Հունիսի 26, 2019

Հարազատի անվան պուրակում

Հարազատի անվան պուրակում

Զոհրաբ Ըռքոյան 

  • DSCN2107
  • DSCN2101
  • DSCN2082
  • DSCN2097

Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում և հարակից տարածքներում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, «Գուրսեն Մելիքյանը՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» բարեգործական հիմնադրամի նախագահ Գուրգեն Մելիքյանի նախաձեռնությամբ, օժանդակությամբ և անմիջական մասնակցությամբ ստեղծվել են 10-ից ավելի պուրակ ու այգի: Շրջանի հիմնադրման առաջին օրերից Գ. Մելիքյանը քաշաթաղցիների կողքին է և տարբեր ծրագրերով իր ներդրումն ունի Քաշաթաղի կայացման գործում: Պուրակներում ծառատունկը հիմնականում կայացել է ԵՊՀ ուսանողների և քաշաթաղցի դպրոցականների մասնակցությամբ: Արցախյան գոյամարտի հերոսների, հայ մշակույթի ու գրականության նվիրյալների անուններով են կոչվում նորաստեղծ պուրակները: Բերձորից դեպի Ստեփանակերտ ձգվող մայրուղու աջ կողմում՝ Բերդաձորին հարակից ձորակում, 3 տարի առաջ տնկվեց հայ բարերար, միջազգայնագետ, Իրանում «Փյունիկ» շաբաթաթերթի համահիմնադիր, Վահագն Մահտեսի-Հակոբյանցի հիշատակը հավերժացնող պուրակը: Այստեղ ևս ծառատունկի հիմնական մասնակիցները ԵՊՀ ուսանողներն էին: Իրանահայ Ռուբեն և Թամար Մահտեսի-Հակոբյանցների ավագ զավակը՝ Վահագնը, ծնվել է 1942 թվականի սեպտեմբերի 28-ին Թավրիզ քաղաքում: Ծննդավայրի դպրոցն ավարտելուց հետո ուսանել է Ավստրիայի Գրաց համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Այնուհետև կրթությունը շարունակել է  Երևանի պետական համալսարանում: Այդ տարիներին Հայաստանում կազմակերպել է սփյուռքահայ ուսանողների առաջին խորհուրդը և ընտրվել դրա նախագահ: Այստեղ ծանոթացել, ընկերացել ու բարեկամացել է Գուրգեն Մելիքյանի հետ: 1972 թվականին Վահագն ավարտել է բուհը և դարձել միջազգայնագետ Ջոն Կիրակոսյանի ասպիրանտը: Ավարտելով ուսումը Երևանում՝ տեղափոխվում է Գերմանիա և աշխատանքի ընդունվում Արևմտյան Բեռլինի FU Ազատ համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում` որպես գիտաշխատող: Իրանական հեղափոխության առաջին օրերին տեղափոխվում է ծննդավայր: Իր ընկերների հետ հիմնադրում «Փյունիկ» շաբաթաթերթը: 1988 թվականի երկրաշարժի օրերին ու Արցախյան շարժման ընթացքում նա հայրենիքում էր.  սկզբում իր ընկերների հետ օգնում էր ազատամարտիկներին, այնուհետև Արցախի ազատագրության բանակին: 1988 թվականի ամռանը նրա նախաձեռնությամբ ստեղծվել էր գերմանախոս երկրների «Ղարաբաղ» կոմիտեն, որն իր գործունեությամբ լուրջ ներդրում ունեցավ եվրոպական երկրներում արցախյան հիմնահարցի ճիշտ, արդարացի ու անկողմնակալ լուսաբանման գործում: Քաշաթաղի կայացման գործում նույնպես լուրջ ներդրումներ է արել: Վախճանվել է 2014թ. Հուկիսի 23-ին Գերմանիայի Օլդընպուրկ քաղաքում: Նրա աճյունափոշին, իր ցանկությամբ, շաղ է տրվել Գառնիի կիրճերում, ինչպես նաև Բերձորի հողում: Այդ վայրում էլ դրվել է նրա հիշատակը հավերժացնող հուշաքարն ու հիմնադրվել նրա անվան պուրակը, որտեղ կառուցվել է նաև տաղավար անցորդների համար: Սեպտեմբերի 24-ին Վ. Հակոբյանցի անվան պուրակում նրա հարազատները և Գ. Մելիքյանը նոր ծառեր տնկեցին: Ինչպես ընդունված է՝ բոլոր ծառատունկերի ժամանակ առաջին ծառը տնկելիս Գ. Մելիքյանն արտասանում է Զավեն-Լևոն Սուրմելյանի ծառին նվիրված բանաստեղծությունը: Ծառատունկից հետո Գ. Մելիքյանն անդրադարձավ իր ընկերոջ հայրենանվեր գործունեությանը, ազատագրված ու շենացող Արցախին օժանդակելուն: Վ. Հակոբյանցի ավագ քույրը՝ Ռայան, ով բնակվում է Բեռլինում, տեղեկացրեց, որ եկել են եղբոր ծննդյան օրը հայրենիքում նշելու: Իր հետ են եկել դուստրերը՝ Անին՝ ամուսնու՝ Անդրիի հետ, կրտսեր դուդտրը՝ բժշկուհի Նանեն, մյուս եղբայրը՝ Աբրահամը, ով բնակվում է Նյու-Յորքում, այլ հարազատներ: Նրանց ուղեկցում էր ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Տիկին Ռայան նշեց նաև, որ հաճախ են գալիս հայրենիք, այցելում եղբորը նվիրված պուրակ: Շնորհակալություն հայտնեց, որ ստեղծվել է նման այգի ու խնամվում է բերձորցիների կողմից: Սփյուռքից եկած մեր հայրենակիցները բարձր գնահատեցին քաշաթաղցիների դերը՝ ազատագրված հայրենիքը շենացնելը համարելով հերոսություն, հայրենասիրության դրսևորում: Երևան մեկնեցին՝ հավատով, որ ընկույզի և ունաբի նոր տնկիները  ևս կհամալրեն պուրակի ծառերի շարքը և բարիք կտան անցորդներին:

 

 

About The Author

Related posts

Leave a Reply