Ապրիլի 20, 2019

«ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՈՒ» բառակապակցության մասին

«ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՈՒ» բառակապակցության մասին

Հրաչ Մարտիրոսյան, Լեյդեն

Շատ է խոսվել «ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՈՒ» բառակապակցության մասին: Այն բազմիցս համարվել է կոպիտ սխալ կամ մեր լեզվի համար աններդաշնակ բառակապակցություն:

Ժամանակակից հայերենում արդեն ՀԱՅԵՐԵՆ-ը հերիք է, ավելորդ է ասել ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՈՒ: Ու ես ինքս էլ չեմ գործածում *ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՈՒ-ն, այլ դրա փոխարեն միշտ ասում եմ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ կամ պարզապես ՀԱՅԵՐԵՆ: Բայց ինձ դուր չի գալիս ծայրահեղ մոտեցումը, որ վերջերս *ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՈՒ բառակապակցությունը համարում են կոպիտ սխալ կամ հայերենին աններդաշնակ լեզվական իրողություն: Մեջբերում եմ վերի գրածներիցս. «Չեմ կարծում, թե հայերեն լեզու-ն արտառոց կամ անգրագետ բառակապակցություն է». «դա համենայն դեպս հայերենին անհարազատ բան չէ կամ կոպիտ սխալ». «Գոնե կարելի է համարել անհանձնարարելի, հնացած կամ նման մի բան»: Այսինքն` ակնհայտ է իմ մոտեցման չափավորությունը:
Գրաբարի նյութի մասին էլ չկրկնեմ: Միայն հիշեցնեմ, որ մեր ոսկեդարյան մատենագրության հեղինակներից մեկը` Կորյունը, երեք անգամ գործածել է «հայերէն լեզու» բառակապակցությունը.
գտեալ նշանագիրս աղփաբետաց հայերէն լեզուի.
ողջ ածել զսիւղոբայս զկապս հայերէն լեզւոյն.
նշանագիրս հայերէն լեզուին:
Հասկանալի է, որ գրաբարյան նյութը հիմք չէ ժամանակակից իրողության կարգավիճակի գնահատման համար: Սակայն այդ նյութը պետք է պարզապես որպես սկիզբ. ցույց տալու, որ քննվող իրողությունը մեր օրերի կիսագրագետ նորամուծություն չէ, այլ ունի խորը արմատներ:
Հիմա անցնենք նոր վկայություններին: Դրանք քաղում եմ ԱՐԵՎԱԿ-ի հայտնի բազայից:
1) «Հայերեն լեզու» բառակապակցությունը քանիցս գործածված է 19-20-րդ դարերի դասական գրականության մեջ.
Մուրացանի մի պատմվածքում («Ուր որ գնում, ուր որ հանդիպում էի, ամեն տեղ հայերը օտար լեզվով էին խոսում. մի-մի հայերեն խոսք միայն կինտոներից կամ բախալներից էի լսում, բարձր ընտանիքների մեջ հո հայերեն լեզուն չինականի նման անծանոթ էր»),
Րաֆֆու «Սամվել»-ում («ընդհատեց մայրը հայերեն լեզվով»),
Րաֆֆու «Կայծեր 2»-ում («թեև նրանք գրված էին հայոց տառերով և հայերեն լեզվով»),
Րաֆֆու «Զահրումար»-ում` 1871 («կրկնեց մի այլը հայերեն լեզվով»)
Շիրվանզադե, «Կյանքի բովից» («Հայերեն լեզվի մեջ հաց չկա»),
Վրթանես Փափազյան, «Քյոխվա» («Գյուղում պիտի լինել կիրակի օրերը, այն էլ այդ լեռնային գյուղերում, լսելու համար, թե որպեսի՛ հայհոյանքներ ու լպիրշ բառեր կարող են գոյություն ունենալ հայերեն լեզվի մեջ»)
Վրթանես Փափազյան, «Վեպեր» («և հանկարծ հայերեն լեզվով հարցրեց …»)
Վահրամ Փափազյան, «Հետադարձ հայացք 1» («Այս գիրքը կարող էի գրել մեկից ավելի լեզուներով, գրել եմ, սակայն, ինչ մտածել եմ հայերեն լեզվով»),
2) 19-րդ դարի վերջերի և 20-րդ դարի սկզբների լեզվաբանական գրականություն.
Այտընեան 1866 Հայտնի գրքի վերնագրում` «Քնն. քերակ. աշխ. կամ արդի հայերէն լեզուի» (գիրքը գրված է արևմտահայերենով),
Գաբրիէլեան Մ. Ս., Ակնա գաւառաբարբառը և արդի հայերէն լեզու, Վնն., 1912 (գիրքը արևմտահայերեն է),
Սիպիլի դասագրքի վերնագրում` «Նոր թանգարան հայերեն լեզվի», 1929:
3) 20-րդ դարի 2-րդ կեսի գեղարվեստական գրականություն.
Գագիկ Ռշտունի, «Մագիլների մեջ», 1958 («ելույթ էր ունեցել հայերեն լեզվով և արտասանել կոմունիստական …»)
Վալտեր Արամյանի «Վերադարձ»-ում 1983 («Եվ վերջն էլ հայերեն լեզվով ավելացրեց «ամմեն»»),
4) 20-րդ դարի 2-րդ կեսի գիտական (մասնավորապես` լեզվաբանական) գրականություն.
Մալխասյանցի բառարանում, ինչպես նաև Խորենացու աշխարհաբար թարգմանության մեջ:
Սերոբ Ղազարյանի «Ժամանակակից հայոց լեզուն և ռուսերենի դերը նրա հարստացման ու զարգացման մեջ» 1955 գրքում («Այդ հանդեսում առաջին անգամ հայերեն լեզվով լույս են տեսնում…»),
Է. Աղայանի «Հայ լեզվաբանության պատմություն» 1962 գրքում («Նկատի ունենալով, որ հայերեն լեզվով պատմա-համեմատական մեթոդի վերաբերյալ այդպիսի աշխատություն չկա…»; «հայերեն և հունարեն լեզուները ունեն …»; «Հայերեն լեզվի իսկական քերականությունը …»)
Հայկական սովետական անրագիտարանի 7-րդ հատորում` 1981 («Լենինականի օպերա-օպերետային խմբում վարել է հայերեն լեզվով ներկայացումներ»), 8-րդ հատոր, 1982 («էլեկտրատեխնիկայի հայերեն լեզվով առաջին դասագրքի հեղինակն է»). նաև 10-րդ հատորում (1984):
5) Հետխորհրդային ժամանակների գրականություն.
Դիանա Համբարձումյան, «Ուիլյամ Ֆոլքների երկերի լեզվաոճական առանձնահատկությունների պահպանման խնդիրը հայերեն թարգմանություններում», 2005 («հայերեն լեզվով ի մի բերելով ողջ եղածը` …»),
Գ. Գրիգորի 2007-ի մի պատմվածքում («որոնցով հարուստ է հայերեն լեզուն»)
6) Խորհրդային շրջանի մամուլ.
«Մուրճ և մանգաղ» 09.09.1928 («անցյալ դարի 60-70-ական թվականներից հայերեն լեզուն կամաց-կամաց դառնում ե …»)
«Պիոներ կանչ»-ի 24.02.1929-ում,
«Լենինյան ուղի», 03.03.1937-ում («հրապարակվում են ադրբեջաներեն, ռուսերեն և հայերեն լեզուներով …»),
«Անասնապահ կոլխոզնիկ», 06.08.1937 («Տեղական հաղորդումները լինելու յեն քրդերեն և հայերեն լեզուներով»)
«Խորհրդային Հայաստան»-ի 16.01.1940-ում,
«Երիտասարդ բոլշևիկ»-ի 14.06.1941-ում,
«Երևան» 12.08.1947 («Սրապյան վարժարանի մեջ հայերեն լեզվի, ազգ. պատմության և Հայաստանի աշխարհագրության դասերը ավանդող ուսուցչի …»),
«Գրական թերթ»-ի 12.02.1955-ում («բայց հայերեն լեզվով տպագրված գրքերի քանակով Պոլիսը գրավում է առաջին տեղը»; «Այս հայ մայրը անապատներից է անցել, հայերեն լեզու է դասավանդել»), նաև 29.10.1965-ում,
«Հայաստանի ֆիզկուլտուրնիկ», 22.07.1956 («ՍՍՌՄ-ում կիրառվող սպորտի մոտ 50 տեսակից 40-ի վերաբերյալ հայերեն լեզվով, առհասարակ, ոչ մի ձեռնարկ չի հրատարակված»),
«Երեկոյան Երևան», 17.04.1964 («արդի հայերեն լեզվի տրամաբանական կառուցվածքի մասին»), 21.04.1964 («Վ. Ի. Լենինի աշխատությունների հայերեն լեզվով առաջին հրատարակություննեոի պատմությունը …»), 04.05.1964 («հայերեն լեզվով թարգմանվել և հրատարակվել են …»)
«Բանվոր», 07.31.1959,
«Հորիզոն», 10.10.1983 («գաւառացի պանդուխտներուն ազգային պատմութիւն եւ հայերեն լեզու կը դասաւանդէր»)
«Հայրենիքի ձայն»-ում (1987)
7) Հետխորհրդային մամուլ.
«Առաւօտ» 03.08.2003 («Սույն հայտարարությունը կազմված է անգլերեն եւ հայերեն լեզուներով»), 19.03.2004 («հայերեն լեզվի երեկոյան վարժարանները»), 28.09.2007 («Թուրքիայում առաջին անգամ հայերեն լեզվի իմացությունը կստուգվի …»)
«Նոյան տապան» 07.03.2006 («անգլերեն, ռուսերեն, նաեւ` հայերեն լեզուներով»); 03.05.2006 («պարբերականը տպագրվում է թուրքերեն եւ հայերեն լեզուներով»)
«Ազգ»-ում` բազմիցս. 21.05.2004, 09.10.2004, 05.12.2004, 26.02.2005, 12.10.2005, 15.10.2005, 13.01.2006, 27.06.2006, 19.07.2006, 27.09.2006, 27.01.2007, 21.04.2007, 20.09.2007, 25.01.2008, 26.09.2008 և այլն (Արևակը հղումները տալիս է իմ սովորածի թարս ձևով` տարի-ամիս-օր. ես վերածել եմ հակառակ` ինձ համար սովորական համակարգին, կարող է մի երկու տեղը ամսաթիվն ու օրը խառնած լինեմ. ներող կլինեք):
Ազգ մշակույթ, 09.02.2006 («Հայ թատրոնի այս ժամանակը հայերեն լեզվի հնչողության»),
ամսաթվերի շփոթ
Ազգ ֆորում, 2006.04.24 Lavrenti Barseghyan («Նրա խմբագրությամբ հայերեն լեզվով լույս են տեսել …»)
Ու էսպես անվերջ շարունակվում է: Նյութի կեսի-կեսն էլ չեմ մաղել, բայց բոլորիս ժամանակը խնայելու նպատակով դադարեցնում եմ: Հիմա ինչ, էս բոլոր հեղինակներն անգրագետ ե՞ն:
Հիմա կասեք` բայց չէ՞ որ կան գրեթե համատարած դառնող սխալներ, որոնք դու ինքդ սխալ ես համարում ու պայքարում ես դրանց դեմ: Սա անտեղի է, քանի որ էս էն դեպքը չէ: Ես քննարկել եմ դեպքեր, որոնք ԱԿՆՀԱՅՏՈՐԵՆ սխալ են ձևի առումով կամ քերականորեն, ու որոնք ընդամենը վերջին մեկ-երկու տասնամյակի իրողություն են` մասնավորապես կիսագրագետ լրագրողների ու գրագետ երևալ ցանկացողների լեզվում (որ-ի փոխարեն` որպեսզի, դու ինձ ստում ես, համփյուրել, եղբոյրս, օրեկան և այլն): Բայց սա ՀԱՍՏԱՏ էդ դեպքը չէ, քանի որ լեզվական ակներև սխալ չկա, ու, ամենակարևորը, անթիվ քանակության վկայություններ կան 5-րդ դարից ընդհուպ մինչև մեր ժամանակները:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայերեն լեզու» բառակապակցությունը գալիս է 5-րդ դարի գրաբարից և անթիվ քանակության վկայություններ ունի մեր լեզվի զարգացման նոր փուլում` 19-21-րդ դարերում, պրակտիկորեն բոլոր ոճերում: Այն, ըստ իս, չի կարելի համարել սխալ (այն էլ` կոպիտ): Իհարկե, ավելի հանձնարարելի են «հայոց լեզու»-ն կամ պարզապես «հայերեն»-ը: Բայց դա այլ հարց է:  ՀԻՇԵՑՈՒՄ. այս նոր գրառումը մտադիր չեմ վերածելու քննարկման: Ու քննարկումն իսկապես անիմաստ է, քանի որ ես ընդամենը ներկայացրի նյութը: Յուրաքանչյուրը թող անի իր հետևությունները:

 

Spread the love

About The Author

Related posts

Leave a Reply