Սեպտեմբերի 21, 2018

Կովսական-Քաշունիքի Սյունիները

 

Ժիրայր Միրումյան

Կովսականը պատմական Սյունիքի գավառներից էր: Կոչվել է նաև Կուսական, Կոսական և Գրհամ` համանուն գլխավոր բերդի անունով[1]: Ստ. Օրբելյանը այն նշում է որպես Սյունիքի 8-րդ նահանգ, որն այժմ Գրհամ են կոչում[2], իսկ ըստ «Աշխարհացույց»-ի` Կովսականը Սյունիքի 12-րդ գավառն էր, ուներ 625 կմ2 տարածություն և համապատասխանել է Ադրբեջանական ԽՍՀ-ի Զանգելանի շրջանին[3], ինչը ներկայիս ԼՂՀ-ի Կովսականի շրջանն է: Ըստ հայր Ղևոնդ Ալիշանի` գավառը հիմնականում զբաղեցրել է Բասուտ (Ծավ) գետի հովիտը և Ողջի գետի աջակողմյան մի շարք վտակների ավազանները: Գավառի արևմտյան սահմանն անցել է Խուստուփ լեռան հյուսիսային լեռնաճյուղով և Բասուտի արևմտյան ջրբաժանով, հարավարևելյանը` Արաքսով, հյուսիսարևելյանը` Ողջի գետով[4], որը ստորին հոսանքով անցել է գետի ձախ ափը և հասել Հագարի գետին[5]: Բ. Հարությունյանը գտնում է, որ Կովսականը զբաղեցրել է Կապանի հարավարևելյան և Ադրբեջանական ԽՍՀ-ի Զանգելանի շրջանի հարավային մասերը: Հարավից և արևելքից գավառը սահմանակցել է Արաքս և Հագարի գետերին[6]:

Քաշունիք գավառը Արևելյան կամ Մյուս Բաղքն էր` ընկած Աղավնո գետից արևելք[7]: Հետագայում կոչվել է Բարկուշատ:[8] Քաշունիքն ուներ 52 բնակավայր, վճարում էր 444 դահեկան հարկ[9]:

Սյունիքի իշխանական տան վերաբերյալ 8-րդ դարի սուղ տեղեկությունները հնարավորություն չեն տալիս հստակորեն որոշել Կովսականի Սյունի գահակալ իշխանության առաջացման հանգամանքները: Ստ. Օրբելյանը չի նշում Կովսականի իշխանների ազգակցության աստիճանը Սյունիքի գահերեց իշխանների ճյուղի հետ: Հ. Ութմազյանի կարծիքով` ավատական այս տան` 9-րդ դարում մեզ հայտնի իշխան պետք է համարել Սահակին, ով գործել է Վասակ մեծ նահապետի ժամանակ` իբրև առանձին գահակալ իշխան Կովսականում և Քաշունիքում[10]: Մյուս ուսումնասիրողները ևս, Կովսական-Քաշունիքի առաջին իշխան նշելով Սահակին, չեն նշում նրա ազգակցության աստիճանը Սյունիքի գահերեց իշխանների ճյուղի հետ:

Անուղղակի մի շարք փաստերի հիման վրա կարող ենք եզրակացնել, որ Կովսականի իշխանությունն առաջացել է 8-րդ դարի վերջին, և նրա առաջին ներկայացուցիչն էր իշխան Սահակի հայրը, որի անունը սկզնաղբյուրները չեն հաղորդում: Հաշվի առնելով Սահակի ավագ որդի Հրահատի անունը` գտնում ենք, որ նա նույնպես կրել է Հրահատ անունը, քանի որ միջնադարում հայ նախարարական տներում ընդունված սովորույթ էր ավագ որդուն պապի անունով անվանակոչելը: Նա ամենայն հավանականությամբ հանդիսանում էր Սյունիքի Ատրներսեհ (760-780 թթ.) գահերեց իշխանի կրտսեր որդին և իր հայր Ատրներսեհից ստանալով Սյունիքի հարավային գավառները՝ Կովսականն ու Քաշունիքը հանդիսանում է այդ գավառների գահակալ իշխանության հիմնադիրը:

Սահակի մոտ ազգականներից էր Վարդան Սյունի իշխանը, որի որդիներ իշխան Ատրներսեհը և իշխան Վահանը որպես վկաներ հիշվում են Փիլիպպե II-ի 839 և 844 թվականների վճռագրերում[11]: Այն փաստը, որ Ատրներսեհը հիշվում է Կովսականի իշխան Հրահատից, իսկ Վահանը` Սյունյաց տեր հիշատակվող Գրիգորի որդիներից` Հրահատից ու Գագիկից անմիջապես հետո, մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ Վարդանը գտնվում էր գրեթե նույն ազգակցական կապի և Սյունի իշխանների աստիճանական սանդղակում, ինչպես որ Կովսականի իշխան Հրահատը: Հաշվի առնելով նաև Վարդանի որդի Ատրներսեհի անունը` գտնում ենք, որ նա պետք է լիներ Սյունիքի գահերեց իշխան Ատրներսեհի (մոտ 760-780թթ.)  թոռը` վերոհիշյալ Սահակի եղբայրը: Հ. Աճառյանը ևս հավանական է համարում, որ Ատրներսեհն ու Վահանը Վարդան Սյունու որդիները լինեին[12]: Նրա կարծիքով` Վահան Սյունու որդիներն էին վերոհիշյալ վճռագրերում Վահանի որդիներ հիշատակվող Աշնակ-Արշակը և Ձագիկը[13]:  Ղ. Ալիշանը, հենց այս Վահանի որդի Ձագիկին է համարում Բաղքի Ձագիկյան իշխանական տան հիմնադիրը[14]:  Եթե վերոհիշյալ Ձագիկը, կամ նրա հայր Վահանը հիշատակվեին «իշխան» կամ «տէր» տիտղոսով կամ Բաղքի կամ Ձորքի հետ առնչվող որևէ արձանագրության կամ հիշատակության մեջ, ապա միանշանակ կարելի էր ընդունել նրանց տեսակետը և, նույնիսկ Ձագիկյանների նախահայր համարել Ատրներսեհի և Վահանի հայր Վարդան Սյունուն: Սակայն նրանց` վերոհիշյալ իշխան Վահանի որդիներ լինելը կասկածելի է, քանի որ նրանք հիշվում են ոչ թե որպես իշխաններ, այլ որպես Փիլիպպեի ազատներ, իսկ եթե նրանք եղբայրներ լինեին, ապա կհիշատակվեին ոչ թե առանձին- առանձին, այլ միասին, ինչպես սովորաբար նման դեպքերում նշում էր Ստ. Օրբելյանը:  Հ. Ութմազյանը ևս, որ ազատների անուններին կից «տէր» կոչումը չի հանդիպում և տեր են կոչվում միայն իշխանները[15]:

Սահակի գործունեության մասին սկզբնաղբյուրները որևէ տեղեկություն չեն հաղորդում: Կարծում ենք, նրա որդի Հրահատն է որպես իշխան վկայված  Սյունիքի  Տեր-Դավիթ եպիսկոպոսի 839 թ. Արծիվ գյուղի գնման կալվածագրում[16], այլ ոչ թե Գեղարքունիքի Սահակ իշխանի որդի Հրահատը, ինչպես նշում է Հ. Ութմազյանը[17]: Նա` որպես Կովսականի ու Քաշունիքի իշխան,  հիշվում է նաև 844 թ., Կովսական գավառի Նորաշինիկ գյուղը Տաթևի վանքին նվիրելու կտակագրում[18]: Ա. Մանուչարյանի կարծիքով` նա է վկայված Մեղրու տարածաշրջանի Ափկէս գյուղատեղիում 2013թ. հայտնաբերված խաչաքանդակ քարի արձանագրության մեջ` «˻Ի˼Թ˻ՈԻԻՆ˼  (827)… /  ԽԱՉՍ/ ˹Հ˺ՐԱՀԱՏԱ»[19]: Եթե արձանագրության մեջ հիշատակվող Հրահատը իսկապես Կովսականի իշխան Սահակի որդի Հրահատն է, ապա պետք է ընդունել, որ Սահակը մահացել է մինչև 827թ., այլ ոչ թե` մինչև 844թ. ինչպես կարծում է Հ. Ութմազյանը[20]:  Հրահատը ամուսնացել էր Վասակ Նահապետի դուստր Քուպղիդուխտի հետ[21], որին Ութմազյանը սխալմամբ համարում է Վասակի որդի Փիլիպե I-ի դուստր[22]:

Հրահատը սկզբնաղբյուրներում կոչվել է «մեծ իշխան», վարել է բազմամեղ կյանք և զավակներ չի ունեցել[23]: Հրահատի կին Քուպղիդուխտի 867 թ.-ի վճռագրից պարզվում է, որ Հրահատը այդ ժամանակ արդեն մահացած էր[24]:

Բացի Հրահատից` Սահակն ունեցել է ևս երկու որդի` Գրիգոր Արուման և Ջևանշեր անուններով: Հ. Ութմազյանը գտնում է, որ Կովսականի իշխան Սահակը ունեցել է 4 որդի` Հրահատ, Գրիգոր, Արուման և Ջևանշեր, գտնելով, որ Ստ. Օրբելյանի երկում Փիլիպպե I-ի կողմից Տաթև գյուղը վանքին նվիրելու վճռագրում. «Ապա տեսեալ և զայս մեծ իշխանին Հրահատայ Սահակայ որդւոյ, և Գրիգորի` Արումանայ եղբօր, Հայկազնի ի նույն Սիսական տոհմէ..»[25] հիշատակվող Գրիգորից հետո դրված բութը պետք է փոխարինել կա´մ ստորակետով, կա´մ և-ով: Այս դեպքում իսկապես, Գրիգորը և Արումանը կդառնան առանձին անուններ: Ղ. Ալիշանը ևս, նրանց տարբեր անձնավորություններ է համարում, սակայն իր կազմած տոհմածառում նրանց համարում է Գեղարքունիքի իշխան Սահակի որդիներ[26], չնայած մեկ այլ տեղ` Արումանին համարում է Կովսականի իշխան Ջևանշերի եղբայր[27], իսկ այլ դեպքում Կովսականի իշխան Հրահատի եղբայրներ է համարում Գրիգորին և Արումանին[28]: Լորանը նույնպես Գրիգորին, Արումանին և Ջևանշիրին համարում է Գեղարքունիքի Սահակ իշխանի որդիներ[29]: Կարծում ենք, որ ավելի ճիշտ է Ա. Աբրահամյանը, ով Ստ. Օրբելյանի աշխարհաբար թարգմանության մեջ Գրիգորին և Արումանին համարում է նույն  անձնավորությունը[30]: Դրա ապացույցը կարող է լինել այն փաստը, որ Ստ. Օրբելյանի հետագա վկայություններում  Գրիգորը և Արումանը միասին չեն նշվում որպես Հրահատի կամ Ջևանշերի եղբայրներ, այլ միայն առանձին առանձին[31]: Կարծում ենք, դա էական նշանակություն չունի, քանի որ, Գրիգոր Արումանի բաժին կալվածքի և ժառանգների վերաբերյալ տվյալններ չունենք: Հավանաբար, իր անժառանգ եղբայր Հրահատի մահից հետո` մոտ 867թ., նա մյուս եղբոր` Ջևանշերի հետ  իրար միջև բաժանել են Կովսական-Քաշունիքի իշխանությունը: Գտնում ենք, որ նրա բաժին կալվածքն էր Կովսականը, իսկ Ջևանշերինը Քաշունիքը և Ձորքը` Կապան քաղաքով: Վերջին անգամ Արումանը հիշատակվում է իր եղբայր Ջևանշերի 871թ. վճռագրում: Ստ. Օրբելյանը նշում է. «Յայսմ ժամանակի իշխան մի Սիսական Ջևանշէր անուն` որդի Սահակայ` Սիւնեաց տեառն, գայ առ Տէր Սաղօմօն, և խնդրէ ի նմանէ զիւղն Բեխ, որ ի Կովսական գաւառի, որ էր սեպհական ժառանգութիւն սուրբ խաչին… փոխանակէ զիւր սեպհական գիւղն Արուքս որ ի Բաղք գավառի»[32]: Այս գործարքի վկաների թվում հիշվում էին Ջևանշերի եղբայր Արումանը և իր որդի Տիգրանը[33]: Նրա որդին կարող էր լինել Տաթևի վանքի սահմանների վերաբերյալ Սյունիքի գահերեց իշխան Աշոտի 906թ. վավերագրում Սյունի Ձագիկի հետ հիշվող Հրահատը[34]: Այն հանգամանքը, որ նրանք վկաների թվում հիշվում են միասին, փաստում է վերջիններիս մոտ ազգակիցներ լինելը: Մեր կարծիքով` նրանք կարող էին լինել հորեղբոր որդիներ, իսկ Հրահատը Կովսականի իշխանն`ր և կառավարել է մոտ 880-910 թթ.: Հ. Ութմազյանը գտնում է, որ Հրահատը կապ չունի Ձագիկի հետ, նրանք` իբրև սյունեցիներ, միասին են հիշված, որպեսզի տարբերվեն իրենցից առաջ և հետո ստորագրած Աղվանքի և Գարդմանի իշխաններից[35]:  Հնարավոր է, որ նրա թոռը լիներ այն Հրահատ իշխանը, ում տապանաքարը հայտնաբերվել է Վահանավանքում` «ԹՎ(ԱԿԱՆԻ)Ն:ՆԳ: (954) …ԶՀՐԱՀԱՏ ՅԻՇԵԱ Ք(ՐԻՍՏՈ)Ս Ա(ՍՏՈՒԱ)Ծ» [36]:

Այս փաստերը մեզ հնարավորություն են տալիս պնդելու, որ Գրիգոր Արումանի ժառանգները հաջորդաբար իշխել են Կովսականում նաև 10-րդ դարի ընթացքում:

Արուքս գյուղը գտնվելիս է եղել Կապանի շրջանի Բեխ գյուղի դիմաց, Ղաթարի տարածքում, որի միջով անցնում է դեպի Լենհանքեր տանող ճանապարհը:[37]  Այն փաստը, որ Ջևանշերի կալվածքների մեջ է մտել Բաղք գավառի մի մասը, հիմք է տալիս եզրակացնելու, որ իշխան Սահակի տիրույթների մեջ էր մտնում ոչ միայն Կովսականն ու Քաշունիքը, այլև Բաղքի մի մասը և հետևաբար նրա ժառանգներն էին Բաղքի Ձագիկյանները: Հ. Ութմազյանը գտնում է, որ Ձագիկյանների հայրենական տիրույթ Բաղքը, ոչ թե գահերեցների տիրույթ Բաղքն է, այլ Քաշունիքը կամ Մյուս Բաղքը[38]: Բացի Քաշունիքից` նրանց տիրույթների մեջ էր մտնում նաև Ձորքը` Կապան քաղաքով: Գտնում ենք, որ Բաղքի իշխան հիշատակված Ձագիկ I-ը վերոհիշյալ Ջևանշերի որդին էր: Դրա օգտին է վկայում նաև այն փաստը, որ Ձագիկ I-ի ավագ որդին նույնպես կրում էր Ջևանշեր անունը: Ստ. Օրբելյանը, ներկայացնելով Սյունիքի գահերեց իշխանների գործերը, նշում է, որ. «Պայծառանայր և յայն աւուրս համազգի սոցին իշխանացս ‘ի Սիսական տոհմէ Ձագիկ մեծ իշխանն ամենայն բարեպաշտութեամբ, որ ուներ ‘ի բաժնի զԲաղաց գաւառն և Կապան քաղաք, որ և յետ բազում բարեկարգութեանց վախճանի և դնի ընդ հարս իւր, և թողու ժառանգ զքաջազօրն Ջևանշէր և զՎահան»[39]: Այդպիսի ազգականներ կարող էին լինել Վասակ III-ի կրտսեր եղբայր, գահերեց իշխան հիշատակվող Գրիգորի կամ Կովսականի Սահակ իշխանի ժառանգները: Քանի որ Գրիգորի որդիներ Հրահատի և Գագիկի վերաբերյալ մեր տեղեկությունները սահմանափակվում են մեկ-երկու վկայությամբ, որոնցում նշված չէ նրանց բաժին տիրույթները, ապա մնում է միայն այդ ազգակցությունը փնտրել Սահակի ժառանգները լինելու հանգամանքի մեջ, առավել ևս, որ Ձագիկյանների տիրույթները նույնպես գտնվում էին Բաղք և Քաշունիք գավառներում:

Ղ. Ալիշանը Ձագիկյանների առաջին ներկայացուցիչ է համարում «Վահան ոմն ժառանգորդ գաւառիս Բաղաց, ժամանակակից Վասակայ տեառն Սիւնեաց և նոր նահապետի Սիսականաց, քանզի որդի նորին Ձագիկ իշխան Բաղաց յիշի յամի 844»[40]: Հ. Ութմազյանը իրավացիորեն գտնում է, որ հիշյալ Վահանի որդի Ձագիկն ընդամենը Վայոց ձորի իշխանի ազատներից էր և չէր կարող Բաղքի իշխանը լիներ:[41] Իսկապես, Ստ. Օրբելյանը հիշյալ Ձագիկին համարում է Փիլիպպե II-ի ազատներից մեկը և չի նշում նրա Բաղքի իշխան լինելու փաստը[42]:

Հ. Ութմազյանը Բաղքի իշխանական այս տան առաջին իշխան է համարում Ղ. Ալիշանի նշած Ձագիկ II-ին[43], սակայն չի նշում, թե ազգակցական ինչ կապ կարող էր լինել Սյունիների և Ձագիկյանների միջև: Հ. Աճառյանը, հետևելով Ղ. Ալիշանին, այս Ձագիկին նույնպես համարում է 844թ. հիշվող Ձագիկի թոռ[44]:

Մեր կարծիքով` Բաղքի Ձագիկյանները սերում են Կովսական-Քաշունիքի Սյունիներից, Ղ. Ալիշանի հիշատակած Ձագիկ II-ը կամ Հ. Ութմազյանի նշած Ձագիկ I-ը հանդիսանում է վերը հիշատակված Բաղքի իշխան Ջևանշերի որդին: Ժամանակագրական առումով ևս այդ համընկնում է: Սահակի որդի Ջևանշերը վերջին անգամ հիշատակվում է վերոհիշյալ 871թ. թվագրվող վճռագրում, իսկ Ձագիկ I-ը առաջին անգամ հիշվում է 895թ Տաթևի կաթողիկե եկեղեցու կառուցման նախապատրաստությանը մասնակից իշխանների թվում[45]:  Գտնում ենք, որ Սահակի որդի Ջևանշեր I-ը իշխել է մինչև 870-ական թվականների վերջը, իսկ Ձագիկ I-ի կառավարման սկիզբ կարելի է համարել 880-ական թվականների սկիզբը:

Ղ. Ալիշանը և Հ. Աճառյանը Ձագիկի կառավարման ժամանակաշրջան են նշում 895-906 թվականները[46]: Ինչպես իրավացիորեն նշում է Հ. Ութմազյանը, «Այդ թվերին մենք նրան տեսնում ենք միայն գործի մեջ: Անշուշտ, դեռ 895 թվից էլ առաջ Ձագիկն իշխան էր և այն էլ բավականին ազդեցիկ իշխան, որ կաթողիկե եկեղեցու կառուցման համար եպիսկոպոսը դիմել է նրան` խորհուրդ և օժանդակություն ստանալու համար: Իսկ նրա մահվան տարեթիվը ընկնում է 906-911 թվերի արանքը, որովհետև… 911 թվին իշխան էր նրա որդին` Ջևանշերը»[47]:

Ձագիկ I-ն ունեցել է 2 որդի` Ջևանշեր և Վահան[48]: Վահան Ա-ն Ձագիկ I-ի (880-910թթ) կրտսեր որդին էր և «վասն դիւաբախ մոլեգնելոյն եղև կրօնաւոր, և կամեցաւ շինել վանս և հաստատել կրօնաիորական դասս մշտապաշտօն քահանայից»[49]: Նա Բաղաբերդի դիմաց 911թ. կառուցում է իր անունով Վահանավանք կոչված վանքը[50]: 1969թ. Վահանավանքում Գ. Գրիգորյանի կողմից իրականացված պեղումների շնորհիվ հայտնաբերվել է Վահան Ա-ի տապանաքարը` «ՏԷՐ ՎԱՀԱՆ ՆԱԽԱՇԻՆՈՂ ՏԵՂ(Ե)ԱՑՍ» մակագրությամբ[51]:

Թ(վին) հ(այոց) ՅԿ|Է (918), | զտ(է)ր | Վահ|ան | [յիշե]ցէ[ք][52]:

Ձագիկ I-ի ավագ որդի Ջևանշեր II-ը 911թ. Վահանավանքի կառուցման ժամանակ հիշվում է որպես Բաղքի իշխան[53]: Նա իր հոր Ձագիկ I-ի հետ մասնակցել է Տաթևի կաթողիկե եկեղեցու նավակատիքին[54]: Ճշգրիտ չենք կարող նշել ինչպես նրա, այնպես էլ Բաղքի մյուս իշխանների կառավարման տարիները: Ղ. Ալիշանի կազմած Բաղքի Ձագիկյանների տոհմածառում, ինչպես իրավացիորեն նկատել է Հ. Ութմազյանը, կան որոշակի անճշտություններ[55]: Հավանաբար իշխել է մոտ 10 տարի` մինչև 920-ական թվակաների սկիզբը, քանի որ 925թ. վճռագրում իշխան է հիշատակված նրա որդի Ձագիկ II-ը[56]: Ջևանշեր II-ը (910-920թթ.) ունեցել է 2 որդի` Ձագիկ և Վահան[57]:

Վահան Բ-ն կրթությունը ստացել է իր հորեղբայր` Վահանավանքի հիմնադիր Վահան Ա-ի մոտ: Այնուհետև ընդունելով հոգևոր կոչում` օծվել  է եպիսկոպոս, և դարձել Վահանավանքի վանահայր` հաջորդելով իր հորեղբայր Վահան Ա-ին: Նա հիմնովին վերակառուցել է Վահանավանքի գլխավոր Ս. Գրիգոր եկեղեցին` կառուցելով գավիթն ու սյունասրահը, սեղանատունը[58]: 958թ. Հայոց կաթողիկոս Անանիա I Մոկացի (946-968) կաթողիկոսի կողմից ձեռնադրվում է Սյունիքի եպիսկոպոս` աթոռակալելով 6 տարի[59] (958-964թթ): Մ. Օրմանյանի կարծիքով` Վահանի` Սյունիքի եպիսկոպոս ընտրվելը տեղի է ունեցել 961/2թ. «Պէտք է ընդունիլ թէ բաւական միջոց մը անցուց Անանիա Սիւնիքի մէջ, զի Վահան Սիւնին, Անանիայի մահուան ատեն միայն 6 տարի եպիսկոպոսութիւն ըրած կը ցուցուի (ՕՐԲ. Բ. 32 եւ 247), ուստի հազիւ 962, առ առաւելն 961 թուականին տեղի ունեցած կ’ըլլայ անոր ձեռնադրութիւնը»[60]: Գ. Գրիգորյանի գտնում է, որ Վահան Բ-ի նստավայրերը Տաթևն ու Վահանավանքն էին[61]: Վահանը Սյունիքում իր եպիսկոպոսության տարիներին շինարար գործունեությամբ մեծ համբավ էր ձեռք բերել «..ամենէն ալ վկայուած էր վասն առաւել սրբութեանն եւ իմաստութեանն, ուստի միաձայն ընտրութեամբ ամենայն ժողովոյն կաթողիկոսական աթոռին յաջորդութեան կոչուցեաւ»[62]:

Մ. Ուռհայեցու վկայությամբ եկեղեցական ժողովը, որ գլխավորում էր Աղվանից կաթողիկոս տեր Հովհաննեսը «…ձեռնադրեցին հանդերձ բազմութեամբ յաթոռ կաթուղիկոսութեան Հայոց զլաւն ի բնաւիցս զերանելին զՎահան»[63]: Նույնն է  վկայում նաև Ստ. Օրբելյանը. «Ապա ամենայն ժողովոյն ընտրեալ զՎահան վասն առաւել սրբութեանն և իմաստութեանն` դնեն ձեռն ի վերայ բազմութիւն եպիսկոպոսացն և օծանեն զնա կաթողիկոս Հայոց»:[64] Սակայն «Որչափ փառօք եւ վստահութեամբ աթոռ բարձրացաւ Վահան, այնչափ ալ անակնկալ եղաւ անոր անկումը, եւ կաթողիկոսական աթոռէն վար առնուիլը եպիսկոպոսական ժողովի վճռով»[65]: Մեկ տարի անց մեղադրվելով քաղկեդոնականությանը հարելու մեջ, Աշոտ Ողորմած թագավորի կողմից հրավիրված եկեղեցական ժողովի կողմից գահընկեց լինելով` ապաստանում է Վասպուրականում, որտեղ էլ մահանում է երկու տարի անց և թաղվում  Ձորավանքի եկեղեցու բակում[66]: Մ. Ուռհայեցու վկայությամբ` Վահանը վախճանվել է Հայոց ՆԼԲ (983) թվականին`հինգ տարի աթոռակալելուց հետո[67]: Կարծում ենք, այստեղ ժամանակագրական անճշտությունն ակնհայտ է: Մ. Բրոսեն ևս Վահանի աթոռակալության ժամանակը նշում է հինգ տարի` 965-970 թթ.[68]:

Ջևանշեր II-ի ավագ որդի Ձագիկ II-ի վերաբերյալ ունենք ընդամենը մեկ վկայություն: Հիշատակվում է որպես Սիւնեաց իշխան, աստվածապահ տեառն[69]: Ստ. Օրբելյանը վկայությամբ` Սյունյաց եպիսկոպոս Հակոբը (917-958թթ.) Սոդքի սահմանում գտնվող Վաղավեր գյուղը փոխանակումով հանձնում է Ջևանշերի որդի Ձագիկին, նրանից վերցնելով Տաշտակերտ գյուղը[70]: Հայոց 374(925) թվով թվագրվող այս վճռագրում որպես վկաներ հիշատակվում են նաև Ձագիկի որդիներ Ջևանշերն ու Վասակը[71]: Դժվար է հստակ որոշել Ձագիկ II-ի իշխանության տարիները: Ղ. Ալիշանը նրան անվանում է Ձագիկ III և կառավարման համար նշում է 911-925 թվականները[72]: Հ. Աճառյանը ևս,  հետևելով Ղ. Ալիշանին, նրան նույնպես համարում է Ձագիկ III ու Ջևանշիրի և Վահանի հայր[73]: Հ. Ութմազյանը գտնում է, որ Ձագիկ II-ի իշխանության սկիզբը պետք է դնել 910-ական թվերի 2-րդ կեսին[74]: Մեր կարծիքով` Ձագիկ II-ի իշխանության տարիները կարելի է համարել 920-ական թվականների սկզբից մինչև 930-ական թվականների վերջը կամ 940-ական թվականների սկիզբը, քանի որ նրա որդի Ջևանշիր III-ը, որպես իշխան առաջին անգամ հիշատակվում է Անանիա I Մոկացու (946-968թթ.) կաթողիկոս ընտրվելուց հետո դեպքերի նկարագրության ժամանակ: Ստ. Օրբելյանը Անանիա Մոկացու Հայոց կաթողիկոս ընտրվելու տարեթիվ է նշում հայոց 390 (941) թիվը[75]:

Ձագիկ II-ի կրտսեր որդի Վասակի մասին վերոհիշյալ հիշատակությունից` բացի այլ տեղեկություն մենք չունենք:

10-րդ դարի սկզբին Ատրպատականի ամիրաների ավերիչ արշավանքների հետևանքով Հայոց կաթողիկոսական աթոռը մշտական նստավայր չունենալու պառճառով, Սյունիքի Հակոբ եպիսկոպոսը, ինչպես նշում է Ստ. Օրբելյանը. «…հեռավորության պատճառով չէր կարողանում ամեն տարի գնալ հայոց կաթողիկոսի մոտ` մեռոն վերցնելու, ուստի հարկ եղավ մեռոնը խնդրելու Աղվանքի կաթողիկոսից»[76]: Անանիա Մոկացին, Հակոբի այս քայլը համարելով «ապստամբություն», իր մոտ է  հրավիրում Հակոբ եպիսկոպոսին և Աղվանքի Սահակ կաթողիկոսին` բացատրություն տալու, «…բայց նրանք իրենց աթոռներից չշարժվեցին, սուտումուտ պատճառաբանություններ բերելով` չգնացին»[77]:  «Անանիա այդ դիմադրութեան հանդէպ սաստիկ ցասմամբ շարժեալ,անմիջապէս որոշեց անձամբ Սիւնիք երթալ, որ Յակոբ կամ հնազանդեսցի, կամ մեծագոյն պատիժս ընկալցի, եւ ինքն ալ Սիւնեաց գործը վերջացնելէն ետքը Աղուանք անցնի»[78]: Անանիա Մոկացու` առաջին անգամ Սյունիք ժամանելը պետք է տեղի ունեցած լինի 946թ. Վերջին` իր կաթողիկոս ընտրվելու տարում, այլ ոչ թե` 941թ.-ին,  ինչպես նշում է Հ. Ութմազյանը[79]: Սյունիքում Մոկացուն դիմավորում են Սյունիքի գահերեց Սմբատը և Բաղքի Ջևանշեր իշխանը: Մեղայականով ներկայանում է նաև Հակոբ եպիսկոպոսը[80]: Սակայն որոշ ժամանակ անց Հակոբը, կրկին ըմբոստանալով, հրաժարվում է ներկայանալ 949թ. 2-րդ անգամ Սյունիք ժամանած Անանիա կաթողիկոսին, փախչում է Բաղք`ապավինելով Ջևանշիրի հովանավորությանը[81]: Չնայած Մոկացու բազմաթիվ նամակներին ու բանագնացների միջնորդութուններին` Հակոբ եպիսկոպոսը, օգտվելով Ջևանշերի հովանավորությունից, այդպես էլ հրաժարվում է ներկայանալ Հայոց կաթողիկոսին և բացատրություն տալ իրեն վերագրվող գործերի համար: Չկարողանալով դարձի բերել` զայրացած կաթողիկոսը բանադրում է նրանց և ավերում  Տաթևի վանք[82]: Գ. Գրիգորյանը Ջևանշիրի այս քայլը բացատրում է նրանով, որ նա, հետևելով Արծրունիների օրինակին, ինքն էլ էր ձգտում դառնալ թագավոր և հարմար առիթը օգտագործելով` նպաստում էր Սյունյաց եպիսկոպոսական աթոռի անջատողական ձգտումներին[83]:

958թ.-ին` Հակոբ եպիսկոպոսի մահից հետո, Անանիա Մոկացին, երրորդ անգամ գալով Սյունիք, վերականգնում է Տաթևի եպիսկոպոսությունը, իսկ ինքը գնում Կապան քաղաքը, որտեղ նրան մեղայականով ընդառաջ են գալիս բանադրված Ջևանշեր իշխանը և Սյունիքի գահերեց Վասակ  իշխանը[84]: Կապանում հրավիրված ժողովում որոշվում է Սյունիքի եպիսկոպոս ընտրել Վահանավանքի եպիսկոպոս Վահան Բ-ին: Կնքված պայմանագիրը չնայած ծանոթ է եղել Ստ. Օրբելյանին, սակայն իր աշխատությունում չի մեջբերում: Այդ պայմանագրում վկայված են հետևյալ անձինք` «Գրեցաւ ի կաթողիկոսութեանն և ի հայրապետութեանն աստուածապատիւ և հոգևոր տեառն Անանիայի և ի թագաւորութեանն Աշոտի, որդւոյ Աբասայ, և որ էր ի Սիւնիս իշխանաց իշխան տէր Վասակ, և որ ի Բաղս իշխանաց իշխան տէր Ջուանշիր, և որ եպիսկոպոսունք ի տեղիս էին` տէր Դաւիթ Խոռխոռունեաց եպիսկոպոս և տէր Սահակ Գնդունեաց եպիսկոպոս, և Հայոց թուականն էր :ՆԷ (958)»[85]:

Ղ. Ալիշանը չնայած իր կազմած տոհմածառում Վահան կաթողիկոսին համարում է Ջևանշիր II-ի թոռը, սակայն մեկ այլ տեղ նրան համարում է նրա որդին[86]: Հ. Աճառյանը ևս Ջևանշեր II-ին համարում է Ձագիկ III որդի, Վահանի եղբայր, և Վահան կաթողիկոսի պապ, սակայն այնուհետև Վահանին համարում է Ջևանշեր II-ի որդի[87]: Մ. Օրմանյանը ևս Վահան Ա կաթողիկոսին համարում է վերոհիշյալ Ջևանշիրի որդին. «Կապանի մէջ մնաց միջոց մը խաղաղութիւն եւ համաձայնութիւն կատարել տուաւ. եւ ամենուն հաւանութեամբ ընտրուեցաւ նոյնինքն Ջուանշիր իշխանին որդին Վահան, որ էր առաջնորդ մեծի ուխտին Վահանու վանից (ՕՐԲ. Բ. 28)»[88]: Նույն տեսակետն է արտահայտել նաև Գ. Գրիգորյանը. «Թեև Ջևանշերին չհաջողվեց դառնալ թագակիր, սակայն նրա եպիսկոպոս որդին Անանիա Մոկացուց անմիջապես հետո` շուրջ հինգ տարի (964-969) բազմեց Հայաստանի հայրապետական գահին»[89]: Մ. Բրոսեն իր կազմած տոհմածառում Վահանին նույնպես համարում է 958թ. հիշատակված Ջևանշիրի որդին[90]: Կարծում ենք, որ Վահան Ա կաթողիկոսը իրականում վաստակաշատ ուսումնասիրողների նշած Ջևանշիր II-ի  (ըստ մեր կազմած ցանկի` Ջևանշիր III)  ոչ թե որդին է, այլ հորեղբայրը, ինչպես նշում է Հ. Ութմազյանը[91]:

Չնայած Ղ. Ալիշանը Ջևանշիր II-ի իշխանության վերջին տարին է համարում 958 թ., սակայն կարծում ենք, որ նա շարունակել է իշխել նաև այդ թվականից հետո մինչև 970-ական թվականների կեսերը:

Հ. Ութմազյանի կարծիքով` 950-ական թվերի վերջերից հետո Բաղքի այս իշխանական տան մասին այլևս տեղեկություններ չունենք[92]: Սակայն անուղղակի մի շարք փաստեր վկայում են, որ Բաղքի Սյունի այս իշխանական տունը գոյություն է ունեցել նաև հաջորդ դարերում, ընդհուպ միչև Սյունիքի թագավորության անկումը` 1170թ.:

Ջևանշիր III-ի որդին էր Սյունյաց եպիսկոպոս Գրիգոր Գ-ի (1003-1006 թթ.) օրոք Բոլորաքարը իր սահմաններով Տաթևի վանքին նվիրաբերելու վճռագրում հիշատակված Փարաջի հայր Ձագիկ իշխանը[93]: Ղ. Ալիշանը նույնպես այս Ձագիկին համարում է Ջևանշիր II-ի որդին[94]: Հ. Ութմազյանը Ձագիկին և Փարաջին իր կազմած տոհմածառում չի նշել[95]: Գտնում ենք, որ Ջևանշիր III-ի որդի Ձագիկ III-ը Բաղք-Քաշունիքի իշխանն էր 970-ական թվականների կեսերից մինչև 990-ական թվականները, որից հետո Բաղքի իշխան է դառնում նրա որդի Փարաջը` կառավարելով 11-րդ դարի առաջին տասնամյակներում: Գտնում ենք, որ Ջևանշիր III-ի որդին էր նաև Սյունիքի թագավոր Սմբատ I-ի օրոք հիշատակված Վահան Բաղացի իշխանը: Ստ. Օրբելյանը նշում է, որ Բերդկաներիչ գյուղը Տաթևի վանքը երկրորդ անգամ գնել է «’ի Սմբատայ թագաւորէ Սիւնեաց որդւոյ Սահակայ, հաստատեցաւ ‘ի ձեռն տեառն Վահանայ Բաղացւոյ և ‘ի Վասակայ որդւոյ նորին»[96]:

Բաղքի իշխանական տան մասին մեր հաջորդ տեղեկությունները վերաբերում են 11-րդ դարի վերջերին: Ստ. Օրբելյանի վկայությամբ` Սյունիքի Սենեքերիմ թագավորի ազատներից մեկը` Գրիգորի որդի Հասանը, 1086թ. Տաթևի վանքին է նվիրաբերում Կովսական գավառի Նորաշենիկ գյուղը և Ձեռատիվանքը. «զԿովսական գաւառ իմ արեամբս յամիրայ Փատլնոյ թափեցի, զՆորաշինիկ և զՁեռատի վանս այլ ի Տաթևոյ սուրբ նշանս դարձուցի իմ թագաւորիս Սենեքերիմոյ հրամանաւ…: Ի թվականս Հայոց 535»[97]: Գտնում ենք, որ Հասանը Բաղք-Քաշունիքի  իշխանն էր և հաշվի առնելով ժամանակագրական տարբերությունը` նրա հայր Գրիգորը Փարաջի կամ վերոհիշյալ Վասակի որդին կամ թոռը կարող էր լինել: Մեր կարծիքով` Հասանի որդին էր Բաղքի իշխան Համտուն I-ը, որին Ստ. Օրբելյանը անվանում է ավագ կամ մեծ Համտուն[98]: Նրա որդին էր Բաղքի մեծ և մեծափառ իշխան տիտղոսներով հիշատակվող Հասանը[99]: Նա Սյունիքի թագավորության սպարապետն էր, քանի որ «իր ձեռքի տակ ուներ թագավորական բոլոր ազատներին»[100]: Հասան II-ը ունեցել է երկու որդի` Համտուն և Հովհաննես[101]:

Համտուն II-ը Սյունիքի թագավորության վերջին պաշտպաններից մեկն էր և 1170թ. Բաղաբերդի անկումից հետո գնում է Վայոց ձորի Նորավանք, իր եղբայր Տեր-Հովհաննեսի մոտ, դառնում կրոնավոր և մահանում Հայոց 680  (1231) թվականին[102]: Հ. Աճառյանը վկայակոչելով Օրբելյանի տեղեկությունը, նույնպես Համտուն II-ի մահվան տարեթիվ է նշում 1231թ.[103]: Ղ. Ալիշանը չնայած սկզբում ևս Համտուն II-ի մահվան տարեթիվ է նշում 1231թ., սակայն այնուհետև այն դարձնում է 1157թ., ապա 1181թ.[104]: Այս տարակարծության պատճառը Ստ. Օրբելյանի հակասությունների տեղիք տվող վկայությունն է Նորավանքի հիմնադիր Հովհաննեսի վերաբերյալ: Ըստ Ստ. Օրբելյանի` Հասանի որդի և Համտունի թոռ Հովհաննեսը մինչև 1105թ. Հովհաննու վանքի (Վահանավանք) եպիսկոպոսն էր և սելջուկների կողմից Կապանի ավերումից հետո գնալով Վայոց ձոր` հաստատվում է սուրբ Կարապետ եկեղեցում: Այնուհետև գնալով ներկայանում է սելջուկյան սուլթան Մահմուդին[105], բժշկելով սուլթան որդուն` նրանից որպես կալվածք ստանում է Հրասեկաբերդն ու Անապատ բերդը` 12 ագարակներով[106]: Ըստ Ստ. Օրբելյանի` Տեր-Հովհաննեսը, ապրելով բազում տարիներ, վախճանվում է հայոց 663 թվականին (1214)[107]: Այսպիսով ստացվում է, որ Հովհաննես Կապանցի եպիսկոպոսը ակտիվ գործունեություն է ծավալել մոտ 110 տարի, եթե ընդունենք, որ նա առնվազն 25-30 տարեկան պետք է լիներ, որպեսզի Վահանավանքի եպիսկոպոս կարգվեր, ստացվում է, որ Հովհաննեսը ապրել է մոտ 140 տարի: Այդ պատճառով հայագիտության մեջ նրա ժամանակաշրջանի մասին միասնական կարծիք չկա: Ղ. Ալիշանը նրա մահվան թիվ է ընդունում 1155 կամ 1164 թվականը[108]: Ե. Լալայանը Հովհաննես եպիսկոպոսի մահվան տարեթիվ է նշում 1154թ., իսկ նրա եղբայր Համտունը` 1157թ.[109]: Հ. Աճառյանը գտնում է, որ Օրբելյանի տեղեկությունը ճիշտ է, և 1105 թվականը վերաբերվում է Կապանի ավերմանը, այլ ոչ թե Հովաննեսի Վահանավանքի եպիսկոպոս լինելու ժամանակին[110]: Սակայն եթե նույնիսկ ընդունենք Հ. Աճառյանի տեսակետը, ապա ժամանակագրական նույն անհամապատասխանությունը չի վերանում, քանի որ ինչպես նշում է Ա. Աբրահամյանը, «…եթե նույնիսկ ընդունենք, որ նա Մահմուդ սուլթանի մոտ գնացել է նրա իշխման վերջին տարին (1131թ.), թեկուզ և մի քանի տարի եպիսկոպոս եղած ժամանակ, ապա դժվար է պատկերացնել, որ մինչև մահը պաշտոնավարել է 85-90 տարի»:[111] Քաջբերունին (բժ. Գաբրիել Յովհաննիսեան) գտնում է, որ այստեղ առկա է պատմական կամ տպագրական սխալ: Նրա կարծիքով Հովհաննես Կապանցին մահվան թվական պետք է համարել ոչ թե հայոց 663 (1214), այլ 613 (1154) թվականը[112]: Մենք նույնպես գտնում ենք, որ այդպիսի ժամանակագրական տարբերությունը գործնականում հնարավոր չէ, և հնարավոր ենք համարում, որ Վահանավանքի եպիսկոպոս և Մահմուդ սուլթանից Հրասեկաբերդը իր շրջակայքով որպես կալվածք ստացած Հովհաննես եպիսկոպոսը և 1214թ. մահացած Համտուն II-ի եղբայր Հովհաննեսը տարբեր անձնավորություններ են: Հավանական է, որ Վահանավանքի եպիսկոպոս Հովհաննես Կապանցին լիներ Համտուն I-ի ոչ թե թոռը, այլ եղբայրը և 1096թ. հիշատակվող Բաղքի իշխան Գրիգորի որդի Հասան I-ի որդին: Այս կարծիքն ընդունելու դեպքում ժամանակագրական անճշտություններն ու անհամապատասխանությունները լիովին կշտկվել:

Համտուն II-ն ու նրա եղբայր Հովհաննես եպիսկոպոսը Բաղքի Սյունի իշխանական տան վերջին ներկայացուցիչներն էին: Նրանց մահից հետո մենք մատենագիտական աղբյուրներում և վիմագիր արձանագրություններում Բաղքի Սյունի իշխանական տան վերաբերյալ տեղեկություն չենք հանդիպում:

Այսպիսով` մատենագրական սակավ տեղեկությունների համեմատական քննության արդյունքում կարող ենք փաստել, որ Կովսական-Քաշունիքի Սյունի իշխանական տունը Սյունիքի հարավային գավառներում հաջորդաբար իշխել է 8-րդ դարի վերջից մինչև Սյունիքի թագավորության անկումը` 1170թ. ընկած ժամանակահատվածը, և հանդիսանում է Սյունի իշխանական տներից ամենաերկարակյացը:  Ստորև ներկայացնում ենք Սյունյաց իշխանների՝ մեր կազմած հաջորդականությունը, նրանց կառավարման մոտավոր տարիները և տոհմապատկերը:

 

"1.[Հրահատ I] ` Կովսական-Քաշունիքի իշխան մոտ 780-810թթ. 2.Սահակ` Կովսական-Քաշունիքի իշխան   մոտ 810-827թթ. 3.Հրահատ II` Կովսական-Քաշունիքի իշխան  մոտ 827-867թթ. Կովսականի ճյուղը` 1.Գրիգոր-Արուման` Կովսականի իշխան մոտ 867-880 թթ. 2.Հրահատ III` Կովսականի իշխան մոտ  880-910 թթ. 3.[Ա.Ա. ]` Կովսականի իշխան մոտ  910-930թթ. 4.Հրահատ IV` Կովսականի իշխան մոտ  930-954թթ. Քաշունիք-Բաղքի ճյուղը 1.Ջևանշիր I` Քաշունիք-Բաղքի իշխան մոտ 867-880թթ.  Ձագիկ I` Քաշունիք-Բաղքի իշխան մոտ 880-910թթ. Ջևանշիր II` Քաշունիք-Բաղքի իշխան մոտ 910-920թթ. Ձագիկ II` Քաշունիք-Բաղքի իշխան մոտ 920-940թթ. Ջևանշիր III` Քաշունիք-Բաղքի իշխան մոտ 940-975թթ. Ձագիկ III` Քաշունիք-Բաղքի իշխան մոտ  975-995թթ. Փարաջ` Քաշունիք-Բաղքի իշխան մոտ 995-1020թթ. [Ա.Ա. ]` Բաղքի իշխան մոտ 1020-1040թթ. Գրիգոր`  Բաղքի իշխան մոտ 1040-1070թթ. Հասան I` Բաղքի իշխան մոտ 1070-1100թթ. Համտուն I` Բաղքի իշխան մոտ 1100-1130թթ. Հասան II` Բաղքի իշխան մոտ  1130-1160թթ. Համտուն II` Բաղքի իշխան մոտ  1160-1170թթ., մահ., 1231թ.

John Doe

[1] Տե´ս Հակոբյան Թ., Հայաստանի պատմական աշխարհագրություն, Ե., 1968, էջ 201:

[2] Տե´ս Օրբելյան Ս.,  Սյունիքի պատմություն,  Ե., 1986, էջ 70:

[3]Տե´ս Երեմյան Ս., Հայաստանը ըստ «Աշխարհացույց»-ի, Ե.,1963, էջ 60, 109, 117:

[4] Տե´ս Ալիշան Ղ.,  Սիսական, Վենետիկ, 1893, էջ 286:

[5] Տե´ս Կարագյոզյան Ա., Սյունյաց աշխարհի Կովսական գավառի տեղադրությունը (X в.), ԼՀԳ, Ե., 1980, № 12, էջ 100-101:

[6] Տե´ Հայ ժողովրդի պատմություն, ՀՍՍՀ ԳԱ  հրատ., հ. III, Ե., 1976, էջ 126:

[7] Տե´ս Օրբելյան Ս., էջ 432, ծանոթ. 218:

[8]Նույն տեղում , էջ 114:

[9]Տե´ս  Գրիգորյան Գ., Հախվերդյան Ս., Սյունիքի Պատմություն, Ե., 2001, էջ 17:

[10] Տե´ս Ութմազյան Հ., Սյունիքը IX-X  դարերում, Ե., 1958, էջ 320:

[11] Տե´ս Օրբելյան Ստ., էջ 196-197:

[12] Տեˊս Աճառյան Հ., Հայոց անձնանունների բառարան, հատոր Ե, Ե., 1962, էջ 79:

[13] Տեˊս նույն տեղում, էջ 15:

[14]Տե´ս Ալիշան Ղ.,  նշվ. աշխ., էջ 273:

[15] Տե´ս  Ութմազյան Հ., նշվ. աշխ., էջ 152:

[16] Տե´ս  Օրբելյան Ստ., էջ 196:

[17] Տե´ս  Ութմազյան Հ., նշվ. աշխ., էջ 309:

[18] Տե´ս  Օրբելյան Ստ.,  էջ 198:

[19] Մանուչարյան Ա., Վիմագրերը որպես Հայաստանի քաղաքական պատմության սկզբնաղբյուրներ (IX-XIV դդ.), Ե., 2015, էջ 52-56:

[20] Տե´ս  Ութմազյան Հ., նշվ. աշխ., էջ 320:

[21] Տե´ս Օրբելյան Ստ., էջ 204:

[22] Տե´ս Ութմազյան Հ., նշվ. աշխ., էջ 320:

[23] Տե´ս Օրբելյան Ստ., էջ 198, 204:

[24]Տե´ս Ութմազյան Հ., նշվ. աշխ., էջ 321, տես նաև  Օրբելյան Ստ., էջ 204:

[25] Ստեփաննոսի Սիւնեաց եպիսկոպոսի Պատմութիւն տանն Սիսական ի լույս ընծայեաց Մկրտիչ Էմին, Մոսկվա, 1861թ. էջ 152:

[26]Տե´ս Ալիշան Ղ.,  նշվ. աշխ., տոհմածառ:

[27] Տե´ս  նույն տեղում, էջ 277:

[28] Տե´ս  նույն տեղում, էջ 287:

[29] Laurent J.,  L’Armenie Entre Byzance Et L’Islam, Depuis La Conquete Arabe Jusqu’en 886 (Histoire), Paris, 1919, p. 349:

[30]Տե´ս  Օրբելյան Ստ., էջ 198:

[31] Տե´ս նույն տեղում, էջ 197, 204:

[32] Պատմութիւն տանն Սիսական, էջ 216:

[33] Տե´ս Օրբելյան Ստ., էջ 204:

[34] Տե´ս նույն տեղում, էջ 214:

[35] Տե´ս Ութմազյան Հ., նշվ. աշխ., էջ 323:

[36] Գրիգորյան Գ.,  Վահանավանք, Ե., 2007, էջ 42:

[37]Տե´ս Գրիգորյան Գ., Պատմական Սյունիքի մի շարք գյուղերի տեղադրության հարցի շուրջը, «ՊԲՀ», Ե., 1966, №4, էջ 234:

[38] Տե´ս Ութմազյան Հ., նշվ. աշխ., էջ 124:

[39] Պատմութիւն տանն Սիսական, էջ 146:

[40]Ալիշան Ղ.,  նշվ. աշխ., էջ 273:

[41] Տե´ս Ութմազյան Հ., նշվ. աշխ., էջ 324:

[42] Տե´ս Պատմութիւն տանն Սիսական, էջ 151:

[43] Տե´ս Ութմազյան Հ., նշվ. աշխ., էջ 324:

[44] Տե´ս Աճառյան Հ., Հայոց անձնանունների բառարան, հատոր Գ, Ե., 1946, էջ 111:

[45] Տե´ս Օրբելյան Ստ., էջ 207:

[46] Տե´ս Ալիշան Ղ.,  նշվ. աշխ., էջ 273, տե´ս նաև Աճառյան Հ., նշվ. աշխ., էջ 111:

[47]Ութմազյան Հ., նշվ. աշխ., էջ 325:

[48]Տե´ս Օրբելյան Ստ., էջ 192:

[49] Պատմութիւն տանն Սիսական, էջ 174:

[50] Նույն տեղում, էջ 174:

[51] Գրիգորյան Գ.,  Վահանավանք, նշվ. աշխ., էջ 40: Տե´ս նաև նույնի` Վահանավանքի պեղումների նախնական արդյունքները (1966-1970թթ), ԼՀԳ, № 10, Ե., 1970, էջ 89:

[52]https://web.facebook.com/berdagh/posts/821349578050041?comment_id=821378394713826&notif_id=1523773113996325&notif_t=comment_mention&ref=notif

[53]Տե´ս Օրբելյան Ստ., էջ 218:

[54] Տե´ս նույն տեղում, էջ 212:

[55] Տե´ս Ութմազյան Հ., նշվ. աշխ., էջ 322-332:

[56]Տե´ս Օրբելյան Ստ., էջ 238-239:

[57]Տե´ս Ութմազյան Հ., նշվ. աշխ., էջ 327:

[58] Տե´ս Գրիգորյան Գ., Հախվերդյան Ս., նշվ. աշխ., էջ 114:

[59] Տե´ս Օրբելյան Ստ., էջ 247-249:

[60] Օրմանեան Մ., Ազգապատում, Ա. հատոր, մասն Ա., Բ,  Պէյրութ, 1958, էջ 565:

[61] Տե´ս Գրիգորյան Գ., Սյունյաց եպիսկոպոսների շինարարական գործունեությունը (IX  XIV դարեր),  ՊԲՀ, № 2-3, Ե., 1999,  էջ 169:

[62] Օրմանեան Մ., նշվ. աշխ., էջ 575:

[63]Ուռհայեցի Մ., Ժամանակագրութիին, գրաբար բնագրերը Մ. Մելիք-Ադամյանի և Ն. Տեր-Միքայելյանի,  Ե., 1991, էջ 38:

[64] Պատմութիւն տանն Սիսական, էջ 211:

[65] Օրմանեան Մ., նշվ. աշխ., էջ 575:

[66]Տե´ս Պատմութիւն տանն Սիսական, էջ 212:

[67]Տե´ս Ուռհայեցի Մ., նշվ. աշխ., էջ 40:

[68] Տե´ս Histoire de la Siounie par Stephanos Orbelian; traduite de l’armenien par  M. Brosset, premier livraison, Histoire de la Siounie,  Saint-Petersbourg, 1864, p. 276.

[69]Տե´ս Պատմութիւն տանն Սիսական, էջ 199:

[70] Նույն տեղում, էջ 199:

[71] Նույն տեղում, էջ 199:

[72] Տե´ս Ալիշան Ղ.,  նշվ. աշխ., էջ 273:

[73] Տե´ս Աճառյան Հ., նշվ. աշխ., էջ 112:

[74] Տե´ս Ութմազյան Հ., նշվ. աշխ., էջ 330:

[75] Տե´ս Օրբելյան Ստ., էջ 241:

[76] Նույն տեղում, էջ 240:

[77] Նույն տեղում, էջ 241:

[78] Տե´ս Օրմանեան Մ., նշվ. աշխ., էջ 563:

[79] Տե´ս Ութմազյան Հ., նշվ. աշխ., էջ 330-331:

[80] Տե´ս Օրբելյան Ստ., էջ 241:

[81] Տե´ս նույն տեղում, էջ 245-246:

[82] Տե´ս նույն տեղում, էջ 246:

[83] Տե´ս Գրիգորյան Գ., Վահանավանք, նշվ. աշխ., էջ 9:

[84]Տե´ս Օրբելյան Ստ., էջ 246:

[85] ՏէրՄկրտչեան, Գ., Անանիա Մոկացի. Արարատ, Լ (Բ). Սբ. Էջմիածին, 1897, էջ 142 :

[86] Տե´ս Ալիշան Ղ.,  նշվ. աշխ., էջ 273, 295:

[87] Տե´ս Հ. Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, հատոր Դ, Ե., 1948, էջ 307:

[88] Օրմանեան Մ., նշվ. աշխ., էջ 565:

[89] Գրիգորյան Գ.,  նշվ. աշխ., էջ 9, 51-52:

[90] Տե´ս Brosset M,, Histoire de la Siounie, Saint-Petersbourg, 1866, p. 13.

[91] Տե´ս Ութմազյան Հ., նշվ. աշխ., էջ 131:

[92] Տե´ս նույն տեղում, էջ 132:

[93] Տե´ս Օրբելյան Ստ., էջ 253:

[94] Տե´ս Ալիշան Ղ.,  նշվ. աշխ., էջ 273:

[95] Տե´ս Ութմազյան Հ., նշվ. աշխ., հավելված:

[96] Պատմութիւն տանն Սիսական, էջ 241:

[97]Նույն տեղում, էջ 239-240:

[98]Տե´ս նույն տեղում, էջ 247, 254:

[99]Տե´ս նույն տեղում, էջ 247, 254:

[100] Տե´ս նույն տեղում, էջ 254:

[101] Տե´ս նույն տեղում, էջ 247:

[102] Տե´ս նույն տեղում, էջ 247:

[103] Տե´ս Աճառյան Հ., նշվ. աշխ., էջ 29:

[104] Տե´ս Ալիշան Ղ.,  նշվ. աշխ., էջ 17, 184, 274-ի տողատակի ծանոթագրություն:

[105] Նա սելջուկյան սուլթան Մահմուդ II է (1118-1131թթ.)` Մուհամմեդ I Տապարի (1105-1118թթ.) և Մելիք Շահ I-ի (1072-1092թթ.) թոռը:

[106]Տե´ս Պատմութիւն տանն Սիսական, էջ 254-256:

[107] Տե´ս նույն տեղում, էջ 257:

[108]Տե´ս Ալիշան Ղ.,  նշվ. աշխ., էջ 184, 277-ի տողատակի ծանոթագրություն:

[109] Տե´ս Լալայան Ե., Վայոց ձոր, Նշանաւոր վանքեր. Ազգագրական հանդէս, № 26, Թիֆլիս, 1916, էջ 27:

[110]Տե´ս Աճառյան Հ., նշվ. աշխ., էջ 579-580:

[111]Օրբելյան Ստ., էջ 493, ծանոթ. 1099:

[112] Տե´ս Քաջբերունի, Ճանապարհորդական նկատողութիւնք. §Արարատ¦, ԻԳ (Ե). Էջմիածին, 1890, ¿ç 268-269:

About The Author

Related posts

Leave a Reply