Նոյեմբերի 18, 2017

Ծառատունկ՝ Ազատամարտիկների թաղամասում

Ծառատունկ՝ Ազատամարտիկների թաղամասում

Զոհրաբ Ըռքոյան

Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղը վերջին 2-3 տարիների ընթացքում փոխել է տեսքը: Այստեղ կառուցվում է Ազատամարտիկների նոր թաղամաս, որտեղ արդեն կանգուն են ութբնակարանոց բնակելի շենք, 2 տասնյակից ավելի առանձնատուն, ժամանցի կենտրոն, այլ շինություններ: Թաղամասի հարևանությամբ է Հովհ. Թումանյանի անվ. Միջնակարգ դպրոցը, որը հիմնանորոգվեց 2017-ի ամռանը և այժմ մաքուր, լուսավոր ու գեղեցիկ է ու նոր կահույքով: 110-ից ավելի աշակերտներ են հաճախում կրթօջախ: Թաղամասում «Հայրենասեր» հասարակական կազմակերպության կողմից կառուցվել է մարզադաշտ և խաղահրապարակ: Երիտասարդության օրվա առթիվ թաղամասի նորակերտ բնակելի տների և դպրոցի բակերում կազմակերպվեց ծառատունկ, որին ներկա էին Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, մոտակա զորամասի հրամանատար, գնդապետ Ս. Սիմոնյանը, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Հովհաննես Թոքմաջյանը, այլ պաշտոնատար անձինք: Մինչ Իշխանաձոր գալը պետնախարարն այցելել էր Միջնավան քաղաք, ծանոթացել այստեղ կատարվող շինարարական աշխատանքների ընթացքին, այնուհետև Մուշ գյուղում ներկաեղելնորակառույցդպրոցիբացման և անվանակոչությանարարողությանը: Դպրոցը, որը ծառայում է նաև հարևան Ալաշկերտ գյուղի դպրոցականներին, կառուցվեց այս տարվա ամռանը՝  դարձյալ «Հայրենասեր» ՀԿ-ի կողմից: Այժմ այստեղ սովորում են 47 աշակերտ:  Արմենակ Ուրֆանյանի անվան միջն.դպրոցի մուտքի կարմիր ժապավենը կտրեցին «Հայրենասեր» ՀԿ համահիմնադիր ամուսիններ Ստեփան Սարգսյանի և Նելլի Մարտիրոսյանի դուստրը՝ Շուշին և առաջին դասարանցի Արտակ Հարությունյանը: Ծառատունկին մասնակից եղան շրջվարչակազմի տարբեր կառույցների աշխատակիցներ, շրջանի հարավային թևի համայնքների ղեկավարներ,  դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ, բնակիչներ: Մրգատու ծառերի՝ 1000-ից ավելի տնկիները հատկացվել էր «Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲԸ-ի կողմից: Ծառատունկի մասնակիցները խանդավառությամբ ու մեծ սիրով սկսեցին ամենաբարի աշխատանքներից մեկը:

  • DSCN8052
  • DSCN8179
  • DSCN8322

Ուռեկանի գյուղական համայնքից համայնքապետի հետ էին եկել դպրոցի 8-9-րդ և 11-12-րդ դասարանների աշակերտներ՝ փոխտնօրեն Զոհրաբ Հովհաննիսյանի հետ: Փակահանիդպրոցից 5 աշակերտների հետ աշխատում էին փոխտնօրեն Ամալյա Հայրապետյանը, զինղեկը, ինչպես նաև 5-ամյա Սամվել Հակոբյանը: Փոքրիկը հետ չմնաց տարեցներից, քարեր հավաքեց տարածքից և տնկեց իր անվան ծառը: Երիցվանքի Մ. Գրիգորյանի անվ.միջնակարգի աշակերտներն ու ուսուցիչները՝ ուսմասվար Զարզանդ Շահնազարյանի հետ, թաղամասի 2-րդ բնակելի առանձնատան բակում մոտ 50 ծառ տնկեցին՝ հավատով, որ մի քանի տարի անց կվայելեն իրենց աշխատանքի արդյունքը: Որոտանի քաղաքային համայնքի ղեկավար Վրույր Ասրյանը տեղեկացրեց, որ 5 դպրոցականներ են եկել ծառատունկին՝ համայնքապետարանի աշխատակիցների հետ: Չնայած բավականին հեռավորությանը՝ Իշխանաձոր էին եկել հյուսիսային թևի Վաղազին և Նորաշենիկ համայնքների ղեկավարները և Վարդուտի դպրոցի տնօրենը: Մի քանի ժամ տևեց ծառատունկը, և մոտ 1000 տնկի պահ տրվեց մայր հողին: 23 տարի առաջ ազատագրվեց Իշխանաձորը: Այսօր այն շենանում է մեր ժողովրդի համատեղ ուժերով: Պետական այրերը ծառեր տնկեցին դպրոցի բակում՝ մինչ այդ ականատեսը եղան Բերձորի արվեստի դպրոցի պարարվեստի խմբի Իշխանաձորի մասնաճյուղի սաների ռազմահայրենասիրական պարերին: ԱՀ պետնախարարը, դիմելով ներկաներին, հայտնելով շնորհակալություն միասնաբար աշխատելու, տարածքը շենացնելու համար, կարևորելով Քաշաթաղի շրջանի դերը մեր երկրի կյանքում, ասաց. «Այսօր Իշխանաձորում տներ ենք կառուցում, ծառեր տնկում, մինչ այդ Մուշում մասնակից եղանք նորաշեն դպրոցի բացման և անվանակոչության արարողությանը: Այս ամենը խորհրդանշում է  միասնություն: Քաշաթաղի շրջանն այդ միասնության կենտրոնն է: Արցախ-ՄայրՀայրենիք-Սփյուռք եռամիասնությամբ շենացնում ենք այս տարածքը, որը քաղաքական թեմաներում միջանցք է կոչվում, բայց մեզ համար պատմական հայրենիք է: Այստեղ արդեն քաշաթաղցու երկրորդ սերունդն է ծնվում, հարյուրավոր քաշաթաղցի երիտասարդներ հայրենի սահմանն են պաշտպանում: Սա մեր երազանքի իրականացումն է: Արցախյան շարժման ժամանակ երազում էինք ազատագրել Արցախը, այսօր իրականացել է նաև Հայաստան աշխարհի պատմական տարածքների այս հատվածի վերահայացումը»: Ծառատունկից հետո ԱՀ պետնախարարը շրջվարչակազմի ղեկավարի ուղեկցությամբ շրջեց Ազատամարտիկների թաղամասում, որտեղ արդեն 15 նոր առանձնատան հիմքեր են դրվել, ընթանում են շինարարական աշխատանքներ: Ա. Հարությունյանը տեղեկացրեց, որ կա ծրագիր՝ ևս 50 նոր տներ կառուցել այստեղ: Երբ վերադառնում էինք Իշխանաձորից, նկատեցի՝ նույն ընտանիքի 5 երեխաներ ջրում էին իրենց բակի նորատունկ շիվերը, որոնց հետ իրենք էլ են հասակ առնելու և դառնալու հայոց քաջերի կողմից ազատագրված, նրանց արյամբ սրբացած ու այստեղ ապրողների կողմից շենացող հայրենի երկրի տերն ու ծառան:

 

 

 

 

 

About The Author

Related posts

Leave a Reply