղյակը: Սեթանցում այժմ բնակություն են հաստատել 2 ընտանիք, և այս ավերկը կոչում են եկեղեցի, սակայն կառույցի դիրքն ու տեսքն այլ են:  Պատերը շարված են մշակված բազալտով, ունեն մոտ 1 մ լայնություն: Մոտը մեկ այլ կլորավում շինություն կա: Դղյակից արևմուտք ընկած է մի սյուն՝ մոտ 5 մ երկարությամբ, 40 սմ տրամագծով, մեջը կլոր անցք: Հավանաբար ժամանակին այստեղ եղել է ամրոց-բնակատեղի, և հյուսիսային մասն ամրացվել է պարսպով: Շինությունից 3-4 հարիուր մետր հյուսիս ծառերով պատված հայոց հանգստարանն է, որտեղ պահպանվել են 2 տասնյակից ավելի շիրմաքարեր: Մի քանիսը, որ խաչքար են հիշեցնում, ընկած են դեմքի վրա: Ծանրության պատճառով չկարողացանք շուռ տալ: Այնուամենայնիվ գտնվեց մի կոտրված տապանաքարի բեկոր, որի վրա կա հայերեն արձանագրություն: Գյուղին տիրացած քրդաթրքերը հայոց հանգստարանի վրա ծառեր են տնկել, իսկ խաչքարերը ջարդել կամ շուռ տվել դեմքի վրա: Հավանաբար նրանց աչքից վրիպել է հայերեն արձանագիր քարաբեկորը/13-14-րդ դարեր/:  Եկեղեցին երևի կառուցված է եղել այս հանգստարանի մոտ և ավերվել է օտարների ձեռքով, ինչպես գերեզմանատունը: Այնուամենայնիվ հստակ պատկերոցում ունենալու համար պետք է տարածքում պեղումներ իրականացվեն, խաչքարերն իրենց տեղը դրվեն:

 

About The Author

Related posts

Leave a Reply