Ապրիլի 18, 2019

Ազատամարտ․ կռիվ էր, երբ հասանք Սևակավան

Ազատամարտ․ կռիվ էր, երբ հասանք Սևակավան

Զոհրաբ Ըռքոյան.     

Երևան-Զանգակատուն-Երևան

1992թ. մայիսին էր: «Հայաստանի Հանրապետություն» թերթի համար ՀՀ Արարատի մարզի Զանգակատուն գյուղում իրականացող սեփականաշնորհման գործընթացի վերաբերյալ հոդված պետք է գրեի: Ընկերոջս՝ Վոլոդյա-Արին Գալստյանի հետ մի կերպ հասանք Զանգակատուն՝ մի քանի մեքենա փոխելով: Այս ռեպորտաժը տպվեց 11. 06. 1992թ.:

ԱՐԱՐԱՏՅԱՆ  ԴԱՇՏԻ  ԱՌԱՎՈՏԸ

Ամառ է։ Մինչև կեսօր Արմաշ-Ելփին    ճանապարհով երթևեկում էին մեքենաները։ Չգիտես ինչու, լռել էր թշնամու հրետանին: Այդ ճանապարհով էլ գնում ենք Զանգակատուն:

…Հողի մշակի ձեռքին ու ջրին կարոտ այգիները խնամք էին ուզում։ Սակայն գյուղացին չէր կարող դրանք մշակել։ Այնտեղ պատերազմ է, իսկական պատերազմ։ Գյուղացին բահի փոխարեն զենք է վերցրել, իսկ ով զենք չունի, բահ էլ չի կարող վերցնել։ Այգիները թշնամու հսկողության տակ էին։ Ողջ բարձունքների վրա նրանց դիրքերն էին, իսկ դաշտերում ու այգիներում աշխատողները՝ նշանառության տակ։

Զանգակատուն-Սովետաշեն-Չանախչի։ Այս գյուղը, ժողովրդին և աշխարհին հայտնի է որպես Պարույր Սևակի  ծննդավայր։ Բայց չպետք է մոոանալ, որ այս գյուղը միշտ և այսօր էլ Հայաստանի ստրատեգիական կարևոր կետերից մեկն է՝ Այրարատ նահանգը Սյունիքին կապող կամուրջը: Բացի այդ, գտնվում է ավտոմայրուղու վրա, որը միակն է՝ չհաշված Մարտունի-Եղեգնաձոր ժամանակավոր ճանապարհը՝ Հայաստանի երկու  կարևոր հատվածները միացնելու համար։

Զանգակատուն հասանք այն պահին, երբ գյուղի ինքնապաշտպանության ջոկատի տղաները շրջանի երկրապահ ջոկատների (Սուրենավան գյուղից, Վեդիից և այլն) ու սահմանապահ  ուղեկալի հետ պատրաստվում  էին մարտի։ Արդեն մի քանի օր էր, ինչ Նախիջևանի Գյունութ գյուղի մոտակայքից թշնամին հրետակոծում էր Վարդաշատ, Ուրցալանջ, Զանգակատուն գյուղերը, ինչպես նաև՝ Երևան-Սյունիք ռադիոհեռուստատեսային կապն ապահովող կայանը: Գյուղի շտաբը լեփ-լեցուն էր երիտասարդներով: Շատերը զենք էին պահանջում և նեղված դուրս գալիս, վիճում, որ զենք չկա: Շատերը որսորդական հրացաններով էին: Գյուղի բուժկետի շտապօգնության մեքենան 2 ամսվա պարապուրդից հետո դարձյալ գործում էր: 700 ռուբլով հազիվ 20 լիտր բենզին էին ճարել: Մենք բարձրացանք գյուղի մատույցներում տեղավորված հրետանային մարտկոցի մոտ, որն արդեն հինգերորդ օրն էր, ինչ այստեղ էր: Տղաները հարևան Ուրցալանջ գյուղի ինքնապաշտպանության ջոկատից են: Հրամանատարն էր Վոլոդյա Ղազարյանը:

   -Եթե ժամանակին մենք դիրքավորվեինք այն մասերում, որտեղ այժմ թշնամին է, այսօր ստիպված չէինք լինի մարտեր մղել, երեխաներին ու կանանց գյուղից հանել, անմշակ թողնել մեր հողերը: Մենք խաբվեցինք, ավելի ճիշտ՝ հավատացինք թուրքերին ու իջանք վերևի դիրքերից: Իսկ թուրքերը եկան, ամրացան ու ողջ ձմեռը, գարունն այստեղ են: Բացի այդ շրջակա գյուղերի երկրապահ ջոկատները գրեթե անզեն են: Մեր գյուղի ջոկատը՝ 30 հոգի, ոչ մի զենք չունի: Ուրիշներից զենք ենք վերցրել, պարապել, սովորել օգտագործել ու նորից հետ ենք տվել: Մարտկոցի մեր անձնակազմը նույնպես. Երկար ժամանակ սովորել ենք և այսօր կարող ենք անվրեպ արկ արձակել: Երեկ առաջին անգամ համազարկ տվեցինք, ու թշնամու հրետանին, որ մի քանի օր է, ինչ հրետակոծում է մեր գյուղերը, լռեց: 

 Զրուցում ենք նաև Զանգակատան ու վարդաշատի գյուղխորհրդների նախագահների հետ: պարզվում է, որ բոլոր գյուղերում էլ կան նույն հոգսն ու խնդիրը:

 -Մենք ավարտել ենք սեփականաշնորհումը,- ասում է Զանգակատան գյուղխորհրդի նախագահ Ռ. Մայիլյանը,- բայց ի՞նչ օգուտ: Մինչ այսօր ոչ մի աշխատանք չենք կատարել: Գյուղը 30-35կմ սահմանակից է Նախիջևանին, և մոտ 600հա հողատարածություն թշնամու հսկողության տակ է: Աշնանը վաշտի տղաները հսկում էին, և մենք մի կերպ վերջացրեցինք աշնանացանը, իսկ այս ապրիլի սկզբին գնացինք, որ սկսենք գարնանացանը: Ունեինք ընդամենը 5 պաշտպան: Թուրքերը՝ մոտ 60 ավտոմատավոր, կրակելով մոտեցան: Տղաները մի կերպ պաշտպանեցին, որ հեռացանք՝ ով ինչպես կարող էր: Մյուս օրը գնացինք, էլի նույնը: Աշնանը դարձյալ ամեն օր կրակում էին, բայց այն ժամանակ այդքան կատաղած չէին: Այդ մասից ենք հավաքում նաև գյուղի խոտի մոտ 80 տոկոսը: Բացի այդ, գյուղի ռեզերվային հողերից 60 հեկտար նույնպես նրանց հսկողության տակ է: Եթե չկարողանանք նրանց քշել այդտեղից ու վերացնել նրանց որջը, աշնանը դատարկ ամբար ու պարկ ենք ունենալու: Երկար ժամանակ է, ինչ մեզ վառելանյութ չեն տվել. ողջ մեխանիզացիան կանգնած է: Էլի գոհ եմ, որ հարևան գյուղերն օգնում են, չնայած իրենք էլ չունեն: Ինչ էլ որ ունեցել ենք, օգտագործում ենք հիմնականում պաշտպանության նպատակներով: Մեր մատակարարն է «Հայգյուղտեխնիկա-ագրոսերվիսըե։ Այնտեղ էլ, պատճառաբանելով, որ մենք վառելանյութն օգտագործում ենք պաշտպանության նպատակներով, նախազգուշացնում են, որ մեզ այլևս իրենք չեն մատակարարի, այլ պաշտպանության նախարարությունը պետք է հոգա։ Դիմել եմ նաև Գերագույն խորհրդի պաշտպանության հանձնաժողով, լավ ընդունեցին, խոստացան հարցը ԳԽ ներկայացնել։ Շատ տղաներ կան, որ պատրաստ են կռվի, սակայն զենքը քիչ է։ Ինչո՞ւ ուրիշները պետք է գան գյուղը պաշտպանելու, զոհվեն, երբ նույնը կարող են իրենք անել։ Շաբաթներով թերթ չենք ստանում։ Վարդաշատը, ինչպես նաև Զանգակատունը շրջկենտրոնից մոտ 60 կմ հեռու են, սակայն ավտոբուս նույնպես չի աշխատում։ Միայն շաբաթ ու կիրակի օրերին կա, այն էլ, պատահում է, որ մարդիկ հասնում են Վեդի, իսկ վերադառնալ չեն կարող, որովհետև ավտոբուսը ինչ-ինչ պատճառներով հետ չի գալիս։

Մարտկոցի մոտից իջնում ենք գյուղի ինքնապաշտպանության շտաբ։ Կապի մոտ նստած Արտուշ Եփրեմյանը ցույց է տալիս պատին փակցված շրջանային թերթից վերցրած մի նյութ՝ նկարով։

 -Այ, այսպիսի տղա է զոհվել մեր գյուղում, իսկ ոչ մի կենտրոնական թերթ նրա մասին չգրեց… …Ալբերտ Խաչիկի Մարգարյանը եղել է գյուղի քաջարի պաշտպաններից մեկը, միշտ հսկել է սահմանը, պաշտպանել գյուղատնտեսական աշխատանքները կատարողներին, մասնակցել շատ կռիվների՝ Երասխում, իրենց գյուղի մատույցներում։

Գյուղացիք շատ էին խոսում նրա մասին, ցավում, որ տղան զոհվեց։ Ցավում են, որ որպես օգնություն միայն երեխաներին թոշակ են նշանակել և վերջ, ցավում են, որ միլիցիան շատ ուշ եկավ, մյուս օրը՝ ժամը 12-ին։ Եկել են հայրենիքի պաշտպան-նահատակի դիակը դեպքի վայրում նկարելու, լուսանկարչական ապարատ գյուղից են ճարել:

 Շտաբի ռադիոկապից լսում ենք կովող տղաների խոսակցությունը և գրեթե պատկերացնում, թե այնտեղ ինչ է կատարվում։

 Հասցնում ենք զրուցել գյուղի սեփականաշնորհման հանձնաժողովի քարտուղար Աշոտ Սիմոնյանի հետ ու ծանոթանալ կատարված աշխատանքներին։ Գյուղն ունի 365 ծուխ, և գրեթե բոլորն էլ ստացել են հողատարածություններ։ Միայն մոտ 10 տնտեսություն հող չի վերցրեյ, պարզապես մշակել չկարողանալու պատճառով։ Հիմնականում՝ միայնակ կանայք։ Իհարկե, խոսքն անջրդի հողատարածություններին է վերաբերում։ Ոռոգովի հողերը վերցրել են: Հող ստացողները նույնիսկ վարձ են մուծել, բայց այսօր մշակում են միայն այն հողերը, որոնք գտնվում են գյուղի մոտ և ապահով վայրերում։ Իսկ մեծամասնությունն այսօր չի կարող ոչինչ անել։ Հարյուրավոր հեկտար հող անմշակ է մնացել։ Գյուղի մեխանիզացիան չի սեփականաշնորհվել, իսկ անասունները տրվել են միայն ֆերմաների աշխատողներին։ Թշնամու հսկողության տակ է մնացել նաև 8 գոմ, որոնք, ըստ ականատեսների, հրկիզված են։ Որոշ դժվարություններ են զգացվում նաև ոոոգման ջրի հարցում՝ ջրամբարի նորոգման պատճառով։ Այժմ վերջացրել են աշխատանքները, սակայն թերություններով։ Խմելու ջուրն առայժմ բավականացնում է, սակայն նորակառույցները դեռևս զուրկ են ջրից։ 106 նոր ստեղծված ընտանիք կա գյուղում, որոնք տնամերձեր են ստացել և բնակարաններ, որն էլ դժվարացնում է խմելու ջրի հարցը։ Երբ զրուցում էինք Ա. Սիմոնյանի հետ, մարդիկ դաշտից բերեցին առաջին վիրավորին՝ գյուղի ինքնապաշտպանության խմբի տղաներից Արայիկ Ասատրյանին։ Թշնամու գնդակը կտրել էր ազատամարտիկի աջ ձեռքը։ Գյուղի բուժկետում ցույց տրվեց աոաջին օգնությունը։ Մի կերպ մի քանի լիտր բենզին ճարեցին ու վիրավորին տարան շրջկենտրոն։ Տղաներն սպանել էին Արայիկին վիրավորողին։ Պարզվեց, որ գյուղը չունի նաև բժիշկ, չնայած ունի բուժկետ՝ 4 աշխատողով։

-Մի ժամանակ գալիս էին բժիշկներ, 2-3 տարի աշխատում, ընդունվում կոմկուսի շարքերն ու գնում։ Այսօր այդ էլ չկա, ու գյուղը մնացել է անբժիշկ։ Դեղորայք հազիվ են դեսից-դենից ճարում։ Շտապօգնաթյան մեքենան ամիսներով կանգնած է մնում՝ բենզին չունենալու պատճառով։ Երբ բերեցին վիրավորին, բուժարանի մոտ ահագին բազմություն հավաքվեց։ Մի կին՝ Նատալյա Նազարյանը, որի երկու որդիները՝ Մանվելն ու Բենիկը, նույնպես կռվի մեջ էին, ուշաթափվել էր։ Կանայք օգնում էին նրան ու կանչում բուժակին։ Երեկոյան մոտ ժամը 17-ին տղաները վերացրին թշնամու որջը։ Ոչնչացրին մեկ մարտկոց, որպես ավար վերցրին մեկ հրետանի, 100 հրթիռ, այլ զինամթերք։ Թշնամին խուճապահար փախել էր՝ տալով նաև զոհեր։ Մեր ազատամարտիկները ուրախ-զվարթ գյուղ վերադարձան։ Բոլորն էլ ողջ ու առողջ էին, ուրախ էին նաև այն բանի համար, որ լուծել էին գյուղի 31-ամյա ազատամարտիկ Ալբերտի վրեժը։ Զրահամեքենայի անձնակազմը և մյուս ջոկատները երկար չմնացին գյուղում։ Այժմ Սևակ ավան պետք է շտապեին, այնտեղ էլ կռիվ էր։

 …Սևակավան։ Հայաստանի ամենաերիտասարդ գյուղերից է։ Այն ժամանակ ընդամենը 10-12 տարվա պատմություն ուներ։ Կառուցված է սահմանագլխին և ունի շատ կարևոր դիրք։ Եվ պատահական չէ, որ թշնամին ավելի շատ այս գյուղն է հրետակոծում։ Գյուղում արդեն սեփականաշնորհումն ավարտված է։ Բոլորն էլ ստացել են իրենց հասանելիք խաղողի այգիներն ու պտղատու պարտեզները։ Ստացել են, սպասում են պատերազմի ավարտին։ Գյուղի մեխանիզացիան մնացել է կոլեկտիվ-սեփականություն։ Այն անգործության է մատնված։ Մի ժամանակ մեր թերթերն անընդհատ գրամ էին Ակրոպոլիսի մասին, հեռուստացույցը նույնպես չէր մոռանամ այդ «Ոսկե քաղաքի» հիշատակումը։ Վերջը որոշվեց, թե որտեղ պետք է կառուցվի։ Մինչդեռ նույն ժամանակ թուրքերն           առանց աղմուկի կրկնակի մեծացրին Սադարակը, եկան, իրենց ձեռքը վերցրին շրջակա բոլոր բարձր կետերն ու ամրացան։ Իսկ Եվրոպոլիսի փոխարեն կիսակառույց մի խղճուկ գյուղ է այսօր՝ կրակի տակ, անլույս, առանց ոռոգման ջրի, խմելու ջուրը՝ ժամերով։ Գյուղի ողջ այգիները գտնվում են գնդակոծության տակ։ Վերջերս էլ ամեն օր հրթիռներ ու արկեր են պայթում ծաղկած պարտեզներում։

…Կռիվ էր, երբ հասանք Սևակավան։ Շտաբում սպասում էին ինքնապաշտպանության ջոկատի տղաները։ Կեսն արդեն կռվի դաշտում էր։ Գյուղում չկար ոչ մի երեխա։ Հիմնականում տղամարդիկ էին։ Սևակավանում այսօր կա 147 ընտանիք, բոլորն էլ երիտասարդ։ Հայաստանի տարբեր վայրերից են եկել և շենացրել անապատը։ Սակայն այսօր նրանք շատ են դժգոհում։ Շատերը նույնիսկ որոշել են գնալ, սակայն, մտածելով, թե իրենց վախկոտ կանվանեն, մնացել են գյուղում։ Ընդամենը 40 ընտանիք է այսօր ապահովված բնակարանով, այն էլ՝ կեսը ռմրակոծված: Մնացածն ապրում են բարաքներում ու փայտե տնակներում։ Հարությունյան Հովիկ՝ գյուղի բնակիչ, ինքնապաշտպանության ջոկատի անդամ։

 -Մեր եկամտի աղբյուրը միայն խաղողն է։ Այն էլ այժմ մնացել է անմշակ։ Երեխաներին հազիվ կարողացանք հանել գյուղից։ Շինարարությունը կանգնած է։ Մոտ հարյուր ընտանիք էլ հույս չունի, թե տուն կստանա։ Եթե այսպես գնա, երևի շատերը թողնեն գյուղը։ Անասուններն արոտավայր չենք կարող հանել։ Այժմ նրանց հրանոթը մեր հողերից է ռմբակոծում մեր գյուղը: Ցույց է տալիս տներից մեկի պատի մեջ մխրճված ռումբը, որն արձակվել էր թշնամու կողմից: Բարեբախտաբար չէր պայթել: «Ալիևի նվերն է», -ասում է զրուցակիցս:

 Այդ ընթացքում արկեր ու հրթիռներ էին պայթում Սևակավանի մոտակայքում, այգիներում, խճուղու վրա; Իսկ մոտ 2-3 կմ հեռու մարտ էր ընթանամ։ Ռադիոկայանից իմացանք, որ ժամը 15-ի մոտերքը մեր կողմից արդեն չորս վիրավոր կար։ Նույն ժամերին հրետակոծում էին նաև Երասխավանն ու Արմաշը։ Ուստի հնարավոր չէր անցնել մայրուղով։ Միակ ճանապարհը, որով կարելի էր հասնել Վեդի, այնքան էլ բարվոք վիճակում չէր։ Նախ՝ շատ նեղ է ու առայժմ՝ քարուքանդ։ Ճիշտ է, արդեն որոշ հատված «կարկատել» էին, բայց այսօր, քան երբևէ, այդ ճանապարհը պետք է ավելի կարգավորվի, ով գիտե, միգուցե ավելի պետք կգա։ Հարկավոր է ամեն ինչի նախապատրաստվել։ Բացի այդ, հարկավոր է բոլոր սահմանամերձ գյուղերի մասին հոգալ ավելի լուրջ, որ մարդիկ չհուսալքվեն: Շատերը ոչ թե վախենում են, որ թշնամին կարող է իրենց գյուղ մտնել, այլ որ իրենք մատնված են անուշադրության։ Աոանձնակի ուշադրություն պետք է դարձվի այդ ենթաշրջանի բուժսպասարկմանը։ Հեշտ չէ վիրավորին կամ ծննդաբերող կնոջը մեքենայով 60 կմ տանել, այն էլ այս օրերին, երբ ճանապարհը կրակի տակ է, և չկա վառելանյութ։

 

     

 

 

 

Spread the love

About The Author

Related posts

Leave a Reply