Հունիսի 20, 2018

Առաքել Կոստանդյանց, «Արցախի պատմություն».Մարդակերպ Հարսնաքար կոչվող ժայռի մասին…

Առաքել Կոստանդյանց, «Արցախի պատմություն».Մարդակերպ Հարսնաքար կոչվող ժայռի մասին…

Սկիզբը այս էջում

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

 ՁԵՌԱԳԻՐ 7822

Հ.Ս.Խ.Հ. Պետական Կ. Թանգարան

Գրական-պատմական բաժին

№ 679-692

Անուն պատմագրություն ազգային Առաքել

Գրիչ հեղինակ [վ. Կոստանդեանցի]

Թվական 1858-1868

Տեղը Գտչայ վանք

Հայոց ազգագրական ընկերութեան

կովկասագիտական – մարդաբանական

գրադարան

Նուէր տ. Մարիամ Ստեփանեան

Լազարեանից և զաւակներից ի յիշատակ իրենց ամուսնի և հօր

Սմբատ Պօղոսեան Լազարեանի

 

ԱՐՑԱԽԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ԳՐՔԻՍ ԱՌԱՋԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդարությամբ խոստովանում եմ իմ կողմից տկարություն առաջ բերել և ծանոթացնել այն անձանց, ովքեր կրթվել են գիտաուսումնական հաստատություններում, նաև աշխարհատես կրթված բոլոր այն անձանց, ովքեր բնական լույսով են անցկացնում իրենց կյանքը: Իսկապես առավել հարմար չէր իմ տկար անձին, որ ինքս հարեմ ազգային պատմագրությունների այսինչ աշխարհահռչակ պատմագրությանը: Որովհետև համեմատության կշռի մեջ դնելով անձիս կարողությունը այժմյան այլ գիտնական վարդապետների և բանասեր անձերի հետ` արդարև անչափելի հեռավորությամբ կգտնվեմ նրանց գիտեցածներից և իմացություններից: Բայց ներքին հայացքով ու դիտողականությամբ նրանց նկատմամբ [զգացածը] նշմարելով` [ասեմ], որ նրանք բոլորը զանցառու են. անտեսում և հաշվի չեն առնում այս ամենը, նրա շուրջը ազգասերի փոքր-ինչ վաստակասիրությամբ [չեն երևում]` ազգային գրչագրությունների ժամանակակից անձանց չգտնելու պատճառով: Ուստի նրանց աչքում այս գրավոր վաստակին [իմ] մերձենալը շատ ավելի դժվար և անարժան թվաց և, ճշմարիտ ասած, այնպիսի անաշխատ` հանգիստ և անհոգ անձանց մեղադրողը չեմ. արդարև մեր նախնիներից աշխատասիրության գրավոր տեղեկություններ չեն գտնվում: Բայց ես, ստանձնելով վստահության այն մասը, բերում եմ` որպես օժանդակություն ազգասեր և կարոտյալ անձանց, ովքեր հարատև փափագներով ցանկանում են քաղել սույն վաստակումների քաղցրաճաշակ պտուղները:

Այս իրադարձությունների պահանջով և անհրաժեշտությամբ ես ասում եմ, թե որովհետև նախկին մեծամեծ թագավորները, հայրենասեր նախարարները, քաջամարտ զորապետերը կամ վեհանձն հոգևորականները կատարել են քաջություններ կամ [ունեցել են] ազգասիրական այլատեսակ տառապանքներ, [ապա] նախնի հեղինակավոր ուղղափառ պատմաբան վարդապետները իրենց մարգարտաշատ գրքերում շարադրել են և ավանդել մեր այս ազգին: Ուրեմն արժե քննության դնել [և գնահատել] իմ արդար դատողության վստահությունը: Հայոց թագավորության վերջանալուց հետո մեր այս ազգը ընկավ զանազան ազգերի և թագավորների իշխանության տակ, թեպետ տարբեր տեղերում նախարարները և զորապետերը ինչ-ինչ քաջություններ և այլատեսակ ազգասիրական բարեգործություններ կատարեցին, սակայն ոչ ազատակամ [եղանակով], այլ այլազան` տարբեր թագավորների և կառավարողների իշխանության կասկածանքներով: Ուստի հետագայի [գրիչները], հայրենասիրության հիշատակները թողնելով, բոլորովին անհամաձայն են մնում նախնիների կատարածներին, որի համար հետին գրածները կոչում ենք ճռաքաղություն («մնացորդի ժողովում») նրանց մոտ:

Եվ արդ` որովհետև ես ամենայն գիտնական վարդապետների և արտաքին բանասերների վերջին նվաստն եմ, մեր այս ազգի վերջին ամենասուղ ժամանակում բացեցի աչքերս և բազում նեղություններ կրելով, տեսա երևելի ազգային անձանց կատարածների այսինչ ճռաքաղությունները: Դա իսկությամբ ավելի հարմար երևաց իմ տկար անձի պակաս գիտությանը. միայն նրանք անցկացնել պատմության մեջ, որոնք հայոց ՌՃԿ (1160) [1711թ.] թվականից հետո պատահել են Աղվանից երկրին: Հիշյալ թվականից մինչև Արցախյան երկրին ռուսաց թագավորության տիրապետությունն [ընկած] շրջանում բոլոր պատահածները բովանդակել եմ այս փոքրիկ պատմության մեջ: Բայց մի քանի հնագույն պատմագրություններ եմ գրել նրա մեջ, գրանցել անցքերի ինչ-ինչ պատմություններ, դրանք ևս անցկացրել սույն ձեռագրերի մեջ. հառաջաբանությունից հետո [պատմությունը] (նաև թղթահամարն առանձին) սկզբնավորվել է մինչ այնտեղ, որ [տերն] ասի` արժան եմ համարում: Այն բոլոր պատմությունները օրինակել եմ` արտագրելով ձեռագրերից, որի համար քաղցրությամբ ներող ընթերցող անձանցդ հայցում եմ ձեր հարգանքներում ընդունել իմ այս փոքր գրավոր վաստակը և հիշել մարդկային անջնջելի տկարությունները, թերևս ներողություն շնորհել անթիվ վրիպումներիս: Դրա հետ խնդրում եմ բարի հիշողությամբ հիշատակել այս գրքի անպետ` անխնամ աշխատասիրող սուրբ Գտիչ վանքի միաբան Առաքել վարդապետին: Եվ դուք արժանի կլինեք ամենակալի առաջ. այստեղ` մարմնավոր ժառանգությամբ, այնտեղ` հոգևոր, որտեղ մեզ կփառավորի ամենասուրբ երրորդությունը` Հայր և Որդի և սուրբ Հոգին, հավիտյանս հավիտենից. ամեն:

Փրկչական 1858 թվականին սկսված և 1868-ին ավարտված` տեղեկություններ չլինելու պատճառով:

 

ՈՄՆ ԱՂՔԱՏԻ ՀՐԱՇՔ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ոմն աղքատ բնակվում էր ավանում` Աղվանից Գրիգորոս Կաթողիկոսի սուրբ աթոռին կից փոքրիկ քաղաքում: Այն աղքատ մարդը իր կյանքն անց էր կացնում մեծ թշվառությամբ և անտանելի դժվարությամբ: Ուներ բազում տղաներ և աղջիկներ, այնքան մեծ թշվառության մեջ էր, մինչև անգամ ծածկել մանուկների մերկությունը՝ գոնե պատառոտուն հնացած հանդերձանքով, կամ իր և կնոջ [մերկությունը]: Բնավ ոչ մի տեղից ուտելիքի աղբյուր չուներ, շալակով փուշ ու փայտ էր բերում ավանը, վաճառում և դրանով իսկ օրական ապրուստ հայթայթում, դա էր նրա հանապազօրյա գործը. զբաղվել նույն վաստակով:

Պատահեց [մի անգամ], որ մի վաճառական եկավ իջևանեց նույն աղքատի տանը. երեկոյան ժամ էր, առանց մերժվելու մնաց նրա տանը: Նույն երեկոյին աղքատի կինը ծննդյան երկունքի մեջ էր (որովհետև աստծո գործն էր): Գիշերվա երրորդ պահին կինը ծնեց արու զավակ՝ բոլոր ծնվածներից կայտառ, բարետես: Բայց բնավ չունեին մի լաթի կտոր, մի կտոր կտավ կամ այլինչ հանդերձ ծնված մանկան մերկությունը ծածկելու համար: Մանկաբարձը գնաց և վաճառականին խնդրեց մի կտոր կտավ, որպեսզի նրանով ծածկի մանկան մերկությունը: Վաճառականը համաձայնվեց [նրա] խոսքերին և մինչ հանելով կտրեր կտավը, հառաչմամբ հոգոց հանեց: Մանկաբարձը նրան հարցրեց, թե ինչո՞ւ այդպես ծանր մտքով է կտրում [կտավը], [մանավանդ] ստանալու վարձ ունի, ինչպես նաև՝ մեկի փոխարեն տասնապատիկը ամենակալ աստծո ձեռքից: Եվ նա ասում է, թե այդպես չէ, ինչպես [մանկաբարձը] կարծում է, [և շարունակում է]. «Ամբարած ունեմ բազմաթիվ գանձեր, բայց չունեմ արու զավակ, որ իմ մահից հետո ժառանգի բոլորը, [ունեմ] միայն մի նորածին աղջիկ՝ անպտղության մեջ, և իմ անցյալ օրերը»:

Երբ ծնուցիչը գնաց, վաճառականն ընկավ խոր քննության մեջ, թե, արդյոք, անքննելի՞ է իր տնօրինությունը. մեկն այսպես է կառավարում, մեկն այնպես… Վաճառականը մինչ խորհում էր [այսպես], թմրություն անցավ նրա վրա, ննջեց, երազում տեսավ՝ պայծառ տեսքով երևաց աստծո հրեշտակը, որն ասաց. «Ինչո՞ւ ես ընկել քննության խորքը. այդ նորածին մանուկը ժառանգելու է քո ամբողջ ունեցվածքը»: Նույն վայրկյանին երազը վերացավ, և նա, զարթնելով քնից, այժմ ընկավ այլ տեսակ քննության մեջ՝ ընդդեմ պատգամաբեր հրեշտակին՝ կորցնելու նորածին մանկան արյունը: Առավոտյան իր մոտ կանչելով ծանոթացած մանկաբարձին՝ հայտնում է նրան, թե համաձայն է այդ նորածին մանկանը որդեգրել, եթե ծնողները համաձայնվեն: Մանկաբարձը գնաց և ծնողներին հայտնեց նրա խոսքերը: Ողորմելիները խնդությամբ ընդունեցին նրա խոսքերը:

Երբ [վաճառականը] տեսավ նրանց ընդունելությունն ու համաձայնությունը, հանեց հագուստի կտորեղենները և ծածկելով նրանց բոլորի մերկությունը՝ խրախուսեց նրանց, թե այսուհետև նրանց պահպանելու է իր խնամարկությամբ: Ողորմելիները սաստիկ ուրախացան: Բայց վաճառականը ցանկանում էր մանկանը տանել, որովհետև բանը աստծո հետ չէր կապվում, այլ մանկան կորստի: Ողորմելի ծնողները խնդրում էին սնուցել, մինչ մոր կրծքից կտրվի: Բայց վաճառականը ըստ ներքին ծածուկ նախանձի չկամեցավ նորածնին թողնել, տվեց իր ծառայի ձեռքը, և անցան գնացին: Երբ որոշ տարածությամբ հեռացան և տեսան բոլոր կողմերում լռություն է, [վաճառականը] հրամայեց իր ծառային տանել և նրա արյունը բերել, ցույց տալ իրեն: Ողորմելի ծառան զարմացմամբ ասաց. «Քավ լիցի ինձ. շաղախել իմ ձեռքերը այդ անմեղ մանկան արյամբ»: Տերը բարկացավ, թե՝ «Կաշառք կտամ դատավորին և քեզ կկորցնեմ հավիտենական կորստով»: Ողորմելի ծառան խիստ վախեցավ, վերցրեց մանկանը, դիմեց գնաց մի քարքարոտ տեղ, իսկ հեռու տեղից նշմարում էր վաճառականը: Աստված շրջեց ծառայի միտքը՝ չսպանել անմեղ մանկանը, որի համար հեռվից վաճառականի նկատելու պատճառով ինքը ցույց էր տալիս, որպես թե սպանեց և կամենում է ծածկել նրան: Բայց քարե փոքրիկ տապան շինեց և մանկանը դրեց նրա մեջ՝ երեսը դեպի երկինք և բաց՝ ասելով, թե՝ լավ է այդտեղ սովամահ լինել, քան թե ձեռքերը շաղախել դրա արյամբ: Դրա համար ոտի երակը ծակեց, արյունը հոսեց ինչ-որ աման, [վերցրեց] տարավ ցույց տվեց իր տիրոջը: Թողին այնպես և գնացին:

Նույն օրերին անասունների և այծերի հոտը արոտի է ելնում նույն արևադեմ տեղը: Մի այծ, հոտից բաժանվելով, աստծո խնամքով իրեն իջեցնելով, ստինքը դնում է մանկան բերանը, ծծեցնում նրան և անցնում-գնում, խառնվում ընկերներին: Սա մի աղքատ, միայնակ պառավի այծ էր: Պառավը ժառանգ չուներ կամ ինչ-որ ազգական. ջնջվել էին երկնառաք մահից, միայն ուներ այն այծիկը, կթում էր, կաթով ապրում: Ողորմելին տեսնում է, որ այծիկն ըստ իր սովորության կաթ չի տալիս, առաջվա տվածի կես մասն էլ չի տալիս: Գնում է, վիճում տավարածների հետ, թե ինչո՞ւ աստծու դեմ են գործում, միայնակ այծիկ ունի, կթում են և իրեն թողնում բերանաչոր: Ողորմելի տավարածները երդումով հաստատում են [իրենց] իմացածը, թե բնավ տեղեկություն չունեն: Պառավը չի հավատում նրանց խոսքերին: Դրա համար մի օր բոլորից գաղտնի վեր է կենում, իրեն թաքցնելով, գնում հովիվների հետևից՝ տեղեկանալու տարակուսանքներին: Երբ հովիվները հոտը արածելու տվին և սկսեցին խաղալ, ինքն անցել էր այնտեղի քարերի թիկունքը և նստել, հետևում էր: Նույն ժամին տեսավ, որ իր այծիկը եկավ, մի վեմի տակ իջեցրեց իրեն մինչև մի քառորդ ժամ, ապա ուղղելով իրեն, գնաց և խառնվեց իր ընկերներին: Պառավը շտապեց [դեպի] նույն տեղը՝ տեսնելու, թե այն ինչ տեսիլ էր: Տեսավ նույն տեղում շինված մի փոքրիկ քարե տապան և նրա մեջ դրված մի կայտառ ու գեղեցիկ մանուկ, և ինքը կենդանի: Ողորմելին մի ժամ տարակուսությամբ մնաց հիացած, թե, արդյոք, ի՞նչ է այս սքանչելի երևույթը, գուցե երազ և տեսի՞լ է: Եվ վերցնելով գլխաշորը՝ նրանով փաթաթեց մանկանը, իր գիրկն առավ և խնդությամբ գնաց իր տունը:

Օրերից հետո նրան մկրտեցին և անունը կոչեցին Թափտղ, որ նշանակում է գտնված: Մանուկը աճեց, մեծացավ, եղավ տասնչորս տարեկան, սովորել էր, ուսանում էր և հայրենի լեզվի գիրը, սրամիտ էր, բնական ճոխաբան, տեսքով և դեմքով գեղեցիկ, աննման, քաղցրախոս և առատամիտ, համեստ և խոնարհաշունչ:

Պատահեց [մի անգամ], որ այն մանկասպան վաճառականը եկավ իջևանեց նույն պառավի տանը. այս պատահումը եղավ ամենակալի տնօրինությամբ: Մինչ [պառավը] հավաքեր, սրբեր, ներքին և արտաքին գործերը կարգի բերեր, երբեմն-երբեմն կանչում էր մանկան անունը՝ Թա՛փտղ, թե այսպես արա՛, այնպես… Վաճառականը մտածում էր, թե ինչո՞ւ մանկան անունը Թափտղ է կոչում: Երբ արտաքին գործն ավարտվեց, հավաքվեցին տունը, և վաճառականը սկսեց հարցնել պառավին, թե ինչո՞ւ մանկան անունը Թափտղ է կոչում: Ողորմելի կինը պարզամտությամբ սկսեց պատմել եղած բոլոր իրողությունները: Արդարև վաճառականը հիացել էր աստվածային անպատմելի հրաշագործության համար, բայց նախանձության և մանկասպանության նախկին կրակը չկամեցավ իր մտքից մարել-հեռացնել: Ուստի խնդրեց պառավին թույլ տալ մանկանը ինչ-որ թղթագրության տանելու իր տունը հարկավոր բաների համար, որպես թե ինքը և ծառան զբաղված են ինչ-որ ծանրագույն գործով: Ողորմելի կինը չգիտեր վաճառականի նախանձ մտքի մասին, թե նպատակ ունի կորցնել մանկանը, և համաձայնվեց նրա խոսքերին: Վաճառականը թուղթ գրեց այսպես, թե երբ գրաբեր այդ մանուկը հասնի ձեզ մոտ, անխափան կարգով թույլ չտաք այս երեկոյան վերադառնալ իրենց բնակատեղին, այլ ամեն տեսակ կերակուրներ և ըմպելիքներ պատրաստել ու այդ մանկան հետ ուրախություն և զվարճություն անել: Երեկոյան ընթրիքը վերջանալուց հետո քննել և տեսնել, թե ամենքը քո՞ւն են մտել և լռությո՞ւն է բոլոր կողմերում, խաբեությամբ այդ մանկանը տանել մեր այծերի և ոչխարների գոմը և հանկարծ վերացնել նրա գլուխը ու նրան գցել չոր փոսի մեջ, ծածկել հողով: Եթե իմ գործը խափանող մեկը գտնվի, այդ մանկան փոխարեն նրա մարմինը անխափան կնետեմ շներին և թռչուններին: Թուղթը կնքելով՝ տվեց մանկան ձեռքը, և նա վերցնելով գնաց Դող բերդաքաղաքը՝ վաճառականի բնակավայրը:

Երբ ներս մտավ, տեսավ մի կույս աղջիկ՝ նստած դռանը, գեղեցիկ ու պատվական: Աղջիկը նրան հարցրեց. «Ո՞վ ես դու, որտեղի՞ց ես գալիս և ո՞ւր ես գնում»: Մանուկն ասում է, որ իր մոտ թուղթ ունի՝ գրված այս բնակության տանտիրոջից, եթե ունի ընտանիքի [անդամ], խնդրում է նրան կանչել դուրս, [թուղթը] տա նրա ձեռքը և թերևս ինքը վերադառնա իրենց օթևանը: Աղջիկն ասում է. «Ես այն վաճառական մարդու դուստրն եմ, և տանը ինձնից բացի ոչ ոք չկա»: Թուղթը տալիս է նրա ձեռքը, և նա բացելով ընթերցում է, արդարև մնում զարմացած, թե, արդյոք, այս ի՞նչ նոր հրաշք է, մարդ ինչպե՞ս չուզենա վնասել և ձեռքը ձգի այսպիսի գեղուղեշ նորահաս մանկան վրա ու վնաս հասցնի:

Աղջիկը նայեց մանկան երեսին, նա էլ նայեց աղջկա երեսին. աստված զարթնեցրեց նրանց միտքը՝ հանուն անքակտելի սիրո, և նույն վայրկյանին կաթոգին սիրով կապվեցին միմյանց հետ: Աղջիկը զարմացել էր նրա քաղցրատես գեղեցկությունից, և մանուկը՝ նրա պատվական դեմքից: Երբ միմյանց սիրեցին մտքով, չկամեցան իրարից հեռանալ, որի համար աղջիկն ասաց, որ նա պետք է մնա և սպասի մինչ իր մոր գալը, և պետք է կարևոր պետքեր հասցնել իր հորը: Երբ տղան նստեց այնտեղ, աղջիկն ասաց, որ այդտեղ նստի մինչև իր գալը: Մտավ իր սենյակը, շտապ վերցրեց թուղթ ու գրիչ և արագորեն գրեց այսպես. «Երբ ձեզ մոտ հասնի այդ գրաբեր մանուկը՝ Թափտղ անունով, առանց որևէ խափանման պատրաստել հարսանիքի ամենայն հարկավոր պետքերը, մինչև երեք օր պսակել իմ դուստր Շողակաթի հետ, որովհետև ըստ իմ բարեհաճության դրան հավանեցի: Մինչև իմ գալը տուն պարտավոր եք հարսանիքի ամեն ինչն ավարտել, որովհետև գործն այսպես եղավ»: Քանի որ այստեղ վեճը՝ կռիվը մեծ է այդ մանկան վրա, այսպես գրեց թուղթը և կնքելով տվեց մանկան ձեռքը և նրան պատվիրեց թուղթը տալ մորը, երբ սգավորների տնից գա, իսկ մանուկը չգիտեր՝ ինչ է գրված:

Երբ վաճառականի կինը եկավ, մանուկը թուղթը տվեց նրա ձեռքը: Նա տվեց աղջկան. սա կարդաց իր մոր ականջներին: Մայրը չհավատաց թղթին և աղջկա խոսքերին, որի համար կանչեց իր տան ծախսարարին, թուղթը տվեց ընթերցելու: Նա ևս նույն խոսքերն ընթերցեց՝ սաստկապես գրված՝ անխափան կատարել: Իրենք խորհուրդ արին, թե եկե´ք տեսնենք և քննենք մանկան կամքը. արդյոք համաձա՞յն է այս խոսքերին: Ներս կանչեցին մանկանը և հարցրին նրան, տեսան՝ [լավ է] համաձայնվել, քան մյուսները:

Ըստ նրանց ընդունելության՝ հենց նույն գիշերը պսակեցին միմյանց հետ: Օրեր հետո եկավ աղջկա հայրը՝ տեսնելու՝ կատարե՞լ են գրածները: Երբ տեսան, որ եկել է նրա հայրը, եկան բարեկամները, դրացիները և ավետիս տվեցին վաճառականին: Արդարև աղջկա հայրը, գաղտնապես զարմացած, չկամեցավ հայտնել տեսիլքի բանը, որ երազ տեսավ: Բայց նախանձությունը չկամեցավ մտքից հեռացնել, թեև խառնվել էր բարեկամների և ընտանիքի ուրախությանը և ակամա բերանով օրհնել պսակվածներին: Սակայն ամենակալն [Աստված] իր ամենատես աչքով օրհնել էր նրանց իրենց մոր արգանդում: Բանարկուն՝ վաճառականը, դարձյալ թույլ չէր տալիս հանդարտվել՝ ըստ իր շիկացած նախանձության, և սկսեց որոնել ու գտնել վնասավոր ինչ-որ տեղեր, որտեղ շատերն էին կորել: Ուստի քանիցս նույն մահաբեր տեղերն էր ուղարկել, [բայց] մանուկը յուր անմեղությամբ անվնաս եկել էր:

Երբ վաճառականը տեսավ, որ բոլոր տեղերից օտարացված է, այլ տեսակ հնարներ հնարեց. որպես թե ընկերների և մեծամեծերի պահանջով պարտավորվում է սեղան սարքել, քանի որ հարսանիքում իր որդուն չի գտել: Ուստի իր մոտ կանչելով այգեպաններին՝ պատվիրում է նրանց, թե պետք է ամեն տեսակ անուշահամ պտուղներ պատրաստեն սեղանին կանչվածների համար: Այնտեղ էր և մանուկը: Երբ նրանց հայտնեց, մանկանը տուն ուղարկեց և այգեպաններին առանձնացրեց, նախ՝ երդմամբ հաստատեց նրանց, թե՝ չհայտնել խոստովանությունը մինչև այլոց մահը, ապա հայտնեց իր խորհուրդը, թե այս գիշեր, որ պահի էլ լինի, մեկը գալու է իրենց այգու դուռը և կանչելու է նրանց, պետք է նրան բռնել և գցել ցամաք փոսի մեջ: Նախևառաջ պետք է այգու դռան փոսը պատրաստ պահել և ոչ թե այլ փոսեր, թույլ չտալ խոսել չար կամ բարի, թեկուզ լինի ինքը, եթե աղաղակի, բերանը խցկեն, գցեն փոսը, հողը լցնեն, հավասարեցնեն: [Ապա ավելացնում է.] «Եթե ձեզնից մեկը ձեռքը հեռու պահի այդ գործից, կենդանի է տերը, կաշառք կտամ պարսից դատավորին ձեզ խեղդամահ անելու համար»: Ողորմելիները մնացին վախի մեջ երկու կողմից՝ վերկենա՞լ, թե՞ չվերկենալ. ի վերջո խոստացան անխափան կատարել: Նրանք անցան գնացին այգին:

Երբ երեկո եղավ, վաճառականը իր մոտ կանչեց մանուկին, թե գիշերվա չորրորդ պահին նա պարտավոր է անխափան իրեն հասցնել հիշյալ պտուղները: Մանուկն ընդունեց նրա խոսքերը և գնաց տուն: (Վաճառականը պատվիրել է այգեպաններին, թե երբ կատարեն այդ գործը, նույն վայրկյանին գնան, հայտնեն իրեն):

Անցնենք պատմությանը. մանուկը գնաց և քուն մտավ, աստծուց թմրություն իջավ նրա վրա, չկարողացավ անկողնուց վերկենալ: Առավոտյան դեմ մանուկը վերկացավ՝ պատրաստվելու բոլոր գործերին: Նորապսակ հարսը նրանից հետո վերկացավ և նրան արգելեց գնալ, թե տեսիլքում շատ անցքեր անցան. «գնալն քո մահ է», լացում էր և ողբում և ձեռքերից բռնելով՝ ներս էր քաշում: Հնազանդվելով նրա խոսքերին՝ մանուկը գործից ուշացավ, և առանձնակի զբաղվեցին աղոթքով մինչև առավոտվա արշալույսը:

Վաճառականը չկարողացավ հանգստություն գտնել, առավոտյան դեմ վերկացավ և շտապ ոտքով գնաց տեսնելու, թե ինչու գործն ուշացավ: Երբ կամեցավ մտնել [այգին], դարան մտածները հանկարծ հարձակվեցին նրա վրա, առանց ձայն հանելու նրա բերանը խցկեցին և գցեցին ուրիշների պատրաստած փոսը: Նույն ժամին հող լցնելով փոսը՝ հավասարեցրին և իսպառ անհայտ դարձրին: Տակավին գիշեր էր, երբ կատարվեց աստվածային սքանչելագործ տնօրինությունը:

Կորստից հետո, երբ արեգակը ծագեց ճառագայթափայլ երկրին, մանուկն անվնաս մտավ այգին և վերցնելով պատրաստված պտուղները՝ ողջությամբ վերադարձավ իր տունը: Եվ գնաց հյուրընկալության տեղը, այնտեղ չգտավ ոչ մեկին՝ ոչ հրավիրված մարդու, ոչ վաճառականին: Լուր տարածվեց բոլոր տեղերում, և համբավ տարածվեց, որ թերևս կարողանան գտնել նրա տեղը. անհայտ եղավ յուր անհայտ չարագործությամբ:

Այս ամենը գիտեր նրա դուստրը, որովհետև շատ առաջ է պատմել նրան, հետո ևս: Նաև՝ եթե մեկը կարոտի տեսնել նրա որդու տապանը, այժմ Դող բերդաքաղաքում՝ սուրբ Հոհանի եկեղեցու դրսի աջ կողմում ծակ գերեզմանաքարը նրա վրա է: Ով ընթերցում է նրա արձանագրությունը, ցրվում է իր տարակուսական մտքերից:

Տեր աստված բոլոր անմեղ անձանց կարոտությունները կկատարի, իսկ մեղավորներին համբերություն կտա, մեղքերին՝ թողություն ի Տեր. ամեն…

 

ՄԱՐԴԱԿԵՐՊ ՀԱՐՍՆԱՔԱՐ ԿՈՉՎՈՂ ԺԱՅՌԻ ՄԱՍԻՆ

Դիզափայտ լեռան արևելյան կողմի մի բարձր բլրի վրա է գտնվում այս ժայռը, որի տեղն ու դիրքը, ըստ ականատեսների՝ զարմանալի է. ջրերը սառնափայլուն են, նստահարթակները՝ ծաղկանկար և բոլորովին կանաչազարդ:

Մեր ժամանակ շատերը ցանկացան տեղեկանալ, թե ինչո՞ւ են ծերերն այս ժայռը Հարսնաքար անվանում:

Հարյուրամյա արժանահավատ ծերունի անձանց միջոցով ստուգվելով՝ [պարզվեց], որ օրինավոր Լենկթեմուրի թագավորության մեջ, Հաբանդի նահանգում երևացին երկու անվանի և հարուստ իշխաններ՝ չտեսնված հարստացած, ունևոր, անհաշիվ գանձերով, անթիվ ոչխարներով և այլ անասուններով:

Մեկը օձաբերդցի էր, մյուսը՝ քաղաքից: Նրանք երկուսն էլ բարեպաշտ էին, աստվածասեր, նաև այրիների և անմեղների խնամատար: Բոլոր կարոտյալներին օգնում էին՝ իրենց փափագն առնելու, շրջում էին բոլոր վանքերն ու անբնական վայրերը, բոլոր տեղերում կարևոր հիշատակներ դնում, վանականներին պարգևում անհրաժեշտ պիտույքներ և այլ անթիվ բարություններ անում մեր ազգի համար:

Ինձ մնաց հայտնել, թե այն երկու ազգասեր իշխանները ինչի՞ կարիք և պակասություն ունեին, երկուսն էլ փափագում էին զավակ տեսնել, ըստ իրենց սերտ բարեկամության՝ աստվածային սիրով Աստծո հաշտարար Սուրբ Հոգին դյուրին դարձնել իրենց [նկատմամբ], այսինքն՝ վեհափառ սուրբ Աստվածածնի միջնորդությամբ ուխտեցին, որ Աստված երկու զավակ տա կանանց՝ արյունակցական մոտիկությամբ բարեկամության կապը հաստատելու համար:

Երբ հաստատեցին իրենց երդումները, կրկին պնդեցին և իրենց բարեպաշտ կանանց հետ հաճախեցին բոլոր ուխտատեղերը և վանքերը տուրքերն ու ողորմությունները կատարելու համար: Մինչև անգամ ողորմություն ծագեց ողորմածների վրա (ինչպես ասում է [Տերը]. «Երանի ողորմածներին. նրանք ողորմություն կգտնեն»):

Արդարև [Աստված] բացեց երկուսի փակված արգանդը, հղիացան և ծնեցին զավակներ. մեկը՝ արու, մյուսը՝ էգ: Նա, որ Ամարաս քաղաքում էր բնակվում, էգ ծնեց, իսկ որ Օձաբերդում էր բնակվում, արու ծնեց:

Հանդիսավոր բազմությամբ Աղվանից կաթողիկոս Գրիգորիսի սուրբ Աթոռում մկրտեցին [զավակներին]:

Մանուկները մեծացան և չափահաս եղան նշանադրության: Ծնողները նախնիների սովորությամբ հանդիսավոր նշանադրություն արեցին:

Եվ մեկ տարուց հետո հարսանիքի օրինավոր պատրաստություն տեսան: Այնուհետև երկու կողմերից էլ սկսեցին ուրախություն անել զանազան երգերով և փողահարությամբ, տավիղներով ու քնարներով:

Այսպիսի հրաշափառ երգերով և մեծ խմբով հեծյալներով, երիտասարդների բազմությամբ փեսային առան գնացին քաղաք, աղջկա տունը, և այնտեղ աղջկա ծնողների ուրախության համաձայն՝ ճոխ ու բուռն ուրախություն արեցին հինգ օր: Եվ ապա հարսին վերցնելով՝ փեսայի հետ մեծ սպասքով եկան մինչև Դիզափայտ լեռան ստորոտը ու այնտեղ՝ հիշյալ բլրի գագաթին, իջան՝ փոքր-ինչ հանգստանալու:

Մինչ նստել էին սեղանի և հարսանեկան ուրախություն էին անում, նույն ժամին տեսան, ահա, քրդերի ազգից մի ստվար խումբ՝ բոլորը զինված: Երբ մոտեցան, բաժանվեցին երեք մասի՝ առաջանալով այս ու այն կողմերով և իրար ձայն տալով, որ կարողանան պաշարել բոլոր կողմերը, որպեսզի ոչ մեկը չելնի իրենց ձեռքից: Տեսանք, որ հարսանիքի պատանիները չկարողացան դիմադիր լինել նրանց. կատաղի գազանների պես հարձակվեցին՝ վայրկենապես ժանիքներով ոչնչացնելու:

Դրա համար յուրաքանչյուր ոք իր համար էր հոգ տանում՝անօրենների սրից ազատվելու համար: Այնուհետև, բացի փախչելուց, այլ հնարներ չէին գտնում: Դրանից հետո սրբասնունդ հարսը և փեսան մնացին անխնամ ու անօգնական, որովհետև ամենքն էլ տեսան, որ բարբարոսներից ազատվելու, միմյանց օգնության հասնելու հնար չկա, փախան և [կանգնեցին] մի վեմի՝ ժայռի վրա, որն իրենց դիմացն էր յոթ ոտնաչափից ոչ ավելի բարձրությամբ:

Նույն ժամին ապավեն ունենալով մեծաշուք սուրբ Տիրամորը, թերևս անարատ մնալու անօրենների պղծությունից, որովհետև նրանց վրա էր եկել հասել խայտառակության խավարը, արտասվաթոր աղաչում էին սուրբ Կույսին, որ չպղծվեն անարատ պահված իրենց կուսությունները: Դրա համար ձեռքերով բռնեցին վեմը, վերացան երկինք՝ արտասվալի աղերսական աչքերով, ասելով. «Ահա այս ժամից մեր այցելությունները, որտեղ և հատել է մարդու ակնկալությունը»:

Նույն ժամին [անօրենների] աչքից անհետացան: Որովհետև ամեն կողմից պաշարել էին, իսկապես հայտնի դարձավ նրանց, որ այնտեղ թաքնվեցին, վերացան իրենց երեսից:

Արդարև զարմանքը բռնեց ամենքին, դրանից հետո այնտեղ շատերի ձեռքերից սուրն ընկավ:

Այդ պատճառով բոլորի լեզվով այս ժայռը կոչում են Հարսնաքար:

Բայց նրանց ծնողների ցավը անպատմելի եղավ, երբ փախստական պատանիները հայտնեցին նրանց: Նրանք, կանչելով նահանգի քաջասիրտ երիտասարդներին, նրանց տվեցին բազում գանձեր և նրանց միջոցով ահագին ընծաներ ու պարգևներ ուղարկեցին պարսից թագավորին, որ գոնե կարողանան իմանալ և տեղեկանալ պատահած դեպքերին, թե ադյոք գերվե՞լ են կամ սպանվե՞լ անօրենների ձեռքով:

Բոլոր տեղերը հեծյալներ ուղարկեցին՝ կաշառատվությամբ և պարգևներով քննելու, հարցնելու և միայն իմանալու նրանց մահվան բնույթը:

Մի ոմն աղքատիկ քուրդ այս նպատակով եկավ և [տեղեկության համար] խնդրողներից առավ արծաթ, բոլոր սքանչելագործ իրերը՝ [ասելով], թե այսպես եղավ նրանց մահը:

Երիտասարդները եկան և նրա խոսքերը պատմեցին ծնողներին, որոնք անգամ դադարեցին որդիների կորստյան դառն ու անտանելի ցավակրությունից և փառք տվեցին ամենակալ Աստծուն, որ նման մահով հեռացան այս աշխարհից:

Տեր Աստված Հիսուս Քրիստոսի՝ մեր Տիրոջ բոլոր նեղյալ հավատացյալներին թող ազատի հոգիների և մարմինների ամենայն անփրկելի պատահարներից՝ արյամբ ներկվածների բոլոր վկաների բարեխոսությամբ և Տիրոջն ուղղված՝ գրողների ու վերծանողների մատյանով, ամե՜ն:

 

ՀՐԱՇԱԳՈՐԾ ՋՈՒՂԱԼՈՒ ԽԱՉԻ ՄԱՍԻՆ

Փոքր ձեռագիրը այսպես է ներկայացնում վկաների[1] պատմությունը. սուրբ վկաները մենահայր և մենամայր են,  քույր և եղբայր, եղբոր անունը՝ Ուխտանես, քրոջ անունը՝ Շողակաթ: Երբ նրանց բարեպաշտ և աստվածասեր ծնողները վախճանվեցին, ողորմելի զավակներին թողեցին անխնամ և անտերունչ: Զավակները խոհեմամիտ էին և բանագետ, չափահաս, չարն ու բարին իմացող, ունեին նաև ոսկի, արծաթ, անդս և անդականս, այսինքն՝ չորքոտանիներ: Թեև նրանք ունեցվածք, հարստություն ունեին, սակայն նրանց աչքը հարստության վրա չէր, որի համար երկուսն էլ ուխտեցին բնավ չամուսնանալ և հրաժարվել աշխարհական բոլոր զբաղմունքներից ու պահել իրենց անարատ և անապական կուսությունը: Եվ ինչպես հաստատեցին իրենց ուխտը, այնպես էլ սրբապահությամբ անցկացրին կյանքը:

Շրջում էին մերձակա ուխտատեղիները, հիշելիքներ էին դնում վանքերում և այլ կարևոր տեղերում, իրենց ծնողների հոգիների պատարագի վճար էին տալիս, աղքատների և կարոտյալների փափագներն էին կատարում: Մի անգամ ուխտ դրեցին իրենց ծնողներից մնացած ամեն ինչ բաշխել կարոտյալներին, վաստակել ձեռքով և դրանով հոգալ իրենց ապրուստն ու ուտելիքը:

Բայց ազգականները մեծ կասկած՝ անհանգստություն ունեին Ուխտանեսի քրոջ՝ Շողակաթի համար, որովհետև գեղեցկությամբ աննման էր. ոչ ոք չէր կարող նայել նրա երեսին և մարդկանց աչքում ձևանում էր որպես լուսակազմ անմարմին հրեշտակ: Նրա զարմանալի գեղեցկության պատճառով շատերը լցվեցին դիվական ցանկությամբ. նրա նկատմամբ խայտառակություններ անել: Աստծո հոգածությամբ չկարողացան մերձենալ նրան: Այսպես շրջելով՝ [նրանք] անց էին կացնում իրենց կյանքը: Նույն ժամանակ պարսից երկրից բոթ բերող՝ գուժկան եկավ՝ [ասելով], թե ահա´ պարսից զորքը մոտ է և անցնելու է Երասխ գետը, որ շարժվի դեպի Ճորայի սահմանները, այս կողմը՝ Արցախյան երկրի բոլոր տեղերը: Երբ հայերը լսեցին, սկսեցին մտնել ամուր տեղեր, ամրանալ և հաստատվել լեռների ամուր բերդերում՝ իրենց հետ տանելով ուտելիքներ և ըմպելիքներ:

Բայց պարսիկների հանկարծական գալստյան պատճառով չկարողացան երկար ժամանակի և օրերի ուտելիքներ ու ըմպելիքներ պատրաստել: Ովքեր բազմատեսակ կերակուրներ և այլ իրեր էին պատրաստել, մնացին անվնաս նույն զորքերի չարագործություններից, իսկ ովքեր անպատրաստ էին, հետզհետե սկսեցին նահանջել և անձնատուր լինել անօրեններին:

Անօրեն և պիղծ ազգը ընտրում էր գեղեցկագույն մանուկներին և աղջիկներին, շրջագայելիս տանում իրենց հետ. [այդպիսով] վատթարի անուն էին դնում նրանց վրա (մտածի´ր՝ էլ ինչ ուրիշ բաներ):

Թողնելով այս ամենը՝ սուրբ վկաների պատմությունը շարունակենք:

Այն ժամանակ նրանք ևս ամուր տեղերում աղոթք էին մատուցում մեր ազգի ազատության համար: Դևերի հորդորանքով որոշ ցանկասեր և տռփանքով լեցուն երիտասարդներ կամեցան նրանց գցել անօրենների ձեռքը, որոնք վաղուց ի վեր ջանում էին չարություն հասցնել քրիստոսի վկաներին, բայց նրանք աստծո խնամքով (պահպանությամբ) ազատվել էին: Երբ չարագործ երիտասարդները գտան նրանց աղոթքի տեղերը, եկան հորդորեցին պարսից ազգի մի քանի զինվորների՝ առավոտյան պահին տանել և ցույց տալ նրանց: Նույն գիշերը մի կին գաղտնի գնաց և վկաներին հայտնեց պարսիկների հետ մոլորյալ երիտասարդների ունեցած չար մտադրությունները՝ [խորհուրդ տալով], որ այդտեղից տեղափոխվեն մեկ այլ ոչ նշանավոր տեղ, գոնե կարողանան հեռու մնալ նրանց ձեռքից: Երբ նրանք լսեցին, հաստատվեցին [խորհուրդ տալով] պաղատանքներով՝ ողջ գիշերը՝ մինչև առավոտ, տքնելով արտասվաթոր աղերսանքով. թերևս նրանց չար կարծիքներից մնալ անարատ:

Երբ արեգակը ծագեց երկրին, չարամիտ երիտասարդները, վերցնելով անօրեններին, դիմեցին-գնացին զառիվեր՝ վկաների մոտ: Վկաները տեսան՝ ահա զինված անօրենները գալիս են: Մինչդեռ նրանք հեռու էին, վկաները փախան գնացին ժայռի մի հարմար ճեղք և մտան խորքը: Վեմը՝ ժայռը, հարյուր կանգունից բարձր է [կանգուն-երկարության չափ = մեկ արշինի կամ մետրի]: Անօրենները հետազոտելով շտապ հասան նույն ժայռին և մտան քարայրը, ուր մտել էին վկաները: Նույն քարանձավում սպանվեցին սուրբ վկաները: Չգիտեմ, ասում են, թե մտել էին ավելի խոր տեղեր, և որքան բռնությամբ կամեցան քարշել դեպի դուրս, նրանք առավել ամրացան, որի համար այնտեղ սրախողխող եղան: Ինչպիսի՜ նահատակությամբ այնտեղ եղավ նրանց մահը:

Նույն տեղը այժմ ուխտատեղի է և բազմաթիվ հրաշագործություններ ու բժշկություններ է անում, մանավանդ բոլոր երկնառաք բարկությունների և հանցանքների միջնորդն ու բարեխոսն է: Ամենևին վայել չէ նաև այնտեղից զոհյալների մի մասը բերել քահանային կամ տուն և բաժանել կարոտյալներին. արդարև նույն վայրկյանին գալիս է տիրոջ բարկությունը արտերի վրա: Շատ անգամ անելով այն փորձությունները՝ նախկին հողատերերին վնասներ է հասցրել (ու մեծ բարկություն է պատահել), այսինքն՝ կարկտահարություն և ցավերի(ց) հանկարծամահություն. ազատվելու միջոց չի տալիս, նույն ժամին կատարում է անխափան:

Թե ինչո՞ւ է կոչվում Ջուղալու խաչ. սա է բառի իմաստը:

Վեմի արևելյան ոտին՝ ստորոտին մոտ գտնվում է մի բնակություն, որ բաղկացած է հիսունից ավելի տներից, ամենքն էլ հայ են, նրա անունը կոչվում է Դոմի, հնում՝ Գոմեր: Հին սովորություն ունեին. համբարձման օրերին բոլորը գնում են ուխտի նույն տեղը՝ բազմաթիվ զոհեր մատուցելու համար: Ըստ նախկին սովորության՝ [ուխտի] ավարտից հետո ծառերի մանր ճյուղեր են կտրատում, կապում խուրձ, այն ամրացնում երկար ձողի ծայրին, որի բարձրությունը լինի քսան կանգուն, և ուղղահայաց ցցում են այն բարձր վեմի վրա, [որը] բոլոր կողմերից անխափան երևում է պարզ, ուստի կոչում են ջուղալու, ինչպես թագ՝ մեր լեզվով, որովհետև այնտեղ ընդունեցին [որպես] մարտիրոսության թագ, ի Տեր, ամեն:

[1] Վկա – մարտիրոս, նահատակ, ճշմարտությունը դավանող՝ արյուն թափելով:

Շարունակելի

About The Author

Related posts

Leave a Reply