Ապրիլի 23, 2019

ԱԿՆԱՐԿ ՏԵՂ ԳՅՈՒՂԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ

ԱԿՆԱՐԿ ՏԵՂ ԳՅՈՒՂԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ

Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, ԳՊՀ-ի պատմաիրավագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Ս. Գ. ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

 

 Տեղ գյուղը Սյունիքի մարզի Գորիսի ենթաշրջանի խոշոր գյուղական բնակավայրերից է: Գյուղի մասին հնագույն հիշատակությունը հանդիպում ենք Սյունյաց տան պատմիչ Ստ. Օրբելյանի մոտ: Նա Տեղ գյուղը հիշատակում է նվիրատվության առիթով: Սյունիքի միջնադարյան թագավորության հիմնադիր Սմբատ թագավորի մահից հետո, որն, ի դեպ, թաղվել է Տաթևի վանքում, թագուհի Շահանդուխտը 988թ. գյուղը նվիրում է Տաթևի վանքին և կնքում վավերագիր: Այդ գյուղը ավելի վաղ թագուհուն էր նվիրել սյունյաց Սմբատ արքան: Նվիրատվական վավերագիրը ամբողջովին մեջբերում է Օրբելյան պատմիչը: Տեղը Սյունիքի Հաբանդ գավառի հյուսիս-արևելյան սահմանի վրա գտնվող, Շահանդուխտ թագուհու հոգածության շնորհիվ վերակենդանացած, միջին մեծության բնակավայր էր, որը, ըստ Օրբելյանի հարկացուցակի, 12 միավոր հարկ էր վճարում Տաթևի վանքին: Թագուհի Շահանդուխտը գյուղի նվիրատվական վավերագիրը կազմում է իր որդիներ թագաժառանգ Վասակի և Սևադայի հետ: Վավերագրում կարդում ենք. «Հանուն աստծո ես` Սևադայի դուստր Շահանդուխտս, կամեցա եկեղեցուն Հաբանդ գավառի Տեղ կոչված գյուղը` իր բոլոր շրջակա սահմաններով, լեռնով, դաշտով, մյուս եկամուտներով, որ ինձ էր նվիրել իմ թագավոր Սմբատը, և ես խոպան տեղից գյուղ էի դարձրել, իմ երանելի թագավորի վախճանից հետո նրա հոգու համար Տաթևի սուրբ կենտրոնական վանքին ու սուրբ նշանին տվեցի Սյունյաց եպիսկոպոս Հակոբի միջոցով: Այսուհետև ես ու իմ որդիներ Վասակն ու Սևադան տիրող չենք…»:[1] Նվիրատվության վավերագիրը հաստատել ու մատանիով կնքել է նաև Սյունիքի հոգևոր թեմի առաջնորդ, եպիսկոպոս Հակոբը` խստիվ հրահանգելով Տեղ գյուղի նվիրատվության և Սմբատ թագավորի հոգու փրկության համար Տաթևի վանքում անխափան կատարելու սահմանված հիշատակի արարողությունները:

Վերոհիշյալ նվիրատվական վավերագիրը թույլ է տալիս ենթադրել, որ Տեղ գյուղը X դարում ինչ-ինչ պատճառներով դատարկվել է և ինչպես Շահանդուխտ թագուհին է նշում` ինքը «խոպան տեղից» գյուղ է դարձրել: Գյուղը, թերևս, լիովին դատարկված չի եղել: Բնակավայրը հնուց ի վեր բնակեցված է եղել և քանի որ եղել է Արցախ աշխարհը Սյունիքին ու մայր երկրին կապող օղակ` հեշտությամբ ու արագորեն վերակենդանացվել է թագուհու կողմից:[2]

Հնագիտական պեղումները վկայում են, որ Տեղը բնակեցված է եղել վաղնջական ժամանակներից: 1985-86թթ. գյուղին մոտիկ դաշտամասը քարերից մեքենաներով մաքրելու ժամանակ բացվել են հնադարյան դամբարաններ: Այստեղ պեղումներ է կատարել հնագետ, պատմական գիտությունների դոկտոր Օնիկ Խնկիկյանը: Նա իր ուսումնասիրությունները հրապարակել է ինչպես գիտական հանդեսներում, այնպես էլ ԱՄՆ-ում անգլերեն հրատարակված մեծածավալ արժեքավոր մենագրության մեջ:[3] Տեղ գյուղի պեղումների շնորհիվ Գորիսի երկրագիտական թանգարանն առաջին անգամ ձեռք բերեց վանակատե նետասլաքներ, թանգարանին ի պահ են տրվել նաև բրոնզե դաշույններ, զանգվածեղ գուրզ, եռակն խոշոր պաշտամունքային կավե ճրագաման և այլն:[4] Հնագետ Օ. Խնկիկյանը Տեղի դամբարանների գտածոները թվագրել է Ք. ա. 10-րդ դարով: Այդ դամբարանները Գորիսի շրջանի մյուս գյուղերում պեղված դամբարանների համեմատ /Հարժիս, Խոտ, Գորիս և այլն/ ավելի հին են: Տեղ գյուղից արևելք ընկած դամբարանաբլուրներում առաջինը, տակավին 1898թ., հնագիտական պեղումներ է կատարել գերմանացի Ե. Ռյոսլերը ու գտել մի քանի հնագիտական իրեր` բրոնզե դաշույն, ուլունքներ, կավե իրեր:[5] Նա գյուղում կատարել է նաև մարդաբանական հերազոտություններ:[6]

Տեղը հայտնի բնակավայր է եղել միջնադարում ևս: Գյուղի հյուսիսային մասում գտնվող հին գերեզմանատանը կան բազմաթիվ վիմագիր ու պատկերազարդ գերեզմանաքարեր: Վիմագիր գերեզմանաքարերից ամենահին արձանագրությունը վերաբերում է 1216թ., այնտեղ կարդում ենք. «Ի թվ: ՌԿԵ: Յիշեայ Քս. Ած. զՄլքաշահ ի քո արքայութե»:[7] Իսկ 1423թ. վերաբերյալ մեկ ուրիշ արձանագրության մեջ կարդում ենք. «Այս է հանգիստ պարոն Ամրասին հէրենայ տէր իշխան գավառին թվ: ՊՀԲ»:[8] Այս արձանագրությունը որոշակի և լուրջ խորհրդածությունների տեղիք է տալիս Տեղի` XV դարի առաջին կեսին իշխանանիստ լինելու մասին: Տեղ գյուղի հին գերեզմանատունը, որը գտնվել է մելիք Բարխուդարի ապարանքից քիչ հեռու, մանրամասն ուսումնասիրել է Ե. Լալայանը: Այդ առթից նա գրում է. «Այս ապարանքից փոքր ինչ հեռու գտնւում է հին գերեզմանատունը, ուր կան բազմաթիւ հին և գեղեցիկ տապանաքարեր: Հետաքրքիր են մեծատունների գերեզմանաքարերը. սրանք երկու մետրից աւելի երկարութեան, 71 սմ բարձրութեան և մօտ 36 սմ լայնութեան քառանկիւնի քարեր են, որոնց երկու երեսների վրայ, գեղեցիկ նշխերի մէջ զանազան տեսարաններ են քանդակուած, օրինակ. մի առիւծ խեղդում է մի գառ, կամ մի իշխան գինի է ընդունում մի ծառայից, մի աշուղ էլ ածում է: Այս տապանաքարերի ներքին մասում դէպի ոռների կողմը կանգնեցրած են 2 1/ 4 արշ. բարձրութեան միակտուր քարեր, որոնց արևմտեան երեսին խաչ է քանդակուած, իսկ արևելեան կողմի ներքին մասում բարձրաքանդակ «օջախ» դուրս բերուած: Այս վերջինը նշանակում է, որ ննջեցեալը մեծ օջախից է եղել»:[9]

Տեղ գյուղի մասին հիշատակություն կա նաև ձեռագիր հիշատակարանում, այն հիշվում է որպես խոշոր բնակավայր: 1645թ. Տեղ գյուղում գրիչ Մելիքսեթ երեցի կողմից ընդօրինակված ավետարանի հիշատակարանում կարդում ենք. «ձեռն արկեալ գիրեցի զսա ի քաղաքս Տեղ»:[10] Տեղը ուշ միջնադարում քաղաք կոչելը փոքր-ինչ չափազանցություն է թերևս, սակայն կարծել է տալիս, որ այն եղել է խոշոր, բարետես, գուցե և շարունակել է մնալ իշխանանիստ-մելիքանիստ բնակավայր:

Գյուղի տարածքում պահպանված պատմահնագիտական, ճարտարապետական արժեք ներկայացնող հուշարձանները ուսումնասիրվել է ճանաչված պատմաբան-հնագետ Մորուս Հասրաթյանի կողմից` 1947թ. օգոստոս ամսին ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի կազմակերպած գիտական արշավախմբի գործունեության ընթացքում:[11] Այդ հուշարձանները բազմաքանակ չեն, սակայն եղածները, պատմաբան-հնագետի կարծիքով որոշակի հետաքրքրություն են ներկայացնում:

Հին գյուղատեղի կենտրոնում են գտնվում ուշ միջնադարի հայկական ճարտարապետության հուշարձաններից Մելիք Բարխուդարի ամարաթը, ինչպես նաև «քարե օթախը»[12], իսկ գյուղի հյուսիսային մասում` մեծ գերեզմանոցը տասնյակ հին վիմագիր գերեզմանաքարերով ու խաչքարերով: Մելիքական ամարաթի գմբեթավոր դահլիճի դռան բարավորին կարդում ենք. «Թվ: ՌՄԼԲ: / 1783թ./ ի վաելումն Մէլիք Բարխուդարի որթի Դավիթ Պէկս Շինեցի այս ամարաթս Իբրայիմ խանի ժամանակօվն»:[13] Ամարաթը լավ է պահպանվել: Այն իրենից ներկայացնում է տարբեր սենյակներից բաղկացած ամբողջական բնակելի համալիր: Հատկապես աչքի է ընկնում սեղանատունը` քարերով կրաշաղախ շարված գմբեթավոր առաստաղով, որի ծայրը պսակվում է շրջանաձև լուսամուտով: Ն. Պապուխյանը խոսելով Սյունիքի մելիքական տների, մասնավորապես Տեղ գյուղում Մելիք-Բարխուդարի ամարաթի մասին, գրում է. «Մելիքական ամարաթները պատկանելով ուշ միջնադարին, իրենց մեջ պարունակում են ավելի վաղ ժամանակների պալատական ճարտարապետության շատ տարրեր»:[14]

Ողջ շինությունը վերջին անգամ մասամբ նորոգվել է XX դարի վերջերին, նույնիսկ օգտագործվել հասարակական կարիքների համար:

Տեղ գյուղի պատմա-հնագիտական ու ճարտարապետական-շինարարական արվեստի տեսակետից ամենաուշագրավ հուշարձանը հին գյուղամիջի Ս. Գևորգ եկեղեցին է: Այն գտնվում է Մելիք Բարխուդարի ամարաթից մի քանի մետր հեռու: Շինությունը կառուցված է սրբատաշ խոշոր քարերով: Եկեղեցու ողջ ծավալը կազմված է երկու մասից: Մ. Հասրաթյանի կարծիքով արևելյան հնագույն մասը կառուցվել է վաղ միջնադարում / IV-Vդդ./, իսկ արևմտյան հատվածը նրան կցվել է 1737 թվականին:[15] Կցման ժամանակ քանդվել է հին եկեղեցու, արևմտյան ճակատը, որը վերածվել է կամարակապ բացվածքի: Եկեղեցու աղոթասրահի չափերն են 3,30 X 7,05 մ: Եկեղեցին լուսավովրում է բեմի և հարավային պատի երկու լուսամուտներով: Կառույցի դռան բարավորի քարի վրա 16 և 6 թերթիկանի երկու խոշոր վարդյակներ են քանդակված: Հուշարձանն մանրամասնորեն ուսումնասիրած Մ. Հասրաթյանը կատարել է որոշակի տեսական հետևություններ, այն համեմատել Սյունիքի վաղ միջնադարյան այլ հուշարձանների հետ և հիմնավորել Ս. Գևորգ եկեղեցու IV-V դդ. կառույց լինելը: Խոսելով եկեղեցու հարավային մուտքի մասին, գիտնականը գրում է. «Հարավային այս մուտքը /այժմ շարվածքով փակված/ պատկանում է եկեղեցու հնագույն հորինվածքին և իր ձևով առնչվում է Սյունիքի IV-V դդ. այնպիսի հուշարձանների մուտքերի հետ, ինչպիսին Ծիծեռնավանքն է և Վերիշենի /Հին Գորիս/ եկեղեցին: … Ինչպես տեսնում ենք, Սյունիքի վաղ միջնադարի ճարտարապետությանը հատուկ է շքամուտքի մի յուրօրինակ տիպ, որը Հայաստանի մյուս նահանգներում այդ ժամանակաշրջանում չի հանդիպում»:[16]

XVIII դարում հին եկեղեցուն կցված մասը երկհարկանի շինություն է, կառուցված կոպտատաշ բազալտից, և քանի որ ունի նույն բարձրությունը և լայնությունը, ինչ հին եկեղեցին, ողջ շինությունը` իր հին ու նոր մասերով ամբողջական, ներդաշնակ տեսք ունի: Եկեղեցու արտաքին չափերն են 16մ X 6 մ: Եկեղեցին եղել է պարսպապատ, իսկ պատերի մեջ եղել են անցքեր` հրացանով կրակելու համար:[17]

Ս. Գևորգ եկեղեցու պատերին, բակի տապանաքարերի ու խաչքարերի վրա մոտ երկու տասնյակ արձանագրություններ կան, որոնք ընթերցվել ու հրապարակվել են ինչպես Մ. Հասրաթյանի, այնպես Ս. Բարխուդարյանի կողմից: Վերջինիս հրապարակած արձանագրություններն ավելի ընդգրկուն ու ամբողջական են: Այդ արձանագրություններից ամենից հինը վերաբերում է 1451թ., ուր հիշատակվում է Հովհաննես աբեղայի անունը /տե՛ս նկ. 4/:[18] Վերոհիշյալ վիմագիր արձանագրություններից կարևորվում է եկեղեցու վերանորոգման և կից կառույցի շինարարության արձանագրությունը, որը փորագրված է շքամուտքի ճակատակալ քարին: Այնտեղ գրված է. «Յիշատակ է սբ. տաջարիս վէմս նորէքեցան Բարխուտարն իւր կողակից Թաճումն, որ գեղիս նորօքիլն թվ: ՌՃ ՂՁ: / 1737թ./»:[19]

Մելիք Բարխուդարը երևելի անձնավորություն էր տարածաշրջանում: Նշանավոր մելիքի նստավայրը եղել է և՛ Խնձորեսկը, և՛ Տեղը: Նա սկզբում նստել է Կոռնիձորում, ապա Տեղ գյուղում, բայց քանի որ Տեղում բերդ-ամրոց չի եղել, տեղափոխվել է Խնձորեսկ: Նադիր շահի դավադիր սպանությունից հետո պարսկական պետության մեջ սկսվում է անիշխանության շրջան: Սյունյաց լեռնաշխարհի հին ու նոր թշնամիները կրկին գլուխ են բարձրացնում: Հատկապես վտանգավոր էին Նախիջևանի Հեյդար-Ղուլի խանի ասպատակիչ արշավանքները: 1748թ. նա իր զորքերով արևմուտքից արևելք կտրելով Սյունիքի տարածքը, հասնում է մինչև Տեղ գյուղ և պահանջում հարկեր ու գինի: Մելիք Բարխուդարը հրաժարվում է խանին հպատակվելուց և 600 հոգանոց ջոկատով դուրս է գալիս կռվելու նրա դեմ: Սակայն վճռական ճակատամարտում քաջարի մելիքն ու նրա եղբայրը զոհվում են: Ասկյարները նրանց գլուխները կտրում և նվեր են տանում խանին:[20] Մելիք Բարխուդարի գերեզմանի տեղը հայտնի է: Նա թաղված է հին Խնձորեսկի Անապատի բակում, Մխիթար Սպարապետի գերեզմանի մոտ: Նրա տապանաքարին գրված է.

«Այս է տապան ի հանգստեան,

Իջեղ մարմնօվ ի գերեզման,

Սա Բարխուդար եւ մեծ իշխան,

Նահատակուեց օր համբարձման,

Որ է ի գեղջէն ի Տեղու այն,

Օվ ոք առնէ զսայ յիշման,

Արքայութեան լինի արժան.

ի թվին հայոց ՌՃՂԷ /1748թ./»:[21]

 

Տապանաքարի արձանագրությունից իմանում ենք և մելիքի մահվան օրը` մայիսի 4-ը, թերևս դա էլ թշնամու դեմ հայերի տված վճռական ճակատամարտի օրն է: Հարևանությամբ թաղված երկու հերոսների` Մխիթար Սպարապետի ու Մելիք Բարխուդարի տապանաքարերը նույնատիպ են, համարյա նույն նախշազարդերով: Նույնն է նաև տապանագրերի բանաստեղծական ոճը:[22] Մելիք Բարխուդարի գերեզմանից ոչ հեռու կա մի տապանաքար, որի վրա կարդում ենք. «Այս է տապան Սարքիսի որդի Բղրա բեկին թվ: ՌՃՂԷ /1748թ./»:[23] Ո՞վ կարող էր լինել նույն թվականին մահացած և նույն տեղում թաղված Բաղր բեկը` եթե ոչ Բարխուդարի եղբայրը: Եթե դա այդպես է, ուրեմն հայտնի է դառնում Մելիք Բարխուդարի հոր անունը` Սարգիս և եղբոր անունը` Բաղր:

Առանձնակի խոսք պետք է ասել Տեղ գյուղից մոտ 3 կմ դեպի հարավ-արևելք, Խրովի ձորի բարձր քարափի վրա կանգուն մեկ ուրիշ վաղ միջնադարյան հուշարձանի` մատուռ-եկեղեցու մասին: Տեղացիները այն կոչում են Սռի եղցի /եկեղեցի/: Մ. Հասրաթյանը, /նաև ավելի վաղ` Ս. Բարխուդարյանը/ հուշարձանը միանշանակ կոչում են Սռնեղցի, դրանով իսկ փորձելով տալ նաև բառի ստուգաբանությունը` սեռ – լեռներակ բառից:

Սռի եղցին փոքր չափերով անչափ հին, առանց արձանագրությունների մատուռ է բարձր քարափին, մի փոքրիկ հողալեզվակի վրա: Հողալեզվակը ամբողջովին հին գերեզմանաքարերով է պատված: Սռի եղցին ուսումնասիրել ու չափագրել են Լ. Սադոյանը, Մ. Հասրաթյանը, Ս. Բարխուդարյանը: Աղոթասրահի ներքին չափերն են 3,36 X 2,80 մ, իսկ արտաքին չափերն են 7,77 X 4,51 մ: Եկեղեցին լավ է պահպանվել: Նրա միակ արևելյան դուռն ունի ուղղանկյուն բացվածք` առանց շքամուտքի կամ հարդարանքի: Մ. Հասրաթյանը գտնում է, որ կառույցը վաղ միջնադարին է վերաբերում և գրում է. «Դռան վերևում, ներսից պահպանվել է վաղ միջնադարյան հայ ճարտարապետությանը բնորոշ մի այնպիսի տարր, ինչպիսին պայտաձև լյունետն է»:[24]

Սակայն միայն հնության, շինարարական կամ ճարտարապետական արժեք ունեցող կառույցի տեսակետից չէ, որ Սռի եղցին մեզ հետաքրքրում է: Մեզ համար առավել հետաքրքրական ու գայթակղիչ է այն ավանդական զրույցը, որ կապված է այս փոքրիկ մատուռի հետ: Ս. Խանզադյանն իր «Հայրենապատում»-ի մեջ վկայում է, որ Տեղ գյուղի բնակիչները պատմում են, որ իբր այստեղ է թաղված պատմահայր Մովսես Խորենացին: Մատուռից ոչ հեռու Խորեա-Խրով գյուղատեղն է, Կիրաձոր-Գիրաձորը, քարանձավներն ու ջրաղացները:[25]

Մ. Խորենացին ծնվել է մոտ 410թ., աշակերտել Մ. Մաշտոցին, երկար տարիներ ուսանել օտար ափերում և միայն 440թ. վերադարձել է Հայաստան: Նրան սակայն դափնիներով չեն ընդունել, ասորամետ հոգևորականների կողմից ենթարկվել է հալածանքների և նա գերադասել է ճգնավորի կյանք վարել ու զբաղվել իր սիրած աշխատանքով: Ինչպես հայտնի է, Խորենացին իր ծննդավայրը չի նշել: Միայն հետագայում նրան կոչել են Խորենացի, որը և նշանակում է որ նա պետք է ծնված լինի Խորեն կամ Խորեան անունով բնակավայրում: Ժամանակին ընդունված կարծիք էր, որ նա իբր Տարոնի Խորոն գյուղից է և նրան երբեմն կոչել են Տարոնացի կամ Խորոնացի: Սակայն հիմնավորապես այլ կարծիք է Մ. Խորենացու գրաբարի լավագույն թարգմանիչ ու մեկնաբան, ակադեմիկոս Ստեփան Մալխասյանը: Նա Խորենացու իր իսկ աշխարհաբար թարգմանած երկրի առաջաբանում գրում է. «Ավելի հավանական է կարծել, թե նա ծնված է Սյունիքում, Հաբանդ գավառի Խորեա անունով փոքր գյուղում, որը հիշում է Ստ. Օրբելյանը /Պատմություն, Թիֆլիս, եր. 517/ տասերեքերորդ դարի վերջում»:[26]

Հայոց պատմությունը Խորենացին գրել է Սյունիքում, ուր նա, վաթսունամյա հասակում եպիսկոպոս օծվելուց հետո, անց է կացրել իր կյանքի վերջալույսը: Այդ մասին վկայում և կասկածելու որևէ նշույլ չի թողնում հինգերորդ դարի մեկ ուրիշ նշանավոր պատմիչ` Ղազար Փարպեցին: Նա նույնպես, Խորենացու նման` հետադեմ, խավարասեր մարդկանց կողմից ենթարկվել է հալածանքների ու խաղաղ հանգրվան գտել Սյունիքում: Ղ. Փարպեցին գրում է. «Եվ այնուհետև ձանձրացած խառնաշփոթությունների   չարչարանքներից, ցանկացա աղոթքներով զբաղվել ու հանգստանալ: Եվ գնալով Սյունիք, երկու տարի այնտեղ մնացի, ձմեռը` քարայրում, գավառի ամբողջ բնակչության մեջ բոլոր կրոնավորներից ամենից հռչակավոր մի մարդու հետ, որի անունն էր Մովսես:[27] Քարայրը շատ էր նեղ, և ամռանը, այնտեղի խիստ շոգի պատճառով, նահանգի քահանայապետ Մուշեն ինձ տանում էր իր հետ, որ ամառանոցում էր որ լիներ»:[28] Ըստ Ստ. Մելիք-Բախշյանի Ղ. Փարպեցին Սյունիքում եղել է 484-486թթ.:[29] Երկու տարի մնալով պատմահոր մոտ` Փարպեցին այսպես է բնութագրել նրան. «Երանելի փիլիսոփա Մովսեսը, որ արդարև, մինչդեռ ապրում էր իր մարմնական կյանքը, արդեն երկնային զորականներին էր քաղաքակից….»:[30] Խորենացին մահացել է այս տողերը գրվելուց քիչ անց: Եթե ընդունենք տարածված կարծիքը, որ նա ծնվել է 410 թ., ապա նա 486թ. հետո, երբ արդեն 76 ամյա ծերունի էր, այլևս չէր ցանկանա մեկ այլ վայրում ապրել, մանավանդ, որ կարծիք կա, որ նա նաև հիվանդ էր:[31] Ակադեմիկոս Գ. Սարգսյանը պատմահոր մասին տարեթվի առիթով, համաձայնեցնելով Ս. Անեցու հետ գրում է. ««Հայոց պատմությունը», Սահակ Բագրատունի իշխանի պատվերով, նա սկսեց շարադրել արդեն առաջացած տարիքում և ավարտեց այն, հավանաբար, մահվանից քիչ առաջ /ըստ XII դարի ժամանակագիր Սամվել Անեցու, նա վախճանվել է 492թվականին/»:[32] Գ. Սարգսյանը նույնպես համոզված էր, որ իր գլխավոր երկը Խորենացին շարադրել է առաջացած տարիքում` կասկած լինել չի կարող, դա ընդգրկում էր նաև Պատմահոր կյանքի ժամանակի այն հատվածը, երբ նրա մոտ Սյունիքում հյուրընկալվել էր Ղ. Փարպեցին: Դրանից վեց տարի անց, 82 տարեկան հասակում, Մ. Խորենացին կնքել է իր մահկանացուն:

Խորենացու կյանքի վերջին շրջանը Սյունիքում ապրելու մասին վկայում է և այն փաստը, որ նրան աշակերտել է Պետրոս Սյունեցին` Սյունյաց հոգևոր թեմի նշանավոր առաջնորդը, որի մասին Ստ. Օրբելյանը գրել է. «Պետրոսը` քերթողահոր աշակերտը, հմուտ հռետորն ու անպարտելի փիլիսոփան…»:[33] Պատմահոր սյունեցի լինելը վկայում է նաև նրա անթաքույց սերը Սյունիքի և նրա իշխանների հանդեպ: Չխնայելով գեղարվեստական խոսքերով համեմելու իր անզուգական վարպետությունը, նա հանգամանորեն, թեպետ յուրահատուկ սեղմ ոճով, նկարագրում է Սիսական տան իշխանների Հայկ նահապետից սերելու մանրամասները, կերտում Սիսակ նահապետի քաջ ու առնական կերպարը: Հետագա հայ պատմիչները այլևս չեն անդրադառնում Սիսական իշխանական տան ծագման մանրամասներին: Օրինակ, Սեբեոսը, անդրադառնալով հայ ժողովրդի ծագումնաբանությանը, հանգամանորեն խոսելով Մամիկոնյանների կամ Բագրատունիների մասին, մեկ բառով անգամ չի հիշատակում Գեղամի կրտսեր որդուն` Սյունյաց իշխանական տան հիմնադիր Սիսակին:

Խորենացին քաջածանոթ էր Սյունյաց երկրին, գիտեր նրա սքանչելի գողթան երգերը, պարերը, նրա մատենադարան-գրադարանները, այնտեղ պահվող գրքերը… Ամենևին պատահական չէ, որ նա մատնացույց է անում Մեսրոպ Մաշտոցի խնդրանքով Սյունիքում հունարենից թարգմանված ու այնտեղ պահվող Եվսեբիոս Կեսարացու գիրքը. «Փնտրել տուր այս գիրքը Գեղարքունիքում, Սյունյաց գավառում և կգտնես առաջին դպրության տասներեքերորդ գլխում… Եվ կարծում եմ, որ մինչև այժմ էլ պահվելիս կլինի նույն քաղաքում»:[34]

Մ. Խորենացու ծննդյան և մահվան վայրի ճշգրտումը հետաքրքրել է երևելի շատ հայ պատմաբանների, հայագետների, պարզապես մշակույթի գործիչների: Խորենացու շուրջ ծավալվող գիտական և ոչ գիտական վիճարկություններին մասնակցել է նաև հայտնի հայագետ, պատմաբան ու բանասեր Մորուս Հասրաթյանը:[35] Կարծում ենք հարգարժան գիտնականը բավական խորը և բազմակողմանի քննության է առել Խորենացու ծննդյան ու մահվան առեղծվածի խնդիրը և դրանց անդրադառնալն ու կրկնելը անպատշաճ ենք համարում: Սակայն, քանի որ Մ. Հասրաթյանը չի փաստարկել Մ. արք. Օրմանյանին, ուստի մենք հարկ համարեցինք Մ. Հասրաթյանի փաստարկները ավելի համոզիչ դարձնելու համար ի ցույց դնել նաև Օրմանյանի կարծիքը այդ խնդրահարույց հարցի առթիվ:

Մ. Խորենացու սյունեցի լինելու մասին կարծիք է հայտնել նաև նշանավոր հայագետ Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը: Նա նախ զգուշորեն կասկածանք է հայտնում Խորենացու Տարոնում ծնված լինելու տիրապետող կարծիքի առթիվ: «Ոչ նուազ մթին է Մովսես Խորենացիի անունն ու կյանքը»,- գրում է նշանավոր հայագետը:[36] Ու նաև, խոսելով Ստ. Օրբելյանի գրքում հիշատակված Մովսես քերթողահոր մասին` նրան նույնացնում է Խորենացու հետ, հակվում Խորենացուն սյունեցի լինելու մտքին` նկատի ունենալով նաև, որ «… քերթողներ և քերթողահայրեր Սիւնեաց դպրոցէն միայն ելած են` եւ ոչ Տարոնէն, մենք կը կարծենք, թե Խորենացիի շուրջը յուզուած խնդիրը դյուրին լուծում մը ստանայ, եթե Մովսէս Խորենացիի պատմութեան հեղինակը միեւնոյն անձի վերածուին եւ նոյնացուին Է դարուն Սիւնեաց դպրոցին քերթողահայրն եղող` Մովսէս Սիւնեցւոյն հետ»:[37] Ուրախությամբ ընդունելով Մ. Օրմանյանի բարձրարժեք կարծիքը, այնուամենայնիվ կարծում ենք, որ նա ուշադրություն չի դարձրել միջնադարյան Սյունիքի Հաբանդ գավառի Խորեա անունը կրող գյուղին, այլապես ավելի առարկայական կլիներ Պատմահոր ծննդավայրի հարցում նրա մոտեցումը: Իսկ Օրմանյանի կողմից հայոց պատմական – մշակութային կյանքում երկու երկրամասերի` Տարոնի և Սյունիքի խաղացած դերերի մասին եզրահանգումները փաստորեն շարունակում են Ղ. Ալիշանի կողմից ավելի վաղ արտահայտած մտքերը: Ալիշանը գրում է. «… զի թէպէտ և Տուրուբերան կենդրոնագոյն է քան զայլսն և հարուստ ազգային յիշատակօք, այլ Սիւնիք յամառագոյն իմն թուին հանդիսացեալ ի պահուստ ազգային ոգւոյ և աւանդից, յոլովագոյնս ունելով նշխարս և արձանս նախնեաց գրաւորս և անգիրս…»:[38]

Ամեն պարագայում, եթե նույնիսկ համաձայնենք, որ Մովսես Խորենացին Սյունիքում չի ծնվել կամ միայն մոր կողմից է եղել սիսական, ինչպես Ստ. Օրբելյանը, նա իր կյանքի վերջնամասը անց է կացրել Սյունիքում, այստեղ է նա երկնել իր անմահ երկը, սրբացել, մահացել ու թաղվել Սյունիքում և որ առավել հավանական է` Հաբանդ-Գորիսում: Այդ առթիվ հարկ է կատարել մի ճշգրտում: Ղ. Փարպեցուն կարդալով այն թյուրիմաց տպավորությունն է ստեղծվում, որ իբր Խորենացու մահից հետո նրա գերեզմանը պղծվել է, իսկ ոսկորները` նետվել գետը: Ս. Մալխասյանը ապացուցել է, որ Փարպեցու ձեռագրի էջ պակասում է, և խոսքը ոչ թե կյանքի վերջում հռչակ վայելող Պատմահոր, այլ մեկ ուրիշի պղծված գերեզմանի մասին է:[39] Հայ ներկա սերունդների պարտքն է, սրբազան պարտքը` փնտրել ու գտնել Պատմահոր գերեզմանի տեղը: Այդ իմաստով Սռի եղցին կարիք ունի համակողմանի ուսումնասիրությանը գուցե և այնտեղ թերևս պեղումների անհրաժեշտություն կա:[40]

[1] Օրբելյան Ստ., Սյունիքի պատմություն, թարգմանությունը, ներածությունը և ծանոթագրությունները Ա. Ա. Աբրահամյանի, Երևան, 1986թ., էջ 251:

[2] Այսօր էլ Տեղ գյուղի միջով է անցնում ու գյուղը կիսում է Երևան-Ստեփանակերտ միակ մայրուղին: Արցախյան պատերազմի ժամանակ գյուղը թև ու թիկունք է եղել ազատամարտիկներին: Տեղի ինքնապաշտպանական ջոկատը /հրամ. Մ. Պողոսյան/ հերոսական մարտեր է մղել թշնամու դեմ ու նպաստել բացելու Արցախ տանող փակ ուղին:

[3] Տե՛ս Onnik S. Xnkikyan, Syunik During the Bronze and From Ages, Barrington, U.S.A., 2002, էջ 141, 142, 162, 197-200: Տեղի պեղումների նյութերի պատկերները տես նաև սույն հոդվածի տախտակում:

[4] Տե՛ս Հախվերդյան Ս., Գորիսի ամփոփ պատմություն, գիտ. խմբագիր պ.գ.դ./պրոֆ. Ա. Ստեփանյան, Երևան, 2005թ., էջ 53:

[5] Տե՛ս Լալայան Ե., Ազգագրական հանդես, Զանգեզուր, գիրք Գ, Թիֆլիս, 1898, էջ 40:

[6] Լիսիցյան Ստ., Զանգեզուրի հայերը, Երևան, 1969, էջ 2-3:

[7] Բարխուդարյան Ս., Դիվան հայ վիմագրության, պրակ 2, Երևան, 1960թ., էջ 71:

[8] Բարխուդարյան Ս., նշվ. աշխ., էջ 72:

[9] Լալայան Ե., նշվ. աշխ., էջ 39:

[10] ԺԷ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, հԳ., Երևան, 1984թ., էջ 173:

[11] Տե՛ս Հասրաթյան Մ., Պատմա-հնագիտական ուսումնասիրություններ, Երևան, 1985թ., էջ 241-246:

[12] «Քարե օթախը» առանձնակի պատմա-ճարտարապետական արժեք չի ներկայացնում: Այն մանրամասնորեն ներկայացված է Ս. Բարխուդարյան գրքում /Տե՛ս Բարխուդարյան Ս., նշվ. աշխ., էջ 66/:

[13] Բարխուդարյան Ս., նշվ. աշխ., էջ 70:

[14] Պապուխյան Ն., Սյունիքի ժողովրդական ճարտարապետությունը, Երևան, 1972թ., էջ 70:

[15] Տե՛ս ՀՍ հանրագիտարան, հ 11, Երևան, 1985թ., էջ 645:

[16] Հասրաթյան Մ., նշվ. աշխ., էջ 242:

[17] Տե՛ս Լալայան Ե., նշվ. աշխ., էջ 38:

[18] Հավանաբար հիմք ընդունելով այս արձանագրության թվականը, Ս. Բարխուդարյանը կարծիք է հայտնում, որ Ս. Գևորգ եկեղեցին կառուցվել է 14-15-րդ դդ. /տե՛ս Բարխուդարյան, նշվ. աշխ., էջ 66/:

[19] Բարխուդարյան Ս., նշվ. աշխ., էջ 70: Ս. Բարխուդարյանի գրքում բերվող արձանագրության տեքստի թվականի տառերի վերջին Ջ-ն /900/ ակնհայտ վրիպակ է: Այդ տեքստը ամբողջական ու առանց վրիպակի է Մ. Հասրաթյանի մոտ /տե՛ս Հասրաթյան Մ., նշվ. աշխ., էջ 343, տե՛ս նաև նկ. 2/:

[20] Լիսիցյան Ստ., Զանգեզուրի հայերը, Երևան, 1969թ., էջ 36: Ե. Լալայանը հաղորդում է, որ մելիք Բարխուդարի գլուխը թաղված է Էջմիածնում, իսկ եղբոր գլուխը` Երևանի Սբ. Հռիփսիմե եկեղեցու բակում:

[21] Բարխուդարյան Ս., նշվ. աշխ., էջ 64:

[22] Տեղ գյուղացի, պատմաբան, երկարամյա մանկավարժ և գյուղի պատմությունն ուսումնասիրած ու գրառած Արտաշես Գրիգորյանը գտնում էր, որ Մելիք Բարխուդարը Սյունիք է եկել Դավիթ Բեկի հետ` Լոռուց: Նրա պնդմամբ մելիքի իգական կողմի ժառանգները մինչև օրս ապրում են Տեղ գյուղում և այդ տոհմը կոչվում է Լոլվանց /Լոռվանց/: Գորիսում, Երևանում և այլուր ապրում են Մելիք Բարխուդարի ժառանգներից, որոնք կրում են Բարխուդարյան ազգանունը:

[23] Բարխուդարյան Ս., նշվ. աշխ., էջ 65:

[24] Հասրաթյան Մ., նշվ. աշխ., էջ 246:

[25] Խանզադյան Ս., Հայրենապատում, գիրք Ա, Երևան, 1980թ., էջ 400:

[26] Խորենացի Մ., Պատմություն հայոց, խմբ. ներած. և ծանոթություն Ս. Մալխասյան, Երևան, 1981թ., էջ 7-8: Խորեա գյուղանունը փոխանցվել է ներկայիս Կորնիձորին:

[27] Հայագետ – ուսումնասիրողներն այս դեպքում միակամ են և գտնում են, որ խոսքը Մովսես Խորենացու մասին է:

[28] Փարպեցի Ղ., Հայոց պատմություն, Երևան, 1982թ., էջ 451-453:

[29] Մելիք-Բախշյան Ստ., Հայոց պատմության աղբյուրագիտություն, Երևան, 1979թ., էջ 78: Ավելի վաղ նույն կարծիքն է հայտնել Մ. Հասրաթյանը /տե՛ս Սյունյաց երկիր, թերթ 2011, թիվ 4, էջ 13/:

[30] Փարպեցի Ղ., նշվ. աշխ., էջ 483:

[31] Տե՛ս Խորենացի Մ., Հայոց պատմություն, Երևան, 1997թ., էջ 42:

[32] Սարգսյան Գ., Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», Երևան, 1991թ., էջ 8-9:

[33] Օրբելյան Ստ., նշվ. աշխ., էջ 119:

[34] Խորենացի Մ., Հայոց պատմություն, Երևան, 1981թ., էջ 158 կամ Խորենացի Մ., Պատմություն հայոց,   գիրք II, գլուխ Ժ:

[35] Տե՛ս Հասրաթյան Մ., Պատմա-հնագիտական ուսումնասիրություններ, Երևան, 1985, տե՛ս նաև Սյունյաց երկիր թերթ, 2011, 24 փետրվարի, թիվ 04 /233/, էջ 12-14:

[36] Մ. արք. Օրմանյան, Ազգապատում, Ա, 2001թ., Ս. Էջմիածին, էջ 506:

[37] Նշվ. աշխ., էջ 326:

[38] Ալիշան Ղ., Սիսական, Վենետիկ, 1893թ., էջ 1:

[39] Տե՛ս Խորենացի Մ., նշվ. աշխ., էջ 19-20:

[40] Սռի եղցին կամ Սռնի եղցին եկեղեցու ոչ թե իսկական, այլ հավանաբար աշխարհագրական` տեղանքից բխող անվանումն է:

Post source : Տեղ գյուղ

About The Author

Related posts

Leave a Reply