Հունիսի 20, 2018

Արցախի պատմություն. Առաքել Կոստանդյանց

Արցախի պատմություն. Առաքել Կոստանդյանց

 

" Ընթերցողին ենք ներկայացնում Գտչայ վանքի վանական Առաքել Գրչի [վ. Կոստանդեանցի] / 1858-1868  «ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ» աշխատությունը /գրաբարից աշխարհաբարի թարգմանությունը՝  Է. Մկրտչյանի՝ Բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր/Հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն /ՀՀ Երևանի Մատենադարանի 7822 և 7823 ձեռագրեր//:

 

 

Առաջաբանի փոխարեն

ՀՀ Երևանի Մատենադարանի 7822 և 7823 ձեռագրերի  թարգմանության շարժառիթները

 

Պատմաբան Սերգեյ Ամիրջանյանի հետ մի զրույցի ժամանակ ասացի, որ Ղևոնդ Ալիշանի «Սիսական» գրքից Ծղուկ գավառին վերաբերող հատվածներ գրաբարից թարգմանաբար աշխարհաբարի եմ վերածում: Նա սիրով ընդունեց այդ հաղորդումը և շարունակեց, թե ինքը ուսումնասիրում է Արցախի պատմական Դիզակ գավառին վերաբերող նյութերը, աղբյուրները և նպատակ ունի գիրք գրելու: Ապա ավելացրեց, որ Մատենադարանում բազմաթիվ ձեռագրեր կան՝ գրված Տողա սարի թիկունքի Գտիչ վանքում՝ վանքի վարդապետ Առաքել Կոստանդյանցի կողմից, որ այդ ձեռագրերը գրված են գրաբարով, շատ հարուստ ու հետաքրքրական բովանդակություն ունեն պատերազմական գործողությունների, ժողովրդի տանջալից և հերոսական կյանքի ու ապրելակերպի վերաբերյալ: Սերգեյը միաժամանակ ժպտալով ընդգծեց 7822 ձեռագիրը, որտեղ Հադրութի շրջանի իմ հայրենի Խծաբերդ գյուղի անվան վերաբերյալ ուշագրավ տեղեկություն կա. այն կոչվել է Օձաբերդ, որի մասին և հետաքրքիր զրույց ու պատմություն կա: Իմ հետաքրքրությունը շարժվեց, մանավանդ որ ծանոթ էի տարածված զրույցին:

Մատենադարանում ծանոթացա այդ ձեռագրին, հրապուրվեցի և դիմեցի ակադ. Ս.Արևշատյանին՝ առաջարկելով պայմանագրային կարգով ձեռագիրը վերածել աշխարհաբարի: Ցավոք, պատասխանը բացասական էր. ակադեմիկոսը պատճառաբանում էր, թե միջոցները սուղ են: Ես նրան խնդրեցի թույլ տալ մեր գյուղին վերաբերող զրույցն արտագրել: Նա չմերժեց. շուրջ 15 էջը ուղղակի նույնությամբ արտագրեցի: 2001թ. երեք ամսով Հալեպ գնացի, այդ բնագիրը աշխարհաբարի վերածեցի, և այն Գտիչ վանքի պատկերի հետ տպագրվեց Հալեպի «Գանձասար» պաշտոնաթերթում 2001թ. մայիսին՝ «Եկեղեցաձոր-Օձաբերդ-Խծաբերդ կամ Խծաբերդ անուան ծագման մեկնաբանութիւն» վերնագրով:

Անցնում էին տարիներ. ծանոթանում եմ նաև 7823 ձեռագրին, որը բովանդակությամբ 7822-ի շարունակությունն է:

Այդ ձեռագրերը թարգմանելու մարմաջը զբաղեցնում էր ինձ, մանավանդ որ ներկայիս դաժան մարտահրավերների պայմաններում առավել արդիական հնչեղություն են ստանում այդ բնույթի ձեռագրերն ու հրապարակումները: Երախտապարտությամբ պետք է նշեմ, որ ձեռագրերը (525 էջ) ձեռքիս տակ ունենալու հարցում նպաստավոր միջնորդություն կատարեցին Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ ռեկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը և պրոռեկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը: Բարոյական ոգևորիչ վերաբերմունք դրսևորեցին ձեռագրերը թարգմանելու հարցում Արցախի և Հայաստանի Մշակույթի նախարարությունների Պատմական միջավայրի պահպանության ծառայությունները: Քաջալերում և մտերմաբար համարյա պարտավորեցնում էին այդ ձեռագրերը թարգմանել «Դիզակ» գրքի (2006թ.) հեղինակ Սերգեյ Ամիրջանյանը, «Տող բերդաքաղաքի պատմություն» (2010թ.) գրքի հեղինակ Գեղամ Աթայանը, աշխարհագրագետ Շահեն Մկրտչյանը, պատմաբան Սլավա Սարգսյանը և այլք՝ նկատի ունենալով մասնագիտական կատարումները:

Այսպիսով ներքին և արտաքին՝ օբյեկտիվ թելադրանքներն ու կռվաններն ինձ մղեցին տքնաջան գործի:

Այժմ մի երկու խոսք ձեռագրերի հեղինակի մասին:

Առաջին ծանոթությամբ 7822 ձեռագրի տիտղոսաթերթին հետևյալ տվյալները կարդացի Մատենադարանում.

Հայոց ազգագրական ընկերութեան

կովկասագիտական-մարդաբանական

գրադարան

Նուէր տ. Մարիամ Ստեփանեան

Լազարեանից և զաւակներից ի յիշատակ իրենց ամուսնի և հօր

Սմբատ Պօղոսեան Լազարեանի

Հ.Ս.Խ.Հ. Պետական Կ. Թանգարան

գրական-պատմական բաժին

N 679-692

Անուն պատմագրություն ազգային Առաքել

Գրիչ հեղինակ [Վ. Կոստանդեանցի]

Թվական 1858-1868

Տեղը Գտչայ վանք

 

Ուրեմն՝ ձեռագրերի հեղինակը Գտիչ (Գտչա) վանքի վարդապետ Առաքել Կոստանդյանցն է, որը ծագումով եղել է Դիզակ գավառի Թաղոտ գյուղից, ստացել է կրոնական կրթություն և շուրջ երեսուն տարի աշխատել որպես Գտիչ վանքի վանահայր, վարդապետ: Այդ վանքը հիմնադրվել է այնպիսի ժամանակաշրջանում, երբ «նետողաց ազգը»՝ մոնղոլները, ավերել, թալանել էին գավառի բնակավայրերը:

Առաքել վարդապետը ձեռագրերում կենսագրական հաղորդումներ ունի. մանկավարժի գործ է կատարել Զանգեզուրում, Խնձորեսկ գյուղում, պատմություն գրելու համար զրուցել է տարեց մարդկանց հետ, փնտրել-գտել է արձանագրություններ, գրավոր աղբյուրներ, օգտագործել է իր տպավորությունները, որոնք ստացել էր պատերազմական տեսարաններից, ծանր ու դաժան դեպքերից և ընդհարումներից, սովի, քաղցի, ողբերգական պատմություններից: Նա նպատակադրվել էր 4 հատորով գիրք գրել, հասցրել է երեքը գրել, չորրորդը անկատար մնաց: Արցախի պատմությամբ զբաղվողները նրա ձեռագրերից օգտվում են:

1884թ. հունիսին Լեոն Գտիչ վանքում ծանոթացել է վարդապետին, նրա ձեռագրերին և բարձր գնահատականի արժնացրել նրան՝ ասելով, թե իրենք խնդրել են վարդապետին ցույց տալ իր աշխատությունները, և նա բերել է հին քողով կապած մի փաթեթ, որը մեծահատոր մի աշխատություն էր, կարդացին. Դիզակի մելիքների պատմության սևագիրն էր: Այդ սևագիրը գիրք է դարձել (Տ՛ես Առաքել վարդապետ, Դիզակի մելիքությունը, Վաղարշապատ, 1913): Րաֆֆին հայտնաբերել է Առաքել վարդապետի ձեռագրերը, բարձր գնահատել և օգտվել դրանցից (գրել է «Խամսայի մելիքությունները», Երևան, 1964):

Առաքել վարդապետը 7822 և 7823 ձեռագրերը գրել է շուրջ 20 տարվա ընթացքում. ձեռագրերի հառաջաբանություններում նշումներ ունի: Առաջինում՝ «Փրկչական 1858 թվականին սկսված և 1868-ին ավարտված՝ տեղեկություններ չլինելու պատճառով», երկրորդում՝ «Փրկչական թվականի 1870թ. սկսել և 1880թ. ավարտել եմ»: Նա դժգոհ է այն «գիտնական վարդապետներից», «բանասեր անձանցից», «հոգևոր հովիվներից ու հովվապետերից», այն հներից, ովքեր գրավոր պատմություններ չեն թողել անցյալի և իրենց ապրած ժամանակների մասին, «որի համար Աղվանքը այսօր մնում է տխուր դեմքով քաջակորով մարդկանց կատարածների կորստյան պատճառով»: Խորապես ցավում է, որ շատ բան են տեսնում, սակայն տեղեկություն չունեն՝ ո՞վ է վայելում կամ ո՞վ է կառուցել. «Անթիվ բերդեր և մենաստաններ, ուխտատեղիներ կամ եկեղեցիներ ու զանազան շինություններ ենք տեսնում, սակայն բնավ չկա ու չկա տեղեկություն, թե ո՞ւմ բնակությունն է կամ ո՞վ է կառուցել…»:

Ձեռագրերի բովանդակությունը՝ ծանր և անհավասար կռիվների ու բախումների նկարագրությունները, այլազգիների կողմից իրագործված վայրենաբարո գլխատումները, արյունահեղության աննկարագրելի տեսարանները, գրկի երեխաների, աղջիկների առևանգման, սովի ու համաճարակի պատկերները, զրույցներն ու ավանդապատումները, բերդերի, գյուղերի, քաղաքի նկարագրությունները, բոլորը, ինչի մասին խոսում է վարդապետը, իրենց խորքում փառավոր անցյալի կորուստներն է հիշեցնում, վտանգված հավատի խնդիրը սրում, հայրենիքի, հայրենի հողի և քրիստոնեական հավատի պահպանության և պաշտպանության գաղափարը սերմանում:

Առաքել վարդապետի նկարագրությունները կենտրոնանում են Դիզակի ընդարձակ գավառում (Դիզակը Արցախի նահանգի 12 գավառներից էր, ինքնուրույնություն ունեցավ 16-րդ դարից, նրա սահմանները՝ հարավից՝ Արաքս գետը, արևելքից՝ Մուղանի դաշտը, հյուսիսից՝ Քոնդալան գետը, արևմուտքից՝ Դիզափայտ և Քիրս լեռները): Կռիվները սկիզբ են առնում Արաքսի ափից, Պարսկաստանի Թավրիզ քաղաքից, Զանգեզուրով ձգվում են դեպի Դիզակի կենտրոնական մասերը՝ Տող բերդաքաղաքը, Շուշին, նույնիսկ հասնում մինչև Գանձակ (Գյանջա): Կռիվները տեղի են ունենում հայերի և պարսիկների միջև. այստեղ հայ մելիքներն են՝ մելիք Եգան, մելիք Եսայի և այլք, այնտեղ՝ պարսից զորահրամանատարները, զորավարները (Նադիր Շահ, Իբրահիմ խան, Ամիրխան և այլք): Ահավոր է Լանկթամուրը՝ «հավատով մահմետական, Սամըրղանդ քաղաքից, ամենայն չարությամբ լցված», «չարահնար»… «գնում, սատկում է իր տեղում»:

Կա նաև ռուսական մի զորագունդ՝ 700-800 հոգուց բաղկացած, որ Կյորեսից (Գորիս) գնում է Գանձակ: Գործում են նաև քրդերի ավազակախմբեր (նրանց բնակավայրը Քաշաթաղն էր՝ Լաչինը): Չի մոռանում հոներին, վրացիներին և այլոց:

Վարդապետը 7822 ձեռագրի վերջում արժանի է համարում հիշել իր մորը՝ Մարիամին, որ «քառասուն տարի այրի է նստել անարատությամբ» և կյանքի վերջին 14 տարիները՝ 1853 թվականից, եղել է իր մոտ՝ Գտիչ վանքում՝ «օգնելու միայնությանս՝ ծառայելով ջերմեռանդությամբ և սրբամաքուր հոգով»:

Առաքել վարդապետի 7822 և 7823 ձեռագրերը բարձրարժեք գործեր են, պատմագեղարվեստական բնույթ ունեն, լեզուն կանոնավոր գրաբար է և արժանի առանձին ուսումնասիրության: Թարգմանելիս ցանկություն եղավ հեղինակի ոճը չխաթարել, հատուկ անունների մասնակի փոփոխություններ կամ զուգաձևություններ կատարվեցին:

 

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

ՁԵՌԱԳԻՐ 7823

ԱՌԱՔԵԼ ԿՈՍՏԱՆԴՅԱՆՑ՝ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ

ԳՐՔԻՍ ԱՌԱՋԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Փրկչական 1850 թվականին երբ գրքի մասնավոր համտես արեցի իմ հոգելույս վարժապետից` ճգնավոր Հակոբ հոգելույս վարժապետից, նրա արագահաս վախճանման պատճառով, թերությամբ առավել էր, քան լիակատար ուսմամբ իմ հետաքրքրությունը: Ամենից առաջ մտադրվել էի, ըստ այլոց պատմագրությունների` գնալ նրանց հետևից և Աղվանից թագավորների, նախարարների, քաջ մարդկանց կամ բարեգործ իշխանների, նաև հոգևոր հովիվների և հովվապետերի բոլոր գործերն ու դիպվածները պատմության մեջ անցկացնել:

Քանզի Աղվանքը սահմանակից է պարսից տերությանը, ըստ իմ հարցաքննության, բազմամյա արժանահավատ անձանցից` ծերունիներից, [իմացա], որ կրել է բազում վշտեր և վնասներ, իսկ ժամանակակից հոգևոր անձինք իրենց հույսերը չեն անցկացրել այդպիսի վաստակասիրության ներքո, որի համար Աղվանքը այսօր մնում է տխուր դեմքով քաջակորով մարդկանց կատարածների կորստյան պատճառով: Որովհետև անթիվ բերդեր և մենաստաններ, ուխտատեղիներ կամ եկեղեցիներ ու զանազան շինություններ ենք տեսնում, սակայն բնավ չկա ու չկա տեղեկություն, թե ո՞ւմ բնակությունն է կամ ո՞վ է կառուցել մենարանները և այն ուխտատեղիները, որոնք հայտնի և ակներև հրաշագործ բժշկություններ են կատարում, որոնց անունները ծածկված և անհայտ են կարոտյալներին և հնասեր անձանց: Չգիտեմ նաև, թե ի՞նչ արգելքների պատճառով խափանվել և չեն փորվել արձանագրեր, գոնե միայն իրենց անունները [գրել]:

Ուստի իմ այս պատմագրության երրորդ հատորը մեծ տանջանքով և շրջագայությամբ հազիվհազ ձեռքս բերի, բազմաթիվ բաներ հնագույն գրչագրի հառաջաբանությունից և վերջաբանությունից և զանազան գրչագիր պատմություններից քաղեցի և հավաքեցի, այսքանը ի ցույց բերի, որ բազում անցքեր իմ ժամանակում եղան, ինչպես որ սույն գրքի պատմության մեջ տեղ-տեղ հիշատակված կան, թե դիպվածներին ականատես եղա: Ինչպես նաև եռանդուն փափագ ունեմ անցնելու չորրորդ հատորին, թերևս մնացած թերությունները կատարելագործել, եթե անհրաժեշտ քաջությունը խափանարար մահը ինձնից չառնի` չխլի, ըստ այնմ, թե վաղվա օրը ի՞նչ կծնվի քեզ վրա, թե այլ գիտնական և պատմաբան վարդապետների մարգարտաշատ պատմագրություններին չի կարող հասնել:

Միայն հոգ տարա ընդհանուր զրուցաբանությամբ [եղած] պատահմունքները անցկացնել պատմության մեջ հնասեր անձանց համար, հայտնի է միայն այս Ատրպատական երկրին, այսինքն՝ Աղվանից, որը մեր սուրբ Գրիգորիսի վանքի կաթողիկոսի վիճակն ու թեմն է:

Այս պատմությունը գրվեց Գտիչ վանքում և միայնակեցության կյանքում, ռուսաց Ալեքսանդր ինքնակալ քաջազոր կայսեր քրիստոնեական թագավորության ժամանակ, որ աշխարհի մեծ մասը նվաճել էր [և ուներ] իր իշխանության տակ, և ազգասեր ու գիտնական կաթողիկոս, Ամենայն հայոց պատրիարք Մատթեոսի Հայրապետության շրջանում: Մեր այս երջանկահիշատակ հայրապետը մի քանի հատոր գիրք է գրել ընդդեմ լոդերակա [լութերական] նոր աղանդի, որը գերմանացիների ազգը հայկազյան սերունդների մեջ սերմանեց, և ովքեր արծաթասեր էին, ընդունեցին նրանց խոսքերը և իրենց կյանքը վարեցին նույն աղանդով: բայց մեր այն ազգասեր հայրապետին խեղդամահ արին. չիմացվեց գործի վերջը, թե ո՞վ էր նրա կորստյան պատճառը:

Դարձյալ ուզում եմ ներկայացնել երեք հատորով այս պատմագրության խորհուրդը: Այն վաղ ժամանակներից հավաքել էի սևագրությամբ, ապա հատված-հատված բաժանել էի հատորները: Շատ դժվարությամբ հավաքելիս, [սակայն], գրչագրություններ և տեղեկություններ չգտնելու [պատճառով] բազում անգամ հուսահատության մեջ ընկա. հեռանալ այսպիսի վաստակասիրությունից, որի համար միմյանց հետ թվականությունը խառնվում էր: Սրբազնագույն կաթողիկոս Գեորգի հայրապետության օրերին սևագրությունից արտագրելով՝ այն հավաքածը բաժանեցի երեք հատորի մեջ: -Բարեսե՛ր ընթերցող, բազմասխալ գրություններս հիշելով, խնդրում եմ մարդկային անվերացնելի տկարությունս ներել. ըստ տրված տաղանդի՝ այսքանը շահեցի: Նաև հիշել խնդրեմ այս գիրքը աշխատասիրող անպետ բանասեր, սուրբ Գտիչ վանքի միաբան Առաքել վարդապետ Կոստանդյանցին:

Փրկչական թվականի 1870թ. սկսել և 1880թ. ավարտել եմ:

Սույն ավարտված տարում ամբողջ աշխարհում սաստիկ նեղություն պատահեց. անտանելի սով եղավ, և անասունների կորուստ, ամեն ինչի թանկություն. «ի մկնակերութենէ եղև…»….

Հաջորդ էջը խաթարված է:

 

ՆԱԽԱԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ ԱՅՍ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆԸ

 

Բացի այս գրքի հառաջաբանությունից, հարկ եմ համարում, սիրելի՛ ընթերցող, և հնասեր անձանց ծանուցանել այս հարգելի գործը, թեպետ կամեցա այս փոքրիկ պատմությունը լույս ընծայել մեր սիրելի ազգի եղբայրներին, բայց ամբողջ գրչագրերին և ժամանակավոր թողած ձեռագրերին հազվագյուտ անձեռնհաս եղա, ուստի պատմությանս ընթացքը կարկատուն և զանազան հավաքածու եղավ: Մեր մնացյալ վշտակրությունը աշխատասիրության մասում տեսնում ենք անթերի հառաջաբանությունը այս փոքրիկ գրքից: Ինձ մնում է ասել, որ այս մասնավոր պատմագրությունը արտագրեցի հին վարդապետների գրչագրերից, որոնց անուններն են՝ Հոհաննես և Արիստակես՝ խիստ կցկտուր և ռամկավար [բարբառային] լեզվով շարադրված և որոնց [մասին] տեղեկություն ունեմ հին պատմություններից. այնքան համառոտ է գրված, մինչև անգամ անիմանալի է մնում ասվածների իմաստը, որովհետև շատ բաների մռայլ խոսակցություններ են և անհրաժեշտություն ունեն ծավալուն գրությունների:

Նախ՝ [հեղինակը] այսպես սկզբնավորում է պատմության գլուխը նրանցից, որոնք գրքի մեջ չեն անցել նախկին պատմիչ վարդապետներից. թեև անցել են, սակայն ո՛չ ամբողջաբար, այլ թերի և անկատար, [այսինքն] կատարյալ պատմություն չէ, միայն կամենում եմ այն ասել, որ այս պատմության նախկին գրողը չի գրել ծայրեծայր, այլ թերի է. նախ տաճկաց և օսմանցոց բռնակալության [ժամանակից], ապա և հայոց երևելի վարդապետներից, նաև զորապետերից և երևելի նշանավոր իշխաններից, որոնցից առաջինը, թեև անհարմար էր, առաջին տեղում դասել, փոքրերից ելնել մինչև հավանական մեծամեծերը: Նախ ցանկանում եմ տաճիկներից մի քանի տեղեկություն անցկացնել պատմության մեջ, ապա և տարբեր ժամանակներում պատահած` հոգևորականների, ազգասեր իշխանների և երևելի անձանց գործերը:

Եվ արդ հայոց ՌՀԱ-1071 (= 1622) թվականն էր: Օսման անունով մի մարդ կար, ինքը` ռամիկ, հողագործ, Սարկինոսների ազգից, կրոնով մահմեդական, թողնելով իր աշխարհն ու երկիրը` եկել էր Վասպուրական երկիրը և իրեն` ուրիշներին ցույց էր տալիս վեհանձն, որպես թե թագավորների զարմից և ցավակից է: Անօրենները երբ լսում են այսպիսի լուրերը, դյուրահավատ են սաստիկ, ուստի տեղերից տեղեր շատ զորք են հավաքում և կուտակում, և ինքը ոչ թե որպես զորապետ, այլ որպես ավազապետ էր վարում իր կյանքը: Մինչև անգամ գնաց հանդիպեց կապադովկացիների երկրի Ալադին սուլթանին և այնտեղ նրա առջև շնորհ գտնելով` նրանից խնդրեց բազմաթիվ զորքեր թիկնապահության համար կամ պատահում էր այլոց պատերազմներին` ինչ-որ ժամանակ մնալով նրանց սահմաններում:

Երբ հարմար ժամանակ գտավ, իր զորքին հորդորեց բազում ուրախալի խոսքերով և այնտեղից վերցնելով, շարժվեց գնաց Եփեսոսի սահմանները, պաշարեց Պուրս քաղաքը և բազում վնասներ հասցրեց` մարդկանց և կանանց կոտորելով և գերեվարությամբ` ըստ իրենց աչքերի հաճույքի: Այս օրինակով կռվում էր բոլոր ազգերի ու սերունդների հետ և միահեծան լինելով, բազմացնում էր իր զորքերը: Այնտեղից շարժվեց, եկավ օսմանյան տերության բոլոր քաղաքների վրա և բաբելացիների վրա՝ նրանց բոլորին նվաճելով իր իշխանության տակ: Եվ երբ տեսավ, որ բոլոր կողմերից խաղաղացել է, սկսեց ձեռք մեկնել բարձրագույն իշխանությանը, մինչև անգամ թագավորել ամբողջ օսմանյան երկրին:Նրա մահից հետո նրա որդիները ևս թագավորեցին մինչև վաթսուն տարի, ապա նրանց թագավորության վախճանը եղավ: Պատմիչը այսպես է գրում, չգիտեմ` ո՞վ է սա. գուցե մի այլ պատմագիր գրել և արտագրել է:

Նրանից հետո երևաց Թամուրլանկը մեր թվականության 832 (=1383)թ., ինքը հավատով մեհենմատական (մահմեդական) է, բնակությամբ Սամարղանդից` արևելքում: Ըստ ժամանակակից որոշ պատմագրությունների վկայումների` մանկության տարիներին լցված էր չարությամբ և ամեն տեսակ նենգաժոտությամբ (խարդախությամբ, խաբեությամբ): Իր նախկին բնակությունը մոտ էր Արտազ գավառին, նկատում էր իր քաջությունը, բայց չէր կարողանում գործի դնել, որովհետև իր քաջության տեղը չէր: Տեսնում էր նաև օրըստօրե չքավորության մեջ է ընթանում իր տնային կառավարումը, որի համար խորհում էր հնար գտնել իր անձի կեցության և տան համար: Միայն այս էր մտածում, թե կեցության միակ հնարը Թավրիզ քաղաք գնալն է: Ըստ խորհելուն` գերդաստանով հանդերձ չվեց գնաց նույն քաղաքը: Այնտեղ հնարներ գտավ. մտավ պարսից փոխարքայի ապարանքը` ըստ նրա դռան պահապանների հարցաքննության, և նա պատասխան էր տալիս ճարտարաբանությամբ: Տեսնում էին նրա քաջասրտությունը և անվեհեր խոսակցությունը, որի համար ազդարարեցին սպարապետին, թե մի մարդ է եկել այստեղ և ուզում է տեսնել նրան, եթե կամենում է, ներս կանչեն հարցափորձության: Այդ խոսքի վրա ներս կանչեց: Հարցաքննելիս տեսավ, որ շատ սրընթաց պատասխաններ է տալիս, ուստի սահմանապահ զորքի վրա նշանակեց: Տարիների ընթացքում տեսան նրա քաջությունը. թշնամիների երկիրը ասպատակում էր, իսկ իր վրա հարձակվողներին սրի էր քաշում, նրա քաջության հռչակը և երկյուղը նրանից տարածվեցին բոլոր երկրներում: Որտեղ գնաց և ում վրա հարձակվում էր, ջնջում էր, հիմնահատակ անում երկիրը: Գործում հաջողություն ունենալով` սկսեց իր սակավ զորքին հորդորել և անցկացնել իր նախկին կողմը, որպեսզի հսկի իր հայրենիքը, Սամարղանդը:

Ըստ մտածածի` Ջահու գետով անցավ գնաց իր սահմանները, և երբ լսեցին նրա գալստյան մասին, ըստ իրենց բնական սովորության, այստեղից-այնտեղից սկսեցին հավաքվել նրա վրա` [որպես] արյան օրենք, ամենքը արյան ծարավ և ավազակապետեր: Այսպիսիներից վերստին գնդեր կազմելով` անցավ գնաց իր քաղաքի եզրը` բնակություն նետելու, բայց շրջակա բնակչությունը երկյուղից դողում էր: Արդարև այնուհետև սկսեց ամեն տեսակ չարագործություններ ձեռնարկել` հափշտակելով անասունների երամակներ և ոչխարների հոտեր: Սամարղանդ քաղաքի հանդեպ ոխ ուներ. շատ վնասներ էր հասցնում նրանց քարավաններին և ճանապարհորդներին: Երբ տեսան, որ կողմերից կտրել և պաշարել է. մեկը չի կարող անցնել քաղաքը, որտեղ էլ լինի:

Բազմաթիվ բողոքավորներ եղան քաղաքի իշխանի մոտ, և նա, գումարելով սակավաթիվ զորք, ելավ այն ասպատակավորների հետևից, կամեցավ բռնել առանց մարդ սպանելու` կարծելով, թե նրանք ավազակների [կողմից] հավաքվածներ են: Երբ քաղաքի իշխանի հեծելազորը կամեցավ պաշարել և բռնել նրանց, Թամուրլանկը տեսավ, որ վտանգը մոտ է, ձայն տվեց զորքի քաջերին, և ընտիր քաջերը առաջ շարժվեցին: Արյան ծարավի և կորովի մի գունդ ձայնեց միմյանց և շրջան կազմելով, պաշարեցին քաղաքի իշխանի գունդը և շրջափակեցին բոլորին: Թամուրլանկի հրամանով իրենց սրերը թաթախեցին արյամբ, անխնա կոտորեցին, նրանց հետ և իշխանին` ասելով, թե արդեն ժամն է մարտի հանդես մտնելու և ոչ թե ավազակաբար շրջելու աշխարհում, և գնացին, մտան քաղաքը: Նախ իր իշխանության տակ գցեց քաղաքը, առան քաղաքի գլխավորի կնոջը, որի անունը Երխանում էր: Սա այսպես եղավ և վերջացավ:

Այս առաջին պատերազմը եղավ այնտեղ` իր քաղաքում, հաղթելով նախկին թշնամուն և սպանեց, տեսնենք շարունակությունը:

Այնուհետև Լանկթամուրն սկսեց զորքը բազմացնել և բազում սիրահորդոր խոսքերով խրախուսել բոլորին, գնդեր հավաքելով ու կազմելով, նրանց վրա կարգել պետեր և գլխավորներ: Եվ այնտեղից բանակը շարժեց Բուխարա քաղաքի մոտ, սակավ օրերում պաշարեց քաղաքը, ապա հնազանդ և հեշտ քաղաքը տվեցին նրանց ձեռքը, ուստի ոչ այնքան վնասեցին նրանց: Եվ այնտեղից անցան Խորասանի երկիրը և այնտեղ մարտնչելով, գործի հաջողություն ունենալով, առաջ շարժվելով` հաղթեցին համայն քաղաքներին, գավառներին և ընդդիմադիրներին և համայն երկիրն իսկ հարթահավասար արին: Արդարև նրանց ահն ու երկյուղը ընկան բոլոր ազգերի և սերունդների վրա, սարսափում էին, ուստի շատերն իրենք առանց մարտնչելու եկան, հնազանդվում էին, անձնատուր լինում, այդպես էլ` քաղաքների և գավառների իշխանները:

Բայց ինքը` բռնավոր Լանկը, ամենայն սատանայական մեքենայությունների շատ խիստ հնարագետ էր, ընտրում, որոշում էր, թե որտեղ պետք է հասնի նրանց ոտքը կամ որտեղ են գտնվում քաղաքների և գավառների իշխանները: Եվ եթե նրանցից կասկածանք ուներ, ոմանց խաբում էր սուտ երդումով, թե վաղուց շատերից բարեհամբավ [խոսքեր] է լսել և կամենում է նրան որդեգրել կամ փեսայացնել. այսպիսի խաբեբայությամբ գրավում էր իր իշխանության տակ, ինչպես նաև խոստանում և տալիս էր մեծություն ու սպարապետություն: Բայց օրեր անցնելուց հետո ոմանց մահադեղով, ոմանց մութ վայրեր տանելով, վերացնում էր, արտաքնապես իրեն ձևացնում էր գառ և երբ ձգում էր իր կողմը, հետզհետե սկսում էր կին ու գառ դարձնել նրանց: Ժամանակակիցները և պատմավարդապետները հիշում են, որ համայն երկիրը այդպիսի հնարագիտությամբ [պահում] և տիրում էր նրան, բոլոր գլխավորներին նենգությամբ և դավաճանությամբ կորցնում էր:

Եվ տեսնելով, որ սակավ ինչ խաղաղվեց, մտադրվեց անցնել գնալ Խորասանի վրա, որավհետև այն ժամանակ չէր առել, տակավին գտնվում էր Շահմանսուրի տիրապետության տակ: Երբ սա լսեց, որ մոտ է հասնելու իր քաղաքին, Թամուրլանկը բազում զորքով և բոլոր կողմերից [էլի] հավաքելով շտապ մեծ թվով զորքեր, ելավ քաղաքից, որպես թե գաղտնի պահում էր անցքերն ու նրանց ճանապարհները: Նույն ժամանակում բռնավոր Լանկը չէր կամենում պատերազմել՝ իմանալով նրա քաջությունը և բազմաթիվ զորքը, որի պատճառով գարնանային քաղցրաշունչ եղանակին նենգությամբ թողեց կռիվը:

Երբ բացվեց գարնան քաղցրահնչակ դուռը, Լանկթամուրը ընդարձակեց բանակը. անթիվ զորք հավաքեց ուղխորեն՝ ամբողջ կազմով, ունեցածով, շարժվեց գնաց Խորասնի սահմանները. արդարև Թամուրլանկը դաշտերի, լեռների և բլուրների երեսները ծածկել էր զորքերով:

Շարունակելի

 

About The Author

Related posts

1 Comment

  1. Pingback: Արցախի պատմություն. Առաքել Կոստանդյանց. «Շահ Մանսուրը Լենկթեմուրի հետ Խորասանի սահմաններում…» | sarc.am

Leave a Reply