Հոկտեմբերի 22, 2018

Մաղանջուղ — «քարայրների երկիր»

Մ. Քումունց

Նշանակությունը և արժևորումը

Մաղանջուղ հին գյուղը բավականին հետաքրքիր է ոչ միայն իր պատմությամբ, այլև պատմական և բնական նշանակությամբ: Այն կարող է նշանակալից լինել զբոսաշրջության համար, որովհետև հին գյուղատեղում և ամբողջ շրջակայքում դեռևս պահպանված եկեղեցիները, սրբավայրերը, աղբյուրները, խաչքարերը, բնական հուշարձանները և հովասուն բնությունը դիտարժան են:


Պատմաաշխարհագրական տեղեկություններ:

Մաղանջուղը  եղել է տարածաշրջանի ամենամեծ գյուղերից մեկը: Այն հիշատակվում է 17-րդ դարից սկսած՝ նախ որպես գավառ Մյուս Բաղքում, ապա որպես գյուղ Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուր գավառում:

Ղ. Ալիշանը գրում է. «Մեկ մղոնով կամ դրանից պակաս Ձագեձորի վերջից Բարկուշատն ընդունում է մի այլ փոքրիկ վտակ, որի ձորաբերանում Մաղանջուկ  փոքր գյուղն է` Ս. Հռիփսիմեի եկեղեցով, Քարահունջի հարավի և Տավութլուի հյուսիսի միջև: Սա չի հիշվում հնում, բայց Տաթևի թեմի նոր Ցուցակներում    [կա], և գուշակվում է, որ, մեծ շեն է եղել, որովհետև 17-րդ դարի սկզբին գրվում է, որ միայն գյուղ կամ ավան չի եղել, այլև մի տարածք` «յերկիրս Մաղանջուղու», որի մեջ է առնվում Տանձավեր գյուղը»:[1]

Երբեմնի գավառը ունեցել է մի շարք գյուղեր, որոնք, ցավոք, այսօր չեն պահպանվել: Այս գավառի գյուղերի կարգում է հիշատակվում Մազրան, որ գտնվում է Մաղանջուղ գյուղի ձորի երկայնքով դեպի հարավ ձգվող բարձունքի վրա՝ մոտ 1200-1300 մ բարձրության վրա՝ Որոտանի աջափնյա սարալանջին[2]:

Մինչ խորհրդային շրջանը Մաղանջուղի մասին առանձնապես տեղեկություններ չկան: Իմանում ենք, որ դեռևս 18-րդ դարի երկրորդ կեսին այն գտնվում էր Մելիք Օհանի իշխանության ներքո՝ Կյորես, Խոտ, Հալիձոր, Քարահունջ, Ալիղուլիշեն, Կյուրու գյուղերի հետ միասին: 1831 թվականին Մաղանջուղը ունեցել է 36 ծուխբոլորը՝  հայ[3],   իսկ արդեն 20-րդ դարի սկզբից իմանում ենք, որ նույն դարի 20-ական թվականներին գյուղն ունեցել է կոմերտմիություն, Գյուղսովետ, կոլտնտեսություն, դպրոց[4], 49 ծուխ[5], իսկ 1949թ.՝ մի քանի գյուղերի հետ ունեցել է էլ.հոսանք[6]:

Աշխարհագրական դիրքով Մաղանջուղի տարածքը բավականին նպաստավոր է եղել: Ծովի մակարդակից մոտ 800 մ բարձրությամբ՝ շրջապատված անտառ-թփուտներով: Բուն գյուղի ձորակը խոնավ է:  Գյուղը այգիներ ունեցել է ոչ միայն շրջակա տարածքում, այլև Որոտան և Վարարակն գետերի միացման հովտում:

Ս. Լիսիցյանը նշում է, որ Կյորի, Ալիղուլի, Քարաշեն, Մաղանջուղ գյուղի բնակիչները եկել են Պարսկաստանից[7]:

 

Ավանդազրույցներ

Ցավոք բանահյուսական առանձին նմուշներ հիմա շատ չեն պահպանվել: Դրանք արդեն չեն տարանջատվում մյուս բնակավայրերի բանավոր զրույցներից, և դժվար է տարբերակել անգամ լեզվական առանձնահատկությունները, որոնք հնարավոր էին լինեին այստեղ:

Գյուղացիները պատմում են, որ իրենց հին բնակավայրը շատ ավելի մեծ է եղել, ցաքուցրիվ՝ փռված ձորակն ի վար, և թշնամիները ոչ մի կերպ չեն կարողացել այն իրենց ենթարկեցնել, քանի որ տարածքն ունեցել է բերդանման քարայրներ, որտեղ բնակիչները պատսպարվել են վտանգի պահին: Հիմա դրանցից շատերը փլվել են, բայց դրանք նախկինում այնքան մեծ են եղել ու շատ, որ ասում  են, թե հսկաներն են փորել ու իրենց համար բնակելի տներ են սարքել: Այդ քարայր-քարանձավներից մեկը, որ շատ ավելի խորն է եղել, ոչ բոլորն են կարողացել մտնել: Շատերն են այնտեղ մտել ու դուրս չեն եկել: Գյուղի հռչակը այնքան մեծ է եղել, որ հետագայում այդ անունով է կոչվել նաև Սյունիքի Մյուս Բաղքի գավառներից մեկը: Կա կարծիք, որ Որոտանի ձորահովտի բոլոր գյուղերը վերցրել էին թուրքերը, բացի Մաղանջուղից, այդ պատճառով էլ գյուղի մի մասը խորհրդային շրջանում մնացել է Հայաստանի տարածքում: Ասում են, որ թուրքերը անգամ չէին էլ մտածում այդ գյուղի մասին, որովհետև կարծում էին, թե Մաղանջուղի քարայրներում հրեշներ են ապրում, որ կարող են դուրս գալ ամեն վայրկյան:

 

Հազարափրկիչը Մաղանջուղում (Այգեձոր) [8]

Հնում այդ տարածքում բնակավայր է եղել: Այսօր էլ կան հետքերը: Երբ թուրքերը հարձակվել են այդ տարածքի բնակիչների վրա, վերջիններս փախել և թաքնվել են Հազարափրկիչի քարանձավում: Ճիշտ է, քարանձավը փոքր է, բայց զարմանալիորեն այդտեղ թաքնվել են հազարից ավելի մարդիկ ու մի քանի օր մնացել: Թշնամիներին թվացել է, թե այդ տարածքի բնակիչները թողել ու հեռացել են: Որևէ մեկին չգտնելով՝ նրանք լքում են բնակավայրը և շարունակում իրենց ավերածությունները: Քարանձավում թաքնվածներից մի երիտասարդ գիշերով դուրս է գալիս ու բարձրանում Լաստի խութի բարձունքը, որտեղից տեսանելի է ողջ տարածաշրջանը: Տեսնելով, որ թշնամու ճամբարում լույս չկա, գալիս է քարանձավ ու հայտնում դրա մասին: Ձայն է տալիս պատսպարվածներին. նորից դուրս են գալիս և անցնում իրենց բնակավայրեր, բայց տեսնում ամեն ինչ ավերված ու այրված: Նորից անցնում են տներ կառուցելուն, բայց և լեռներում փորում քարանձավներ՝ տագնապի պահերին պատսպարվելու համար:

Այդ օրվանից չեն մոռանում քարանձավի զորությունը, որ, փոքր լինելով, հազարավոր մարդկանց է փրկել: Քարանձավից բոլոր դուրսեկողները իրենց ունեցածից մի նշան են թողնում մոտակա ծառի վրա՝ որպես գոհունակության և երկրպագության նշան կառուցում են մի փոքր մատուռ և մինչև օրս երկրպագում այդ վայրի  զորավոր սուրբին:

  • hartashen1
  • hartashen2
  • hartashen3
  • hartashen4
  • hartashen-5
  • hartashen-6

 

Տեղանվան տարբերակները և ծագումը:

Մաղանջուղը բանավոր, վիմագրական և մատենագիտական աղբյուրներում ունեցել է տարբեր անուններ՝ Մաղանջ, Մաղանջուխ, Մաղանջուկ, Մաղանճու, Մահանջու, Մաղարաջուղ, Մաղարաջուխ, Մաղարաջուկ: Ս. Խանզադյանը նշում է, որ այն առաջացել է Մուղանի ճյուղ բառից[9]:

Փորձենք ստուգաբանել տեղանունը.

Փորձ 1. Հետաքրքրականն այն է, որ գյուղի անվան մեջ պահպանվում են գյուղացիների պատկերած առասպելակերպ պատմությունները: Արաբ. մաղարա /mağara/ «քարանձավ, քարայր» բառը անցել է հայերենին, թուրքերենին և պարսկերենին: Այդ բառը պահպանված է նաև Սյունիք-Արցախ բարբառային տարածքում՝ նույն նշանակությամբ: Բարբառախմբում այդ բառին հոմանիշ են քըրատակ, ղաբ, վըէրվան և այլն: Այսօր բարբառում համարյա չի գործածվում մաղարա բառը, բայց տեղանվան մեջ պահպանվել է այն[10]: Կարելի է կարծել, որ նախապես եղել է մաղարաչուտ «քարանձավաշատ վայր, քարայրոտ», որ հետագայում լեզվական տարբեր ազդեցություններից դարձել է Մաղանջուղ[11]. մաղարա /ماقارا/ «քարայր» արմատին կցվել է չուտ ածանց, որ ունի «ինչ-որ բանով հարուստ, առատ տեղ, վայր» նշանակությունը, որն էլ կազմված է իչ և ուտ ածանցներից: Հավանաբար մաղարա բառում կրճատվել է րա վերջնամասը փոխազդեցական հնչյունափոխությամբ, հմմտ.՝ ապաստարարան>ապաստարան և այլն, իսկ չուտ ածանցը օտար հնողությամբ դարձել է ջուղ նախադիր արմատի գործածությունից դուրս գալուց և անհասկանալի դառնալուց հետո, իսկ ջ, չ  հնչյուններից առաջ Գորիսի բարբառում հաճախ ավելանում է ն, հմմտ՝ կամուրջ>կարմունջ, բառաչ-պըռանչ, ճանաչ-ճանանչ, կանաչ-կանանչ  և այլն:

Փորձ 2. Կարելի է կարծել նաև, որ այն ոչ թե ածանցի՝ օտար հնչողությամբ ձև է, այլ ջուղ արմատն է, որ հանդիպում է Սյունիքում՝ Կապուտջուղ, Կալաջուղ (հին գյուղ Սիսիանում), այլև՝ Ջուղա[12]: Սասունի բարբառում այն ունի «խումբ» իմաստը, բայց դժվար թե անցած լինի նշված բարբառից: Սյունիք-Արցախում առանձին գործածությամբ այդ բառը չի ճանաչվում, իսկ Ջուղա  բառն էլ լեզվաբանակա գրականության մեջ դեռևս ստուգաբանված չէ[13]: Թերևս կարելի է եզրակացնել, որ պրսկ. արաբ. جوقه /cuğe/>جوخه /cukhe/ «խումբ, համախումբ» իմաստներով բառն է, որ հանդիպում է տեղանուններում: Սրա դիմաց  արաբ.  պրսկ. առկա է وقا /cuğ/ «խոռոչավոր, սնամեջ, գոգավոր» համանունը, որ նույնպես կարող է լինել մաղարա բառին կից, սակայն նկատում ենք, որ ոչ միայն մաղարա, այլև կապուտ, կալա /kala>kalesi>kilisi/ բառերին իմաստով համադրվում է «խումբ» նշանակությամբ բառը, որից էլ հնարավոր է առաջացած լինի «քարայրների խում» անվանումը:

[1] Լիշան. Ղ., Սիսական, 1893, Վենետիկ, էջ 262:

[2] Այս մասին տե՛ս Զ. Ըռքոյան, http://www.hayzinvor.am/23240.html.

[3] Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)», Ե., 1933, էջ 238:

[4] Այս մասին կարելի է տեսնել http://hartashen.blogspot.com/2013/05/blog-post_4.html.

[5] ՀԱԱ, ֆ. 370, ց. 1, գ. 34, թ. 44:

[6] Էջմիածին, 1949, էջ 88:

[7] Ս. Լիսիցյան, Զանգեզուրի հայերը, Ե., 1969, էջ 53:

[8] Ասացող Արկադիա Հովհաննիսյան, Գյուղ Ազատաշեն, 86 տարեկան: Նա գյուղի ամենատարեց բնակին է:

[9] Տե՛ս Ս. Խանզադյան, Հայրենապատում, Ե., 1980, «Մուղան ճյուղ» գլուխ:

[10] Նույնանուն գյուղ կա նաև Արցախում:

[11] Այդ են վկայում գյուղանվան տարբերակները՝ Մահանճու, Մահանջու, Մաղանջուխ, Մաղանջուկ, Մաղարաջուղ:

[12] Ջուղա բառը չեն դնում այս շարքում. դժվարանում ենք այն նույնացնել նշված արմատին՝ համապատասխան տեղեկություններ չունենալու պատճառով:

[13] Ա. Այվազյան, Ջուղա, Ե., 1984, էջ 3:

About The Author

Related posts

Leave a Reply