Դեկտեմբերի 10, 2018

Պղծյալ Եդեմը (վիպակ, 2016, հատվածներ Բ գլխից). Հրայր Լալայան

Պղծյալ Եդեմը (վիպակ, 2016, հատվածներ Բ գլխից). Հրայր Լալայան

Ես ամենևին էլ չգիտեմ՝ գրող ինչպե՞ս են դառնում…առավել ևս՝ ինչպես են ճանաչվում… Անձիս մտավոր ոռճացումը կլինի, թե ասեմ, որ ծանոթ եմ ժամանակակից հայ գրականությանը, բայց որ կարելի է բառի, մտքի, ասելիքի նրբության զորությունը գտնել գրա(մտա)մոլության այս դարում, դա հաստատ է…Հրայր Լալայան…Ծանոթ եմ նրա ստեղծագործությունների մի մասին, մի անգամ նույնիսկ անհաջողաբար փորձեցի գրախոսել վիպակներից մեկը, բայց փաստորեն չկարողացա…Անցան տարիներ, համոզված եմ՝ հիմա էլ ստեղներս դատարկ գրախոսություն չեն արձանագրում, այլ ապրումի, ճաշակի և նոր որակի գրչի մասին են թխկթխկացնում… Ասելու եմ այն, ինչ զգացել եմ. բնությունը տարանջատվող գույների բառային միջոցն է փոքրիկ, գուցե մեծ ասելիքում…Եվ զարմանալի է հասկանալը, թե ինչպես են նույնանում սպիտակն ու սևը…Սևը, որ բոլոր գույներն ունի իր բացվածքում, անշարժ է տիեզերական ամբողջության մեջ, բայց ահա սպիտակը ինչպես է մեղմիվ երկխոսում՝ լինելով ավելի տկար, անօգնական ու անսահման անմեղ…Նույնքան զարմանալի է բառի փոխհաշտեցումը պատումի  տարբեր անկյուններում…  Համոզվում ես, որ երբեք էլ լեզուն չէ աստվածային այն ընծան, որով կայանում են զգացմունքներն ու զգացողությունները որպես բնազդի զարգացման դրսևորումներ…Պետք չէ շատ տեսնել, շոշափել, լսել…. Անհրաժեշտ է ապրել եթերային լուսաբացն ու ճակատագրական խավարը ու լինել նրանց անջատման կամ հաշտեցման կենտրոնում…Պետք է հասկանալ, որ ուրիշի ստվերը երբեք չի ծածկում անձիդ, և զոհերն ու ողջակիզումները,  գրբացությունն ու օձեղեն հայացքը, ոսկեղենն ու աղքատեղենը չեն որոշելու քեզնից դուրս ապրողի ապրելու սահմանը,  որևէ կերպ չեն կարող ազդել ստվերի տեղաշարժին, որ ձևավորվում է արևելքի ճաճանչներից ու մարվում արևմուտքի խղճում…

Ուղղակի պետք է համակցված լինես այն աշխարհին, որ եղել է քեզնից առաջ…

Մ. Քումունց

 

․․․Ամեն ժամանակաշրջան իր խիղճն ունի՝ մարմնացյալ, վտարանդի, դեգերող։ Քվազիմոդոյի տձև ձուլվածքով, բարի, խելացի խոնարհ աչքերով, կուզը վեր ցցած առ Աստված, անլվա, անխնամ միրուքն ու մազերը անհամապատասխան կտրած, պահպանված, գլուխը փոքր-ինչ աջ ուսի վրա խեղճորեն ծռած՝ խիղճն է այս ծառի, որ արևի հետ քաղաքի սիրտն է խուժում ու մուրում, և արևի հետ էլ թողնում մայր մտնում ավելի խամրած՝ ամեն Աստծո օր։

Տասներկու ամիս սրան պինդ գրկող կարկատաններով հաստլիկ վերարկուն՝ դրամապանակն է մուրացկանության։ Հրապարակից կամ շուկայից թեթև, աննկատ գործել է սկսում՝ մեկիկ առ մեկիկ, անհատ առ անհատ, մեքենայից մեքենա իր տասանորդը  ամեն օր կորզում՝ առանց մի բառի և կամ խնդրանքի։ Եվ երեկոյան դրամապանակ ծանր վերարկուն, որ ծանր-ծանր քայլել է տալիս խեղաթյուրված այս մարդակերպին, ինչ-որ մի մութ գաղտնի անկյունում՝ անորոշ կերպով թեթևության հաճույքն է զգում․․․, առավոտյան կրկին ծանրացնելու հստակ երդումով։

Այս ծառի խիղճն է մուրացկան դարձել։ Ամեն մի խիղճ էլ կծու լռությամբ իր գործն է անում՝ որպես զանգ զնգում, ստվերի նման ամեն ուր թառածել պատժում, ապտակում․․․և թողնում ամոթով ու կրկին լռում։ Այս մուրացկանի տեսադաշտում թե հայտնվես, նա մոտենում է հրեշտակային խոնարհ քայլերով և մեկ քայլ հեռու արձանանալով իր խորհրդավոր աչքերն է չռում ճի´շտ աչքերիդ մեջ և լռում, լռո՜ւմ․․․։ Մեկ բարկանում ես, ու մեկ էլ խղճում, մեկ հոգնեցնում է, մեկ էլ վախեցնում իր առեղծվածային սևաբովանդակ աչքի բիբերով։ Հայելու պես է աչքերը նրա՝ ամեն մեկն իր պարտությունների մերկությունն է նրանում որսում՝ մուրացկանության բարոյականությամբ։ Եվ որպես փորձված դրամի որսորդ, հենց ծանոթ շող է տեսնում ափիդ մեջ՝ մեկ վայրկյանում, մեկ շարժումով ու մեկ քայլով շողն է գողանում քեզնից լռությամբ, մի պահ նայում է ու լռությամբ էլ թողնում հեռանում։ Նրան գոհացնելու ոչ մի հնարավոր տարբերակ չկա։ Մեծ հաճույքով է իր հետ քարշ տալիս դրամապանակ ծանր վերարկուն, որ ամեն վայրկյան ծանրանում է ափի շողերով։

Այս ծառի խղճին մուրացկանության պաշտոնն են հանձնել, դրամով պղծել ու խեղաթյուրել առաքելությունն ու պատիվը նրա։ Պարտված լռությամբ, ունայնության հուսալքությամբ դրամ է դիզում ու չի վայելում։ Ծառի ճյուղերը  սև քամիների հաճույքներն են դիզում ու կիտում, և կաշառում են խղճին մուրացիկ, որ զազրելի լռությունով պատանքապատված էությունից երբեք չսթափվի, արշալույս հագնի․․․ու լեզուն բացի։

Գրողի սև ծոցը ձեր խավար կյանքն էլ, մուրացիկ ձեր խիղճն էլ։

Ահա և ծառի դերասանը մեծ։ Դիվանագիտության, քաղաքականության, կառավարման, տնտեսական և նմանատիպ հազար ծանրագույն բռնաբարված հոդվածների հողմերի շունչը՝ մարգարեն դարի։

Դառնանահանջ իրականության խորհրդանիշ մարմնավորումը, որտեղ ամեն ինչ այնքան ճիշտ է ընդգծված, այստեղ խմորվում է հենց ինքը՝ դարը։

Օտարների հնամաշ կոստյումներն է նրա իմիջը միշտ ապահովում`կեղտոտ, ճմրթված ու նույն փողկապով։ Միշտ ածիլված է, բայց թուխ մարմինը միշտ էլ անլվա, պարանոցին սև ամպերի պես ինչ-որ գծեր կան խոժոռված բազմած։ Առեղծվածային խորհուրդ հարուցող կրելիք զարդը, իր բանալիների անպետք խուրձն է, որ միշտ իր հետ է՝ կամ կողքից կախած, և կամ դոշ տված ինչ-որ մեկի հետ խոսելու պահին ձեռքի ափի մեջ իրար է դարձնում։ Տոհմի անունն ու ծնողապարգև իր իսկ անունը նա էլ չի հիշում, կամ այդպես է պետք դարի այս խաղում։ Ծառի բնի մեջ փողկապ  ունեցող բոլոր ճյուղերին ճանաչում է և ներքին ինչ-որ մղումով զգում, թե ո՞վ է շուտով գլուխն անցնելու ծառին բովանդակ, և նախապես է ինքն իրեն կնքում այդ նոր գալիքի անունով հստակ։ Հպարտությամբ ու պատկառանքի  խոր գիտակցմամբ ու երկյուղով է կրում անունն իշխող վիճակի։

Մարդչի հասկանում, ծաղրածուի դիվանագիտությամբ հերոսն այս մեր՝ խեղճ մուրացկա՞ն է իր ուրույն ձևով, թէ՞ թքած ունի դարի ճակատին, և ձեռք է առնում իր իսկ լուսավոր հոգու ծալքերից մեր խավարագետ ու սևախորհուրդ խաբկանքներով աղավաղված տեսիլքներին։

Լույսի հանդեպ անսկզբունք ու հեշտասեր, տգետ ու տձև,  աննվեր ու դատարկ լրջությամբ պետական փողկապների չկայացության և պարտված հպարտության մարմնացումն է, որ ‹‹թագավորական պալատների›› դիմաց է իր օրն անցկացնում՝ փող հավաքելով, լուրջ կերպարներով, լուրջ զրույցներով, կշռատադված եզրահանգումներով, ինքն իր հետ անհաշտ՝ միշտ կռվի բռնված և ժողովրդի ցավը կծու հումարով մարդկանց պատմելով։

Մի օր որոշեց քաղաքապետի աթոռին բազմել, դե´, գոնե փորձեց այդ կողմը նայել։Եվ, երբ ծաղրանքով նրան հարցրին, թե կարո՞ղ է արդյոք քաղաքապետի ծանր լուծը ստանձն առնել։ Նա ժպտաց ու առանց մտածելու պարզապես ասաց․

-Դուք էլ բան ասեցիք, մի պարելն ի՞նչն է, որ չկարողանամ տակից էլ դուրս գալ։

Աթոռամոլի հոգու կերտվածքն է մարմին հագնելով փողկապը կապել։ Մուրացկան Խղճի գործընկերը այս, ինչևէ, կարծես մի քիչ շատ է մտածում ու նաև խոսում։ Շատերը նրան որպես հիվանդ են տեսնում ու գթում, բայց նա կերպարն է մեր իսկ թերության ու կիսատության։

Գրողի ծոցը բռնաբարության մարգարեի նզովքը արդար, քրքիջը ցավի, չէ՞ որ ճշմարտությունը մեր իսկ հոգու մեջ հիվանդությամբ ենք կաղապարել, կեղծիքով կնքել․․․։

Նայի´ր։ Աչքե՛րդ բացիր։  Ուշադիր նայիր այս անասնային, վայրենի կենցաղ ու կենակցություն վիժող կնոջը՝ ծառում տեղ գտած աղբամանների հավատարիմ պահպանուհուն։ Ծառի ճյուղերը ձեռքերը դատարկ երբեք չեն կարող տեսակցության գալ աղբամաններին, միշտ մի փոքրիկ բան բերում են թողնում։ Հնուց այդպես են օրենք սահմանել ու կարգեր դրել։ Բայց դարի քթին տիրուհի ունի աղբամաններն այդ, որ տան տիրուհու իրավունքով է դատարկ ներս գալիս ու վայելում աղբամանները՝ բազմահոտ ու բազմաբնույթ։

Փողոցային անտեր շներ ու կատուներ բնազդային նախանձով են նրան նայում՝ աղբամանի հովիտներում նա մարդկանցից չի վախենում։ Ձմեռվա ցրտին կամ ամռան տապին առանց ամոթի, հազար ու մի նախանձոտ աչքերի առջև, էգոիստի պես ամենահամեղ պատառիկներն է մտնում, գողանում, միայնակ էլ ուտում, վայելում․․․։ Գող ավազակ է, զգուշանալ է պետք։

Թափառական կենդանիները  բողոքում են անբարբառ արդարբնազդով, թե ո՞րն է պատճառը այս տեսանելի խտրականության, հետո ի՞նչ, որ կենդանին այս երկոտանի, մի քիչ ձեր պես է ու ձեր լեզվով էլ խոսել գիտի։

Նախկին փափկասուն և կուսադրույժ կինը զմռսված, դժվար է ասել ինչքան է ապրել և ինչքան կապրի․ չորացած դեղին տերևի նման, վտիտ, հիվանդոտ, անկենսունակ ու թմրամոլի երերուն, ճոճվող քայլվածքով մեռնող՝ ինչպես մեռնող տերևն է ուշաթափվելով ծառից վայր ընկնում։ Կեղտոտ ու ոջլոտ դեղնակարմիր մազերի փունջը՝ սուր-սուր ու ծուռ-ծուռ ինչ-որ ասեղնահյուս փնջեր է դարձել։ Հագուստները կիսապատռոտված ու բազմաբղետ է՝ ինչպես գույներով ու անդաշնակ ոճով, այնպես էլ անտանելի տհաճ հոտերով։ Դեմքը ծածկված ու զմռսված է անհասկանալի կեղտի մի շերտով, որ տաքից-ցրտից ստեպ-ստեպ ճաքեր են տալիս, և այդ ճաքերից հնուց ժառանգված  պեպենիկներն են ի ցույց ամենքի գլուխ բարձրացնում։ Սոսնձապատված փակված գամված են, և փոքրիկ հյուլե արևի շող է միայն ներս մտնում նրա չորացած, ճիպուռներով գերապատված աչքերի տիղմից դեպի փտած, մոխրացած հոգին ավերակ։ Հոգնած ու մաշված ոսկորների ու հնամաշ կաշվե համատեղության ձուլվածք է կինն այս՝ նախկին դուստրը ջերմագին սիրո։ Նրա կերպարում հստակ տեսնում ես կործանումն ինչպես է լինում՝ խաղաղ ու դանդաղ, ամենքի ուրախ աչքերի առջև․․․։

Նա էլ, առանց բացառության բոլորի նման՝ սիրո բերկրանքի, ինքնամոռաց հաճույք վայրկյանի պտուղն էր ոմանց, օրհնությունով լույս աշխարհ եկած, նախախնամված բարու իդեալով և Տիրոջ սրբազան շնորհների խորանում հստակ հաստատված՝ լուսամաքուր իր խորհուրդներով։  Մայրական կրծքից սնունդ է առել, ջերմություն քաղել և խնամվելով արբունքի հասել։ Օրիորդ հասակում գուցե հյուսել է երազներ կապույտ՝ կարմիրների ծիածանով ներդաշնակված։ Այս օրիորդն էլ բոլորի նման ապրել էր ուզում։

Թե ինչպե՞ս եղավ և ո՞ր տարիքում, հե´չ կարևոր չէ, իր անձնականը թող մնա իրեն՝ խավարաշաղախ հուշերում հանգչի մեռելացավով, բայց ինչ-որ մի օր այս հսկա ծառի թաքուն փչակում նա սկսեց խմել, իսկ հետո ծխել, ապա կրքերի կարմիր թևերը նրան հաղթեցին ու․․․ ու գրկեցին կյանքի օրերը․․․։

Այսօր մենակ է իր իսկ մարմնի հետ։ Հոգին լքել է ծառի փչակում, լուրթ երազները երամ են կազմել՝ հավիտյան չվել ձմռան շունչ փչող նրա ցուրտ կյանքից։ Քնում է դրսում, ուր որ պատահի։ Եվ միակ տեղը, ուր որ ինքն իրեն հանգիստ ու խաղաղ է զգում, դա այս ծառի աղբամանների ցիրուցան կայսրությունն է։ Հարմարվել է իր այս վիճակին՝ ծեծին, ծաղրանքին, օգտագործվելուն, մարդկանց շարքերից վռնդումներին․․․։ Խմել է ուզում և ամեն գնով, իրականության հետ անհնարին է ապրել ու հաշվի նստել։ Մթագնած դատարկ միտքը, աներազ ժամերը, կյանքի մնացյալ իմաստազուրկ օրերը թաղել է ուզում օղու շշերում։

Երիտասարդության հեշտասիրությունը այս ծառի բնում  շատերին է կործանումի խաչին գամել, հաճույքների շղթաներով ձերբակալել, վայելքների խաչմերուկում հրաբորբոք  ցցերին է ոմանց հանել․․․։

Ծառի երբեմնի օրիորդն է խամրած, խաբված ու պղծված՝  չարդարացված ու անկառավարելի կրքերի զոհը, անիծյալ  դժբախտություն գուժող որոգայթներից ու բախտախնդիր առնանդամներից հոգնած թավշյա ճյուղն է նա։ Շատերն են նրա և´ կյանքով ապրել, և´ վայելքների բաժնեկից դարձել, և ծառի փչակները մեկ առ մեկ հաշվել, բայց նրանց հանդեպ բախտը բարի էր․․․։

․․․Երդվում եմ բոլոր հրեղենների լուսաթևությամբ, այս խառնիճաղանջ ճղների խուրձում մի հրաշք կա՝ իրավահաջորդ ու արժանապատիվ տերն այս ծառի։ Խոնարհության, նվիրումի համակ լռությամբ, որ ամեն օր իր սիրառատ  խնամքն ու հոգատար հարգանքն է մատուցում այս ծառի բնին։ Գլխիկոր, խեղճ արտաքինով, ճերմակ մազերով, տառապած դեմքից խաղաղություն բուրող մարդ է՝ տառապանքների ու զրկանքների չարացնող ձեռքը նրա առջև ուժասպառ նահանջեցին։ Հնացած է նրա հագուստները, բայց միշտ էլ կոկիկ է նա գործի ելնում, փողոցներ մաքրող  իր հավատարիմ փայլող բահի հետ։ Հույժ պատկառանքով է այդ բահը կրում և այդ նույն բահով ծառի ճյուղերի փնթի, թափթփված կյանքն ու նրանց կողմից անընդհատ աղբակույտի վերածվող շրջակայքն է  քանդում ու թափում՝ մաքրազերծելու, կոկիկ պահելու համառ որոշմամբ։

Փողոց մաքրողների, աղբ թափողների անփույթ ու անլուրջ կերպարների հետ նա չկարողացավ երբեք էլ ձուլվել, միշտ տարբերվում էր, անկախ իր կամքից։ Նա միայնակ է իր գործով զբաղվում՝ փայլող բահի հետ հաշտ ու համերաշխ։

Ծառի բնից սերող ազնվականությունն է, որ չքավորության լծի տակ կքած՝ իր վեհ ապրելով, ասպետական պահվածքով, գրագետ հագ ու կապով, ներկայանալու, վարվելակերպի ուրույն մոտեցմամբ շնչում է այստեղ, հենց ծառի պորտին։

Արևի կեծին կամ ցրտի շնչին, երբ հոգնած, քրտնած ծխել է ուզում բահակիր ազնվականը մեր, կքելով մեջքը հենում է ինչ-որ մի պատի, ինչ-որ մի ծառի, բահը իր կողքին ուղիղ հենելով ու լո՜ւռ ծխում է, ինչպես անվախ արծիվը ժայռերին բազմած, թևերը ծալած, տիրական խաղաղությամբ, ինքնավստահ աչքերի սևեռմամբ։ Կայացած ինքնավստահությունը, հոգու կուռ կոփվածությունը, տղամարդու առաքինի զսպվածությունը  դրոշմված է կարծես նրա բահի փայլի մեջ։

Խավարի փռյալ թևերի դիմաց իր ցասմափողփող բահով կռվի է ելել՝ առավոտից մինչ երեկո մաքրում, հարդարում է ծառի նախկին լուսակոխ մայթերն ու ճանապարհները՝ մոլախոտից ու փշերից, ցեխից ու տիղմից․․․։ Նրան չես տեսնի երբեք խոսելուց․ գործն իր խոսքն է, իսկ բահը՝ լեզուն։

Արժանի քաղաքացուն դարը նետել է վերևից ներքև։ Ազնվականի շնորհներով փողոց մաքրող են նրան ձեռնադրել ու բահով օծել։ Փողոց են նետել արքունիքի լիիրավ ժառանգին, քանզի լույսը չուրացավ և կուռքերի գերագույնին չերկրպագեց․․․։

․․․

․․․Ծառի անցյալը, որ ողողված է չքնաղ պատմությամբ, ամենաազնիվ արյունով ներկված, ամենազոր ու քաջազնունի որդեծնությամբ, առաջնորդելու, գաղափարելու առաքելությամբ․․․, այսօր դարձել է կռապաշտ շահի խեղկատակություն։

Համայն լծակներ՝ թե կառավարող, թե կառավարվող, ստեղծվել են կարծես բավարարելու առնանդամը այդ։ Օտար ու խորթ է, նույնիսկ թշնամի, եթե պատահմամբ մեկը հայտնվեց շարքերում այդ մութ՝ առանց փողկապի։ Նրա կերտվածքում, խաղաղ աչքերում, լույսի ձուլվածքում մոլեգնած օտար հողմեր են փնտրում, և ամեն մեկը նրա խորանում ոչ թե ծնրադիր աղոթք է մուրում, այլ վայրենահաչ մոլեռանդությամբ կսրբապղծեն խորանը նորաբողջ՝ ի վերուստ տրված։

․․․Ծառի առօրյան ցուրտ է ու մռայլ՝ մառախուղային քողասքեմով։ Խոնավ է այստեղ, ինչպես կանացի եսը՝ ներսով ու դրսով։

․․․Բնությունն այստեղ  որոգայթներ է ամեն ուր շարել։ Ամեն անզգույշ քայլ և մահն է բուրում։ Լեռներն այդ հուժկու՝ պարիսպ կազմելով,  ամուր գրկած վայրագորեն պահպանում են ծառը՝ Քերովբեների խորհուրդ կրելով։ Մութ անդունդները, որ հաջորդում են սուր-սուր ժայռերին՝ Սերովբեների ամենակուլ աչքերն են հուշում։

 

 

About The Author

Related posts

Leave a Reply