Սեպտեմբերի 17, 2019

Արցախ-Ղարաբաղյան  «հիմնախնդիրը».  դրա  լուծման  ուղիներն առկա  իրողությունների  և  ազգային  միասնության  գաղափարի լույսի  ներքո

Արցախ-Ղարաբաղյան  «հիմնախնդիրը».  դրա  լուծման  ուղիներն առկա  իրողությունների  և  ազգային  միասնության  գաղափարի լույսի  ներքո

Նախ  ոչ  մի  պետություն  չի  ցանկանա, որ  իր  տարածքից  թեկուզ  մի  թիզ  հող  պակասի,  թեկուզ  դա  լինի  որպես  ազգային  ինքնորոշման,  նաև  միջազգայնորեն  ճանաչված,  իրավունքի  իրացում: Պատկերացրեք  ՌԴ-ի  22  ազգային  կամ  նաև  ազգային  (խառը) հանրապետություններն  անջատվեն.  «տակն  ի՞նչ  կմնա»…  .  կամ  ԱՄՆ-ի  մի  շարք  նահանգներ,  կամ  ամերիկյան  նեգրերը  փորձեն  անկախանալ…  Դրա  համար  էլ  անալոգիկ  ցանկացած  գործընթաց  ցավոտ  է.  և  դրանում  զարմանալի  ոչինչ  չկա: Այնուամենայնիվ,  այն  տեղի  է  ունենում.  ինքնորոշման  իրավունքն  ազգերի,  ժողովուրդների,  էթնիկական  խմբերի  բնական  իրավունքն  է,  որը  խախտվել  է  հարյուրամյակների,  հազարամյակների  ընթացքում  պատմական  մի  շարք  հանգամանքների  ուժով:

Միջազգայնորեն  ճանաչված  տերիտորիալ  անձեռնմխելիության՝  ամբողջականության  և  ազգային  ինքնորոշման  իրավունքի  սկզբունքները  միմյանց  հակադրություն  չեն.  ազգային  ինքնորոշման  իրավունքի  իրականացումը՝  իրացումը,  դա  ոտնձգություն  չէ  տվյալ  պետության  տերիտորիալ  անձեռնմխելիության՝  ամբողջականության  դեմ.  վերջինս  կարող  է  առկա  լինել  օր.  այն  դեպքում,  երբ  նրա  դեմ  ագրեսիա  է  կատարվում,  կամ  պետության  տերիտորիալ  ամբողջականությունը  խախտելուն  ուղղված  այլ  ոչ  իրավաչափ   գործողություններ  են  կատարվում: Արցախի  ժողովուրդն  իրացրել  և  շարունակում  է  իրացնել  իր  ինքնորոշման  իրավունքը,  ըստ  որում  իր  ազգային-պատմական  տարածքում,  և  դրանում  ոչ  մի  անիրավաչափ  բան  չկա.  բայց  քանի  որ  խնդիրը  ցավոտ  է,  օրինակը  «վարակիչ»  և  շոշափում  է  տարբեր  պետությունների  շահերը,  ուստի  հարցի  լուծումը  դեռևս  ձգձգվում  է: Ի՞նչ  անել.  պարզապես  պետք  է  ամուր  կառչել  հայրենի  հողին՝  վաղնջական  ազգային-պատմական  տարածքին,  հնարավորինս  ուժեղանալ  և  սպասել  ավելի  բարենպաստ  ժամանակների: Կարևոր  նախապայման  է  ազատագրված  տարածքների    ակտիվ  բնակչավորումը.  այս  շուրջ  30 տարիների  ընթացքում  այդ  տարածքների  հայ  բնակչությունը  պետք  է  արդեն  հատած  լիներ  գոնե  մեկ  միլիոնի  սահմանը… (թուրքերը  դա  երկու-երեք  ամսում  կանեին.  մի  բան,  որ  մենք  շուրջ  30 տարում  չարեցինք…): Ինչ  որ  է.  հիմա  էլ  ուշ  չէ…

Պետության  նորմալ  գոյատևման,  առավել  ևս  ազգային-պատմական  խնդիրների  հնարավորինս  հաջող  լուծման  համար  կենսական  նախապայման  է  ներքին  միասնության,  միաբանության  ապահովումը.  դա  բոլորին՝  բոլոր  պետություններին,  ժողովուրդներին  է  անհրաժեշտ.  բայց  այն  օր.՝  ԱՄՆ-ի  և  ՌԴ-ի  կամ  նման  մեկ  այլ  հզոր  պետության  համար  կարող  է  այդ  աստիճան  շոշափելի  չլինել,  իսկ  մեր  փոքրիկ  Հայաստանի    ու  պատմականորեն  նրա  անբաժանելի  մասը  կազմող  Արցախի  համար  դա  պարզապես  երկընտրանք  չունի: Սակայն  այդ  միասնությունը,  միաբանությունը  չպետք  է  կարգախոսային  բնույթ  կրի.  այն  պետք  է  սոցիալ-տնտեսական,  պետաիրավական,  քաղաքական  ամուր  ու  կայուն  հիմքեր  ունենա.  հակառակ  դեպքում  միայն  մեր  զինվորի  հերոսությամբ  խնդրի  հիմնարար  լուծումն  անհնարին  կլինի.  այսպես  երկար  չենք  դիմանա…

Միասնություն,  միաբանություն  հասկացությունն  ունի  երկու  հիմնական  ասպեկտներ՝  միասնություն  բուն  ժողովրդի  մեջ՝  ինքն  իր  հետ,  և  պետություն  ու  ժողովուրդ  միասնություն: Մեծ  հաշվով  ժողովուրդը՝  համենայնդեպս  նրա  մեծ  մասը,  որպես  կանոն, ինքն  իր  հետ  միասնական  է՝  իր  առօրեական  հոգսերով,  հարաբերություններով,  իշխանություններին  հավատալով,  ենթարկվելով,  լսելով  ևն.  այլ  բան  է  ժողովուրդ-պետություն  միասնության  հարաբերության  հարցը: Պետությունները  կործանվում  են,  իսկ  ժողովուրդները,  որպես  կանոն,  մնում,  քանզի  չի  ապահովվում  կամ  պատշաճ  մակարդակով  չի  ապահովվում  պետություն-ժողովուրդ  կապ-միասնությունը: Իհարկե,  եթե  ղեկավարվենք  պետության՝  որպես  հասարակությունից  վեր  կանգնած  իրավաքաղաքական  կազմակերպության  ծագման  ու  գործառնության  դասակարգային  մոտեցման՝  տեսության  դիրքերից,  ապա  ժողովուրդ-պետություն  հարաբերությանը  բնորոշ  կլինի  անհաշտելի  կոնֆլիկտը  (հարուստ  և  աղքատ  դասերի,  դասակարգերի  միջև  ևն).  սակայն  պետությունն  (ինչպես  նաև  նրա  ընդունած  իրավունքը)  ունի  նաև  ընդհանուր  սոցիալական  կարգավորիչ  բնույթ՝  գործառույթ,  որի  հարցում  այս  կամ  այն  մակարդակով  ապահովվում  է  ժողովուրդ-պետություն  միասնությունը: Սակայն  այդ  միասնության  ստեղծմանը  խոչընդոտող  այլ  գործոններ  կան: Եթե  ժամանակակից  պետությունների,  այդ  թվում,  բնականաբար,  ՀՀ  օրինակով  ղեկավարվենք,  ապա  դա  հիմնականում,  մեր  կարծիքով,  կարտահայտվի  հետևյալում.  վերցնենք.  օր.՝  իշխանությունը  պատկանում  է  ժողովրդին  սահմանադրական-իրավական՝  ձևական  կարգախոսը: Արդյո՞ք  իշխանությունն  իրականում  պատկանում  է  ժողովրդին,  թե՞  ոչ: Եվ  արդյո՞ք  վտանգավոր  չէ  իշխանությունը  ժողովրդին  տալը.  օր.՝  կենտրոնում  և  տեղերում  անմիջապես  ժողովրդի  կողմից  ընտրվող  կոլեգիալ  ժողովրդական  ներկայացուցչական  մարմիններ  ստեղծելը,  շատ  հարցեր  նրա  որոշմանը  հանձնելը  ևն.  անշուշտ  վտանգավոր  է,  կառավարող  վերնախավի  համար,  բայց  առավել  վտանգավոր  է  դա  չանելը՝  իշխանությունն  իրականում՝  փաստորեն,  ժողովրդին  չտալը: ԽՍՀՄ  տարիներին  ևս  իշխանությունը  պատկանում  էր  ժողովրդին  (համաժողովրդական  պետություն  ևն)  կարգախոսը  կար,  բայց  քանի  որ  երկրում  բացակայում  էր  սոցիալ-տնտեսական-դասակարգային  բևեռացումը,  ապա  միասնության  խնդիրն  այդ  առումով  որոշակիորեն  լուծված  էր  և  այդ  միասնությունն  իրոք,  կամ  որպես  կանոն  հաղթանակներ  էր  բերում՝  իր  շրջոնքներով  հանդերձ: Այլ  է  վիճակը  մեր  կամ  մեր  տիպի  պետություններում.  մեր  ժողովուրդը  ԽՍՀՄ  փլուզման  նախաշեմին  ոտքի  էր  ելել  հանուն  Ղարաբաղի,  հանուն  ժողովուրդի իշխանության  ևն,  նա  ամբողջությամբ  վերցրած  ոտքի  չի  կանգնել  և  չի  պայքարել  սոցիալիստական-հանրային  կարգերը  վերացնելու  համար,  առավել  ևս  այն  բանի  համար,  որ  հասարակության  մի  աննշան  մասը  տիրանա  երկրի  հարստության  առույծի  բաժնին,  իսկ  ժողովուրդը  շպրտվի  գործազրկության  և  աղքատության  հորձանուտը…  զանգվածաբար  տարագրվի  սեփական  անկախ  հռչակված  երկրից,  գործազուրկ  ու  սովահար  լինի,  բուժման  փող  չունենա,  ուսման  փող՝  վարձ,  չունենա  ևն,  ևն… Սրանք  հակասություններ  են,  որոնք  ոչ  միայն  էապես  խոչընդոտում են ժողովուրդ-հասարակություն-պետություն միասնության  ստեղծմանը,  այլև  առկա  սոցիալ-տնտեսական,  պետաիրավական  կարգերի  պայմաններում  չեն  վերացվի.  ավելին՝  կախված  տարբեր  գործոններից  դրանք  ավելի կարող  են  խորանալ,  ճգնաժամերի,  սոցիալական  վտանգավոր  ցնցումների հանգեցնել  ևն: Սա  հիմնախնդիր  է,  որը  պետք  է  լուծվի  հատկապես  մեր  փոքրիկ  երկրի  համար  կենսական  նշանակություն  ունեցող  ներդաշնակ  ու  կայուն  միասնության,  միաբանության  ստեղծման  ճանապարհին: Այդ  հիմնախնդիրը  բիզնեսով  ու  ներդրումներով  չես  լուծի,  իսկ  իսկական  հեղափոխությունն  (ոչ  թե  պ-ն  Փաշինյանի  նշածը)  էլ  իր  հերթին  վտանգավոր  է… Մենք  ի  սկզբանե  սխալ  ճանապարհի  վրա  ենք…

Պետաիրավական  բնագավառում.  բազմիցս  նշել  ենք՝  ԱԺ-ը  պետք  է  լինի  ազգային  ու  ժողովրդական  ներկայացուցչական  մարմին.  մինչդեռ  այն  շարունակում է  մնալ  որպես  «Կուսակցական  ժողով».  պարզապես  ՀՀՇ-ին  փոխարինել  է  ՀՀԿ-ը,  վերջինիս՝  «Իմ  քայլը»  և  մյուս.:  Քանիցս  մեր  առաջարկություններում  նշել  ենք,  մեր  ԱԺ-ը  պետք  է  կազմված  լինի  առնվազը  300  (ՀԽՍՀ-ում՝  340)  ժողովրդական  ներկայացուցիչներից՝  պատգամավորներից,  որից  առնվազը  կեսն  անմիջապես  ժողովրդի  կողմից  (ոչ  թե  կուսակցությունների  միջոցով)  ընտրվող,  առանց  գրավի  (կամ  սիմվոլիկ  գրավով)  ընտրողի  կողմից  օրենքով  սահմանված  կարգով  վաղաժամկետ  ետ  կանչման  իրացման  համար  չբարդացված  իրավունքով:

Տեղերում  իշխանության  կամ  տեղական  ինքնակառավարման  բարձրագույն  մարմիններ  պետք  է  դառնան  անմիջապես  ժողովրդի  կողմից  ընտրվող  ժողովրդական  ներկայացուցչական  ժողովները  կամ  խորհուրդները  (ոչ  թե  այսօր  սիմվոլիկ  ավագանիները,  գոնե  դրանք  ավագներ՝  տարիքով.  կյանքի  փորձով և  պատշաճ  գիտելիքներով  իմաստնացած  մարդիկ  լինեին  և  ոչ  թե  «հոկտեմբերիկներին»  ու  «պիոներներին»՝  ոչ  միայն  տարիքի  առումով,  հավաքեն,  թե  ավագանի  ենք  ձևավորում… Ավագանին  պետք  է  կազմված  կամ  ընտրված  լինի   պատկառելի  տարիքկյանքի  փորձ  ու  իմաստություն  ունեցող՝  ըստ  էության  տվյալ  տարածքի  ամենախելացի  անձանցից.  դրանում է  ավագանու  իմաստն  ու  անհրաժեշտությունը.  երևի  «ավագ»  բառն  էլ  չեն  հասկանում…)˟:

Դատավորները  պետք  է  ընտրվեն  ժողովրդի  կողմից,  դատավարությանը  պետք  է  մասնակցեն  հասարակայնության՝  ժողովրդի  ներկայացուցիչները՝  ժողովրդական,  երդվյալ  ատենակալներ  (գոնե  քաղաքացիական-տնտեսական  որոշ՝  հասարակական  հնչեղություն  ունեցող  գործերով  և  ծանր  կամ  առանձնապես  ծանր  հանցագործությունների  վերաբերյալ  բոլոր  քրեական  գործերով): Սրա  փոխարեն  պ-ն  Փաշինյանն  առաջարկում  է  ինչ-որ  «անցումային  արդարադատություն»,  վաղն  էլ  գուցե  «Կարմիր  տեռոր»  առաջարկի… Պետությունը,  ժողովուրդը  խաղալիք  չեն  «սնկի  պես  բուսնող»  մեր  նորահայտ  «առաջնորդների»  ձեռքին…

Փաստաբանությունը  պետք  է  ազատվի  համքարային  կապանքներից,  դառնա  ազատ  իրավապաշտպան  գործունեության  տեսակ  (ես այդ  մասին իմ  դատողություններն  ու  օրենքի  նախագիծ  եմ  ներկայացրել ՀՀ ԱԺ  և  Արդարադատության  նախարարություն՝  այն  կա  նաև  համացանցի  իմ  էջում):

Սոցիալ-տնտեսական  բնագավառում  պետք  է  այնպիսի  փոփոխություններ  կատարվեն,  որ  հասարակության  բոլոր  խավերի  միջև  գոնե  հարաբերական  հավասարություն  ստեղծվի,  բացառվի  այսօրվա  աննորմալ  ու  վտանգավոր  բևեռացումն  ու  գնալով  դրա  ավելի  ու  ավելի  խորացումը…

 

x x x

Այս  ֆոնի  վրա,  այս  կտրվածքով  մի  քանի  խոսք  Արցախյան  հիմնախնդրի  և  նրա  լուծման  «Մադրիդյան  տարբերակի»  կամ  սկզբունքների  մասին.  վերջինս,  ըստ  երևույթին  մինչ այժմ,  ղարաբաղյան  հարցի  լուծման  վերաբերյալ  իր  ուժը  պահպանած  միակ  կամ  հիմնական  տարբերակն  է,  որին,  թվում  է  թե,  հավանություն  են  տվել  և  տալիս  մեր  բոլոր  ղեկավարները,  կամ  այն  ընդունել  են  որպես  բանակցությունների  հիմք: Այդ  սկզբունքներով  (Մադրիդ,  7  նոյեմբերի  2007թ.)  նախատեսվում  է՝

  1. ԼՂ շուրջ  գտնվող  տարածքների   (ազատագրված)  վերադարձ  Ադրբեջանին՝  նրա  վերահսկողությանը  հանձնելը.
  2. Լեռնային Ղարաբաղին՝  նրա անվտանգությունը  և  ինքնավարությունը  երաշխավորող  ստատուսի  (իրավական  վիճակ,  կարգավիճակ)  տրամադրում  (իսկական  երաշխիքը՝  հայ  ազատագրական  ուժերի  ձեռքին  գտնվող  «միջանցքը»  վերացվում  է  և  հայտնի  չէ,  թե  դրա  փոխարեն  ի՞նչ  է  հրամցվում… — Մ.Թ.).
  3. Հայաստանի և  Լեռնային  Ղարաբաղի  միջև  միջանցքի  բացում  (այդ  միջանցքն  արդեն  կա,  դրանից  ավելի  հուսալի  ի՞նչ  միջանցք  է  առաջարկվում. – Մ.Թ.).
  4. Ապագայում Լեռնային  Ղարաբաղի  կարգավիճակի  որոշում՝  իրավական  պարտադիր  կամահայտնությամբ  (այսինքն  ժողովրդի մինչ  այդ  հանրաքվեներով  արտահայտված  կամքն  առոչինչ  է  համարվում… — Մ.Թ.).
  5. Բոլոր փախստականների  վերադարձն  իրենց  նախկին  բնակավայրերը  (մի  ամսում  ԼՂՀ-ը  կլցվի  հայերին  մի  քանի  անգամ  գերազանցող  ադրբեջանցիներով… — Մ.Թ.).
  6. Անվտանգության միջազգային  երաշխիքների  ստեղծում:

Բնականաբար  Ի.Հ. Ալիևն  այս  կապակցությամբ  իր  2010թ.  հունիսի  հայտարարությամբ  հավանություն  է  տվել  (տե՛ս  համացանցը).  փաստորեն  Ղարաբաղի  հայկական  պետությունը՝  նրա  հայաբնակ  բնակիչներին  վերացնելու   այս  սկզբունքներին… Պատերազմն,  անշուշտ,  ոչ  մեկիս  համար  հաճելի  չէ  (թեպետ,  եթե  լինելու  է,  թող  լինի  և  ոչ  թե  ամեն  օր  զոհ  տանք…).  բայց  այսպիսի  ծրագրի  դեպքում  այն  գերադասելի  է…

ՀՀ  և  Արցախի  հանրապետության  ղեկավարությունը  պետք  է  հստակեցնեն  և  մեր  ժողովրդին  ներկայացնեն   իրենց  դիրքորոշումն  Արցախյան  հիմնախնդրի  լուծման  հարցում˟.  պետք  է  նաև  արմատական  քայլեր  կատարվեն  ներքին  միասնության  ամրապնդման,  երկրի  հնարավորինս  հզորացման  ու  արտաքին  վտանգներին  հաջողությամբ  դիմակայելու  համար՝  այլ  ուղի  չկա  մեզ  համար…

Անդրկովկասում՝  Կովկասում,  Ադրբեջան  պետություն  չի  եղել˟˟.  մուսաֆաթականների  և  բոլշևիկյան  Ռուսաստանի  հայտնի  նպատակներով  20-րդ  դարի  սկզբին  (1917-ից  սկսած)  ստեղծված  այդ  պետությունը  գոյատևում  է  Հայաստանի,  Աղվանքի  և  Վրաստանի  պատմական  տարածքների  վրա.  նա  ի՞նչ  է  ուզում,  որ  իրեն  զիջենք  (իհարկե,  որ  մինչև  Բաքու  հասած  լինեինք,  կարելի  էր  Քուռ  գետի  ձախ  ափին ընկած  տարածքների  մի  մասը  զիջել  Ադրբեջանին.  բայց  հիմա  մենք  ի՞նչ  ենք  զիջում…):

 

˟ Պ-ն  Փաշինյանն  օր.՝  եթե  ավագանի  ունենար  դատարանները՝  «բլոկադայի  ենթարկելու»  կարգադրություն  չէր անի.  մեկը  «ձեռքը  կբռներ»  կասեր  տղա  ջան  ամոթ  է… Պետությունն  իմաստուն  կառավարում  է  պահանջում.  ոչ  70  տարեկանին  կարող  ես  «շտանգիստ դարձնել»,  ոչ  էլ  երիտասարդին  իմաստություն  ներարկել.  ամեն  ինչ  իր  տեղը  պետք  է  ունենա… Այսօր,  առավել  քան  երբևէ,  մեր  պետության  բոլոր  օղակներում  պետք  է  ներդրվի  դեռևս  անտիկ  աշխարհից  հայտնի  ժողովրդական  ներկայացուցչական  մարմինների  և  ավագանու  ինստիտուտը… Երիտասարդությունը  երիտասարդություն՝  ոչ  ոք  չի  ժխտում  նրա  ուժն  ու  դերը,  բայց  պետությունը  պետք  է  դուրս  գա  օրորոցային  վիճակից…

˟ Այդտեղ՝  դրանում,  ոչ  մի  դիվանագիտական  գաղտնիք  չկա… ըստ  էության  ոչ  մի  իրական  նվաճում  չունենք.  մի  Ղարաբաղ  է՝ ազատագրված  տարածքներով  հանդերձ,  դա  էլ,  որ  կորցնենք  ամեն  ինչ  անիմաստ  է  դառնում…

˟˟ Տե՛ս  օր.  Мирза  Джамал  Джаваншир  Карабагский,  История  Карабага.  Изд.  АН  Азерб.  ССР,  Баку  1959: тексты:  на  азербайджанском,  русском  и  арабском  языках,  Академик  Бартольд  В.В.,  Сочинения,  т.  2, ч. 1.  Общие  работы  по  истории  Средней  Азии.  Работы  по  истории Кавказа  и  Восточной  Европы.  Изд.  Восточной  литературы,  Москва,  1963,  Էնաեթոլլա  Ռեզա,  Ազերբայջան  և  Արրան  (Կովկասյան  Ալբանեա),  թարգմանությունը  պարսկերենից  հայերեն,  «Փյունիկ»  հրատ.,  Երևան,  1994  և  ուրիշ.: Նաև  Телунц  М.М.,  Россия  и  освободительное  движение  Сюника  и  Арцаха  в  первом  тридцатилетии   XVIII  века.  Некоторые  вопросы  сомоопределения  НКР.  Изд.  «Эдит  Принт»,  Ереван, 2014,  Телунц  М.М., Письмо  президенту  республики  Азербайджан  господину  Алиеву  И.А.,  Изд.  «Эдит  Принт»,  Ереван, 2014  և  ուրիշ.:

About The Author

Related posts

Leave a Reply