Հոկտեմբերի 22, 2018

Առաքել վարդապետ Կոստանդյանց. «Արցախի պատմութիւն». «Քրիստոսին ուրացող ոմն Բարսեղի պատմությունը…»

Առաքել վարդապետ Կոստանդյանց. «Արցախի պատմութիւն». «Քրիստոսին ուրացող ոմն Բարսեղի պատմությունը…»

Սկիզբը այս էջում

ՔՐԻՍՏՈՍԻՆ ՈՒՐԱՑՈՂ ՈՄՆ ԲԱՐՍԵՂԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՈՐԻՑ ԴԱՐՁՈՒՄԸ ՆՈՒՅՆ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՎԱՏԻՆ

[Առաքել վարդապետը] նշում է, որ ժամանակին ինքը շրջագայել է Դիզակի նահանգում և Հադրութ հորջորջված գյուղում, գտել է մի փոքրիկ տետրակ՝ ձեռագիր, կազմված տասը թերթից, իսպառ ռամկական լեզվով [բարբառով]՝ գրված նույն ուրացող Բարսեղի որդու՝ ոմն Տեր Դավիթ քահանայի ձեռքով:

Գրում է հայոց ՌՃՂ — 1190 (=1741) թվականին, թե իր հայրը՝ Տեր Դավիթը, և Տեր Ստեփանոսը նույն բնակության ծխատեր քահանաներ էին՝ անսահման ջերմ սիրով կապված միմյանց հետ, և մեկը առանց մյուսի մի վայրկյան անգամ չէր կարող նստել ժողովրդական սեղանին՝ կեր ու խումին: Բայց տակավին ներքին բարեկամական սիրով միմյանց կապված չէին: Այդ սիրո համար [միջոց] գտան երկուսի հղացած կանայք. երկուսն էլ եկեղեցում միմյանց հետ անդրժելի ուխտ կապեցին, թե երբ կանայք ծննդաբերեն էգը արուի հետ, տան և պսակեն առանց ուրացության, ապա եթե երկուսն էլ համահավասար ծնվեն, այսինքն՝ արու կամ էգ, դա [արդեն] աստվածային տնօրինություն է:

Երբ ժամանակը լրացավ, նրանց կանայք ծննդաբերեցին. Տեր Դավթի կինը՝ արու, Տեր Ստեփանոսինը՝ էգ: Մեծացան, հասան նշանադրության հասակին՝ տասնչորս տարեկանին: Երբ ցանկացան նշան դնել, նույն ուրախության օրերին վախճանվեց Տեր Դավիթ քահանան: Ուստի աղջկա հայրը հետ քաշվեց, չկամեցավ կատարել իր ուխտադրության պայմանը: Սակայն մանուկները գիտեին ծնողների սերը և միմյանց նշան դնելը, ինչպես նաև միմյանցից բաժանվելը. որպես թե երկուսը մի մարմնում էին կառավարվում, սակայն միանգամայն անարատ, հեռու մարմնական կրքից:

Շատ շնորհազարդ մանուկ Բարսեղը ուսանում է Աստվածաշունչ գիրքը, դավթյան ութ կանոն սաղմոսը, բերանացի գիտեր նաև բազում բանաստեղծական խոսքեր՝ ասված մեր երկրի զանազան դիպվածների վերաբերյալ: Երբ մանուկը և աղջիկը տեսան, որ աղջկա հայրը չի կամենում տալ և իսպառ քանդել է ուխտադրությունը, ընկան այլ տեսակ խորհրդածությունների մեջ, և երկուսը հաստատեցին ուխտ՝ կամ փախչել օտար երկիր, կամ բոլորովին հրաժարվել ամուսնական կապից: Մինչև այս ուխտը ցանկանում էին հաստատել աղջկա հոր բնակության առանձնակի սենյակում երեկոյան ժամին, մերձավոր հարևաններից մի կին ականջ էր դնում նրանց խոսքերին: Երբ նրանց բոլոր խոսքերը լսեց, գնաց և հայտնեց աղջկա ծնողներին:

Երբ ուխտադրուժ քահանան լսեց, վազեց, դստերը դուրս քաշեց սենյակից և փակեց, պահապան դրեց նրանց վրա և ինքը շտապ հասավ քաջ նախարար Եսայու մոտ ու այնտեղ պատմեց պատահած բոլոր բաները: Երբ նա լսեց, նույն վայրկյանին պատրաստեց մի քանի ընտրյալ զինվորներ և եկած քահանայի հետ ուղարկեց այնտեղ նույն գիշերը կապանքներով իր մոտ բերելու համար: Ըստ պատվերի՝ գիշերվա հինգերորդ պահին արագ ընթացքով եկան և գտան այնտեղ՝ սենյակում, դուրս հանեցին, երկաթյա կապանքներով կապեցին և հասցրին նախարարին:

Հարցաքննությունից հետո նրա ոտքերը կապկպեց շղթաներով և գցեց բանտը: Դրանից հետո երբ տեսավ, որ միջնորդները և բարեխոսները շատացել են ամենագեղեցիկ մանուկ Բարսեղին չսպանելու համար, որովհետև գիտեր գուսանություն և բանաստեղծական խաղասացություն՝ ախորժալուր ձայնով, ուստի վճիռ հատին հանել երկու աչքերը, քան նորահաս ծաղկանկար, գեղեցկագույն պատանու արյունը շաղախել, որպես թե գիտե գուսանություն, որով կարող է իրեն կառավարել:

Ողորմելի պատանին լսեց վճիռը, որ կայացրին իր համար: Կապկպած ոտքերով գնաց և ընկավ մեր նախարարի ոտքերը՝ արտասվաթոր աչքերով խնդրելով նրան երեք օր ժամանակ տալ՝ արձակաբար ուրախություն անելու իր հասակակից մի քանի անձանց հետ: Այս խնդրի առիթով նախարարի բարեպաշտ կինը բարեխոս եղավ. կապանքները քանդեցին և մի քանի պահակներ դրեցին չփախչելու համար:

Առաջավորաց պասի օրերին ուրախություն արեց ընկերների հետ գինարբեցությամբ՝ կերուխումով: Վերջին գիշերը չափազանց շատ գինի խմեցրեց ընկերներին, որ մինչև անգամ գետնատարած ձեռքերով ընկել էին դռան շեմին, մնացել թմրած. առաջավորաց բարեկենդանի գիշերին էր:

Երբ տեսավ, որ բոլոր կողմերից դադարել են ձայները, բոլորը կերել ու հարբել են, թանձր քուն մտել, արագահաս սուրբ Սարգիսն ունենալով իրեն թիկնապահ օգնական, ելավ սենյակից, գնաց և մտավ խնամքով պահված երիվարների գոմը: Ընտրությամբ ջոկեց քաջ Եսայու սպիտականիշ երիվարը և սանձը հագցրեց՝ հարմարեցրեց գլխին, տարավ մինչև բնակությունից դուրս մի տարածք, ապա թռավ նստեց նրա թամբին:

Արդարև երիվարը, մտրակի շարժից խաղալով, կաքավում էր երկթևյան թռչունների արագությամբ և այնպես սրընթացությամբ խոյացավ գնաց, որ մինչև գիշերվա երրորդ պահը լողալով անցավ մեծ Երասխ գետը: Այնտեղից երիվարի սանձը ուղղեց դեպի Թավրիզ քաղաքը և մինչև երեք օր նույն արագությամբ մտավ քաղաքը, այնտեղ մնաց նրանց կուսակալի դռանը: Առանց երկարաձգելու բազում հարցաքննություններից հետո ընդունեց մահմեդական կրոնը և մեծ հանդիսությամբ ասաց. «Տարան մեջիդ, այնտեղ թլփատեցին և իմ անունը դրեցին Սալմաբեկ, կամքով ուրացա քրիստոնեությունը և սուրբ մեռոնը ու Քրիստոսի հավատը»:

Օրեր հետո մեր երկրից պատգամավորներ եկան այնտեղ, նրանց հետ՝ թղթաբերներ: Նույն ժամին ճանաչեց նրանց. առավոտյան քաջ Եսայու թուղթը հանձնեցնի պարսից դատավորին: Ի վերջո թուղթ բերողները նախարարի երիվարը առան գնացին: Նրանց գնալուց հետո մեծամեծ նախարարների տասներկու ընտրյալ կույս աղջիկներ բերեցին, շարք կանգնեցրին՝ մեկին հավանելու համար: Այս առաջադրանքը կրկնեցին երեք-չորս անգամ, բայց աչքիս գարշելի էր երևում. ամուսնանալ անօրենների հետ, թեպետ հավասարվել էի նրանց: Սակայն միտքս ու խիղճս անդադար տանջում էին ինձ, նաև ուրացությունս և չորս աստիճաններիս համար, որ ընդունվել էի Աղվանից կաթողիկոս Գրիգորոսի սուրբ Աթոռը:

Դառնանք բուն պատմությանը,- ասում է պատանի Բարսեղը և շարունակում: -Վերջին անգամ մինչ կանգնած էին, տեսա մի գեղեցիկ աղջիկ՝ ազնիվ տեսքով ու դեմքով. թեև հայ էր ինչ՝ անթարթ աչքերով, ճնշված,արտասուքները կամաց-կամաց կաթում էին աչքերից: Երբ նայեցի նրան, արդարև հնարներով խաչակնքեց երեսին՝ ծանոթացնելով, թե՝ «Ես հայոց դավանությունից եմ»: Շատ ուրախացա, մատանին գցեցի նրա մատին, բոլորին արձակեցի իրենց տները և հարցրի աղջկան, [իմացա] նրա բոլոր դիպվածները, տեսա՝ նրան գերել են անօրենները մանկությունից, մինչ լրացել էր ութ տարին, գողացել էին, բերել պարսից տերությունը: Բայց այնտեղ պատահել է ոմն մեծահարուստի, որոնք ի սկզբանե միանգամայն ողորմելիներ էին՝ ամուլներ և անզավակ, ուստի տեսնելով աղջկա ազնվությունը, գնեցին և անարատ պահել էին որպես հարազատ որդի և ժառանգ և իրենց ամբողջ ունեցվածքը տվեցին նրանց ձեռքը. աղջիկը, ըստ իրենց կրոնի, դարձրին մանուկ Բարսեղի կինը:

Բարսեղն ինքը իր պատմության մեջ գրում է, որ թեպետ ընկել էր մոլորության մեջ, սակայն երբեմն գիշերը արտասվաթոր էր անցկացնում, բերանում՝ Դավթի կանոն սաղմոսը, մերթ ծնկներին ընկած, մերթ ոտքի կանգնած: «Երեսուն տարի իմ կյանքը ուրացության մեջ այսպես անցկացրի,- գրում է Բարսեղը: -Երբ ամենակալ աստված տեսավ՝ չկատարվեց իմ սրտի զղջումը, ինքը ևս ինձնից յոթնապատիկ առավել ջերմացրեց [իղձերս], թերևս կարողանամ այս աններելի մեղքերի թողություն գտնել: Դրա համար սթափվեցի մահահրավեր քնից, զարթնեցի և վերկացա այս գետնամած թմրությունից և ամբարած մեղքերի մարմնաշահ արբեցությունից: Այդ պատճոռվ մերկանալով՝ թողեցի ամենայն գանձերն ու զարդերը, մինչև իսկ մոտ էր ամեն ինչ թողնելուն և փախչելուն:

Իմ կինն իմացավ, թե ո՛ր հոգու մեջ եմ կամ տեսավ իմ մտքի չկատարված զղջումը: Ինքը ևս ընկավ երեսնիվայր և արտասվաթոր աղաչում էր, թերևս կարողանա ազատվել ուրացությունից: Երբ տեսա նրա ջերմեռանդությունը, պատրաստեցի չորս արագընթաց ընտիր երիվարներ՝ երկու որդիներիս՝ նորահաս մանուկներիս, տանելու: Յուրաքանչյուրին տվեցի մի ընտիր երիվար, հեծանք և ուղղակի եկանք հասանք մեր երկիրը:

Նախ ես և իմ կինը, իջնելով երիվարներից, ընկանք գետնի վրա, արդարև լիզեցինք մեր երկրի հողը: Եվ եկա, դադար առա հայրենի բնակավայրում: Կարճ ժամանակ մնալով՝ երկու որդիներիս մկրտեցի վերստին ծննդով սուրբ ավազանին. մեկը վախճանվեց, մյուսը հասավ քահանայության աստիճանին:

Փա՜ռք Քրիստոսին հավիտյանս, ամեն»:

Առաքել վարդապետն է ասում. «Ինձ պետք չէր սա անցկացնել պատմության մեջ, սրանով միայն թողություն գտավ այրն այն»:

 

ՄԻ ԳԱՂԹԱԿԱՆԻ ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայոց ՌՃՂԵ – 1195 (1741) թվականին՝ Մելիք Եգանի որդու՝ քաջ Եսայու ժամանակ, Աղվանից երկիրը տակավին գրավված էր՝ գտնվում էր պարսից իշխանության տակ: Այս ժամանակ մի թափառական մարդ վրաց աշխարհից միայնակ գաղթել եկել էր Տող բերդաքաղաքը՝ քաջ Եսայու անունով: Նրա անունը Գորգի էր, հարցմամբ եկել էր Եսայու տունը՝ հսկողությամբ ու պահպանությամբ մնալով մեր նախարարի բնակությունում: Կարճ ժամանակ դրանից հետո հարցուփորձելով կամեցան տեղեկանալ նրա վարք ու բարքին կամ գիտությանը: Տեսան՝ մի խիստ ճարտարաբան է և հայոց կրոնի ու պատվիրանների քաջ գիտակ, ինչպես նաև՝ այլ ազգերի, մանավանդ մահմեդականների տեղեկությամբ: Արդարև հնարավոր չէր, որ նրա առջև մեկը խոսեր կրոնների մասին և հավատի ինչ-որ բան հաստատեր. բոլորին պապանձում, բերանները փակում էր: Երբ տեսան՝ հմուտ է,տեղյակ բոլոր կրոններին, հակառակորդների խոսքերին, առարկություններին և տված պատասխաններին, հասարակության կողմից հորդորանք եղավ, որ մնա [նախարարի] տանը, և մնաց այնտեղ:

Այնպես եղավ, որ, ըստ իրենց սովորության, պարսից հարկահանները եկան և իջևանեցին Մելիք Եգանի տանը, հավաքեցին, կենտրոնացրին երկրի հարկերը: Օրեր անցնելուց հետո, երեկոյան ժամին կերակրելուց հետո, նրանց միջև վեճ ծագեց, այսինքն՝ հայերի և եկած անօրենների միջև՝ Քրիստոսի ծննդի և եկեղեցու խորհուրդների համար. այս բնական վիճաբանությունը ի սկզբանե անտի անխափան կա երկու ազգերի միջև: Այս խոսքերի վրա ծագած վեճին կանչեցին ճարտարաբան Գորգիին: Նա կռիվն ընդունեց իր վրա և սկսեց զանազան վկայություններով հաստատել մեր փրկչի ծնունդը՝ աստծո որդի լինելը: Աներկյուղ պատասխանում էր նրանց բոլոր առարկություններին, իրեն դնելով նահատակության ասպարեզին՝ մանրամասնաբար և հարմարագույն խոսքերով ու օրինակներով բոլոր առարկությունները ջնջում, դատարկաբանության էր վերածում, հետզհետե վայր իջնելով՝ մինչև անգամ Մահմեդի [Մուհամմեդի] բոլոր գրածները հաստատում էր որպես սուտ ու մարմնավոր,ոչ երբեք հոգևոր, և ինքն էլ՝ ո՛չ մարգարե:

Երբ ճոխաբան Գորգին տեսավ, որ իր խոսքերը արդարացել են և հաղթանակ գտել, վերստին համոզիչ և քաղցրալուր խոսքերով սկսեց պարսավել պարսից ազգը, թե ինչո՞ւ են այնքան կուրացել ու հիմարացել, որ մինչև անգամ հավատում են նրան [Մահմեդին] և պաշտում խնդրվածները հանուն նրա, հայցում են այնպիսի սուտ մարգարեից ընդունել հիվանդների, դիվահարների և բոլոր նեղյալների բժշկություն: Եվ ըստ յուր տեղեկության, սկսեց նրա վատթար գործերից և [նշեց] պղծագործությունները, անարգեց Մահմեդին և նրա գրածները, ծայրահեղ վատթարացրեց նրա ընկերներին, իրեն, դևի խաբեությամբ ունեցած նրա մոլորությունները, մինչև անգամ նրան անվանեց շուն՝ ըստ կատարած պոռնկական շնության:

Երբ պարսիկ իշխանը լսեց նրա անարգանքի խոսքերը և հայհոյանքը, խիստ բորբոքվեց և վայրի վարազի պես ատամները սրեց, կամենում էր հենց նույն վայրկյանին ճղակոտոր անել և նրա մարմինը նետել շներին ու թռչուններին: Բազմաթիվ միջնորդներ և բարեխոսներ մեջտեղ ընկան, թերևս կարողանան մեղմացնել բռնավորի խստացած սիրտը. չկամեցավ չար բռնավորը, այլև գաղտնի ակնարկությամբ նրա զինվորները նույն ժամին բռնեցին Գորգիին, սրերը ձեռքներին՝ շրջապատեցին նրան բոլոր կողմերից, ըստ անդամների թվի՝ սուր դրեցին և կոտորեցին, ապա կտրեցին գլուխը: Գորգին երբեք չկամեցավ աղաչել կամ խոսքն ուղղել դեպի ուրացություն, կամ զղջալ, այլ հաստատ և ամուր մնաց իր վեճերում, ասելիս-խոսելիս՝ անվախ ու համարձակ նրանց նկատմամբ, թե իսկապես շուն է Մահմեդը: Այս ամենի համար նահատակության շնորհն ընդունեց:

Պատահմունքն անցնելուց հետո հայերը եկան, հավաքեցին նրա մարմնի բազմահատ մասերը, դրեցին մի փայտյա պահարանի մեջ, քահանաներով և երգերով տարան ու դրեցին եկեղեցում, կատարեցին պատարագի սրբազան արարողություններ և տարան ու դրեցին եկեղեցում, կատարեցին պատարագի սրբազան արարողություններ և տարան, ամփոփեցին Տող բերդաքաղաքի նույն բնակության հարավային կողմը՝ հասարակաց գերեզմանատանը:

Թաղումից հետո՝ երեկոյան ժամին, ակներև շատերը տեսան՝ երկնքից լույս ծագեց նրա վրա: Բայց այժմ անծանոթ է շատերին՝ հետագայում նոր ծնված անձանց:

Ես,- ասում է Առաքել վարդապետը,- պատահել եմ նրա տապանաքարին, արձանագիրն ընթերցել և հարցմամբ տեղեկացա [պատմությանը], որի համար չկամեցա, որ այնպիսի մարդու հիշատակը կորչի և մնա գաղտնի: Տեր աստված բոլոր հավատացյալներին համբերությունը տա, որպեսզի նույն աստվածային սիրով ամենքը այստեղից փոխվեն երկինքը. բոլորի հույսով՝ ի Տեր, ամեն:

 

ԱՅՆ ՍՈՎԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԵՂԱՎ ԱՐՑԱԽ ԵՐԿՐՈՒՄ ԱՂԱՄԱՆՄԱԴ ԽԱՆԻՑ ՀԵՏՈ

 

Թեև տիրոջ անդառնալի բարկությունը հասավ Աղվանից երկրի վրա, սակայն միատեսակ չէր մեր մեղքերը ժողովելու համար: Սովն ու մահը միմյանց հետևից անմիջապես շարունակվեցին: Նախ լուր տարածվեց մեր երկրում, թե Աղամանմադ խանը բազում և ծանր զորքով մոտ է մտնելու Արցախի աշխարհը: Օրեր հետո պարսից բանակը սփռվեց-տարածվեց Երասխ գետի ափին, որովհետև նրանով ենք սահմանաբաժան պարսիկների հետ: Ըստ զորապետի հրամանի՝ անթիվ ձիավոր զորք մտավ այս երկիրը կողոպտելու համար:

Հայերը, տեսնելով, որ բարի մտքով չեն [գալիս], թողնելով արտերն ու ամբողջ բերքը այլազգիների ձեռքում. փախան լեռները և ամուր բերդերը: Թողին ցորենի և գարու ամբողջ խուրձերն ու դեզերը: Դրա պատճառով մի մասը երիվարները սմբակակոխ արին, ապարդյուն կորավ գնաց, մի մասը հրկիզեցին, մոխիր դարձավ, ինչպես նաև երիվարների կեր դարձրին: Մասնավորաբար մնաց միայն լեռնային տեղերում: Բազմաթիվ վնասներից հետո [խանը] շարժվեց գնաց վրաց երկիրը և բազում վնասներ կատարեց Տփխիս քաղաքում: Իրենց աչքերի հաճույքով գերեցին և ավար առնելով վերադարձան իրենց երկիրը:

Չար բռնավորի վերադառնալուց հետո Աղվանից երկրի վրա առանց ընդմիջելու սկսեց անձրև տեղալ՝ սեպտեմբեր ամսից սկսած մինչև հունվար ամիսը: Արտերի բերքը ժամանակին չկարողացան հավաքել, որովհետև երկյուղից փախել ամրացել էին: Կանգուն մնացած արտերը բուսել, կանաչել են. դրա համար չկարողացան ձեռք բերել հնձի բերք և ոչ մի խուրձ: Ուստի բոլորը մնացին նեղության մեջ անճարացած, և յուրաքանչյուրը հուսահատված ու սրտաբեկ հոգում էր միայն իր անձի կեցության համար: Երբ տեսան բոլոր կողմերից պաշարված նեղությունները, ուստի հետզհետե սկսեցին կառավար ունենալ իրենց, կեցության՝ կյանքի դռանը հոգալ իրենց [մասին] ստիպված լինելով: Ոմանք սկսեցին թափառել օտարության մեջ՝ զանազան տերություններում և քաղաքներում:

Բայց շատ մասը գնաց Կուր գետի այնկողմը՝ գուգարացիների մոտ (Շաքի) և (Շիրվանի) երկիրը: Ոմանք ծնողներին թողեցին, և ծնողները՝ իրենց որդիներին, ամենայն կահկարասին: Յուրաքանչյուր բնակությունում սակավ մարդիկ և տեղապահներ մնացին, որոնք տակավին կերակրի մասնավոր ապրուստ ունեին. մարդիկ այն ժամանակ անհոգ էին և այդպիսի պատահարների ու մի տարվա բավական ցորեն, այլ բերք չունեին, վաստակողները քիչ էին: Դրա պատճառով ամենքը փախել էին, մեր երկիրը թողել դատարկ ու թափուր, ովքեր վստահել և հույս են կապել ունևորներին կամ չունեին ճանապարհի պաշար, չարչարանքներ և նեղություններ կրեցին, անթիվ մարդիկ վերջ տվին իրենց կյանքին: Երբ գարունը եկավ, և ձմեռային ցուրտը հեռացավ իրենցից, անասունների պես ցրվելով՝ սփռվեցին դաշտերում, հանդերում և անդաստաններում՝ հավաքելով բանջարեղեն ու թարմ կանաչեղեն: Ովքեր ունեին կաթնատու կենդանիներ, նրանցով ևս բարվոք կյանք էին անցկացնում: Եվ այսպես նիհարելով, գունատվելով ու ճապաղելով հասան պտղաբեր աշնանային ժամանակին: Որովհետև հնձելու բան չունեին, դրա համար ցրվեցին և սկսեցին խոտերի սերմեր հավաքել. կար սովորական, կար անսովոր, մանավանդ փշերից քաղում էին դրամատեսակ, կաղնի և թեղի ծառերի կեղևները… Այս ամենը չորացնում էին, երկանքներում ւ ջրաղացներում աղում, խմոր անում, եփում և հանում՝ որպես չորացած աթար և անկերակրելի, բայց քաղցի անճարությունից անհամբեր հոգով վերցնում-ուտում էին: Ուտելուց հետո շատ ուտողների որովայնը ուռչում, պատառում-պայթում էր: Ոմանք, որովայնում ախտեր ստանալով, ուռչում, շնչասպառ մեռնում էին: Մեծ հուսահատությունից հետո, որ անճարությունն իսկ պատել-պաշարել էր նրանց, մեծ մասը սկսեց ցրվել և երերալով ու ցնդած [մտնել] անտառները, այգիները: Վայրենի կենդանիների նման այնտեղ օթևաններ էին սարքում. կամ մեռնում էին, կամ ապրում խոտաբուտ կյանքով: Որովհետև ամենքը անլվա և առանց ոտնամանի զրկվել էին ոտքով շարժվելուց՝ [դառնալով] տառապյալ ու լքյալ, չէին կարողանում գիշերը գալ բնակության:

Այնուհետև դաժան սովի մահը տարածվեց շատերի՝ անթիվ անձանց վրա, շնչասպառ և հացի փշրանքին կարոտ մեռնում էին լեռների անտառախիտ ծառերի և մացառների տակ, տղաները մայրերի գրկում և մայրերը, թոթովախոս մանուկներին գրկած, մեռնում-հեռանում էին կյանքից: Իսպառ վերացավ ծնողական գութը, և ցամաքեց բնական կաթոգին սերը, ծնողական աչքերից հորդ արտասուքը ցամաքեց, չորացավ:

Ո՜վ, բաբե՛, [ա՜յ քեզ դժոխք]՝ այստեղ աղետներ անհնարին նրանց տարակուսական սրտերի: Գորովագութ ծնողները տեսնում էին ծաղկահասակ մանուկներին, նորահաս սիրախորժ պատանիներին և նշանադրված գեղեցկազարդ օրիորդներին, [տեսնում էին] նրանց դիակները գետնին փռված՝ ընկած դաշտում, անտառների ծառերի ու թփերի տակ: Մարդկանց կամ ծնողների ձեռքով հնարավոր չէր նրանց մարմինները ամփոփել հողում, թերևս նրանք չանցնեն սուրբ եկեղեցու կարգը՝ պատարագով սրբազան արարողության:

Արդարև լռեցին, կորան և վերացան գեղեցկահասակ և զվարճամիտ պատանիների և գեղապաճույճ ծաղկանկար հանդերձանքով զարդարված գեղուղեշ օրիորդների ուրախության, ցնծության և հարսանյաց փողահարության ձայները: Ովքեր դեռևս կենդանի շունչ ունեին, մաշվում, գունատվում էին, միանգամից զրկվում մարդկային տեսակի կերպարանքից, կիսաշունչ եղած, հարբածի նման այս ու այն կողմ գլորվելով, զառանցում էին՝ քայքայված մարմնական կարողությունից:

Աներևութաբար նրանց կատարածները մաքուր և անարատ լսելիքին անպատեհ եմ համարում շարադրել, [որովհետև] առանց խտրության ուտելու պատճառով դարձել էին սատկած անասունների կիսախրով ու թերաեփ, կեղտոտ ու պիղծ, անշունչ լեշեր՝ մեռելոտիներ: Արդարև վերացան օրինապահության կանոնները, քրիստոսավանդ սուրբ ավետարանի քարոզիչների պատվիրանների պահպանությունը, անհետացավ պարկեշտ և աստվածասեր կանանց ու աստվածապաշտ և առաքինասեր ամուսինների ամոթը, նորապսակ հարսները, թողնելով առագաստի պատսպարանները, գլխաբաց շրջում էին հրապարակներում: Արդարև շատ դժվար է այսպիսի վատթարագույն ժամանակում պահպանվել օրենքի ներքո, որի համար անպատշաճ եմ համարում բոլոր անպատեհ կատարվածները պատմության մեջ անցկացնել:

Անցնենք մեր խոսքի շարադրանքին:

Մեր աններելի մեղքերի համար թեև մեզ վրա էր հասել նրա [աստծո] այնքան դաժան ու ծանր բարկությունը, սակայն նրանից առավել առատ ծագեցին ողորմությունն ու գթությունը, որովհետև ոմանք գաղտնի սերմարանք էին պահել և վարուցանք արել. ոմանք՝ մասնակիորեն, ոմանք՝ առատորեն: Ամենակալ աստված քաղցրությամբ և առատությամբ նայեց. ոչ միայն հազարավոր արտեր կան, այլև անպտուղ եղած ծառերը [պտղավորվեցին], ողկուզաբեր որթերը, խնձորենիները, տանձենիները և այլ զանազան պտղաբերները այնքան առատ բերք ունեցան, որ շատերի ոստերը փշրվեցին:

Օտարության մեջ եղած թափառականներից շատերը լսելով վերադարձան հայրենիք խնդությամբ: Բայց մեծ մասը մնաց գաղթականության և պանդխտության մեջ. դրանք թողել էին բարեկամներին և ազգականներին կամ որդիներին, ծնողներին և եղբայրներին, կամ կանանց, դստրերին: Թեպետ կարոտությամբ եկան՝ իրենց սրտի փափագն առնելու, սիրելիներին տեսնելու, սակայն դա իրենց կամքով չէր. ո՞վ գիտե՝ նրանց դիակները որտե՞ղ ընկան, կորան: Այսպես եղավ սովի վախճանը: Տեր աստված ազատի ամենայն հավատացյալներին բոլոր պատուհասներից և բարի խոստումներին արժանավոր լինենք հասնելու շնորհքով և մարդասիրությամբ, մեր տիրոջը և փրկչին՝ Հիսուս Քրիստոսին, փա՜ռք. ամեն:

 

ԴԱԺԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ՝ ԲՈՐՈՏՈՒԹՅԱՆ (ՔՈՍԻ) ՄԱՍԻՆ

 

Դեռևս չէին վերջացել նախապատմած ցասումը (բարկությունը) և սովի վշտակրությունը, որ նույն տարում նրանց աչքերը բացվեցին լիության և առատության համար, մեր այս երկրում կրկին շարժվեց անբուժելի և անփրկելի բորոտությունը և սովի վտանգից փրկվածներին սկսեց ճառաքաղ անել՝ վերջնականապես կոտորել առաջվանից ավելի սաստիկ հարվածներով: Ողորմելիները սկսեցին փախչել բարձր լեռները և քարանձավները, լեռների, ժայռերի ճեղքերն ու ծակերը: Նրանցում դադար առնելով՝ բնակվում էին՝ որպես թե իսպառ փրկվածներ երկնքից առաքված ցասումից: Նրանցից շատերի գերեզմանները մինչև այսօր կան, որովհետև շատերի փախած տեղերը իսպառ կորել են, ոմանց դիակներն էլ ընկել են այնտեղ և նեխել, դարձել անմերձենալի:

Բորոտության անբուժելի ցավերի ձևը այսպես էր. երեք եղանակով կոտորեց՝ առաջինը այս ձևով. Երբ թունալից հողմը պատահում էր մարդուն, մարմնից պալար էր [գոյանում]՝ ձևաչափ լայնությամբ և բարձրությամբ, փոքր-ինչ տափարակ և նույն օրը սևանալով, նեխում էր. դրանցից ինքնին պայթում են և սևացած թարախախառն հոսում՝ առնելով ողորմելիի առողջությունը: Այսպիսի բորոտությունը սակավ էր երևում: Երկրորդ օրինակը. մարմնի խորքից երկար մանրիկ վարունգի նման կամ բոլորաձև ելնում էր շնչերակին կամ կողերի ետքին, վերին մասին, ուժգին ճնշում, ասես խեղդում, ներսում փակում շունչը, և ողորմելին մնում էր մեծ վտանգի մեջ՝ շնչարգելություն, և մինչև կեսօր մեծ վշտակրությամբ փչում էր հոգին: Այս բորոտությունը ո՛ր տունը կամ գյուղը մտնում էր, բնաջինջ և թափուր էր անում, նրանցից փրկվելու հնար չկար: Երրորդ օրինակ. Ելնում էր, մարմնի ո՛ր տեղից պատահում էր՝ ըստ մաշկի գույնի շատ պինդ, ուռչում բարձրանում էր, և ծայրը լուսին դարձած շողում էր, երկու օրից հետո պայթում, և դեղնագույն հիվանդ թարախը հեղում էր:

Ողորմելի հիվանդը մահառիթ ախտից կարող էր առողջանալ, եթե բոլորակ գնդակը փակեր. ներսից իսկույն հայտնում էր մահը, թե ախտից լավանալու ճար չունի: Այս երկու տեսակներից մարդկանց և կանանց անթիվ բազմություն կորավ առանց կյանք տվողի սուրբ արյան և մարմնի հաղորդության:

Մի բան ևս: Եթե մեռածների դին կարողանային նույն ժամին տանել ամփոփել հողում, թաղման գործը կդյուրանար, իսկ մեկ կամ երկու ժամից հետո որքան տներ, անհնար էր, որ մարդ մոտենար նրան դառնագին գարշահոտության պատճառով, որովհետև մահվանից հետո մահառիթ ցավի թույնը մարմնից իսկույն սփռվում-տարածվում էր, մանավանդ որովայնում նեխած փորոտիքը թափվում էր վայր, այլ անդամներ ևս: Եթե անցորդները կամ ընտանիքը պատահեն բնակությունից դուրս ընկածների դիակներին, խույս տալով կփախչէին. մինչև անգամ գազանները և թռչունները չէին կարող մոտենալ:

Դրա համար ամեն մարդ թողեց իր բնական գութը՝ թե՛ ծնողները, թե՛ ընտանիքը կամ բարեկամները, զավակածին կանայք, նորապսակ պատանիները. յուրաքանչյուր ոք իր անձի կեցության հնարներ էր հայթայթում, որովհետև բոլոր փրկվածներին չէր կարելի դասել ողջերի շարքում, [քանի որ] բազմահոգ մտածությունից և մահաբեր երկյուղից սրտաբեկ են եղել և մարդկային կարողությունից միանգամայն զրկվել: Ամենքը շրջում էին սիրտը բերանում, իրենց ողջությունը իսկապես պատկերացնում էին անուրջներում և երազներում, թմրել, ընդարմացել էին մեծ հուսահատության վիճակում, շրջում էին շվարած, տարակուսանքի մեջ: Սրա մասին (մարդկային տկար մտքից կարծված անճարակությունները) ամենաողորմած աստված, իր մարդասիրական քաղցրությամբ արագ իմանալով, փարատեց հուսահատության մեջ ընկած ժամին:

Ամենքս փառք տանք փառավորյալին, որ փառավորում է անփառունակ վիճակում փառքից զրկվածներին, ի Տեր, ամեն:

Շարունակելի

About The Author

Related posts

Leave a Reply