Մարտի 25, 2019

Զանգեզուր տեղանվան ստուգաբանության շուրջ

Զանգեզուր տեղանվան ստուգաբանության շուրջ

Բ․գ․թ․, դոցենտ Մ․ Քումունց

/Համակողմանի վերլուծական քննություն/

Տեղանունների ստուգաբանու­թյունը միշտ էլ կարևորվում է ոչ միայն լեզվաբանական, այլև պատմաաշխարհագրական, ինչպես նաև քաղաքական տեսան­կյուններից:

Զանգեզուր տեղանվան ստուգաբանու­թյունը, ինչպես երևում է, մտահոգել է պատմաբան-բանասերների և ընդհանրապես հայագետների տարբեր սերունդներին: Ետխորհրդային և խորհրդային ժամանակաշրջաններում եղած որոշ կարծիքներ, որ բավական թյուր էին ու զուրկ լեզվաբանական մանրամասն քննու­թյունից, ցավոք, այսօր էլ փորձում են շարունակել տիրապետող դերը: Ըստ էու­թյան` վերջին շրջանի ուսումնասիրու­թյունները նոր ոչինչ չեն ավելացնում Զանգեզուր տեղանվան ստուգաբանու­թյան հարցում: Հին կարծիքների հավաքագրմամբ և ընդհանրացմամբ, ոչ գիտական մոտեցմամբ թանձրացնում են աղավաղումներն այս հարցի շուրջ: Եղած սխալ կարծիքների ժխտման նպատակ է հետապնդում այս ուսումնասիրու­թյունը: Փորձ է արվել մանրա-մասն քննելու և անդրադառնալու եղած բոլոր կարծիքներին: Զանգեզուր տեղանվան ստուգաբանու­թյան վերաբե­րյալ առաջ են քաշված առավել հնարավոր տեսակետներ, որոնցից ոչ մեկը դեռևս չենք համարում վերջնական:

Դեռևս Ղ. Ալիշանը նկատել է, որ Զանգեզուր տեղանունը նույն Ձագեձորն է, որ աղավաղվել և հետագայում դարձել է Զանգեզուր. «10-րդ դարի առաջին կեսին Մեծ Փիլիպեի թոռ Փիլիպեն տիրում է Հաբանդին: Հին բերդի անունով Ձագեձոր եմ նշում, որ այլազգիների բռնազբոս ծռմռումով հետին դարերում և մինչև այժմ այս Հաբանդ գավառը կոչում են Զանկ/յ/եազոր կամ Զանկեզուր, ինչպես հնում հակառակ ձևով բերդը` գավառի անունով»[1]:

«Զանգեզուրի հայերը» գրքի հեղինակ Ստ. Լիսի­ցյանը հետևում է Ղ. Ալիշանի կարծիքին` ամրապնդելով նշված տեսակետը ու ավելացնելով, թե դա հայկական Ձագեձոր տեղանվան ադրբե-ջանական ձևն է, քանի որ բառի վերջին բաղադրիչը համարժեք է հայերենի ձոր բառին, ինչպես Աստազուր /Վանաձոր/, Այնազուր /Աղավնաձոր/ և այլ անուններ[2]:

Զանգեզուր գավառին վերաբերող պատմական ուսումնա-սիրու­թյունների մեջ բառի ստուգաբանական վերլուծու­թյուններից մեկում` Ե. Լալայանի «Զանգեզուրի գավառ» աշխատանքում, կրկնվում է Ղ. Ալիշանի և Ստ. Լիսի­ցյանի կարծիքը այն մասով, որ Զանգեզուր-ը առաջացել է Ձագեձորից: Հեղինակը թերևս ավելաց-նում է, որ Ձագեձորն էլ նույն Ծակեձորն է, որ չի առաջացել Ձագ նահապետի անունից, ալ ծակ-ձորից. «Գորիսից քիչ բարձր գտնվող ձորը, ուր եղել է ամենահին բնակու­թյունը, կոչվում է «ծակերի-ձոր», այդտեղ գտնվող բազմաթիվ «ծակեր»` արհեստական քարայրի պատճառով»[3]: Այս տեսակետն էլ ամբողջական չէ, քանի որ, կար-ծելի է, որ Ձագ նահապետի անվան հետ կապելը և ձորի այդպես` Ձագ /-ի, -իկի, -ա/ կոչվելն էլ հավանական է, քանի որ ծակ-ը դարձել է Ձագ` անձնանունից անցած տեղանուն, որ, անշուշտ, ավելի հին է և կապված է ժողովրդական ավանդու­թյան հետ, ինչպես` Հայկ-Հայաստան, Գեղամ-Գեղարքունիք, Սիսակ-Սյունիք և այլն:

Գորիսի պատմության ուսումնասիրության մեջ մեծ վաստակ ունեցող Ս. Հախվեր­դյանը աշխատանք ունի Զանգեզուր տեղանվան ստուգաբանու­թյան վերաբե­րյալ, որ կքննվի ստորև:

Լեզվաբաններից հարցին անդրադարձել են Ար. Ղարի­բյանը, Հ. Աճա­ռյանը, ապա Ալ. Մարգա­րյանը:

Մեր շատ սիրելի Ալ. Մարգա­րյանը հետևում է տիրապետող կարծիքին, ապա տալիս ստուգաբանու­թյունը. «…թուրքերի` Ձագե-ձոր ներխուժելու պատմական տխուր իրողու­թյամբ պայմանա-վորված` այդ բուն հայերեն անվանումը նրանց լեզվի հնչյունական օրենքներին ենթարկվելով` այլափոխվել, դարձել է Զանգեզուր:

Այսպիսով,- եզրակացնում է բազմավաստակ լեզվաբանը,- մի-անգամայն պարզ է, որ Զանգեզուրը իրո՛ք Ձագեձոր//Ձագաձոր-ի այլափոխված ձևն է, որ առաջ է եկել նախ ձ հն­չյունի, որից, ինչպես հայտնի է, զուրկ է թուրքերենը, զ-ի փոխարկմամբ և ապա Ձագեձոր>Զագեզոր-ում գ ձայնեղից առաջ ն ձայնորդի հավելմամբ ու օ/<ո/>ու հն­չյունական փոփոխու­թյամբ: Ար­դյունքը եղել է այն, որ ուշ ժամանակներում առաջ եկած այդ` Զանգեզուր ձևը չճանաչելու չափ հեռացել է իր բուն` Ձագեձոր//Ձագաձոր նախավոր ձևից և հիմք դարձել ժողովրդական կեղծ ստուգաբանու­թյան համար, որ իբր Զանգեզուր տեղանունը իր ծագմամբ կապվում է զանգ (=զանկ) բառի հետ և նշանակել է կա՛մ «Զանգը-զոռ», այսինքն զանգը զորավոր է, կա՛մ «Զանգն է զուր»[4]:

Մեր կողմից ընտրված հարցի լուծման առաջադրումը պետք է մերժի վերոն­շյալ կարծիքները, և հատկապես Ալ. Մարգա­րյանի ստուգաբանու­թյունը, որին հետևել են նաև կեղծ ստուգաբանու­թյուններ, թե իբր ԶանգեզուրՁագեձոր բառի ադրբեջանական կամ մի այլ օտար անվանումն է:

Այստեղ պետք է հիշենք, որ ստուգաբանու­թյունը լեզվաբանու­թյան այն բարդ բաժինն է, որ պատահականու­թյուններ չի սիրում: Ամեն ասված կամ վերծանված բառ կամ իմաստ պետք է պատճա-ռաբանելի լինի: Ստուգաբանու­թյունը առանձնակարգ գիտու­թյուն է, ունի իր հիմնական մեթոդները, սակայն խնդիրներ միշտ էլ լինում են հատկապես հատուկ անունների ուսումնասիրու­թյան մեջ. դժվար է միանգամայն կարծիք հայտնելը. «Այս տեսակի բա-ռերի մասին կարելի է անել միայն անապացուցելի ենթադրու­թյուններ, նույնիսկ եթե ճիշտ էլ լինեն, և նրանցից ոչ մի եզրակացու­թյուն չի կարելի հանել»[5]:

Զանգեզուր տեղանվան ստուգաբանու­թյան վերաբե­րյալ մեր քննու­թյան մեթոդները տարաբնույթ են ու համակողմանի՝ նյութի լիարժեք ուսումնասիրու­թյան թելադրու­թյամբ, բայց չենք բացառում նրանում թեական հարցերի հնարավոր առկայու­թյունը:

Ալ. Մարգա­րյանը նշում է, որ ձ հն­չյունը գոյու­թյուն չունի թուր-քերենում, այդ պատճառով Ձագեձոր տեղանվան ձագ և ձոր արմատներում նշված հն­չյունները դարձել են զ, բայց նմանատիպ օրինակներ այս տարածաշրջանի տեղանունների համար չեն բերվում: Զանգեզուր տեղանվան՝ ուշ շրջանում առաջացած և զուտ օտար ազդեցու­թյամբ ձևավորված լինելու կարծիքին հետևելով` ոմանք ավելի հավանական են համարում այն, որ Ձագեձոր-ը ռուսերենի հնչողու­թյամբ է դարձել Զանգեզուր. ձ-ն ռուսերենի տառադարձու­թյամբ և հնչողու­թյամբ տալիս է Дз /դզ-ձ-զ/. Ձագեձոր-Zangezur-Дзангедзор. «Սակայն ձ հնչյուն չունի և ռուսերենը,- Ալ. Մարգա­րյանի ստուգաբանու­թյան եզրահանգմամբ շարունակում է Ս. Հախվեր­դյանը,- բայց հետազոտողներից որևէ մեկն ուշադրու­թյուն չի դարձրել, որ բառի ծագմանն ու տարածմանը կարող էր նպաստած լինել Ձագեձորի` Դզագեդզոր (Дзангедзор) ռուսերեն անվանումը: Տրամաբանորեն կարևորվում է, թե երբվանի՞ց է Զանգեզուր տեղանունը սկսվում գործածվել»[6]: Ապա հետևում է եզրակացու­թյունը. «Եթե Զանգեզուրը լիներ միայն (ընդգծումը մերն է՝ Մ.Ք.) թուրքերենի ազդեցու­թյամբ ստեղծված բառ, ապա այն վաղուց` թերևս 17-րդ դարից պիտի լիներ գործածական»[7]: Ինչպես մյուս, այս վերջին կարծիքը նույնպես ժխտելի է հետ­ևյալ պատճառ-ներով.

ա/ Խոսելով ձ>զ հն­չյունների փոփոխու­թյան մասին` պետք է նկատել, որ փոխանցումներ պատահել են մեր լեզվի մեջ: Բառերում ձ>զ անցում կամ կիրառու­թյուններ հանդիպել են թե՛ փոխառու­թյուններում, թե՛ ստացվածքային բառերում, թե՛ բարբառներում և թե՛ վաղնջահայերենում: Հ. Աճա­ռյանը այսպիսի օրինակներ է բերում. «Մարձել բառի դեմ մարզել համարում ենք տարբեր ժամանակի փոխառու­թյուն»[8], «Ոզնի բառի դեմ ունենք նաև ոձնի. որովհետև կարելի չէ ոզնիից դուրս բերել ոձնի, և որովհետև հնխ. *g՛h  տալիս է թե՛ ձ և թե՛ զ, ուստի և ոձնի համարում ենք հին բարբառային ձև: Այս ձևի գոյու­թյունը պատճառ է դառնում, որ նաև կորինձ ձևը կորիզ բառի դեմ` ընդունենք իբր հին բարբառային ձև»[9], «Դերձակ և դերձան բառերը /որոնց ծագումը լավ պարզված չէ/ պարսկերենի ազդեցու­թյամբ ուշ ժամանակ դարձան դերզիկ և դեր-զան»[10]: Գ. Ջահու­կյանը նշում է, որ հ.-ե. g՛h /ձ/-ի դիմաց հայերենն ունի զ կամ ձ, ինչպես` ձող-զոխ և այլն[11]:

բ/ Խոսքը վերաբերում է ոչ միայն մեկ հնչյունի փոփոխու­թյանը, այլև հն­չյունների: Գրաբա­րյան զանկ «կոչնակ» արմատի վերջադիր կ-ն նոր հայերենի որոշ բարբառներում ն ձայնորդի ազդեցու­թյամբ հնչում է գ. հմմտ.՝ թանկ>թանգ, բանկ>բանգ և այլն: Նշվածին հետևում է, որ զանգ արմատում հն­չյունի ոչ մի հավելում չկա, ինչպես նշում է Ալ. Մարգա­րյանը: Ավելին, գրաբարի համեմատու­թյամբ միջին հայերենում և հետագայում էլ ն հն­չյունի անկման երևույթը վերջնահանգային և դրա ազդեցու­թյամբ այլ դրսևորումներում ակնհայտ էր, քան հակառակը. «Որոշ աղ­բյուրներում ն-ի անկում նկատելի է նաև բառամիջի դիրքում: Այսպես, օրինակ` Վայոց ձորի վիմական արձանագրու­թյուններում կանգնել բայը շատ հաճախ վկայվում է կանգնել||կանկել ձևերով` երկրորդ ն-ի կորստով. այս ձևերի հաճախականու­թյունը նկատի ունենալով` կարելի է ասել, որ դրանք սովորական և  ընդունելի բառաձևեր էին այդ վայրի հայերի համար: Մի երկու օրինակ. «…Ես Ալամս կանկեցի զխաչս» (Դհվ. III, 46, 1200թ.), «…կանգեցաք զխաչս» (ն.տ. 45, 1283թ.), «…Ես Յովանէս ու Բարէոքս կանկեցաք խաչս» (ն.տ. 50, 1284թ.) և այլն»[12]: Զանգեզուր տեղանվան բազմազան տարբերակներից և ոչ մեկում չի նկատվում ն-ի անկում, իսկ մեծամասնու­թյան մեջ գ-ն փոխարինում է կ-ով` Զանկեզուր, Զանկեզոռ, Զան­գյազուր, Զանգազոռ և այլն: Հայերեն տեղանունների մեջ սովորաբար գ-կ-ք պայթականներից առաջ չի նկատվում ն-ի հավելում, իսկ Ձագեձոր-ը միշտ հիշատակվել է առանց ն-ի` Ձագեձոր, այլ ոչ թե Ձանգեձոր:

գ/ Ձագեձորը, կարծում ենք, անվան հնարավոր փոփոխու­թյուն կարող է կրած լինել ավելի վաղ, և ժխտելի չէ, որ անցած լինի փուլեր: Օրինակ` դեռևս 17-րդ դարի կեսերին` մինչ ռուսական ազդեցու­թյունը, այս տեղանքի համար գործածվում է Ծագաձոր երկրանունը և ոչ քաղաքը կամ բերդը. «Գրեցաւ եղանակաւոր տառս ձեռամբ մեղապարտ Մովսէս սուտանուն իրիցոյ, որ եմք բնական ի յերկրէն Ղափանայ, ի միւս երկրէն Ծագաձորոյ[13] (ընդգծումը մերն է` Մ.Ք.), ի գեղջէն Գորիսոյ…»[14]: Նույն հեղինակը հետագա հուշագու­թյան մեջ գործածում է նաև Ձագածոր ձևը: Դրանից հետո` 18-րդ դարի երկրորդ կեսին, գործածվում է նաև Զանկազոռ տեղանունը[15], որ համընկնում է  Զանգեզուր տեղանքին: Ղ. Ալիշանն էլ առկախ է թողնում Զանգեզուր անվան գործածու­թյան բուն ժամանակաշրջանը, բայց և հաստատում, որ այն գործածվել է թուրք-պարսկական տիրապետու­թյան շրջանում. «Երբ և ում կողմից է սա (Ձագեձոր=Զանկեազոր` Մ.Ք.) գլխավորը եղել շեներում և Զանկազոր անունը ստացել  պարսից և թաթարաց իշխանու­թյան օրոք, չեմ կարող ասել»[16]: Փաստորեն, ինչպես նկատում ենք, Ս. Օրբե­լյանի ժամանակաշրջանից սկսած` Զանգեզուր տեղանվան համար, ժամանակային հերթագայու­թյամբ, գործածվում են Ձագաձոր > Ծակաձոր||Ձագածոր > Զանկազոռ > Զանգեզուր ձևերը: Սկզբնական տարբերակը` Ձագաձորը, գրքային ձևն է, որին հաջորդում է բարբառայն տարբերակ/ներ/ը` Ծակած ր-Ձագածոր: Սա նաև համընկնում է այն ժամանակաշրջանին, երբ բարբառները մեծացնում են տարբերակիչ հատկանիշները մյուս բարբառների և գրականի նկատմամբ, սրանց էլ /Ձագեձոր> Ծակած ր/ հաջորդում են ժողովրդական ստուգաբանու­թյամբ ձևերը, տարբերակները`  Զանկազoռ, Զանգազoռ, Զանկեզուր, Զանկեզուռ, Զան­գյազուր, Զան­կյազ ր և այլն, քանի որ Ձագաձորը մթագնել է նշանակու­թյունը բարբառային արտասանու­թյան հետևանքով: Ս. Հախվեր­դյանը չի ժխտում, որ Ծագաձոր-Ձագածոր-ը նույն Զանգեզուրն է. «Այս ձեռագրից,- հղում է մի ձեռագիր, որտեղ նշված է Ծագածոր անվանումը,-իմանում ենք այն կարևոր տեղեկու­թյունը, որ Խնձորեսկը մտնում է Ձագաձորի (գործածու­թյան ձևը հեղինակինն է՝ Մ.Ք.) մեջ»[17]: Այստեղ էլ առաջ է գալիս մի այլ հարց, ըստ որի` տեղանվան մեջ հն­չյունափոխվել են ոչ թե ձ<զ /ձագ…զանգ-ձոր-զուր/ ձևերը, այլ ծ<զ /ծակ/գ/…զանգ-ծոր-զուր/-ը, այսինքն` Զանգեզուրը պետք է առաջացած լինի Ծագաձոր-Ձագածոր-ից: Այս հն­չյունափոխու­թյանն էլ կարող ենք անդրադառնալ, բայց առայժմ խուսափում ենք առաջացող ավելորդ շփոթու­թյունից, որ արդեն հարուցված է լեզվաբանական հիմքերի բացակայու­թյան պայմաններում[18]:

  1. Արևե­լյան լեզուներից անցած փոխա­ռյալ կամ հայերեն՝ թուրքերենի հնչողու­թյամբ (թերևս նաև արտասանական հնչյունա-դարձու­թյամբ) բառերում, որքան մեզ ծանոթ է, չի հանդիպում գ ձայնեղից առաջ ն ձայնորդի հավելում: Նման հն­չյունափոխու­թյուն հն­չյունական ի՞նչ օրենքով կարող էր տեղի ունենալ և այն էլ տեղանունների մեջ, որոնք, մյուս բառերի համեմատու­թյամբ, ավելի հսկելի են, հաճախական, ընդհանրական:
  2. Զանգեզուր բառի երկրորդ բաղադրիչի ձայնավորի մասին պետք է ասել, որ օ/ո/>ու որոշակիորեն կանոնավորված հնչյունա-փոխու­թյուն գոյու­թյուն ունի Գորիսի բարբառում /որոճ>արուճ, թոռ>թուռնատէր և այլն/ և ենթաբարբառներում, հատկապես Շինուհայրի /փօր>փուր, խօզ>խուզ, կօվ>կուվ և այլն/, բայց նույնը չի տարածվում կամ ընդհանրական չէ հայերենի մյուս բարբառային ձևերի համար, որ նշում է Ստ. Լիսի­ցյանը Աստազուր /Վանաձոր/, Այնազուր /Աղավնաձոր/ բառերի համար, ինչն էլ ընդունելի է Ալ. Մարգա­րյանի կողմից: Եթե հայերենի ձ-ն թուրքերեն հնչողու­թյամբ դառնում է զ` թուրքերենում այդ հն­չյունի բացակայու­թյան պատճառով, ապա ինչ տրամաբանու­թյամբ է օ /ո/-ն դառնում ու. ի՞նչ է, թուրքերենը ո /օ/ հն­չյունն էլ չունի՞: Հնչյունների փոփոխու­թյան համար կարելի է նկատի ունենալ նաև ժամանակաշրջանը: Հայերենի գրեթե բոլոր շրջաններում նշված ո>ու անցումը նկատվել է: Ընդ որում, այդ անցումը առավելապես վկայված չէ օտար կամ օտար հնչողու­թյամբ հայերեն բառերում: Բարբառային օրինակներին հավելենք միջին հայերենի ժամանակաշրջանի դեպքեր. «Ո հն­չյունը հն­չյունափոխվում և վերածվում էր …ու-ի` յուներ-յօնքեր, քու-քո, քարքռուտ-քարքարոտ, գում-գոմ, խուղ-հող, գնուրդ-գնորդ և այլն»[19]: Այս հնչյունափոխու­թյունը` ձոր||ծօր>զուր առաջացել է մյուս հն­չյունների ազդեցու­թյամբ` զուր /իզուր/ իմաստին հանգեցնելու միտումով: Նախնական ձևերում դեռևս հանդիպում են Ձագաձոր > Ծակաձոր//Ձագածոր > Զանկազոռ, հետո նոր միայն, հավանաբար 19-րդ դարի սկզբից ընդգծվածները արդեն չեն հանդիպում /փոխարենը`զուր/:
  3. Եթե հետևենք Զանգեզուր տեղանվան Ձագեձոր-ից թուրքական կամ այլ լեզվի աղավաղումով առաջացած լինելու փաստին, ապա ենթադրելի է, որ Հայկական բարձրավանդակի` Զանգեզուր կոչված մյուս տեղանունները նախապես եղել են Ձագեձոր /կոնկրետ դեպքում` Ձագիկի ձոր/: Նշենք, որ Զանգեզուր անվամբ եղել է ավերակ բերդ Արևմ­տյան Հայաստանում` Էրզրումի նահանգի Բայազետ գավառում, որ չպետք է շփոթել նույնանուն ավանի հետ, որ ավերվել ու անմարդաբնակ է դարձել 1877-1878թթ.` ռուս-թուրքական պատերազմի ժամանակ[20]: Ավանդու­թյունը պատմում է, որ Հաբանդ գավառի (իմա` Ձագեձոր) բնակավայրերից մեկում` Վարարակն գետի ափին, եղել է Զանգըզոր /Զանգըզոռ/ վանք: Վանքի գոյու­թյան մասին նշվում է «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարա-նում»[21], և պատմում են Ս. Խանզադյանը[22], սյունեցիները[23], իսկ զանգ և ձոր արմատներով տեղանունները շատ են, որոնք, սակայն, հիմնականում աղավաղումներ չեն կրել: Այստեղ նշելի են նաև Ձագ արմատով այլ և բավականին շատ տեղանուններ, որոնք հնարավոր դեպքերում կրել են փոփոխու­թյուններ, այսպես` Ծագ=Զագ, Զաք /­Քյուչուք շեհիր թուրքական անվամբ/՝ գյուղ Արևմտյան Հայաս-տանում[24], Ձագ=Զագ՝ ավան Աբո­վյանի շրջանում, Ձագ=­Զյագ՝ գետակ Արաքսի ավազանում, Ձագ՝ գետ Սևանի լճի ավազանում, Ձագ=Զագ, Զյագ, Զյակ, Զյաք՝ գյուղ արևմ­տյան Հայաստանի Էրզրումի գավառում, Ձագ՝ գյուղ Արևմ­տյան Հայաստանի Խարբեր-դի նահանգում, Ձագ՝ գյուղ Երևանի նահանգում, Ձագ=Զագ, Զյակ՝ գյուղ Կարսի մարզում[25]Ձագ ձոր Սյունիքում հիշատակում է հայագետ, ճանապարհորդ Սեն-Մարտենը, որը տեղակայում է Զագաձոր գավառում: Հեղինակը նկատի ունի Զանգեզուրի գավառը այդ գրու­թյամբ, իսկ  «Հայաստանի և հարակից շրջանների տեղա-նունների բառարանը» նշում է, որ Սյունիքում այդպիսի տառադար-ձու­թյամբ տեղանուն այլ հեղինակների մոտ չի հանդիպում. «Ամենայն հավանականու­թյամբ հեղինակը նկատի է ունեցել Ձագաձոր ձորը»[26]: Ինչ է պարզվում. Ա/ հնարավոր չէ` Ձագ=Զագ  բոլոր տեղանունները առաջացած լինեն Ձագիկ նախահոր անունից, Բ/ բոլորը չէ, որ ունեցել են ձ>զ անցում: Ձագ /արմատը/ ավանդվել է նախալեզվից` *g՛hâg2h>«ձագ/ձագուկ», այլև՝ «տեղ, ծակ» իմաստ-ներով/: Ձ>զ անցումը հայտնի է հ.-ե լեզվից: Հ. Աճա­ռյանը հնչյու-նական այս անցումը /ձ>զ/ կանոնավոր է համարում հիմնականում ձայնավորից հետո կամ երկու ձայնավորի միջև. «Ձայնավորից հետո կամ երկու ձայնավորի միջև /ձ/ տալիս է զ. …*dig՛h-տիզ, *eg՛h-եզ, *eg՛h-եզր…»[27]: Նշենք սակայն, որ ձ>զ անցում եղել է նաև բառասկզբի համար ոչ միայն նախալեզվում, ինչպես *g՛heiem > ձմեռն-zima,  այլև հայերենի որոշ բարբառներում` որպես հին լեզ-վից ավանդված  հն­չյունափոխ մնացուկ` *g՛hoi-ձող /ցողուն/, Գոր. բրբ.՝ ծ ղ, զ խ./ և այլն: Գ/ Հայերենի տարբեր բարբառներում, հատ-կապես Գորիսի բարբառում, հայտնի է ձ>ծ, այլև ծ>զ անցումը, հմմտ.` զ խ>ծ ղ, զ լ/զօլ՝ «նեղ ու երկար շերտ»,  >ծ ւլ /Գորիսի բար-բառում/, ծընգալ-զընգալ, ծըլընգոց-զընգոց և այլն:
  4. Կարծես սովորական են դարձել ավանդույթները, դրանց հետ կապված հեղինակային որոշակիորեն մշակված պատումները համարել ոչ հավաստի, գիտականից դուրս: Ժողովրդական բանա­հյուսու­թյամբ մեզ են հասել բազմաթիվ պատմու­թյուններ, այդ թվում նաև Զանգեզուրի մասին: Վերջինիս մասին բանապատումը պատմական կամ տարեգրական հիշատակու­թյան չարժանացած լինելու համար կարող է համարվել ավանդույթ, բայց անհնարին չէ, որ եղած լինի կրոնական մի զանգ, որի կոչնակները ազդարարել են ժողովրդին սպասվող վտանգը: Ընդ որում` նման մի պատմու­թյուն էլ շարադրում է Ս. Օրբե­լյանը, թե իբր Ջալալեդդինը գալիս է Հայաստանը ավերելու: Հայ և վրաց ռազմական ուժերը խմբավոր-վում են, «իրենց համար դետք ու ազդարարիչ են նշանակում ոմն Շալվեի ու Գրիգոր կոչնակին», սակայն մեր զորքին «հարձակվեք» ազդարարումը կոչնակով հայերի ականջին փոխվում է «փախեք»-ի[28]: Այս և նման պատմու­թյուններ կարող են շրջիկ դառնալ տարբեր տարածքներում, փոխվել և նույնիսկ տեղանվան նշանակու­թյուն ստանալ: Հայկական շատ տեղանունների մեծ մասի ավանդու­թյամբ ծագումը չեն կարող ժխտել ո՛չ «ամենալուրջ» ստուգաբանու­թյունները և ո՛չ էլ «ամենասթափ գիտու­թյունները»: Ժողովրդի կողմից տեղանունների հն­չյունական փոփոխու­թյունը միշտ էլ տանում է որևէ նշանակու­թյան. հիշենք, որ ժողովրդական կամ կեղծ ստուգաբանու­թյամբ առաջ եկած հն­չյունափոխու­թյան ձևը շատ տարածված է:  Եթե Զանգեզուրի` Զանգն է իզուր, Զանգն է զորավոր (որն էլ պատահի) ժողովրդական մեկնու­թյունները զուտ ավանդապատումի կամ բանա­հյուսու­թյան ար­դյունքն են, ապա ինչպես ստուգաբանենք Տաթևը, Արցախը, Ղարաբաղը, Խոր Վիրապը և այլն, որոնք նախապես ունեն ծագման բուն սկզբնաղ­բյուր, հետագայում ժողովրդական հնչողու­թյամբ ու ստուգաբանու­թյամբ վերափոխվել են:
  5. Ձագեձոր տեղանունը հիշատակարաններում հիմնակա-նում գործածվում է ոչ թե գյուղի, այլ երկրամասի համար: Սյունիքին առավել քաջածանոթ Ս. Օրբե­լյանը իր պատմու­թյան մեջ Ձագաձոր-Ձագեձոր տեղանունը մեծամասամբ գործածում է երկրամասի համար. «…ձորը կոչեց Ձագեձոր, բերդն էլ Ձագեձորո բերդ»[29], «… ջուրը բերել էր Ձագեձորո լեռներից»[30], «Նա իր բանակով նստած էր Հաբանդ գավառում, Ձագաձորի մուտքի վրա»[31], «…իշխան Փիլիպեից գնում է Ձագեձորի» Վարարակն կոչված ջուրը[32]» և ապա որպես գյուղ ու լեռ`«…ջուր բերեցի Ձագեձորի լեռից[33]» և հարկացուցակում որպես գյուղանուն: Իհարկե, Ձագեձորը եղել է ամբողջ ձորը` որպես Ծակե/-ի/ի+ա=ե/ կամ -երի/ծոր: Գորիսը հնում իր ամբողջ շրջակայքում ունեցել է բնակավայրեր: Այս ժամանակ արդեն Գորիս /Գորայք/՞/ անվանումը կար` որպես Ձագեձորի առանձին բնակավայր, նշվում է նաև հարկացուցակում, որը իբրև բնակավայր տարբեր շերտեր է ունեցել` Լաստի խութի փեշի ծակոտ լեռնազանգվածը, Խաչի աղ­բյուրի տարածքն ու ներքևի ձորը, ապա Ղալա բերդի տարածքը ու դիմացի սարը և այլն: Այստեղից ավելի հյուսիս գտնվում է Ծակեձոր հին բնակատեղին, նրանից հյուսիս՝ Սինդարա բնակատեղին, ավելի արևմուտք՝ դեպի Վերիշեն և Ակներ, էլի հին բնակավայրեր կան, բայց արդեն ոչ թե ձորի, այլ տափարակ տեղերում: Հին Կյորեսից հարավ և արևելք նույնպես բնակատեղիներ կան: Ցավոք, սրանցից ոչ մեկը հնագիտական ուսումնասիրու­թյան չի արժա-նացել, Տաթևի հարկացուցակում նշված գյուղերի տեղադրու­թյան շուրջ կարծիքները միասնական չեն: Մենք հակված ենք այն տարբերակին, որ Ձագեձորը նախապես եղել է երկրանուն, հետո երկրամասում տարբեր բնակավայրեր ստացել են ինքնուրույն անուններ: Թե սրանցից որն է ստացել Ձագեձոր տեղանունը, դժվար է միանգամից որոշելը: Ոմանք պնդում են, թե Ձագեձորի բերդն ու գյուղը գտնվելիս են եղել Վերիշեն գյուղի մասերում: Գուցե այստեղ եղած լինի մի բերդ, որի նշանակալից լինելու համար ասած լինեն Ձագեձորի /երկրամասի/ բերդ, հետագայում բերդի անունից բնակավայրի անուն առաջանար, բայց այդ հարցն էլ դեռ ուսումնասիրության կարիք ունի: Ձագեձորի լեռներ ասելով էլ, կարծում ենք, պետք է հասկացվեր երկրամասի ձորերը շրջապատող լեռնազանգվածը:  Գալով Զանգեզուր բառի առաջին բաղադրիչի վերլուծու­թյանն ու ստուգաբանու­թյանը` նկատում ենք, որ զանգ-ը ծագում է պահլավերենից` zang 1. «զանգ», «երաժշտական գործիք», 2. «ոտք», «սրունք»[34]: Զարմանալիորեն այս երկրորդ նշանակությամբ հանդիպում ենք թուրքերենում zengi — «ասպանդակ», հավանաբար այս ձևից էլ` արդեն միջին հայերենում` զանկու` նույն նշանակու­թյամբ: Խ. Աբո­վյանի «Վերքում» հանդիպում է նաև չանգ/կ/. պրսկ. cank «երաժշտական գործիք», նոր պրսկ.` cangi «երգիչ», թուրք. can — «զանգ»[35] (չանգ/կ/` նաև «մառախուղ» իմաստով /չանգ ու դուման, չանգը կոխել — «մառախլապատել»[36]: Չենք կարծում, թե Զանգեզուրի տեղանքի թխպոտ լինելու համար վայրը պիտի անվանված լիներ Չանգի ձոր՝ «թխպոտ ձոր», որ, համենայն դեպս, ավելի հավանական կարող է թվալ Ձագեձոր<Զանգեզուրի-ի համեմատու­թյամբ: Բայց քանի որ բառերի հն­չյունական անհամապատասխա-նու­թյունը գիտականորեն չի ապացուցվում, ուստի հարցի քննու­թյունը չի շարունակվում): 
  1. Զանգ բառի պահլավական ծագման մասին նշում է նաև Հր. Աճա­ռյանը, բերում բառի պարսկական տարբերակները` «զանգակ», «բոժոժ, փոքր զանգակ» իմաստները, ապա ուրիշ լեզուներում տարածված ձևերն ու իմաստները. «…zanga «հն­չյուն» , քրդ. zenk, zengil, zangel, zangil «բոժոժ», zengeluk «կոկորդ, կոկորդի ոսկոր» ուտ. զmնգ, օսս. zangarak»[37], այստեղից միջին հայերենում զանկապան /պհլ. zangpan/ «սռնապան» և այլն: Զանգ բառի այս իմաստն էլ խորհելու տեղիք է տալիս. zang «կոկորդ», նախնական որոշ իմաստներ վերականգնելով կամ ընդլայնելով` ընդունել է նաև «սռնակ», «առանցք», «սռնի»` «վզային երկրորդ ող» և այլ իմաստներ: Ձագեձոր-Զանգեզուրի աշխարհագրական տեղադրու­թյանը հետևելով` նկատում ենք, որ այդ վայրը իր անունը ստացած պիտի լինի zang բառի վերջին իմաստներից. «Ս. Օրբե­լյանը Հաբանդի գյուղացուցակում նշում է Ձագաձոր գյուղը, որը 12 միավոր հարկ էր տալիս Տաթևի վանքին: Նշում է, որ Վարարակնի ջուրը ջրանցքով Տաթև են տարել Ձագաձորի լեռից: Ուրեմն, պետք է հասկանալ, որ լեռն էլ է կոչվել Ձագաձոր: Այն գտնվում է Վարարակնի հովտի հյուսիսային վերջնամասում: Լեռան լանջին` ժայռաբեկորի վրա, մինչև օրս մնում է ջրանցքի վերանորոգմանը (1294թ.) վերաբերող արձանագրու­թյուն: Ձագաձոր գյուղը և Ձագաձորի բերդը Ձագաձորի երկրամասում են եղել: Այսպիսով, Ձագաձորի բերդի և գյուղի տեղադրման ճշտման ձգտումը մեզ ակամա տանում է հովտի հյուսիսային կողմը, որով և հաստատվում է Ղ. Ալիշանի այն ենթադրու­թյունը, որ Ձագաձորի բերդը եղել է հին Գորիսի (Վերին շեն) շրջակայքում»[38]: Մենք էլ սկզբնական շրջանում մոտ էինք այս տեսակետին, բայց հետո, երբ մեր կողմից հավաստի դարձավ, որ հին Գորիսը Վերիշենի տարածքը չէ, հրաժարվեցինք Ձագեձոր բնակավայրի անվան՝ այս տարածքում փնտրելու փորձերից: Չենք կարող ժխտել, որ Վերիշենից քիչ հյուսիս-արևմուտք՝ Ակներ (սա Ստ. Օրբե­լյանի Մյուս Բաղք ավանի գյուղ Ակնը չէ), նույնն է` Բռուն թուրք. b/u/run «քիթ» (այս բնակավայրի անվանումները հավաստում են, որ Վարարակնի ակունքը այստեղ է) գյուղից ներքև ընկած տարածքը՝ մինչև ներկայիս Գորիս քաղաքի հյուսիսային մասը, խաչմերուկային նշանակու­թյուն ունի և այսօր. Հայաստանում Արցախի և հարավային բնակավայրերի հետ կապող հիմնական «առանցքն» է: Ենթադրելի է, որ zangզանգ «կոկորդ», «առանցք» + ի (սեռ. հոլով) + ա (հոդակապ)=ե+ձոր (որը գտնում են, թե թուրքերենի հնչողու­թյամբ դարձել է զուր) բարդու­թյունն է, ասել է թե «ձորի առանցք կամ առանցքային ձոր»< «Զանգու ձոր» (որը մեզանում այլ տեղանվան համար արդեն իսկ շատ հայտնի է): Զանգ-սեռ հոմանշային զույգի վերջին` բարբառային տարբերակով հայերենում ունենք բավականին շատ բարդություններ` «սռնակալ», «սռնակապ», «սռնածայր», «սռնապան», «սռնամեխ» և այլն, որն էլ վկայում է բառի` այլ բարդու­թյուններ ստեղծելու հնարավորու­թյունը: Զանգ-ի «Արմատականում» նշված բարբառային տարբե-րակները` Ախց. Կր. զանկ, Ալշ. Երև. Խրբ. Մշ. Ջղ. զանգ, Գոր, Շմ. Լ. Տիգ. զանգ և այլն, հավաստում են, որ բառը ընդհանրական տարածում է ունեցել` բոլոր տարբերակներում էլ, զարմանալի-որեն, հիմնականում պահպանել արտաքին կազմն ու իմաստը[39]:
  2. Հր. Աճա­ռյանը հիշատակում է նաև «Հանդէս ամսօրեայում» նշված զանգ/կ/ բառի առաջացման մի տարբերակ ևս` «զ նախդիրով անկանիլ բայից»[40]: Նույնին վերաբերող օրինակներ են բերվում «անկանիլ» բառահոդվածի տակ. «…զանգել, զանգանել «խառնել, միաւորել, շաղուել, իրարու յարել»…զանգուած «բաղադրու­թյուն, խմոր, ձոյլ, հայս», զանկանիլ «մի բանի յարիլ»[41]» և այլն: Գրաբարի անկ<անկուածոյ «­հյուսած, գործած, ասեղնագործած», անկանեմ «հյուսել, գործել» և անկ<անկանիմ «ընկնել» և այլն արմատներից Գորիսի բարբառում պահպանվել է ան­գյալ «ալարկոտ»[42]*, ինգյէլ /գրբ. անկանիլ/ «ընկնել» ձևերը: Զ նախդիրի կցմամբ և անկ հիմքից կարող է առաջ եկած լինել զանկ արմատը, որի վերջադիր կ-ն դարձել է գ, քանի որ «գրաբարում երկգրություն ունեցող բառերի մեջ գ||կ-ի դիմաց ն-ից հետո բարբառս անխտիր գործածում է գ»[43]: Գորիսի ամբողջ մասը` հյուսիսից մինչև համա­րյա Որոտանի կիրճը, ձորա­հյուսքի դիրք ունի, այստեղ են բեկվում բազմաթիվ մեծ ու փոքր ձորեր, այստեղից` Զանկ/գ/+ի /նախդիր, որ բարբառում կորցրել է նշանակու­թյունը և մյուս բառերի համաբանու­թյամբ բառավերջի դիրքում դարձել է է/ե/[44]. «Վերջնավանկի (կոնկրետ դեպքում` զան-կի — Մ.Ք.) ի-ն մի խումբ բառերում տալիս է է, ինչպես` ապրիլ> ապրէլ, բծիծ>պըզէզնը»[45]: Կառուցվածքային այս բարդու­թյամբ ձևը մերժվում է, երբ դրանից հետո անդրադառնում ենք զոր-ձոր ձևույթին, որը դեռևս լիովին պարզված չէ[46]: Անկ-զանկ «ընկնել» իմաստի և զոր արմատի կցմամբ էլ կարող է առաջ գալ «խոր ձոր», «մեծ, ուժեղ, խոր անկմամբ ձոր» բարդու­թյունը, որը նույնպես քիչ հավանական ենք համարում: Վերջին նշված երկու տարբերակներն էլ, իսկապես, հնարավոր չեն, քանի որ ինքնին ճշտված չէ զ+անկ-ի տարբերակը, հաշվի է առնվում բառի գործա-ծու­թյան ժամանակը, չնայած որ, ինչպես պարզաբանման մեջ է նկատվում, հնարավոր է վերոն­շյալի համար և ընդհանրապես:
  3. Բարբառների համար գործածական է նաև զանգա/կ/ք-ը «նրբաձայն», «քաղցրահն­չյուն» իմաստներով: Գ. Ջահու­կյանը այն ընդգրկում է իրանական փոխառու­թյունների շարքի զանգակ բառահոդվածի տակ. «Զնագակ <*zangak. հմմտ. պ. zang, zangul(a), ասոր. (<իրան.) zagga «զանգակ, zanga» «հն­չյուն»»[47]: Զանգ բառի այս իմաստին հետևելով` կարող ենք առաջ քաշել տեղանվան ծագման մի այլ վարկած, որ խոր ձորերը տարածքում բավական շատ են, արձագանքել են կենդանի բոլոր ձայներին` ձորն էլ դարձրել խոսուն, հնչուն, և բնակավայրի բնական այս հատկու­թյունն էլ նրա անվան բաղադրիչն է դարձել` հնչուն ձոր /զանգ/+ ե /ածանց/+ձոր՝ հմմտ. քարի հունչ՝ Քարահունջ[48], ինչպես Զանգագետ` Արաքսի ձախակող­մյան վտակը և այլն: Ի դեպ` այս վերջին իմաստի նմանու­թյամբ բառեր էլ կան թուրքերենում` zangւrdamak /դողալ, սարսռել, թրթռալ/, zagւrdatmak /դողացնել, սրսռացնել, թրթռացնել/, zangւr  zangւr /թրթռուն ձայնով/[49], որոնց արմատը թուրքական չէ. այս հն­չյունով բառերի մեծագույն մասը թուրքերենում փոխառու­թյուն է: Տարածաշրջանում շատ են բնական հատկանիշներից ծագած տեղանունները. հմմտ.` Մթնաձոր, Կոռնիձոր, Հալիձոր և այլն[50]: Այս տեսակետին, չնայած գիտականորեն ոչ պակաս հիմք է դրսևորում, նույնպես հակված չենք. տակավին փորձում ենք հարազատ մնալ համեմատաբար տարածված Զանգեզուր տեղանվան ձևին և իմաստին, ըստ այդմ էլ ստուգաբանել, քանի որ Զանգեձոր ձևով բառը պատմական տեղանքի համար չի հանդիպում: Այս տեսակետում առկախ է մնում ձոր-զու/ո/ր բառ/եր/ը:
  4. Զանգ բաղադրիչով տարածված տեղանուններ Հայկական լեռնաշխարհում շատ են` Զանգա, Զանգաթել, Զանգախ, Զանգակ, Զանգակի լեռ, Զանգավա, Զանգելան, Զանգավա (Զանգեյ), Զանգի, Զանգիբազ/ս/ար, Զանգիբարչայ, Զանգիբուտու, Զանգիգլուխ, Զանգիզոր, Զանգիթափա, Զանգիլար, Զանգիմար, Զանգինարլու, Զանգիշալը, Զանգիչայ, Զանգիրա, Զանգոկ, Զանգու, Զանգուն և այլն[51]: Այս բոլորը, նորից հիշենք, չէին կարող առաջացած լինել Ձագիկ /Ձագ/ բառի թուրքական հնչողու­թյունից: Սրանցից ամեն մեկը տեղանվան նշանակու­թյուն է ստացել տարբեր ճանապարհ-ներով` կապված ժողովրդական ավանդույթ-ավանդու­թյունների, պատկերավորումների, համեմատու­թյունների և այլնի հետ: Մի դեպքում տեղանքը նմանեցրել են զանգակ ծաղկին, մի այլ դեպ-քում` բոժոժի, նկատի ունեցել գետի կամ ձորի հնչեղու­թյունը, ձայն-արձագանքը, տեղանքի ակունք-առանցքային դիրքը և այլն: Բարբառներում ժողովրդական բնույթի փոխառու­թյուններից հայտնի է  պրսկ. զանգի /zangi, թուրք. /zengin/ – «հարուստ» բառը: Եթե նկատի ունենանք Զանգեզուր բառի գործածու­թյան ժամանակաշրջանը, ապա, թվում է, պարզաբանված է տեղանվան ծագումը` Զանգի/ե/ձոր — «հարուստ ձոր»: Թուրքական ու պարսկական փոխառու­թյունների` բարբառումս ունեցած առատու­թյունն ու կենսունակու­թյունը չեն ժխտում, որ այգիներով, արո-տավայրերով, ջրերով հարուստ տարածքը հորջոջվել է «հարուստ», ինչպես, կարծում ենք, Զանգիբազ/ս/ար — «հարուստ շուկա» և այլն, իսկ ձոր-ն էլ, ասենք, իբր թուրքերենի հնչողու­թյամբ` զոր: Միևնույն ժամանակ ժխտելի չէ, որ ինչպես հայկական մյուս տարածքներում, այստեղ նույնպես որոշ տեղանուններ կարող էին փոխակերպվել, փոխարինվել օտար անուններով` Ուչ թափա և այլն: Մեր կողմից առաջադրված ինչպես մյուս, այս տեսակետը նույնպես բացահայտվում ու չի ընդունվում: Տեղանունների օտարացման երևույթը համեմատաբար քիչ է դրսևորվել այս տարածաշրջանում: Ստ. Օրբե­լյանի նշած տեղանուններն այսօր էլ հիմնականում պահպանվել են, պատճառը օտար տարրի` այս տարածքում սակավու­թյունն է եղել:
  5. Զանգեզուր տեղանվան վերաբե­րյալ մյուս կարծիքները չեն քննվում անգամ վարկածից դուրս դիտվելու պատճառով: Սակ ձևից անցումը Ձագի-ծակի-զանգի խիստ անհավանական է լեզվաբանա-կան և պատմական առումով, ինչպես հակառակն է պնդում Ա. Ղարի­բյանը, թե իբր սակ ցեղանունից առաջացել է Ձագ-ը: Ստրա-բոնը Ք.հ. I դարում Հայաստանի Շակաշեն գավառանունը բխեցնում է սակ կամ շակ ազգի անունից: Արտաքուստ, ինչպես նշում է Հ. Աճա­ռյանը[52], ստուգաբանու­թյունը կարծես շատ պարզ է` սակ+շեն: Սակայն շեն բառը, որպես պահլավերեն še՛n/շեն-գյուղ, բնա-կավայր/ փոխառու­թյուն, հայերենին անցել է առաջին դարում, իսկ սակերի կամ շակերի արշավանքը եղել է Ք.ա. IV, VI, VIII դարերում: Բացի այդ՝ նույն Ստրաբոնը նշում է այլ տեղանուններ` -ենե, -են/-hnh,-hn/ վերջավորու­թյուններով` Կոմիսենե /Kamishnh/, Գորդիենե /Gorduhnh/ և այլն: Ստացվում է, որ Շակաշենում ոչ թե շակ+շեն բառերն են, այլ Շակաշ+են, իսկ շակաշ-ը անհասկանալի է:  Բացի այդ` հայ. սկայ, հ-սկայ բառերի աղ­բյուրը համարում են Sakiօi՛ ցեղանունը, որ բխեցվում է հ.-ե *skāi — «լուսավոր» ար-մատից. «Այս դեպքում ավելի քիչ հավանական է երևում Գ. Ղափան­ցյանի կարծիքը /հ/ըսկայ բառի` սակերի անունից ծագելու մասին: Հի­շյալ ստուգաբանու­թյունը հաստատվում է Սկայորդի անձնանվամբ, որ տալիս է Խորենացին»[53]: Զանգեզուրի վերաբե­րյալ այլ կարծիքներ էլ եղել են և շարունակվում են: Այստեղ պետք է նշենք պատահական նմանու­թյան մասին, որ էտրուսկ. Sacu, Saχu, լատ. Saccus, ս­կյութ. Sakai հ.-ե. *k՛āk /սակ/-«կարողանալ, օգնել» ձևերը հայասերենում ունեն Zag/g/a դիցանունը, որ իբր պետք է կարծել, Զանգեզուրի առաջին Զագ բաղադրիչը պետք է լինի, որ հետագայում միայն վերականգնվել է[54]:  Սաստիկ «աղքատ» և ոչ գիտական լինելու համար այդ գրվածքները չենք քննում, ինչպես «Ձագ Հաբանդեցի» և այլն:

Այսպիսով, ինչպես նկատում ենք, դեռևս չկա միանշանակ կարծիք Զանգեզուր տեղանվան ծագման վերաբե­րյալ: Բայց և ժխտվում են ցայսօր եղած հիմնական տեսակետները: Շարունակում ենք, առայժմ, տիրապետող դիրքում չթողնել որևէ այլ կարծիք այն հույսով, որ պատմական և լեզվաբանական հետագա ուսումնասիրու­թյունները լուրջ հիմքեր կստեղծեն Զանգեզուր տեղանվան ծագման  հարցի վերջնական լուծման համար: Պետք է նշել, որ դեռևս առկախ է մնում նաև տեղանվան բուն գործածու­թյան ժամանակաշրջանը:

[1] Ղ. Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893, էջ 255:

[2] Տե՛ս Ստ. Լիսիցյան, Զանգեզուրի հայերը, Ե., 1969, էջ 19:

[3] Ե. Լալայան, Զանգեզուրի գավառ, «Ազգագրական հանդես»,  հ., Բ, Թիֆլիս, 1899, էջ 8:

[4] Ալ. Մարգարյան, Ստուգաբանություններ, Ե., 2015, էջ 184:

[5] Հ. Աճառյան, Հայոց լեզվի համեմատական քերականություն, h., VI, Ե., 1971, էջ 766:

[6] Ս. Հախվերդյան, Զանգեզուր տեղանվան ստուգաբանության և գործածման ժամանակի հարցի շուրջ, ՀՊՃՀ-ի տարեկան գիտաժողով, Նյութերի ժողովածու, հ. 3, Ե., 2005, էջ 876:

[7] Նույն տեղում:

[8] Հ. Աճառյան, Հայոց լեզվի պատմություն, հ. 2, Ե., 1951, էջ 426:

[9] Նույն տեղում, էջ 427:

[10] Նույն տեղում, էջ 424:

[11] Գ. Ջահուկյան, Հայ բարբառագիտության ներածություն, Ե. 1972, էջ 250:

[12] Ակնարկներ միջին գրական հայերենի պատմության, հ. Ա, Ե., 1972, էջ 148:

[13] Ինչ-որ Ծակաձոր անվամբ գյուղի տեղադրության հարցն էլ առկախ է, որ նույնացնում են Շորին ձոր բնակավայրի հետ: Այս անվանումով Ս. Օրբելյանը գյուղատեղ չի նշում:

[14] Հայերեն ձեռագրերի ԺԷ դարերի հիշատակարաններ, հ. Գ, Ե., 1984, էջ 488  /գրված 1652թ./:

[15] Հայ-ռուսական հարաբերությունները XVIII դարում, /ռուսերեն/, հ. 4, Ե., 1990, էջ 222 /հղումը կատարված է Ս. Հախվերդյանի «Գորիսի ամփոփ պատմություն» գրքից/:

[16] Ղ. Ալիշան, նշվ. աշխ.,  էջ 262:

[17] Ս. Հախվերդյան, Գորիսի ամփոփ պատմություն, Ե., 2005, էջ 140:

[18] Զանգեզուր անվամբ տեղանունը պաշտոնական ճանաչում է ստանում Թուրքմենչայի  պամանագրով` 19-րդ դարի առաջին կեսին, բայց նման կամ նույն ձևով գործածվել է ավելի վաղ:

[19] Ս. Ղազարյան, Միջին հայերեն, գ., Ա, Ե., 1960, էջ:

[20] Տե՛ս Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատ. 2, Ե., 1988, էջ 264:

[21] Նույն տեղում, էջ 266:

[22] Ս. Խանզադյան, Մխիթար Սպարապետ, Ե., 1961, էջ 490:

[23] Ահա դրանցից մեկը. «Երբ Լենկ-Թեմուրը գալիս հասնում է Արաքսի ափը, դեռ գետը չանցած` նրան ներկայանում է Մեհրի անունով մի իշխան և ասում. «Լենկ-Թեմուրն ապրած կենա, եկել եմ քեզ ծառայեմ»: Թեմուրի հարցին, թե ինչով նա կարող է ծառայել իրեն, իշխանը պատասխանում է. «Քանի Խոտ գյուղի գլխին գտնվող վանքի մեծ զանգը կա, դու չես կարող գրավել այս երկիրը, թշնամուն հեռվից տեսնելուն պես հնչեցնում են այդ զանգը և ժողովրդին հանում նրա դեմ»:

Լենկ-Թեմուրը մի քիչ մտածելուց հետո ասում է. «Գնա, էդ զանգը վառի, փչացրու, ես քեզ շատ ոսկի ու իշխանություն կտամ»: Դավաճանը գնում է իր նման մի քանի ուրիշների հետ գիշերով զանգի տակ կրակ են վառում և կտրում նրա ձայնը: Լենկ-Թեմուրը զորքով անցնում է Արաքսը: Իմանալով այդ մասին՝ վանահայրը կանչում է զանգահարին ու կարգադրում շտապ զանգը տալ: Զանգահարը ինչքան փորձում է, զանգը ձայն չի հանում: Վազում է վանահոր մոտ և ասում. «Ամեն բան զուր է, զանգը ձայն չի տալիս…»:  Լենկ-Թեմուրը գալիս և գիշերով գրավում է ողջ Սյունյաց երկիրը, սկսում ավերն ու կոտորածը: Գյուղերում մարդիկ զարմանքով հարցնում են միմյանց. «Բա զանգը ինչո՞ւ չտվին»: Ոմանք էլ պատասխանում են. «Զանգը զո~ւր է, զանգը զո~ւր է…»: Դրանից հետո գավառի անունը մնում է «Զանգեզուր» /այս մասին տե՛ս sarc.am/:

[24] Տե՛ս Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2, էջ 828:

[25] Նույն տեղում, էջ 471-472:

[26] Նույն տեղում, էջ 472:

[27] Հ. Աճառյան, Լիակատար քերականություն հայոց լեզվի, հ., VI, էջ 539:

[28] Ս. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 321:

[29] Նույն տեղում, էջ 71:

[30] Նույն տեղում, էջ 226:

[31] Նույն տեղում, էջ 325:

[32] Նույն տեղում, էջ 226:

[33] Նույն տեղում, էջ 327:

[34] Տե՛ս  Գ. Նալբանդյան, Պահլավերեն-հայերեն բառարան, Ե., 1994, էջ 175:

[35] Турецко-русский словарь, Москва, 1945, ст.108 /բառը թուրքական չէ, չնայած այս և մյուս բառարաններում նշված չէ փոխատու լեզուն. հավանաբար անցել է պարսկերենից/:

[36] Այս մասին կարելի է տեսնել մեր թեկնածուական ատենախոսության մեջ, ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվաբանության ինստիտուտի գրադարան, Ե., 2004, էջ 135:

[37] Հր. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. II, Ե., 1973, էջ 79:

[38] Ս. Հախվերդյան, Գորիսի պատմություն, Գորիս, 1996, էջ 25:

[39] Տե՛ս նույն տեղում:

[40] Հր. Աճառյան, նշվ. աշխ., էջ 79:

[41] Նույն տեղում, հ. II, էջ 198:

[42]Բառը Ալ. Մարգարյանի «Գորիսի բարբառում» ընդգրկված է փոխառյալ բառերի բառարանում` իբրև թուրք.-պրսկ. փոխառություն. «Անգյալ (թուրք. պարսկ.), ած., գ., ծույլ, չաշխատող մարդ» /նշվ. աշխ., էջ 503/: Թերևս կարող է շփոթմունք եղած լինի, քանի որ այն բնիկ հայերեն բառ է և ոչ թե փոխառություն:

[43] Ալ. Մարգարյան, Գորիսի բարբառ, Ե., 1975, էջ 87:

[44]Բացառականի հետ զ նախդրի կիրառությամբ գրաբարի պատմական հոլովը նշված ձևում /զ+անկ+է/ե//, չի տարածվում` բառակապակցություններում և բարդության կազմում «վերաբերության, մասին» պաշտոն-դեր մատնանշելու պատճառով, ինչպես` զնմանէ-նրա մասին և այլն:

[45] Ալ. Մարգարյան, նշվ. աշխ., էջ 50:

[46] Այս աշխատանքը գրվել է մինչ Գորիս տեղանվանը վերաբերող մեր ստուգաբա-նությունը /այժմ տե՛ս նույն հեղինակի «Հնդեվրոպական  *g´հou̯oro- արմատը տեղանունների հիմք» հոդվածում /տպագրության ընթացքում/, նաև՝ www.sarc.am:

[47] Գ. Ջահուկյան, Հայոց լեզվի պատմություն. նախագրային ժամանակաշրջան, Ե., 1987, էջ 525:

[48] Մենք հակված չենք այս տեսակետին, ուղղակի որպես ժողովրդական ստուգաբա-նության տարբերակ է նշվում:

[49] Турецко-русский словарь, ст. 686.

[50] Նկատենք, որ սրանցից ոչ մեկն էլ, որ ավելի հեշտ կարող էին կրել փոփոխություն, ազդվել օտար արտասանությունից, չի ստացել Մթնազուր, Կոռնիզուր, Հալիզուր անվանումները, չի փոխել անվան վերջին բաղադրիչը:

[51] Տե՛ս Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2, էջ 264-267:

[52] Հ. Աճառյան, Լիակատար քերականություն հայոց լեզվի, հ., VI, էջ 765-766:

[53] Գ. Ջահուկյան, Հայերենը և հնդեվրոպական հին լեզուները, Ե., 1979, էջ 67:

[54] Տե՛ս Г. Джаукян, Хайасский язык и его отношение к индоевропейским языкам, Е., 1964, ст. 56.

About The Author

Related posts

Leave a Reply