Դեկտեմբերի 10, 2018

Լեգենդ ԳՈՐԻՍԻ գեղեցկության և նրա անվան մասին…

Լեգենդ ԳՈՐԻՍԻ գեղեցկության և նրա անվան մասին…

Դա եղել է անցյալի այն հեռու-հեռուներում, երբ մարդու համար ժամանակ կոչվածի եղած–չեղածը մի օր էր, լուսացավ, ցերեկ եղավ, ապա մթնեց։ Մարդը գիտեր ժամանակի միայն այդ միավորը։ Եվ որովհետև բոլոր օրերն իրար նման էին՝ նա չէր տարբերում երեկը վաղվանից, վաղը՝ վաղը չէ մյուս օրվանից, վայրկյանը՝ Ժամից, ամիսը՝ տարուց, դարը հազարամյակից։
Բոլոր օրերը, տարիներն ու դարերը նրա համար այսօր էին։
Ահա այդ ժամանակներում Սյունիքում մի գեղեցկուհի աղջիկ էր ապրում Գորիս անունով։ Ասում են՝ ոչ մինչ այդ, ոչ էլ դրանից հետո համայն աշխարհում այդպիսի գեղեցիկ էակ չէր ծնվել։ Նրա ամեն ինչը անզուգական էր՝ և՜ իրանը, և՜ աչքերը, և՜ այտերը, և՜ շրթունքները։
Բայց ամենից գայթակղեցուցիչը նրա ժպիտն էր։
Աղջկա գեղեցկության համբավը ծովի ալիքի պես լափին տվեց, դուրս եկավ Հայոց աշխարհի սահմաններից ու գնաց շատ հեռու։
Գորիսին տիրանալու համար աշխարհի մոտ ու ծայրակալ կողմերից հրոսակներ եկան ու հեղեղեցին Հայոց աշխարհը։ Բայց գեղեցկուհին չհանձնվեց օտարների ձեռքը։
Նա ելավ մի բարձր աշտարակի վրա, և բոլորի աչքի առջև, կախարդական ուժով, այսպես արեց. պոկեց իր կուրծքը և շպրտեց դեպի սարահարթը։
Գետինը ճեղքվեց և դարձավ տաշտակաձև գոգավորություն։ Մի քանի հրոսակներ մտան Գորիսի նորածին գետահովիտը, հուսալով, թե կտիրանան աղջկա գեղեցիկ կրծքին։ Բայց նրանց ձեռքը ոչինչ Էլ չընկավ։
Աղջկա կուրծքը գոգավորություն էր դարձել։
Հետո գեղեցկուհի Գորիսը իր մարմնից պոկեց սրունքները և շպրտեց դեպի նորաստեղծ գետահովիտը, որի եզրավորող լանջերին տնկվեցին բազմաթիվ քարե բուրգ-սյուներ։ Հրոսակները հիմա Էլ աճապարեցին բրգաձև ժայռերի մոտ, բայց այսքան սյուների մեջ ինչ իմանաս, թե որն Է Գորիսի հրաշագեղ սրունքը։
Եվ այդպես աղջկա մարմնի մասերը գեղեցկացրին գետահովիտը՝ դառնալով ձորակներ, սյուներ, քարանձավներ։Գորիս գեղեցկուհին ինքնազոհության դիմեց և գեղեցկացրեց հայրենի բնությունը։
Գեղեցկուհու անունով այստեղ ստեղծված բնակավայրը կոչվեց Գորիս։ Հնում այն մտնում Էր Սյունյաց աշխարհի Հաբանդ գավառի մեջ։ Գորիսի ստինքների ընկած տեղում երկու գյուղ Է հիմնվում։ Գետի մի ափին Գորու գյուղն Էր, մյուս ափին՝ Գորայք գյուղը։ Այս հնամենի գյուղերի տարածքում Էլ 1870 թվականին հիմնադրվել Է Գորիս քաղաքր, որը պահել ԷԳորիս գեղեցկուհու հմայքն ու թովչանքը։
Հայկ Խաչատրյան , «Հայկական տեղանվանապատում», էջ 206-207

About The Author

Related posts

Leave a Reply