Նոյեմբերի 13, 2018

ԵՊՀ-ի 100 ամյակի առթիվ. «Տե´ր, օրհնե´ ծառն այս մատղաշ։ Ես կտնկեմ զայն ահա…»

ԵՊՀ-ի 100 ամյակի առթիվ. «Տե´ր, օրհնե´ ծառն այս մատղաշ։ Ես կտնկեմ զայն ահա…»

Տե´ր, օրհնե´ ծառն այս մատղաշ։ Ես կտնկեմ զայն ահա…

Զավեն-Լևոն Սուրմելյան. «Ասացվածք՝ ծառ տնկելու առթիվ»

  • 45055722_368465413896746_7759409357153894400_n
  • 44956565_1020455164803262_7644272231819771904_n
  • 44946587_253228788874574_8438298594066300928_n
  • 44929804_336889553711685_7788196431289909248_n
Գրեթե 2 տասնամյակ է, ինչ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում և հարակից տարածքներում կատարվում է ծառատունկ: Գուրգեն Մելիքյանը երկար տարիներ ղեկավարում էր ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետը՝ միաժամանակ իրականացնելով բարեգործական ծրագրեր: Քաշաթաղի շրջանի կազմավորման առաջին օրերից նույն ծրագրերով հանդես եկավ նաև այստեղ՝ ստեղծելով «Գուրգեն Մելիքյանը՝ Քաշաթաղի շրջանի բազմազավակ ընտանիքներին» հիմնադրամը: Նրա կատարած բարեգործություններից առավել մնայուն են շրջանում ստեղծած պուրակներն ու ծառուղիները, հանգստյան գոտիները՝ շատերը հուշաքարերով, աղբյուրներով: Բոլոր ծառատունկները կայանում են ԵՊՀ-ի ուսանողների մասնակցությամբ, որին հաճախ ներկա են լինում ԱՀ Նախագահը, կառավարության և Ազգային ժողովի անդամներ, ԵՊՀ ռեկտորը, դասախոսներ, այլք: Այս տարի առաջին ծառատունկը կատարվեց գարնանը, և ահա հոկտեմբերի 28-ին հերթականը, որը նվիրված էր ԵՊՀ-ի հիմնադրման 100-ամյա տարեդարձին: Նորաստեղծ պուրակը հիմնվեց դեպի Երևան ձգվող մայրուղու վրա՝ Բերձորի մուտքի մոտ: Մոտ մեկ ամիս առաջ Գ. Մելիքյանը կազմակերպեց պուրակի տարածքի հարթեցումը, մացառներից, թփերից, քարերից մաքրումը, տնկիների համար փորվեցին փոսեր: Ծառատունկին մասնակցեց ԱՀ Նախագահ Բակո Սարգսյանը՝ կառավարության անդամների ուղեկցությամբ: Նորաստեղծ պուրակի մոտ երկրի Նախագահին դիմավորեցին Քաշաթաղի շրջվարչակազմի նորանշանակ ղեկավար Ստեփան Սարգսյանը, Գուրգեն Մելիքյանը, ուսանողները՝ երգ ու պարով: Ինչպես ընդունված է՝ առաջին ծառը տնկելիս Գ. Մելիքյանը՝ գինեթասը ձեռքին, արտասանում է Զավեն-Լևոն Սուրմելյանի «Ասացվածք՝ ծառ տնկելու առթիվ» բանաստեղծությունը: Ապա դիմեց ներկաներին ՝ ասելով, որ այս անգամ տնկելու են 100 ընկուզենի և 10 թթենի: -Ծառ տնկում են հողի տերերը, եկվորները դրանք կոտրում են,- ասաց Գ. Մելիքյանը և հավելեց, ծառատունկը նվիրված է ԵՊՀ հիմնադրման 100 ամյակին: -Մեր երկրի մայր բուհը, որը գիտության, պայքարի, հերոսացման կենտրոն է, որտեղից դուրս են եկել հրաշալի հայորդիներ, մշտապես իրականացնում է նման առաքելություն: Հպարտություն եմ ապրում, որ այս օրերին այստեղ եմ, և 100 ընկուզենի ենք տնկում: Եթե ապրում ես հայրենիքում, դժվար օրերն էլ հեշտ կանցնեն,- ասաց բարերարը և ԱՀ Նախագահի հետ տնկեցին առաջին ընկուզենին: Այնուհետև գործի անցան ԵՊՀ ուսանաղները, ԱՀ կառավարության անդամները, Քաշաթաղի շրջվարչակազմի, Բերձորում գործող տարբեր կառույցների ղեկավարները, աշխատակիցները, հյուրերը: Բ. Սահակյանը նշեց՝ մնայուն արժեք է ծառատունկը, և տարիների ընթացքում ԵՊՀ ուսանողության ու դասախոսների կողմից Բերձորում մեծ աշխատանք է կատարվել այս բնագավառում: Արցախի Նախագահը բարձր գնահատեց Գ. Մելիքյանի դերն ընդհանրապես Արցախին մատուցած ծառայություններում: Մոտ 2 ժամ անց Հակարի գետի աջափնյա տարածքի հողն ընդունեց տնկիներին, և պուրակը պատրաստ էր: Ընթացքում զրուցեցի ծառատունկի մասնակիցների հետ: ԱՀ հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը, ով մի քանի անգամ մասնակցել է Բերձորում կատարվող ծառատունկներին, կարևորեց արդեն ավանդույթ դարձած ծառատունկը Քաշաթաղի շրջանում, և կարևորեց, որ այն իրականանում է Մայր հայրենիքի մայր բուհի ուսանողների ու դասախոսների մասնակցությամբ: ԵՊՀ ուսխորհրդի նախագահ, միջազգային հարաբերություններ ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Դավիթ Ափոյանը տեղեկացրեց, որ ուղևորությունը հովանավորել է ԵՊՀ ռեկտրատը, այս անգամ ծառատունկին մասնակցում են 50 ուսանող՝ տարբեր ֆակուլտետներից, ինչպես նաև դասախոսներ: Եկել են 3 օրով: Մինչ Բերձոր գալը, եղել են Քարվաճառի, Մարտակերտի շրջաններում, այցելել Դադիվանք, Գանձասար: Առավել կարևորեց, որ Եղնիկներ զորամասում հանդիպել են դիրքապահներին: Նրանց համար համերգով հանդես է եկել մշակութային խումբը: Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը, ով մշտապես ուղեկցում է ուսանողներին նման առաքելությունների ժամանակ, կարևորեց այն, որ նախկինում տնկված ծառերն արդեն բերք են տալիս: Համալսարանի ռոմանո-գերմանական բանասիրության ֆակուլտետի 2-րդ կուրսեցի Տաթևիկ Հովհաննիսյանը Երևանից է, մայրը՝ Արցախից, և հաճախ է այցելել մոր ծննդավայրը՝ Հերեր գյուղ, սակայն նման առաքելությամբ 2-րդ անգամ է գալիս: Հպարտ է, որ իր ձեռքով ծառ տնկեց ազատագրված ու շենացող հայրենի հողում: Այս ամռանը Շուշիում մասնակցել է ռազմական բանակումի և սիրում է նաև զինվորական կյանքը: Խրախուսելի և կարևոր միջոցառում է ծառատունկը՝ մեզ կապում է Արցախի հետ: Կան ուսանողներ, որ առաջին անգամ են գալիս և դրանից հետո միշտ ձգտում են նորից լինել Արցախում: Անահիտ Բրուտյանն աշխատում էր Տաթևիկի հետ, ծնվել է Տավուշի Պառավաքար գյուղում, ուսանում է քիմիայի ֆակուլտետի 3-րդ կուրսում, առաջին անգամ է եկել: -Շատ էի ցանկանում լինել Արցախում, և իրականացավ երազանքս, ուրախ եմ, որ նման միջոցառման մասնակցեցի: Այժմ հնարավորություն ունեմ ստանալ էմոցիա և էներգիա՝ կանգնելով Արցախի հողի վրա: Տնկելով ծառը՝ ինչ-որ չափով սկիզբ ենք դնում նոր կյանքի, և հավատում եմ՝ նորից եմ գալու, և տարիներ անց մեր աշխատանքը կտա ցանկալի արդյունք: Ֆիզիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Եգանյանը Երևանից է, նույնպես առաջին անգամ է Արցախում ծառատունկի մասնակցում, չնայած մի քանի անգամ եղել է այստեղ: Դավիթ Առաքելյանը Դվինից է, առաջին անգամ է մասնակցում ծառատունկի, և Լիլիթի հետ արդեն մեկ ծառ տնկել էր՝ հավատով, որ հնարավորություն կունենա նաև մշակել: Պատմության ֆակուլտետի 3-րդ կուսի ուսանողուհիներ Ասյա Թադևոսյանը և Անի Ավագյանը մի քանի ծառ էին տնկել՝ իրենց աշխատանքը համարելով նորի սկիզբ: Ասյան նաև պարուհի է, երկրորդ անգամ է մասնակցում ծառատունկի, հպարտությամբ նշեց, որ իրենց խումբը հանդես եկավ զինվորների համար: Անին Վանաձորից է, ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբի կազմում եղել է Արցախում, բայց ծառատունկին առաջին անգամ է մասնակցում, և մեծ է ոգևորությունը: Ծառատունկից հետո կայացավ մշակութային մաս: Ռազմահայրենասիրական երգերի գեղեցիկ կատարումով հանդես եկավ ուսանող Գագիկ Մաշինյանը՝ իրենց խմբի դհոլահար Գոռ Օհանյանի և Բերձորի «Բերձոր» ժողգործիքների համույթի երաժիշտներ Արամայիս Եսայանի ու Արթուր Մովսեսյանի նվագակցությամբ: Երեկոյան համալսարանականները հրաժեշտ տվեցին Բերձորին և մեկնեցին Երևան՝ վստահ՝ հայ զինվորն ամուր է կանգնած սահմանում, արցախցին իր երկրի տերն է և շենացնում է, ազատագրված մեր հայրենի Քաշաթաղը նորից է ընդունելու իրենց և հնարավոր է՝ շատերի համար տուն կդառնա:
Զոհրաբ Ըռքոյան

About The Author

Related posts