Դեկտեմբերի 13, 2019

«Հայտարարվում է» նոր գրական հայերենի կամ աշխարհաբարի անկումը

«Հայտարարվում է» նոր գրական հայերենի կամ աշխարհաբարի անկումը

բ.գ.թ., դոցենտ՝ Մ. Քումունց

Վերջին շրջանում ՀՀ կրթության և գիտության բնագավառում նախաձեռնվող բարեփոխումները օր օրի արժանանում են հանրության ավելի լայն շրջանների դժգոհությանը: Առանձնապես մտահոգիչ  հարց է բուհերում հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության դասաժամերը «պարտադիր» չդարձնելը: Հայագիտական առարկաներից նշվածների կարևորությունը լավագույնս ներկայացվում է առաջադեմ երիտասարդության և մտավորականության մեկնաբանություններում: Բայց փորձենք առանձնացնել հայոց լեզվի դերը ոչ միայն հայագիտական, այլև ընդհանրապես մեր պետության գիտական համակարգերի զարգացման մեջ: Ըստ էության՝ կան ոչ միայն մասնագիտական, այլև ռազմավարական առանձնահատկությամբ խնդիրներ, որ դուրս են մնում քննարկումներից, որոնք ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պետք է հաշվի առնի և հարցի վերաբերյալ այլ կամ կամընտրական լուծում չառաջադրի: Արտաքուստ համոզիչ թվացող որևէ այլ տեսակետ, կարծում ենք, չի կարող ստվերել նշվելիք հիմնավորումները, որ ենթադրում են բուհերում պարտադիր դասավանդվող առարկաների ցանկում հայոց լեզվի հարցը քննարկման շրջանակներից հանելը.

  • Հայոց գրական լեզուն ունի զարգացման երեք շրջան՝ գրաբար, միջին հայերեն և աշխարհաբար: Նոր գրական հայերենը զարգացման երրորդ շրջանում է, որ պայմանականորեն անվանում ենք ժամանակակից հայերեն՝ սկսած անցյալ դարի 20-ական թվականներից: Միայն հայ բանասիրության բաժիններում հայոց լեզվի դասավանդումով արդյո՞ք հայերենը կարող է շարունակել իր առողջ զարգացումը: Արդյոք ժամանակակից գրական հայերենի մեկուսացումը չի ունենա նույն ճակատագիրը, ինչը որ կրեց գրաբար: Հայերենի զարգացման համար հատուկ և համընդհանուր վերաբերմունք եթե սկսված լիներ դեռևս 10-11-րդ դարերից, գուցե այսօր խնդիրը այլ հարթության վրա լիներ: Ուստի և՝ ինչպիսի՞ գրական հայերեն պիտի ավանդենք եկող սերունդներին, թե՞ հայերենի պահպանության և զարգացման հարցերը դրված են միայն հայոց լեզվի և գրականության մասնագետների ուսերին: Ակամայից հիշեցինք գրաբարի անկման գործընթացը 8-11-րդ դարերում, նոր գրական հայերենի կացությունը 17-րդ դարից մինչ 19-րդ դարի կեսերը: Հետագայում գրական դարձող արևմտահայերենը և արևելահայերենը 19-րդ դարում լեցուն էին օտար բազմաթիվ բառերով ու տերմիններով. բավականին երկար ու դժվար ընթացք ստացավ գրական լեզվի կարգավորումը, որ մինչև օրս էլ ավարտված չենք կարող համարել:   Այսօր լավագույնս չհետևելով հայերենին՝ վաղը նորից պիտի մտածենք լեզուն օտարաբանություններից և աղավաղումներից մաքրելու, նոր գրական լեզու ստեղծելու դժվար ու երկարաժամկետ գործընթացի մասին:
  • Բուհի ինքնավարությունը կարող է դրսևորվել դասախոսի ընտրության, առաջարկվող ծրագրերի հարցում, անգամ հայոց լեզուն ուսումնասիրող գիտաճյուղերի անվանումների առումով (բառապաշար, թարգմանության տեսություն, խոսքի մշակույթ, հայոց լեզու և գրականություն և այլն), բայց որ բարձրագույն կրթությամբ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է տիրապետել հայերենին գոնե իր մասնագիտության շրջանակներում, դա այլ բացատրություն չի ակնկալում:
  • Հաշվի առնելով մեր բազմադարյան լեզվի առանձնահատկությունները՝ պետք է հատկանշել, որ միայն 12 տարի դպրոցում հայոց լեզու սովորելը բավարար չէ գրական հայերենին տիրապետելու համար: Այսօր, օրինակ, ըստ մեր դիտարկումների, իշխանական ատյաններում գրական հայերենին տիրապետում են քչերը: Հանրային նշանակության հաստատություններում նույնպես հայերենին տիրապետելու մակարդակը ցածր է: Իհարկե, ընդունում ենք, որ անհրաժեշտ է վերանայել հայագիտական առարկաներին վերաբերող ծրագրերը, ուսուցման մեթոդները, բայց որ հայոց լեզուն չի կարող խանգարել մյուս գիտություններին և նրանցից խլել ժամաքանակ, դա ակնհայտ է: Այլ լեզուներով գիտական նոր ըմռնումներ անընդհատ ներկրելը դանդաղեցնում է մեր պետության գիտական համակարգի զարգացումը:
  • Ոչ մասնագիտական բուհերում հայերենը պարտադիր չդարձնելը լուրջ խոչընդոտներ կստեղծի հայրենական գիտությունների զարգացման համար: Հայերեն բառերի, կապակցությունների փոխարեն մեր բառապաշար կարող են մուտք գործել բազմաթիվ օտար բառեր, որ կարող են խարխլել հայերենի բառապաշարը և զրկել հայոց լեզուն իրեն բնորոշ ճկունությունից, որ դրսևորվում է գիտության տարբեր բնագավառներում: Այսօր էլ մեծ աշխատանքներ են տարվում բուհերի հայոց լեզվի ամբիոններում հարափոփոխ և անընդհատ զարգացող եզրույթները հայերենին համադրելու և նորերը ստեղծելու առումով:

Առաջարկություններ.

  1. Հայերենի պարտադիր լինելու կամ չլինելու հարցը այլևս հանե՛լ մշտափոփոխ իշխանական և քաղաքական օրակարգերից և հայերենին վերագրել պետականության պահպանման կարևորագույն դերերից մեկը, ինչպես և է: Հայոց լեզուն և նրա տարածման, զարգացման հարցերը դարձնել ազգային գաղափարախոսության մշտական ուղենիշ և անկապտելի արժեք Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետականության և Սփյուռքի համար:
  2. Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը պետական և միջպետական մակարդակներում ներկայացնող բոլոր անձինք պետք է ունենան հայերենին տիրապետելը վկայող հավաստագիր: Հակառակ դեպքում կարող է կարծիք ձևավորվել, որ հայերենի դերի նվազեցումը միտված է գրական հայերենին չտիրապետելու պատճառով քննադատություններից զերծ մնալուն:

About The Author

Related posts

Leave a Reply