Ապրիլի 23, 2019

Հայաստանի բարենորոգման հիմնահարցերն ըստ Րաֆֆու

Հայաստանի բարենորոգման հիմնահարցերն ըստ Րաֆֆու

19-րդ դարի հայ նշանավոր վիպասան, հրապարակախոս և ազգային-հասարակական գործիչ Րաֆֆին մշտասևեռուն ուշադրությամբ հետևում էր Հայկական հարցի շուրջ ընթացող զարգացումներին։ Նա իր դիտարկումներն ու մտածումները արտահայտել է բանավոր ելույթներում, հոդվածներում և ակնարկներում, վեպերում և ուսումնասիրություններում։ Սույն հարցում Րաֆֆու եռանդուն, կրքոտ ակտիվությունը հատկապես ակներև դարձավ և իր կիզակետին հասավ 1877-78 թթ. ռուս-թուրքական հերթական պատերազմից հետո։ Դեռևս պատերազմի ընթացքում գրած «Դատարկ հույսերով ենք խաբվում» ընդարձակ խոհագրության մեջ զուգահեռներ է տանում հայոց և այլ ազգերի  պատմության միջև` խորհուրդ տալով, թե «Քննեցեք մի ազգի պատմություն, և այդ թո՛ղ լինի մեր ազգի պատմությունը, և կտեսնեք, թե ո՛րքան մեծամեծ վնասներ է կրել նա, որքա´ն կորցրել է դատարկ հույսերից հրապուրված և տակավին չէ խրատվել իր սխալներով» (Րաֆֆի, երկերի ժողովածու, հատոր 11, Ե., 1991 թ.)։ Հրապարակախոսը նշում է, թե պատմական հալածանքները թողնում են պատմական ոխակալություն։ Մի ազգ չի մոռանում մի ուրիշ ազգի բարբարոսությունները։ Հույնը,  պարսիկը ատում են հայերին, որովհետև հայերն ունեցել են նրանց պապերի հետ փոքրիկ հաշիվներ։ Սակայն հայը ոչ ոքի չի ատում, չնայած որ շրջապատող բոլոր ազգերից ստացել է ծանր հարվածներ, կրել տևական հալածանքներ։

Հայի այս ներողամտությունը, ըստ Րաֆֆու, առաջ է գալիս ոչ թե նրա քրիստոնեական եղբայրասիրությունից, այլ նրա հոգեկան անզգայությունից. «Դիակները «ատելություն չունեն, դիակները լուռ համբերություն ունեն…»» (Նույն տեղում, էջ 9)։ Րաֆֆին ընդհանրացնում, ամփոփում է մեր պատմության հանրագումարը, ըստ որի` արդեն 850 տարի հայ ժողովուրդը մոնղոլական կրակի մեջ այրվում է և ոչ մի ձայն, և մի բողոք չի բարձրացնում։ Իսկ դա էլ հենց հայի «մեռելության նշանն է, որը նա պատվի, ինքնասիրության և ազատության զգացում չունի» (Նույն տեղում)։ Ավելին և առավել խտացնելով գույները, նա գտնում է, որ հայը ստրուկի չափ ատելություն չունի դեպի իրեն ճնշողներն ու հարստահարողները։ Հայն ունի լոկ այն երազական ցնորքը, որը «մենք հույս կոչեցինք, որով ապրում են, որով մխիթարվում են ծույլ և դանդաղկոտ ժողովուրդները, թե մի օր գերբնական կերպով ազատված կլինեն… (Նույն տեղում)։ Րաֆֆի հրապարակախոսը քննադատության տարափ է տեղում հայկական մենթալիտետին բնորոշ բացասական երևույթների ուղղությամբ, մատնանշում դրանցից շուտափույթ ազատագրվելու ուղիներն ու անհրաժեշտությունը։

Րաֆֆին հայ ժողովրդի հավաքական հիշողության մեջ արմատավորում է այն մտայնությունը, որ նվաճված և ստրկացված ազգերին ազատությունը այլ կերպ չի տրվում, քան այդ գործի համար զոհեր տալուց և արյուն թափելուց։

Նա զարմանք է արտահայտում, որ ռուս-թուրքական վերոնշյալ պատերազմի ժամանակ հայ հասարակությունն ու հայ գործիչները նույն անտարբեր ու անհաղորդ վիճակում են, ինչպես առաջ։

Եվ միայն մենք ուրախանում ենք, երբ եվրոպական որևիցե լրագիր հայերի մասին ծուռ ու սխալ կերպով մի բան է հայտնել։ Մխիթարվում ենք, որ եվրոպացին արժան է համարել արհամարհված հայի մասին խոսել։

Իսկ Եվրոպան մեր լռությունը բոլորովին «ուրիշ կերպ կբացատրե. նա կմտածե, թե Տաճկաստանի հայը գոհ է իր վիճակից, և իրավունք էլ ունի այսպես մտածելու» (Նույն տեղում, էջ 12)։ Լռության ֆոնի վրա տեղին է հնչում հրապարակախոսի հարցապնդումը, թե ո՞ւր մնացին Կ. Պոլսի այն տաք գլուխները, որոնց բերանում անդադար հնչում էր «ռևոլյուսիոն մը ընելու է» խոսքը։ Ո՞ր ծակը մտան այն ցնորամիտ երգիչները, որոնք իրենց տաղերի մեջ Հայաստանի անկախությունն էին երազում,– հարցնում է նա։

Ի պատասխան ասվում է, որ բոլորը լռվեցան, երբ տեսան բաշիբոզուկների սվինները։ Բավական չէ, որ օտարը հայի մասին խոսում է։ Հայը «եթե չբարձրացրեց իր սուրը, գոնյա բարձրացներ իր ձայնը։ Բայց այս բանի մեջ ևս նա շնորհք չունեցավ» (Նույն տեղում)։

Անդրադառնալով Օսմանյան կայսրության կազմում հայության ապագայի խնդրին, Րաֆֆին նախևառաջ քննում է տիրապետող թուրք ազգի էությունը, նրա պետական ու քաղաքական կառուցվածքի բաղադրությունը։ Նա կտրուկ հակադրվում է հայկական շրջանակներում շրջանառվող այն տեսակետին, թե այժմյան բարբարոսությունները մի օր կվերջանան, երբ թուրքը քաղաքակրթվի։ Անվանի հրապարակախոսը վերոնշյալ մտայնությունը համարում է ցնորք, քանզի «Թուրքը այսօր անկիրթ ավազակ է, բայց քաղաքակրթվելուց հետո կդառնա կրթյալ ավազակ, և այն ժամանակ ավելի վտանգավոր կդառնա» (Նույն տեղում, էջ 13)։ Սա, իհարկե, մարգարեական ճշմարտություն է, որը այդպիսին կմնա հարատև ժամանակների համար։ Րաֆֆին ճշմարտացի, սպառիչ և ամբողջական է բնութագրում թուրքի էությունը, որը զինվորական ազգ է, և աշխատելու, արարելու շնորհք բնավ չունի։ Այսպիսի ազգը պահպանում է իր զորությունը հպատակ ազգերի ու ազգությունների ձեռքի աշխատանքով, դառն քրտինքով։ Թուրքը «մի վիթխարի վիշապ է, որը կլանում է, ուտում է, ոչնչացնում է, ինչ-որ արդյունաբերում է ողորմելի հպատակի աշխատասեր ձեռքը։ Այս վիշապը կուլ է տալիս ամբողջ ազգեր ու ժողովուրդներ՝ իր մարմինը պարարտացնելու համար» (Նույն տեղում, էջ 13)։

Որպես հեռատես մտածող գործիչ` Րաֆֆին հայ ժողովրդի ապագան չի տեսնում թուրքական կայսրության վարչական կառուցվածքում և նրա սահմաններում։ Նա դատապարտում է հայերի կույր հնազանդությունը թուրքական բարբարոս իշխանություններին, քանզի հավատարիմ հպատակությունը մի այնպիսի տերության հանդեպ, որպիսին Թուրքիան է, նշանակում է անտրտունջ տանել բռնակալի բոլոր բարբարոսությունները։

«Ինչ վերանորոգություններ պետք են Տաճկական Հայաստանին» ուսումնասիրության մեջ Րաֆֆին, քննության առնելով Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի հրատարակած  «Տեղեկագիրք»-ը, նշում է նրանից բխող այն կարևոր 4 դրույթները, որոնք արևմտահայության դանդաղ բնաջնջման պատճառ են հանդիսանում։ Դրանք են` ա) անապահովություն ապրուստի և սեփականության, բ) անապահովություն կյանքի, գ) անարդարություն դատաստանի մեջ և իրավունքի պաշտպանության, դ) անապահովություն ազգային առանձնահատկությունների։ Նրա համոզմամբ, Տաճկահայաստանի հայերի վիճակը բարվոքելու համար գործի դրվելիք վերանորոգություններն այն ժամանակ միայն կարող են նպատակահարմար լինել, երբ լիակատար բավականություն կտան վերոհիշյալ չորս կետերի բարվոքմանը։ Խորունկ պատմաբանի ու անաչառ սոցիոլոգի հմտությամբ մեկ առ մեկ քննում,  մանրամասն պարզաբանում է սույն կետերով խտացված խնդիրներն ու հիմնահարցերը, լուծման մեթոդներ առաջադրում։ Մասնավորապես անդրադառնալով և Սան-Ստեֆանոյի և Բեռլինի դաշնագրերի 16-րդ ու 61-րդ հոդվածներով նախատեսված պարտավորություններին` նա նշում է, որ թուրքական կառավարությունը նույնիսկ լավագույն ցանկության դեպքում չի կարող անզեն հայերին պաշտպանել զինյալ մահմեդականների վայրագություններից։ Ուրեմն, հայերին պետք է թույլ տրվի, որ իրենք իրենց պաշտպանեն, և դա այլ կերպ լինել չի կարող, քան միայն «իրավունք տալ, որ հայերը զենք կրեն որպես իրանց դրացի ազգերը, և բացի դրանից, Թուրքիայի զինվորության մեջ իրանք էլ մասնակցեն» (Նույն տեղում, էջ 49)։ Սա իրատեսական, ճշմարիտ մոտեցում էր, քանի որ զինված քրդերի դեմ առ դեմ միայն զինված մարդը կարող էր պաշտպանվել և պահպանել իր ու մերձավորների ապրելու իրավունքը։ Րաֆֆին քաջ գիտեր թուրքական իրականությունը, գիտեր որ թուրքական տերությունը բնակեցված է այնպիսի ցեղերով ու ազգություններով, որոնք մշտապես միմյանց հանդեպ բախման ու արյունահեղությունների մեջ են։

Ուրեմն, միմյանց դեմ լոկ սրով բախվող ու պայքարող այդ միջավայրում ինչո՞վ կարող էր նրանց ընդդիմադրեր անզեն ու անզորք հայը։

Հրապարակախոսը գտնում էր, որ հայերը փոխանակ զինվորական հարկ վճարելու, նույն տուրքով «պահեին իրանց երկրում միլիցաներ, որոնք խաղաղության ժամանակ պահպանեին երկիրը ներքին հարձակումներից, իսկ պատերազմի ժամանակ օգնեին պետությանը։ Այլ կերպ ապահովություն քրդերի, չերքեզների և ուրիշ վայրենի ցեղերի բարբարոսություններից մենք չենք ճանաչում» (Նույն տեղում, էջ 51)։

Հայ ինքնությանը սպառնացող վտանգը նա տեսնում էր թուրքական իշխանությունների կողմից կրոնական երկպառակություններին ուժ ու լիցք տալու մեջ, քանզի անմիաբանություն և անհաշտություն պահպանելը դա մի ժառանգական քաղաքագիտություն է, որ սեփականել է մոնղոլական Թուրքիան Բյուզանդիայի գահի վրա։

Եվ դա արվում է ոչ միայն հայոց հանդեպ։

Այս առումով ճշմարիտ է այն դիտարկումը, թե ինչպիսի վտանգ է սպառնում Թուրքիայի հայ եկեղեցուն, որը միշտ հանդիսացել է ազգի գոյությունը պահպանող հիմունքը։ Եվ Բեռլինի դաշնագրի ոգու և դրույթների համաձայն` Թուրքիայի խոստացած «կրոնական ազատությունը» մի նոր ասպարեզ պիտի բացի եվրոպացի քարոզիչների առջև, և հայերը Փոքր Ասիային հովանավորող անգլիացիներից պաշտպանություն գտնելու հույսով պիտի զոհեն իրենց կրոնը. «Ո՞վ կարող է մրցություն անել նրանց հետ, մեր անհոգ հոգևորականությո՞ւնը, թե՞ մեր թեթևսոլիկ ուսումնականները» (էջ 56)։

Կրոնական հողի վրա երկպառակությունները չեզոքացնելու և ազգային միասնական ուժ ձևավորելու համար մեծանուն հրապարակախոսը հորդորում է «Թուրքիայի հային թողնել եկեղեցին, թողնել կրոնն անհատների խղճի վրա և ձեռք մեկնել հայ-կաթոլիկին, հայ-բողոքականին և հայ-մահմեդականին՝ ասելով նրանց. «Մենք եղբայրներ ենք, մենք միասին պետք է բաժանենք մեր ներկան և ապագան, թող եկեղեցին բաժանե մեզ, միացնենք մեր ուժերը և միասին գործենք» (էջ 56)։

Ըստ նրա` կրոնը, որ մի ժամանակ բաժանել է մեզ, այժմ ազգի և հայրենիքի սերը պետք է միացնե ու միավորե։ Չնայած ծանր ու սպանիչ քննադատությանը, Րաֆֆի հրապարակախոսը դեռևս մեծ հավատ էր տածում հայ ազգության վրա։ Հենց այդ հավատի և հուսո հզոր ուժով նա ներկա ու գալիք սերունդներին ուղղված ուղերձ է հղում։

Ուղերձ, որում հետևյալն է պատգամվում. «Բայց մեր հավատը մեծ է հայ ազգության վրա, մենք հավատում ենք, որ նա ունի հարուստ կլասիկական և կենդանի, նոր գրականական լեզու, մենք հավատում ենք, որ նա ունի պատմական հայրենիքը և տակավին բնակվում է իր հայրենի հողի վրա. մենք հավատում ենք, որ նա ունի իր որոշ ցեղական հատկությունները, որ դարերի ընթացքում չեն փոխվել, և վերջապես, մենք հավատում ենք, որ նա ունի իր հատուկ ազգային եկեղեցին։ Լեզու, հայրենիք, եկեղեցի, ցեղական առանձնահատկություններ, ահա այն գլխավոր հիմունքները, որոնցով, հավատացած ենք, կպահպանվի մեր ազգությունը» (էջ 330)։

Մեծանուն հրապարակախոսը խորին համոզմունքով գրում էր, որ բավական չեն միայն եղբայրական զգացմունքների դատարկ ցուցումներ, որոնք վերջանում են նրանով միայն, որ «ողորմելի տաճկաստանցու համար օդեղեն ամրոցներ ենք ստեղծում, մինչդեռ նա իր գլուխը դնելու և հանգչելու տեղ չունի» («Մշակ», 1879 թ., № 126)։

 

Արմեն Կարապետյան

Պատմության գիտությունների թեկնածու, հրապարակախոս

About The Author

Related posts

Leave a Reply