Հունիսի 20, 2018

Արցախի պատմություն. Առաքել Կոստանդյանց. «Շահ Մանսուրը Լենկթեմուրի հետ Խորասանի սահմաններում…»

Արցախի պատմություն. Առաքել Կոստանդյանց. «Շահ Մանսուրը Լենկթեմուրի հետ Խորասանի սահմաններում…»

Սկիզբը այս էջում

ՇԱՀ ՄԱՆՍՈՒՐԸ ԼԱՆԿԹԱՄՈՒՐԻ ՀԵՏ ԽՈՐԱՍԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ, ԵՎ ԲՌՆԱՎՈՐ ԼԱՆԿԻ ՀԵՏ ՇԱՐԺՎԵԼԸ ՆՐԱՆԻՑ, ՈՒ [ՄՏՈՐՈՒՄԸ]. ԹԵՐԵՎՍ ՆԵՆԳՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԵԼ

Երբ Շահմանսուրը լսեց, որ նրանց զորաբանակը լայնատարած սփռվել է դաշտերի և լեռների վրա, նաև գիտեր, որ գալու է, ուստի բազում զորք նախապատրաստեց ամենայն հնարներով: Եկավ կռվի բարեպատեհ ժամը, և քաջի օրը. Մանսուրը զորքով հանդերձ Թամուրլանկին ընդառաջ ելավ: Մարտի օր և ժամ դրեցին, թե մի քանի օրերից հետո միմյանց հետ ճակատեն: Երբ մարտի օրերը լրացան, երկու կողմերից գնդեր գումարվեցին, քաջերը սկսեցին առաջ շարժվել, հնչեց պատերազմի փողը, և աճապարելով վերկացան՝ անցան միմյանց վրա: Արդարև այնտեղ պետք էր տեսնել գոռ պատերազմ, և քաջը քաջի պատահելով, ճակատում էին սաստիկ՝ խառնվելով միմյանց: Երկու կողմերից ընկան, բայց Լանկթամուրի կողմը սկսեց պակասել, նրանցից ևս շատերն ընկան:

Երբ Լանկ բռնավորը տեսավ, որ իր քաջերից ու արիներից շատերն ընկան, կատաղել, սաստկացնում էր պատերազմը: Իսկ Շահմանսուրը ընդդիմանալով առանց ընդմիջելու և դանդաղեցնելու շարունակում էր պատերազմը թշնամու դեմ և հանդիմանում էր Լանկ բռնավորին, թե իր երկիրը և քաղաքը չի տա կատաղած և կաղ գազանին մինչև բերանի վերջին շունչը: Այս կռիվը երկարեց մինչև ութ տարի: Երբ բռնավոր Լանկը տեսավ, որ չի կարող հաղթել, հետզհետե փոխանակ շահաբերության մեծ վնասներ է կրում, սկսեց կամաց-կամաց բանակը հետ շարժել և առերես խաղաղության հասնել Շահմանսուրի հետ:

Ապա Թամուրլանկը գնաց, իր տեղում դադար առավ՝ սպասելով հարմար ժամ ու ժամանակի իր փշոտ հնարագիտությամբ հաղթելու համար: Շահմանսուրը ևս, պատերազմեց խաղաղացած՝ որպես թե հաշտությամբ, գնաց իր բնակիչների տեղը:

Երբ երկու կողմերում խաղաղություն տիրեց, Շահմանսուրը սկսեց քաղաքավարությամբ ապրել կաղ բռնավորի հետ, սակայն երկյուղը երբեք չէր կարողանում հեռացնել, որի համար երևելի դյուցազուններից և նախարարներից պատգամավորներ ուղարկեց ծանրագին ընծաներով և մեծամեծ պարգևներով: Երբ Թամուրլանկը լսեց այն պատգամավորների գալստյան մասին, հանկարծ ընկավ մահիճ՝ սուտ հիվանդությամբ, կամենում էր իր խաբուսիկ, աղվեսաբարո սատանայությամբ հնարներ հնարել:

Հենց նույն ժամին հրամայեց ոչխարի հոտից մի գառ բերել, նույն վայրկյանին մորթելով՝ արյունը խմեց և իրեն ցույց տվեց ճապաղած, որ մոտ է յուր մահը: Ապա պատգամավորներին ներս կանչեց բազմության մեջ և ցույց տվեց իր սևացած դեմքը, այլանդակված, նրանց առջև փսխեց և դառնալով յուրայիններին՝ [ասում], թե ցավը ժամ առ ժամ սաստկանում է, խորացնում հիվանդությունը: Եվ պատգամավորները, տեսնելով՝ նվազում է, ահա՛ մեծ տագնապի մեջ է, որ մոտ է պիղծ հոգին փչելուն, ուստի շուտափույթ այդտեղից ելան և գնացին Շահմանսուրի մոտ, լուր տվեցին, թե փառք ամենակալին, գիտեն, որ իրենց գալուց հետո Լանկթամուրը չի կարող ապրել. երեկ կամ այսօր փչելու է հոգին, այնպիսի վտանգի մեջ է, որ մինչև անգամ լեզուն չորացել է, բնավ չի կարող խոսել: Շահմանսուրը շատ է ուրախանում՝ չիմանալով նրա հնարների մասին, թե ինչպիսի՞ չարությամբ է կամենում կուտակված օձությունը թափել նրա քաղաքի վրա:

Պատգամավորների գնալուց հետո, պատրաստ ունենալով բազում հեծելազորներ, ընտիր, սրընթաց երիվարներով սպառազինելով ամենքին, գնդերի բաժանելով, Լանկթամուրը և բոլորը միասին ճանապարհ ելան, ստիպեցին երիվարներին և սրընթաց արշավանքով դիմել գնացին այնքան արագ, որ մինչև անգամ չորս օրվա ճանապարհը մի օր մի գիշերում անցան հասան Խորասան քաղաքը, բայց ողորմելի Մանսուր Շահը, տակավին անգետ եղած իրողություններին, անհոգ նստել էր իր տեղում: Եվ մինչև սահմանապահ զորքի գալը, զորքով հանդերձ հանկարծ մտան քաղաքը, մինչև այս, մինչև այն, ոչ ոք չկարողացավ ձեռքերն ու ոտքերը շարժել կռվելու համար: Այդ ձևով իր բոլոր թշնամիներին կոտորեց, բնաջինջ արեց:

Երբ տեսավ, որ գործը հաջող ընթացք ունեցավ, այնտեղից շարժվեց գնաց Խորասան քաղաքի մոտ, այսինքն՝ Շոշ, հեշտությամբ մտավ քաղաքը, այնտեղից գնաց Շիրազ, Իերմա (՞) և Մազանդար քաղաքների վրա՝ բոլորին վերցնելով իր տիրապետության տակ: Եվ այնտեղից զորաբանակը շարժեց դեպի Ատրպատական երկիրը. նախ եկավ Թավրիզ քաղաքը: Եվ երբ լսեց բռնավորի գալստյան [լուրը], նույն քաղաքի գլխավորը փախավ գնաց բաբելացիների կողմը՝ իր ազգականների մոտ: Առանց մարտի մտան քաղաքը և ամեն ինչ կարգավորեցին քաղաքին վայել կարգով: Այնտեղից զորքով չվեցին եկան Գողթն գավառի և Սյունյաց կողմերը՝ Երասխ գետի ափը: Եվ այնտեղ մնալով մի քանի օր, իրենք իսկ եկան հնազանդվեցին և, ըստ այլոց [կարծիքի], այնտեղ չպիտի վնասագործություն անի. գիտեր նրանց հավատարմությունը պարսից տերության նկատմամբ:

Երբ տեսավ, որ երկյուղի կամ այլ բանի պատճառով չեկան, զորաբանակը շարժեց դեպի Երնջակ, մի մասը՝ դեպի Նախիջևան, զորքը սփռվեց, բռնեցին բոլոր անցքերը և պաշարեցին բերդերը. շուտով հնազանդվեցին և եկան հաշտության, որի համար շատ վնասներ չեղան, միայն զորքին կերակրեցին, երիվարներին կեր տվեցին: Զորքի մի գունդ եկավ Երնջակի մի տեղի վրա, ուր ոչ ջուր կա, ոչ այլինչ ապրուստ, մեծամեծ օձերի և թունավոր սողունների ու կարիճների խիստ բնատեղերից արդեն անհնար է մարդուն ելնել անվնաս: Բարձրագագաթ և միապաղաղ վեմ (քարաժայռ) կա, որ ժողովրդի բերանում «իլան դաղի» է հնչում, այսինքն՝ օձալեռ: Նրանում բնավ դալար որևէ բան չկա՝ ոչ բանջար, խոտ կամ տունկ, և նրա ճանապարհի անցումներն այնքան դժվար են, որ կարող եմ ասել, թե միայն թռչունները և արծիվները կարող են ելնել նրա գագաթը:

Եվ մենք տեսանք այն. շատ դժվարագնաց է, չորեքթաթ մի կերպ գնալի և մյուս՝ մնացած անկյունները՝ ողորկ և սեպացած, սրածայր վեմ անմատչելի: Բայց շրջապատը այնքա՜ն հարթահավասար դաշտային լայնածավալ վայր է, ինքը՝ միայնակ կանգնած այնտեղ:

Դառնանք մեր խոսքի շարունակությանը:

Երնջակի նույն դղյակը մի քանի օր նեղ վիճակի մեջ գցեցին, և նրանք ճարահատյալ՝ ծարավ լինելու պատճառով, ելան, հնազանդվեցին, և նա այնտեղ ոչ այնքան վնաս հասցրեց: Եվ այնտեղից չվեց, եկավ Մարի կոչվող քաղաքի վրա, որը ամրափակվել էր Բագրատունյաց ազգից, բայց պատերազմն այնտեղ բացեց, և սկսեցին միմյանց հետ մարտնչել. մի քանի օր պաշարված մնացին, շտապ բացին քաղաքի դուռը և առան Մարին, սակայն  այնքան վնաս չհասցրին:

Եվ այնտեղից չվեցին անցան Արարատ երկիր՝ Բջնի ամրոցի վրա, շտապով առան այն. այնտեղ հայոց ազգից և քրիստոնյաներից ոչ սակավ կոտորեցին, բազում վնաս պատճառեցին: Այնտեղ սպանեցին վանական եպիսկոպոսին՝ արյունը խառնելով հավատացյալների արյանը, բազմաթիվ ավար առավ այնտեղից և շարժվեց գնաց Տփխիս, պաշարելով քաղաքը, նեղ վիճակի մեջ դնելով՝ այն առան: Հավատափոխ արեց Բագրատ թագավորին, որը հրեաների ազգից էր, հետո եղավ քաղկեդոնիկ: Բագրատ թագավորը այստեղ խաբում է Լանկթամուրին՝ ասելով. «Քո զորքերը տո՛ւր իմ ձեռքը, վրաց բոլոր ազգերը բերեմ քո կրոնին, որոնք ութ լեզու են»: Եվ նա համաձայնեց նրա խոսքերին. տվեց զորքեր, որքան նա կամեցավ, որպես թե կամենում է գնալ թշնամիների վրա:

Եվ Բագրատը գաղտնի մի քանի մարդ է ուղարկում իր որդիների՝ Կոստանտինի և Դավթի մոտ՝ գալ իրենց անհայտ ծնողի առաջ՝ որքան զորքով հաջողվի, թերևս կարողանան իրեն ազատել այն ուրացությունից: Երբ որդիները գուժկաններից լսեցին այս անտեղի համբավը, ընտիր զորք պատրաստեցին և հանդիսության համար վերցրին երեք հազարը ու եկան վրաց սահմանները, գալստյան լուրը գաղտնի հայտնեցին իրենց հորը: Նրանց հայրը պատգամավորներ՝ մի քանի մարդ, որոնք տեղյակ են բոլոր անցքերին ու ճանապարհի կիրճերին, ուղարկեց [սահմանները]: Նույն գիշերը Բագրատը վերցրեց իրեն հանձնված զորքը և գնաց մինչ այնտեղ, որն ինքը նշանակել էր: Նրանք դարան էին մտել այստեղ-այնտեղ՝ մի անձուկ՝ նեղ, դժվար վայրում, ուր մարդ չէր կարող աջ կամ ձախ ծռվել:

Երբ [Բագրատի զորքը] մտավ նշված տեղը, դարան մտածները հարձակվեցին նրանց վրա և կոտորեցին բոլորին, ոչ մեկը չկարողացավ փրկել իրեն, նրանց դիակները կուտակվել էին իբրև քարերի բերդուկ. այնտեղ կորան անօրենների որդիները և չարի արբանյակները (գործակիցները), մնացածները անհետացան այնտեղից: Թագավորի որդիները վերցրին հորը և գնացին իրենց աշխարհը: Լանկթամուրը մնացյալ յուր զորքն առավ, գնաց Թավրիզ քաղաքը՝ սպասելով գարնան եղանակին, որպեսզի գնա թուրքմենացի Ղարամահմուտ խանի վրա:

Երբ անցավ սաստիկ ձմեռը, և բացվեց քաղցրաշունչ գարնանային վայելուչ դուռը, Թամուր լանկը բազմաթիվ զորք հավաքեց ամենայն ազգերից և նորաժողով զորքերին հորդորեց ու մարտերի հմուտ զորապետեր ու զորավարներ կարգեց, Թավրիզ քաղաքից բազում կառքերով ու երիվարներով չվեց, և զորքի անթիվ բազմությունը, նրանց բանակը տարածվեցին Ատրպատականի դաշտում, իբրև մրրկալից և միգախառն ամպեր, խումբ կազմած՝ գնացին Թուրքման Ղարամահմուտի վրա: Եվ նա երբ լսեց Լանկթամուրի գալուստը, թե ահագին դղրդումով և ահեղագոչ ձայնով վերկացել գալիս են իր և իր երկրի վրա, զորքն առավ և խույս տալով, գաղտնածածուկ թաքնվեց տեղում՝ տեսնելու, թե ի՞նչ գալստյան եղանակ է կամ ո՞ր կարգով է ուզում մտնել իրենց երկիրը՝ խաղաղությա՞մբ, թե՞ վնասաբերությամբ, որից հետո թերևս կարողանա ինչ-որ հնար գտնել:

Բայց Լանկթամուրը, ըստ այլոց, բարեկամ անձանց դրդման, վաղուց գիտեր նրա փախուստը սահմաններից և հետախուզելով գտավ նրա տեղը, որ կա և մնում է Ճապաղ ջրի վրա: Այնտեղ գոռ պատերազմ ծագեց երկու կողմերի միջև, կռվում էին վահանավորներն ու նիզակավորները, քաջերը, քաջերին խառնվելով, դղրդացնում էին այն վայրը. մարտնչողների քաջասրտությունը շարժվում էր այնտեղ, մեռածների դիակներն, ընկնելով գետնին, թավալգլոր թռթռում էին, կուտակվում՝ իբրև քարերի և փայտերի բերդուկներ. դրանք Ղարամահմուտի կողմի դիակներն էին:

Լանկթամուրը, տեսնելով Թուրքմանի զորապետի քաջությունը, առանձնակի գունդ կազմեց և հանկարծակի հարձակվեց Ղարամահմուտի վրա, աչք ածելով միմյանց՝ շրջապատեցին նրան, իր զորքից անջատեցին և ամեն կողմից թափվեցին նրա վրա, շրջապատելով մեջտեղ առան նրան և անցան ավարառության, որքան կարող էին, կողոպտեցին և ժողովելով ավարները, այնտեղից չվեցին, գնացին Տարոնի երկիրը: Եվ նրանց գավառապետը ընդառաջ ելավ մեծամեծ իշխաններով և առանց մարտնչելու, սիրով իսկ ընդունեցին բռնավորին: Սիրով ընդունելու համար բռնավորը խնամեց նրանց և մեծամեծերին պարգևներ տվեց ըստ պարսից բնական սովորության, [հորդորեց] նաև միշտ հնազանդ մնալ իր իշխանության ներքո:

Եվ երբ տեսավ, որ իրենց պատերազմի գործը հաջող է, այնտեղից շարժվեց գնաց Բաղեշ քաղաքը, որտեղ Ամիրշարափ ամիրան մեծ սիրով ընդունեց բռնավորին և մեծ պատիվ ցույց տվեց նրան՝ ասելով, թե իր ամբողջ երկիրը, ահա՛, նրա ոտքերի տակ է, ինչ կամենա, կարող է անել: Լանկթամուրը նրա խոսքերից մեղմանում է՝ համոզելով, որ նրան և նրա երկրին երդմամբ տալիս է ազատության Գիր՝ կարդացողներին և հոգևորականներին, որոնցից չեն ստանա հարկեր և այլ պահանջներ, միշտ մնան նույն դրության մեջ:

Եվ այնտեղից անցնում, գնում է նրա շրջակայքը՝ Խլաթ, Արծկե, Արճեշ և Բերկրի. սրանք բոլորը իրենց կամքով անձնատուր եղան բռնավորին, նրանց բնակիչներին, մեկին կամ ընտանիքին վնասներ չտվին, միայն [նրանք] զորքին կերակուր և այլ բաներ հասցրին: Այնտեղից չվեցին, եկան Վան քաղաքի վրա: Որովհետև վաղուց իսկ ամրացրել էին բերդը, և ողջ երկիրը հավաքվել էր նրա մեջ, արդարև դժվար էր այնտեղ հավաքված մարդկանց թիվը հաշվել՝ մեծերի և փոքրերի, մարդկանց և կանանց, մանկանց և տղայոց, հայերի և այլազգիների: Բայց բերդը հույժ ամրացված էր և նախնիների [օրոք] ամուր էր, թեպետ բռնավորի զորքը շատ անգամ էր շրջապատել, թերևս կարողանային բերդի մեջ շարժվել, սակայն բերդաբնակները քաջ էին, քան նրանք, ուստի ընդդիմացան նրանց և մարտնչում էին:

Լանկթամուրը չէր կամենում շտապ ներս մտնել, այլ ասում էր, թե բազում ժամանակներ և տարիներ նստելու է այդտեղ՝ տեղում, զորապետերին ասում էր. բնավ հաղթելու հնար չկա ու չկա, որի համար շրջապատել պահում էին այս բերդը: Երբ բերդապետը տեսավ, որ Թամուրլանկի ձեռքից ազատվելու հնար չկա, համայնքից գաղտնի գիշերը փախավ, և բերդը մնաց անխնամ ու առանց գլխավորի: Դրա պատճառով բնակիչները և պատերազմող այրերը թուլացան և չկարողացան, ինչպես երեկ և երեկ չէ մեկել օրը, ընդդեմ կանգնել թշնամիներին: Պարսից զորքը շտապ իմացավ, որ բերդի գլխավորը նրանց մեջ չէ, հետզհետե սկսեցին առաջ շարժվել և սաստկացնել պատերազմը:

Ողորմելի բերդաբնակները, տեսնելով, որ նրանց ձեռքից ապրելու՝ փրկվելու հնար չկա, գաղտնի բացեցին բերդի դուռը, թերևս կարողանան գիշերվա կեսին իրենց փրկել նրանց սրից: Բայց Թամուրի գիշերապահ զորքն իմացավ այդ իրողությունը, սրերը ձեռքներին մերկացրած, ընկան նրանց վրա, կտրելով նրանց առաջը, առանց խնայելու կոտորեցին որպես անասուն: Ո՞վ կարող է այստեղ այս աղետը արտասվալի նկարագրել գրով. որովհետև նրանց դիմադրության պատճառով բարկացել ու կատաղել էին, իսկ բերդը ներկել և կարմրացրել էին մարդկանց ու կանանց, ծերերի և երիտասաարդների կարմիր և ջերմաջերմ արյամբ:

Այնտեղ պետք էր տեսնել կոտորվածների ողորմագին տեսիլը՝ առհասարակ միմյանց խառնված ծնողներ և ծնունդներ, նրանց փախուստը բերդից զարմանալի էր, երբ բացել էին բերդի դուռը, թերևս կարողանային փախչել ամրացածների խուռն բազմությունից, եկել, կուտակվել էին միմյանց վրա իբրև շեղջակույտ՝ քարակարկառ, հնար չկար, որ վերջից եկողներն անցնեին, միայն անճարացած ընկնում էին դիզվածների վրա: Բայց նրանցից ներքև մնացածները առանց թշնամու սրին հանդիպելու շնչասպառ կորան, մեծ վնաս հասավ. մահվան անտանելի տագնապն ու նեղությունը հասան նրանց վրա…

Եվ ապա բազում ավարով նորից հետ է դառնում իր տեղը, և նույն ժամանակում մահը պատահում է Լանկ Թամուրին, և շնչասպառ է լինում այսպիսի եղանակով:

Պատմիչը նկարագրությամբ հիշատակում է, թե երբ քաղաքի [մոտից] վերադառնում է Անկյուրիա և այնտեղ բռնելով Իլդրում սուլթանին ու Պայզիտին՝ նրանց դնում է վանդակի մեջ ու փակում. նրանք այնտեղ վախճանվում են: Թամուրլանկը պատահել է անողջանալի ցավերի և կրել անտանելի տանջանքներ իր մահվան ժամանակ՝ կատարած չարագործությունների պատճառով, աչքերը տեղերում այտուցվել են, լեզուն սաստիկ տապից ու ջերմությունից չորացել էր, խոր ընկել ու կորել, գլուխը շրջվել էր դեպի հետին կողմը, բերանը մնացել էր բաց, և այսպիսի այլանդակ կերպարանքով փչել էր պիղծ հոգին իրենից չար դևերի ձեռքով:

Նրա ձեռքից դադարեց՝ հանգստացավ համայն աշխարհը:

Ինձ թվում է, թե սրանով արարմունքների լիակատար պատմությունն ունի, որովհետև սա անթիվ չարագործություններ է հասցրել աշխարհին, մանավանդ որտեղ նրա ոտքը հասել է. վանքերը, եկեղեցիները քանդել է և քայքայել, առավել ևս Աղվանից կաթողիկոս, սուրբ Գրիգորիսի տաճարը, բոլոր քարերը տարել և թափել է մեծ, շատաջուր Երասխ գետը, հայերից անթիվ գերիներ է տարել Շիրազ և Քիրման և հավատուրաց դարձրել քսանմեկ տարեկանից:

Աղվանից Եսայի կաթողիկոսը մի փոքր պատմության մեջ այսպես է հիշատակում՝ գրված Գանձասարի վանքում, թե քսանհինգ հազար գերդաստաններ Կովկասի լեռներից շարժեց՝ քշեց տարավ Շիրազ և քսան տարուց հետո նեղ վիճակի մեջ գցեց. ամորձատեց բոլոր արուներին: Այլ չարագործություններ էլ կատարեց. Եգիպտոսից բռնեց մինչև Տփխիս. ո՞վ կարող է ի գիր անցկացնել. այսքան պատմություններին պատահելով՝ գրեցի ուսումնասեր և ընթերցասեր անձանց համար:

Փա՜ռք Քրիստոսին հավիտյանս. ամեն:

 

ԱՐԵՎԵԼՅԱՆ ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ. ՄԵՐ ՊԼԴ-834 [1385] ԹՎԱԿԱՆՆ ԷՐ, ԵՐԲ ԵՐԵՎԱՑԻՆ ԱՅՆ ԼՈՒՍԱՎՈՐ ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐԸ. ՍՅՈՒՆՅԱՑ ԹԵՄՈՒՄ ՔԱՅԼԵՑԻՆ ՈՐՊԵՍ ԱՐԵԳԱԿՆԵՐ

Սյունյաց աշխարհում՝ Աղվերծ գավառում, Վաղանտ գյուղից մեռած վարդապետներից [են] Վարդանը և Հոհաննես Կանխիկը, որ միշտ կանխում էր ի սեր Քրիստոսի. սա մեծ իշխան Իվանի որդին էր՝ Վասակի զարմից, մեծ իմաստուն, գերիմաստ և անհաղթ փիլիսոփա, գիտնական, մեր մեծ վարդապետ Եսայի Տիրատուրի աշակերտը: Հոհաննես գերիմաստ  վարդապետ. բոլոր կողմերից, և՛ քաղաքներից, և՛ գավառներից հավաքվեցին բազում աշակերտներ, ուսումնարան ուներ սուրբ Որոտնա վանքում, որտեղ կրթվեցին, [յուրացրին] ամենայն ներքին և արտաքին գրքերը մայրենի լեզվով, որոնցից շատերը դարձան անհաղթ փիլիսոփաներ: Դրանցից գլխավորներն են՝ սուրբ Գրիգոր Տաթևացի, Սարգիս Սորբեցի, Հոհաննես Մեծափաց և վարդապետների այլ անթիվ խմբեր, որոնք նրանից առան գավազան և իշխանություն: Ըստ վարդապետների վկայության՝ երեսուն տարի պարապել է դասատվության [գործում]:

Արդարև լուսավորեց արևելյան եկեղեցիները. մեկը՝ բերանի հորդաբուխ քարոզության խոսքերով, մեկը՝ իր լուսավոր աշակերտների միջոցով: Նույն ժամանակում հավատի կարգը շատ տեղերում կրճատել էին, ուստի բոլոր թերությունները կատարելագործեցին, վարդապետներն ու կրոնավորները բազմացրին, բոլոր տեղերում ուսումնարաններ կարգավորեցին, մանավանդ վանքերում, քաղաքներում և նահանգներում, որչափ ձեռնահաս եղան Հայաստանի եկեղեցիներին:

Լուսավոր այն աշակերտներից, կարծեմ, առաջինը սուրբ Գրիգոր Տաթևացին է եղել՝ մեր անզուգական և գերիմաստ վարդապետը, որի բերանից իբրև հորդահոս աղբյուր էր բխում՝ լուսավոր խոսքեր, և լուսավորում էր մեր լուսավորչական սուրբ եկեղեցու մանուկներին, մանավանդ գեղազարդ վարպետությունը. հին և նոր կտակարաններից գանձեր և լուսափայլ անգին մարգարիտներ էր հանում, այդպես էլ ըստ սուրբ ավետարանչաց՝ անհնարին, համեղաճաշակ և ախորժալուր խոսքերից, թե ո՞վ կարող է հագուրդ առնել՝ հագենալ: Սրա պատմությունը երկար է, այսուհետև ևս խոսելիք ունեմ:

Երկրորդը Սարգիս Սորբեցի վարդապետն էր՝ ճարտասան և գիտնական, եղել է Գողթնյաց [գավառի] թեմի վերատեսուչ Աստապատում: Սա եկավ, բնակվեց Խառնաբաստի սուրբ ուխտում, որ Սուխրա վանք է կոչվել. վերանվանվեց ըստ Աստվածածին հատուկ անվան և մնաց նույն վանքում տասնինը տարի:

Տեսնելով գիտությունը՝ նրա մոտ հավաքվում էին անթիվ աշակերտներ՝ պարապելու և ուսանելու Աստվածաշնչի տառն ու գիտությունը: Սակայն իր այն աշակերտներից բազում հակառակություններ ունեցավ, կարծում եմ, իր անկարգ քաղաքավարությունից է կրել՝ ունեցել. թե ի՞նչ է պատահել, մեզ հայտնի չէ: Այստեղ՝ սուրբ վանքում, վախճանվում է գիտնական Սարգիս վարդապետը և ամփոփվում է այնտեղ:

Եվ նրա տեղը նստում է Վարդան վարդապետը՝ չորս տարի և ապա վախճանվում է: Նրան հաջորդում է խլաթեցի Գրիգոր վարդապետը, բայց ոչ նույն վանքում, այլ սուրբ Ցիպնա ուխտում, մեր ՊՀԴ-834 (1385) թվականին, նահատակվեց մարաց ազգից, այսինքն այն (տեղի) քրդերից: Ճգնավոր Հակոբ վարդապետը, լսելով նրա նահատակության լուրը, գալիս է կուրծքը ծեծելով և արտասվաթոր աչքերով, ամփոփում է արյամբ ներկված մարմինը Ցիպնա վանքի ներքին կողմում: Վարդապետները հիշատակում են, թե արդարև այն սուրբ տապանից ցնցուն բժշկություն են տեսել, ուստի Հակոբ Ճգնազգյաց վարդապետը բնավ չկամեցավ հեռանալ սուրբ տապանից: Ըստ իր կարոտության՝ մեկ տարի այնտեղ հարարթուն ճգնությամբ անցկացրեց և ապա, ըստ ուխտադրության, վախճանվեց այնտեղ բարվոք կեցությամբ: Նրան ամփոփեցին սուրբ նահատակի տապանի մոտ՝ ըստ իր անսուտ մաղթանքների, որ հայցում էր ամենակալին, որ յուր մարմինը մնա սրբության մոտ: Աստված լսեց խնդրածը և կատարեց:

Փա՜ռք Քրիստոսին հավիտյանս հավիտենից, ամեն:

Մի քանի տարի հետո վախճանվում է մեծ վարժապետ Հոհան Որոտնեցին. վերին կանչողը կանչում է իր մոտ, իմանում է իր վախճանը, ուստի իր բոլոր աշակերտներին կանչում է իր մոտ, նրանց, ովքեր մտել են կուսակրոն քահանայության կարգի մեջ, օրհնում է բոլորին: Բոլորի համաձայնությամբ սուրբ Գրիգոր Տաթևացուն կարգում է իր տեղը, որովհետև գիտեր իր վերջին հրաժեշտը աշխարհից, ուստի կամենում է գնալ բոլորի հույսով, որի համար խոսում է մխիթարական և խրատական բաներ և վերջին ողջույնն է տալիս և այն խոսքի հետ կնքում է իր ցանկալի կյանքը և խաղաղվում այս կենցաղի ծփանքից:

Ըստ աշակերտների հետ որոշված կտակների՝ մեծ հանդեսով աշակերտների դասերը, մեծամեծ իշխանների, քանի քանիսի, քահանաների, հոգևորականների և շատ ուրիշների խմբերը վերցրին սուրբ մարմինը և գնացին Գողթնյաց երկիր՝ Երնջակի սուրբ Կարապետի վանքը և այնտեղ մեծահանդիսական բազմությամբ՝ հոգևորականներ ու մարմնավորականներ, սաղմոսներով և օրհնությամբ, պատարագի սրբազան արարողությունից հետո աստծո անմահ գառին ամփոփեցին: Սուրբ տապանի վրա ընթերցել են սուրբ Գրիգոր Տաթևացու հորինած ճառերը, նրա սրբասնյալ մասունքի վրա շինեցին [ինչ-որ բան], որ ողբերգական եղանակով արդարև կակղացնում է վեմերի բնույթը. սուգը համակել է բոլորին: [Հանգուցյալին] ամփոփեցին առընթեր ճգնազգյաց վարդապետ Մաղաքիա Ղրիմեցու սուրբ տապանին: Սա ևս մանկությունից ուսանել է մեր մեծ վարժապետ Հոհան Որոտնեցու մոտ. իրենց մարմնի հանգստյան արժանացան միմյանց հետ արած կտակներով:

 

ԱՐԴՅՈՒՆԱՎՈՐ ՎԱՐԴԱՊԵՏ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑՈՒ ԴԱՐՁԸ

Գերիմաստ վարժապետ Հոհանի սուրբ մարմինն ամփոփելուց հետո սուրբ Գրիգոր Տաթևացին վերադարձավ Որոտնեցու վանքը, որովհետև կամենում էր այնտեղ մնալ մինչև իր կյանքի վերջը, քանի որ հոգևոր ծնողի տեղը բարվոք էր համարում, քան եդեմական դրախտը: Բայց գործի ընթացքը և բանի վերջը ինչ-որ անհարմար եղանակով պիտի անցներ, քանի որ սուրբ Տաթևի վանքում երեք ուսումնարան ուներ, մեկում ուսուցանում էր նախկին երգիչ վարդապետների երաժշտությունը՝ քաղցրալուր ձայնի եղանակով, մինչև անգամ ամեն երկրից և քաղաքներից գալիս, պարապում էին նրա մոտ, մյուսում՝ պատկերահանության նկարագրություն և զանազան նկարչություններ: Եվ մեկում էլ՝ ներքին և արտաքին գրքեր, մասնավորապես հին և նոր կտակարանները՝ ներքին և արտաքին մեկնաբանությամբ ու թարգմանությամբ. որպես թե հորդաբուխ աղբյուր էր ելնում նրա բերանից՝ ախորժական և քաղցրալուր բառեր, խոսքեր. ոռոգում էր կարոտյալների հոգիների երաշտացած անդաստանները:

Նույն ժամանակ մեր այս երկրում վրդովում՝ խառնակություն եղավ. իսմայելյան ազգերը ելան՝ աշխուժացան: Տեսնելով երկրում [ծագած] խառնակությունը՝ վերցրեց իր աշակերտներին, ինչպես նաև Սորբեցի Սարգիս վարդապետի աշակերտներին, որոնք վարդապետի մահից հետո գնացել էին սուրբ Գրիգոր Տաթևացու մոտ՝ ուսանելու թե՛ գրքերի և թե՛ կրոնավորության թերին ու պակասը: Սրանք բոլորը վարդապետներ էին. թեև գրել էր հատկապես նրանց անունները, բայց ես ավելորդ համարեցի մեկ առ մեկ կոչել նրանց անունները, որովհետև աշակերտներն են թե այլ բաների տեր, կարևոր էր գրել. աշակերտներն են, թող լինեն աշակերտներ:

Վերցնելով նրանց բոլորին՝ մեր ՊԺԸ-818 (1369) թվականին գնաց Քաջբերունի երկիրը՝ Մեծուփա ուխտը՝ իր հոգևոր եղբայր արճեշեցի Հոհան վարդապետի մոտ. սա սուրբ ուխտի առաջնորդը և վանահայրն էր, որը վարդապետական իշխանություն էր ստացել իր Հոհան Որոտնեցի մեծ վարժապետից և գավազան՝ Գրիգոր Տաթևացուց:

Նույն տարում ավարտվեց աստվածածին Սրբուհու տաճարը: Վաղուց միմյանց հետ դաշնադիր էին ավարտելուց հետո գալ տաճարի հանդիսությանը, բայց Գրիգոր Տաթևացին պատահմամբ ինքը եկավ, իսկ սուրբ Հոհան վարդապետը մեծ սիրով ընդունեց նրան և ընկերներին, այսինքն՝ աշակերտներին: Բայց Հոհան վարդապետը՝ իբրև հարազատ որդի, հպատակվել էր Գրիգոր Տաթևացուն և նրա հետ եկածներին, որոնք ավելի քան ութսուն հոգի էին, որոնցից քսանչորսը գավազանակիր վարդապետներ էին, մյուսները՝ հիմնավոր և հաստատված աբեղաներ ու կրոնավորներ: Տաճարը օծելիս մի բան մեջտեղ ընկավ: Նույն ժամանակ Աղթամարի կաթողիկոսը կապված և նզովյալ էր Արճեշի կողմում՝ Բզնունիքում: Նրանց խնդրանքով Գրիգորը մինչև հանդեսն անցկացնելը նախ երկիրն ազատեր այն կապանքներից, ապա կատարեր օծման կարգը: Այդ նպատակով բազում անգամ վարդապետներ ուղարկեց տաճարի տոնահանդեսին՝ հրավիրելու կաթողիկոսին, բարձրագույն աստիճանի պատվելու և հնազանդ(վ)ելու Էջմիածնի սուրբ Աթոռին: Այն ժամանակ չէին կամենում հնազանդվել Գրիգորի սուրբ Աթոռին՝ մեր լուսավորչին: Սրբի հրավիրումներով երբեք չէին կամենում գալ: Բայց նա՝ սուրբ Գրիգորը, կրկին հրավիրակներ էր ուղարկում, թերևս օրենքին՝ հավատին հնազանդվել և մեջտեղից վերացնել տհաճ անիրավությունը: Բայց նրանք հաստատ և համառ մնացին նախկին չարախոհ համառության մեջ, չկամեցան գալ սուրբ Գրիգորի տեսության. համայն աշխարհը կարոտ էր նրա տեսության, նրա դեմքին և խոսքին: Բայց նրանք, փոխանակ տեսության և կարոտության սկսեցին հայհոյել: Դրա համար սուրբ Գրիգորը բարկացավ, կրկին բանադրեց՝ նզովքով Աղթամարին կապեց նրա հնազանդյալներին՝ տասնյոթ գլխով: Ապա նրանց կապանքներից ազատեց Արճեշը, Բզնունիքը և նրանց բոլոր սահմանները: Եվ սկսեց գիշերապաշտմամբ սաղմոսներով, օրհնությամբ և կրոնավորների տքնությամբ մինչև առավոտ [սթափ գործել], իշխանների, մեծամեծ մարդկանց և պարկեշտ, խելացի կանանց բազմություն եկավ, մանավանդ շրջակա վանքերից՝ վարդապետներ և կրոնավորներ, հավաքեց այնտեղ տաճարի տոնահանդեսին: Եվ սկսեցին կատարել օծման և օրհնության կարգը աշխարհախումբ բազմությամբ:

Բայց սրբազան արարողությունից և մի քանի օրից հետո լուր եկավ. իսմայելյան ազգի միջոցով երկրում խառնակություն է տիրում: Հոհաննես վարդապետը աղաչում է Գրիգոր Տաթևացուն, թերևս, մնալ այնտեղ, և նա ընդունում է նրա խոսքը. այնտեղ՝ սուրբ նորաօծ վանքում, մնաց ևս մի տարի, կատարելագործեց նրանց ամենայն թերությունները, քանզի սուրբ Գրիգոր վարդապետի հայրը Արճեշի կողմերից էր:

Մի տարվա ավարտից հետո սուրբ Գրիգորը գնում է Էջմիածնի սուրբ Աթոռը և սուրբ աստվածամուխ Գեղարդի երկրպագելուց հետո վերստին վերադառնում է սուրբ Ստաթեի վանքը: Կարճ ժամանակ մնում է բարվոք ապրելակերպով. ըստ հոգու ազդեցության իմանում է մահվան օրը, որի համար իրեն շատ պնդապահությամբ՝ պինդ, կայուն պահելով, մարմնի ճաշակումով և մեր կենարար արյան պահպանումով իր մոտ է կանչում իր բոլոր աշակերտներին, օրհնում է բոլորին ամենաօրհնված բերանով և խոսքերով հանձնարարականներ՝ բոլոր միաբան աշակերտներին և այլոց, [ամենը] ավանդում է Առաքել վարդապետին՝ իր հարազատ արյան՝ քույր Մարիամի որդուն:

Եվ ապա տիեզերական արեգակից ճառագայթ է արձակվում, լուսափայլ հոգին նվազում է, որովհետև իր ցանկալի կյանքը կնքված էր. հանգչում է այս ծովածուփ կենցաղի ծփանքից: Սիոնում թողնելով գրավոր վաստակը անխոնջ աշխատասիրությամբ՝ մեղվի պես թռել է դաշտերի և լեռների ծաղկավետ տեղերը, հավաքել իր մոտ, հոգու հյութերը բաշխել քաղցրաճաշակ կարոտյալներին և փափագողներին: Կարող եմ ասել՝ հին և նոր կտակարաններից համեղագույն խոսքեր հանելով և փնջելով՝ դնում էր ուսումնակարոտ անձանց և այլ կարոտականների հոտոտելիքներում, իսկ ինքը, իր բերանն առնելով վաստակածների վարձը, Նոյյան աղավնու նման թռավ իր բունը՝ երկնքում, ամենախնամ հոր մոտ, և նա բռնեց երկու թևերից՝ հանուն ընկերոջ և աստծո սիրո և դրեց հանգստյան տապանում՝ երկնքի յոթ տեղանոց տապանում, որտեղ կան հավաքված և խաղաղացված արդյունավոր վարդապետներ:

Իսկ այժմ ես պիտի ասեմ հետո գտնված մի քանի այլ բանի մասին:

Որպես թե սուրբ Հոհան վարդապետը սուրբ Գրիգոր Տաթևացու հետ գնացել է Արարատ երկիրը սուրբ Գեղարդի երկրպագության համար: Նույն տարում, ասում են, վախճանվեց սուրբ Գրիգորը, և նա՝ Հոհան վարդապետը, չկարողացավ հասնել իր վանքը. այնտեղ՝ Էջմիածնի սուրբ Աթոռում, վախճանվեց և ամփոփվեց նրանց միաբանների շարքում: Այս բանը առանց վերին տեսչության չի եղել, քանի որ արտասվաթոր աչքով միմյանցից անջատվելիս որպես թե Գրիգոր Տաթևացին մարգարեական հոգով իմացել է՝ ասելով. «Նեղյա՛լ եղբայր, կարծեմ թե, կարող ենք շտապ միմյանց արժանավորել հավիտենական հանգստությամբ միակ հոր  օթևաններում, որովհետև արդեն մարմնով հրաժարվելու ժամն է»: Այս ասելուց հետո, լալով և մորմոքով միմյանցից հրաժարվելով, գնացին: Նույն տարում վերին աշխարհի ողջերի քաղաքում երկուսն էլ միմյանց տեսության արժանացան՝ ըստ գուշակության սուրբ Գրիգոր Տաթևացու….

 

ԼԻՄԱ ԱՆԱՊԱՏԻ ՄԱՍԻՆ, ԹԵ Ո՞Վ ՍԿԶԲՆԱՎՈՐԵՑ ԽՍՏԱԿՐՈՆՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՄ ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՎ ՍԵՆՅԱԿՆԵՐԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ. ՎԱՂՎԱՆԻՑ ԽԻՍՏ ԿԱՐՈՏՈՒՄ ԷԻ ԻՄԱՆԱԼ ԵՎ ՏԵՂԵԿԱՆԱԼ ԱՅՆ ԿՂԶԻՆԵՐԻՆ

Մի գիր գտնվեց՝ արտագրված այլոց ձեռագրերից՝ ոմն Ներսես վարդապետի [ձեռագրից], ծաղկաքաղ արեցի Արիստակես վարդապետի ձեռագիր պատմագրությունից: Բայց թվականությունը վեր ի վայր, միմյանց անհամաձայն է դրված. փոքրը առաջ է դասված, մեծը՝ հետ: Թեև իմ կարոտության հասա, սակայն անտեղի գրության համար մի փոքր տրտմեցի: Իսկապես գրության ընթացքից երևում է, որ անհմուտ լինելու համար մեղադրելի չէ. գրության ընթացքում՝ տարբեր տեղերում, զարդարուն է երևում բառերից և տառերից, մանավանդ իմաստներից և շարադրություններից, թե [գուցե] նախկին շարադրողը իմաստնագույն է եղել՝ ունենալով եղիշ(ե)ական հոգի, բայց երկրորդը՝ տխմար՝ իբրև ես, և անտեղյակ արվեստներին, որպես թե կամենում էր բարի անուն թողնել աշխարհում: Դրա համար նրան մեղադրելի չէ, [որովհետև] ըստ յուր կարողության չափի է բեռ վերցրել և իր ուսը չի դրել անտանելի ծանրության տակ, որպեսզի չփշրվեն ոսկորները:

Դառնանք մեր խոսքի շարադրանքին:

Եվ ես, ըստ իմ կարողության, հանեցի և թողեցի գաղտնի իմաստները՝ ի վեր ցույց տալու հնասեր և ընթերցասեր կրոնավոր եղբայրներին և այլոց: Մեր ՌՀ-1070 (1621) թվականին գրում է նախ ընդհանուր աշխարհի մահվան մասին և ապա մեր գրության շարքը [նշում]: Եվ մենք այն թողնում ենք վերջին:

Մեր նույն թվականին ոմն Ներսես վարդապետ՝ գերիմաստ և անհաղթ փիլիսոփա, Բեղլու կոչված՝ նրա ահարկու դեմքի, ձայնի և խոսքի համար, հիշատակում է, թե հավաքել է բազում կրոնավորյալ եղբայրներ, այնպիսիք, որոնք ունեն կատարյալ առաքինություն և համբերություն, ավելի քան յոթանասուն հոգի՝ սովորած աստվածային և հոգեկան գրքեր և Աստվածաշունչ գրքի տառերը՝ միայն ունենալով կրոնների մենակեցության թերությունը և անապատականների պնդապահությունը (պահքի հաստատակամությունը): Ուստի [պետք է] քննել կրոնավորների բոլոր վայրերը, գտնել և անապատականներին, թերևս կարողանան կրոնավորներից և միանձանց ճգնավորներից լավագույններին ձեռք բերել:

Բայց նույն ժամանակում խստակրոնության, զարմանալի պահեցողության և տքնության համբավը (լուրն) ընկավ ամբողջ աշխարհը՝ [շրջապատն ու միջավայրը] Տաթևի Մեծ անապատի, որ գտնվում է նույն վանքի արևելյան կողմում՝ Որոտան գետի ափին՝ վանքի խորին տեղում, աջ և ահյակ կողմը կամ առաջակողմը և թիկունքին նույնպես բարձրագո լեռներ են ծաղկավետ, նրա շրջապատը՝ ծառատունկեր պտղաբեր: Բացի գետի հորդահոս հորձանքներից, վերևից՝ արևմտյան կողմից, խոխոջելով քաղցրահամ ջուր է գալիս և անցնում մեծ անապատի առջևով, երևում են կրոնավորների աշխատանքի և ծառայության տեղերը. կա և մնում է ցանկապատված վայրը, քաղցրահամ գետը լի է ձկներով, և գետն ինքը, անդնդային նեղ ջրանց բացելով, որոտալով գնում է թափվում մեծ Երասխ գետը, որ պարսից տերության սահման է: Նույն գետի եզրին՝ տափարակ տեղում, շինված է սուրբ եկեղեցին և առջևում՝ գեղեցկագույն գմբեթ՝ քանդակված ողորկ տաշված քարերով, որպես թե շինված է միակտուր քարով, քարաշեն եկեղեցին ամբողջությամբ կա և մնում է տակավին:

Այս ամենը քննելով և տեսնելով՝ այն Ներսես վարդապետը տեսավ նաև նրանց պնդապահությունը և առավ ընկերներին, այնտեղ մտավ վանքը՝ ուսանելու և ուսուցանելու միանձնացյալ անձանց կարգապահությունը, որն ինքը շատ առաջ ուզում էր յուրացնել, քան առավելապես այն տեսնել: Դրա համար այնտեղ մնաց հինգ տարի՝ սովորելով հրետակական վարքը և կրթելով բոլոր աշակերտողներին և ընկերներին՝ նույն վարքն ու բարքը՝ որպես անմարմինը մարմնի մեջ կառավարող: Եվ երբ տեսավ, որ իրենց կամքով ստացել են միանձնացած անձանց վարքը, Ներսես վարդապետը յուր միաբաններով հանդերձ մեկուսացավ և նրանց հետ խորհուրդ արեց առանձնակի պատրաստել իրենց տեղը: Այդ մասին հայտնեց հայր վանահորը, թե նա իսկապես գիտե, որ իրենց կողմից տրված աղոթքով սրանք ստացել են իրենց կարոտությունը, և մնում է հայտնել այդ սրբությունը, որ արձակի իրենց այդտեղից՝ օրհնելով սուրբ բերանով, որ թերևս կարողանան իրենց համար առանձնակի տեղ գտնել, ինչպես նաև՝ կրոնավորների համար հավիտենական բնակարան:

Ըստ վանահոր ընդունելուն օր որոշելով՝ հնությունները վերցրին և արտասվալից աչքով այն եղբայրներից հրաժարվելով, գնացին աղոթքներով, որպեսզի տիրոջ օգնությամբ  գտնեն իրենց փափագած տեղը: Արդարև տիրոջ հրեշտակի առաջնորդությամբ գնացին, հասան Վասպուրականի երկիրը, շրջեցին լեռներում և անապատներում, բոլոր տեղերը, բայց եկան, պատահեցին Լիմա կղզուն՝ Վանա ծովակում:

Երբ աստծո նախապատրաստած տեղը շրջեցին, մի կղզու և եկեղեցու միաբանների կացարանների ու սենյակների տեղերը նշանակեցին և լավ համարեցին այնտեղ մնալ առանց օթևանների, քան կրկին ելնել [այդտեղից]: Դրանից հետո Բեղլու կոչված Ներսես վարդապետը ելնում է շրջակա հայոց գյուղերի բնակիչների մեջ և այնտեղ հայտնում իր կամքը՝ ծանուցելով մեծ իշխաններին և ունևորներին՝ բոլոր կերպի հանգամանքներով օգնել շինությանը: Եվ ձեռնատվությամբ ու ջերմեռանդ սիրով օգնություն ձեռնարկելով՝ նախ սկսեցին եկեղեցու հիմքը գցել՝ հանուն սուրբ Գեորգ զորավարի: Մեծ տանջանքով ու վաստակով միաբանների միջոցով ավարտվեց շինությունը, օծեցին այն և անունը կոչեցին սուրբ Գեորգի եկեղեցի: Դրանից հետո հետզհետե սկսեցին շինել միաբանների սենյակները և այլ կառավարիչների կացարանները: Ըստ բարի համբավի և ճգնավորական աշխատանքի՝ նրանց անունը տարածվեց բոլոր գավառներում և քաղաքներում, գյուղերում. ամենքը սիրում էին նրանց և նվերներ, պարգևներ, նրանց հարկավոր ամենայն պիտույքները բերում և բաշխում էին:

Երբ բոլոր կողմերից լսեցին նրանց անունը, սկսեցին շարժվել և գալ ծովային կղզում խառնվել նրանց շարքին: Միաբանությունը, ամեն կողմից բազմանալով, բազմանում էր, այդպես էլ միանձնացած անձանց և կրոնավորների կարգը խարանազգյաց եղավ (խիստ ընդգծվեց), օրըստօրե ծանրացնում էին, մշտարթուն հսկողությամբ տքնում. զարմանալի ճգնողությամբ էին անցկացնում իրենց կյանքը:

Ո՞վ կարող է սա իսկությամբ գաղտնածածուկ պատմել՝ կրոնական կարգում նրանց վանքն ու պնդությունները. այսպիսի խստամբերությամբ տանում էին իրենց կրոնավորության ընթացքը մի քանի տարի: Եվ սրանից հետո ծերության չափին հասավ վանքերի մեծ աբբահայր, գերիմաստ վարդապետ Ներսեսը: Արդարև հասել էր ժամը, որ նա փոխվեր այստեղից երկնային խորանները, ուր սրբությունների հավաքներն են, և հանգչել չարչարանքների անհանգիստ նեղսակրությունից և մարմնի ճգնությունից: Դրա համար իր մոտ է կանչում բոլոր կրոնավոր աշակերտներին, օրհնում է բոլոր եղբայրներին և ամենը կատարելու գործը տալիս է երկու վարդապետների՝ Մելիքսեթիկի և Ստեփանոսի ձեռքը և ինքը շնորհակալությամբ պառկում կողքի: Նույն օրը կնքում է յուր լուսապայծառ կյանքը և հանգչում ծովի բազմապտույտ ալիքներից և այս կենցաղի ծփանքից:

Այն օրից մինչ այսօր միաբանները կղզում են, նրանց նախկին հսկողական տքնությունից տակավին իրենք կրում են նույն առաքինության լուծը և իրենց կյանքը անց են կացնում բարի վարքով: Եվ տերը թող նրանց հաջորդներին տա նույն համբերությունը մինչև այս աշխարհի վերջը, բարի անունը ժառանգել այս թեմի միանձնացած անձանց կրոնից և լինել հայկազյան այս տան մշտավառ ճրագներ, նրանց կնդրկահոտ, անուշահամ աղոթքներից և մաղթանքներից տարածել ամբողջ հայաստանցիների երկրում ու բոլոր թշնամիների համար մնալ [իբրև] երևույթ և աներևույթ խաղաղ ու անդորր տալ ամենքին, եթե հնար կա, նույն երկնառաք համբերությունը [տալ նաև] անմարմնականներին: Իսկ մենք նրանց հետ այստեղ մարմնական վշտերով շարունակում ենք մեր կյանքը և այնտեղ՝ հոգեկան պայծառությամբ, որտեղ փառաբանում ենք Հորը, Որդուն և սուրբ Հոգին, ամեն:

 

ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՄ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՂՆԵԼՈՎ՝ ԱՐԺԵ ՃԱՌԻՍ ՎԵՐՋԸ ՀԻՇԱՏԱԿԵԼ ԸՍՏ ՆՐԱՆՑ ԳՐԱԾՆԵՐԻ

Մեր ՌՀ-1070 (1621) թվականին որպես թե եկել է տարաժամ մահը, տարածվել ամբողջ երկրում, նրանից ազատվել չկար. արևելքից մինչև արևմուտք սփռվել էր սաստիկ մահը, և մեկը չէր կարող պատմության մեջ անցկացնել եղած վնասաբեր իրողությունները. այն անխնա կոտորում էր բոլոր նահանգներում, քաղաքներում և գյուղերում՝ թե՛ հանդերում և թե՛ լեռներում, քարածերպերում և լեռնախորշերում: Ողորմելիները փախան ընկան այնպիսի տեղեր, որոնք շատերի գերեզմաններ են, անթիվ անձինք երկնքի թռչունների և անապատի գազանների կեր եղան: մահաբեր քնից հետո խնդիր արին, որ կենդանի մնացածներից յուրաքանչյուրը կարողանա գտնել ընտանիքը և ազգականների կամ ծնողներին և ծնվածներին: Բազմաթիվ աշխարհականներ իրենց բարեհոգի վարձի համար գերեզմաններ էին կտրում, հանում գետնին ընկած դիակների համար՝ քառասուն կամ հիսուն քայլաչափ, և դիակները նետում էին նրա մեջ, հազիվ ծածկում հողով: Այս ամենն անում էին առանց քահանայի կարգակատարության:

Այսպիսի հատուցում ունեցավ մահը: Քրիստոսին փա՜ռք հավիտյանս, ամեն:

 

ՆՈՒՅՆ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ [ՀԵՂԻՆԱԿԸ] ՊԱՏՄՈՒՄ Է ԱՂԹԱՄԱՐ ԿՂԶՈՒ ՄԻԱԲԱՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ՝ ԷՋՄԻԱԾՆԻ ՍՈՒՐԲ ԱԹՈՌԻ ՀԵՏ [ՈՒՆԵՑԱԾ] ՀԱԿԱՌԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. ԸՍՏ ԳՐՈՒԹՅԱՆ ԵՐԵՎՈՒՄ Է, ՈՐ ՀԱԿԱՌԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՇՈՒՏՎԱՆԻՑ Է

Հայոց ՌՃԺԱ-1111 (1662) թվականին սկզբնաներհակ (առջևից դեմ գնացող) չար բանսարկուն սկսեց գրգռել իր գործակիցներին ու համախոհներին բազմահնար թակարդների ծուռ քայլերով, ինչպես դա տեսանելի է Աղթամարի միաբանության և նրանց կաթողիկոսի մեջ. արդարև ցորենի մեջ սերմած որոմը արմատների արդյունարար բերքը խեղդում է՝ շնչահեղձ անում: Ըստ իրենց վաստակաշատ, քրտնաջան աշխատանքի՝ հունձքի ժամանակ կապում են դիվային խրձեր, հասցնում դատաստանի և նետում անշեջ կրակի մեջ:

Անցնենք մեր պատմության շարադրանքին:

Հիշատակում է, թե նրանք շատ վաղուց նզովքով որոշել և ծանրագին անեծքներով մեր թվականության 563-ին (1114թ.) Կաթողիկոս Գրիգորոսից փակել են [դռները] (՞): Հենց նույն թվին նրանք չարագույն հակառակություն էին բարձրացրել. երբեք չհնազանդվել սուրբ Մայր Աթոռին՝ մեր Գրիգոր Լուսավորչին: Ավելացնենք նաև՝ բացի չարությունից բազմաթիվ կաշառքներ են տվել Վանի քաղաքապետին, որին Փաշա են կոչում, ութ հարյուր ընտիր ոսկի Աղթամարի գլխավոր կառավարչի ձեռքով (իր տեղում կնշենք նրա անունը) տվեցին, և ապա այնտեղ բողոքականները գանգատվեցին Էջմիածնի սուրբ Աթոռից և հայրապետությունից՝ ասելով, թե հայոց ազգի նախկին Աթոռը մեր Վասպուրականի երկրում Աղթամարն է, նաև Վան քաղաքը՝ իր գավառներով, Բաղեշը՝ յուր սահմանները, ըստ նախկին սովորության՝ պետք է մնան Աղթամարի տեսչության և հոգևոր իշխանության տակ. կաշառատու անձանց խոսքին համաձայնեցին և պահեցին նրանց կողմը:

Բայց չկարողանալով վստահանալ և հրամանագիր տալ Աղթամարի իշխանության տակ մնալու համար՝ գրեց այլ թուղթ՝ ընդունելու և համաձայնության խոսքերով և տվեց նույն բողոքականների ձեռքը և ուղարկեց Կոստանդնուպոլիս՝ թագավորությանը, բայց կողմնապահությամբ և արդարությամբ: Գրության պատճենն այս է, թե «Իսկ և իսկ արժե լսել այդ գանգատավորների ձայնը Էջիածնի Աթոռի մասին, քանզի ըստ մեր և մեծամեծ արժանահավատ անձանց քննության՝ Վասպուրական երկիրը Աղթամարի սեփական թեմն է ու կալվածքը»:

Այս թուղթը գրեց և տվեց բողոքականների ձեռքը և ուղարկեց Պոլիս. երբ հասնեն այնտեղ, թուղթը տան թագավորի ձեռքը: Բացելով թագավորն ընթերցում է, ապա քննությամբ խորհրդակիցների հետ միասին գրում են հրովարտակ Վասպուրական երկրի իշխանների, մեծամեծ իշխանազունների, գավառապետերի և քաղաքապետերի վրա՝ հլու և հնազանդ մնալ (հպատակ լինել. իրենք ևս) ոչ Էջմիածնի Աթոռին, այլ այսուհետև՝ Աղթամարի:

Ըստ գրության Վանա փաշային շտապ վերադարձրեց բողոքականներին՝ թագավորական հրովարտակով հանդերձ, Վան քաղաքում մեծ ուրախություն էր: [Հրովարտակը] տվեցին փաշայի ձեռքը, ընթերցեց այն և նույն վայրկյանին հրաման արձակեց Բաղեշ քաղաքի և նրանց սահմանների վրա՝ տանել այն թուղթը և հրովարտակի պատճենը, կարդալ և հրատարակել, թե այսուհետև ոչ ոք չհամարձակվի հիշատակել սուրբ Էջմիածնի Աթոռի անունը, այլ միայն Աղթամարինը:

Այս հրամանը և հրովարտակի պատճենը առան գնացին Բաղեշ քաղաքը և իրենց համախոհների ու կողմնապահների հետ շատ ուրախացան: Արդարև այստեղ պետք է ասել, որ հավաքելով հրեաների, կշռեցին ահագին արծաթ և տարան Պիղատոսի մոտ: Եվ այստեղ գրոհ տվին ամենքը՝ տանուտերերը, ազնվազարմերը և նրանց ստորին բոլոր հպատակները: Հազարավոր մարդիկ հավաքեցին նույն քաղաքում, որպեսզի արքունի և փաշայի հրամանը ընթերցեն, հասցնեն նրանց ականջին: Երբ հավաքվեցին, սկսեցին կարդալ և սաստել բոլորին, որ ոչ ոք չհամարձակվի այսուհետև հիշատակել Էջմիածնի սուրբ Աթոռը, այլ միայն Աղթամարի անունը:

Նույն ժամանակ Էջմիածնի սուրբ Աթոռի միաբան Մեսրովպ վարդապետը գտնվում էր այնտեղ՝ նույն Բաղեշ քաղաքում՝ առաքված նվիրակ ըստ վաղեմի սովորության, որին Փիլիպոս կաթողիկոսը ձեռնադրել էր վարդապետ, տվել իրավունք գավազանի: Նա գիտնական էր և գերիմաստ ճարտասան, լսելով այս ամենը՝ զայրացավ աստվածային բարենախանձ հոգով, որովհետև տեսնում էր որդիներին մոր լույսից հեռացված, շվարում էր մտքում և վառվում նախանձով, չգիտեր՝ որտեղից կարող է գտնել ելք ու հնար, թերևս համոզել որդիներին կամ վերադարձնել իրենց մոր մոտ: Ի վերջո անճարացած՝ մաղթանքներով, արտասվաթոր աչքերով և աղոթքներով դիմում է բազմաչարչար կենդանի նահատակ, հայաստանցիների սուրբ Գրիգոր Լուսավորչին, թերևս կարողանա համոզմունքի հնարներ գտնել և այն անարգանքի վճիռը մեջտեղից վերացնել: Ուստի վստահելով աղոթքներին և մեր հայր սուրբ Գրիգորին՝ կամեցավ մտնել նահատակության նույն հանդեսը և բոլորին ծանուցել իր կամքը:

Նույն ժամանակ իր մոտ էր գտնվում Դավիթ վարդապետը՝ իր բոլոր գործերի օգնականը, ուրիշները ևս տեղական իշխաններից և վարդապետներից. նրանցից ինչ-որ երկյուղ ուներ, որի պատճառով սիրահորդոր խոսքերով քաջալերում էր նրանց՝ գոնե մի անգամ թիկնապահ լինել: Հաջորդ օրը մտավ քաղաքի հրապարակները և փողոցները, ճանապարհների անցքերը, քարոզչական խոսքերով և սուրբ վարդապետների պատմագրերի վկայությամբ հաստատում էր մեր սուրբ Գրիգոր Լուսավորչի Աթոռը, թե ամենքի մայրն է, մանավանդ Զենոբի պատմագրությունից [է հայտնի], որովհետև ժամանակակից էր նրան:

Երբ բողոքականները տեսան Մեսրովպ վարդապետին՝ վառված եկեղեցուց ունեցած նախանձով, ատեցին և արտաքսեցին ժողովրդից: Ողորմելին անճարացած չգիտեր՝ ուր օթևան կունենա: Ի վերջո գնաց տաճկաց քաղաքի մեծամեծ իշխանների մոտ և խնդրում էր իջևանելու տեղ, իր հետ տանում էր Դավիթ վարդապետին և ուրիշների: [Տաճիկները] ըստ նրանց արժանավորության տալիս են սենյակներ օթևանելու համար, նկատում են նրանց վեհանձնավորությունը և իրենց բնական սովորությամբ ըստ արժանվույն տալիս են պատիվ ու հարգանք:

Նա կրկին մտնում է քաղաք և ամեն տեղ խրատում և ուսուցանում էր հեռու մնալ այնպիսի սնոտի կարծիքներից, կամաց-կամաց սկսեց համոզել ժողովրդին, բացել նրանց մտքի տեսողությունը: Եվ նրանք ըստ խորհելուն և ըստ գրքերի տեսնում են իրենց՝ ընկած չարի խաբեության ու պատրանքի տակ: Դրա համար սկսեցին նոր ի նորո մահաբեր քնից զարթնել և տեսնել մեր մոր լույսից հեռացած ու մեր բազմաչարչար հոր՝ մեր սուրբ Գրիգոր Լուսավորչի երախտիքը մոռացած: Նաև քարոզության ժամանակ Մեսրովպ վարդապետը ծանուցեց նրանց, որ առաջնային է էջմիածնի սուրբ Աթոռի մեր սրբազնակատար հայրապետներից նզովքով կապանքները հեռացնելը՝ մեր ՇԿԳ-563 (1214) թվականին. ով հնազանդվի Աղթամարի կաթողիկոսին, նեստորի և բոլոր հերձվածողների հետ [նրանց] դասն է շարունակում, որովհետև իր կամքով ուրանում է մեր սուրբ Գրիգոր Լուսավորչի Աթոռը, որը ողջ հայ ազգի և սերունդների մայրն է:

Գերիմաստ վարդապետ Մեսրովպի այս խրատական խոսքերին արդարև ամենքը համաձայնեցին սուրբ Գրիգոր Լուսավորչի երախտավորությունը չկորցնելու համար: Եվ դառն լծի, լուսավորչադիր հավատի ներքո անցկացնելով իրենց պարանոցները՝ հնազանդվեցին Էջմիածնի մեր սուրբ Աթոռին թե՛ ժողովուրդը, թե՛ իշխանները կամ հոգևորական բոլոր դասերը, ամենայն մեծամեծերն ու փոքրերը. կարող եմ ասել՝ այնպիսի հրաշքի ծագումն ու շարժումը երկնքից են եկել: Դրա պատճառով միջնորդությամբ և օգնականությամբ Ավդալխանի՝ մեջտեղից արտաքսեցին չարախոհ և հակառակ անձանց և աքսորելով ղեկավարում են մինչև իրենց սահմանները:

Բայց նրանք, վառված չար նախանձով, երբեք չէին կարողանում դադարել չար ու դիվական փորձանքի հորդորներից և գտնել իրենց հանգիստ քունը: Դարձյալ կրկնելով չարագործությունները՝ սկսեցին միմյանց գրգռել. ի՞նչ պետք  ունի ավել խոսել: Երկու տարվա ընթացքում յոթ անգամ եկան Բաղեշ քաղաքը՝ Աղթամարի կաթողիկոս Մարտիրոս Փշրուկ (՞) անվանյալը, Զորհակ վարդապետը, Մովսես Գոզալյան եպիսկոպոսը, Շեկ անվանյալ մի անիծակուր և ոմն պիղծ, որի անունը Մելիքսեթ է կոչվում և Հոհաննես Տավուշացը: պատճառով միջնորդությամբ և օգնականությամբ Ավդալխանի՝ մեջտեղից արտաքսեցին չարախոհ և հակառակ անձանց և աքսորելով ղեկավարում են մինչև իրենց սահմանները:

Բայց նրանք, վառված չար նախանձով, երբեք չէին կարողանում դադարել չար ու դիվական փորձանքի հորդորներից և գտնել իրենց հանգիստ քունը: Դարձյալ կրկնելով չարագործությունները՝ սկսեցին միմյանց գրգռել. ի՞նչ պետք  ունի ավել խոսել: Երկու տարվա ընթացքում յոթ անգամ եկան Բաղեշ քաղաքը՝ Աղթամարի կաթողիկոս Մարտիրոս Փշրուկ (՞) անվանյալը, Զորհակ վարդապետը, Մովսես Գոզալյան եպիսկոպոսը, Շեկ անվանյալ մի անիծակուր և ոմն պիղծ, որի անունը Մելիքսեթ է կոչվում և Հոհաննես Տավուշացը: Այս անգամ գտնում էի ոչ ավել, քան քսան մարդ՝ բոլորը չարի նախանձով միաբանված: Թեպետ սրանք բոլորը անդադար աշխատում էին, բայց կարծում եմ, թե տակավին անմտությամբ գուբ (փոս) էին փորում՝ չիմանալով մարգարեական խոսքի իմաստը. ըստ Ամանի՝ ուրիշների փայտը կտրել է, բայց ինքը, նույն փայտից, խեղդամահ է եղել, սատկել:

Այստեղի ժամանակակից պատմիչը, որ և հենց նույն ժամանակ բոլոր անցած-դիպվածները պատմել է, եղած իրողությունների ականատես է եղել, ինչպես նաև Վասպուրական երկրում նրանց բնակության ականատեսը, որ ինքն իսկ նույն ներհակ անձանցից և հակառակորդներից բոլոր իրողությունները քննել և տեղեկացել է [նրանց]: Եվ սրանք խոստովանեցին իրենց մեղքերը, թե զրկվել ու դատարկվել են ունեցվածքից ու գանձերից, դարձել են տնանկ, հասել հետին աղքատության, այնքան կարողությունից զրկված մնացել. վերին բարկությունը հասել է իրենց վրա, անցել են իրենց կյանքի թշվառ կեցության, փշուր վատնելով կոտորվել են, անօրենները, մսխելով իրենց գանձերից, հասել են բարձրագույն աստիճանի, մեծության, դարձել նահանգների և քաղաքների տերեր: Իրենք հասել են դռնից դուռ հաց մուրողներին, մոլորվել ուղիղ ճանապարհից և վազել մոլորաշավիղ հետընթաց բավիղներով:

Ըստ իրենց նախկին թագավորների և նախարարների սովորության՝ եկավ բարեպատեհ ժամը օսմանի երկրի՝ ելնել այցելության Կոստանդնուպոլսից, և նույն քաղաքի փոխարքան ցանկանում էր գալ Բաղեշ քաղաքը և քննություն բացել Էջմիածնի և Աղթամարի վիճաբանության վերաբերյալ: Ըստ իր և արքայի կատարած խորհրդակցությունների՝ եկավ զանազան քաղաքներ և գավառներ՝ դատաքննությամբ բոլոր բողոքականներին հանդիպելու, և հասավ Բաղեշ քաղաքը, կանչեց բոլոր արժանահավատ անձանց, իշխաններին, հոգևորական դասերին՝ բոլորին մեկտեղ, և քննության անցկացրեց ըստ նախկին պատմագրությունների, թե ովքե՞ր էին տիրապետողները ամբողջ հայաստանցիների աշխարհում, և ո՞րն է Մայր Աթոռը, և որի՞ն են ծառայել, և ումի՞ց է ծագել իրենց հավատն այս: Բոլորը խոստովանեցին, թե. «Որդիներն ենք մեր մի մոր՝ սուրբ Աթոռի Էջմիածնի»:

Երբ տեսավ, որ հայոց այս տան և ամբողջ աշխարհի հայկական սեռի նախկին լուսավորության լուսավորիչը մեր սուրբ Գրիգոր Լուսավորիչն է, անբախտ դարձրեց նրանց. ըստ չար գործերի՝ կորստական որդիները կորան:

Դրա պատճառով Աղթամարը մինչև այսօր,- նշում է հեղինակը,- կա և մնում է նախկին երջանկահիշատակ կաթողիկոսների, սուրբ դասերի, ազնվասուրբ եպիսկոպոսների անլուծելի նզովքներով և անիծակուր կապանքներով [հագեցած] խոսքերի ներքո: Այնպես էլ նրանց հաջորդողները մինչև այսօր նույն համառության մեջ են: Զարմանք են հարուցում նրանց կողմից վարդապետական կարգ տանելը և մեր ուղղափառ եկեղեցու սրբազան արարողությունները կատարելը ու երկնային՝ աստվածային բարկությունից անվնաս մնալը:

 

ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՊԵՏԸ, ՈՐԻՆ ԵՐԲԵՄՆ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ ԵՄ, ԱՅՍ ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱԳՐԵԼ Է ՁԵՌԱԳՐԵՐԻՑ, ԲԱՅՑ ԶԱՐՄԱՆՈՒՄ ԵՄ, ԹԵ ԱՐԴԱՐԵՎ ՊԱՏԱՀԵ՞Լ Է, ՉԳԻՏԵՄ

ՌՁԵ-1085 (1636)թ. նախկին կաթողիկոսները (առանց նրանց անունները տալու) որպես թե մեր սրբազան Գրիգոր Լուսավորչին և սուրբ Հռիփսիմե կույսի մարմինը գրավ են դրել գետեզրին, թե ո՞ւր են, դրեցին, ո՞ւր դրեցին: Բայց կարճառոտ և մթին խոսքերի իմաստը ո՞րն է, չգիտեմ, որի համար պատմությունը ինձ համար կասկածելի և երկբայելի է երևում: Բայց խոսքի վերջում սակավ ինչ հավանական է երևում, որովհետև հաստատում է իր խոսքն ու ասածը, թե սույն թվականին սրբազնակատար Փիլիպոս կաթողիկոսը Լուսավորչի սուրբ աջը և Հռիփսիմեի մարմինը կենարար արյամբ ներկված բերեց վանքը, վերստին ամփոփեց, հնությունից [մնացած] տաճարը նախորդից ավելի գեղեցիկ նորոգեց և Լուսավորչի սուրբ աջը դրեց Էջմիածնի Մայր Աթոռին: Սույն ՌՁԵ-1085 (1636)թվականից սկսած՝ բազմացրեց եպիսկոպոսներին և վարդապետներին, ձեռնադրեց մինչև չորս հարյուր հոգու: Թե սա ինչ պատմություն է, որի ժամանակ պատմել է, մեզ համար անգիտելի է, նաև չեմ պատահել պատմության կամ գրականության. կարծեմ՝ ոչ ոք չի կարող սուրբ Հռիփսիմեի անշարժելի մարմինը շարժել կամ ինչպե՞ս գրավ դնել: Իմ տկարագույն մտքից շատ հեռու է երևում այդպիսի մարդկանց վստահությունը: Սա թող բարեխոս լինի սուրբ երրորդության մոտ շտկումներ անելիս, որից և մենք փառավորվում ենք, նա էլ մեր կողմից է փառավորվում. Մայր և Որդի և սուրբ Հոգի հավիտյանս հավիտենից, ամեն:

Շարունակելի

About The Author

Related posts

Leave a Reply