Մարտի 25, 2019

Հողի  և  հոգու  դաշնությունը

Հողի  և  հոգու  դաշնությունը

ՀԱՄՈ  ՍԱՀՅԱՆ

Այս  տարվա  սեպտեմբերին  նրանից  նամակ  ստացա .
«Փարիզ  եմ: Ձանձրանալու  ժամանակ  չունեմ, բայց  սրտումս  կարոտ  կա:
Երեկ, «Աշխարհ»-ի  խմբագրատանը  խոսքս  սկսեցի  քո  բանաստեղծությամբ` «Օրը  մթնեց, ժամն  է  արդեն  իրիկնահացի»: Մեր  հացի  համը  ոչ  մի  տեղ  չկա: Գնա, Եռաբլուրի  արտերից  մի փունջ  հասկ  քաղիր, հեղի  արա  ու  կեր  իմ  փոխարեն…
Ոտքերս  այստեղ  են,  գլուխս  այնտեղ`  Լաստին  խութի  չեչոտ  քարին: Սիրտս  Ղաթրինի  ձորի   քերծից  կախված  թզենու  սաղարթների մեջ  է, Շալուն  Անդրանիկենց  պատշգամբում, Ադուշ  ամու  տան  կտուրին:
Ի՞նչ  եղավ  գյուղ  գնալդ: Գնա, Երևանը  չի  փախչի, գնա: Հայրիկիդ  մոտ  երկար մնա, որ կարոտն  առնի, մեղք  է: Երբ  կարոտներդ  առնեք  պրծնեք, գնա  Գորիս: Ցուրտ  աղբյուրի  քարը  կհամբուրես, հետո  կչոքես  ու  բռով  մի  կուշտ  ջուր  կխմես: «Քարահունջ»  էլ: Չափավոր: Ուխա՜յ: Ինչպես  քիրվա  Շամիրը  կասեր՝ լազա՜թ:
Գորիս  գնալիս  մեր տանը  կմնաս, մայրիկը  մենակ  է, թող  նա  էլ իմ կարոտն  առնի  քեզանից: Առավոտները  առանց  նախաճաշելու  տնից  դուրս  չգաս, մայրիկը  կանհանգստանա: Երեկոները  չուշանաս, մայրիկի  քունը  չի տանի: Բաբուն   Տիգրանին  անպատճառ  կտեսնես, կհետաքրքրվես` թոշակն  ավելացրին, թե չէ:
Քարահունջ  մտնելիս`  Ալբերտի  վիճակն  իմացիր, տես  ի՞նչ  նոր բաներ  է գրել: Կարդա, խորհուրդներ  տուր, Կուքեր  ամուն  ասա, թող  հորովել  երգի, ականջ  արա:
Ծարավել  եմ  ջուր  բերեք
Բալաջանի  ձյուն  բերեք…
Մեր  հորովելը  թևերը  թափ  տալով,  եկել  մտել  է  Փարիզի  դահլիճները: Ականջդ  կանչի, Կուքեր  ամի:
Իմ  այս  հանձնարարությունները   կատարելուց  հետո, միտդ  կբերես  ինքդ  քեզ: Քեզ  լավ  պահիր`  մինչև  գամ: «Օրը  մթնեց, ժամն  է  արդեն  իրիկնահացի»…
Փոքրիկ, մտերմական  այս   նամակում  պարզ  երևում  են  ճշմարիտ  գրողի  մարդկային  առաքինությունները: Գրող, որ  կապված  է  իր  բնաշխարհի  հողին  ու  քարին, օժտված  նրա  խստաբարո  քնքշություններով: Գրող, որ  կիսում  է  իր  ժողովրդի  ցավերն  ու  հոգսերը, ինչպես  հացն  են  կիսում,  ու   երջանկանում  է  նրա  ուրախություններով: Գրող, որ  ապրում  է  մարդկանց  կյանքը  թեթևացնելու, նրանց  բարություն  անելու  և  նրանց  փոխարեն  խոսելու համար:
-Էհ, այնքան  էլ  հաճելի  բան  չի  հիսունին  հասնելը,- ասում  է  Սերո  Խանզադյանը,- բայց  երիտասարդության  սահման  ո՞վ  է  որոշել: Քանի  մարդ  կարող  է  մարդիկ  ապրեցնել, հասնել  նրանց  նեղ  օրին, ուրեմն  դեռ  երիտասարդ  է: Տարիքն  իրավունք  չունի  իր  մատը  խառնելու  սրտի  գործերին: Դեռ  այնքա՜ն  բան  կա  անելու: Պետք  է  շտապել… Պետք  է  կորցրածի  տեղը  հանել, ետ  շահել  կորցրածը, իսկ  իմ  սերունդը  շատ  բան  է կորցրել: Նա  անցել  է  21-ի  սովի  միջով, 33-ի  պակասությունն  է  հաղթահարել, 37-ի  մութ  կասկածներն  է  տեսել, իր  արյունով  հանգեցրել  է  41-45 -ի  մեծ  հրդեհը: Կորուստներով  հարուստ  իմ  սերունդը:  Նա  սովորելու, ստեղծագործելու  ժամանակ  քիչ  է  ունեցել: Բայց  ո՞վ  իմանա, գուցե  ոչ  մի  համալսարան  այնքան  բան   չտար  իմ  սերնդին, որքան   նրա  դժվարին  և  իմաստալից  կյանքը… Պետք  է  կյանքին  վերադարձնել  նրա  տվածը:
Իսկ  կյանքը  Սերո  Խանզադյանին   բան  չի  խնայել, նա  տվել  է տեսածը  վերաստեղծելու  կարողություն, մարդկային  սրտի   ձայները  որսալու  ձիրք, փնտրածը  գտնելու  կորով, արդարն  ու  բարին փառաբանելու  չկրկնված  և  անկրկնելի  տաղանդ  ու  ոճ:
Սերո Խանզադյանի  կյանքը  պատմելու  համար  կարելի  է  գրել  պոեմ, վեպ, մենագրություն: Բայց  այդ  կյանքը  պատմելու  համար  մարդկային  երկու  կյանք է  պետք: Երկու   կյանք, որովհետև  նա ապրում  է  արագ, քայլում  է  արագ, խորհում  և  գրում  է  արագ:
Աշխատասիրության  և ստեղծագործական կարգապահության  նախանձելի  օրինակ  է  Սերո  Խանզադյանի  կյանքը:
«Մեր  գնդի  մարդիկ»-ը  գրելիս  նա  արդեն  հատվածներ  էր  կարդում   «Հող»-ից: Եվ  այդ  ժամանակ  հրատարակեց   «Լալ   Համազը»  և  «Որոտանի  կիրճում»   ժողովածուները: «Հողը»   գրելիս  հատվածներ  էր  կարդում   «Մխիթար  սպարապետ»-ից: Եվ   այդ  ժամանակ  հրատարակեց   «Դեպքեր  լեռներում»,  «Քարանձավի  բնակիչները»   և  «Կարմիր  շուշաններ»  գրքերը: «Մխիթար  սպարապետ»-ը   գրելիս, գլուխներ  էր  պատմում «Քաջարան»-ից  ու  տպագրության  էր  պատրաստում  «Կորած արահետներ»-ը:  «Քաջարան»-ը  գրելիս  տպագրեց  «Մեծ  դաշտի  աստղը»   վիպակը: «Քաջարան»-ի  մասին  ընթերցողներն   արդեն  նպաստավոր   տպավորություններ  են  փոխանակում  և  տպագրության  է   հանձնված   «Մաքուր  պահիր  այս  հողը»  վիպակը…
Մարդկային  ճակատագրերի  կենդանի  պատմություններ  են   այս  գրքերը, հայրենի  հողի  բնավորության  նկարագրեր, հայրենի   բնօրրանի  անմոռաց  պատկերներ, հատված-հատված  և  ամբողջական  Հայաստանի  աշխարհ` իր  պատմությամբ, ներկայով, իր գոյատևության  իրավունքով:
Հողի  մարդ  է  Սերո  Խանզադյանը  և  հողի  խանդավառ  երգիչ: Չկա  Հայաստանում  մի  քառակուսի  կիլոմետր, ուր  չլինեն  նրա  ոտնահետքերը:Չկա  մի  գյուղ, ուր  նա  գիշերած  չլինի: Չկա  մի խաչքար, որի մամուռը  մաքրած  ու  եղծված  գրերը  վերծանած   չլինի  Սերո  Խանզադյանը: Մեր  ժողովրդական  ստեղծագործության  հմուտ  գիտակ  է  նա: Գիտակ  է  նաև  մեր  պատմության… Ու  դեռ  շարունակում  է  սովորել  ժողովրդից…
Վերջերս  պատահմամբ   ձեռքս  ընկավ  նրա  գրառումների  տետրը: Բացեցի  պատահական  մի  էջ, «Հին  ժամանակ  մեր  քաղաքի  վաճառականները, որ  ուզում  էին  մատաղ  անել, մատաղացուի  փողը  բերում  էին, փոխում  իմ  փողի  հետ, որ  մատաղը  ընդունելի  լինի:
Ես  դարբին  էի, իմ  վաստակն  արդար  էր»: Սերո  Խանազադյանն  իր կողմից  ավելացրել   է .  «Այս  խոսքն  ասող  Գետաշենցի  Մուխի   դայու  հոգեբանությունը  հասկանալն  է,  նա  արդար  քրտինքով  ապրող  մարդ  է: Իսկ  վաճառականների  հոգեբանությունը  մինչև  հիմա  չէի հասկանում: Ուրեմն  նրանք  գիտակցում  են, որ  իրենց  վաստակը  մաքուր  չի: Գիտակցում  են: Վերջին  հաշվով  նրանք  էլ  մեղք  են, գիտեն  արդար  վաստակի  գինը  և  շարունակում  են  հարամություն  անել: Ո՞վ  է  ստիպում…
Մի  աշուն   գնացել  էինք  Գորիսի  գյուղերից  մեկը, ուր  ուսուցչություն  էր  արել  Սերո  Խանազադյանը: Գյուղում  հարասնիք  կար, և  մեզ  կանչեցին:
Խանզադյանի  ներկայությունը  կրկնակի  ուրախություն  էր  պատճառել  հարասանքավորներին` որ  նրա  նախկին  սաներն  էին, ծանոթները, բարեկամները:
Խմեցին  Խանզադյանի  կենացը, շնորհակալություն  հայտնեցին  լավ գրքերի  համար, այն  բանի  համար, որ իրենց  պարզերես  է  անում  և  մանավանդ, որ   իրենց  չի  մոռանում:
-Հա,- շնորհակալական   խոսքում  ասաց  Խանզադյանը,-հաճոյախոսությունը  լավ  բան  է, բայց  վայ  հավատացողին: Եթե  ձեր  այդ  մեծ-մեծ  խոսքերին  հավատայի,  ինձանից  բան  դուրս  չէր  գա: Իմ բոլոր  գրքերի, իմ  արած-դրածի  համար  ձեզ  եմ  պարտական, շնորհակալ  եմ  ձեզանից: Էն  Իշխանասարի  գլխի  ամպը  տեսե՞լ  եք, որ անձրև  է թափում, թեթևանում, կամաց-կամաց  գլորվելով  գալիս, մտնում  է  ձորը, գետից  ջուր  խմում, գնում: Գնում  է, որտեղ  մի ցամաք   ածու  է  տեսնում, թևերը  թափահարում  է, վրան  ջուր  շաղ  տալիս  ու  շարունակում  ճանապարհը: Էդպես  էլ  ես: Հենց  որ  դատարկվում  եմ, գալիս  եմ  էս  ձորերը,  լցվում  ձեր  խոհ  ու  խոսքով, ձեր  ծիծաղով   ու արտասուքով, ձեր  լավ-լավ  երազներով… Էն  ամպի  պես  էս  ձորերից  ջուր  եմ  առնում-տանում, որտեղ  մի  ծարավ, պապակ  սիրտ  եմ  տեսնում, տալիս  եմ  նրան, որ  հովանա, զարթանա: Մեր  հողն  ու  իր  հոգին  անբաժան  են: Հոգին  հողով  է  հարստանում, հողը` հոգով»…
Հողի  և  հոգու  դաշնություն   է  Սերո  Խանզադյանի  համով  ու  հոտով,  կենդանի ու  թրթռուն  ստեղծագործությունը:
Ի՞նչ  ցանկանանք  մեր  սիրելի   հոբելյարին, նրա  կյանքի  այս  նշանակալից  պահին, երբ  երջանիկ  լինելու  համար  ամեն  ինչ  առատորեն  տրված  է  նրան:
Եղբայրաբար  սեղմենք  նրա  կարող  ու  ազնիվ  ձեռքը  և  մաղթենք  երկար  կյանք  ու  ամուր  քաջառողջություն՝ ի  բարօրություն  մեր  մշակույթի, մեր  հոգևոր  աշխարհի:

 

About The Author

Related posts

Leave a Reply