Դեկտեմբերի 13, 2019

Գորիսեցիք մականուն կնքելու մեջ իսկական վարպետ են

Գորիսեցիք մականուն կնքելու մեջ իսկական վարպետ են

"Անդրանիկի, Նժդեհի զորքին կերակրած պապիս մահվան 60 տարին է

Սուսաննա Բաբաջանյան

 

ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՌԱՋԱՑԵԼ ՄԱՅՐԱԿԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՏՈՀՄԻՍ ՓՈԹԸ՝ ԼՂԱՐԻՆ…/երկրորդ տարբերակ՝ հավաստին/

Երանի բոլոր փոթերը ժողովուրդը սիրով ու շնորհակալությամբ ասեր, ինչպես կնքել ու ասել է մայրական տոհմիս փոթը:
Գորիսեցիք մականուն կնքելու մեջ իսկական վարպետ են. ում ինչ կպցրին՝ վերջ, էլ պոկվել չկա…արդեն մոռանում են տվյալ մարդու իսկական անունը և կոչում նոր անվամբ, օրինակ՝ օձ, կոբրա, Ճելանց, Կզիրանց /գզիր/, Մոկնանց /մուկ/, Գյուրզանց /գյուզա/, Դոբրանց /բարի/,աղվես, Տանջված և այսպես հարյուրավորներ:
Կպցնում են սիրով կամ կատակով, ձեռ առնելով, հեգնանքով կամ քնքշանքով, նմանեցնելով կամ բնորոշելով, բայց միշտ տոհմի, մարդու ոգին հստակ ընկալելով, նրա էությունը՝ լավ կամ վատ, համաքաղաքային մեծ հոգու մեջ պահելով և սերնդե- սերունդ փոխանցելով:
Վայը տարել է նրան, ով իր նոր անվանն ընդդիմանա. ավելի հաստատուն են դարձնում և մի նոր էլ փոթ էլ ավելացնում:
Պետք է հաշտ ու համերաշխ ընդունես քաղաքիդ կպցրած փոթը և նույնիսկ պարծենաս. չէ՞ որ նրանք դրանով արտահայտում են իրենց վերաբերմունքը, իսկ դա ամենևին էլ կատակ բան չէ:
Եվ այսպես, սերնդե-սերունդ գնում է փոթը՝ պատվավոր կամ անպատիվ այցեքարտի պես, և այսուհետ հեշտանում է նաև մարդուն և նրա տոհմը էն գլխից ճանաչելու խնդիրը:

Լուս.՝ Դանիել պապս, Շուշան տատս, մորաքույրս՝ Աստղիկը, մեծ քեռիս՝ Սամսոնը. մահացել է 1937-ին, Բակունցի սպանության օրը, թաղվել Բակունցի շորերի հուղարկավորման նույն օրը, կողք-կողքի գերեզմանում:Լուսանկարը տրամադրել է գորիսեցի բանահավաք Արմինե Կոլյանը: Շնորհակալություն:
Լուս.՝ Դանիել պապս, Շուշան տատս, մորաքույրս՝ Աստղիկը, մեծ քեռիս՝ Սամսոնը. մահացել է 1937-ին, Բակունցի սպանության օրը, թաղվել Բակունցի շորերի հուղարկավորման նույն օրը, կողք-կողքի գերեզմանում:Լուսանկարը տրամադրել է գորիսեցի բանահավաք Արմինե Կոլյանը: Շնորհակալություն:

Մորս հայրական և մայրական տոհմն էլ փոթով է եկել և հասել մինչև մեր օրերը:
Սկսեմ մորս մայրական տոհմից՝ Բագուն-Բագունց-Բակունց:
Հնում այս տոհմը հարստություն է ունեցել, հետագայում ավելի հարուստ տոհմերը ստվերել են նրա անունը իրենց փառքով, բայց տոհմը շարունակել է տանել իր փոթը՝ բեկ-բեգ, գորիսերեն՝ բագ-բագուն խալխ:
Մի ճյուղը նույնիսկ փաստաթղթերում ամրագրել է Բագունց, հետագայում՝ Բակունց՝ Ակսելից հետո…
Տատիս փաստաթղթերում՝ արդեն ամուսնանալիս, Թևոսյանը փոխվել էր Բագունի, այնտեղ գրվել է՝ Բագունց Շուշանիկ:
Այնպես որ, Բակունցը նրանց ազգանուն չէր, Ակսելի տոհմում արդեն ամրագրված էր փոթը և դարձել էր նույնիսկ ազգանուն:

19-րդ դարակեսին պապիս՝ Դանիել Հովակիմյանի հայրը, կապուտաչյա, գեղեցկադեմ և աժդահա հայրը՝ Հայրապետը, որը նույնպես մեծահարուստ էր, Պարսկաստանից ուղտերի քարավանով վերադառնալիս է լինում:
Կանգ է առնում վարարած Որոտան գետի մոտ, մտնում ջուրը և լողանում, հասնում մինչև գետի փրփրած հատվածը, կռիվ տալիս ալիքների հետ և մի քանի րոպե անհետանում:
Ափից քարավանը հսկող իր երկու օրավարձու բանվորները ձայն են տալիս. ,,Հայրապետ աղա, Հայրապետ աղա, դուրս եկ, կլղարես,,:
Հայրապետը, որ բարձրահասակ և հաղթանդամ մարդ էր, գլուխը հանում է ջրից և գոռում. ,,Էդ ծիծաղու՞մ եք ինձ վրա, այ շան ծիծ կերածներ…,,:
Ճարպկորեն ալիքները հաղթահարում, դուրս է գալիս և երկուսին էլ ձեռքերով բարձրացնում, մի քանի անգամ մտցնում ջրի մեջ, հանում և նրանց ուշաթափված մարմինները բարձում ուղտերին, շարունակում ճանապարհը:
Հասնելով Գորիս, ով տեսնում՝ հարցնում է.
-Հայրապետ աղա, էդ ովքե՞ր են առոք-փառոք՝ ուղտերի մեջքին, չլինի՞ Թավրիզից նոր ապրանք ես բերել:
Հայրապետը ծիծաղում ու ասում է.
-Քցել եմ ջրի մեջ, լղարել են, տանում եմ արևի տակ փռեմ, մի քիչ ջանի գան:
Եվ իրոք, բերում է նրանց հանձնում իրենց հարազատներին՝ հետն էլ ասելով.
-Արևի տակ փռեք, թող չորանան, երբ լղարեն, մտածեք վեչ, ջարման քաշելու եմ: Առավոտ ծեգին կուղարկեք ինձ մոտ՝ կշռելու եմ:
Առավոտյան երկու աշխատողները գալիս են Հայրապետի մոտ, ասում, որ էրեգվանից հետո իրենց քաշը ընկել է, իրենք լղարել են՝ մարդը հինգ կիլո:
Հայրապետը նայում է նրանց բարակ վզներին ու ասում.

-Հա էլի, լավ լղարել եք, առանց կշռելու էլ տեսնում եմ,,:
Ամենքին լրացուցիչ մի ոսկեդրամ է տալիս ու ասում. -Գնացեք յուղալի միս առեք, լավ խաշեք, բրդուջ արեք կերեք, փարչերով էլ մսաջուրը խմեցեք: Որ ջանի գաք՝ վաղը կգաք ձեզ գործ եմ տալու:
Բայց էդպիսի մասխարա էլ չանեք ինձ հետ: Իմացած եղեք՝ Ավագիմյանների ցեղումը լղար թազի չկա ու չի էլ լինելու:
Մենք հատուկ ազգ ենք՝ ուտող-խմող, ժողովրդին էլ պահող, մեր մղակի կատուն էլ պիտի լղար չլինի:

Էդ օրվանից ավելի է տարածվում Հովակիմյանների փառքը: Գորիսեցիք իրար ասելով տարածում են՝ Հայրապետ աղան չաղացնում է լղարներին, նոր գործի ընդունում:
Տարբեր տեղերից լսելով, Հայրապետ աղայի կողքն են գալիս լղար գյուղացիք ու քաղաքացիք, ոսկեդրամն առնում և ուրախացած գնում՝ միս առնելու:
Ասում են, Հայրապետն արդեն մոռացել էր լղարների թիվը՝ էնքան շատ են գալիս, բայց քանի որ բնույթով բարի և սիրտը բարակ մարդ է լինում, մինչև իր կյանքի վերջը շարունակում է օգնել ու կերակրել իրեն դիմողներին՝ շատ հաճախ մոռանալով, որ մի հոգին մի քանի անգամ է եկել ու մսի փող ուզել:
Ծիծաղելով ասում էր.
— Ինչքան ուտում է ջանի չի գալիս, նույն լղարն է, չափարները դուրս եկած: Մեղք է, իր բերանից երևի կտրում-տանում է մի տոն խեզանին կերակրում:
Այդ օրերից էլ սկսած՝ առաջանում է Լղարին Հայրապետ, Լղարին Նիկոլայ, Լղարին Տանիել, Լղարին Ժենյա, Աստղիկ, Արշակ, Վազգեն և այլն, պատվավոր փոթ անունը:
Հայրապետը գիտեր, որ իրեն արդեն իր քաղաքացիք անուն են կնքել՝ Լղարին Հայրապետ, բայց դրանից վատ չէր զգում, որովհետև ժողովուրդը էդ անունը սիրով ու շնորհակալությամբ էր ասում, իրենց փրկարարի անվան պես:
Եվ եթե մեկն ասում էր՝ գնում եմ Լղարին Հայրապետի մոտ, բոլորը հասկանում էին՝ մարդը նեղ վիճակում է, հալ չկա վրան: Մարդը գնում է փող ուզի, որ իր լղար վիճակից դուրս գա, հետո էլ կարողանա աշխատել Հայրապետի մոտ:
Այդ բարությունը, ժողովրդին օգնելու, հասնելու, ոտքի հանելու, լղար մարդկանց ամեն օր ձրի կերակրելու գիծը հետագայում ժառանգվել է որդիների կողմից, անցել նրանց:
Բանը հասել է նրան, որ Հայրապետի զավակները իրենց տների բակերում, ծառախիտ այգներում ամենօրյա հացի սեղան են գցել՝ քաղաքի սոված մարդկանց համար, իսկ 1919-21թթ ամեն օր պապս՝ Լղարին Դանիելը իր հսկա բակում կերակրել է Անդրանիկի, Նժդեհի զորքին, ապաստան տվել իր շինություններում:
Հին գորիսեցիների վկայությամբ, /այդ մասին կա նաև արխիվ՝ պապիս ձերբակալության թղթերի մեջ/, պապս գիշերը թաքուն կազմակերպել է նաև Անդրանիկի զոհված զինվորների՝ ,,անտեր խոխորցը,, թաղումը Գորիսի գերեզմանատանը՝ հենց իր այգուն ու տանը կից, հապճեպ հաց ու խաշած միս, փարչերով գինի բաժանել սովահար օգնականներին և հաջորդ օրն իսկ՝ հասցրել տեղադրած անտաշ, չեչոտ քարին գրել տալ՝ Անդրանիկի զինվորներ:
Սրանից հետո սկսվել է բոլշևիկների կողմից իսկական հալածանքը պապիս դեմ, որը կարճ ժամանակում վեր է ածվել կատարյալ կուլակաթափության ու ձերբակալության:
Սակայն Դանիել պապիս համբավն ու ժողովրդականությունն այնքան մեծ է լինում, որ քաղաքում միակ կուլակաթափ եղածն էր, որին ձերբալկալելուց հետո չեն աքսորել, այլ հոժար բաց են թողնել՝ ազդված նրա վերջին խոսքից.
-Ես հողի ռանչպար մարդ եմ, ինչ առել եք ձեռքիցս, ձեզ հալալ լինի, թողեք հողս մշակեմ, ապրեմ, մի սուրու խոխորցս պահեմ:
Այս մասին տասնյակ անգամ ինձ պատմել է մայրս:

Իր բարությամբ առանձնահատուկ աչքի ընկած պապս՝ Լղարին Տանիելը /Դանիել/, մեռնելուց առաջ, կնոջը՝ Բագուն Շուշանիկին խնդրել է բերել և իր աչքի առաջ պատռել պարտքացուցակ-հաստ մատյանը, հետն էլ ասելով՝
— Բագուն աղջիկ, ես մեռնում եմ, իմացած լինես, ոչ մեկին պարտք չեմ, էսօրվանից հաշվիր՝ ինձ էլ ոչ մեկը պարտք չի: Չլինի-չիմանամ, մեկից պարտքի փող ուզեք: Ով էլ տա, ասեք՝ Լղարին Տանիելին ոչ մեկն էլ պարտք չի, բաշխել է ձեզ:
Առատաձեռությունն ու աղքատներին օգնելը ընտանիքի հիմնական գիծն է մնում նաև հետագայում. մայրս պատմում էր, որ հայրենական պատերազմի տարիներին իր մայրը՝ Բագուն Շուշանը կճուճներով հալած յուղ էր տալիս հարևան աղքատ ընտանիքներին, իսկ ինքը Գորիսի մանկավարժական ուսումնարանում սովորելիս՝ պայուսակը, գրքերի տեղ, լցնում էր կոնֆետներով, թոնրի գաթաներով, տանում ու բաժանում սովահար, ծայրահեղ աղքատության մեջ, ոտաբոբիկ դասի եկող կուրսեցներին:
Մորս պատմածները հետագայում հաստատում էին Գորիսի նշանավոր մանկավարժական ուսումնարանի նրա շատ ու շատ կուրսընկերներ՝ իմ ընկերների ծնողները, հին գորիսեցիք, ժողովուդը, որ այսօր էլ սիրով ասում է՝ Լղարին ժենիկ, Լղարին Ժենիկի աղջիկ…

Հայրական տոհմազգանունս, որն այնքան հնչեղ ու ծանրումեծ էր, երկար է ,,մարտնչել,, մայրական նշանավոր փոթի հետ, որպեսզի իրենով ճանաչեն Լղարին տոհմին..
Ի վերջո, հաղթել է, ժողովուրդն այն դրել է հավասար նժարի վրա, ու մինչև հիմա էլ՝ մեկ մի նժարն է վերուվար անում, մեկ՝ մյուս, մեկ ասում են՝ Լղարին Ժենիկի աղջիկ, մեկ էլ՝ Բաբաջանյանի, նայած՝ բնիկ գորիսեցի՞ է ասողը, թե՝ շրջանի գյուղերից քաղաք եկած՝ հաստատված, կամ՝ այնտեղ բնակվողներ:
Պետք է ասել, այնքան էլ հեշտ չէ տոհմիկ ազգանվան համար հայտնվել փոթի նույն նժարին ու դեռ մի բան էլ՝ հավասարվել, երբեմն էլ հաղթե՜լ, մոռացության տալ դարերով եկած փոթը…

 

About The Author

Related posts

Leave a Reply