Օգոստոսի 17, 2018

Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ

Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ

Մհեր Քումունց, Լուսինե Ներսիսյան
ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ
ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ
ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ
Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԲԱՆԱՀՅՈՒՍԱԿԱՆ
ԱԿՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

«Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ» վերտառությամբ թեման այնպիսին է, որ արդիական լինելու հետ մեկտեղ ենթադրում է պատմության ուսումնասիրություն, գրական ստեղծագործությունների և դրանցում ընդգրկված թեմաների զուգադրություն ըստ ժամանակաշրջանի, դիպվածային պատումի, հերոսների և, ինչու ոչ, հեղինակների աշխարհայացքի ու առաջադրած խնդիրների գե- ղարվեստական վերարտադրության։ Աշխարհին այնքան անհրաժեշտ է հանդուրժողականություն, հատկապես նոր ժամանակներում, երբ անհանդուրժողականության ծնած ցանկացած դեպք ուղղակիորեն տարածվում է ողջ մարդկության շրջանում։ Եվ, ըստ էության, անհանդուրժողականության զոհ են դառնում ոչ միայն անմիջական կրողները, այլև նրանց վերաբերող տեղեկությունն ընդունող անձինք։ Դարի չարիքն է անհանդուրժողականությունը, և նրա հակադիր ու զսպող կողմն է հանդուրժողականությունը, որ գալիս է մարդկության ամենահին մատյանից՝ Աստվածաշնչից, ժողովրդական էպոսներից, լեգենդներից ու առասպելներից։ Օրինակ՝ որքան խորն են արտահայտված մարդկային այդ զգացողությունները «Իլիականում», «Ոդիսականում», հին հունական ողբերգություններում, ապա Վերածննդի ժամանակաշրջանում, հետո գրականության Լուսավորության շրջանում ու նրանից հետո գրականության մեջ առկայացած տարբեր ուղղություններում։ «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները Խ. Աբովյանի բանահյուսական ակունք ունեցող ստեղծագործություններում» վերտառությամբ աշխատանքը միտված է ժողովրդի կյանքում ընդգրկված համամարդկային գաղափարների վերլուծությանն ու բացահայտմանը։ Նույնքան կարևոր է արատավոր սովորույթների մասին խոսելը, որպեսզի գնահատվեն «մարդը մարդու բարեկամն է» բանաձևից բխող արժեքները։ Ներելու և չներելու երևույթները մեծապես արտահայտվել են բանավոր և հեղինակային ստեղծագործություններում, որոնք էլ ուղղորդիչ դեր են կատարում մարդկության պատմության և մարդկային հարաբերությունների ընտրության գործընթացում։ Գեղարվեստական ստեղծագործությունների հաջողությանը խորապես նպաստում են այն թեմաները, որոնք անմիջականորեն առնչվում են մարդկության կյանքի և գոյության մատյանին։ Մարդկային խոհերը, զգացմունքները և զգացողությունները առանձնակի դրսևորում ունեն գրականության ենթաճյուղերից մեկում՝ բանահյուսության մեջ։ Բանահյուսական պատառիկները հաճախ կարող են դառնալ ծավալուն ստեղծագործությունների շաղախը։ Անվանի ու ժողովրդականություն վայելող շատ հեղինակներ ստեղծագործական նյութ ընտրելիս հաճախ են դիմել բանահյուսությանը։ Հայ իրականության մեջ բանահյուսական նյութերի գեղարվեստականացմամբ ու մշակմամբ զբաղվել են հայ մատենագիտության շրջանից մինչև օրս՝ Ագաթանգեղոսը, Մ. Խորենացին, Ն. Շնորհալին, Ֆրիկը, Խ. Աբովյանը, Ավ. Իսահակյանը, Հովհ. Թումանյանը, Ա. Բակունցը, Հովհ. Շիրազը, Հ. Խաչատրյանը և շատ ուրիշներ։ Օրինակ՝ Խ. Աբովյանի պոեմների, բանաստեղծությունների, առակների և արձակ շատ ստեղծագործությունների հիմքը ամբողջությամբ բանահյուսական է։ Այդ պատմությունների մեծ մասը տարածված է եղել նաև մյուս ժողովուրդների շրջանում։ Հեղինակը չի բավարարվել ժողովրդական պատումին գեղարվեստական շունչ և քնարականություն հաղորդելով։ Հանդուրժողականությանը և անհանդուրժողականությանը վերաբերող պատմություններն այնքան խորն են և ժամանակային առումով այնքան ընդհանրական, որ դրանց կարող է վերագրվել դարերի կամ նոր օրերի հասակ։ Սովորաբար բանահյուսական թեմաները սերնդեսերունդ ապրում են, և ամեն սերունդ նորովի է հորինում ու կենդանություն տալիս նյութին, մինչև որ բանահյուսական չքնաղ պատումը գտնում է իր գնահատականը գրականության մեջ։ Հետազոտության մեջ արդեն ութ տարուց ավել հավաքագրված բանահյուսական նյութերի համադրմամբ և Խ. Աբովյանի ստեղծագործությունների վերլուծությամբ փորձ է արվել թանձրացնել հանդուրժողականության և անհանդուրժողականության երևույթները բանահյուսության մեջ։ Օգտագործվել է տեսական հարուստ գրականություն, կազմվել են վերլուծական տախտակներ և գիտահանրամատչելի մակարդակի բարձրացվել քաղաքացիական ապահովության առաջընթացն ապահովող թեմաները՝ հանդուրժողականությունն ու անհանդուրժողականությունը։

Աշխատանքն ամբողջությամբ կարդացեք այստեղ։

About The Author

Related posts

Leave a Reply