Հուլիսի 21, 2019

Մ. Քումունց. Հողն է մաքրում ձեռքերը

Մ. Քումունց. Հողն է մաքրում ձեռքերը

Նոր-նոր էի հասել հորս գյուղ: Գյուղում մարդ չկար, որովհետև միակ բնակիչը հայրս էր, ինքն էլ ո՜ղջ հասակով չէր երևում ոչ մի մասից: Դարպասի, տան դռները բաց էին. տանը մարդ չկար, միայն երկու հավ էին քրքրում տաշտակի մեջ ընկած պանրաշորը, և կատուն էր, որը այնքան էր վայելել երկրամոտ արևը, որ ալարկոտությունից ճանճերի հետ էլ էր հաշտվել:

Ցերեկվա տապը ահագնացել էր, ձգվել մինչև հովը՝ նրա ծոցը մտնելու, այնտեղ էլ ստեղծելու համատարած այրում: Ճանճերը ծարավից այսուայնկողմ էին փախչում և ուշագնաց խփվում ինձ ու այգու կտավը շրջանակներին առած ապակիներին: Նստեցի աղապատ քոթուկին: Հայացքս ջարդվեց հորս տան ջարդված սյունից. առաստաղը վայր էր իջել:

Մեկ էլ լսվեցին շների հաչոցները, բառաչ, շրջապարի թռչունների թևաբախումը. երևաց հայրս՝ իր հասակին հասակ առած: Շալակին հորթ կար, որի բառաչից մոլորվող Ծաղիկը խախտել էր շարժվելու իր ճիշտ ընթացքը. ձագին կաթ տալ էր ուզում:

Հայրս հասավ. մոտ վազեցի: Առանց հորթը վայր դնելու՝ գրկեց ինձ. այտ-շլինքս մեղվի պես առավ հազար ծաղկից նեկտարված հորս քրտինքը:

Հասանք գոմ: Ծաղիկ կովի կրծքերը տաք ծծող-շուրթ էին տենչում: Հայրս հորթին պարգևեց այս աշխարհում իրեն հասանելիք աղոթատեղին: Հորթուկը չոքեց իր տաճարում. ամեն ինչ հանդարտվեց:

-Հը՞, հո՞ւնց եք, հի՞նչ կա…

Հեչ էլ լավ չէինք, հորս սփոփելու համար էլ անգամ չկարողացա ասել, որ լավ ենք, որովհետև իր վիճակին հավասարարժեք չէր լինի… Շատ է չարչարվում…..

Զգաց ամոթս: Հասկացանք: Ներվեցի՞:

-Դե՛ լավ, ժամանակ չկա, տեսնանք էն պանիրը հո չըփչացա՞վ:

Տաշտից քարը քաշեց: Հավերը քրքրել էին թանզիֆը: Դա բնական համարվեց, բայց երբ բացեց կտորի բերանը, չարչարանքը ջուրն ընկավ. պանիրը շաղել էր:

-Դե՛ բան չկա, շոգ ա, տրա համար էլ պանիրը շաղում ա: Ափսուս ա, պեր հորենք, սա արդեն շոռ ա տառալ:

Իբր միասին էինք պատրաստելու հորած պանիրը: Ասաց, որ ես գնամ աղ դրած պանիր բերեմ, ասելու վրա էլ ինքը շարժվեց դեպի ձյութած ամանները: Երկու մեծ աղածոր կտոր պանիր դրեց սեղանին ու բարձրաձայն հիշեց. «Պա՛հ, ծերքերս լիվացալ  չեմ»: Իբր ձեռքերը լվաց օճառով: Բան չէր փոխվել. ձեռքերի՝ ճակատագիրը ընդգծող ծալքերը այդպես էլ սև մնացին, սև էին նաև ճակատագրից դուրս պրծած ու քարից քարացած, քոլի հետ հազար մարտ տարած մատի ծայրերը, ափի կոշտուկները: Ընտրված պանրի գլուխը մի վաղեմի երկրի պես փշրվեց հորս աշխարհաստեղծ ձեռքերում. արդեն փշուր-փշուրներից նոր բան պիտի ստեղծվեր:

-էն շաղած պանիրը տո՛ւր:

Խառնվեցին փշուրները, ալրաղացի կոշտությամբ քարե ձեռքերում վաղեմի գլուխ-փշուրները մաղվեցին հատիկ-հատիկ:

-Թացություն կա մեջը, լավ չի: Բայց ոչինչ, կավը ջանը կքաշի ջուրը, մոխիրը կավից կառնի խոնավությունը, դե հողի պերանին էլ ըսկի մարդը չի մնում….

Սեղանին փշրված պանրահատիկները սպասում էին:

-Էն կոտրած գերանին խոռնը ու ծիթորան կա, պե՛ր:

Այո՛, կտուրի թաց ծանրությունից ջարդված գերանը դեռ պիտանի էր. համ ու հոտ էր պահում:

Խուրձերը կոտրեց, ծալեց ու փշրեց, փշրե՜ց…սրանք էլ իրենց համին ավելացրին հորս ձեռքերի համը ու հատիկ-հատիկ ծալվեցին պանրահատիկների արանքում: Բուռ-բուռ տրորեց շաղախը…հոգնությունը չէր անցել, քրտինքը դեռ քամում էր հորս՝ երիտասարդությունից վաստակած եռանդը, աշխատանքից շահած ուժը, որդիներից ուշացած օգնությունը ու տալիս հողում պատսպարվելիք շաղախին:

-Փորձի՛, տե՛ս, հո քիչ չեմ քիցա՞լ կընանչին:

Չէ՛, ոչինչ քիչ չէր, ոչ էլ ավել էր, որ, ըստ հորս, կարող էր փչացնել համը… Կծվահամ չպիտի տար:

Մի կուլա-քոցի կար դռան հետևին, որ վաղուց պարապությունից ոտքի տակ էր ընկնում: Սա էլ եկեղեցու պատերի պես մաշել էր փեշերը, երկու-երեք հասարակ նախշերին առել հնություն:

-Մաքուր ա, մի հատ ըղողի՛:

Իսկապես մաքուր էր, մեջը մի քանի հատիկ մկան կղանք կար, քոցիի քունջը բոլորած և վաղուց տիրոջը կորցրած սարդաբույն, մի քիչ փոշի, մի խոսքով, ընդամենը այն ամենը, ինչը կարող էր քաղել քոցին իր դատարկ փորում պարապ շրջապատից:

-Հե՛րիք ա լիվանաս, տու էդ քոցին կուտրիլու ես:

Մի լավ լոգանքից ու չորացումից հետո քոցին առույգացել էր, փքվել, կավե թշերը վերագտել էին իրենց գույները, որ առանձնացրել էին իրը իր շրջապատից. ամեն իր ձեռքի շոյանքից ու գործի պիտանելիությունից կյանք է առնում  երեսուն տուն ու մեկ բնակիչ ունեցող այս գյուղում: Նորից խառնվեց մեր պանրափշուրը, նորեն քարե աղացները մաղեցին… ու փշո՜ւր-փշո՜ւր դարձավ կոշտուկներից ամեն բջիջ, մատների ամեն սև գիծ խաչվեց ամեն փշուր-փշուրքի ճակատին. նրանք էլ էին թաղվելու հողում, որպեսզի փոխեն իրենց համը: Ասում են՝ հողը մաքրում է հոտը: Հայրս ձեռքերը հաճախ էր հողով լվանում, երբ մի այլ հեղուկ էր քսվում ձեռքերին: Դե դա լվանալ չէ, երևի պիտի ասենք հողանալ, կամ էլ…կամ էլ ոչինչ….ձեռքերը հողով լվանում էր: Չեմ կարողանում մտքիցս հանել արևից խանձված ձեռքերի վայրի պարը պանրահատիկների հետ, հա ուզում եմ մտովի լինել կարմրասևի և սպիտակի արարման խաղին, տեսնել,  թե ինչպես են քարե մարմինները հարվածով իջնում սեղան-աշխարհին, բռով առնում աշխարհի համե հոգին, ճկվելով ու նյութը ճկելով նազենի վեր բարձրանում, վերևից  պանիր ձյունում: Հա ուզում եմ լինել նրա ձեռքին նայողը, ձեռքերի պարին երկրպագու, ձեռքի հարվածով ուղղվող, ձեռքերում նվաղող գառնուկ, ձեռքե մեհյանին խոնարհ…Չեմ ուզում կտրվել այս պատկերից ու միտքս առաջ շարադրել: Թվում է, թե պատկերի շարադրումից կտրվելով՝ կորցնելու եմ աշխարհս… Ախր մի նոր աշխարհում ինչպես եմ ապրելու առանց այդ մատների, որոնք ցերեկները արևներից ժայռերի պես տաքուկ են առել՝ գիշերներս արևելու հույսով… Բայց… բայց արդեն ուրիշ աշխարհում եմ և պետք է շարունակեմ շարադրել հիշողության դառնաքաղցր բեռը՝ մտքիս ուսին… Տարիքիս հետ բեռս ծանրանում է:

-Միա՜ու…

Որտեղից հանկարծ սեղանին երրորդը եկավ: Կատուն հունցվող հոտից սթափվել էր, եկել-թռել աթոռին ու լիարժեքորեն դարձել սեղանակից:

-Ա կատու փը՛շտ…Մոկունը ընջուկումը պուն ա տինում, ինքը խաբար չի, տրա ախուրժակին է՜…

Քոցին ուղղվեց կատվի աթոռակին. եկավ պանրահատիկների ու մատների հանդիսության ավարտը. նրանք բաժանվելու էին  սափորի փորում: Կանաչաթաթախ հատիկները բուռ-հափուռ լցվում էին սափորի մեջ, հետո արժանանում կռուփների հարվածներին, որպեսզի նորվա աղացված փշուր-հատիկները նորից կազմեին մի ամբողջություն. հատիկները արանք չպիտի ունենային: Բռունցքը ջլոտ թևերի ուժից տփտփում էր սափորի հատակը, ու այդ դափի ամեն զարկի հետ այս անգամ էլ սիրահար կանանց նման պտտվելով՝ ուշացած նազում էր պառաված քոցին հորս ձեռքի շուրջ: Հայրս մեծացել էր, սակայն ձեռքի զարկը չէր թուլացել, կայծարձակ աչքերը տակավին աննկատ չէին, բայց իր վրա թառած մորս ծերացած հոտը վանում էր ամեն մի շոյանք. նոր կողակից հայրս չէր ուզում. «Հայկուշին տեղը վեչ մինը տալ չի, Հայկուշի յենդան հո՞ւմ պիրեմ»:

Խոհերս ընդհատվեցին, երբ սեղան բարձրացավ քոցին՝ ծանրացած, վաստակած, ծեր Մարգար պապիս պես շալակով ու դեռ ձեռք մեկնող:

Հիմա ըռաժանը իր թանձրությամբ պիտի բացի մեր պանրահատիկների պսակե գլուխը, մութ տեղերում սողոսկի սրանց մարմինն ու ամեն ճեղք (հողին անցնող անձրևաջրի պես), համը բերաններից հանի, որ ուտողի աշխարհը բուրավետ դարձնի: Չորս մեծ գդալ ըռաժան իմ հացից պակասեց:

-Մեզ մառլա ա պետք, բայց չկա՜, հազար հետ ախպորդ ասալ եմ, տես պիրալա՞:

Խոսքի վրա մտավ իր գանձարանը, այն սենյակը, որ այս գյուղի ոչ մի տան լույսի ստվերից իր հատակն ու պատը չէր խոնարհել, ծնված օրից արևից խռով էր, որովհետև երդիկ էլ չուներ, ու սարքողները սրան միայն իրենց քնոտ գիշերների համար էին պատրաստել: Սա այն սենյակն էր, ուր հայրս ամեն ինչ դասավորել էր շոշափելով ու էդպես էլ իր շոշափելիքով գտավ մի հնացած, քսան հավի կտտոց կերած, քարից հա քրքրված, երբեմն-երբեմն չորացած հին պանրալաթ: Սրա վրա բացված երեք մեծ ճեղքերը նախշված էին շրջապատի մանր ծաղիկ-անցքերով, որ նմանվում էր այլևս կարևորությունը կորցրած, բայց տատի շարիդում միշտ առաջնային դիրք գրաված վարտիքի: Երկու ծալ արեց,  գրպանից մի պատրաստի կապթել հանեց ու ջարդեց լաթի մեջքը կարասի շուրթին: Էս անգամ հայրս քոցիի գլուխը կապում էր մեծ ախպորս հետ՝ ուշքով նրա արարքների չափը գնահատելով ու մեծ մեղքը գտնելով. խոստացած օրը չէր եկել իր մոտ: Մատս դրի կապի վրա, քշկռեց: Կոշտ ու տարերքի հետ անընդհատ շփումից կորերը կորցրած ձեռքերը այնքան հեզությամբ ու խոնարհումով անջատվեցին կուլայից, որ հիմա առաջս տեսահանվում է աղոթքը ավարտած, խաչհանած, Աստծո ողորմությունը վաստակած ու եկեղեցու դնռից հետ-հետ դուրս եկող հավատացյալի պատկերը: Հորս ձեռքերն էլ ծնրադրումից վեր կացան:

-Քոցին պե՛ր, բայց տափավը չպիրես. քարան կոտրում ա:

Դե բարկությունը ձեռք առնելու էր փոխվել… լավ է:

Գնացինք տան կողքը՝ նավեսի տակ: Բահը, հորս տեսնելով, թո ոնց իրեն շպրտեց ափերի մեջ, ես էլ չնկատեցի…. Բայց նրանք այնքան համերաշխ էին աշխատում, որ ոչ մի քարի չհանդիպեցին: Էս հարցում էլ հեշտ պրծա, թե որ ինձ ընկներ, էդ կողք-կուշտից ինչքան քար կար, գալու էր թափվեր իմ մի բահի բերանին, ու էս անգամ էլ կորցնելու էի վախկոտ լռությանս շահած ձեռք առնելու ընծան…Իմ բախտն էլ ինձ է սիրում:

Փորեց, խոր փորեց, բայց մի քանի սևահող չէին հրաժարվել հատակը կազմելու իրենց վարքից… Փոսամեջին խանգարելու էին պուտուկի նիրհին: Կռացավ ու բահից ոչ պակաս չափով դրանք հանեց ու կողք դրեց…Հողը  սրա համար մի օր հորս չէր ներելու:

Նույն փոսի աջակողմյա օջախից բահի ուղիղ և թեք շարժումներից մոխիրը ծեփվեց փոսում:

-Քոցին դի՛ր փոսը:

Բայց ինքը ձեռքիցս վերցրեց, չոքեց ու կիպ դրեց փոսում: Այս անգամ մեր կուլան նորից կորցրեց իր գույնը, երբ նրան գահին հորելուց հետո օծեցինք արծաթ-մոխիրով, որ օդում տարածել էր արդեն մեռնող խաղողի, թուզի,  թթի ու այլ ծառերի ջլահոտը: Հորումի արարողությունը հորս ձեռքերը ավարտեցին:

-Դեհ՛, հաց օտենք:

Հացը վերջնականապես հաշտեցրեց ինձ ու հորս: Հորս բարկությունն անցավ իմ առաջին պատառը կուլ տալու հետ:

-Հորդ հոգի՛ն անիծեմ, մինակ մարդան հացը նեղանում ա, կոլ չի քյում…

Կենդանի արարածի տունդարձի ժամն էր արդեն: Միասին գնացինք ու մեր նախիրը բերեցինք: Գյուղում մենակ մենք ժամանակին բերեցին, բոլորը ուշացել էին, ու իրենց անասունը հավանաբար մնացել էր դաշտում…էդ օրը ոչ մեկի գոմից ձեն չեկավ. դա հորս չանհանգստացրեց: Իրեն միայն առանձնահատուկ մտահոգել էր հորթուկի և կովի մտերմանալը: Մտերմացել էին…

Գոմի բոլոր գործերը իրենց տեղով անցան ինձ համար, հայրս հաշտ էր, հորս ձեռքերն էլ շարունակում էին իմ մտքից ու կամքից առաջ անել ամեն ինչ…Ես հոգնել էի. հայրս դա նկատել էր հավանաբար:

Խաղաղ տուն դարձանք: Մի քանի քարոզչությունից, տեսակ-տեսակ մարդկանցից հարցուփորձից հետո արդեն երկուսս էինք հոգնել: Հորս ձեռքերն էլ հոգնեցին պարապությունից, դրա համար էլ քնի պահանջով դիմեցին պատուհանի գոգին վառվող ճրագին: Ճրագի բարձր կրակից մի սենյակատեղ լույս մնաց:

Պառկեցինք քնելու:

-Հե՛ր, բա էդ ճրագը խի՞ չմարեցիր:

-Ճրագը թող վառ մնա, շատ մութ ա, էս ծորերում միշտ էլ պունը կուրցրած մի իսան կինի:

14.06.2016, Գորիս

About The Author

Related posts

Leave a Reply