Նոյեմբերի 18, 2017

Հովսեփ Էմինի /1726-1809/ բնաիրավական, իրավաքաղաքական հայացքները, Էմինը՝ որպես բնական իրավունքի հայկական դպրոցի հիմնադիր

Հովսեփ Էմինի /1726-1809/ բնաիրավական, իրավաքաղաքական հայացքները, Էմինը՝ որպես բնական իրավունքի հայկական դպրոցի հիմնադիր

Գորիսի պետական համալսարանի իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ ս/թ մայիսի 5-ին տեղի ունեցավ XVIII-րդ դարի 70-80-ական թվականներին ստեղծված իրավաքաղաքական մտքի գլուխգործոց «Որոգայթ փառաց» իրավաքաղաքական երկի ու օրենքների ժողովածուի  ստեղծման 230, հայ ազատագրական շարժման իրավաքաղաքական մտքի ականավոր գործիչ Հովսեփ Էմինի ծննդյան 290-ամյակներին նվիրված գիտաժողով։ Գիտաժողովի ուշագրավ, օգտակար կողմերից այն է, որ նրանում առկա պատմաիրավական նյութը ներկայացվում է արդի իրողությունների հետ շաղկապված` համադրմամբ, պատմական փորձից անհրաժեշտ հետևություններ անելու միտումով։ Ներկայացնում ենք գիտաժողովում ընթերցված զեկուցումներից։

 

Մ.Մ. Թելունց  իրավագետ, պատմաբան, պ.գ.թ., ԳՊՀ իրավագիտության ամբիոնի վարիչ
Մ.Մ. Թելունց,  իրավագետ, պատմաբան, պ.գ.թ., ԳՊՀ իրավագիտության ամբիոնի վարիչ

Հովսեփ Էմինը /1726-1809/ XVIII դարի հայ ազատագրական շարժման ու դրա անկապտելի մասը կազմող իրավաքաղաքական մտքի զարթոնքը խորհրդանշող հայ ականավոր մտածող, լուսավորիչ ու քաղաքական գործիչներից էր: Շահ Աբասի ժամանակներում /17-րդ դար/ Պարսկաստան բռնագաղթած էմինյանների ընտանիքը XVIII դարում պարսկական բռնակալության լծից խուսափելով մեկնում և բնակություն է հաստատում Հնդկաստանում: 1726թ. Համադանում ծնված Էմինը ևս պատանի հասակում մեկնում է Հնդկաստան` Կալկաթա, որտեղ բնակություն էր հաստատել և առևտրով էր զբաղվում նրա հայրը: Տեղի անգլիական վարժարանում նախնական կրթություն ստանալուց հետո, Էմինը, հակառակ հոր ցանկության, 50-ական թվականների սկզբներին մեկնում է Անգլիա` նպատակ ունենալով պատշաճ կրթություն` հատկապես զինվորական, ստանալու, այնուհետև վերադառնալու թուրք-պարսկական լծի տակ գտնվող իր բնօրրանը` Հայաստանը` նպաստելու նրա ազատագրման գործին` կամ ինչպես ինքն է նշում` ամբողջությամբ ծառայելու իր «գառնուկ ու անհովիվ» ազգին[1]:

Անգլիայում` Վուլվիչի ռազմական ուսումնարանում /Ակադեմիայում/ զինվորական կրթություն ստանալով, ապա նաև մասնակցելով 1756-1763թթ. յոթնամյա պատերազմին, ինչպես նաև ժամանակի հայտնի լուսավորական ակումբներից մեկում` Ելիզավետա Մոնտեգյուի մոտ, նաև ժամանակաշրջանի առանձին հայտնի մտածողների` Էդմոնդ Բյորք  և ուրիշներ հետ շփումների շնորհիվ իրազեկ դառնալով Եվրոպայի 17-18-րդ դարերի առաջավոր մտքին/ ի դեպ նաև անմիջապես ուսումնասիրելով լուսավորիչների գործերը/, և հատկապես ներշնչված անգլիական ազատամտությամբ և Անգլիայի խորհրդարանական կարգերով, նա ձեռնամուխ է լինում Հայաստանի ազատագրման դեռևս պատանի հասակում հղացած իր ազատագրական-քաղաքական ծրագրի իրականացումը նախաձեռնելու գործին:

60-ական թվականներին գտնվելով Անդրկովկասում, Հայաստանում, Վրաստանում, Ղարաբաղում նա փորձում է ինչպես առանձին, այնպես էլ վրաց Հերակլ II թագավորի աջակցությամբ` Արևելյան Հայաստանում, իսկ ապա նաև ժամանակի ազատագրական շարժման հայտնի գործիչ Մշո Ս. Կարապետ վանքի վանահայր Հովնանի հետ համագործակցությամբ Արևմտյան Հայաստանում, համընդհանուր շարժում` զինված պայքար առաջ բերել պարսկա-թուրքական տիրապետության դեմ` Հայաստանն ազատագրելու և անկախ` հայկական կամ հայ-վրացական միացյալ պետություն ստեղծելու նպատակով. սակայն ապարդյուն ջանքերից հետո 60-ականների վերջերին հեռանում է Անդրկովկասից և մեկնում Հնդկաստան, որտեղ էլ` Կալկաթայում 1809թ. օգոստոսի 9-ին վախճանվում է[2]:

***

Էմինի, ինչպես և XVIII դարի մեր մյուս մտածողների` Շահամիրյան, Բաղրամյան, ընդհանուր փիլիսոփայական աշխարհայացքի հիմքը դեիզմն է` աստված արարել է ամեն ինչ` բնությունը, մարդուն` վերջինիս օժտելով բանականությամբ` արդարն ու կատարյալը, բարին ու օրինականը իրագործելու պատգամով` այսինքն ինքն իր ուժերով, ինքնուրույն կերտելու իր կյանքը` սոցիալական կարգը` հասարակարգը` այդ թվում, բնականաբար, պետությունը և իրավունքը: Աստված և բնությունը միասնություն են: Այդ միասնությունից են բխում և բնաիրավական ընկալումները` ըստ որի բոլոր մարդիկ արարվել են հավասարաչափ ազատ ու հավասար, հավասար իրավունքներով ու պարտականություններով ևն:

Հայտնի է, որ բնաիրավական ընկալումների սաղմերը գալիս են հազարամյակների խորքից, հավանաբար դեռևս այն ժամանակներից, երբ բանական, առավել ևս զարգացած բանականություն ունեցող մարդը տեսնում է սոցիալական անարդարություններն իր նմանների կողմից, հաճախ դրական` պետության կողմից ընդունված իրավունքով` օրենքներով սրբագործված բռնությունը, շահագործումը, ճնշումը, անհավասարությունը ևն: Ուստի, կարելի է անվերապահորեն ասել, որ բնական իրավունքի ակունքը սոցիալական է` հասարակական`  բանական ու մարդկային:

Մեր ժամանակների ըմբռնմամբ իրավական որևէ  ակտի` օրենք ևն, դրսևորում չունեցող, բնությամբ /նաև աստծուց/ ու բանականությամբ տրված իր այդ`բնական  իրավունքի սկզբունքներով, դրանց գիտակցման համոզմունքով էին գործում դեռևս մ. թ. ա. II հազարամյակում Եգիպտոսում պետության` «աստվածային» փարավոնի դեմ ընդվզած ու նրան պատանդ վերցրած ժողովրդական զանգվածները[3], Հռոմում Սպարտակի գլխավորությամբ` ստրուկները, Մազդակյանները, Պավլիկյանները, Թոնդրակեցիները` Հին և Միջին դարերում. ապա և հետագա դարերի` նոր և նորագույն ժամանակների սոցիալական ու հեղափոխական շարժումները հենց այդ գաղափարներով էին ներծծված:

Քննարկվող ժամանակաշրջանում դեռևս Հին աշխարհից եկող այդ գաղափարները Նոր երանգներով ու ավելի ցայտուն դրսևորվեցին XVII-XVIII դարի առաջավոր մտածողներ Ջոն Լոկկի /1632-1704/, Շառլ Մոնտեսքյոի /1689-1755/, Վոլտերի /1694-1778/, Ռուսոյի /1712-1773/, Ռադիշևի /1749- 1802/ և ուրիշների աշխարհայացքում` դառնալով ավատատիրության դեմ ուղղված պայքարի հզոր զենք` գաղափարական նախապատրաստում այն հզոր շարժումների որոնք ցնցող ազդեցություն ունեցան այդ և հետագա դարերում: Դրանք` լուսավորականության դարաշրջանի այդ գաղափարներն իրենց անմիջական ազդեցությունն ունեցան նաև XVIII դարի հայ ականավոր լուսավորիչ-դեմոկրատների` Հովսեփ էմինի, Մովսես Բաղրամյանի ու Շահամիր Շահամիրյանի աշխարհայացքի ձևավորման գործում: Բայց այստեղ հարկ է մատնանշել նաև, որ վերջին դեպքում` ավատատիրության դեմ ուղղված գաղափարական ազդակի հետ մեկտեղ երևան է գալիս նաև մեկ ուրիշ նշանակություն`  գործոն` բնաիրավական հայացքները հայ լուսավորիչների` ազատագրական շարժման հիշատակված գործիչների մոտ նաև արտաքին բռնության դեմ ուղղված զենք էին` նպատակամղված օտար լծից Հայաստանի ազատագրմանը: Եվ պատահական չէ, որ Արևմտյան Հայաստանում` Էջմիածին անցնելու ճանապարհին, հայկական մի գյուղում հասարակ գյուղացիներին` արտաքին ու ներքին ճնշման, եկեղեցու կողմից տարվող հնազանդության տևական քարոզի ազդեցությամբ թմրության քննի ու սնահավատության «սրբազան երկյուղի» մեջ գտնվող հայ գյուղացիներին Էմինը քարոզում էր այն գաղափարը, որ աստված բոլորին հավասար է ստեղծել, բոլորը միատեսակ ու պատշաճ օրենքներով ու արդարությամբ պետք է ղեկավարվեն և որ ոչ մի մարդ չպետք է թույլ տա, որ իր արժանապատվությունը վիրավորեն, ոչ մեկը չպետք է դառնա իր նմանի գերին, եթե նույնիսկ դրանք իր հավատակիցները լինեն` այսինքն չպետք է հանդուրժեն ոչ միայն արտաքին, այլև ներքին ճնշումը, շահագործումը` ըստ որում կոչ անելով գյուղացիներին ոտքի ելնել, զինված պայքարի դուրս գալ ամեն տեսակ բռնակալության դեմ[4]: էմինի այդ գաղափար-քարոզը համընդհանուր է` ոչ միայն առանձին անձը /կամ մեր օրերի քաղաքացին/ այլև` առավել ևս ամբողջ ժողովուրդը` ազգը չպետք է հանդուրժի բռնությունը: Հիշատակված «Ազատության մասին» զրույցում, էմինը խարազանում է հայ եկեղեցականներին, որոնք մի ամբողջ ժողովրդի` հայ ժողովրդին, քարոզում են հնազանդություն օտարի լծի տակ` փրկիչի գալուստին սպասելու սին հույսով: Վկայակոչելով ոչ միայն Աստվածաշունչը, որն ամրագրում է բոլոր մարդկանց հավասարության, հավասար իրավունքներով օժտված արարվելու գաղափարը, այլև աշխարհիկ փաստերը` Խորենացու Հայոց պատմությունից, Էմինը մատնանշում է, որ եղել են ժամանակներ, երբ հայերը օտարի լծի տակ չեն եղել, ունեցել են իրենց սեփական պետությունը, եղել են ազատ ու անկախ օտարից ևն[5]: Քարոզելով «բնական իրավունքի» գաղափարները նա այն միտքն է ներշնչում հասարակ ժողովրդին, որ բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար, ունեն արժանապատվություն և իրավունք պայքարելու հանուն ազատության ու արժանապատվության, այնպես ինչպես որ դա արել են հայոց նախնիները և ինչպես անում են դա ժամանակակից եվրոպական լուսավորյալ ազգերը[6]: «Ես որտեղ գնում էի,- գրում էր Էմինը,- իմ մեթոդով ճշմարիտ կրոնի /ընդգծումը իմն է- Մ. Թ./ սերմերն էի ցանում և զինվորական ոգու հրաշալի եռանդն էր ներշնչում ինձ»[7]: Ըստ երևույթին այդ գաղափարները նաև նյութականանում էին` քանզի ինչպես հաղորդում է Հովնանը, որտեղով էմինը անցել է, նրա կոչերից, գաղափարներից խրախուսված մարդիկ զենք են առել, պատրաստվել ազատագրական պայքարի. «…նույնիսկ կանայք պատրաստ են եղել կռվելու…»[8]:

էմինի մոտ ակնառու է կերպով չեն առանձնացվում բնական և դրական օրենքները, հասարակության զարգացման փուլերը` բնական և սոցիալական` պետական հասարակարգեր` փուլեր` ինչպես օրինակ Հոբսի, Լոկկի, Մոնտեսքյոի, Ռուսսոյի և մյուսների մոտ[9], սակայն նրա մոտ ևս նկատելի է որոշակի սահմանազատումը և, որ ամենակարևորն է, օրենքի դերի` որպես արդարության, ազատության չափի անառարկելիորեն ընդունելու  միտումը. օրենքը չպահպանելու աղետաբեր հետևանքների մատնանշումը` առանց «բնական օրենքի» պահանջները հաշվի առնելու օրենքների /դրական/ ընդունման անհանդուրժելիությունը ևն: «Բնության դեմ ուղղված ամեն մի օրենք կկործանի քաղաքները, թագավորությունները, իր ետևում կթողնի մի խոպան անապատ, որը կթվա թե երբեք բնակեցված չի եղել մարդկանցով», — գրում է Էմինը[10]: Գովաբանելով եվրոպական սոցիալական` դրական օրենքները էմինը վրաց Հերակլ II թագավորին ուղղված նամակում նշում է. «Անոնք /եվրոպացիները –Մ. Թ./ ունին նաև ընտիր օրենքներ, որոնց շնորհիւ ոչ մէկը- հոգ չէ թէ տկար կամ աղքատ -զոհ չի դառնայ անիրաւութեան»[11]: Իհարկե սա իդեալական պատկերացում է. այստեղ նաև նշանակություն ունի այն հանգամանքը, որ էմինը ցանկանում էր հրապուրել, շահագրգռել Հերակլին երկրի կարգը` միահեծանությունը գոնե որոշակի չափով օրենքի շրջանակների մեջ դնելու: Մեկ այլ տեղում իր հիացմունքն արտահայտելով անգլիական խորհրդարանական-միապետական կարգի նկատմամբ, էմինը գրում է. «Ես շարունակում եմ պաշտպանել իմ ճիշտ /դրական-Մ. Թ./ կարծիքը այդ /անգլիական-Մ. Թ./ հռչակավոր հանրապետական ազգի մասին, որի գերընտիր օրենքները ոչ թե մեկ ճրագի են նմանվում, որ միայն տիրոջն էր լուսավորում, այլ նման է արևին, որն իր լույսը փռում է ամբողջ տիեզերքի վրա»[12] /ընդգծումները մերն են- Մ. Թ./:

Ի տարբերություն հայ ազատագրական շարժման նախորդ /և հետագա/ քաղաքական գործիչների, Էմինը ինքնատիպ մոտեցում էր դրսևորում Հայաստանի ազատագրման հարցում, գտնելով, որ այն պետք է ազատագրվի իր իսկ` հայ ժողովրդի միջոցով, այդ հարցում որպես տեղական ուժի նկատելի տեղ հատկացնելով նաև Վրաստանին` հայ-վրացական զինակցությանը[13]: Ազատագրական խնդրով Անդրկովկաս մեկնելու ճանապարհին 1761թ. վերջերին Պետերբուրգում ռուսական կանցլեր Վորոնցովի հետ հանդիպման ժամանակ, երբ վերջինս տարակուսանք է հայտնում թե ինչպես կարող է էմինը հույս դնել հայ-վրացական զինակցության` Հերակլ II – ի աջակցության վրա, այն դեպքում երբ վերջինիս հայրը` Քարթլիի թագավոր Թեյմուրազ II-ը ինքն է եկել Ռուսաստան` Պետերբուրգ զենքով ու դրամով օգնություն խնդրելու. Էմինը շատ հստակ արտահայտում է իր բացասական մոտեցումը Թեյմուրազի` ի դեմս նրա վրացական պետության նման գործելակերպի նկատմամբ` օտար որևէ ուժի վրա հույս դնելու առումով, նշելով, որ Վրաստանը ինքը կարող է իր ուժերով լուծել իր խնդիրները, միայն «… մի քիչ եվրոպական /խելացի/ Մ. Թ./ կառավարումը բավական է, որ այդ երկիրը /Վրաստանը- Մ. Թ./ ծաղկի ու երջանկանա առանց ուրիշ ազգից կախում ունենալու պարտավորության»[14] /ընդծումը մերն է- Մ. Թ./: Ասված է շատ հստակ` Էմինը գտնում է, որ ուրիշ ազգից, ուրիշ պետությունից կախված երկիրը չի կարող իրական ինքնիշխանություն ունենալ: Ընդգծենք, որ ի տարբերություն Իսրայել Օրու, Մովսես Սարաֆյանի, նախորդ և հետագա գործիչների, էմինի ազատագրական ծրագրում չենք հանդիպում Հայաստանի ազատագրման հարցում արտաքին որևէ ուժի` Ռուսաստանի, Եվրոպայի կամ որևէ այլ պետության օգնությանը գոնե վճռական գործոնի առումով դիմելու: Ընդհակառակը, փաստերի օբյեկտիվ վերլուծությունը ցույց է տալիս, որ էմինն առաջին, թերևս միակ հայ քաղաքական գործիչն էր` գոնե ազատագրական շարժման ու մտքի նկատելի աշխուժացումից հետո, որն իր` հայ և հարևան վրաց ժողովրդի ազատության ու անկախության ձեռքբերման միակ ու հիմնական միջոցը համարում էր նրանց ինքնագործունեությունը, սեփական ուժերի կազմակերպումն ու գործադրումը` ըստ որում դրա մեջ տեսնելով իրական պետական ինքնիշխանության` անկախության երաշխիքը[15]: Էմինի այս ինքնուրույն. «արտաքին քաղաքական կողմնորոշման»[16] օրգանական արդյունքը, ինչպես արդեն ասացինք, նրա ըմբռնումն էր պետական ինքնիշխանության մասին: Ըստ որում թե± «ինքնուրույն կողմնորոշումը» և թե± նրա անկապտելի մասը կազմող ինքնիշխանության ընկալումը` Էմինի համոզմունքը հիմնված է ոչ միայն դրսի` արտաքին ուժի` որպես վճռական գործոնի հետ կապված ազատագրական ակնկալիքների /Եվրոպայի կամ Ռուսաստանի օգնությամբ ազատագրվելու առումով/ ձախողման փորձի գնահատման վրա, այլև ոչ պակաս չափով նաև նրա ազատամտության, բնաիրավական հայացքների, Լուսավորականության դարաշրջանի առաջադեմ գաղափարների: Անշուշտ հոգեբանական-խորքային առումով չի կարելի անտեսել նաև ազատամտության գաղափարների դարավոր հայկական ակունքները, որոնց մասին մեզ հայտնում են նաև հայ և օտար աղբյուրները[17]:

Պետության կառավարման ձևի հարցում էմինի համակրանքն ակնհայտորեն անգլիական տիպի սահմանադրական` խորհրդարանական միապետության կողմն էր: Ըստ որում պետք է նկատի ունենալ մի կարևոր հանգամանք` Էմինի, ինչպես նաև իր  և հետագա ժամանակաշրջանի առաջադեմ շատ գործիչների անգլիական պետության նկատմամբ համակրանքը հիմնված էր ամենից առաջ այն բանի վրա, որ այդ խորհրդարանական կարգերն անհամեմատ առաջադիմական էին, քան այն երկրներինը, որոնցում պահպանվել էին բացարձակ միապետությունները. բնականաբար առավել քան` անհամեմատելի դրական` առաջադիմական էին Թուրքիայի և Իրանի բռնակալական` միահեծան կարգերի` ինքնակալությունների համեմատ[18]: Ագլիական կարգերին հատկապես վերը նշված նկատառումով դրական էին մոտենում` Վոլտերը, Մոնտեսքյոն, Հելվեցիուսը և ուրիշներ, նաև XIX  դարի շատ առաջադեմ մտածողներ: «Իրոք նա  /Անգլիան- Մ. Թ./ ավելի երջանիկ է, քան նրա հարևանները…»,- գրում է Հելվեցիուսը[19]: Մեկ այլ տեղում նա գրում է. «Ես շատ եմ գովաբանել անգլիացիներին իմ երկերում, ես չեմ դադարի գովաբանել նրանց այնքան ժամանակ, քանի դեռ կառավարման մեր ձևերը ավելի վատն են, քան նրանցը»[20]:

Վոլտերը ոչ միայն դրական համեմատական գնահատական է տալիս, այլև բավական իդեալականացնում անգլիական պետական համակարգը. «Անգլիական ազգը,- գրում է նա,- որին հաջողվեց սահմանափակել թագավորի իշխանությունը` դիմադրելով նրան, և որը երկար ջանքերից հետո, վերջապես սահմանեց այդ իմաստուն կառավարումը, որտեղ թագավորն ամենազոր է, եթե նա ցանկանում է կատարել բարին, բայց որի ձեռքերը կապված են եթե նա մտահղանում է չարը, որտեղ մեծատոհմիկները վեհասքանչ են առանց սրիկայությունների ու վասալների, որտեղ ժողովուրդը մասնակցում է կառավարմանը` չառաջացնելով խռովություններ»[21]: Անգլիական կարգերը դրական էր գնահատում Մոնտեսքյոն` գտնելով, մասնավորապես, որ այնտեղ իրացվել է իշխանությունների բաժանման սկզբունքը[22]:

Էմինի դրական մոտեցումն անգլիական սահմանափակ միապետության նկատմամբ երկակի բնույթ ունի` նախ դրա ընդհանուր առաջադիմական նշանակությունը, ապա և դրա համադրումը թուրք-պարսկական բռնակալական կարգերի հետ` այն կարգերի, որի ծանր լուծը կրում էին հատկապես քրիստոնյա ժողովուրդները` մասնավորապես հայ ժողովուրդը: Այս հանգամանքը որպես առանձնացնող գիծ հատուկ էր թե± էմինին, թե± Բաղրամյանին և թե± Շահամիրյանին: Բացի այդ, նշված ժամանակաշրջանում Անգլիան միակ խոշոր տերությունն էր, որում 17-18 դդ.   տեղի ունեցան խորն ու որակական, բազիսային ու վերնաշենքային փոփոխություններ` նշանավորելով ավատատիրության նկատմամբ առաջադիմական, կապիտալիստական, բուրժուա-դեմոկրատական սոցիալ-տնտեսական և պետաիրավական հարաբերությունների ստեղծումը: Այս հանգամանքը այդ ժամանակներում աչքի զարնող էր այն աստիճան, որ դա ևս հնարավորություն չէր տալիս տեսնելու նոր կարգերի նաև բացասական կողմերը, հանգամանք, որը նկատվում  է հետագա XIX-XX դարերի առաջադեմ մտածողների` այդ թվում հայ, աշխարհայացքում:

Ինչպես և ժամանակաշրջանի մյուս լուսավորիչները, էմինը ևս հասարակական առաջադիմության գործում վճռական տեղ է հատկացնում կրթությանը, լուսավորությանը, գիտությանը` հասարակական չարիքների պատճառը տեսնելով դրանց բացակայության` ժողովրդի անգիտության մեջ: Դիմելով Հերակլ II-ին էմինը ասում է. «Իմացեք, թագավոր իմ, ինչ որ գիտության վրա հիմնված չէ, որքան էլ հզոր ու բարձր լինի, նման է այն բանին, որ շինված է ավազի վրա»[23]:

Մեկ այլ տեղում դարձյալ վրաց թագավորին դիմելով Էմինը նշում է, որ եվրոպական ազգերը ոչ այնքան բազկի ուժով են առաջադիմության հասել, որքան իմաստության ու արվեստի, ուսման ուժով[24]: Այդ ուղղությամբ նա Հերակլ II-ին խորհուրդ է տալիս գործնական քայլերի դիմելու, ստեղծելու դպրոցներ, մինչև 16 տարեկան պատանիներին կրթելու ընդհանուր-հանրակրթական, իսկ 16-20 տարեկաններին` զինվորական դպրոցներում[25]:   Էմինի քարոզած առաջադիմական գաղափարներն իրենց դրական ազդեցությունը թողեցին հնդկահայ մյուս լուսավորիչների` Բաղրամյանի, Շահամիրյանի հայացքների վրա, ըստ որում վերջիններս ավելի կոնկրետացրին դրանք իրենց երկերում, Էմինի զինակից ու գաղափարակից Մովսես Բաղրամյանի և Շահամիրյանի «Յորդորակ»-ում, «Որոգայթ փառաց»-ում: Այսպիսով, ընդհանրացնելով կարող ենք ասել, որ արդեն էմինի մոտ նկատելի որոշակիությամբ առաջադրվում են հայ սահմանադրական իրավունքի այնպիսի հիմնարար սկզբունքներ, ինչպիսիք են բոլոր մարդկանց համընդհանուր հավասարության, մարդու կողմից մարդկանց նկատմամբ բռնությունը չհանդուրժելու, պետական ինքնիշխանության, միապետական իշխանությունը խորհրդարանով սահմանափակելու /անգլիական պետական կարգի նկատմամբ համակրանք արտահայտելու ձևով/ մասին գաղափարները:

Հովսեփ Էմինը լուսավորականության դարաշրջանի առաջադեմ գաղափարախոսության ակնհայտ ազդեցությամբ ասպարեզ եկած հայ առաջադեմ լուսավորիչ- մտածողներից, ազատագրական պայքարի հետևողական մարտիկներից է, բնական իրավունքի հայկական դպրոցի սկբնավորող, ինչու ոչ նաև Շահամիր Շահամիրյանի, Մովսես Բաղրամյանի հետ միասին հայ իրավաքաղաքական պետաիրավական միտքը առաջին անգամ որակապես նոր, համակարգված մակարդակի հասցնող մտածող և այսօր` նրա ծննդյան 290-ամյա հոբելյանին մենք հավուր պատշաճի պետք է գնահատենք Էմինի գործունեությունն ու նրա թողած ուսանելի ժառանգությունը: Նկատենք նաև, որ Էմինի ազատասիրական, բնաիրավական գաղափարները էական ազդեցություն ունեցան նաև ժամանակաշրջանի մեր մյուս մեծերի Մովսես Բաղրամյանի, Շահամիր Շահամիրյանի և ուրիշների գաղափարական ժառանգության վրա. դրանք ուղղակի կամ անուղղակի ձևով արտացոլվել  են մասնավորապես Մովսես Բաղրամյանի. «Նոր տետրակ որ կոչի Յորդորակ» հայ առաջին համակարգված իրավաքաղաքական երկում, Շահամիրյանի «Որոգայթ փառացում»: Մենք քիչ թվով աշխատություններ ունենք ժամանակաշրջանի ազատասիրական, իրավաքաղաքական մտքի ուսումնասիրության վերաբերյալ, սակայն կարծում ենք, որ մասնավորապես Էմինի, Բաղրամյանի, Շահամիրյանի գործունեությունն ու թողած հոգևոր ժառանգությունը դեռևս նոր ուսոմնասիրությունների կարիք ունի:

[1] Տե’ս Յովսէփ Էմինի կեանքն ու արկածները: Յովսէփ Էմինի անգլերեն բնագրէն թարգմանեց Յ. Խաշմանեան: Տպարան-Մշակ, Պէյրութ, 1958, էջ 118: Այսուհետև` «Յովսէփ Էմին…»: Էմինի կյանքի և գործունեության մասին մանրամասն տես А. Р. Иоаннисян, Иосиф Эмин. Изд. Ереванского государственного университета им. Молотова, Ереван, 1945, Переизд. Ереван, 1989, Մ. Մ. Թելունց, Հայ ազգային-ազատագրական շարժումը XVIII դարի երկրորդ կեսին և իրավաքաղաքական միտքը, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ. Երևան, 1995, նույն խորագրով մեր թեկնածուական ատենախոսությունը, Երևան, 2005, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գրադարան/ ևն:

[2] Տե’ս The Life and adventures of  Joseph Emin an Armenian. Printed and published by the Baptist mission press Lower circular road, Calcutta, 1918, p. 518. Այսուհետև` «Life and adventures…» Ծանոթ. Էմինի հուշերն առաջին անգամ հրատարակվում է Լոնդոնում 1792 թվականին /Մ. Թ./:

[3] Տե’ս Акад. Струве В. В., История Древнего Востока.  ОГИЗ, Госполитиздат, Москва, 1941г., с. 165-169.

[4]  Տե’ս «Յովսէփ էմին…» նշվ. աշխ., էջ 156-157:

[5] Տե’ս նույն տեղում:

[6] Տե’ս նույն տեղում, էջ 125-131, 155-159, 233-235:

[7] Նույն տեղում, էջ 159:

[8] Նույն տեղում, էջ 266-268: Տե°ս նաև Մ. Մ. Թելունց, «Հայ ազգային-ազատագրական շարժումը…», էջ 14:

[9] Տե’ս Ш. Монтескье, Избранные произведения. Политиздат, Москва, 1955, с. 163-169; Дж. Локк, Избранные философские произведения, изд. Социально-экономической литературы, т. 2, Москва, 1960, с. 18-31; Ж. Ж. Руссо, Об общественном договоре, изд. Д. Е. Жуковского, СПб, 1907, с.14-15, История политический и правовых учений, изд. “Зерцало”, Москва, 1999, с. 240-253, 258-263, 322-333 և հտ.::

[10] «Յովսէփ էմին…», էջ 409:

[11]Նույն տեղում, էջ 128, տե°ս նաև Մ. Մ. Թելունց, «Իրավական պետություն» սկզբունքը և հայ իրավաքաղաքական միտքը, XVIII դ.` II կես, «Բանբեր Երևանի համալսարանի», 1998, N 3/96/, էջ 151-152:

[12]  «Յովսէփ էմին…», էջ 23:

[13] Այդ հարցում եղած կարծիքների վերլուծության և մեր կողմից առաջադրված տրամագծորեն նոր ու հակադիր հայացքի մասին տես Մ. Մ. Թելունց «Հայ ազգային-ազատագրական շարժումը…» և մեր հիշատակված ատենախոսությունը` ԳԱԱ Պատմության ինստիտուտի գրադարան և ՀՀ ԳԱԱ ազգային գրադարան /Մ.Թ./:

[14] «Յովսէփ էմին…», էջ 192-193, հմմտ  «Life and adventures…», էջ 173-174:

[15] «Յովսէփ էմին…» Տե°ս նաև մեր հիշատակած ուսումնասիրությունները:

[16] Այդ մասին մանրամասն տե’ս նաև Մ.Մ. Թելունց, Հովսեփ Էմինի  «Արտաքին քաղաքական կողմնորոշման» հարցի շուրջ, Բանբեր Երևանի համալսարանի, N 3/81/, Երևան, 1993, էջ 100-110:

[17]Տե’ս օր. Ս. Արևշատյան, Մովսես Խորենացին ազգային ինքնիշխանության մասին, Պատմաբանասիրական հանդես, 1990, N 3, Մ. Թելունց, Մովսես Խորենացու իրավաքաղաքական հայացքները, «Իրավագիտության հարցեր», 2002, N 1-2 և ուրիշներ:

[18] Այդ մասին մանրամասն տե’ս Մ. Մ. Թելունց, «Հայ ազգային-ազատագրական շարժումը…», էջ 66-83:

[19] Տե’ս Гелвеций, Сочинения, т. 2, изд. “Мысль”, Москва, 1974, с. 624.

[20] Նույն տեղում, էջ 629:

[21] Антология мировой философии, т. 2, изд. “Мысль”, Москва, 1969, с. 59.

[22] Տես  Ш. Монтескье, նշվ. աշխ.,  с. 177, 290-300:

[23] «Յովսէփ էմին…» էջ 130:

[24] Տե’ս նույն տեղում, էջ 127-128:

[25] Տե’ս նույն տեղում, էջ 234:

 

About The Author

Related posts

Leave a Reply