Դեկտեմբերի 13, 2019

Բայի խոնարհման   համակարգը Գորիսի և   Ղարաբաղի   բարբառներում

Բայի խոնարհման   համակարգը Գորիսի և   Ղարաբաղի   բարբառներում

Ցանկանում ենք ընթերցողին ներկայացնել մեր ապագա հետազոտողների փորձերը Սյունիքի հայագիտության ասպարեզում: Անհրաժեշտ դիտողությունների համար խնդրում ենք ժամանակ հատկացնել և անպայման թողնել կարծիքը: Մեր ընթերցողների ճիշտ և դիպուկ նկատառումները ուղի կհարթեն ապագա հայագետների համար:

Հրապարակվող աշխատանքները գովաբանական խոսքեր առանձնապես չեն ակնկալում, դրանք անթերի չեն, բայց հետաքրքիր են:

      

Անուշ Հովհաննիսյան 

ԳՊՀ-ի հայոց լեզվի և գրականության 2-րդ կուրսի ուսանողուհի

          Գորիսի բարբառը, նախապես սերտորեն   սահմանակցվելով Ղարաբաղի և   Արարատյան բարբառներին, միջին տեղ   է գրավում այդ   երկուսի միջև և   հայերենի այլ բարբառների   հետ համեմատած՝ ամենամեծ   ընդհանրություններն է երևան   բերում հենց դրանց (գլխավորապես   Ղարաբաղի բարբառի) նկատմամբ: Գորիսի բարբառը   դիտվել է իբրև   Ղարաբաղի բարբառի ենթաբարբառներից   մեկը: Բայց նրանց միջև եղած ընդհանրությունները ցույց   են տալիս, որ «Գորիսի և   Ղարաբաղի բարբառները սերում   են երբեմնի մի միասնական   մայր բարբառից և   այլ բան չեն, քան   նրա 2 առանձին   ճյուղերը, որոնք իրենց պատմական   կյանքի զարգացման ընթացքում   ձեռք են բերել   միմյանցից տարբեր առանձնահատ-կություններ և   ինքնորոշվել իբրև ինքնուրույն   ու անկախ բարբառներ»[1]:

     Անդրադառնալով բայերի   խոնարհման համակարգում Գորիսի   և Ղարաբաղի բարբառների   էական տարբերություններին՝ կփորձենք հաստատել, որ Գորիսի   բարբառը ոչ թե   Ղարաբաղի բարբառի մի   ենթաբարբառ է, այլ պարզապես նրան մերձակից   բարբառ:

     Արդի   հայերենի նման Գորիսի   և Ղարաբաղի բարբառներում   եղանակները հինգն են: Սահմանական եղանակի   ժամանակաձևերը, բացի անցյալ   կատարյալից, կազմվում են դերբայից   և օժանդակ բայից:

     Գորիսի   բարբառում անկատար դերբայը   կազմվում է ում  կամ   ո̈ւմ վերջավո-րությամբ, ինչպես՝ հըսնում   էմ, տիմա̈ նո̈ւմ էմ:

     Հավը, վէր   հավ ա, ճո̈ւր խըմէլիս   յիրգինքին ա̈ յէշո̈ւմ:

     Կըլխէն   տակին կակուղ պա̈րց   ա̈ տինո̈ւմ:

     Հի՞նչ   էս մէզ էրո̈ւմ- խըրավում:

     Ղարաբաղի   բարբառում նույն դերբայը   կազմվում է  ըմ   և ամ   վերջավորություն-ներով: Ինչպես՝   կյիրըմ ըմ, խոսամ ամ:

     Ասըմ ըն, ղալաթ   ըն անըմ:

     Ղարաբաղի   բարբառում սահմանական ներկան   2 գլխավոր տեսակ   ունի: Առաջին տեսակը կազմվում   է գրականի նման՝   ում վերջավորությամբ, որի փոխարեն ավելի գործածական   է ըմ, քիչ   դեպքերում՝ նաև ամ   ձևը: Այսպես՝ խօսում, խօսըմ և   խօսամ: Վերջինը (ամ ) գործածական է Խաչենի   հարավային կողմի բարբառներում, մինչդեռ Հյուսիսային   Խաչենը գործածում է ում   ձևը, իսկ Վարանդայում և   այլուր՝ ըմ   ձևը:

     Սահմանական ներկայի   երկրորդ տեսակը կազմվում   է ս   վերջավորությամբ, ինչպես՝ հընձիս, ըպրիս, լըվնաս: Այս տեսակը գործածական   է Վարանդայի և   Դիզակի գավառներում նախորդ   ձևերի հետ միասին:

     Ս   վերջավորություն ունեցող դերբայով   և օժանդակ բայի   ձևերով սովորաբար կազմվում   է <<ս>> ճյուղի   բարբառների ներկան: Դրանք կազմվում   են նույն եղանակով, ինչպես որ   գրական լեզվի համակատարը: Այս ձևը   պահպանվում է Մարտունու   շրջանի մի շարք   գյուղերի խոսվածքների անցյալ   անկատարի կազմության մեջ: Օր.՝   կյիրէյիս ըմ լա̈լ-գրում էի, մընայիս   ըս լա̈լ-մնում էիր: Այս   բառերում երևում է, որ   լ-ն թուլացել   և վերածվել է յ   հնչյունի (կյիրէլիս-կյիրէյիս):

     Տալ, գալ, լալ բայերի   անկատարը, որ գրական հայերենում   կազմվում է համակատար   դերբայով, Ղարաբաղի բարբառում լ վերջավորության փոխարեն   ստանում է մ   կամ ս (տամ   ըմ, կյա̈մ ըս, լամ   ա, տաս ընք, կյա̈ս ըք, լաս   ըն):

     Գորիսի   բարբառում նույն բայերի   անկատարը կազմվում է միայն   մ վերջավորությամբ: Իսկ լալ բայի փոխարեն   գործածվում է լա̈ց ինէլ//իլէլ   հարադրությունը (լա̈ց էմ   ինո̈ւմ, լա̈ց էք   ինո̈ւմ):

     Ղարաբաղի և Գորիսի   բարբառներում ապառնի ժամանակը   կազմվում է բոլորովին   տարբեր ձևերով: Ղարաբաղի բարբառում   ստանում է ական   և ացուք   վերջավորությունները: Ինչպես՝   կըրըլական, կըրթըլական, կըրըլացուք:

     Յէս   էլ նըրա քըշտէն   կըննական   չըմ:

    Անորոշ դերբայի   վրա ական   վերջավորություն ավելացնելով՝ արտահայտվում   է այնպիսի մի գաղափար, ինչպիսին արտահայտում   է անորոշ դերբայի   սեռական հոլովը (կըրըլական էմ-կարողանալու եմ):

     Իսկ   Գորիսի բարբառում ապառնին   ունի գրական հայերենի ապակատար   դերբայի   կազմությունը:

     Դինջ   կաց. աստուծ մըն տո̈ւռ ա   պա̈ց ընէլու:

     Երբ   օժանդակ բայն անմիջապես   հաջորդում է դերբային,   դերբայի ու   վերջա-վորութունը   շրթնայնանում է և   օժանդակ բայից առաջ   ավելանում է վ: Ինչպես՝ կյիրէլո̈ւ վէմ, կյիրէլո̈ւ վէս, կյիրէլո̈ւ վա̈:

     Նէղ օրիտ   աստուծ քէզ հըսնէլու   վա:

     Մարտակերտի շրջանի   մի քանի գյուղեր   ապառնի ժամանակը կազմում   են Շամախու բարբառի   նման (կըրթիլան, կյիրիլան), իսկ   որոշ գյուղերում դերբայի   վերջին ա-ն   երկարացվում է (կիրլաան ըմ, կիրլաան   ըս):

     Ըղձական   եղանակը Գորիսի բարբառում   ե խոնարհման   բայերի դեպքում կազմվում   է, ինչպես գրական լեզվում (սիրէմ, սիրէս, սիրի, սիրէնք, սիրէք, սիրէն):

     Ծէր   ըռչընա̈ կը տըղա   ինի:

     Ուրախ   օրավ, կօշտ փօրավ մաշէս:

     Իսկ   ա խոնարհման բայերի   դեպքում ըղձական անցյալի   ձևերը կազմվում են   հետևյալ օրինակով՝ քինի, քինիր, քինա̈ր, քինինք, քինիք, քինին: Տալ, գալ և լալ   անկանոն բայերը ապառնի   ըղձականում ստանում եմ   նույն վերջավորոթյունները, ինչպես  գրական   հայերենում:

     Աստուծ   քէզ մըն վըսկըքա̈քո̈ւլ տըղա   տա:

     Հետաքրքիր   կազմություն ունեն նշված բայերի   ըղձական անցյալի ձևերը՝   գայի- կյի, գայինք-կյինք, տայիր-տիր և   այլն:

     Ղարաբաղի   բարբառում ըղձական եղանակը, որ   կոչվում է ստորադասական, կազմվում է   անորոշից՝ լ-ն փոխանակելով   մ, ս, -, նք, ք, ն   վերջավորություններով: Օր.՝ կարիմ, կարիս, կարի, կարինք, կարիք, կարին:

     Կարէլ   չըմ խօխաս անտէր   թօղիմ:

     Գրական   հայերենի նման Գորիսի   և Ղարաբաղի բարբառներում   պայմանական եղանակը կազմվում   է ըղձականի բայաձևերից՝   կ եղանակիչի   միջոցով:

     Էն գո̈ւ՞դո̈ւմ ես   հունցն ա. օցը պո̈ւնա̈ն տո̈ւս կօնի:

    Առանձին   դեպքերում կ-ով   սկսվող բառերից առաջ   կարող է ը-ն   փոխվել ի-ի (կըկյա̈մ-կիկյա̈մ), իսկ ք-ով   սկսվող բառերից առաջ՝   կ եղանակիչը   դառնալ ք (կըքաշէս-քըքաշէս): Ձայնավորների ներդաշնակության օրենքով   որոշ բառերում եղանակիչի   ը-ն դառնում է ու //ո̈ւ, ինչպես՝ կըկուտրատէմ-կուկուտրատէմ, կըկյո̈ւ- ղանա-կո̈ւկյո̈ւղանա:

     Հարկադրական եղանակը   Գորիսի բարբառում արտահայտվում   է 2 ձևով:

  1. Ըղձականից՝ պիտի//պէտի   եղանակիչով: Օր.՝ պէտի կյա̈ս, պէտի մընա:
  2. Անորոշ դերբայից՝   խոնարհվող պիտէմ//պէտէմ   եղանակավորիչ բայով: Օր.՝ ասիլ   պէտէմ, ասիլ պէտէս, ասիլ   պէտի, խօսալ պէտէնք և   այլն:

     Ղարաբաղի   բարբառում հարկադրական կամ   <<պարտավորական>>[2] եղանակն   ունի ներկա, անցյալ, ապառնի և հարակատար   ձևերը: Ներկան և անցյալը   կազմվում են ըղձականի   համապատասխան ձևերին նախադասելով   պէտումա, պէտումի   եղանակիչները, որոնք կարող են նաև   վըէր շաղկապը   ստանալ: Ինչպես՝ պետումա կարիս, պետումա ըսիր, պետում ի տամ, պետումա վըէր օնի: Ապառնիի   և հարակատարի ներկա   և անցյալ ձևերը կազմվում   են՝ խոնարհելով պիտի   եղանակիչը: Ինչպես՝ կարած պիտիմ, կարած   պիտիս, կըրըլական պիտիմ, կըրըլական պիտի:

     Հրամայական եղանակի   կազմության մեջ ևս   2 բարբառներում դրսևորվում   են տարբերություններ: Է խոնարհման պարզ, ինչպես   նաև կրավորական և   բազմա-պատկական բայերի եզակի   հրամայականը Գորիսի բարբառում   կազմվում է ի   վերջավորությամբ: Ինչպես՝

 Մօրը   յէ՛շի, ըխճիկանն օ՛զի:

   Իսկ   հոգնակի հրամայականը կազմվում է էք կամ աք//ա̈ք վերջավորու-թյուններով: Օր. պըհէ՛ցէք//պըհէ՛ցաք, կուտրուտէ՛ցէք //կուտրուտէ՛ցաք:

     Ղարաբաղի   բարբառում հիշյալ տեսակի   բայերը եզակի թվում   ստանում են ի, է վերջավորությունները, ինչպես՝ չա՛փէ//չա՛փի, իսկ հոգնակի   թվում՝ իք//էք, ինչպես՝ չըփէ՛ցէք//չըփէ՛ցիք:

     Գաղտնավանկ ունեցող   երկվանկ բայերը Գորիսի   բարբառում սովորաբար եզակի   հրամայականը կազմում են   թե՛ ի և   թե՛ է   վերջավորությամբ: Օր.՝   լըսի՛//լըսէ՛, նըստի՛//նըստէ՛, փըռնի՛//փըռնէ՛:

     Ան   սոսկածանցով ա//ա̈  խոնարհման բայերը   հրամայականը կազմում են   անցյալ կատարյալի հիմքով՝   ստանալով եզակի թվում   ի, հոգնակի թվում՝ էք   կամ աք// ա̈ք, ինչպես՝ մըծա՛ցի, մըծա՛ցէք//մըծա՛ցաք: Թե՛ Գորիսի և   թե՛ Ղարաբաղի բարբառներում   այս խմբին պատկանող   որոշ բայեր եզակի   հրամայականը կազմում են   ուղղակի անցյալ կատարյալի   հիմքով, ինչպես՝ հըսկա՛ց, տիմա̈՛ց, մուռա՛ց, կյօղա՛ց:

     Ղարաբաղի   բարբառն ունի նաև   շարունակական ձևեր, որ կազմում   են ավ// ա̈վ վերջավորություն ունեցող դերբայով   և օժանդակ բայի   ձևերով: Շարունակական դերբայը կազմվում   է անորոշ դերբայի   գործիական հոլովից: <<Կյիրէլա̈վ ըմ>>   ասելով՝ պետք է   հասկանալ, որ խոսողը շարունակաբար   գործողության մեջ է   խոսելու   պահին:

     Բացի   հիշյալ եղանակներից Ղարաբաղի   բարբառում կան նաև   պատմական, անմիջական և սաստկական   եղանակներ: Պատմական եղանակի բոլոր   ձևերը կազմվում են   ներկայի, անկատարի, ապառնիի, հարակատարի, անմիջականի ձևերին ավելացնելով   ըլա̈լ (լեալ) դերբայը: Օր.՝ սի՛րըմ ըմ   ըլա̈լ, հնձիս ըմ ըլա̈լ, կըրըլական ի ըլա̈լ, կարած պիտի ըլա̈լ, սիրած ըս ըլա̈լ:

     Անմիջական   եղանակը կազմվում է   բայի գործիական հոլովը   խոնարհելով օժանդակ բայի   ներկայի և անցյալի   ձևերին: Օր.՝ հըսնելավ ըմ,   պըրծընելավ իր: Այս ձևից   զատ անմիջական եղանակը   կարող է կազմվել   բայական պարզ արմատի   կրկնված և ու   շաղկապով միացած ձևով, ինչպես՝ հասուհաս   ըմ, հասվըհաս ըմ, որ նշանակում   է հասնելու վրա   եմ: Անմիջական եղանակի այս   ձևը գոյություն ունի միայն   մի քանի բայերի   համար և քիչ   գործածական է:

     Սաստկական   եղանակը կազմվում է   ապառնի պարտավորականի և   հարակատարի միջև ավելացնելով   պիտի անփոփոխ   եղանակիչը: Ինչպես՝ սիրած պիտի   պիտիմ, սիրըլական պիտի   պիտիմ:

     Արդի   հայերենի նման Գորիսի   և Ղարաբաղի բարբառներում   ևս կրավորական բայերը   կազմվում են վ   ածանցով, որը, որպես կանոն, դրվում է ներկայի   հիմքի և բայի   վերջավորության միջև:

        Ըղանձվէս   տո̈ւ:

Նույն եղանակով   էլ բայը խոնարհվում   է (սիրվըմ ըմ, սիրվէցա, սիրվըլական ըմ, սիրվըլացուք ըմ, մուռացված ի   լա̈լ):

     Մասնավոր   դեպքերում կրավորական են   կազմվում ա//ա̈ խոնարհման   պարզ և ածանցավոր   բայերից, օր.՝ գյիդվա̈լ, պա̈ նվա̈լ, մուռանվալ, կույանվալ:

     Սօտին քըռասունք   չօնի. Վէրջը մըն օր   գյո̈ւդվո̈ւմ ա̈:

     Գյիդվա̈լ չի, թա̈ հինչ մէտկը օնի:

     Պատճառական բայերի   մեծ մասը Գորիսի   բարբառում ստանում է ըցըն   և ցըն   բայածանցները (մուտըցընէլ, պիցըրցընէլ, ծընդըրցընէլ, սիպտըկցընէլ):

     Ղարաբաղի   բարբառում պատճառական կամ   <<անցողական>>[3] բայերը   կազմվում են նույն   ցըն ածանցով, նաև   տալ բայով (սիրցընըմ ըմ, սիրիլտըլական ըմ):

     Գորիսի   բարբառում ևս գործածվում   են տալ բայով   պատճառական բայեր (շինիլ տալ, պիրիլ տալ, կյո̈ւղանալ տալ):

     Ժխտական   խոնարհումը Գորիսի բարբառում   արտահայտվում է չ, վէչ   մասնիկներով, իսկ Ղարաբաղի բարբառում՝ չ   և վըէչ:

     Սահմանական եղանակի   բաղադրյալ ժամանակաձևերը կազմվում   են չ մասնիկով, որ   դրվում է դերբայից   հետո հանդես եկող օժանդակ   բայի վրա (խօսում   չէմ, խուսացալ չէմ, խուսալու չէմ, Ղարաբաղի բարբառում՝ կարըմ   չըմ, կըրըլական   չըմ):

     Ինգյա̈լ ա̈  էրկու   կրակի մեջ, գո̈ւդո̈ւմ չի՝   հինչ անի:

     Հարադրավոր բայերի   դեպքում օժանդակ բայը   դրվում է հարադիրի   և բայական բաղադրիչի   միջև (տո̈ւս չէմ   կյա̈մ, լա̈ց չի   լա̈լ, նի չի   կացալ): Նույն ձևով նաև   Ղարաբաղի բարբառում՝ կըրըլական   չըմ լա̈լ , հնձիս չըս լա̈լ:

   Անցյալ   կատարյալի ժխտականը կազմվում   է 2 կերպ: Հիմնականում վէչ   մասնիկով, որ դրվում է   խոնարհվող բայից հետո (կըրացիր վէչ, ասէց   վէչ), սակավ դեպքերում՝ չ մասնիկով, որ   դրվում է խոնարհվող   բայի վրա (չմընացիր, չքյա̈ց):

     Ըղձական   եղանակի ժխտականը ևս   2 ձևով է   կազմվում (խըմէք վէչ//չխըմէք, կյա̈ք վէչ//չկյա̈ք):

     Աստուծ ծէր   ա̈մա̈գը կուրցընէ   վէչ:

     Քօն ինէս, յէր չկէնաս:

     Վէչ ժխտական մասնիկը առավել   գործածելի է անեծքներում՝ հիմնականում   նախադաս   դիրքով:  

     Տըռնէտո̈ւռ ման   կյա̈ս, մըն ճօթ   հաց վէչ ճարէս:

     Մուրազիտ   վէչ հըսնէս:

     Երբեմն   էլ ժխտական մասնիկը   և բայը ընդմիջվում   են նախադասության այլ   անդամներով, ինչպես՝

     Վէչ   տըղէ թօշա պաչէս:

     Վէչ   շէն տօն ինգէս:  

     Պայմանական եղանակի   ժխտականը կազմվում է   անորոշ դերբայից և   օժանդակ բայի ձևերից: Ինչպես՝ ասիլ   չէմ, քյինա̈լ չէս:   Երբեմն օժանդակ բայը   նախադաս է գործածվում:Օր.

     Անտէր   մըռածին քո̈ւչո̈ւմը չէն   թօղիլ:

     Թանին   ասիլ չէն՝ թըթօ   վա:

     Հարկադրական եղանակի   բայերը նույնպես արտահայտվում   են չ   և վէչ   մասնիկներով (պէտի   քյինա̈  վէչ//չպէտի   քյինա̈ ):

     Ղարաբաղի   բարբառը արգելական հրամայականի   համար գործածում է   ետադաս մըէր//մըէք   մասնիկները (մըռա՛նալ   մըէր,անէլ մըէր, մըռա՛նալ մըէք), նաև   մըէլ//մէլ, միք մասնիկները (քյինա̈լ մի, քյինիլ   մէլ, կարթիլ միք):

   Ղըլմըղալ   անէլ մըէք:

    Գորիսի   բարբառը դրանց փոխարեն   արգելական հրամայականը կազմում է   զուտ միլ   և միք   ձևերով, որոնք կարող են   դրվել բայից (անորոշից) թե՛ հետո   և թե՛ առաջ: Հրամայականի կազմության   մեջ նկատվում է   մի հետաքրքիր երևույթ. եզակի թվում   անորոշի լ-ն   դրափոխությամբ անցել է   արգելականին, իսկ վերջինիս մ-ն՝   նրա տեղը (ասիլ մի-ասում   իլ, քյիա̈լ մի-քյինո̈ւմ իլ//քյինա̈մ իլ): Հոգնակի թվում էլ   մի կողմից եզակիի   ձևերի նմանողությամբ, մյուս   կողմից արգելականի (միք)-ի   մ-ի առնմանությամբ անորոշի լ-ն   ևս դարձել է մ (ասիլ միք>ասիմ միք>ասում   միք>ասում իք):  

     Էլ   ասում իլ, թա̈  մէղավէրը   յէս ի:

     Մեր   առջև նպատակ դնելով   Գորիսի և Ղարաբաղի   բարբառները դիտարկել իբրև   հայերենի ինքնուրույն, միմյանցից անկախ բարբառներ՝ նշեցինք բայական   համակարգում նկատելի փոփոխությունները: Ինչպես տեսանք՝   2 բարբառներն ունեն   նաև մեծ ընդհանրություններ, որոնք հիմք   են ծառայել Գորիսի   բարբառը Ղարաբաղի բարբառի   մի ճյուղ համարելու   մոտեցման համար: Մարգարյանի կարծիքով՝   այդ ընդհանրությունները թույլ   են տալիս եզրակացնելու, որ դրանք   սերում են երբեմնի   մայր բարբառից և   հավանաբար այդ բարբառի   2 առանձին ճյուղեր   են, որոնք իրենց պատմական   զարգացման ընթացքում ձեռք   են բերել միմյանցից   տարբեր առանձնահատկություններ և   սահմանազատվել իբրև անկախ   բարբառներ:

    Սյունեցիները դարեր շարունակ   հերոսաբար մաքառել են   օտար զավթիչների դեմ՝   պահպանելով իրենց գոյությունը   և միաժամանակ լեզուն, որ   իբրև ինքնուրույն տեղական   բարբառ, գոյություն է ունեցել   դեռևս հնագույն ժամանակներում: Դա ամենից   առաջ հաստատում է   5-րդ դարի հեղինակ   Կորյունը, որը, Սյունիքում   Մաշտոցի ծավալած գործունեությունը նկարագրելով, խոսում է   նաև այն մասին, որ   սյունեցիք ունեն անմշակ   լեզու՝ բարբառ: Դա առավել   գիտականորեն հաստատում է   8-րդ դարի քերական   Ստեփանոս Սյունեցին, որը Հայաստանի   ծայրագավառների 7 բարբառների   շարքում առանձնացնում է   նաև Սյունիքի բարբառը:       Գորիսի բարբառը՝ իր   ընդգրկած որոշակի սահմաններով, պատմական Սյունիքի   լեզվի կամ բարբառի   օրգանական շարունակությունն է և, իբրև այդպիսին, ոչ թե   ստորադասվում է Ղարաբաղի   բարբառին, այլ ունի տեղական   բարբառներին բնորոշ իր   յուրահատուկ հնչյունական համակարգը, բառային ֆոնդն   ու քերականական կառուցվածքը   և իրավամբ մի   ինքնուրույն ու ինքնատիպ   բարբառ   է:

[1] Մարգարյան Ալ., Գորիսի   բարբառը, Երևան, 1975:

[2] Աճառյան Հր., Քննութիւն Ղարաբաղի   բարբառին, Վաղարշապատ, 1899:

[3] Աճառյան Հր., Քննութիւն Ղարաբաղի   բարբառին, Վաղարշապատ, 1899:

About The Author

Related posts

Leave a Reply