Հունիսի 20, 2018

   Ձյուդոյի ներդպրոցական մրցույթ

   Ձյուդոյի ներդպրոցական մրցույթ

Արցախյան շարժման 30 ամյակի առթիվ «Բերձորի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի կազմակերպերպած տարբեր միջոցառումներից մեկն էր մարտի 6-ին Կովսական քաղաքում անցկացրած ներդպրոցական առաջնությունը՝ ձյուդո մարզաձևից:  Մանկապատանեկան դպրոցում գործում են ձյուդոյի, բռնցքամարտի, բասկետբոլի, հանդբոլի, ֆուտբոլի և շախմատի խմբեր, որոնցում ընդհանուր ընդգրկված են 180 սան: Դպրոցը ձյուդոյի խմբակներ ունի Բերձորում (15 սան), Կովսականում  (/11) և Ուռեկան գյուղում (21)՝ ընդհանուր 47 հոգի: Մրցույթը կայացավ Կովսականի քաղաքապետարանի դահլիճում. հրավիրված էին Կովսականի քաղաքային համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանը, Թաթուլ Կրպեյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Սերոբ Քարամյանը, ծնողներ, հյուրեր: Բացելով մրցույթը՝ «Բերձորի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարինե Մովսեսյանը շնորհավորեց ներկաներին Արցախյան շարժման 30 ամյակի առթիվ, անդրադարձավ շարժման պատմությանը, կարևորեց նրա դերը մեր նորօրյա պատմության մեջ: Իր սաներին, ովքեր այսօր տեր են դարձել ազատագրված հայրենիքին, մաղթեց հաջողություններ և հաղթանակ՝ մրցույթում, ապագայում: Կովսականի քաղաքապետ Ռ. Մարգարյանը ևս ողջունեց մարզիկներին և բոլորին մաղթեց հաջողություն: Մրցույթն անցկացրեց դպրոցի մեթոդիստ Կամո Պետրոսյանը, գլխավոր մրցավարը Կովսականի խմբի մարզիչ Տարոն Պողոսյանն էր, ով վարպետությամբ իրականացրեց իր պարտականությունը: Մրցույթին մասնակցեցին տարբեր տարիքի և քաշային կարգ ունեցող մոտ 30 աշակերտ: Սկզբում ուժերը չափեցին 35 կգ քաշային կարգի մարզիկները: Մրցման վերջնական արդյունքում հաղթող դարձավ Ուռեկանի խմբակի սան Հայկ Սարգսյանը, երկրորդ տեղում Հրանտ Միքայելյանը՝ նույն խմբակից, երրորդը Ալեքսան Պողոսյանն էր՝ Կովսականից: 40կգ քաշային կարգում կովսականցի Աբրահամ Աբրահամյանը ճանաչվեց առաջինը, բերձորցի Ալեքսան Առաքելյանը՝ երկրորդը: 45, 50, 55, 60 և 65 ու բարձր կգ քաշային կարգերում  առաջին տեղ գրավեցին Հարություն Մանուկյանը՝ Բերձոր, Վահե Սարգսյանը՝ Ուռեկան, Մարտուն Բեգլարյանը՝ Բերձոր, Դավիթ Միքայելյանը՝ Ուռեկան և Նաիրի Աբրահամյանը՝ Կովսական: Երկրորդ տեղը գրավեցին Անդրանիկ Միքայելյանը՝ Ուռեկան, Հովհաննես Հովհաննիսյանը՝ Կովսական, Նաիրի Պարսամյանը՝ Ուռեկան, Արագած Ավագյանը՝ Բերձոր և Դանիել Միքայելյանը՝ Ուռեկան: Բարձր քաշային կարգերում 3-րդ տեղում հայտնվեցին Սարգիս Անտոնյանը և Էրիկ Ֆրանգուլյանը՝ Ուռեկանից: Մրցույթին առաջին անգամ մասնակցեցին նաև ցածր տարիքի սաներ Բերձորից և Կովսականից: Եղբայրներ Միքայել և Տիգրան Թամարյանները սովորում են Թ. Կրպեյանի անվ. միջնակարգ դպրոցի 2-րդ և 1-ին դասարաններում: Նրանց մարտը 15կգ քաշային կարգում մեծ ոգևորություն պարգևեց ներկաներին:

Զրուցում եմ եղբայրների հետ; Որոշել են շարունակել մարզվել այս մրցաձևում. Միքայելը ցանկանում է օդաչու դառնալ, իսկ Տիգրանը՝ բժիշկ: Իր թոռնիկներին երկրպագելու էր եկել Թամար տատը: Եղբայրներ Դանիել, Դավիթ և Անդրանիկ Միքայելյանները սովորում են Ուռեկանի միջնակարգ դպրոցի 9-րդ, 7-րդ և 6-րդ դասարաններում: Բոլորն էլ արժանացան մրցանակային տեղերի: Հատկապես գեղեցիկ ու դիտարժան էր Դավթի և Արագած Ավագյանի (Բերձոր) մրցապայքարը՝ առաջին տեղի համար: Հաղթեց Դավիթը: Նրանց մարզիչ Վրեժ Սարգսյանը գովեստով խոսեց իր սաների մասին: Դպրոցում նույնպես լավ են սովորում: Գոհ էր նաև իր որդիներից՝ Հայկից և Վահեից, ովքեր նույնպես լավ հանդես եկան, արժանացան մրցանակների: Տեղեկացրեց՝ Ուռեկանի խմբակ հաճախում են նաև հարևան Սարատակ գյուղի երեխաները: Պարապմունքներն անցկացնում է ոչ բավարար պայմաններ ուեցող մի կառույցում: Սկզբնական շրջանում մի քանի բնակավայրերից ավելի շատ սաներ ուներ, ովքեր ՀՀ և ԱՀ հանրապետական, շրջանային մրցույթներում արժանացել են մրցանակային տեղերի, նրանց մի մասն այժմ Հայոց սահմանն են պաշտպանում: Եթե բարելավվեն շենքային պայմանները, ապահովված անհրաժեշտ գույք, համոզված է՝ ձյուդոյի խմբակ հաճախող սաների թիվը կկրկնապատկվի: Նաև աղջիկներ կան, որ ցանկանում են ընդգրկվել ձյուդոյի խմբակում, բայց պայմանների պատճառով հրաժարվում են: Կովսականի խմբակը գործում է քաղաքի հանրակրթական դպրոցի դահլիճում, որը նույնպես հարմար չէ. ցածր է ու փոքր: Բերձորի խմբակի մարզիչ Մկրտիչ Քիրաջյանը վերջերս է սկսել մարզել ձյուդոիստներին և արդեն ունի հաջողություններ: Խմբակից մրցույթին առաջին անգամ մասնակցեցին և խրախուսական դիպլոմի արժանացան Հովիկ Քիրաջյանը և Լյովա Բալիկյանը: Փոքրիկները ոգևորված էին և կշարունակեն մարզվել: Ներկա ծնողները գոհունակություն հայտնեցին մրցույթի անցկացման համար, իսկ մասնակիցների ցանկությունն էր, որ ավելի շատ նման մրցույթներ կայանան և իրենք ավելի պարտավորված կլինեն: Հաղթողներն արժանացան դպրոցի հատկացրած դիպլոմներին: Եղան նաև խրախուսական պարգևներ: Միքայելյան եղբայրներին նվիրվեց Արցախ Բունիաթյանի «Հուշապատում» գիրքը, որը Արցախյան գոյամարտի վերջին տարիների տարեգրությունն է: Կազմակերպիչներն ասացին՝ այս մրցույթով նաև որոշելու են հանրապետական խաղերում մասնակցողներին:

Զոհրաբ Ըռքոյան

 

About The Author

Related posts

Leave a Reply