Ապրիլի 20, 2019

Ազատամարտ․ Ուժն է ծնում իրավունք․․․

Ազատամարտ․ Ուժն է ծնում իրավունք․․․

Զոհրաբ Ըռքոյան

1992 թվականի գարնանը Բերդաձորի ջոկատներից մեկի կազմում մեկնեցի Արցախ: Վերադառնալով Երևան՝ այն ժամանակ լույս տեսնող «Ուրբաթ» թերթում տպագրեցի «Ուժն է ծնում իրավունք» ռեպորտաժը: Անցել է 25 տարի այդ հերոսական օրերից: Այն ժամանակ հաշվի առնելով մի շարք խնդիրներ, զինվորական գաղտնիությունը, որոշ անուններ, տեղանուններ, դրվագներ և այլն չէի հրապարակել: Ստորև անդրադառնալով հրապարակմանը՝ ներկայացնում եմ այն զգալի փոփոխություններով՝ բաց թողածի վերականգնումով ու նորի հավելումներով, որն անցած ժամանակի թելադրանքով է: Այժմ ներկայացնում եմ  որոշակի ավելացումներով ու փոփոխություններով:

***

Արցախում գարուն է: Գարունը և պատերազմն այստեղ իրար են գրկախառնված. յուրաքանչյուր մայրամուտ Արցախում արյունոտ է, յուրաքանչյուր այգաբաց՝ դարձյալ արյունոտ: Արցախցու արյամբ են ներկված և՛ արշալույս, և՛ մայրամուտ: Սակայն ամեն կաթիլ արյուն ավելի է ամրացնում Արցախի հողը: Ամեն կաթիլ արյուն ավելի է բարձրացնում արցախցու ոգին, ավելի է ուժեղացնում նրա բազուկը: Այսօր, առավել քան երբևէ, Արցախն ուժեղ է: ճիշտ է, դեռ առջևում է պատերազմի ողջ ծանրությունը, բայց նա այսօր սերմ է հողին պահ տալիս, շալակով շենից շեն տեղափոխում սերմը և շաղախած իր քրտինքով՝ հանձնում հողին, քանի որ հավատացած է՝ այս տարի, եկողին էլ, հարյուր, հազար էլ անցնի, դարձյալ ինքն է այդ հողի մշակն ու տերը:

Արցախցին այլես չի վստահում ու հավատում ոչ մի հզոր տերության, առհասարակ՝ ոչ մի քաղաքական խաղի: Գիտի, որ միայն իր քաջ որդվոց սուրբ արյամբ է հող հայրենին ազատագրվելու: Այսօր բոլորն են նույնն ասում. «Մնաց Շուշին էլ վերցնենք, և վերջ»: Այժմ արցախցի յուրաքանչյուր զինվոր բռունցքվել ու անգիր է արել Գարեգին Նժդեհի պատգամը, որ գրված է նաև ռազմամեքենաներին. «Ուժն է ծնում իրավունք»:

1992 թ. մարտի կեսին Բերդաձորցի տղաներից կազմված ջոկատի հետ գնում ենք Արցախ: Տղաներից Շիրակ Չոբանյանի, այլոց հետ դեռ 1989-90թթ. Բերդաձորի գյուղերում էինք հսկում: 91-ի մայիսի կեսին, «Օղակ» ռազմական գործողության ընթացքում, խորհրդային բանակը, ադրբեջանական թալանչիների գլուխն անցած, հայաթափ արեց նաև Բերդաձորը, որը 3 տարի և ավելի դիմակայում էր թուրքական ճնշմանը, չնայած 4 կողմից գտնվում էր շրջափակման մեջ՝ Շուշիի ու Լաչինի թուրքաբնակ բնակավայրերին հարևան:  Երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց Ստեփանակերտի օդանավակայանում, հավատս չէր գալիս, որ սա այն նույն օդանավակայնն է, որտեղ ռուս զինվորն ու թուրք օմոնականն իրենց տեր էին կարծում և ինչպես ցանկանային, այնպես էլ վարվում էին հայ ուղևորի հետ: Չէի մոռացել, թե ինչպես մեզ մի անգամ բռնի հետ՝ Երևան ուղարկեցին: 1990թ. ամռանը 4 հոգով՝ ես, Արթուր Ղարագյոզյանը, Արսեն (Երեմ) Խաչատրյանը, Ստեփան Շահբազյանը և ես, պետք է Բերդաձոր գնայինք: Միշտ այդպես էր. ինքնաթիռով հասնում էինք Ստեփանակերտ, ապա ավտոբուսով, որն ուղևորվում էր Բերդաձոր՝ խորհրդային բանակի զինվորների ուղեկցությամբ, տեղ հասնում: Երկրորդ ճանապարհն ուղղաթիռով էր, որ միանգամից էր տեղ հասցնում: Այդ օրը մեզ կասկածեցին ու տարան պարետատուն: Չնայած դպրոցում աշխատելու տեղեկանք ունեինք, միևնույն է, ռուս սպան  ենթարկվեց բազմոցին պառկած թուրք պաշտոնյային, որ քաղաքացիական հագուստով էր: Ստիպված էինք հետ վերադառնալ Երևան, այլապես նույն սպան սպառնաց ձերբակալել մեզ և ուղարկել, չգիտեմ ինչու, Դոնի-Ռոստով: Մինչ մեզ կտանեին պարետատուն, հասցրել էինք օդանավակայանից դուրս հանել մի քանի արկղ սնունդ: Այն վստահեցինք տաքսու վարորդին՝ միայն իմանալով, որ Ասկերանից է, մեքենան էլ կարմիր գույնի «Մոսկվիչ»: Հետագայում ուղղաթիռով հասանք Բերդաձոր, և մեկ շաբաթ անց մեր տղաներից Գագիկն Ստեփանակերտում գտավ տաքսու վարորդին ու շտաբ բերեց նույն սնունդը: Անցել է 25 տարի, իսկ այդպես էլ չհանդիպեցի մեր ազնիվ հայրենակցին, ով աչքի լույսի պես էր պահել իրեն վստահվածը:

 Ուղևորվում ենք քաղաք «ՄԱԶ» մեքենայի թափքում: Ձախից Խոջալուն է. ճանապարհի եզրին նորակառույց տներն են…

Քաղաք չմտած՝ լսվում է «Գրադի» առաջին համազարկը: Թողնում ենք մեքենան և տեղացիների պես շարվում ջարդված ապակիներով փոստատան և Աէրոֆլոտի գործակալության շենքի պատի տակ: Վերջապես դադարում են պայթյունները: Չորրորդ շենքի առաջին հարկն այրվում էր: Մարդիկ առանց խուճապի մարում էին հրդեհը:

Այդ գիշեր պետք է մնայինք մեր ընկերներից Շիրակի քրոջ տանը: Միայն քրոջ փոքր տղան էր տանը՝ Էրիկը, որին հարևանի կինը կանչում էր՝ մոտակա ապաստարանը տանելու. Շուշիից դարձյալ արկեր էին թռչում Ստեփանակերտի վրա: Էրիկը տխուր լուր հաղորդեց. առավոտյան ծառայության վայրում «Գրադից» զոհվել էր հորեղբայրը՝ միլիցիայի աշխատակից Հրաչիկը: Տղայի հայրը՝ Սերժիկը, տանը չէր, գնացել էր մոտակա շեներից ալյուր հայթայթելու և չգիտեր եղբոր զոհվելու մասին: Քիչ հետո եկավ: Հաղորդեցինք դժբախտության մասին: Գնում ենք հանգուցյալի տուն: Դարձյալ «Գրադը» ոռնում է: Գրեթե վազքով ենք գնում, պատերի տակով: Սերժիկը նույնիսկ նեղսրտում է, որ մենք էլ էինք իր հետ գնում՝ վտանգելով մեր կյանքը: Հունվարին այդ շենքի նույն մուտքի մոտ «Գրադից» զոհվել էին 8 հոգի, որոնցից մեկը՝ այսօրվա զոհվածի 18-ամյա որդին: Նայում եմ Սերժիկին. թվում է՝ նա չէ այսօր եղբայր կորցրել: Արտաքուստ մի տեսակ հանգիստ է: Զգում եմ՝ խեղդում է վիշտը: Պատերազմ է….

Առավոտյան բոլորս խոստովանում ենք, որ չենք քնել գիշերը: Իսկ Էրիկը, որ գիշերել էր ռմբապաստարանում, առավոտ շուտ տուն եկավ ու լացակումած պատմեց տեսած երազը, թե իբր մեր նպատակին չէինք հասել՝ Շուշին չենք ազատագրել: Հանգստացնում ենք նրան՝ ասելով, որ կյանքում երազի ճիշտ հակառակն է կատարվում: Ուղիղ 2 ամիս անց մեր նպատակն իրականացավ:

Այդ օրը պետք է Ավետարանոց գնայինք: Ներկայանում ենք շտաբ, որտեղ մեզ ընդունում է Կոմանդոսը՝ Արկադի-Տեր Թադևոսյանը: Բացատրում է՝ որն է Ավետարանոցում տեղակայվելու մեր նպատակը և մաղթում բարի ճանապարհ: Բանուկ ճանապարհն անցնում է Շուշիի տակով և միշտ գնդակոծվում է: Ճանապարհը փոխում ենք: Զինվորական «Ուրալը» դուրս է գալիս քաղաքից: Գնում ենք անտառային ցեխապատ ճանապարհով: Հասնում ենք փոքրիկ Դաշուշեն: Գրեթե դատարկ է: Բնակիչներն անցել են սարի մյուս կողմը և վրաններում են ապրում: Գյուղը մշտապես հրետակոծվում էր Շուշիից: Դարձյալ դժվարանց ճանապարհ ենք դուրս գալիս. անընդհատ պայթած արկերի ձագարափոսեր են: Մեքենան անցնում է բլուրների վրայով, ձորի պռնկով… Մի հարթ տարածքում, որը Շուշիից պարզ երևում էր, իջնում ենք մեքենայից և առաջանում մոտակա բլրի թիկունքով: Բայց չենք խուսափում հրթիռակոծությունից: Որևէ մեկը չի տուժում, միայն անցքեր են բացվում մոտակայքով անցնող գազատար խողովակի վրա:

Շեն ու մեծ գյուղ է Ավետարանոցը՝ Վարանդայի երբեմնի վարչական կենտրոնը՝ Մելիք-Շահնազարյանների բերդավանը, մելիքանիստը: Բլրի վրա երևում են բերդապարիսպները, աշտարակները, Գայանեի մենաստանը՝ Կուսանաց անապատը: Այսօր Ավետարանոցի ողջ երիտասարդությունը հայրենիքն է պաշտպանում: Գյուղում պատսպարվել էին մերձակա հրետակոծվող գյուղերից և Ստեփանակերտից շատ կանայք ու երեխաներ: Գործում էր նաև դպրոցը: Գյուղացիներն իրենց գործին էին: Համեմատաբար ապահով գյուղերից էր Ավետարանոցը, և պատերազմը գոնե առայժմ այնտեղ չի հասել: Միայն Շուշիից արձակված արկերի ու հրթիռների պայթյունների ձայներն են հասնում այստեղ: Սակայն Ավետարանոցի տղաները միշտ պատերազմի մեջ են: Միշտ Քարինտակի պաշտպանների հետ են, այնտեղ, ուր կռվողի կարիք է զգացվում: Շատերը, մինչ արցախյան կռիվները, ապրել են Հայաստանում, Ռուսաստանում, Ստեփանակերտում, այլուր: Մեծ էր Ավետարանի տղաների դերը Քարինտակի հերոսամարտի օրը:

Նրանցից մեկն էլ Արմեն Առաքելյանն է: Ապրել է Ստեփանակերտում, ապա Մեղրիում՝ կնոջ և նորածին դստեր՝ Նինայի հետ: Երբ սկսվել են կռիվները, Արմենը գյուղ է վերադարձել: Կինը, կնոջ հարազատները չեն թողել, ստեղծել են բոլոր պայմանները, որպեսզի նա ապրի Հայաստանում, սակայն Արմենը չի մնացել, բաժանվել է կնոջից, հայրենի հողի կանչն ավելի զորեղ է եղել: Նա հայրենիքն է պաշտպանում, սակայն ցավում է, որ չի պաշտպանում նաև իր կնոջ ու դստեր կյանքը: Արմենի հետ են երկու եղբայրները՝ Արթուրն ու Արսենը (Արմենը զոհվեց Կուսապատի ազատագրման ժամանակ՝ 1993թ. մարտի 6-ին:)

Ավետարանոցը դարեր շարունակ աչքի է ընկել իր քաջ ու համարձակ, հայրենասեր ժողովրդով: Այսօր էլ դեռևս ժողովուրդը հիշում է վաղեմի իր հերոսներին: Հատկապես ակնածանքով են խոսում քաջ Մելիք-Հուսեյնի և նրա գեղանի դստեր՝ Գայանեի մասին: Գայանեն համաձայնվում է ամուսնանալ թուրք Սուլեյման բեյի հետ, որպեսզի պատերազմի առիթ չտա: Սակայն հարսանիքի գիշերը (այլ տարբերակներ նույնպես կան) սրախողխող է անում թուրքին ու դրանից հետո փակվում Կուսանաց անապատում: Նույն գիշերը գյուղի բնակիչները ոչնչացնում են թուրքական բանակը, որի զինվորները գիշերած են լինում հայերի տներում:

Եվ թոռներն այսօր նրանց ավանդած հողն ու քարն են պաշտպանում, սրբազան Քիրսի անդորրն են հսկում, հող մշակում, տուն կառուցում: Մեր զորանոցը 120 տարի առաջ է կառուցվել որպես կրթօջախ և ընդունել առաջին դասարանցիներին: Հետագայում նույն շենքում գործել է մետաքսի գործարանը, իսկ այժմ մենք ենք տեղավորվել: Զորանոցին կից նախկին մելիքական տանն այսօր պատսպարված են Ստեփանակերտից և շրջակա վտանգված գյուղերից եկած կանայք ու երեխաներ: Սենյակներից մեկում ապրում էր 15 անձից կազմված մի ընտանիք՝ Քարինտակից: Նրանց հետ էր սգավոր, սակայն հպարտ մի կին՝ Լիդա Վարդանյանը: Բոլորն առանձին հարգանքով էին դիմում նրան, պատմում նրա հերոս որդուց:

Քարինտակի հերոս գնդացրորդ Ալյոշա Վարդանյանը, որի անունը լեգենդ է դարձել, զոհվել է 1992 թ. հունվարի 26-ին՝ Քարինտակի հերոսամարտի օրը, իր կյանքի գնով պաշտպանելով հայրենի տունը: Շարժման սկզբի օրերին վերադառնալով Մինվոդիից, որտեղ ապրում էր ընտանիքով, գիշերուզօր գյուղի պաշտպանության դիրքերում է եղել: Չի հավատացել, որ երբևէ թշնամու գնդակն իրեն գետին կտապալի: Ինքն ու երկվորյակ եղբայրը՝ Արտյուշան են գործադրել միակ գնդացիրը: Կռվի այդ օրը թեև վիրավորվել է, սակայն շարունակել է կրակել: Երբ վերջացել են փամփուշտները, վիրավոր գնացել է փամփուշտ բերելու, և կրկին վիրավորվել: Ընկերներին խնդրել է՝ սպանել իրեն, գերի չընկնի թշնամուն: Իսկ թշնամին նրա գլխի համար մեկ կգ ոսկի էր խոստացել: Մի քանի անգամ ռուսներն են փորձել Ալյոշային ձերբակալել, սակայն միշտ խույս է տվել նրանցից:

Ընկերները նրան հասցնում են գյուղ, նստեցնում «Ժիգուլի» մեքենա, որտեղ վիրավոր երիտասարդ զույգ էր տեղափոխվել, որպեսզի հասնեն Ստեփանակերտ՝ հիվանդանոց: Սակայն թշնամու զրահամեքենայից արձակված արկը պայթում է մեքենայի վրա… Նա թաղված է Ստեփանակերտում՝ եղբայրական գերեզմանում, Սումգայիթի և երկրաշարժի զոհերի հուշարձանների հարևանությամբ: Ալյոշայի կինը՝ Նունեն, և մայրը զուսպ են, փոքրիկները՝ երկու աղջիկները և մեկու կես տարեկան որդին՝ Միքայելը, չէին էլ հասկանում, թե ինչ է կատարվե, միայն 5-ամյա դուստրը՝ Աշխենիկն էր մեկ-մեկ հիշում, թե հայրն ինչ է արել, երբ է տուն եկել: Այդ օրերին մեր զորանոց այցելեց Վազգեն Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ: Մեր 2 հանրապետությունների զինվորական ղեկավարները հետաքրքրվեցին մեր առօրյայով, տվեցին հրահանգներ, ասացին, որ մոտ է Շուշիի ազատագրումը:  Յուրաքանչյուր օր անհամբեր սպասում էինք հրամանի, որ շրջանցենք Քիրսն ու մտնենք Բերդաձոր: Անհամբեր էին հատկապես բերդաձորցիները: Կարեն Բաբայանն ամեն առավոտ պատրաստվում էր, կարոտով Մեծ Շենի իրենց որբացած տունը հիշում, մտովի տեղափոխվում էր այնտեղ, այցելում հարևան տան բակում թաղված Անուշավան Գրիգորյանի շիրիմին. թուրքերը նրան սպանեցին 1991-ի մայիսին՝ իր հղի կնոջը պաշտպանելու համար: Երբ հրամանն ուշանում էր, հիասթափվում էր Կարենը, որ այդ օրն էլ զորանոցում ենք մնալու: Միանում էր ինձ, ու միասին ծանոթանում էինք գյուղին, նրա հյուրընկալ, աշխատասեր, քաջակորով ժողովրդին, պատմական հուշարձաններին, զինյալ տղաներին: Հետագայում Կարենը մարտիրոսվեց ռազմի ճամփաներում: Գյուղի ազատամարտիկների հետ հաճախ այցելում էինք Ավետարանոցի մոտակա պատմական վայրերը, սրբատեղիները, հանգստարանը: Հանգստարանում իր վեհությամբ  աչքի է զարնվում Մադաթովների տոհմին նվիրված խաչքար-հուշակոթողը: Ռուսական բանակի 19-րդ դարի նշանավոր զորավար, գեներալ Վալերիան Մադաթովը (Ռոստոմ) ծնվել է Ավետարանոցում: Ազատամարտիկ և ուսուցիչ Հրայր Մնացականյանի հետ այցելում ենք դպրոց, որը գյուղի նման հարուստ պատմություն ունի: Չնայած պատերազմին՝ դասերն ընթանում էին: Տնօրեն, ԽՍՀՄ ժաղովրդական ուսուցիչ Իվան Աթայանը պատմում է դպրոցի մասին, կատարած աշխատանքներից, ցավով նշում, որ չի կարողացել իրագործել դպրոցի հիմնադրման 120-ամյա տոնախմբությունը՝ կապված Գետաշենի, Շահումյանի, Հադրութի և Բերդաձորի արյունալի ու ողբերգական դեպքերի հետ. դարակում էին մնացել տոնախմբության հրավիրատոմսերը: Նրանից նվեր եմ ստանում իր հեղինակած «Լույսի տաճարը» գրքույկը, որը գյուղի և դպրոցի համառոտ պատմությունն է: Ապրիլի կեսին վերադարձա Ստեփանակերտ: Դարձյալ «Ուրալ»-ով ենք ուղևորվում: Ճանապարհին շատ հետիոտներ կային, որ գնում էին Ստեփանակերտ կամ վերադառնում՝ 2 դեպքում էլ բեռնավորված: Նույն մեքենան օրեր անց՝ ապրիլի 13-ին, վթարի ենթարկվեց այդ ճանապարհին. եղան զոհեր ու վիրավորներ: Վախճանվեցին նաև Ավետարանոց գյուղի մարտական ջոկատի տղաներից 21-ամյա Համլետ Առուստամյանը և 23-ամյա Լևոն Արզումանյանը: (Ավետարանոցի ջոկատի մասին հետագայում գրեցի «Արծիվներն ամպերի մեջ» գիրքը. Ստեփանակերտ, «Վաչագան Բարեպաշտ հրատարակչություն. 2009թ.»): Ստեփանակերտում հանդիպում եմ ընկերոջս՝ գեղանկարիչ Մհեր Գաբրիելյանին, նախկին շուշեցի: Մի քանի օր միասին շրջեցինք Արցախի տարբեր վայրերում: Եվ ուր էլ եղանք՝ նույն լավատեսական տրամադրությունն էր. գարնանացան, այգիների մշակում, դես ու դենից մթերք ու այլ անհրաժեշտ ապրանքների հայթայթում: Ճանապարհի մեծ մասն անցնում էինք ոտքով. հատուկենտ մեքենաներ էին պատահում, որտեղ կամ տեղ չէր լինում նույնիսկ թափքերում, կամ էլ երևի շտապում էին՝  չէին կանգնում: Մհերի առաջարկով գնում ենք Կրկժան՝ թշնամու երբեմնի որջը, որտեղից գնդակոծվում էր Ստեփանակերտը: Դրանից առաջ Մհերը և էլի ուրիշներ եղել էին Կրկժանում, գտել հայկական քանդված եկեղեցու պատերը: Պատերից մեկի մեջ պահպանվել էր նույնիսկ մկրտության ավազանը: Հողի տակից հանել էին երկու խաչքար, մեկը՝ ջարդված: Նպատակ ունեն վերականգնել եկեղեցին: Երբ լուսանկարում էի Կրկժանի դպրոցի շենքը, որը միաժամանակ թշնամու շտաբն է եղել, իսկ այժմ հրդեհված է, Շուշիից սկսեցին կրակել: Մոտ վազեցին տեղի ինքնապաշտպանության ջոկատի տղաներից երկուսը և խնդրեցին, որ իջնենք: Աոաջարկեցին գնալ Կրկժանի աղբյուրը տեսնելու և ջուր խմելու: Մի տեսակ պահանջ կար նրանց առաջարկի, ավելի ճիշտ՝ խնդրանքի մեջ: Անպայման ուզում էին՝ տեսնենք այդ աղբյուրը: Հասկացանք նրանց. ով գիտի՝ ինչքան են երազել ազատագրել իրենց աղբյուրը, և ազատագրել են, ուստի ցանկալի է, որ հայաստանցին էլ անպայման ջուր խմի իրենց աղբյուրից: Այդ թաղամասը հին է, երևի անցած դարի տներ են և ունեն բոլորովին հայկական ոճ. ոչնչով նման չեն վերջերս թուրքերի կառուցած տներին:

Հոսպիտալում, որը տեղակայված էր նախկին մարզկոմի շենքի նկուղային հարկում, երևանցի բժիշկ Ստեփան Գրիգորյանի հետ պայմանավորվում ենք Ստեփանակերտի պաշտպանների համար դեղ տանել: Մինչ Ստյոպան դեղերն էր պատրաստում, ես զրուցում էի հենց նոր վիրահատված 11-ամյա Վլադիմիր Տեր-Սահակյանի մոր՝ Լյուբայի հետ: Որդին վիրավորվել էր դաշտում, բանջար քաղելու ժամանակ: Մայրը հանգիստ էր, հավատում էր, որ բժիշկները փրկելու են որդուն: Ութ զավակների մայր է Լյուբան: Ավագ որդին՝ 23- ամյա Աշոտը, Կրկժանի ազատագրման օրը վիրավորվել է, հիվանդանոցում անզոր են եղել փրկելու քաջորդու կյանքը:        Հանգիստ էր պատմում մայրը: Նրա չորս որդիներն էլ հայրենիքն են պաշտպանում, և մայրը հպարտ է նրանցով, հայրենիքի, ազգի, Արցախի ազատագրման համար է ծնել ու մեծացրել զավակներին… Ստեփանի ու Մհերի հետ Ստեփանակերտի հարավարևմտյան կողմով բարձրանում ենք հայտնի 26 դիրքերը՝ Յուրայի մոտ՝ դեղորայք հասցնելու: Բարձրանում ենք դարավոր անտառով: Այստեղ ևս պատրաստվում են Շուշիի ազատագրման գործողությանը: Հրամանատարը՝ Յուրան, նոր էր վերադարձել հետախուզությունից: Հանձնում ենք դեղերը, զրուցում: Ցանկանում եմ լուսանկարել, հրաժարվեց, լուսանկարեցի ջոկատի տղաներից մի քանիսին: 1993 թ. հունիսի 27-ին, երբ 26-ի Յուրան Մարտակերտի դիրքերը ստուգելուց հետո Ստեփանակերտ էր վերադառնում, զոհվեց ականի պայթյունից: Մեքենան պայթեց Մաղավուզ և Մատաղիս գյուղերի խաչմերուկում:  Արդեն մթնշաղ էր: Շուշիից դարձյալ մահաբեր ռումբեր էին թռչում Ստեփանակերտի, ՇոՇի, Դաշուշենի ուղղություններով: Գործում էին նաև «Գրադ» կայանքները: Հաջորդ օրը Մհերի հետ ուղևորվեցինք դեպի Քոլատակ: Գնում ենք ոտքով, մեզ միացավ Մհերի բարեկամներից Արմոն: Տեղ հասանք հաջորդ օրը՝ երեկոյան: Քոլատակն էլ համեմատաբար ապահով բնակավայրերից էր, սակայն պատերազմի շունչն այստեղ ևս զգացվում էր իր ողջ լարումով: Գյուղը ծառայում էր որպես բազա և կայանատեղի Հայաստանից եկող ուղղաթիռների համար: Քոլատակում այցելեցինք Սուրբ Հակոբավանք և մյուս օրը վերադարձանք՝ բերելով 1 պարկ ալյուր: Այս անգամ բախտներս բերեց՝ մեքենա հանդիպեց: 

Անցել է 25 տարի այդ հերոսական օրերից, երբ Արցախը վերստին մարտնչում էր: Նոր Մելիք Ավաններ ու Գայանեներ, Նիկոլ Դումաններ, Դանիել-Բեկ Փիրումովներ էին ծնվում: Որդին կռվի դաշտում էր, իսկ հայրը բանջարանոց էր մշակում: Շատ աղջիկներ սպասում էին պատերազմի ավարտին, որ կռվող նշանածը գա, պսակվեն: Շատերն աչքը քար կտրած էին օրերով ու ամիսներով որդուն սպասում… Հայրերին էին սպասում երեխաները: Բայց պատերազմ էր… Դեռ պետք էր պայքարել, մաքառել, պետք էր ապացուցել աշխարհին, որ… Միայն հայրենասիրությունը և կյանքը հայրենիքին նվիրել կարողանալն են տալիս իրավունք, ապրելու իրավունք…

 

 

 

 

 

 

 

Spread the love

About The Author

Related posts

Leave a Reply