Ապրիլի 23, 2019

Գորիս տեղանվան ստուգաբանությունը

Գորիս տեղանվան ստուգաբանությունը

/սեղմագիր/

Մհեր Քումունց

Կյորէս-Գորիս տեղանվան մեջ պահպանված է հնդեվրոպական բնիկ ձևը` *g´հou̯oro-` ձոր>գոր/կ/յ/որ /*g´հou-ro/: Այն, կարծում ենք, նախապես ունեցել է հասարակ անվան նշանակություն և մատնանշել է ոչ թե բնակավայր, այլ աշխարհագրական տարածք` ձոր: Հնարավոր է, որ ուրարտական շրջանում կամ դրանից հետո միայն հնդեվրոպական ծագմամբ *g´հou̯oro-ձոր բառը ստացած լինի տեղանվան նշանակություն` Գուր-իա /KURGuria/: Այդ է վկայում նաև այն հանգամանքը, որ Գորիսը ուղղակիորեն գտնվում է ձորում, որ մեծ առումով ընդգրկվում է Զանգեզուրի ձորազանգվածում, իսկ փոքր առումով` փոքր ձորերից մեկում, ինպես Ծակեծոր, Ձագեձոր, Հալիձոր և այլն: *G´հou̯oro- արմատից են ծագում ոչ միայն Գորիսը, այլև Կորուն /բնակավայր Գորիսի շրջանում/, Կուրիսը /բնակավայր Մեղրիի շրջանում/: Կարծում ենք, որ հուն. χρος, սանս. darä/darï, պրսկ. دره /darä/, հայ. ձոր բառերը ունեն նույնական ծագում` հնդեվրոպերենում՝ *g՛հou̯/o/ro-:

Այսպիսով՝ Գորիս տեղանվան գոր արմատը նշանակում է ձոր, իսկ վերջադիր իս-ը  առաջացել է հայերենի -այք վերջավորությունից՝ —այք=այ>է, ք>ս, է>ի=իս: Գոր-իս՝ «ձորեր»՝ Գորայք>Կորէս>Գորիս/Կյորես: Գորիս տեղանունը առաջին անգամ հիշատակվում է ուրարտական արքա Ռուսա I (մ.թ.ա. 735-713 թթ.)  արձանագրության մեջ՝ 9-րդ տողում՝ «… Գուրիայան երկիրը …»: Ռուսա I- ը մ.թ.ա. 715 թ.-ին է ձեռնարկել արշավանք  դեպի  Գեղարքունյաց ծովի արևելյան հատված  և նվաճել 23 երկրներ, որոնցից մեկը եղել է Գորիսը՝ Գուրիայան:

"Արձանագրությունը գտնվում է Գեղարքունիքի մարզի Ծովինար և Արծվանիստ գյուղերի միջև ընկած «Օձաբերդ» հնավայրում: Բարձրությունը 1 մետր է, լայնությունը՝ գրեթե 1,5 մետր: Սեպագիր արձանագրությունը 1862 թվականին հայտնաբերել է Մեսրոբ Արքեպիսկոպոս Սմբատյանցը: Սեպագրի ուսումնասիրությամբ զբաղվեցին Գ․Մելիքիշվիլին, Գ․ Ղափանցյանը, Հ. Կարագյոզյանը և ուրիշներ: Ստորև ներկայացվում է սեպագիր արձանագրության վերծանումը ըստ Հ․ Կարագյոզյանի՝ 1/Խալդյան զորությամբ Ռուսա 2/Սարդուրորդին ասում ՝-Ես այս երկրները 3/մեկ արշավանքում նվաճեցի, /ծառա դարձրի՝ 4/Ադախու երկիրը, Վելիքուխե երկիրը, Լուերուխե երկիրը, 5/Արկուկեան երկիրը-չորս արքայի՝ այս կողմից ծովային գավառում, 6/Գուրկուշիլե երկիրը Տուտուայան երկիրը, Քարուիշայան երկիրը 7/ Գիշուայան երկիրը, Աքուայան երկիրը, Ծամա երկիրը, 8/ Երկիլայան երկիրը, Ելայան երկիրը, Երելթուայան երկիրը, 9/ Այդամանիու երկիրը, Գուրիայան երկիրը, Բերզիրա երկիևը, 10, Պիրուայան երկիրը, Շիլայան երկիրը, Վիդուայան երկիևը 11/ Ատեզայան երկիրը, Երիյան երկիրը, Ազամերունե երկիրը, 12/ տասնինն արքայի այս կողմից ծովային գավառում՝ լեռնաշղթայի 13/ստորոտում: Ընդամենը քսաներեք արքայի առաջին տարում նվաճեցի: 14/Մարդ, կին դեպի Բիայնիլի քշեցի: Հաջորդ տարի եկա, 15/ կառուցեցի այս ամրոցները: 16/Երբ որ երկրներն այս երկրիս վրա ավելացրի, 17/ Թեյշեբայի համար ամրոց հոյակապ կառուցեցի, դրեցի անունը 18/ «Թեյշեբայի քաղաք»՝ Բիայնիլի երկրի զորությունը թշնամիների մեջ ամրապնդելու համար: 19/ Ռուսան ասում է- Ով այս արձանագրությունը ոչնչացնի, 20/ փչացնի․․․․․․․․ով․․․․․․․․․․․․․․ 21․․․․․․․․․․թող-ոչնչացնեն նրան Շիվինին ր 22աստվածները ․․․․․․․․․․․․․ 23․․․․․․․․․․․․․մահվան ուղարկեն

 

About The Author

Related posts

Leave a Reply