Ապրիլի 23, 2019

Նորահայտ Ժայռափոր եկեղեցի. Եղեգնու ձորի ճգնավոր

Նորահայտ Ժայռափոր եկեղեցի. Եղեգնու ձորի ճգնավոր

Զոհրաբ Ըռքոյան Քաշաթաղ
Զոհրաբ Ըռքոյան․ Քաշաթաղ

Արցախի Հանրապետության Քաշաթաղի մայր գետի՝ Հակարիի միջին մասում թե՛ աջ և թե՛ ձախ կողմերում կան ժայռակերտ ձորակներ, որոնցում շատ են բնական քարանձավները: Դրանք  բազում դարեր առաջ ծառայել են հայ մարդուն՝ որպես բնակարան ու որպես հոգևոր շինություն:   Շրջանում ավեր ու կիսավեր, ամբողջությամբ պահպանվել են մի քանի տասնյակ եկեղեցիներ, որոնց մի մասը ժայռափոր են: Ծաղկաբերդ համայնքի տարածքում՝ գյուղից մոտ 3 կմ հարավ, պահպանվել է Քրոնքի վանք-ժայռափոր եկեղեցին: Իսկ  8,2 կմ հյուսիս-արևմուտք՝ նախկին Ներքին Ջիջիմլի գյուղից 1 կմ հյուսիս-արևելք՝ ՀՀ Սյունիքի մարզի Կորռնիձոր գյուղից 2,3 կմ հարավ-արևելք՝ կտրատված ռելիեֆով անմարդաբնակ, անջրդի ու անօգտագործելի ձորում, որին կոռնիձորցիները «Եղեգնու ձոր» (Ղամիշ դարա) անունն են տալիս, կա մեկ այլ ժայռափոր եկեղեցի: Այն փորված է ձորի հարավահայաց լանջի հրաբխային բռեկչայի /հատակապատում/ տակ նստած մանրահատիկ կավահողի հաստ շերտի մեջ և ամբողջովին ձեռակերտ է: Հուշարձանի կոորդինատներն են՝ 39 32 08,5 N.  46 33 10,2 E.  Alt.1000 մ.: Եկեղեցու դիմաց բացվում է մոտ 3 մ լայնությամբ փոքր հրապարակ, որից հետո գալիս է կտրուկ զառիթափը: Եկեղեցու արմտյան և արևելյան կողմերի բռեկչայի  ուղղահայաց մերկացումների և նրա կրնկի շփման գծի մեջ բացված են բնական ու ձեռակերտ ոչ խորը անձավներ ու ժայռածածկեր: Շրջակայքում բնակավայրի, գյուղատեղիի հետքեր չեն նկատվում: Այսօր ձորում նաև աղբյուր և առվակ չկա: Եկեղեցին հարինվածքում միանավ բազիլիկա է՝ ուղղանկյուն խորանով: Հարավային ճակատից բացված միակ մուտքի եզրագծերը փլուզված են: Ուղղանկյուն սրահը պսակված է երկկենտրոն թաղ հիշեցնող, մինչև 3,28 մ բարձրությամբ առաստաղով: Ուղղանկյունուն մոտեցող սեղանաձև խարանը առանձնանում էր սրահից նեղ, ելուստավոր, ժամանակին կամարակիր մույթերով:  Խորանն ունի բարձր (0.8 մ) բեմ և այնտեղ տանող մեկ աստիճան՝ հյուսիսային մույթի տակ: Այն, ի տարբերություն սրահի, պսակվում է կտրած կիսագնդի նմանվող ցածր գմբեթարդով: Խորանի բեմի ճակատային գիծը քայքայված է և այսօր ներկայացնում է կոր բացվածք: Խորանի հյուսիսային պատին պահպանվել է նեղ, կամարակապ որմնախորշ: Սրահի ու խորանի հատակները հողածածկ են: Եկեղեցու պատերն ու առաստաղը ներքուստ սվաղված է եղել հունցած կավի սևացած սվաղով, որը հիմնականում պահպանվել է:

           

  • Chgnavor
  • IMG_1979
  • IMG_1970

Ուշագրավ է եկեղեցու լուսավորության կազմակերպումը: Ամենայն հավանականությամբ, մուտքի վրա՝ հարավային ճակատից, բացված է եղել հիմնական լուսավորությունը ապահովող պատուհանը, որը ներկայումս փլուզված է: Եկեղեցաշինության կանոնիկ պահանջներից է արևմտյան ճակատի լուսամուտը և խորանի արևելահայաց պատուհանի առկայությունը: Այս պարագայում, երբ եկեղեցին արևելքից և արևմուտքից, առանցքով ամբողջ ծավալով ընկղմված է կավաշերտի մեջ, խորանին արևելքից պատուհան բացելը գործնականում անհնարին է: Ուստի խորանի հարավային պատի վերնամասից փորված-բացված է 3 մ երկարությամբ, 0,7 մ տրամագծով կլոր օդանցք-պատուհան, որ, մասամբ ուղղված լինելով դեպի արևելք, կրում էր արևելյան պատուհանի իմաստը:  Մոտավորապես նման սկզբունքով լուծված է նաև արևմտյան պատուհանի խնդիրը: Արևմտյան պատի կենտրոնի վերնամասից մի կոր, դեպի դուրս լայնացող սողանցք-պատուհանը՝ մոտավորապես ¼ շրաջագծով, շրջանցելով մուտքի եզրագիծը, դուրս է գալիս հարավային ճակատ: Այսպիսով՝ լուծվում է երկու պարտադիր պատուհանների խնդիրը, որոնք, ճիշտ է, բավարար  լուսավորություն չեն տալիս, բայց ելքը դեպի արևելք ու արևմուտք ապահովում են:

            Եկեղեցում որևէ արձանագրություն կամ զարդարանք չկա: Նրա կառուցման ու գոյատևման մասին լռում են նաև սկզբնաղբյուրները: Դատելով կառուցվածքից ու շինարարական տեխնիկայից՝ եկեղեցին կարելի է թվագրել 14-15-րդ դարերով: Ըստ ամենայնի՝ այն կառուցել ու օգտագործել են այս ձորերի անձավներում ծվարած ճգնավոր հոգևորականները:

            Հուշարձանը հայտնաբերել է ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի և հայագիտակա ինստիտուտի հնագիտական հետազոտությունների լաբորատորիայի համատեղ  արշավախումբը՝ Կոռնիձորի բնակիչ Անդրանիկ Հայրապետյանի տեղեկատվությամբ: Հակարի գետի երկու ափերը 18-րդ դարից սկսած հայաթափ են եղել ու բնակեցվել մահմեդականներով: Այդ ժամանակից սկասած, նաև դրանից առաջ տարածքի հայոց պատմական հուշարձաններին քիչ են անդրադարձել հետազոտողները: Ազատագրումից հետո հնարավոր է արդեն ուսումնասիրել հայտնիները և հայտնաբերել նորերը: Պատահաբար գտնվեց Հոչանցի անապատ ժայռափոր եկեղեցին, որի մասին հիշատակում է Առաքել Դավրիժեցին: Տարածքի նման հուշարձանների հայտնաբերելու հարցում կարևոր տեղեկություն են տալիս նախկինում ադրբեջանահայկական սահմանին մոտ գտնվող հայկական բնակավայրերի բնակիչները; Հաճախ մեր հայրենակիցները չեն էլ պատկերացնում, որ քարայրում գոյություն ունեցող կառույցը եկեղեցի է, և իրենց տեղեկատվությունը հայոց նոր  սրբավայրի հայտնաբերում է: 

About The Author

Related posts

Leave a Reply