Նոյեմբերի 13, 2018

Առաքել վարդապետ Կոստանդյանց. «Արցախի պատմութիւն». Հավելված

Առաքել վարդապետ Կոստանդյանց. «Արցախի պատմութիւն». Հավելված

Սկիզբը այս էջում

Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ     Ա

  1. ԱՎԱՆԴԱՊԱՏՈՒՄՆԵՐ

Եկեղեցաձոր կոչված բնակավայրի ու

Օձաբերդ աշտարակի մասին

 

[Նկարագրվող] այս տեղերը բոլորովին անջատ կամ միմյանցից հեռու չեն, այլ մոտ և կից Հայաստանին, մի ձորակի դեպի հարավային կողմն ընկած, Դիզափայտ լեռան ստորոտում, Դիզակ նահանգում, որ հնում Հաբանդ էին անվանում, որովհետև մտնում էին Փոքր Սյունիքի մեջ:

Բայց բնակության տեղը միանգամայն լեռնային էր, օդը` պարզ, մաքուր և բուրումնավետ, ջուրը`սառնափայլ և առողջարար, դաշտերը` ծաղկազարդ և խոտավետ: Երկար տարիներ իսպառ անմարդաբնակ չի մնացել. մենակյացներ և անօրենների սրից փախած առանձին մարդիկ են բնակվել: Այժմ ևս այնտեղ բնակվում են Ղարադաղից եկած օտար գաղթականների 20 գերդաստան, որոնք այդտեղի սեփական բնակիչներ չեն [հավանաբար, այդ գաղթը տեղի է ունեցել 19-րդ դ. սկզբին, Իբրահիմ խանի իշխանության օրոք]:

Ավերակ բնակության տեղը մեծ տարածք ունի, ըստ արձանագրության` բնակչության թիվը հնում հասնում էր 1600-ի, որ և Սուրբ Գտիչ վանքի սեփական կալվածքն է: Վրթանես, Սարգիս եպիսկոպոսները նույնպես նույն բնակչությունից են, որոնք իրենց «հալալ» վաստակով կառուցել են սուրբ վանքը. սա ևս նշված է նույն վանքի արձանագրության մեջ:

Անցնենք մեր բուն պատմությանը և տեսնենք, թե ո՞ր թշնամիների ձեռքով է կատարվել [ողբերգությունը]:

Նախ  բոլոր մարդիկ գովում են նրանց բնակավայրը` եկեղեցու մեծությունը, որին հավասար եկեղեցի չկար այդ միջավայրում /Աղվանքում/, բայց [եկեղեցու] գլուխը ի սպառ ընկած է, իսկ պարսպի շրջապատը ամբողջությամբ մնում է: Հին ծերունիները, որոնք նրա բուն բնակիչներն են, նրա ավերածության պատմությունը այսպես են ներկայացնում: Քրդաց ազգը նրանց բուն թշնամին էր, որովհետև հայերը շատ էին և հաղթական, քաջ և անհաղթ, հաղթում էին և նեղում կամ նրանց մանուկներին ծառա էին դարձնում, որովհետև նրանց իշխանության տակ էին գտնվում: Օձերը դարանակալած, խորամանկորեն սպասում էին հարվածելու հնար գտնել, սակայն չկարողացան նրանց ինչ-որ վնաս տալ, մինչև որ վնասագործության բարեպատեհ պահը եկավ:

Հարցուփորձ անելով հավատացյալ մարդկանցից տեղեկացան, որ բոլոր հայերը Ծաղկազարդի տոնի գիշերը, ըստ նախնիների վաղեմի սովորության, իրենց եկեղեցում հավաքվում էին ժողովի` իրենց հավատը կատարելու:

Երբ տեղեկացան եկեղեցում հավաքվելու օրվան և գիշերվա ժամին այնտեղ ժողովվելուն, հավաքվեցին, համախմբվեցին անհավատ քրդերը ընդդեմ հայերի, բոլոր կողմերից զինեցին, պատրաստեցին անհավատ և արյունարբու մարդկանց, եկան մոտեցան նույն հայ բնակչությանը և թաքնված սպասում էին զանգահարության ձայնին:

Երբ լսեցին ժամկոչի ձայնը, լռած մնացին, մինչև հավաքվեցին եկեղեցում, [ապա] հանկարծակի դուրս ելան թաքստոցից և եկան պաշարեցին եկեղեցին: Մի մասը մերկ սրերով մտավ եկեղեցին, մի մասն էլ պահեց դռները. ո՞վ, Աստված, այստեղ գրիչս հիվանդանար և չգրեր անպատեհ գործած դեպքերի բոլոր մանրամասները:

Ճշմարտապես այնտեղ պետք էր տեսնել աղեկտուր ձայները` մանուկների աղաղակը, մեծամեծերի ողբն ու լացը. Գազանները կատաղած շրջապատել էին նրանց և անխղճորեն ու անխնա սրախողխող էին անում, երևելի և նշանավոր տղամարդկանց չարաչար տանջելով, սպանում էին, անխնա կոտորեցին մեծամեծերից մինչև փոքրերը, կարող եմ ասել` մինչև ծծկեր մանուկները: Ընկածների դիակների արյունն արդարև ծովացել էր եկեղեցու հատակին, ոմանք մխված սրերից [ստացած] վերքերի պատճառով մոտ էին հոգին փչելուն, ոմանք էլ, որ կիսամահ ընկած էին դիակների տակ, երկյուղից ձայները կտրած, մոտ էին մահվան: Ընկածների դիակները մնացին բարդված և կուտակված: Անհավատները թափվեցին բնակավայրի վրա, որքան կարողացան` կողոպտեցին, իրենց պետքերի համար ավար առան և անցան գնացին: Եվ ովքեր փախել, այստեղ կամ այնտեղ թաքնվել էին, [ամենքն էլ] առավոտյան ելան, եկան մտան եկեղեցին. ո՞վ կարող է այստեղ պատմել նրանց աղետն ու տարակուսանքը: Իրոք, ովքեր կենդանի էին մնացել, շվարել, թմրել էին և նայելով տեսան, որ նորապսակ հարսներ, արյան մեջ շաղախված, բերանները բաց, ընկել էին գետնին: Ամենքն էլ նույն ձևով շարքով արյունամած սփռվել, դիզվել էին միմյանց վրա, դիակներ էին սիրելիների, ընտանիքի անդամների և բարեկամների. անտանելի ցավ, անբուժելի կսկիծ, անցամաքելի արտասուք ունեին այն մարդիկ, որոնք կարենում էին ընկածների դիակները դուրս կրել. շատերը տակավին կիսաշունչ էին` հառաչանքը բերաններում, իրենց թաքցնում էին դիակների արանքում` կարծելով, թե անօրենները դեռևս այնտեղ են:

Տեսնելով այս ամենը` արտասվաթոր աչքերով սկսեցին տանել սրից ընկածների դիակները` կարգով ամփոփելու, թաղելու: Սակայն ողջ մնացածները անօրենների երկյուղից չկարողացան մնալ այնտեղ, ժամանակ անց չվել եկել են Սուրբ Գտիչ վանքը, որովհետև օձաբերդցիները Սուրբ Գտիչ վանքի սեփական հարկատուներ էին, որոնք եկեղեցաձորցիներն են, [տեղափոխվեցին], որովհետև տեսան նաև, որ այս երկիրը բնավ չի կարող հանգստություն գտնել պարսից անօրեն ազգերից: Երբ սկսեց սկզբնավորվել Շուշի քաղաքի շինությունը, և [հաստատվեց] Իբրահիմ խանի կամ նրա հոր իշխանությունը, նույն օձաբերդցիները չվեցին գնացին [Շուշվա] բերդի մոտ, բնակվեցին դեպի հարավարևմտյան կողմն [ընկած] բարձրադիր բերդացած միաձույլ վեմի տակ, Գարկար գետի եզրին, որ գնում է Ուտյաց նահանգը: Ովքեր բնակվել են վեմի տակ, ըստ

[տեղանքի] հարմարության, հորջորջել են Քարեն տակ, [սա] բոլորի բերաններում ասվում է` առանց տեղի անվան բուն նշանակությունը իմանալու:

Այստեղ ինձ մնաց հայտնել, թե ինչու՞ բնակատեղին Օձաբերդ է կոչվում:

Ստուգելով Սուրբ Գտիչ վանքի հնագույն գրչագրություններից [շատերը]` մի գրչից գտանք հետևյալ շարադրանքը: Այսպես է հայտնում, թե այն գավառը կոչվում է Ագարի, որտեղի գավառապետը եկեղեցաձորացի էր` անունը` Վարդան, կնոջ անունը`Եղիսաբեթ, որոնք երկար տարիներ այնտեղ էին` անպտուղ և անզավակ, բայց չափազանց աստվածասեր ու երկյուղած [աստվածաված]:

[Վարդանն] ինքը շատ հարուստ էր` ճոխացած ամենայն ունեցվածքով` թե´ գանձերով և թե´ անասուններով կամ կալվածքով, բազմացել էին բոլոր շարժուն հարստությունները` ոչխարներն ու մյուս ընտանի կենդանիները, [կային] տան վերակացուներ և բազմաթիվ ծառաներ:

Ինքը` բարեպաշտ իշխան Վարդանը, հեզահամբույր կառավարումով պահպանում էր իր գավառը, որի համար արժանի էր այն երկնային բարեմասնությանը, որ [Աստված]  պարգևել էր նրան. միայն նրանց կարիքն ու կարոտությունն [այն]   էր, որ տակավին անպտղության տարաբախտ վիճակի մեջ էին:

Եվ որովհետև չունեին զավակ, խորհուրդ արին միմյանց հետ` գտնել և թողնել մի այնպիսի մեծագույն հիշատակ, որ թերևս իրենց մահից հետո մնան հանուն [այդ հիշատակի]:

(Իշխանի կինը ծագումով քաղաքացի էր):

Նրանց խորհրդածությունն ավարտված էր այն նպատակով, որ [ունենան] տնկած այգի` պտուղների բոլոր տեսակներով, աղվանից կաթողիկոս Գրիգորիսի սուրբ Աթոռի մոտ: Ըստ արված խորհրդածության անհապաղ սկսեցին գործը ձեռնարկել. Բոլոր կողմերից բերեցին տեսակ-տեսակ որթեր ու զանազան պտղատու ծառեր, բուրումնավետ ծաղիկներ տնկելով` սկսեցին հմուտ այգեպանների ձեռքով և մեծ խնամք տանելով` մի քանի տարիների ընթացքում բերին ընտիր պտղաբերության: Միաժամանակ իշխանը և իր կինը ամեն մեծ տոնի զոհեր ու պատարագներ էին մատուցում սուրբ նահատակ Գրիգորիսին և նրա սուրբ տապանի վրա մեծ խնդիրք էին անում, որ թերևս, իրենց այցելությամբ կարողանան միջոց շահել և բանալ բարեպաշտ կնոջ արգանդը: Այնքան հաճախեցին սուրբ տաճարի դուռը` մորթած խոյերով և մեծամեծ ընծաներով, մինչև որ էությամբ շատ քաղցրացավ, և Վարդան իշխանի աստվածասեր կինը հայտնվեց հղիացած [վիճակում]:

Ժամանակին ծնվեց մի կայտառ և գեղեցիկ արու զավակ: Մեծ ու հանդիսավոր տոնախմբությամբ Գրիգոր մկրտեցին նրա անունը` ըստ պարգևատրողի անվան: Սակայն գիշերվա տեսիլքում Աստծո հրեշտակ երևաց ողորմելի ծնողներին և [հայտնեց], թե այդ մանուկը անժամանակ մեռնելու է օձահարությամբ, ասաց և չքացավ տեսիլը: Նույն ժամին արթնանալով` ծնողներն իրենց երազները նույն ձևով պատմեցին միմյանց. իրավ երկուսն էլ ընկան մեծ տրտմության մեջ:

Որովհետև մարդկային տկարամիտ գիտակցությունը հեռու չէ մարդու էությունից, ուստի ողորմելի իշխանը մի շատ ամուր աշտարակ շինելու և բարձրացնելու հանգամանքներ ու պարագաներ տեսավ [ծրագրեց]:  Քարեր շինեց և կոփեց [աշտարակը]` քառասուն ոտնաչափ բարձրությամբ, տասը ոտնաչափ լայնությամբ, իսկ ամրության մասին չեմ կարող պատմել, մանավանդ որ երեսը այնպես էր հարթ, որ միջինն անգամ չէր կարող ելնել, այդպես էլ` այլ շարժվող միջատ, որդեր կամ սողուններ:

Այդպես էլ շատ ամուր դուռ սարքեց` մի ասեղի ծակ չթողնելով, առաստաղին լուսամուտ դրեց, աշտարակի բարձրությամբ վերելակ` մանկանը կերակուրներ տալու համար և [կերակուրները] տանելուց հետո անջատելով, մի կողմ քաշելով, պահապաններ կարգեց նաև աշտարակի շուրջը` բոլոր տեսակի վնասակար պատահարներից պահպանելու համար, [Գրիգորի] տարիքի չափ մի քանի լավ մանուկներ էլ ընտրեց և տեղավորեց աշտարակի բարձր գագաթին: Կառույցը սենյակի նման էր, որպեսզի մանուկն այնտեղ մնա մինչև տեսիլքի կատարման ավարտը, որ եղավ նրա մասին:

Երբ եկավ, մոտեցավ աշնանային քաղցրաբեր եղանակի պտղաբերության ժամանակը, մանուկ Գրիգորը աղերսանքով խնդրեց ծնողներին` գնալ իրենց այգին և երկրպագել Գրիգորիսի տապանին ու անհապաղ վերադառնալ իր տեղը:

Ծնողները չկամեցան, որովհետև երազի վախը բռնել էր նրանց. երկնչում էին տեսիլքի պատճառով: Դրա համար [իշխանը] ցանկացավ իր տան ծառաներին առաքել` տարբեր ծառերի պտուղներ և քաղցրահամ ողկույզներ բերելու:

Բայց ծառաներին պատվիրել էր կողովը երբեք չդնել գետնին, ձեռքերի վրա [պահել] կամ թիկունքին հարմարեցնել և քաղել պտուղներն ու լցնել ամանները, այնպես դնել բեռնակիր անասունների վրա և հասցնել իր մոտ:

Եվ նրանք ըստ իրենց տիրոջ հրամանի` ճանապարհ ընկան գնացին այգին, և իրենց տիրոջ կամքի համաձայն` հավատարիմ ծառան այգեպանի հետ սկսեց քաղել զանազան շատ համեղ ու քաղցրահամ օտուղներ և ողկույզներ:

Մինչ քաղում էին պտուղները, Ամարասի սուրբ Աթոռի կաթողիկոսի [մոտից] [մեկը] եկավ` ինչ-որ գործ հանձնարարելու և շտապ կատարելու, ու հաճախակի ստիպում էր` շուտ-շուտ ձայնելով այգեպանին:

Երբ այգեպանը լսեց, ճանաչեց կանչողի ձայնը, որ վեհափառի ծառան է: Նույն վայրկյանին կողովը դնելով գետնին` [այգեպանը] շտապ գնաց` պատգամավորից իմանալու [ասելիքը], և ամեն բանից հետո արագորեն վերարդարձավ եկավ` իր գործի վերջում լցնելով այն ամանը:

Եվ բարձելով բեռնակիր անասուններին` գնացին Օձաբերդ ավանը, իրենց տիրոջ մոտ, և այնտեղ իջեցրին բեռները:

Ծնողները, ծնողական ամենաջերմ սիրո համար այնպես [լավ] ամրացնելով կողովների բերանները, ուղարկեցին իրենց որդուն, և նա շատ ուրախացավ ընկերների հետ: Ապա բացեցին կողովները, իրենց կամքով կերան ու հագեցան, և որովհետև օրը կիրակի էր, ընկերները թույլտվություն ստացան գնալ` իրենց ծնողներին տեսնելու:

Բայց մանուկ Գրիգորը միայնության պատճառով տրտմեց, թմրեց և քուն մտավ:

Երբ լռություն եղավ բոլոր կողմերում, մի օձ կողովների տակից ելավ և սողալով եկավ մտավ գետնին փռած հանդերձանքի` շորերի ներսը (որովհետև [այգեպանը] այգում կողովը դրել էր գետնի վրա, նույն ժամին բավականին բարակ և գորշ մի օձ ներքևի կողմից մտել էր կողովը):

Երբ մանուկ Գրիգորը զարթնեց, երեսը լվաց, սենյակում միայնակ էր. Մտատանջվում էր, տրտմում էր, հառաչում, նվաղ սրտով հարցուփորձի խորքերն ընկնում, աչքերից արտասուք թափում` ասելով. «Արդյոք այստեղ անելանելի և նստած մինչև ե՞րբ եմ մնալու»:

Մինչ այսպիսի հոգեկան խռովքի մեջ էր, ինչ-որ ձայն լսեց աշտարակի տակից, նույն վայրկյանին դուրս ելավ և տեսավ մերկ ու աղքատ մարդկանց, [որոնք] արտասվաթոր աչքերով հարցնում և աղաչում էին` թերևս ինչ-որ ողորմություն ստանան: Մանուկն իսկապես զարմացել էր, քանի որ տակավին աղքատներ ու տկարացածներ չէր տեսել, որի համար վերստին հարցրեց աղքատներին, թե ի՞նչ են կամենում, որ ինքը նրանց համար անի:

Նրանք ասում են` ողորմածություն:

Մանուկը [ինչ-որ բան] պարգևելու և առաքինի մնալու համար մեծ տարակուսանքի մեջ ընկավ, քանի որ իր մոտ ոչինչ չուներ` արծաթ, ոսկի, բայց կերակրելու աման ու արծաթի գդալ [ուներ] և գդալներից մեկը գցեց:

Ողորմելիները, վերցնելով [գդալը], օրհնեցին և անցան գնացին:

Դրանից հետո եկան դարձյալ երկու աղքատ ողորմելիներ, որոնց որդիներին գերեվարել էր պարսից թագավորությունը: Աղաղակ բարձրացրին, աղաչեցին և ողորմություն խնդրեցին իրենց գերված որդիների ազատության համար: Ամենքն էլ գիտեին մանկան մահվան մասին, թե օձահարությամբ պետք է մեռնի, ուստի երկու աղքատները նույն աղաչանքն արին, մանկան ազատության [անվնասության] համար` հաճախակի հիշելով Աստծո կամ բոլոր սրբերի անունը: Մանուկը, երբ նրանց սրտերի անբուժելի ցավերը տեսավ, վերևից աղքատների առաջը  նետեց արծաթե ամանը, որով ջուր էին խմում: Նրանք վերցրին գնացին` օրհնելով այնպիսի առաքինի մանկան կյանքը:

[Գրիգորը] դեռևս միայն ինքն էր տանը և իր մոտ մի երկսայրի փոքրիկ սուր ուներ, խաղում էր նրանով: Խաղալիս տեսավ, որ ողկույզներից մի հատիկ ընկել էր սփռված հանդերձանքի վրա, կամեցավ սրի ծայրով վերցնել իրեն, բայց սրի ծայրը շեղվեց այս և այն կողմ, որի պատճառով բարկանալով` նորից խստությամբ խփեց [այնպես,  որ] մինչև անգամ [սրի] ծայրը անցավ հողի մեջ:

Դրանից հետո դադար առավ, նրա վրա կրկին թմրություն իջավ, մինչև նորից քուն մտավ:

Նույն ժամին եկավ նրա ծառան, վեր կացրեց նրան` ասելով.

— Մի քիչ մնա´ դռնից դուրս, որպեսզի սրբեմ մաքրեմ սենյակները , որովհետև քո ծնողները կամենում են գալ քեզ տեսնելու:

Երբ ծառան գետնին փռած շորերի ծայրերից բռնեց և տանում էր դուրս , մանուկը տեսավ այնտեղ ընկած մի սատկած օձ: Երբ ողորմելի մանուկը տեսավ,հանկարծ ուշաթափվեց և գլորվեց, ընկավ գետնի վրա:

Ողորմելի ծառան իրոք մնաց թմրած` կարծելով, թե գուցե իրեն համարեն մանկան պատահարների պատճառը, ուստի վախից վազելով այս ու այն կողմ, բարձր ձայնով աղաղակեց` դեռևս ձեռքին բռնելով հանդերձը [շորը]:

Երբ մերձակայքում [մարդիկ] լսեցին, շտապով հասան այնտեղ և ջուր բերելով` ցանեցին մանկան երեսին, մինչև կամաց-կամաց ուշքի եկավ, վեր կացավ և նստեց ողջ:

Երբ ողորմելի ծնողները լսեցին չար լուրը, սրտները բերան եկած` վազեցին Օձի բերդի մոտ, ճանապարհին իրոք ընկան երեսն ի վայր և գլորվեցին:

Շուտով ծնողների մոտ հասան լուր տանողները, ասելով, թե մանուկը ողջ է: Ուստի ողորմելիները ոգի առած, շտապելով գնացին հասան որդուն և ընկնելով նրա վրա` լիզում էին:

Ամեն ինչից հետո նստելով` հարցրին ուշաթափության պատահարների պատճառը:

Նա ասաց.

— Իմ ընկերները վաղուց են ինձ հայտնել, թե շատերի բերաններում իմ մասին խոսք կա` թե օձահարությամբ է լինելու իմ մահը: Ուստի երբ իմ աչքին երևաց, կարծեցի, թե հենց նույն վայրկյանին ինձ խայթելու է, որի համար սաստիկ երկյուղից ուշաթափ եղա` կարծելով, թե օձը դեռևս կենդանի է:

Ծնողները հարցրին.

— Այսօր ի՞նչ աղոթք ես արել կամ ո՞ր սրբերի համար:

Մանուկն ասաց.

— Տակավին սովորականի [պես] աղոթք չեմ կատարել, միայն երկու անգամ ողորմելի աղքատներ եկան, ըստ կարողության օգնեցի, նրանց սիրտը շահեցի, և նրանք ինձ օրհնեցին:

[Ծնողներն] իսկույն հասկացան, որ աղքատների մաղթանքներով մանուկն ազատվեց. Աստծո խոսքի պատճառով տկարանալ չէր լինի, որովհետև Աստծո առատ տուրքը հենց այնպես հաճելի եղավ:

Դրա համար ծնողները մի աղքատանոց շինեցին և կերակրում էին բոլոր կարիքավորներին ու աղքատներին:

Փառք տանք ամենակարող Աստծուն, որ մեկին հարյուրապատիկը տա, որ օրհնված է հավիտյանս հավիտենից, ամե´ն:

 

Գրաբարից աշխարհաբարի է վերածել՝ բանասիրական

գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Մկրտչյան Սամսոնի

 

 

ԱՅՍ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿԱԾ ԱՆՁԻ

ԵՐԱԽՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ոմն Հոհաննես պատանի մանկության տարիներին սուրբ Գտիչ վանքում ուսանել է գիր և սուրբ Գրքի ընթերցումը, ապա ծնողների աղաչանքով գնացել, ամուսնացել է տասնչորսամյա հասակի [աղջկա հետ] Դիզակի գավառի Տող բնակավայրում: Բայց միշտ մտքոմ պահում էր իր հոգևոր ծնողի խրատը՝ երկար ժամանակ հրաժարվելով իր ամուսնուց [կնոջից], և բազում զանազան առաքինությամբ ու ողորմածությամբ անց էր կացնում իր կյանքը: Նա պատանեկության ծաղկահասակ ժամանակում եղել է ընտիր վաճառական, գնելիս և վաճառելիս առանց դիվական ստապատիր խոսքեր խառնելու շահավաճառություն էր անում: Գալիս և գնում էր տեսնելու իր հոգևոր վարժապետին, նաև՝ պարգևներով և ընծաներով շահում էր [վանքի] միաբաններին՝ ընդունելով բոլորի օրհնությունները,և վերադառնում էր իր գործին:

Ի վերջո բազում աղերսանքով խնդրում էր ինձ զբաղվել ինչ-որ գրավոր վաստակով և մնալ հետագայի կարոտյալների և ընթերցասեր անձանց հիշողության մեջ: Բայց վանքի հոգսը և միաբաններին կառավարելը արգելում էին ինձ կատարել նրա խնդրածը: Սակայն նա բնավ չկամեցավ սիրալիր և հորդորական խոսքերը հեռացնել իր մտքից՝ օրըստօրե հորդորելով ինձ, [ստիպված] խոնարհվել էի նրա աղաչանքներին: Եվ ձեռնարկելով այսինչ գործը, կամաց-կամաց հնարներ էի գտնում, որի համար շրջում էի շատ տեղեր, գավառներ, քաղաքներ և վանքեր, հազիվհազ գտնվում էր տեղեկություն կամ ձեռագիր, ուստի բազմիցս ցանկացա խափանել, բայց նա ինքը՝ հոգեհարազատ Հոհաննեսը, ազգային գրչագիր պատմություններ չգտնելու պատճառով շատ տեղերում չարչարվելով, մասնավոր տեղեկություններ և պատմություններ էր հավաքել: Այսպիսի վաստակասիրությամբ գումարելով՝ հետզհետե նվաստիկ պատմագրության շարքը ստվարացրինք: Չկամեցա մնալ գաղտնի վարքով և հոգեսեր պատանու այնպիսի բարեգործությամբ, այլ հայտնել մեր սիրելի ազգի՝ իր սիրագումար հասակավորներին, որ այն բարենախանձ սիրով պետք է վառվել և հետևել հետևորդների ընթացքին:

Այս պատմության ընթերցողներին խնդրում եմ հիշել բարեմիտ Հոհաննես պատանուն և նրա կնոջը, բոլորին… Դուք անմոռաց եղեք ամենակալ աստծո առաջ՝ այստեղ մարմնով, այնտեղ հոգով: Փառք տանք երկնքի արքայության փառքն անճառելի իր սիրելիներին տալ ցանկացողին: Ամենից վերջում հիշել նաև անպետ բանասեր Առաքել վարդապետին՝ սուրբ Գտիչ վանքի միաբանին, և իմ միաբաններին: Ի Տե՛ր, ամեն…

 

 

ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ

 

Ամենակալի շնորհիվ ավարտվեց այս ազգային փոքրիկ պատմագրությունը Աղվանից երկրի Դիզակի նահանգի Գտիչ վանքում ռուսաց Ալեքսանդրի թագավորության և ամենայն հայոց սրբազնագույն տեառն՝ Գեորգ կաթողիկոս Ղարսեցու հայրապետության ժամանակներում: Աղվանքի Աթոռը փոփոխության էր ենթարկվել և ապա [մնացել] անխնամ ու անտերունչ:

  • Այս պատմության ընթերցողնե՛ր, խնդրում եմ ձեր խնկանվեր աղոթքներում հիշել իմ ծնող Մարիամին և իմ ավագ ու հոգևոր ծնող, ճգնավոր Հակոբ վարդապետին, նաև սուրբ Գտիչ վանքի միաբանությանը, որի օգնականությամբ այս միայնության գործը դեպի ավարտ ընթացավ: Ամենից վերջում ևս սույն մատենագրության աշխատող՝ Քրիստոսի ծառաների նվաստ ծառա, նույն վանքի միաբան Առաքել վարդապետին հիշե՛ք ձեր աղոթքներում:

Տերը կհիշի ձեզ ողորմության օրերին:

Իրավ արժան է հիշել իմ մորը՝ Մարիամին, որ քառասունհինգ տարի այրի նստեց անարատությամբ. բնավ մարդու բերան չկարողացավ բացվել նրա մոտ և մեղադրանք դնել նրա վրա: Վերջին ժամանակներս՝ 1853թ., եկավ սուրբ Գտիչ վանքը՝ օգնելու միայնությանս, տասնչորս տարի ծառայելով ջերմեռանդությամբ և սրբամաքուր հոգով: Ապա մերձեցավ նրա վախճանման ժամանակը,ուստի լացում և ողբում էր անմխիթար հոգով՝ ասելով.

— Որդյա՛կ, ահա՛, իմ մահվան ժամանակն է, ինչպե՞ս կկարողանաս ապրել միայնակ, ցավ է ինձ, որդյա՛կ: Դրա համար մխիթարական բաներ խոսելով՝ խաղաղվեց բազմահոգ ծփանքներից, ապա ավանդեց հոգին՝ ինձ թողնելով մեծ սգավորության և տրտմության մեջ: Մարդկանց և կանանց բազմությունները հավաքվեցին և տարան ամփոփեցին սուրբ Գտիչ վանքի դրսամասի արևելյան կողմում՝ մի տափարակ տեղում:

Ի Տեր, ամեն:

About The Author

Related posts

Leave a Reply