Մայիսի 21, 2019

ԳՈՐԻՍԸ ՈՒՇ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅ ԳՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՑ  ՄԵԿԸ

ԳՈՐԻՍԸ ՈՒՇ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅ ԳՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՑ  ՄԵԿԸ

Ս. Հախվերդյան

Հալիձորի Հարանց Մեծ անապատի գործունեության հետևանքով XVII դարում գրչության կենտրոններ են ձևավորվում Գորիսի ենթամարզի տարածքի շատ բնակավայրերում և գրվում տասնյակ ձեռագրեր: Այդ բնակավայրերի շարքում արժանի տեղ է գրավում հնում Գորայք, իսկ XVII դարից արդեն Գորես, Կօրես, Գորիս անվանվող բնակավայրը: Այդ ժամանակաշրջանում Գորիսում գրված ձեռագրերի գրիչների մեջ ամենանշանավոր դեմքը եղել է Բարսեղ երեցը:

Գորիս անունը հիշատակող և Գորիսում գրված մեզ առայժմ հայտնի ամենահին ձեռագիրը պատկանում է Բարսեղ երեցի գրչին և գրվել-ավարտվել է 1624-25թթ.: Ձեռագրի վերնագիրն է. «Գիրք հարցմանց Գրիգորի Տաթևացիոյ»: Ձեռագիր գրքի պատվիրատու-ստացողը եղել է Ռստակես (Արիստակես) վարդապետը` Հարանց Մեծ անապատի առաջնորդը: Ձեռագիրը թեպետ  գրվել է Գորիսում, բայց նկա-րազարդվել է Հալիձորի Հարանց  անապատում` ծաղկող Հովհաննես աբեղայի կողմից: Ահա թե ինչ է ավելացրել ձեռագրի հիշատակարան-անձնագրում Բարսեղ գրիչը. «Գրեցաւ սայ ի յերկիրս Ձագաձորու, ի գեաւղս որ կոչի Գորէս, ընդ հովանեաւ Ս.Գրիգորիս և Ս.Աստուածածնիս և Ս.Յակոբիս և Ս.Մարտիրոսիս, զի սոքա են մեզ բարեխօս, ի թվիս ՌՀԴ (1625թ.)»1: Նույն ձեռագրում դրանից մեկ տարի առաջ գրված տողերում կարդում ենք. «Արդ` ծաղկեցավ զայս Քարոզգիրքս ի Դաթևաց անապատին ՌՀԳ (1624) թվին, որ էին ժողովեալ Ճ (100) և ավելի: Որ ժամանակին անապատին առաջնորդ Ըռստակէս վարդապետն և որ և զսեղանատեղն շինեաց խիստ ուրախութեամբ»: Վերը նշված երկու թվականները ցույց են տալիս ձեռագրի վրա  թափված աշխատանքի վերջին տարիները միայն, իսկ գործի ձեռնարկումը կարող էր սկսված լինել ավելի վաղ: Հիշատակարանում Բարսեղ գրիչը հոգեկան խոր անկեղծությամբ և համեստությամբ ընթերցողին հուզող տողերով գրել է. «Դարձեալ յիշեցեք զանարժան գրիչս Բարսեղ երէց, զոր զանունս միայն է և գործս ոչ, աղաչեմ զձեզ անմեղադիր լերուք սխալանաց և խոշորութեան գրոյս, զի առաջին գիր մեր այս է, զի թե գիրն շինէի, զբանն մոռանայի, թողութիւն արարէք, զի շատ ջանացի և ոչ կարացի քանց այս աւելի շինել, զի մեր այս էր և ոչ աւելի»: Այս տողերից մեզ պատկերանում է պատկառելի մտավորականը, որը պատրաստ է նույնիսկ այսօրվա սերունդներիցս ներո-ղություն խնդրել իր արած կամ չարած սխալների ու մեղքերի համար… Իսկ ովքե՞ր են ձեռագրում հիշատակված անձինք: Արիստակես-Ռստակեսի ով լինելը պարզվում է հենց ձեռագրից: Նա եղել է Հարանց Մեծ անապատի առաջնորդը: Իսկ Բարսե՞ղը: Պարզվում է, որ և’ Արիստակեսը, և’ Բարսեղը եղել են ժամանակի նշանավոր անապատական գործիչներ և նրանց անուները, արդեն որպես սրբերի, հիշատակված են Առ.Դավրիժեցու «Պատմության» մեջ: Այնտեղ կարդում ենք. «…Նաև սույն տեղում (Հարանց Մեծ անապատում – Ս.Հ.) էին թաղված սուրբ վարդապետ Պողոսը, որի պատմությունը արել ենք մի այլ գլխում, և պարոն Սարգիսը, որի մասին անցյալ գլխում պատմեցինք, և Արիստակես վարդապետը, որ պարոն Սարգսից հետո եղավ անապատի առաջնորդը, նաև ճգնավոր ու ընտիր, առաքինի գործեր կատարող տեր Բարսեղ աբեղան: Սրանք չորսն էլ միմյանց կից էին թաղված ու նրանց վրա մատուռ էր շինված»2: Վերը նշված ձեռագրի հեղինակը, որի անունն առնչվում է Արիստակես վարդապետի անվան հետ, անշուշտ եղել է «Ընտիր, առաքինի գործեր կատարող» գրիչ Բարսեղը: Ձեռագրեր գրելը այն ժամանակ նույնպես ընտիր ու առաքինի գործ էր համարվում և ոչ բոլորը կարող էին ձեռնամուխ լինել նման պատասխանատու աշխատանքի: Արիստակես վարդապետի և տեր Բարսեղի անունները համատեղ նշվում են նաև 1637թ. մի ձեռագրի հիշատակարանում, ուր ասվում է, որ Հարանց Մեծ անապատին պատկանող` 1635թ. Շինուհայրում գրիչ Հովհաննեսի կողմից գրված ձեռագիրը Արիստակես վարդապետի, տեր Բարսեղի և տեր Հակոբի կողմից վաճառվում է Չարեքա անապատին: Այո’, անապատի երևելիները միայն կարող էին արտոնել ու վկայել ուխտին պատկանող ձեռագրերի վաճառքը: Հետագա պրպտումները նոր լույս կսփռեն գորիսեցի գրիչ Բարսեղ երեցի կենսագրության վրա, բայց մենք մեզ թույլ ենք տալիս ենթադրելու, որ նա եղել է Հարանց Մեծ անապատի չորս հիմնադիրներից մեկը ու թաղված է անապատի մատուռ-գերեզմանատանը:

Գրիչ Բարսեղ երեցի ձեռագրի հիշատակարանը մի քանի արժեքավոր պատմա-կան տեղեկություններ է պարունակում: Այսպես` 1624թ. նա նշում է, որ Հարանց Մեծ անապատում կային Ճ (100) և ավելի միաբաններ: Հայտնի է, որ անապատը սկսել է գործել 1610թ. սկսած և տասնչորս տարի անց այնտեղ բնակություն էին հաստատել հարյուրից ավելի անապատականներ: Սա, անշուշտ, նման մի հաստատության համար պատկառելի թիվ է: Բարսեղ գրիչի հիշատակարանից իմանում ենք նաև, որ XVII դարի սկզբին Գորես — Գորիսում եղել են չորս եկեղեցիներ, որոնցից ս. Մարտիրոսը եղել է ժայռափոր և որի հետքերը առ այսօր մնում են: Չորս եկեղեցիների առկայությունը ցույց է տալիս, որ Գորիսը եղել է խոշոր բնակավայր:

Բարսեղ գրիչը Գորիսում թողել է հետևորդ-աշակերտներ, որոնցից երկուսի անունները հասել են մեզ:

XVII դարի կեսերին Գորիսը բարգավաճող բնակավայր էր, առևտրի ու գրչության կենտրոն, ուր ապրում էին նույնիսկ այլազգիներ: Սակայն մի չարա-բաստիկ դեպք խաթարում է նրա բնակիչների խաղաղ կյանքը և նրանց մի մասը ստիպված թաղնում-հեռանում է ծննդավայրից: Հայրենի տան կարոտը սրտում այդ մասին սրտառուչ տողեր է մեզ թողել մեկ ուրիշ գորիսեցի գրիչ Մովսես երեցը: Ձեռագիրը, որը մի «Շարակնոց» է, գրվել է 1652թ. Ծար գավառի Ապահեն գյուղում: Այն պահվում է Երևանի Մատենադարանում 1626 թվահամարի տակ: Մովսես երեցը ձեռագրի հիշատակարանում պարզաբանում է, թե գորիսեցի լինելով` ինչպես է ինքը հայտնվել Ծարում. «Արդ` գրեցաւ եղանակաւոր տառս ձեռամբ մեղապարտ Մովսես սուտանուն իրիցոյ, որ եմք բնական ի յերկրէն Ղափանայ, ի միւս յերկրէն Ծագաձորոյ, ի գեղջէն Գորիսոյ, զոր հասեալ բարկութիւնն Աստուծոյ ի վերայ մեր մեղացս, խօճայ (վաճառական) մի եկէալ ի մեր գեօղն վասն զապրիշում առնելոյ: Եւ սատանայ բնակեալ ի սիրտ խօճային ոչ կամեցավ մնալն ի Գօրեսն, այլ ելեալ գնաց դէպի յերկիրն Դիզակայ: … Եւ ի յահէ նոցին փախըստեա եղեալ գնացաք յայլ յերկիր. և զյետամնացսն գեղին զոմն ի գեօղն թալանեցին և զոմն ի ճանապարհին: Եւ ես թաբօրս ի բարեաց գործոց եկեալ հասա ի յերկիրն Ծարայ, ի գեօղն որ կոչի Ապահէն»3: Գորիսը հայտնի առևտրական կենտրոն էր, և մեծահարուստ առևտրականը գալիս է այնտեղ մետաքս գնելու: Նրան հորդորում են, որ գիշերի Գորիսում, բայց նա չի լսում և մի դիզակցի մարդու ուղեկցությամբ, առևտուրը վերջացնելուց հետո, ճանապարհվում է դեպի Դիզակ (Արցախ, Հադրութի շրջան): Նրանք գնացել են Գորիսից դուրս եկող այն ուղիով, որն անցնում է ավազակաբարո քրդաբնակ ձորերով: Ճանապարհին նրանց թալանում են, սպանում և դիակները թաքցնում: Վաճառականը, հավանաբար, ազգությամբ եղել է պարսիկ և հայտնի ընտանիքից, այլապես պարսկական իշխանությունները այդքան անողոք չէին վարվի Գորիսի բնակչության հետ: Իշխանությունների զայրույթը չի մեղմում և այն հանգամանքը, որ դեպքը տեղի է ունեցել Գորիսից հեռու` ճանապարհին: Պատժի ու թալանի ահից բնակիչների մի մասը, այդ թվում և Մովսես երեցը, թողնում հեռանում են ծննդավայրից:

Մեզ է հասել Մովսես գրիչի ևս մեկ ձեռագիր, որը 8138 թվահամարի տակ պահվում է Երևանի Մատենադարանում: Ծննդավայրից հեռացած գրիչը 1647թ. իր կողմից նորոգած 1490թ. ձեռագիր «Ավետարանի» հիշատակարանում մտքերը մագաղաթին է հանձնում բանաստեղծական տողերով.

 

«Ձեռամբ փծուն մեղսամածի,

Եւ ի չընչին քարտօղարի,

Եւ լոկ անուամբըն յիրեցուի,

Մովսէս տրուպ զանարժանի:

Որ եմ բնական ի յերկըրի,

Ձագաձորոյն ի Գորիսի»4:

 

Առաջին անգամ Մովսես գրիչի մոտ ենք հանդիպում Գորիս մերօրյա  գրելաձևին:

Հայրենիքից հեռացած Մովսեսը մշտական բնակավայր չուներ: Վերը հիշատակած ձեռագիրը նա նորոգել է Ծար գավառի Սոթք գավառակենտրոն քաղաքում: Իսկ ահա Ծար գավառի Մոս գյուղում նա 1653թ. նկարազարդում է խնձորեսկցի գրիչ Մարտիրոսի ձեռագիրը և հիշատակարանում թողնում հետևյալ գրառումը. «Եւ ես թաբուրս ի բարեաց գործոց մեղսամած մատամբս ծաղկեցի և կազմեցի զսբ. Աւետարանս և զսակաւ յիշատակարանս ծրագրեցի»5: Բազմաշնորհ Մովսեսը, մշտական կացարան չունենալով, բնավեր թռչունի պես տեղից տեղ է թռչել: Վեց տարիների ընթացքում (1647-53թթ.) նրա ձեռքով անցած երեք ձեռագրերը տարբեր ծննդավայրեր ունեն:

Այդ ժամանակաշրջանում հանդես է գալիս Սարգիս անունով ևս մեկ գորիսեցի գրիչ: 1657թ. Գեղամա երկրի Բարկիս բնակավայրում նա ձեռագրել է «Ավետարան» և հիշատակարանում իր մասին թողել հետևյալ գրառումը. «Եւ ես Սարգիս գրիչս եմ ի յերկրէն Ղափանայ, ի գեղջէն Գորիսոյ, որ ազդմանէ չարին փախեալ եկաք բնակեցաք ի գեօղս Բարկիս, և աստ գրեցաք զսբ. Աւետարանս ի թվիս Հայոց ՌՃԶ (1657)³Ûáóл6: Սարգիս քահանան, անտարակույս, նկատի ունի Գորիսում կատարված նույն` այն չար դիպվածը, որի մասին պատմել է Մովսես երեցը: Հակառակ Մովսես երեցի, որ Գորիսը ներկայացնում է որպես Ձագաձոր երկրի բնակավայր, Սարգիս քահանան Գորիսը ներկայացնում է որպես Ղափան երկրի գյուղ: Զարմանալու ոչինչ չկա, Կապանը որպես երկրանուն ավելի ընդգրկուն էր, ավելի ճանաչված ու հայտնի, քան Ձագաձորը: Առավել ևս օտար մի տեղ ներկայանալիս հստակ պատկերացում տալու համար նա նշում է իր ծննդավայր երկրի ընդհանրական Կապան անունը: Որոշակի հետաքրքրություն է ներկայացնում Սարգիս քահանայի կողմից ձեռագիր Ավետարանը գրելու շարժառիթը: Ավետարանը պատվիրում են գրել «բարեպաշտ և հեզահոգի» Մխիթարն ու նրա կինը` «քահանայասեր և բարեմիտ» Մահբիբը, և գրիչը այսպես է պարզաբանում նրանց ցանկությունը. «Եւ քանզի գիտելի և զի ոչ ունէին սոքա որդի մարմնաւոր յայսմ աշխարհի: Եւ ի միտի եդեալ գրել ետուն զսբ. Աւետարա-նս, որ եղիցի որդի հոգևոր և ոչ կորընչին անուանք սոցա ի յայսմ աշխարհէս…»: Եվ իսկապես, շնորհիվ Սարգիս քահանայի, այս մարդկանց անունները, որոնք անզավակ էին, մնացել են իրենց հոգևոր զավակի ձեռագրի շնորհիվ:

XVII դարի կեսերին հայտնի դեպքերից հետո Գորիսը ստիպողաբար լքած բնակիչները աստիճանաբար նորից ետ են վերադառնում: Այդ մասին տեղեկանում ենք Մովսես երեց գրչի շնորհիվ: Ղ.Ալիշանը գրում է, որ գորիսեցի Մովսես երեցը նշում է թողել 1682թ. Տանձատափում գրված  ձեռագիր Ավետարանի հիշատակա-րանում: Ալիշանը նշում է նաև 1667թ. գրված մի ձեռագիր Ավետարանի մասին, որտեղ հիշվում է Ձագաձոր երկրի Կօրես գյուղը: Հետապնդման և հալածման վտանգն անցնելուց հետո գորիսեցիները նորից վերադարձել են իրենց ծննդավայրը:

Անտարակույս, XVII դարից մեզ հասած միայն վերը նշված ձեռագրերը չեն, որ գրվել են Գորիսում կամ գորիսեցի գրիչների ձեռքով: Դրանք երջանիկ ճակա-տագրեր ունեցող ձեռագրեր են, որ պատմության քառուղիներում դեգերելով հասել են մեր օրերը: Իսկ քանի~ -քանի ձեռագրեր են եղել, որ մեզ չեն հասել: Այնուամենայնիվ, հիշատակված ձեռագրերի առկայությունը թույլ է տալիս ենթադրելու, որ XVII դարում` Հարանց Մեծ անապատում վառած լուսավորության և վերածնության ջահի շնորհիվ, Գորիսը դարձել է ուշ միջնադարյան հայ գրչության կենտրոն, որպիսիք, եթե չհաշվենք հայտնի անապատներն ու վանքերը, այնքան էլ շատ չէին ողջ Հայաստանում:

——————————————-

  1. «Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», ԺԷ դար, հ. Բ, Եր., 1978, էջ 187-188:
  2. Դավրիժեցի Առ., Պատմություն, Եր., 1988, էջ 209-210:
  3. «Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», ԺԷ դար, հ. Գ, Եր., 1984, 488-489:
  4. Նշվ. աշխ., էջ 260-261:
  5. Նշվ. աշխ., էջ 601:
  6. Նշվ. աշխ., էջ 775:

 

About The Author

Related posts

Leave a Reply