Նոյեմբերի 18, 2017

  «Բերքի տոնը»՝ 7 տարեկան

  «Բերքի տոնը»՝ 7 տարեկան

               Զոհրաբ Ըռքոյան

 Արցախի մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում հոկտեմբերի 8-ին տոնական էր ու գունագեղ: Արցախում նշվող Գյուղատնտեսության աշխատողի մասնագիտական օրվա առթիվ կայացավ արդեն ավանդական դարձած 7-րդ «Բերքի տոնը»: ԱՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ Վերածննդի հրապարակում վաղ առավոտյան էր սկսվել արցախյան սուրբ հողի ծառ ու թփի, հողագործի արդար ձեռքով ու քրտինքով արտադրած մշակաբույսերի և դրանցից ստեղծված արտադրատեսակների/ոգելից ու ոչ ոգելից խմիչքներ, մուրաբաներ, կոմպոտներ, չրեղեն և այլ բարիքներ/ ցուցահանդես-վաճառքը:

  • DSCN3912
  • DSCN3806
  • DSCN3770
  • DSCN3614
  • DSCN3476
  • DSCN3354
Հանրապետության բոլոր տնտեսվարողներին և անհատներին էր հնարավորություն տրվել՝ ցուցադրելու և վաճառելու իրենց արտադրածը:  Հանրապետության յուրաքանչյուր շրջան ուներ իր տարածքը: Ինչպես միշտ, այս անգամ էլ ներկայացված բերք ու բարիքն օրհնեց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Այնուհետև ԱՀ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ պաշտոնական պատվիրակությունը շրջեց տոնավաճառի տաղավարներով: Հանրապետության նախագահը զրուցում էր բարիք արտադրողների հետ, հետաքրքրվում վաճառքի հանված գյուղմթերքների և վերամշակված բարիքների արտադրությամբ։ ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը տեղեկացրեց, որ նախորդ տարվա համեմատ՝ այս տարի մոտ 250 նոր տաղավար է ավելացվել: Արցախի բոլոր շրջանների 167 համայնքներից մասնակցում են հազարից ավելի դիմորդներ: Խոսելով տոնավաճառին ներկայացրած ապրանքների գներից՝ գյուղնախարարն ասել է, որ բոլոր մասնակիցներին նախօրոք զգուշացված էր՝ վաճառքը պետք է իրականացվի շուկայականից 15-20 տոկոսով ցածր գնով, քանի որ ԱՀ գյուղնախարարությունը հոգացել է ճանապարհածախսը, ինչպես նաև հատկացրել է առանձին տաղավարներ: Ինչպես միշտ, այս անգամ ևս առանձնակի էր ներկայացել Քաշաթաղի շրջանը: Ստեղծվել էր հատուկ կամար՝ «Քաշաթաղի շրջան» պաստառով: Այցելուների համար իրականացվում էր հյուրասիրություն: Հատուկ տեղ էր հատկացված կենդանիների համար: Այստեղ նաև հովիվներն էին՝ յափնջիով ու մորթե գլխարկներով: Մոտ 40կգ քաշ ունեցող դդումի վրա քանդակված էր շրջանի առաջընթացը խորհրդանշող տեսարան/քանդակագործ՝ Տաթև Բաբայան/: Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը տեղեկացրեց, որ տոնավաճառին շրջանից մասնակցում է շուրջ 500 մեքենա: «Ներկայացրել ենք 60-ից ավելի ապրանքատեսակներ: Քանի որ մեր շրջանում տարբեր ազգերի ներկայացուցիչներ են ապրում, փորձել ենք այս տարի հետաքրքրություն մտցնել՝ ներկայացնելով հնդկական, սիրիական, լիբանանյան, ասորական, ռուսական խոհանոցներ՝ համապատասխան ազգերի ներկայացուցիչներով»,- հավելեց Ա. Մխիթարյանը: Օրվա ընթացքում զրուցեցի տարբեր համայնքների ներկայացուցիչների հետ, ովքեր բարիք են ներկայացրել վաճառքի: Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի «Թարինջ» գյուղատնտեսական արտադրական կոլեկտիվ տնտեսությունը ներկայացրել էր համայնքի բերք ու բարիքից պատրաստված ապրանքատեսակներ՝ դոշաբ, օղի, մուրաբա, հյութեր: Կոլեկտիվ տնտեսության ղեկավար Լևոն Ապրեսյանն ասաց՝ տնտեսությունը ստեղծվել է 2017 թվականին: Արտադրում են Էկոլոգիապես մաքուր արտադրանք: « Թարինջ »-ի նպատակն է կատարած աշխատանքի շնորհիվ բնակիչներին հայրենի Թալիշում կրկին համախմբելն է: Առաջին կոլեկտիվ տնտեսությունն ունի շուրջ 20 աշխատող՝ գյուղում բնակվողները: Տնտեսությունն զբաղվում ե նաև մեղվաբուծությամբ, անասնապահությամբ: «Նպատակ ունենք հետագայում, շնորհիվ թալիշցիների աշխատասիրության, զարգացնելու և հզորացնելու համայնքը և հասնելու Թալիշի նախկին փառքին»,- հավելեց հայրենի բնօրրանի հոգսերով մտածող Լ. Ապրեսյանը: Քաշաթաղի շրջանի Ալաշկերտի գյուղական համայնքի ղեկավար Բագրատ Նավասարդյանը տեղեկացրեց, որ համայնքը ներկայացել է 18 մեքենայով, բերել են մոտ 10տ տարբեր բերք ու բարիք: Առևտուրը լավ էր ընթանում: Կովսականի քաղաքային համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանը կարևորեց այն, որ 10-ից ավելի ընտանիք է մասնակցում տոնավաճառին, բերել են իրենց տարածքում արտադրվող միրգ ու բանջարեղեն, նաև տնական օղի, գինի: Բացի գյուղմթերքից, համայնքը ներկայացել էր նաև քաղաքում գործող արտադրամասում ստեղծված ձեռքի աշխատանքներով, որոնցով հետաքրքրվեց նաև Հանրապետության նախագահը: Քաշաթաղի շրջանի Գողթանիկ գյուղի դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Լիլիթ Տոնոյանն արդեն երկրորդ անգամ է, ինչ ցուցադրում և վաճառում է իր կողմից արտադրած օճառներ, յուղեր, որոնք  ստեղծվել են տարբեր բույսերից ու ծաղիկներից: Երիտասարդ ուսուցչուհին նշեց, որ վաճառքից ստացված գումարն օգտագործվում է հայրենի գյուղի և այլ կրթօջախներում ստեղծագործարանների կառուցման համար: Առանձին տաղավարով հանդես եկող «Ազատ հայրենիք» կուսակցության երիտասարդ թևը ներկայացել էր Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում արտադրված բարիքներով: Խրամորթ գյուղի բնակիչ Արկադի Խաչատրյանը և որդին՝ Արենը, արդեն 10 տարի է, ինչ զբաղվում են այգեգործությամբ: Արենը տեղեկացրեց, որ ունեն 14հա նռան և 3հա այլ մրգատու ծառերի/ խնձորենի, տանձենի, թզենի, դեղձենի, հոնի/: Արտադրում են նաև «Խնդողնի» տեսակի խաղող, որի մի մասը արտահանվում է ՀՀ Արմավիրի մարզ, իսկ մնացածից արտադրում են «Խրամորթ» գինի: Հադրութի շրջանից «Մեծ Թաղեր» ՍՊԸ տնօրեն Գարիկ Ոսկանյանն ասաց, որ իրենց ընկերությունն ընտանեկան է, ունի 1 տարվա պատմություն, 4 աշխատող: Տեղական մրգերից արտադրում են մուրաբաներ, չրեղեն:

ԱՀ Մարտունու շրջանը ներկայացրել էր նաև տարածքում գործող գործարանների արտադրանքով՝ ալկոհոլային խմիչքներ՝ տարբեր տեսակի գինիներ և օղիներ: Ներկայացված էր նաև Մարտունու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների ձեռքի աշխատանքները: Շուշիի շրջանի Հին շեն գյուղի բնակիչները բերել էին հիմնականում պանիր ու  մեղր, ինչպես և՝ խնձոր, լոբի և այլ մթերք: Տոնավաճառն ընթանում էր Ստեփանակերտի և հանրապետության տարբեր շրջաններից եկած մշակութային խմբերի համերգային կատարումներով, ազգային երգ ու պարով: Կայացավ ևս մեկ կարևոր միջոցառում, որը գոհացրեց և վաճառողին և գնորդին, և ամենակարևորը՝ օրը դարձավ տոնական, պատերոզմ տեսած մեր ժողովուրդը վստահ է՝ իր պահապան զինվորն ամուր ու անառիկ է պահելու հայրենի սահմանը, իսկ հողագործը բարիք է ստեղծելու:

 

 

About The Author

Related posts

Leave a Reply