Նոյեմբերի 13, 2018

Նորահայտ վիշապաքար Խոզնավար-Միրիկ տարածքում

Նորահայտ վիշապաքար Խոզնավար-Միրիկ տարածքում

  • 44445879_574523796335462_3403172415646203904_n
  • 44514588_197143421179911_5734964229987893248_n
  • Vishapakar. Khoznavar
  • Vishapakar.-Khoznavar-1
  • Vishapakar.-Khoznavar-2
  • Vishapakar.-Khoznavar-3
Պատմական Սյունիք աշխարհի Աղահեճք-Քաշաթաղ գավառի մեծ մասն այժմ մտնում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի մեջ, որի Միրիկ գյուղի հանդամասերում ամռանը կատարվեցին ճանապարհաբարեկարգման աշխատանքներ, որոնց լուսաբանման համար այստեղ էի: Միրիկի և Սյունիքի մարզի Խոզնավար գյուղերի սահմանում կան 2 լճակներ, որոնք գոյանում են ձնհալքից: Այս լճակներից քիչ հեռու՝ արտի մեջ, քարակույտեր կան, որոնք ենթադրեցի՝ հնադարյանդան բարաններ են: Սակայն պարզվեց՝ խորհրդային տարիներին կատարված մելորացիայի արդյունք են: Քարակույտի մեջ ընկած էր բազալտե երկարավուն մի քար, որի մի ծայրն անմշակ էր, առանց քարաքոսի, սակայն մյուսը նման է ձկան, պատված է կարմրավուն քարաքոսով: Վերջերս հնագետ Գագիկ Սարգսյանին ուղեկցեցի այստեղ՝ հաստատելու կարծիքս, որ այս քարը վիշապաքար-հուշարձան է: 2մ 36սմ երկարություն ունեցող քարի մշակված մասում նաև կլորավուն աչք կա քանդակված: Մոտ 35 սմ հաստություն ունի քարը՝ քիչ կորաձև է: Հնագետը տեղեկացրեց, որ սա տարածքի համար բացառիկ հուշարձան է այն առումով, որ Հայոց արևելյան կողմում նման հուշակոթող չկա: Վիշապաքարերն ունեն 150-550 սմ բարձրություն, պատրաստված են տեղական նյութից (հիմնականում բազալտ) և ըստ ձևի ու պատկերագրության՝ բաժանվում են երեք տիպի` 1. ցլակերպ 2. ձկնակերպ, 3. ձկնացլակերպ (կրում է նախորդ երկուսի հատկանիշները): Վիշապաքարերի մեծ մասը գտնվում է իր սկզբնական տեղում` հորիզոնական դիրքով ընկած: Սակայն երեք տիպերն էլ մշակված և քանդակված են բոլոր կողմերից, բացի «պոչից», ինչն ակնհայտորեն վկայում է այն մասին, որ վիշապաքարերը նախապես եղել են կանգնած վիճակում: Վիշապը մեգալիթյան հուշարձան-քարակոթող է՝ մեկ կտոր քարից, ներհատուկ է լոկ Հայկական լեռնաշխարհին։ Տեղադրվել են բնական և արհեստական ջրավազանների ու աղբյուրների ակունքների մոտ: Այս հսկան խորհրդանշել է տարերքի անսանձ ուժը, բնության զարթոնքը, պտղաբերություն, առատություն։ Այն բրոնզեդարյան երևույթ է (ամենայն հավանականությամբ գոյության հիմնական դարաշրջանը միջին բրոնզի դարն է` Ք.ա. 2-րդ հազարամյակի առաջին կեսը): Գտնվում են հիմնականում բարձր ալպիական գոտում: Վիշապների մոտ 150 օրինակ է հայտնի այսօր, որոնցից 90-ը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում: Նշված հուշակոթողը նույնպես մոտ 2000մ բարձրության վրա է ծովի մակերևույթից, գտնվում է ալպիական գոտում: Սկզբնական շրջանում հավանաբար եղել է քիչ վերևում գտնվող լճակների մոտ, որտեղ նաև հնադարյան դամբարաններ կան ու ամրոցատեղի:

Զոհրաբ Ըռքոյան

About The Author

Related posts

Leave a Reply