Նոյեմբերի 13, 2018

Դասախոսություն թանգարանում

Դասախոսություն թանգարանում

  • Mirik
  • DSCN9018
  • DCIM100MEDIADJI_0011.JPG
  • IMG_3145
Վերջերս ՀՀ հնագիտության ինստիտուտի և ԵՊՀ հնագիտության ամբիոնի համատեղ արշավախումբը պեղումներ կատարեց Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի մոտակա 3000-ամյա ամրոցի հարակից տարածքում գտնվող դամբարանում: Գտնված կավե անոթները, խեցեղենի բեկորները, այլ նյութեր հանձնվեցին Բերձորի երկրագիտական թանգարանին: Այտեղ, կատարված պեղումների և նշված ամրոցի վերաբերյալ կայացավ դասախոսություն, որին ներկա եղան Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1, Վահան Զատիկյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցների բարձրդասարանցիները՝ իրենց պատմության ուսուցիչների հետ, շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի և այլ բաժնների, թանգարանի աշխատակիցներ: Հնագետ Գագիկ Սարգսյանը ներկայացրեց Միրիկի ամրոցը, որը, ըստ նրա, գոյություն է ունեցել սկսած երկաթեդարից և գոյատևել է մի քանի դար: Ըստ հնագետի՝ հնավայրը պատմական Աղահեճ քաղաք-ամրոցն է՝ Մեծ Հայքի Սյունիք աշխարի Աղահեճք գավառի վարչական կենտրոնը: Ներկայցնելով ներկայիս վիճակը՝ տեղեկացրեց, որ ամրոցը գտնվում է Աղավնո գետի աջակողմյան բարձր հրվանդանի վրա՝ ծովի մակերևույթից մոտ 1700 մետր բարձր: Ժամանակին ունեցել է 2 հիմնական հատված՝ աշխարհիկ-իշխանականը՝ միջնաբերդով ու զինվորական մասով և հոգևորը՝ զիկուրատ-տաճարով, պաշտամունքային այլ կառույցներով: Ամրոցում նրա գլխավորությամբ անցած տարի կատարվեցին պեղումներ, որը հովանավորեց ՙՀայրենասեր՚ ՀԿ համահիմնադիր Ստեփան Սարգսյանը: Ամրոցամերձ դամբարանում կատարված պեղումների արդյունքի մասին ներկայացրեց հնագետ Հարություն Խուդանյանը, ում գլխավորությամբ մոտ 15 օրվա ընթացքում բացվեց դամբարանաբլուր, և իրականացան պեղումները՝ դարձյալ Ստ. Սարգսյանի մեկենասությամբ: Հ. Խուդանյանը տեղեկացրեց, որ դամբարանը նույնպես պատկանում է Ք.ա. առաջին հազարամյակին, մասնավորապես՝ Ք.ա. 8-7-րդ դդ., ներկայացնում է տեղական մշակույթը: Պատկանել է երևելի որևէ անձի՝ ազնվականի կամ բարձրաստիճան հոգևորականի: Պեղումների սկզբնական շրջանում թվում էր՝ դամբարանը գտնվում է անխաթար վիճակում, սակայն հետագայում պարզվեց՝ այն կողոպտված է վաղուց: Անխաթար էր մնացել միայն դամբարանախուց տանող մուտքի՝ դրոմոսի սկզբնական մասը, որտեղ պահպանվել էին 8 կավե անոթներ: Գտնված իրերը հնարավորություն տվեցին պարզելու՝ ինչ ծիսակարգով է կատարվել թաղումը: Դասախոսության ընթացքում էկրանին ցուցադրվեցին լուսանկարներ: Վերջում ներկաները հարցեր ուղղեցին հնագետներին, հայտնեցին շնորհակալություն: Ոգևորված հնավայրի մասին տեղեկություններով՝ շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը որոշեց մոտ ժամանակներս դպրոցականների և հետաքրքրասեր անձանց համար կազմակերպել արշավ-էքսկուրսիա նշված տարածք:

Զոհրաբ Ըռքոյան /պեղումների մասնակից/

About The Author

Related posts

Leave a Reply